• am
  • ru
  • en
Версия для печати
11.12.2014

ԱՐԴՅՈ՞Ք ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋՈՑ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ

EnglishРуский

   

Թիերի Մեյսան
Քաղաքական խորհրդատու, Réseau Voltaire ինտերնետ պարբերականի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր նախագահ։ Վերջին հրապարակումը՝ ֆրանսերեն L’Effroyable imposture: Tome 2, Manipulations et désinformations (http://www.librairie-voltairenet.org/index.php?id_product=24&controller=product) (JP Bertand հրատ., 2007)։

Տնտեսական կդառնա՞ արդյոք նոր դաշինքը Թուրքիայի և Ֆրանսիայի միջև, և կհանգեցնի՞ այն արդյոք Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, թե՞ այն զուտ քաղաքական է։ Վերջինի պարագայում՝ պե՞տք է արդյոք Փարիզը խրախուսի Անկարային իր բոլոր գործերում։ Եվ կվճռի՞ արդյոք սատարել ցեղասպանության հարցում։

Արդեն երկրորդ անգամ Օբամայի վարչակազմը մեղադրում է Թուրքիային Իսլամական պետությանն աջակցելու համար։ Առաջին մեղադրանքն արվել է հոկտեմբերի 2-ին Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի կողմից Հարվարդի էկոնոմիկայի դպրոցում ելույթի ժամանակ1։ Հոկտեմբերի 23-ին Քարնեգի հիմնադրամում նրան հաջորդեց ֆինանսների փոխնախարար Դևիդ Քոենը2։ Երկուսն էլ Անկարային մեղադրեցին ջիհադականներին աջակցելու և նավթի վաճառքի մեջ, որը նրանք գողանում են Իրաքում և Սիրիայում։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հերքումներից հետո Ջո Բայդենը վերջինին հայտնեց իր ներողությունը։ Թուրքական կառավարությունն այն ժամանակ թույլ տվեց ՔԱԿ-ին օգնության գալ ԻԼԻՊ-ի կողմից պաշարված Քոբանեի սիրիական քրդերին։ Ավաղ։ Անկարայի գործողությունները չհամոզեցին Վաշինգտոնին, և վերջինը վերսկսեց իր մեղադրանքները։

Թուրքիան և էթնիկական զտման հարցը

Ես չեմ կարծում, թե այն, ինչում մեղադրում են Թուրքիային, աջակցություն է ջիհադականներին։ Թուրքիան նրանց հանդեպ գործում է համաձայն ամերիկյան պլանի և, առնվազն, մինչև հոկտեմբերի կեսը ԻԼԻՊ-ը ԿՀՎ վերահսկողության տակ էր։ Սակայն Վաշինգտոնը չի կարող թույլ տալ, որ ՆԱՏՕ անդամն ակնհայտորեն ներքաշված լիներ զանգվածային սպանությունների մեջ, որոնցով սպառնում են Քոբանեի բնակիչներին։ Օբամայի վարչակազմի քաղաքականությունը պարզ է. ԻԼԻՊ-ը ստեղծվել է այն բանի համար, որ կատարի այն, ինչը թույլատրված չէ ՆԱՏՕ-ին՝ էթնիկ զտում, և այնպես, որպեսզի դաշինքի անդամները կարողանան պնդել, որ դրա հետ ոչ մի կապ չունեն։ Քրդերի զանգվածային սպանությունները հարկավոր չեն Վաշինգտոնին, իսկ Թուրքիայի մասնակցությունը դրանցում հանցագործություն կլիներ մարդկության դեմ։

Թուրքիայի գործողությունները կարող են չկանխամտածված թվալ։ Եվ սա է խնդրի էությունը։ Թուրքիան նիհիլիստ պետություն է։ Չի կոտորել 1,4 մլն հայերի, 200.000 ասորիների ու քրիստոնյա հույների, ոչ էլ 50.000 ասորիների Պարսկաստանում 1914-1948թթ. և 800.000 հայերի ու հույների 1919-1925թթ.3։ Ապրիլի 23-ի իր ցավակցությունում, որը շատ հեռու էր իրենց պատմության այդ արյունոտ էջն ընդմիշտ փակելուց, պրն Էրդողանը, ընդհակառակը, ցուցադրեց Թուրքիայի՝ «երիտթուրքերի» հանցանքն ընդունելու անկարողությունը4։

Անկարան նախկինում փորձում էր վերացնել ՔԱԿ քրդերին։ Նրանցից շատերը փախան Սիրիա։ Նախագահ ալ-Ասադը նրանց սիրիական քաղաքացիություն տվեց, և երբ սկսվեց պատերազմը, զենք տվեց, որպեսզի պաշտպանեն հայրենի հողը։ Այնպես որ, Անկարայի համար նրանց զանգվածային ոչնչացումը լավ նորություն կլիներ, իսկ ԻԼԻՊ-ն առանց կողմնակի օգնության կկարողանար անել այդ կեղտոտ աշխատանքը...

Թուրքիայի հանցակցությունը վերջերս տեղի ունեցած էթնիկ զտումներին

Բոսնիա-Հերցեգովինայի պատերազմի ժամանակ (1992-1995թթ.) թուրքական զորքերն աջակցում էին Ուսամա բեն Լադենի «Արաբական լեգեոնին», որն էթնիկ զտում էր իրականացնում երկրում՝ ուղղափառ սերբերի սպանություններ իրագործելով։ Այդ պատերազմից հետո ողջ մնացած ջիհադականները միացան Սիրիայում զինված կազմավորումներին, որոնցից մեկն էլ ԻԼԻՊ-ն է։

1998թ. թուրքական զորքերը մասնակցեցին Կոսովոյի ազատագրական բանակ (ԿԱԲ) զինված կազմավորումներին, որոնց ահաբեկչական գործողությունները վկայում էին ՆԱՏՕ միջամտության մասին և ճնշվում էին հարավսլավական կառավարության կողմից։ Հաջորդ պատերազմի ժամանակ Հաքան Ֆիդանը (Թուրքիայի ներկայիս հատուկ ծառայությունների ղեկավարը) կապավոր գործակալ էր Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև։ Արդյունքում՝ ԿԱԲ-ը դուրս քշեց ուղղափառ սերբերին և պղծեց նրանց սրբավայրերը։ 2011թ. Հաքան Ֆիդանը ջիհադականներին Սիրիա ուղարկելուց առաջ նրանց ուղարկում էր Կոսովո՝ ուսանելու ԿԱԲ մասնագետների ղեկավարությամբ։

Իրանի օկուպացիայի ժամանակ՝ այդ երկրի վերաձևման նպատակով, ԱՄՆ-ը պաշտոնապես հենվում էր Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի վրա։ Այդ շրջանում իրականացվող քաղաքականությունը հանգեցրեց քաղաքացիական պատերազմի և խաղաղ քաղաքացիների, հիմնականում՝ շիա և քրիստոնյա, շարունակական սպանությունների։ Սպիտակ տան՝ պետական անվտանգության գծով նախկին խորհրդական Ռիչարդ Ֆալքենրատի խոստովանությամբ՝ այդ քաղաքականությունը վարվում էր այն նպատակով, որպեսզի արգելափակվեր ջիհադականությունը, այն օգտագործվեր միայն այդ տարածքում և թույլ չտրվեր դրա տարածումը ԱՄՆ տարածքում5։ 2013թ. սեպտեմբերին Սիրիական ազատ բանակի (զինված կազմավորումներ, որոնք կռվում են ֆրանսիական գաղութացման դրոշի ներքո և աջակցվում են Ֆրանսիայի կողմից) հարյուրավոր ջիհադականներ, «Ալ-Նուսրա ճակատի» («Ալ-Քաիդայի» սիրիական ճյուղը) զինյալների հետ համատեղ, Թուրքիայից ներխուժեցին Սիրիա, որտեղ նրանք, զավթելով Մալուլա գյուղը, բռնաբարում էին կանանց, սպանում տղամարդկանց և պղծում եկեղեցիները։ Մալուլան ռազմավարական ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում։ Այդ գրոհը մի նպատակ էր հետապնդում՝ քշել քրիստոնյաներին, որոնց համար Մալուլան Սիրիայի խորհրդանիշն էր գրեթե երկու հազարամյակ։

2014թ. մարտին «Ալ-Նուսրա ճակատի» և «Իսլամի բանակի» (սաուդամետ կազմավորումներ) հարյուրավոր ջիհադականներ թուրք զինվորականների գլխավորությամբ Թուրքիայից ներխուժեցին Սիրիա և շրջապատեցին Քեսաբ քաղաքը։ Բնակչությունը հեռացավ քաղաքից և խուսափեց զանգվածային սպանություններից։ Երբ Սիրիական արաբական բանակը հասավ օգնության, Թուրքիան հանդես եկավ նրա դեմ և խփեց նրա ինքնաթիռներից մեկը։ Քեսաբը ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար՝ մոտակայքում ռուսական ռադիոլոկացիոն կայանի գտնվելու պատճառով, որը հետևում է Ինջիրլիքի թուրքական ռազմակայանին։ Քեսաբում ապրում են հայեր, որոնք լքել էին իրենց երկիրը «երիտթուրքերի» կողմից իրականացված զանգվածային սպանությունների ժամանակ։

Արտոնո՞ւմ է արդյոք ներկայիս Թուրքիան ցեղասպանություն

Ծագում է հետևյալ հարցը։ Ժխտելով հայերի և ազգային փոքրամասնությունների, հիմնականում՝ քրիստոնյա, զանգվածային սպանությունները 1915-1925թթ. «Միություն և առաջադիմություն կոմիտեի» կողմից՝ դրանով իսկ Թուրքիան արդյո՞ք չի հաստատում այն, որ ցեղասպանությունը հանցագործություն չէ, այլ ընդամենը մյուսներին հավասար քաղաքական միջոց։

Թուրքիայի կառավարության քաղաքականությունը հիմնվում է «Դավութօղլուի դոկտրինի» վրա (ներկայիս վարչապետի անունով)։ Ըստ քաղաքագիտության այս պրոֆեսորի՝ Թուրքիան պետք է վերականգնի իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում՝ իսլամի հիման վրա, ինչպես Օսմանյան կայսրության դարաշրջանում էր։ Սկզբում Էրդողանի կառավարությունը հանդես էր գալիս Օսմանյան կայսրության անկումից հետո առկախ մնացած հակամարտությունները լուծելու օգտին, ինչը նա կոչում էր «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականություն։ Առիթն օգտագործելով՝ Սիրիան և Իրանը ստեղծեցին ազատ առևտրի գոտի, որն իսկական տնտեսական բում առաջացրեց երեք երկրներում։ Բայց 2011թ. Լիբիայի դեմ ՆԱՏՕ պատերազմի ժամանակ Թուրքիան մոռացավ իր հաշտարար դերի մասին և սկսեց ներկայանալ որպես ռազմատենչ տերություն։ Դրանից հետո կռվեց իր բոլոր հարևանների հետ՝ Ադրբեջանից բացի։

Ֆրանսիական աջակցությունը Թուրքիային

Լիբիայի և Սիրիայի դեմ պատերազմների ժամանակ Թուրքիան և Ֆրանսիան այն աստիճան մերձեցան, որ ստեղծեցին իսկական պակտ՝ Ֆրանցիսկոս I-ի և Սուլեյման Սքանչելիի ֆրանկ-օսմանյան միության նման, որը գոյություն ունեցավ երկուսուկես դար և ավարտվեց Նապոլեոն Բոնապարտի օրոք՝ ոչ երկար ժամանակով կրկին մեջտեղ գալով Ղրիմի պատերազմի ժամանակ։ Նոր դաշինքը հաստատվեց Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի կողմից, որը 2013թ. փետրվարին հանեց ֆրանսիական վետոն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վրայից և պարտավորություն ստանձնեց սատարել նրա անդամակցությանը միությանը։

Այդ նույն ժամանակ Ֆրանսուա Օլանդը և Լորան Ֆաբիուսը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ահմեթ Դավութօղլուն պատվիրեցին նախագահ Բաշար ալ-Ասադի և արտգործնախարար Վալիդ ալ-Մուալեմի սպանությունը նախագահական պալատն սպասարկող անձնակազմի օգնությամբ։ Սակայն այդ գործողությունը խափանվեց։

2013թ. ամռանը Թուրքիան քիմիական գրոհ ձեռնարկեց Գուտայում՝ դրանում մեղադրելով Սիրիային։ Աջակցություն ստանալով Ֆրանսիայի կողմից՝ այն փորձեց ներգրավել ԱՄՆ-ին Սիրիայի մայրաքաղաքի ռմբակոծմանը և Սիրիական Արաբական Հանրապետության տապալմանը։ Այս երկու երկրները փորձեցին ԱՄՆ-ին վերադարձնել Սիրիական Արաբական Հանրապետության տապալման նախնական պլանին։

ՄԱԿ Անվտանգության խորհրդին հանձնված փաստաթուղթը վկայում է այն մասին, որ ԱՄՆ Կոնգրեսի փակ նիստում սիրիական ապստամբներին՝ էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով, սպառազինելու և ֆինանսավորելու մասին օրենքի ընդունումից հետո Ֆրանսիան և Թուրքիան շարունակում էին գաղտնի զինել «Ալ-Նուսրա ճակատին» (այսինքն՝ «Ալ-Քաիդային»), որպեսզի վերջինը պայքարեր ԻԼԻՊ-ի դեմ։ Եվ այստեղ նույնպես խոսքն այն մասին է, որպեսզի Վաշինգտոնին հարկադրեն վերադառնալ նախնական նախագծին։

Նշենք, որ ոչ միայն Թուրքիան, այլ նաև Ֆրանսիան էր զինում ջիհադականներին, որոնք գրոհում էին քրիստոնեական Մալուլա և Քեսաբ քաղաքները, բռնաբարում էին կանանց, սպանում տղամարդկանց և պղծում նրանց եկեղեցիները։

Թուրքիան կաշառում է ֆրանսիական էլիտային

Եթե մամուլում հաճախ հիշատակվում է Կատարի կողմից ֆրանսիական իշխող դասի կաշառման մասին, ապա ֆրանսիացի քաղաքական գործիչներին Թուրքիայի կողմից տրվող վիթխարի կաշառքների մասին ոչ մի խոսք չի ասվում։ Այդ կոռուպցիայի ապացույցն է ֆրանսիական իշխանությունների լռությունը Թուրքիայում ներքին գործերի (լրագրողների, փաստաբանների և բարձրաստիճան սպաների ռեկորդային թվով դատապարտումներ), միջազգային ահաբեկչությանը սատարելու (թուրքական արդարադատությունը սահմանել է, որ Էրդողանը 12 անգամ հանդիպել է «Ալ-Քաիդայի» ֆինանսիստի հետ; Թուրքիայում «Ալ-Քաիդայի» չորս ճամբար է գտնվում և այնտեղից տասնյակ հազարավոր ջիհադականներ են ուղարկվում), Սիրիայի թալանի (Հալեպի շրջանում ապամոնտաժվել և Թուրքիա են ուղարկվել հազարավոր գործարաններ) և զանգվածային սպանությունների (Մալուլա, Քեսաբ և մոտ ապագայում, հնարավոր է՝ Քոբանե) վերաբերյալ։

Թուրքական խնամակալությունը (պատրոնատ)՝ Էրդողանի հավատարիմ դաշնակիցը, 2009թ. ստեղծեց Բոսֆորի ինստիտուտը, որի նպատակն է զարգացնել կապերը երկու երկրների միջև6։ Ինստիտուտի գիտական կոմիտեն, որը Ֆրանսիայի կողմից գլխավորում է Աննա Լովերգոնը7, իր կազմում ընդգրկում է ֆրանսիացի քաղաքական գործիչների սերուցքը Հանուն ժողովրդական շարժման միությունից (Ժան-Ֆրանսուա Կոպե8 և Ալեն Ժյուպե9), Սոցիալիստական կուսակցությունից (Էլիզաբեթ Գիգու10 և Պիեռ Մոսկովիսի11), նախագահ Օլանդի մերձավորներից (Ժան-Պիեռ Լույե12 և Անրի դը Կաստրի13) և անգամ նախկին կոմունիստների։ Եվ այս ցուցակը կարելի է շարունակել։

Հասկանալի է՝ այս անձանց, որոնց մեջ կան հարգարժան մարդիկ, չի սազում հավանություն տալ Անկարայի կողմից իրագործվող սպանություններին։ Բայց նրանք անում են դա։

Չէ՞ որ Թուրքիայի հետ դաշինքի մեջ մտնելով՝ Ֆրանսիան դառնում է նրա արյունալի արարքների ակտիվ համամասնակիցը։

1 “Remarks by Joe Bidenat the John F. Kennedy Forum” (http://www.voltairenet.org/article185597.html), Ջոզեֆ Բայդեն, Voltaire Network ինտերնետ պարբերական, 2 հոկտեմբերի 2014թ.։

2 “Remarks by U.S. Treasury Under Secretary David S. Cohen on AttackingISIL’s Financial Foundation” (http://carnegieendowment.org/2014/10/23/remarks-by-u.s.-treasury-under-secretary-david-s.-cohen-on-attacking-isil-s-financial-foundation/hsk1), Дэвид Коэн, Carnegie Endowment for Internationale Peace, 23 հոկտեմբերի 2014թ.։

3 Statistics of Democide: Genocide and Mass MurderSince 1900, Р.Д. Раммель, Transaction, 1998., pp. 223-235.

4 «Երիտթուրքերը» հեղափոխական-ազգայնական կազմակերպություն են Օսմանյան կայսրությունում, որը հայտնի է «Միություն և առաջադիմություն կոմիտե» անվամբ։ Նրանք իրենց միացրին ազգային փոքրամասնություններին և գահընկեց արեցին Աբդուլ Համիդ II սուլթանին։ Իշխանության գալով՝ նրանք սկսեցին իրականացնել թուրքացման քաղաքականություն, որը հանգեցրեց փոքրամասնությունների, հիմնականում հայերի ցեղասպանության։

5 Մեջբերումն ըստ՝ «If DemocracyFails, Try Civil War» (http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2005/09/27/AR2005092701715.html), Ալ Քամեն, The Washington Post, 25 սեպտեմբերի 2005թ.։

6 Տե՛ս Institut du Bosphore ինտերնետ կայքը (http://www.institut-bosphore.org/).

7 Ֆրանսուա Միթերանի նախկին աշխատակցուհին։ Հետագայում դարձավ Areva-ի տնօրեն (2001-2011)։ Ներկայում Նորարարությունների հանձնաժողովի նախագահն է։

8 Պատգամավոր, նախկին վարչապետ և UMP (Միություն հանուն նախագահական մեծամասնության) նախկին նախագահ։

9 Բորդոյի քաղաքապետ, նախկին վարչապետ և UMP նախկին նախագահ, Լիբիայի և Սիրիայի դեմ պատերազմի սկզբում դառնում է արտգործնախարար։

10 Ֆրանսուա Միթերանի նախկին աշխատակցուհի և նախկին նախարար։ Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահն է։

11 Պատգամավոր և նախկին նախարար, նշանակված է եղել եվրահանձնակատար։

12 Բարձրաստիճան պաշտոնյա, Ֆրանսուա Օլանդի վաղեմի բարեկամը։ Այսօր Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղարն է։

13 Ֆրանսուա Օլանդի վաղեմի բարեկամը։ Այսօր AXA ապահովագրական գործակալության գլխավոր տնօրենն է։

http://www.voltairenet.org/article185731.html

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11-12, 2014


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր