• am
  • ru
  • en
Версия для печати
24.09.2014

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁԸ

   

Թիերի Մեյսանի
Ֆրանսիացի մտավորական, Վոլտեր ցանցի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր նախագահ: Ֆրանսերեն վերջին աշխատությունը` «Սարսափելի սուտ», Հատոր 2, Աճպարություններ և ապատեղեկատվություն (հրատ.՝ Ժ.Պ.Բերտան, 2007թ.)։


Չնայած 35 տարի շարունակ Սաուդյան Արաբիան աջակցել է բոլոր ջիհադական շարժումներին, Ռիադը հանկարծ սկսել է փոխել իր քաղաքականությունը: Միապետության գոյության սպառնալիքով, նույնիսկ Իսլամական էմիրության (պետության) հնարավոր հարձակմամբ պայմանավորված՝ Սաուդյան Արաբիան ազդարարեց այդ կազմակերպության կազմալուծման մասին: Չնայած այդ ամենին՝ Իսլամական էմիրությունը շարունակում է աջակցություն ստանալ Թուրքիայի և Իսրայելի կողմից, որոնք իրացնում են այս կազմակերպության կողմից գողացված նավթը:

Իսլամական էմիրության կողմից տարածված այս լուսանկարում
կարելի է տեսնել ֆրանսիական Famas-ի զինյալներից մեկին,
չնայած Փարիզը հերքում է այս կազմակերպության հետ կապի մասին բոլոր լուրերը:
Իրականում Փարիզը զինել է Սիրիական ազատ բանակին,
որն էլ այդ զենքի 2/3 մասը պետք է փոխանցեր «Ալ-Նուսրա» ճակատին
(այսինքն՝ Սիրիայում «Ալ-Քաիդային»):
Այնուհետև «Ալ-Նուսրայի» բազմաթիվ խմբավորումներ միացան Իսլամական էմիրությանը:
Բացի այդ, հակառակ պաշտոնական հայտարարությունների,
Իսլամական էմիրության հրամանատար,
ներկայումս խալիֆ Իբրահիմը համատեղում է նաև
Սիրիական ազատ բանակի շտաբի պետի պարտականությունները:

Իսլամական էմիրությունը ստեղծվել է Արևմուտքի կողմից

Անվտանգության խորհրդի միաբանությունը և 2170 բանաձևի ընդունումն ընդդեմ Իսլամական էմիրության պարզապես արտաքին շղարշ է: Անհնար է մոռանալ Իսլամական էմիրությանը հատկացված և հատկացվող պետական օժանդակությունը: Դիտարկելով վերջերս Իրաքում տեղի ունեցած իրադարձությունները՝ կարելի էր նկատել, որ զինյալները երկրի տարածք են ներխուժել լրիվ նոր «Toyota» ամենագնացներով, լրիվ նոր ուկրաինական զենքերով: Այդ սպառազինության շնորհիվ է նրանց հաջողվել առևանգել իրաքյան բանակին պատկանող ամերիկյան արտադրության զինատեսակները: Միևնույն ժամանակ, զարմանալի է, որ Իսլամական էմիրությունն իր տրամադրության տակ ուներ քաղաքացիական այնպիսի կառավարիչներ, որոնք ունակ գտնվեցին անմիջապես իրենց ձեռքը վերցնել գրավված տարածքների կառավարման գործը, իսկ հեռահաղորդակցության մասնագետներին հաջողվեց համացանցում և հեռուստատեսությամբ իրենց գործողությունները բարձր մակարդակով ներկայացնել. այդ անձնակազմը պատրաստություն է անցել ամերիկյան Fort Bragg ռազմաբազայում:

Չնայած ամերիկյան գրաքննությունն արգելել էր ցանկացած քննադատություն, բրիտանական Reuters գործակալության միջոցով տեղեկանում ենք, որ 2014 թվականի հունվարին Կոնգրեսի գաղտնի նիստում հաստատվել է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը Սիրիական ազատ բանակին, Իսլամական ճակատին, «Ալ-Նուսրա» ճակատին և Իսլամական էմիրությանը ֆինանսական աջակցության ցուցաբերման հարցը1: Մի քանի օր անց էլ Al-Arabiya-ն հայտնեց, որ թագաժառանգ Աբդուլ Ռահմանն Իսլամական էմիրության իրական ղեկավարն է2: Այնուհետև, փետրվարի 6-ին, ԱՄՆ անվտանգության քարտուղարը Լեհաստանում հրավիրել է եվրոպական մի շարք երկրների ներքին գործերի նախարարներին՝ խնդրելով նրանց աջակցել եվրոպացի ջիհադականներին Լևանում պահելու համար, արգելել նրանց վերադառնալ իրենց երկրներ, որպեսզի Իսլամական էմիրության զինյալների թվաքանակը հնարավորություն տա հարձակվել Իրաքի վրա3: Եվ վերջապես փետրվարի կեսերին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը Սիրիայում ներգրավված դաշնակիցների գաղտնի ծառայությունների ղեկավարների համար երկօրյա սեմինար էր հրավիրել, անկասկած՝ Իրաքի վրա Իսլամական էմիրության հարձակման նախապատրաստման նպատակով4:


(2012 թվականի օգոստոսին «ժողովրդավարական ընդիմության»
կրոնական ֆանատիզմի վերաբերյալ տեսանյութ):

Չափազանց սարսափելի է տեսնել, թե ինչպես են միջազգային լրատվամիջոցները հանկարծ ցուցադրում ջիհադականների կողմից կատարվող հանցանքները, այնինչ այդ ամենը երեք տարի շարունակ տեղի էր ունենում: Որևէ նոր բան չկա հրապարակային գլխատումների և խաչելությունների մեջ. ինչպես, օրինակ, 2012 թվականի փետրվարին Բաբա Ամրի Իսլամական էմիրությունը «կրոնական դատարանի» միջոցով գլխատման էր դատապարտել 150 հոգու, ինչը չէր արժանացել ո´չ արևմտյան մամուլի, ո´չ էլ ՄԱԿ ուշադրությանը5: 2013 թվականի մայիսին սիրիական Ազատ բանակի Ալ-Ֆարուք զորամիավորման հրամանատարը (հայտնի «չափավոր ընդդիմադիրներից») հրապարակել էր մի տեսանյութ, թե ինչպես է գլխատում և ուտում սիրիական բանակի զինվորի սիրտը: Այն ժամանակ Արևմուտքում շարունակում էին այդ ջիհադականներին ներկայացնել որպես «չափավոր ընդդիմադիրներ», որոնք անհույս պայքարում էին «ժողովրդավարության» համար: BBC-ն անգամ խոսք էր տրամադրել մարդակերին:

Կասկածից վեր է, որ Լորան Ֆաբիուսի կողմից «չափավոր» ջիհադականների (սիրիական Ազատ բանակ և «Ալ-Նուսրա» ճակատ, այսինքն՝ մինչև 2013 թվականի սկիզբը ՝«Ալ-Քաիդան») և «ծայրահեղ» ջիհադականների (2013 թվականից սկսած՝ «Ալ-Նուսրա» ճակատ և Իսլամական էմիրություն) միջև արված տարբերությունը զուտ արհեստական է: Խալիֆ Իբրահիմի օրինակը լույս է սփռում այս ամենի վրա. 2013 թվականի մայիսին Ջոն Մակքեյնի՝ սիրիական Ազատ բանակ կատարած այցելության պահին Խալիֆ Իբրահիմը միաժամանակ և´ «չափավոր», և´ «ծայրահեղական» խմբավորման առաջնորդն էր համարվում6:

Նույն կերպ 2014 թվականի հունվարին սիրիական Ազատ բանակի շտաբի ղեկավար, գեներալ Սալիմ Իդրիսի նամակն ապացուցում է, որ Ֆրանսիան և Թուրքիան սպառազինություններ էին մատակարարել, որոնց 1/3 մասը նախատեսված էր եղել սիրիական Ազատ բանակի և 2/3 մասը՝ «Ալ-Քաիդայի» համար: Անվտանգության խորհրդում Սիրիայի դեսպան Բաշար Ջաաֆարիի կողմից ներկայացված փաստաթղթի իսկությունը ֆրանսիական պատվիրակության կողմից չի վիճարկվել7:

Ջոն Մակքեյնը և սիրիական Ազատ բանակի շտաբը:
Ձախից առաջին պլանում՝ Իբրահիմ ալ-Բադրի,
որի հետ սենատորը զրուցում է:
Կողքին բրիգադի գեներալ Սալիմ Իդրիսն է (ակնոցներով):

Ակնհայտ է, որ 2014 թվականի օգոստոսի ընթացքում փոխվել է ՆԱՏՕ և Ծոցի երկրների համագործակցության խորհրդի որոշ պետությունների պահվածքը: Ինչո՞ւ:

Ջիհադականության վերաբերյալ Բժեզինսկու դոկտրինը

Հարկավոր է 35 տարի հետ գնալ, որպեսզի հասկանալի դառնա Սաուդյան Արաբիայի, միգուցե նաև Միացյալ Նահանգների կողմից իրականացվելիք շրջադարձի կարևորությունը: 1979 թվականից Վաշինգտոնը, ազգային անվտանգության խորհրդական Զբիգնև Բժեզինսկու դրդմամբ, սովետական ազդեցության թուլացման նպատակով որոշել էր աջակցել քաղաքական իսլամին՝ վերականգնելով Եգիպտոսում Գամալ Աբդել Նասերի դեմ «Մահմեդական եղբայրներին» աջակցելու հաստատված քաղաքականությունը:

Բժեզինսկին որոշել էր Աֆղանստանում (կոմունիստ Մուհամադ Թարաքի վարչակազմի կողմից կառավարվող) և Իրանում (ուր կազմակերպում է իմամ Ռուհոլա Հոմենեիի վերադարձը) «իսլամական հեղափոխություն» իրականացնել: Այնուհետև այդ հեղափոխությունը պետք է տարածվեր արաբական աշխարհում՝ վերջ դնելով ԽՍՀՄ-ի հետ կապված ազգայնական շարժումներին:

Աֆղանստանում օպերացիան անսպասելի հաջողության հասավ. «Մահմեդական եղբայրների» կազմում փորձառություն ձեռք բերած և հակակոմունիստ միլիարդատեր Ուսամա բեն Լադենի կողմից ղեկավարվող Համաշխարհային հակակոմունիստական լիգայի ջիհադականներն (WACL)8 իրականացրին լայնամասշտաբ ահաբեկչական գործողություն, որն էլ ստիպեց կառավարությանը օգնությամբ դիմել Սովետական Միությանը: Կարմիր բանակը մտավ Աֆղանստան և այնտեղ մնաց հինգ տարի՝ արագացնելով ԽՍՀՄ փլուզումը:

Իսկ Իրանում իրականացված օպերացիան լիովին ձախողվեց. Բժեզինսկին զարմանքով փաստել էր, որ Հոմենեին այն մարդը չէր, ում իրեն ներկայացրել էին որպես հին այաթոլա, ով փորձում էր հետ վերադարձնել շահի կողմից առգրավված, իրեն երբեմնի պատկանող հողատարածքները, նա պարզապես իսկական հակաիմպերիալիստ էր: Ավելի ուշ ըմբռնելով, որ «իսլամիստ» բառը միևնույն իմաստը չի ունեցել թե´ առաջինների և թե´ երկրորդների պարագայում, նա որոշել էր տարբերակել լավ սուննիներին (համագործակցողներին) վատ շիաներից (հակաիմպերիալիստներից) և վստահել առաջիններին Սաուդյան Արաբիայի կառավարման գործը:

Վերջապես, դիտարկելով Վաշինգտոնի և սաուդների միջև դաշինքի երկարաձգման հարցը՝ նախագահ Քարթերը 1980 թվականի հունվարի 23-ի իր ելույթի ժամանակ նշել էր, որ Ծոցի նավթի նկատմամբ վերահսկողությունը բխում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից:

Այդ պահից սկսած՝ ջիհադականները պատասխանատու են Սովետական Միության (այնուհետև Ռուսաստանի) և արաբական ազգայնական կամ անհնազանդ ռեժիմների դեմ իրականացված գործողություններում: Ջիհադականների դեմ սկսված մեղադրանքների փուլը՝ սկսած սեպտեմբերի 11-ի պայթյունների կազմակերպումից և իրականացումից մինչև Պակիստանում Ուսամա բեն Լադենի ենթադրյալ մահը (2001-11թթ.), էլ ավելի բարդացրեց իրավիճակը: Հարկավոր էր ամեն կերպ ժխտել ջիհադականների հետ որևէ հարաբերության մասին լուրերը և նրանց շարունակել օգտագործել ներխուժումների իրականացման ժամանակ: 2011 թվականին Լիբիայում և Սիրիայում ջիհադականների և ՆԱՏՕ համագործակցությամբ արդեն իսկ ամեն ինչ պարզ էր դարձել:

Սաուդյան շրջադարձը՝ սկսած 2014 թվականի օգոստոսից

35 տարի շարունակ Սաուդյան Արաբիան հովանավորել և զինել է այն սուննի մահմեդական քաղաքական ուժերին, որոնք ընդունել են իսլամին չհակասող ԱՄՆ տնտեսական մոդելը, և եթե նրանց երկրներն Իսրայելի հետ համաձայնագիր էին ստորագրել, ապա նրանք չէին կարող դրա դեմ հանդես գալ:

35 տարի շարունակ սուննիների ճնշող մեծամասնությունն աչք է փակել ջիհադականների և իմպերիալիստների դավադիր համաձայնության վրա: Իրենց համերաշխությունն են հայտնել նրանց կողմից կատարված և նրանց հանձնարարված ամեն ինչին: Եվ վերջապես, չնայած Սաուդյան Արաբիայում սրբավայրերի ավերումներին, որպես իսլամի տարատեսակ օրինականացվել է վահաբիզմը:

Զարմանքով հետևելով «արաբական գարնանը», որի նախապատրաստական աշխատանքներին միապետությունը ներգրավված չէր եղել, Սաուդյան Արաբիան անհանգստացած էր Կատարին և «Մահմեդական եղբայրներին» Վաշինգտոնի կողմից տրված դերակատարմամբ: Լիբիայում և հատկապես Սիրիայում ջիհադականներին հովանավորելու համար Ռիադը չհապաղեց Դոհայի հետ համագործակցության մեջ մտնել:

Աբդալա թագավորը փրկեց եգիպտական տնտեսությունը, երբ գեներալ Աբդել Ֆատտահ ալ-Սիսին դառնալով նախագահ՝ նրան և Էմիրություններին փոխանցեց «Մահմեդական եղբայրների» ոստիկանության ողջ թղթապանակի պատճենը: Եղբայրության դեմ պայքարի շրջանակում գեներալ ալ-Սիսին 2014 թվականի փետրվարին փոխանցել էր Ռիադում և Աբու Դաբիում իշխանափոխության վերաբերյալ «Եղբայրների» կազմած մանրամասն ծրագիրը: Մի քանի օրում դավադիրները ձերբակալվեցին և խոստովանեցին, որից հետո Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները սպառնացին Կատարին՝ «Եղբայրների» կնքահորը, կործանել Կատարը, եթե վերջինս անմիջապես չկազմալուծի եղբայրությունը:

Ռիադն արագ բացահայտեց, որ Իսլամական էմիրությունը, Իրաքից մեկ երրորդ մասով բաժանվելուց հետո, նույնպես պատրաստվել է հարձակվել երկրի վրա: 35 տարիների ընթացքում համբերատար կերպով կառուցված գաղափարական պատնեշը փոշիացվեց Էմիրությունների և Եգիպտոսի կողմից: Օգոստոսի 11-ին Ալ-Ազհար համալսարանի մեծ իմամ Ահմադ ալ-Տայյեբը (Ahmad al-Tayyeb) խստորեն դատապարտեց Իսլամական էմիրությանը և «Ալ-Քաիդային»: Հաջորդ օրը նրան հետևեց Եգիպտոսի մեծ մուֆթի Շավկի Ալամը9:

Օգոստոսի 18-ին և 22-ին Աբու Դաբին Կահիրեի օգնությամբ ռմբակոծեց Տրիպոլիի (Լիբիա) ահաբեկիչներին: Առաջին անգամ սուննի երկու երկրներ երրորդ սուննի երկրում սուննի ահաբեկիչների դեմ հարձակման նպատակով դաշինք կազմեցին: Նրանց թիրախն էր ՆԱՏՕ-ի կողմից Տրիպոլիում ռազմական կառավարիչ նշանակված, նախկինում «Ալ-Քաիդայի» 3-րդ դեմքը հանդիսացող Աբդելհաքիմ Բելհաջը10: Կարծես թե այս գործողությունն իրականացվել է առանց Վաշինգտոնին նախապես իրազեկելու:

Օգոստոսի 19-ին Սաուդյան Արաբիայի մեծ մուֆթի, շեյխ Աբդուլ-Ազիզ Ալ ալ-Շեյխը վերջապես որոշել էր Իսլամական էմիրության և «Ալ-Քաիդայի» ջիհադականներին որակել «իսլամի համար մեկ թշնամիներ»11:

Սաուդյան Արաբիայի կատարած շրջադարձի հետևանքները

Սաուդյան Արաբիայի կատարած շրջադարձն այնքան արագ տեղի ունեցավ, որ տարածաշրջանային դերակատարները հարմարվելու ժամանակ չունեցան: Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնի դաշնակիցները, Սիրիայում գործող ջիհադականներից բացի, դատապարտում են Իսլամական էմիրությանը:

Առավել զարմանալի է այն, որ հուլիսի 28-ին նախագահության հայտարարությամբ և օգոստոսի 15-ի 2170 բանաձևով Անվտանգության խորհուրդը դատապարտեց Իսլամական էմիրությանը, սակայն ակնհայտ է, որ ջիհադական կազմակերպությունը շարունակում է ստանալ պետական աջակցություն. Իսլամական էմիրության կողմից գողացված իրաքյան նավթը տեղափոխվում է Թուրքիայի տարածքով, բեռնաթափվում Ջեյհան նավահանգստում, որտեղից նավերն ուղևորվում են Իսրայել և այնուհետև Եվրոպա: Առայժմ պատվիրատու կազմակերպությունների անունները հայտնի չեն, սակայն Թուրքիայի և Իսրայելի պատասխանատվությունն ակնհայտ է:

Իր հերթին, Կատարը, որը ապաստան է տրամադրում «Մահմեդական եղբայրներին», շարունակում է հերքել Իսլամական էմիրությանը հատկացվող իր աջակցության մասին բոլոր լուրերը:

Ջեդդայում 2014 թվականի օգոստոսի 24-ին Սաուդյան Արաբիայի,
Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և Կատարի
արտաքին գործերի նախարարների համատեղ ժողովն
ընդդեմ Իսլամական էմիրության:
Հորդանանը նույնպես մասնակցել է գագաթաժողովին:

Մամլո ասուլիսի ժամանակ Ռուսաստանի և Սիրիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Վալիդ Մուալեմը կոչ արեցին ստեղծել ահաբեկչության դեմ միջազգային կոալիցիա: Սակայն Միացյալ Նահանգները բրիտանացիների հետ միասին, նախապատրաստվելով ցամաքային օպերացիաներ իրականացնել Սիրիայի տարածքում («Ներխուժման սև ուժ»12), մերժեցին դաշնակցել Սիրիայի արաբական հանրապետության հետ` շարունակելով պահանջել նախագահ Բաշար էլ-Ասադի հրաժարականը:

Վեճը, որը վերջ է դնում 35-ամյա սաուդյան քաղաքականությանը, փոխակերպվում է Ռիադի և Անկարայի միջև հակամարտության: Քրդական աշխատավորական կուսակցությունը, որը Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն, Իսլամական էմիրության դեմ պայքարում այժմ աջակցություն է ստանում Պենտագոնի կողմից: Իրականում, հակառակ ատլանտյան մամուլի կողմից ներկայացվող երկիմաստ տեղեկատվության, դրանք ոչ թե տեղական քրդական կառավարության իրաքցի փեշմերգաներն են, այլ Քրդական աշխատավորական կուսակցության թուրք և սիրիացի մարտիկները, որոնք Միացյալ Նահանգների ավիացիայի օգնությամբ վերջին օրերին հետ են մղում Իսլամական էմիրությանը:

Ժամանակավոր եզրակացություն

Դժվար է հասկանալ՝ արդյո՞ք ներկայիս իրավիճակը բեմադրություն է, թե՞ իրականություն: Միացյալ Նահանգներն իրականում ցանկություն ունի ոչնչացնել Իսլամական էմիրությանը, որի կազմավորմանը նպաստել է, թե՞ ուղղակի ցանկանում է թուլացնել և պահպանել որպես տարածաշրջանային քաղաքական գործիք: Անկարան և Թել Ավիվն աջակցում են Իսլամական էմիրությանը հօգո՞ւտ, թե՞ ընդդեմ Վաշինգտոնի, թե՞ խաղում են Միացյալ Նահանգների ներքին տարաձայնությունների վրա: Սաուդները, հրաժարվելով Իսրայելի պաշտպանությունից, միապետության պահպանման համար կհամագործակցե՞ն արդյոք Իրանի և Սիրիայի հետ:

1 “Congress secretly approves U.S. weapons flow to ’moderate’ Syrian rebels” (http://www.reuters.com/article/2014/01/27/us-usa-syria-rebels-idUSBREA0Q1S320140127), Mark Hosenball, Reuters, 27 January 2014.

2 «L’ÉIIL est commandé par le prince Abdul Rahman» (http://www.reuters.com/article/2014/01/27/us-usa-syria-rebels-idUSBREA0Q1S320140127), Réseau Voltaire, 3 février 2014.

3 «La Syrie devient « question de sécurité intérieure» aux USA et dans l’UE» (http://www.voltairenet.org/article182081.html), Réseau Voltaire, 8 février 2014.

4 «Washington coordonne la guerre secrète contre la Syrie» (http://www.voltairenet.org/article182252.html), Réseau Voltaire, 21 février 2014.

5 «The Burial Brigade of Homs: An Executioner for Syria’s Rebels Tells His Story» (http://www.spiegel.de/international/world/profile-of-rebels-in-homs-and-their-executioners-a-824603.html), Ulrike Putz, Der Spiegel, 29 March 2012.

6 «John McCain, le chef d’orchestre du « printemps arabe», et le Calife» (http://www.voltairenet.org/article185073.html), par Thierry Meyssan, Réseau Voltaire, 18 août 2014.

7 «Résolution 2165 et débats (aide humanitaire en Syrie)» (http://www.voltairenet.org/article184899.html), Réseau Voltaire, 14 juillet 2014.

8 «La Ligue anti-communiste mondiale, une internationale du crime» (http://www.voltairenet.org/article13873.html), par Thierry Meyssan, Réseau Voltaire, 12 mai 2004.

9 «Le grand mufti d’Égypte condamne l’État islamique en Irak» (http://fr.radiovaticana.va/news/2014/08/13/le_grand_mufti_degypte_condamne_letat_islamique_en_irak/1104501), Radio Vatican, 13 août.

10 «Comment les hommes d’Al-Qaida sont arrivés au pouvoir en Libye» (http://www.voltairenet.org/article171315.html), par Thierry Meyssan, Réseau Voltaire, 6 septembre 2011.

11«Déclaration du mufti du Royaume sur l’extrémisme» (http://www.spa.gov.sa/french/ContentPage.php?cid=22&id=164301), Agence de presse saoudienne, 19 août 2014.

12 «SAS and US special forces forming hunter killer unit to ’smash Islamic State’» (http://www.mirror.co.uk/news/world-news/sas-special-forces-forming-hunter-4097083#ixzz3BnOyQiwX), Aaron Sharp, The Sunday People (The Mirror), 23 August 2014.

Թիերի Մեյսանի

Թարգմանությունը՝
Արեգ Մանասյանի


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր