PKK ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ
2015թ. հուլիսի վերջերին Թուրքիայում վերսկսվեցին անվտանգության ուժերի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների միջև ակտիվ բախումները: PKK զինյալների թիրախում են գտնվել ոչ միայն թուրքական բանակը, ժանդարմերիան, ոստիկանությունը, գյուղական պահապանները (քուրդ վարձկաններ), ռազմական օբյեկտները, այլև Թուրքիայի համար տնտեսական ոլորտի մի շարք կարևոր օբյեկտներ, որոնց թվում առանձնացրել ենք երեք ուղղվածություն.
ա) Նավթամուղներ-գազամուղներ - Այս ոլորտում ըստ էության փոփոխություններ չեն գրանցվել: Ինչպես և ակնկալվում էր, այս անգամ էլ PKK թիրախում հայտնվեցին Քիրքուք-Յումուրթալըք (Ջեյհան) նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում (ԲԹԷ) և Թավրիզ-Էրզրում գազատարները: 2015թ. հուլիսի վերջին Շըրնաք նահանգի Ջիզրե շրջանում պայթեցվեց Քիրքուք-Յումուրթալըք (Ջեյհան) նավթամուղը, որի հետևանքով նավթը լցվեց շրջակա եգիպտացորենի դաշտերը՝ վնասելով շուրջ 10 հեկտար հողատարածք, ինչպես նաև կասեցվեց նավթի մատակարարումը1:
Ի դեպ, Քիրքուք-Յումուրթալըք նավթամուղն իր թողունակության ցուցանիշով (70.9 միլիոն տոննա նավթ) գերազանցում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղին (50 մլն տոննա նավթ): Չնայած դրան՝ 2014թ. Քիրքուք-Յումուրթալըք նավթամուղով փոխադրվել է ընդամենը 7.6 միլիոն տոննա (55.9 մլն բարել) նավթ: Եթե հաշվի առնենք, որ մինչև Էրզրում ԲԹՋ ու ԲԹԷ երթուղիները գրեթե ամբողջովին համընկնում են, և որ PKK-ն նախկինում քանիցս պայթեցրել է ԲԹԷ-ն, ապա ակնառու է դառնում, որ PKK-ն միտումնավոր չի ցանկանում դիպչել ԲԹՋ-ին (վերջին տարիներին հաղորդվել է, որ PKK-ն այդ նավթամուղը պայթեցրել է միայն մեկ անգամ՝ 2008թ. օգոստոսյան պատերազմից օրեր առաջ, սակայն ավելի ուշ պաշտոնապես հայտարարվեց, որ դա իրականում եղել է կիբեռհարձակման հետևանք): Դրա պատճառը, թերևս, միջազգային հանրության համար ԲԹՋ կարևորությունն է (ցայժմ ԲԹՋ-ով տեղափոխվել է 2 մլրդ բարել նավթ, որով բեռնվել է 2600 լցանավ): Եվ բացի այդ, ԲԹՋ բաժնետոմսերի միայն 6.5%-ն է պատկանում թուրքական TPAO ընկերությանը2:
Մինչդեռ Քիրքուք-Յումուրթալըք նավթամուղի թուրքական հատվածը պատկանում է թուրքական BOTAŞ ընկերությանը, ինչը և բավական խոցելի է դարձնում Հյուսիսային Իրաքից եկող այդ խողովակաշարը: Նախկինում PKK-ն տասնյակ անգամներ պայթեցրել է Քիրքուք-Յումուրթալըք նավթամուղը` խոչընդոտելով դրա ամբողջովին գործարկմանը: Վերջին շրջանում Թուրքիան ծրագրել է նոր նավթամուղ կառուցել Իրաքից, որը, ըստ ամենայնի, նույնպես խոցելի կլինի PKK գործողությունների համար, քանի որ այն պետք է անցնի Իրաքին սահմանակից Թուրքիայի Շըրնաք կամ Հաքքարի նահանգներով, որոնցում PKK-ն մշտապես ցուցաբերում է մեծ ակտիվություն:
Ինչ վերաբերում է գազատարներին, ապա առաջինը պայթեցվեց Թավրիզ-Էրզրում գազատարը (Աղրը (Արարատ) նահանգի Դողուբայազըթ շրջանում), ինչը հանգեցրեց իրանական գազի մատակարարման կասեցմանը3: Իրանը տվյալ գազատարով Թուրքիային տարեկան մատակարարում է 9.6 մլրդ մ3 գազ, որը նախատեսված է Թուրքիայի ներքին սպառման համար: Հենց այդ հանգամանքը գազատարը PKK գործողությունների համար դարձնում է խոցելի: PKK-ն նախկինում քանիցս պայթեցրել է այն, ընդ որում՝ իրանական կողմը, ըստ էության, չի տուժել դրանից, քանի որ Թուրքիայի հետ գազային համաձայնագիրը ստորագրվել է «վերցրու կամ վճարիր» (take-or-pay) սկզբունքով4:
Ներկա դրությամբ Իրանն իր գազը Եվրոպա արտահանելու երթուղիների փնտրտուքի մեջ է, և հիմնական ուղիներից մեկը Թուրքիայի տարածքով անցնելն է, սակայն PKK գործողությունները կասկածի տակ են դնում թուրքական երթուղու նպատակահարմարությունը: Օգոստոսի սկզբին5 ու վերջին6 երկու անգամ պայթեցվեց ԲԹԷ-ն, ինչը հանգեցրեց գազամատակարարման դադարեցմանը: Ընդ որում՝ երկու դեպքում էլ գազատարը պայթեցվել է Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում: Ադրբեջանը տվյալ գազատարով Թուրքիային տարեկան մատակարարում է 6.6 միլիարդ մ3 գազ, որը նախատեսված է Թուրքիայի ներքին սպառման համար (Թուրքիան ամենաէժան գնով գազն իր երեք հիմնական մատակարարներից (Ռուսաստան, Իրան, Ադրբեջան) գնում է հենց Ադրբեջանից): Դրանով իսկ տվյալ գազատարը PKK գործողությունների համար նույնպես բավական խոցելի է: Սակայն հետագայում ԲԹԷ-ի շուրջ իրավիճակը փոխվելու է՝ կապված նրա հետ, որ մեկնարկել է Անդրանատոլիական գազատարի (TANAP) նախագծի իրագործումը (մեկնարկը տրվեց 2015թ. մարտի 17-ին Կարսում): Թուրքիայի արևելքից արևմուտք ձգվող TANAP գազատարը պետք է ադրբեջանական (հետագայում հնարավոր է նաև այլ երկրների) գազը հասցնի թուրք-հունական սահման: Դրա հետ կապված՝ պետք է ընդլայնվի ԲԹԷ տարեկան թողունակությունը, որպեսզի Ադրբեջանից համապատասխան ծավալի գազ հասցվի Թուրքիայի արևելք՝ TANAP-ին: Դրանով իսկ ԲԹԷ-ն կարևորություն ձեռք կբերի Եվրոպայի համար, ինչը կբարդացնի PKK-ի կողմից այն պայթեցնելը:
Ինչ վերաբերում է TANAP կառուցման աշխատանքներին, ապա PKK գործողությունները որոշակիորեն խոչընդոտում են դրանց. 2015թ. հուլիսի վերջին PKK-ն Սարիղամիշի շրջանում ռմբակոծեց TANAP-ի համար խողովակներ տեղափոխող բեռնատար գնացքը7: Վերջին տարիներին շարունակ խոսվում է այն մասին, որ Թուրքիան ու Ադրբեջանը կառուցելու են Կարս-Իգդիր-Նախիջևան գազատարը, որով Նախիջևանին տարեկան մատակարարվելու է ԲԹԷ-ով Թուրքիա հասցված 500 միլիոն մ3 ադրբեջանական գազ: Դա միտված է գազամատակարարման ոլորտում Նախիջևանի՝ Իրանից ունեցած կախվածությունը նվազեցնելուն: Կյանքի կոչվելու դեպքում այդ գազատարը, ըստ ամենայնի, նույնպես կհայտնվի PKK թիրախում:
Այսպիսով, PKK գործողությունները մեծապես ազդում են Թուրքիայի` էներգետիկ միջանցք դառնալու հավակնությունների վրա: Խողովակաշարերի պայթեցումները ստվեր են նետում էներգակիրներ արտադրողների ու սպառողների համար հուսալի տարանցիկ երկիր ներկայանալու Թուրքիայի փորձերի վրա` նվազեցնելով նրանց կողմից Թուրքիայի պահանջված լինելը: Պայթեցումները նաև մեծ վնաս են պատճառում Թուրքիայի տնտեսությանը: Գազատարների պայթեցումները Թուրքիայի համար ավելի էական ազդեցություն են ունենում ձմռանը, երբ մեծանում է գազի պահանջարկը: Խողովակաշարերի պայթեցման հարցում PKK-ն մեծ ներուժ ունի, ինչի մասին վկայում է այն, որ մեկ շաբաթվա ընթացքում իրար հետևից պայթեցրեց Իրաքից եկող նավթամուղն ու Իրանից և Ադրբեջանից եկող գազամուղները: Թուրքիան, ըստ էության, ունակ չէ ամբողջովին ապահովել այդ խողովակաշարերի անվտանգությունը:
բ) Երկաթուղի-ավտոճանապարհ - PKK թիրախում այս անգամ նույնպես հայտնվել են Թուրքիայի երկաթգծերը, սակայն ներկայումս նկատվում է երկաթգծերի պայթեցման ինտենսիվացում: PKK զինյալների թիրախում հիմնականում հայտնվել են բեռնատար գնացքները, որոշ դեպքերում նաև մարդատար կամ մարդատար-բեռնատար գնացքները: Մասնավորապես, PKK զինյալները գնացքների վրա զինված հարձակումներ են իրականացրել Կարսի, Վանի, Բինգյոլի, Քահրամանմարաշի, Էրզինջանի, Էլյազըղի, Մուշի, Օսմանիեի նահանգներում: Քուրդ զինյալները պայթուցիկներ են տեղադրել երկաթգծերում և գնացքների անցնելու ժամանակ հեռակառավարմամբ պայթեցրել են դրանք՝ վնասելով երկաթգծերն ու գնացքները: Դրանցից պետք է առանձնացնել 2015թ. հուլիսի վերջին Բինգյոլի նահանգում Անկարա-Թեհրան երթուղով ընթացող գնացքի պայթեցման դեպքը8: Այն բանից հետո, ինչ նույն երթուղով գնացքը պայթեցվեց ևս մեկ անգամ, Իրանը դադարեցրեց տվյալ երթուղով գնացքների երթևեկումը: Ի դեպ, տվյալ երթուղին անցնում է Վանա լճով՝ Դատվանից դեպի Վան գործում է լաստանավային հաղորդակցություն, ինչը հնարավորություն չի տալիս, որ երթուղին գործի ավելի արդյունավետ: 1970-ական թթ. ֆինանսական խնդիրների պատճառով որոշվել էր երկաթուղի չկառուցել Վանա լճի շուրջ: Թուրքական կողմը, սակայն, քայլեր է ձեռնարկում տվյալ երթուղին աշխուժացնելու համար: Մասնավորապես, այս տարվա ապրիլին շահագործման հանձնվեց 7 հարկանի նոր լաստանավ, որի կառուցումը տևել է 4 տարի: Թուրքիայի խոշորագույն լաստանավի երկարությունը կազմել է 136.5 մետր, լայնությունը՝ 24 մետր: Այն կարող է տեղավորել գնացքի 50 վագոն և տեղափոխել 350 ուղևոր ու 4000 տոննա բեռ: Եթե նախկին լաստանավը Դատվանից Վան հասնում էր 4-4.5 ժամում, ապա այս լաստանավը դա կարող է անել 3 ժամ 15 րոպեում9:
Բացի այդ, Թուրքիայում քննարկվում է Վանա լճի երկայնքով երկաթգիծ կառուցելու հարցը: Թեև հարավային երթուղին ավելի կարճ է, սակայն այն լեռնոտ է, ինչի համար ավելի հավանական է համարվում, որ երկաթուղին կառուցվի Վանա լճի հյուսիսային հատվածում: Թուրքիան ծրագրել է մինչև 2023թ. (հանրապետության հիմնադրման 100-ամյակը) արդիականացնել ու ընդլայնել իր երկաթուղային ցանցը։ Այդ նպատակով պետք է ծախսվի $23.5 մլրդ, որի մեծ մասը հատկացվելու է 9400 կմ երկարությամբ ճեպընթաց գնացքների երկաթգծերի կառուցմանը։ Ներկայումս Թուրքիայի երկաթգծերի երկարությունը հասնում է 12.000 կմ-ի և ծրագրված է կրկնակի մեծացնել դա, երկաթգծերի մեծ մասը դարձնել երկգիծ, իսկ կարևոր տեղերում՝ քառագիծ։ Ճեպընթաց գնացքները պետք է երթևեկեն 29 քաղաքների միջև։ Ծրագրված է, որ այդ ամենի շնորհիվ երկաթուղուն բաժին կընկնի ուղևորափոխադրման 10%-ը և բեռնափոխադրումների 15%-ը (1950-ական թթ. ուղևորների փոխադրման հարցում երկաթգծի մասնաբաժինը կազմել է 40%, իսկ բեռնափոխադրումների հարցում` 60%)10։
Պետք է նշել, որ Թուրքիայի պետական երկաթուղիներ (TCDD) ընկերությունը վերջին 5 տարում կրել է 5.6 մլրդ լիրայի (ներկայիս փոխարժեքով` մոտ $1.7 մլրդ) վնաս, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Դրա պատճառը թուրքական երկաթգծերով ուղևորահոսքի ու բեռնափոխադրումների ծավալի կրճատումն է. եթե 2010թ. երկաթուղին տեղափոխել է 59 միլիոն ուղևոր, ապա 2014թ` 29 միլիոն ուղևոր: Բեռնափոխադրումների ծավալը վերջին 4 տարում նվազել է 86%-ով: Այդ ամենի պատճառը ավիացիոն ոլորտի զարգացումն է և երկաթուղային ցանցի ոչ բավարար զարգացածությունը11։
Ներկայումս ավարտվում է Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու կառուցումը, որին մեծ նշանակություն են տալիս Թուրքիայում: PKK-ն այս տարի արդեն պայթեցրել է Կարս-Էրզրում երկաթգիծը, որը հանդիսանալու է ԲԹԿ շարունակությունը: Բացի այդ, նախորդ տարի Թուրքիան ու Ադրբեջանն արձանագրություն ստորագրեցին Կարս-Իգդիր-Նախիջևան (ԿԻՆ) երկաթգծի կառուցման մասին, ինչը նշանակում է, որ այդ երկաթգիծը նույնպես կարող է դառնալ PKK թիրախ:
Ինչ վերաբերում է ավտոճանապարհներին, ապա PKK զինյալները փակում են դրանք, պայթեցնում են դրանք, մեծ փոսեր են փորում դրանց վրա, հարձակումներ են գործում մարդատար ավտոբուսների ու բեռնատարների վրա: PKK զինյալները նաև կամուրջներ են պայթեցնում (Մուշի, Հաքքարիի, Մարդինի, Դիարբեքիրի, Թունջելիի նահանգներ), որով և խախտվում է շրջկենտրոնների ու գյուղերի միջև հաղոդակցությունը: Օրինակ, 2015թ. օգոստոսի 10-ին Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում կամրջի պայթյունի հետևանքով խզվել է կապը 10 գյուղերի հետ12:
PKK զինյալներն ավտոճանապարհներին կանգնեցնում են մեծածավալ բեռնատարներ, իջեցնում են նրանց վարորդներին և այրում դրանք: Դա, մասնավորապես, վերաբերում է Իրան մեկնող բեռնատարներին, որից տուժում են ոչ միայն թուրք-իրանական տնտեսական հարաբերությունները, այլև վնաս է հասցվում Կենտրոնական Ասիայում թուրքական տնտեսական էքսպանսիային, որը հիմնականում իրականացվում է Իրանի տարածքով:
Օգոստոսի սկզբին PKK զինյալները Կարսի նահանգի Քաղըզման շրջանում կանգնեցրին Էրզրում-Իգդիր ավտոճանապարհով անցնող մարդատար ավտոբուսը և երկու ժամ պատանդ պահեցին 36 ուղևորի, որոնց թվում եղել են նաև ադրբեջանցիներ (PKK զինյալներն այրել են ավտոբուսը)13: Դրանից օրեր անց քուրդ զինյալները Դողուբայազըթի շրջանում հարձակվել են իրանական ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 3 իրանցի14: Դա հանգեցրեց նրան, որ Իրանի իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ տվեցին Թուրքիայի արևելք մեկնել միայն օդային ճանապարհով և չօգտվել ցամաքային ճանապարհներից15: Բացի այդ, Իրանը միակողմանիորեն փակեց թուրք-իրանական սահմանին գտնվող Գյուրբուլաքի անցակետը, ինչին նախորդել էր Թուրքիայի տարածքում իրանական բեռնատարի այրումը16: Օգոստոսի երկրորդ կեսին Իրանն իր բեռնատարների և ավտոբուսների վրա կատարված հարձակումների կապակցությամբ բողոքի նոտա հղեց Թուրքիային` պահանջելով ձեռնարկել անվտանգության ավելի լուրջ միջոցառումներ: Հուլիսի վերջերից մինչև օգոստոսի վերջ Թուրքիայում PKK-ն հարձակումներ է գործել իրանական 9 բեռնատարի և 1 մարդատար ավտոբուսի վրա, որի հետևանքով զոհվել է Իրանի մեկ քաղաքացի17:
Այսպիսով, PKK գործողությունները բացասաբար են ազդում նաև Թուրքիայի` տրանսպորտային միջանցքի դերակատարության վրա, հանգեցնում են սահմանային անցակետերի փակմանը (Նախիջևանի, Իրանի և Իրաքի հետ սահմաններ), հարցականի տակ են դնում տրանսպորտային նոր նախագծեր առաջ քաշելու նպատակահարմարությունը, վնասում են այլ երկրների հետ երկկողմ առևտրային կապերին, Թուրքիայի տնտեսական էքսպանսիային: Ճեպընթաց գնացքների նախագծերի հետ կապված՝ կարելի է ենթադրել, որ այդ գնացքներն ավելի խոցելի կլինեն PKK գործողությունների համար և պայթյունների հետևանքով արագ կշրջվեն (որոշակի տվյալներով՝ մարդատար ճեպընթացների արագությունը կազմելու է 200 կմ/ժամ, իսկ բեռնատար ճեպընթացներինը՝ 160 կմ/ժամ), ինչը չի կարելի ասել ներկայումս PKK-ի կողմից Թուրքիայում գնացքների պայթեցումների մեծ մասի դեպքում (գնացքները հիմնականում դուրս չեն գալիս ռելսերից):
Բացի այդ, դրանք մեծ վնաս են պատճառում զբոսաշրջային ոլորտին: Այդ առումով Թուրքիայում արդեն «կորած» են համարում 2015 թվականը և մտածում են 2016-ը փրկելու մասին: Թուրքիայի տարբեր շրջաններում PKK գործողությունների պատճառով չեղյալ են հայտարարվել հյուրանոցային բազմաթիվ ամրագրումներ, զբոսաշրջային ճամփորդություններ և այլն: Դրանց շարքին կարելի է դասել նաև Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում սեպտեմբերի 6-ին ծրագրված ամենամյա պատարագի չեղյալ հայտարարումը, ինչն առաջին հերթին զբոսաշրջային մեծ հարված էր Վանի նահանգի համար` հաշվի առնելով նաև այն, որ այս անգամ ակնկալվում էր, որ պատարագին կմասնակցեն ավելի մեծ թվով մարդիկ` կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Ի դեպ, Վանի նահանգը զբոսաշրջային առումով խստապես տուժել է նաև նրանից, որ PKK զինված ակցիաների պատճառով Իրանը դադարեցրել է Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը:
գ) Ամբարտակ-ջրամբար – Հուլիսի կեսին թուրքական մամուլը գրեց, որ PKK-ն փոխել է մարտավարությունը, և որ նրա թիրախում գտնվելու են «անվտանգության ամբարտակները»18: Հարկ է նշել, որ տարիներ առաջ թուրքական իշխանությունները որոշեցին PKK-ի դեմ պայքարին հավելել նաև ջրային բաղադրիչ, և դրա հետ կապված` առաջ քաշվեց այսպես կոչված «անվտանգության ամբարտակների» նախագիծը, ըատ որի՝ Հաքքարի նահանգում կառուցվելու է 4, իսկ Շըրնաք նահանգում` 7 ամբարտակ: 11 ամբարտակից երեքի կառուցումն արդեն ավարտվել է19:
Այդ ամբարտակների և հիդրոէլեկտրակայանների կառուցումը, բացի բուն էներգետիկ, գետահոսքի կառավարման ու ոռոգման նպատակներից, ունի նաև ռազմական նշանակություն: Դրանք պետք է ջրի տակ թողնեն այն ճանապարհները, որոնցից օգտվում են PKK զինյալները՝ Իրաքից Թուրքիա ներթափանցելու համար, խզելու են PKK լոգիստիկ աջակցությունը, ջրածածկ են անելու PKK քարանձավներն ու թաքստոցները, որոնցում թաքնվում են քուրդ զինյալները և թաքցվում են նրանց զենքերը: Այդ ամենը կոչված է ապահովել PKK-ի նկատմամբ Թուրքիայի «ջրային հաղթանակը»:
Մասնավորապես, նման նշանակություն ունի նաև Տիգրիս գետի վրա ավարտվող Ըլըսուի ամբարտակը, որի ջրամբարը պետք է լինի երկրորդ խոշոր ջրամբարը Թուրքիայում (45 միլիոն մ3), և որը պետք է ջրի տակ թողնի լեռնային կանիոնները, որոնց արահետներով երթևեկում են PKK զինյալները: Դրա հետ կապված` թուրք հետազոտողները նշել են. «PKK-ն մեծապես օգտվում է սահմանային գոտու լեռնային տեղանքից, որպեսզի Իրաքում գտնվող ճամբարներից իր զինյալներին տեղափոխի Թուրքիա: Այդ կանիոնները ձգվում են տասնյակ մղոններ և ունեն հարյուրավոր ֆուտ խորություն: Ռազմական տեսանկյունից գործնականում անհնար է այդ կանիոններն անհրաժեշտ ձևով վերահսկելը, և դրանք վերածվել են Իրաքի ու Թուրքիայի միջև յուրատեսակ ցամաքային կամրջի, ինչից էլ տասնամյակներ շարունակ օգտվում են PKK զինյալները: Չափազանցություն չի լինի, եթե այդ կանիոններն անվանվեն «PKK հայվեյներ» (արագընթաց մայրուղի): PKK անդամն Իրաքի տարածքում կարող է մտնել այդ կանիոններից մեկը և բառացիորեն հարյուրավոր մղոն քայլելով աննկատ մուտք գործել Թուրքիայի տարածքի խորքեր: Այժմ Ըլըսուի ջրամբարը պետք է ջրի տակ թողնի այդ կանիոնները»20:
Դրա համար էլ զարմանալի չէ, որ Մարդինի և Շըրնաքի նահանգների սահմանին կառուցվող Ըլըսուի ամբարտակը ցայժմ քանիցս հայտնվել է PKK զինյալների թիրախում: Ներկայումս PKK զինյալները հարձակումներ են գործում կառուցման փուլում գտնվող ամբարտակների (օրինակ` Սիլվանի ամբարտակ) վրա՝ նռնականետերով հարվածում են դրանց, ականներով պայթեցնում են դեպի ամբարտակներ տանող ավտոճանապարհները, այրում են ամբարտակների կառուցմանը մասնակցող շինարարական տեխնիկան, առևանգում են շինարարներին: Այդ ամենը ձգձգում է կառուցման գործընթացը և ֆինանսապես հարվածում Թուրքիային: Օրինակ, Ըլըսուի հէկի հզորությունը կազմելու է 1200 մվտ, այն տարեկան արտադրելու է 3833 գվտ/ժամ էլեկտրաէներգիա (այդ ցուցանիշով զիջելու է միայն Եփրատ գետի վրա կառուցված Աթաթուրքի, Քարաքայայի ու Քեբանի հէկերին): Հաշվարկների համաձայն` Ըլըսուի հէկը տարեկան $300 մլն-ի ներդրում պետք է ունենա Թուրքիայի տնտեսությունում և կարևոր տեղ զբաղեցնի 2023թ. հետ կապված Թուրքիայի տնտեսական ծրագրերում:
Ըլըսուի ամբարտակը Հարավարևելյան անատոլիական (GAP) նախագծի21 բաղկացուցիչ մասն է, որի շրջանակներում նախատեսված է Եփրատ և Տիգրիս գետերի վրա կառուցել 22 ջրամբար և 19 հէկ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի տարեկան ոռոգել 1.82 միլիոն հեկտար հողատարածք և արտադրել 27 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա (հէկերի հզորությունը կազմելու է 7485 մվտ): Հայտնի է, որ Թուրքիան GAP շրջանակներում քանիցս խնդիրներ է ունեցել և ունի Եփրատ և Տիգրիս գետերի ստորին հոսքերի երկրներ Սիրիայի ու Իրաքի հետ: Թուրքիան այդ գետերի վրա կառուցած բազմաթիվ ամբարտակների շնորհիվ կարողանում է վերահսկել գետահոսքը՝ ցանկության դեպքում զգալիորեն նվազեցնել այն և երաշտ առաջացնել Սիրիայում և Իրաքում, կամ էլ ընդհակառակը: Ըստ էության՝ Թուրքիան շարունակ ջրային պատերազմներ է վարել և վարում այդ երկրների դեմ: Թուրքիան իր հարավ-արևելքում փաստացիորեն «երկուսուկես ջրային պատերազմ»22 է մղում՝ Սիրիայի ու Իրաքի և երկրի ներսում՝ PKK-ի դեմ: Հարկ է նշել, որ վերջին շրջանում դա առնչվեց նաև Սիրիայի քրդերին:
Մասնավորապես, 2014թ. հունիսի կեսին Թուրքիան գրեթե ամբողջովին դադարեցրել էր Եփրատի գետահոսքը, ինչը որակվեց որպես քաղաքական որոշում: Դրա հետևանքով Սիրիայում Եփրատ գետի վրա կառուցված խոշորագույն ջրամբար Ասադի լճում ջրի մակարդակը նվազեց վեց մետրով, և Սիրիայի մի շարք գյուղեր մնացին առանց ջրի23: Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. կարելի է կարծել, որ Թուրքիայի կողմից Եփրատի գետահոսքը կտրելու գլխավոր նպատակը եղել է ԻՊ զինյալներին Եփրատի նման ջրային հզոր արգելքն անարգել հաղթահարելու հնարավորություն տալը և ինքնավարություն հռչակած Սիրիայի քրդերի դեմ նրանց ուղղելը:
Չպետք է մոռանալ, որ 2014թ. հուլիսի սկզբին ԻՊ զինյալները Սիրիայի քրդերի դեմ իրենց մասշտաբային հարձակումը սկսեցին Ասադի լճի հյուսիսային հատվածում գտնվող Ջերաբլուս քաղաքից (Հալեպի նահանգ): Թուրք-սիրիական սահմանին ընկած այդ քաղաքը գտնվում է Եփրատ գետի արևմտյան ափին, և Քոբանիի դեմ շարժվելու համար ԻՊ զինյալները պետք է հաղթահարեին Եփրատի արգելքը: Արդյունքում՝ ԻՊ հարձակումը հանգեցրեց նրան, որ մի քանի օրում գրավեց քրդական 7-8 գյուղ, ապա պաշարեց Քոբանին: Այն ժամանակ հաղորդվեց, որ ԻՊ-ը 2011-ից հետո առաջին անգամ է Սիրիայում գրավում քրդական գյուղեր24: Այս տեսակետի օգտին է խոսում նաև այն, որ Ջերաբլուսի մոտ է գտնվում Քարքամըշի սահմանային անցակետը, և որ 2014թ. ամռանը մի շարք հրապարակումներ եղան այն մասին, որ Թուրքիայի Քարքամըշի շրջանը վերածվել է ԻՊ բազայի25:
Ի դեպ, Թուրքիան բազմազանություն է ցուցաբերում PKK-ի (քրդերի) դեմ ջրային պայքարում: Մասնավորապես, Թունջելի (Դերսիմ) նահանգում Թուրքիայի իշխանությունները որոշել են կիրառել ջրային պայքարի այլ մարտավարություն՝ նահանգն ամբողջովին շրջապատել ամբարտակներով: Օրինակ, 40 տարի առաջ Քեբանի ջրամբարի կառուցումը հանգեցրեց նրան, որ վերացվեց Թունջելիի ու Էլյազըղի ցամաքային սահմանը՝ այն վերածվեց ջրայինի: Վերջին շրջանում էլ Թուրքիայի իշխանությունները շարունակում են Թունջելին «կղզու» վերածելու քաղաքականությունը՝ նրա և մյուս նահանգների (Թունջելին սահմանակից է նաև Բինգյոլի ու Էրզինջանի նահանգներին) սահմանային շրջաններում Մնձուր և այլ գետերի վրա ամբարտակներ կառուցելով26:
Այսպիսով, PKK-ն քաջ գիտակցում է, որ անհրաժեշտ է «անվտանգության ամբարտակների» դեմն առնել հիմա, քանի դեռ չի ավարտվել դրանց կառուցումը, քանի որ եթե քուրդ զինյալները հետագայում պայթեցնեն գործող ամբարտակները, ապա դրանից մեծապես կտուժի տեղի քրդական բնակչությունը: Բացի այդ, «անվտանգության ամբարտակների» կառուցումը նշանակում է դրանց շուրջ թուրքական ռազմական ամրակետերի տեղակայում: Այս ամենը ներկայումս PKK-ին մղում է գործուն քայլեր ձեռնարկելու: Օգոստոսի վերջին թուրքական մամուլը գրեց, որ PKK-ն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո ինտենսիվացրել է Թուրքիայի տնտեսության ու զարգացման դեմ ուղղված իր ակցիաները և 13 անգամ հարձակվել է ամբարտակների վրա: Այդ ակցիաների հետևանքով Թուրքիային պատճառվել է ավելի քան $30 մլն-ի վնաս: Մասնագետներն ընդգծել են, որ եթե հաշվի առնվի նաև այն, որ PKK հարձակումները հանգեցնում են ներդրումների ձգձգմանը, տարածաշրջանում լարվածության մակարդակի աճին ու արժույթի շուկաների վրա ազդելուն, ապա PKK տվյալ գործողությունների պատճառած նյութական վնասը կստացվի շատ ավելի մեծ27:
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ PKK-ի դեմ պայքարը Թուրքիայից խլում է ֆինանսական զգալի ռեսուրսներ, մեծացնում է նրա ռազմական ծախսերը, առաջացնում «գյուղական պահապանների» թվաքանակի կտրուկ մեծացման անհրաժեշտություն, բացասաբար է ազդում նրա ապագա եկամուտների վրա և այլն։ Թուրքիան, որը 2014թ. դեկտեմբերի 1-ից նախագահում է G20-ում և որի գագաթաժողովն Անթալիայում անցկացվելու է այս տարվա նոյեմբերի 15-16-ին (նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայանալու են կրկնական ընտրություններ), տնտեսական խնդիրների պատճառով այժմ հայտնվել է նաև G20-ից դուրս մնալու վտանգի տակ28:
2015թ. PKK գործողություններում ուշադրության արժանի է այն, որ այն Շըրնաք և Հաքքարի նահանգներում ավանդական դարձած ակտիվությունից բացի, բավական մեծ ակտիվություն է ցուցաբերում Թուրքիայի արևելյան շրջաններում: Թուրքական մամուլում անգամ հրապարակումներ եղան, թե PKK-ն Թուրքիայում սկսել է հետևել «իր սիրիական թև» Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) օրինակին, որը 2014թ. սկզբին ինքնավարություն էր հռչակել Սիրիայի հյուսիսում գտնվող 3 (Քոբանի, Ջիզրե, Աֆրին) կանտոններում (շրջան): Մասնավորապես, «Ենի Չաղ» թերթը գրեց, որ PKK-ն առաջին կանտոնը ձևավորում է Աղրը-Իգդիր-Կարս-Արդահան գծի երկայնքով29:
Այստեղ հարկ է հատուկ անդրադառնալ Թուրքիայի` էներգետիկ և տրանսպորտային միջանցք (հանգույց) դառնալու առումով այդ չորս նահանգների դերակատարությանը, որը Թուրքիայում անվանում են նաև Սահմանային գոտի (Serhat Bölgesi, օսմանյան պետությունում հարևան երկրներին սահմանակից գոտիներն անվանել են serhat): Թուրքիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող այս գոտին այդ առումով ունի չափազանց մեծ կարևորություն` չնայած զարգացման բավական ցածր մակարդակին. 2011թ. Թուրքիայի զարգացման նախարարության զեկույցի համաձայն` Կարսի նահանգը սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշով Թուրքիայի 81 նահանգների թվում 68-րդն է, Իգդիրի նահանգը` 69-րդը, Արդահանի նահանգը` 71-րդը, իսկ Աղրըի նահանգը` 79-րդը:
Հարկ է նշել, որ Serhat գոտու տարածքը կազմում է 30.193 կմ2` Թուրքիայի տարածքի ընդամենը 3.8%-ը, իսկ բնակչությունը կազմում է ավելի քան 1.1 միլիոն մարդ` Թուրքիայի բնակչության 1.5%-ը: Հատկանշական է, որ այս գոտին սահմանակից է միանգամից 4 երկրի` Հայաստան, Վրաստան, Իրան, Ադրբեջան (Նախիջևան): Ի դեպ, Իգդիրի նահանգը Թուրքիայի միակ նահանգն է, որը սահմանակից է միանգամից 3 երկրի (Հայաստան, Իրան, Ադրբեջան): Այս գոտում գտնվում է 7 սահմանային անցակետ, որոնց մի մասը չի գործում, այդ թվում նաև Հայաստանի հետ սահմանային անցակետերը։ Serhat գոտու անցակետերը Թուրքիայի համար համարվում են դեպի Կովկաս ու Միջին Ասիա բացվող դռներ:
Serhat գոտով են անցնում ԲԹԷ և Թավրիզ-Էրզրում գազատարները, ինչպես նաև այստեղ է տրվել TANAP գազատարի մեկնարկը: Բացի այդ, այստեղով է անցնում ԲԹՋ-ն: Ինչ վերաբերում է երկաթուղիներին, ապա այստեղ կառուցված միակ երկաթուղին Կարս-Գյումրի երկաթուղին է: Շուտով պետք է շահագործման հանձնվի ԲԹԿ-ն, ինչպես նաև պլանավորված է ԿԻՆ երկաթգծի կառուցումը, որով Թուրքիան կարող է Իրանի միջոցով դուրս գալ Պակիստան: Չպետք է մոռանալ նաև Կարս-Էդիրնե ճեպընթաց գնացքների նախագծի (Արևելյան ճեպընթաց, 2000 կմ) մասին, և որ պլանավորված է Կարսը դարձնել լոգիստիկ հանգույց30:
Ինչպես նշվեց, PKK-ն խոչընդոտում է նաև Իրաքից դեպի Թուրքիա, ապա նաև միջազգային շուկաներ նավթի արտահանման գործընթացին` շարունակ պայթեցնելով Քիրքուք-Յումուրթալըք նավթամուղը: Ելնելով այս ամենից` պետք է փաստել, որ PKK-ն ակտիվ գործունեություն է ծավալել Թուրքիայի համար էներգետիկ և տրանսպորտային միջանցք ու հանգույց դառնալու տեսանկյունից չափազանց մեծ կարևորություն ունեցող հարավարևելյան ու արևելյան նահանգներում, ինչը կարող է հանգեցնել նրան, որ PKK հարցը ձեռք կբերի էլ ավելի մեծ միջազգային հնչեղություն, ինչն էլ, իր հերթին, ավելի կբարդացնի «Քրդական հարցը» ուժային ճանապարհով լուծելու Թուրքիայի փորձերը: Ի դեպ, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով այդ բոլոր նահանգներում (Serhat գոտի+Հաքքարի և Շըրնաք նահանգներ) անխտիր հաղթանակ է տարել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ):
1 Kerkük–Yumurtalık petrol boru hattına saldırı, Milliyet, 29.07.2015.
2 Թուրքիան ԲԹՋ կառուցումից հետո 1-16 տարիներին տարանցման հարկի ու շահագործման ծառայությունների համար տարեկան պետք է ստանա $140-200 մլն, իսկ 17-40 տարիներին` $200-300 մլն:
3 Ağrı'da doğalgaz boru hattına saldırı, Hürriyet, 28.07.2015.
4 Այդ սկզբունքով ենթադրվում է, որ գազամատակարարը պարտավոր է ապահովել պայմանագրում նշված գազի մատակարարման առավելագույն ծավալը, իսկ գնորդը պարտավոր է վճարել դրա դիմաց՝ անկախ նրանից, թե հաշվետու ժամանակահատվածում իրականում որքան գազ է ստացել: 2014թ. աշնանը Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարեց, որ Թուրքիան 2013թ. այդ սկզբունքով համաձայնագրից հրաժարվելու հարցը լուծել է Ռուսաստանի հետ, 1-2 ամիս անց դա կանի Իրանի, իսկ 2015թ.` Ադրբեջանի հետ:
5 Kars'ta doğalgaz boru hattında patlama, Milliyet, 04.08.2015.
6 Kars'ın Sarıkamış ilçesinde boru hattında patlama, Bugün, 24.08.2015.
7 TANAP'a boru taşıyan trene bombalı saldırı: 1 ölü, Yeni Şafak, 30.07.2015.
8 Trans Asya trenine mayınlı saldırı, Hürriyet, 30.07.2015.
9 Türkiye'nin en büyük feribotu Van Gölü'nde, Yeni Şafak, 27.04.2015.
10 Peider Trippi, Türkiye’de Milyarlarca Dolarlık Demiryolu Yatırımı, Rail Turkey, 03.08.2015.
11 TCDD'den 5 yılda rekor zarar: 5,6 milyar TL, Zaman, 06.07.2015.
12 PKK köprü patlattı: 10 köye ulaşılamıyor!, VeHaber, 08.10.2015.
13 PKK, Erzurum- Iğdır karayolunu kesti, yolcuları 2 saat rehin tutu, Hürriyet, 02.08.2015.
14 One killed, three injured in attack on Iranian bus in east Turkey, Press TV, 07.08.2015.
15 İran'dan uyarı: Türkiye’ye hava yoluyla gidin!, Cumhuriyet, 09.08.2015.
16 İran, Türkiye sınır kapısını kapattı, Posta, 12.08.2015.
17 İran´dan Türkiye´ye PKK notası, Sözcü, 21.08.2015.
18 PKK'nın hedefinde yine barajlar var, Sabah, 14.07.2015.
19 Ramazan Yavuz, PKK'yı bu barajlar durduracak, Vatan, 26.10.2011.
20 Soner Cagaptay and Altay Otun, Flooding Out Terror? Turkey's Ilisu Dam Project, The Washington Institute, 03.05.2012.
21 GAP-ն առնչվում է Թուրքիայի տարածքի 9.7%-ին՝ 75.358 կմ2 (9 նահանգ): GAP-ը նախատեսում է ոռոգել Թուրքիայի ոռոգելի ողջ հողերի (8.5 միլիոն հեկտար) 20%-ը, իսկ հէկերի դեպքում՝ 21%-ը: GAP-ի շնորհիվ վերահսկողության տակ կառնվի Թուրքիայի ջրային պոտենցիալի 28-29%-ը: Սակայն ներկա դրությամբ ոռոգման մասով ավարտված է աշխատանքների միայն 18-20%-ը, մինչդեռ ջրամբարների պարագայում` 80-85%-ը: Եվ այնուամենայնիվ, դրանց ջրերը չեն գործածվում ոռոգման նպատակով, և ստացվում է, որ կա ջուր, սակայն չկա ոռոգման ցանց: Սա վկայում է, որ Թուրքիայի իշխանություններին GAP հարցում առաջին հերթին հետաքրքրում են հէկեր կառուցելով էժան էլեկտրաէներգիա ստանալը և ջրամբարներ կառուցելով ջուրը որպես ռազմավարական պաշար և ստորին հոսքի երկրների դեմ լծակ ձեռք բերելը: Մինչդեռ ոռոգման ջրանցքների խիստ պակասությունը տեղաբնակներին հնարավորություն չի տալիս շտկել իրենց տնտեսական դրությունը:
22 ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Մուսթաֆա Շյուքրյու Էլեքդաղի «2.5 պատերազմի ռազմավարություն» հոդվածում նշված էր, որ Թուրքիան (1990-ական թթ.) պետք է պատրաստ լինի միաժամանակ մասշտաբային պատերազմ մղել 2 ճակատում և դրան զուգահեռ մղել «կես» (ներքին) պատերազմ: Օրինակ, Թուրքիան պետք է պատրաստ լիներ մի կողմից՝ հյուսիս-արևմուտքում պատերազմել Հունաստանի, իսկ մյուս կողմից` հարավ-արևելքում պատերազմել Սիրիայի դեմ, և դրա հետ մեկտեղ երկրի հարավ-արևելքում պայքարեր PKK-ի դեմ:
23 Türkiye Fırat’ı kesti köyler susuz kaldı, Milliyet, 04.07.2014.
24 IŞİD, Suriye sınırında Kürt köylerini ele geçirdi, Zaman, 14.07.2014.
25 'Karkamış Kampı IŞİD'in eğitim merkezi', Yuksekova Haber, 25.07.2014.
26 Dersim baraj ablukası altında!, Van Bülten, 09.07.2015.
27 Terörün hedefinde ekonomi var, Anadolu ajansı, 29.08.2015.
28 Güngör Uras, G20 Ülkeleri Arasında Sıramız Geriliyor, Milliyet, 25.08.2015.
29 Ahmet Takan, PKK’nın ilk kantonu; Ağrı-Iğdır-Kars- Ardahan hattı..., 23.07.2015.
30 TRA2 Bölgesi (Ağrı, Ardahan, Iğdır ve Kars) 2014 – 2023 Bölge planı, T.C Serhat Kalkınma Ajansı.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[05.06.2018]
- «ՁԻԹԵՆՈՒ ՃՅՈՒՂ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ[18.04.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՋՐԱՆՑՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՈՒՐՋ[26.03.2018]
- ԿԱՐՄԻՐ ԾՈՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[21.03.2018]
- 21-ՐԴ ԴԱՐԸ՝ «ՔՐԴԱԿԱ՞Ն ԴԱՐ»[19.12.2017]
- ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ[13.12.2017]
- «ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ». ՊԱՏՄԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆՆԵՐ[10.11.2017]
- ԿԱՏԱՐԻ ՇՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ[21.07.2017]
- «ԻՆՋԻՐԼԻՔԻ» ԹՆՋՈՒԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ[27.06.2017]
- ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ[11.05.2017]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ «ԵՓՐԱՏԻ ՎԱՀԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ[04.04.2017]