• am
  • ru
  • en
Версия для печати
10.11.2014

2023 ԹՎԱԿԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Руский

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

2014թ. սեպտեմբերին գերմանական Die Welt թերթի լրագրող Հանս Ռյուhլեն, որը 1982-1988թթ. աշխատել է Գերմանիայի ՊՆ պլանավորման դեպարտամենտում, գրել էր, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) բազում տարիներ լրտեսել է Թուրքիային, և որ վերջին շրջանում աճել են անուղղակի վկայություններն այն մասին, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է իր երկիրը զինել միջուկային զենքով1:

Հիշեցնենք, որ հայրենական փորձագիտական հանրությունը դեռևս 2012թ. զգուշացրել էր Թուրքիայի միջուկային նկրտումների մասին՝ շեշտելով. «Թուրքիան, իր տարբերություն Իսրայելի և Իրանի, ցեղասպանածին (գենոցիդոգենալ) պետություն է. պետական մակարդակով կազմակերպել է հայերի, հույների, քրդերի և ասորիների զանգվածային ոչնչացումը՝ ելնելով էթնիկ պատկանելության հատկանիշներից» (Գագիկ Հարությունյան)2։

«Նորավանք» ԳԿՀ մեկ այլ փորձագետ այս կապակցությամբ նշել էր. «Ներկայիս իրողություններում ներքին (ազգային), տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով ընթացող մի շարք գործընթացներ բարձրացնում են Թուրքիայի հակվածությունը սեփական ռազմամիջուկային կարողությունների ստեղծման ուղղությամբ: Մի շարք հանգամանքների համատեղման հետևանքով ներկայումս զգալիորեն աճել է Թուրքիայում ռազմական և խաղաղ օգտագործման ատոմային ծրագրերի գործնական իրականացման հավանականությունը: Թուրքիայի ատոմային նկրտումներն ունեն գրեթե կեսդարյա պատմություն, սակայն ներկայիս իրադրությունն անհրաժեշտ է համարել աննախադեպ» (Արա Մարջանյան)3:

Ռյուհլեն գրում է. «Թուրքերի ռազմավարության համար, թերևս, օրինակ է ծառայել Իրանը, որը գաղտնի զբաղվել է միջուկային զենքի մշակմամբ՝ դա անելով ատոմային խաղաղ ծրագրի շղարշի ներքո: Վերջին տարիներին Թուրքիան Իրանի նման ծավալել է մասշտաբային ատոմային խաղաղ ծրագիր, ինչը պաշտոնապես բացատրվում է նրանով, որ թուրքական աճող տնտեսությունը կարիք է զգում ավելի շատ էլեկտրաէներգիայի: 2010թ. Թուրքիան ռուսական «Ռոսատոմի» հետ ստորագրեց Միջերկրական ծովի ափին $15 մլրդ-ով ԱԷԿ կառուցելու պայմանագիր, իսկ երկու տարի անց՝ նման համաձայնագիր, սակայն արդեն $17 մլրդ-ով, ստորագրեց ֆրանս-ճապոնական (Areva-Mitsubishi) կոնսորցիումի հետ:

Սակայն ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում պայմանագրերում գրվածը: Սովորաբար, երբ ընկերությունները կառուցում են ռեակտորներ, տվյալ երկրի կառավարության առջև պարտավորվում են այն շահագործել 60 տարի, ինչպես նաև հատկացնել ուրան ու երկրից դուրս բերել ԱԷԿ օգտագործած վառելիքը: Թե՛ «Ռոսատոմը», թե՛ ֆրանս-ճապոնական կոնսորցիումը թուրքական կողմին առաջարկել են դա, սակայն Թուրքիան երկու դեպքում էլ հրաժարվել է պայմանագրերում ամրագրել ուրանի մատակարարումն ու թափոնների հանձնումը՝ պնդելով, որ կողմերն այդ հարցը կկարգավորեն առանձին ու ավելի ուշ:

Այդ բոլոր մտադրությունների իմաստը բացահայտելը բարդ չէ: Թուրքիան ցանկանում է իր ձեռքում պահել ատոմային ծրագրի այդ տարրերը, քանի որ դրանք վճռորոշ նշանակություն ունեն միջուկային զենք ստանալ ցանկացող երկրի համար: Խնդիր են նաև վառելիքային կաղապարաձողերը: Թուրքիան, ամենայն հավանականությամբ, չի ցանկանում բաժանվել դրանցից: Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ Թուրքիան պատրաստվում է ստեղծել պլուտոնիումային ռումբ: Այն կարելի է ստանալ հենց ԱԷԿ օգնությամբ. մշակված վառելիքային կաղապարաձողերը պարունակում են մոտ 90% ռադիոակտիվ թափոններ, 9% աղտոտված ուրան և 1% աղտոտված պլուտոնիում:

Միևնույն ժամանակ, կարելի է ընդամենը կես տարում կառուցել այն սարքը, որի օգնությամբ կարելի է կաղապարաձողերից դուրս բերել ռադիոակտիվ նյութը: Սարքն իր չափերով կլինի սովորական գրասենյակային շենքից ոչ մեծ: Պայմանագրերում առկա այդ բոլոր բացերն Անկարայի առջև ճանապարհ են հարթում սեփական ռումբ ստեղծելու համար: BND-ի հաղորդմամբ՝ Էրդողանն ուրանի հարստացման համար սարքավորման ստեղծման մասին հրամանն արձակել է դեռևս 2010թ.: Այլ տվյալներով՝ Թուրքիան արդեն իսկ ունի բավական մեծ քանակությամբ ցենտրիֆուգներ, որոնք ենթադրաբար ստացել է Պակիստանից»4:

Հիշեցնենք, որ Թուրքիան ընդհանուր առմամբ պլանավորել է կառուցել 3 ԱԷԿ: Առաջին 2 ԱԷԿ-ները կառուցվելու են միջերկրածովյան Աքքույու վայրում և սևծովյան Սինոպ քաղաքում: 3-րդ ԱԷԿ կառուցման վայրը վերջնականապես ընտրված չէ (որոշ տվյալներով` այն կառուցվելու է Բուլղարիայի սահմանի մոտ՝ Իղնեադա վայրում): Աքքույուի ԱԷԿ հզորությունը կազմելու է 4800 մեգավատ (1200 մեգավատ հզորությամբ 4 էներգաբլոկ), իսկ Սինոպի ԱԷԿ-ինը՝ 4400 մեգավատ (1100 մեգավատ հզորությամբ 4 էներգաբլոկ): Պլանավորված է այս ԱԷԿ-ները շահագործման հանձնել մինչև 2023թ., երբ Թուրքիայում կնշեն հանրապետության հիմնադրման 100-ամյակը:

3-րդ ԱԷԿ-ի կառուցման վայրը վերջնականապես ընտրված չէ. որոշակի տվյալներով` այն կառուցվելու է Բուլղարիայի սահմանի մոտ՝ Իղնեադա վայրում: 2014թ. հոկտեմբերի 21-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան 3-րդ ԱԷԿ-ը կառուցելու է իր ուժերով. «Ես կարգադրել եմ, որ 3-րդ ԱԷԿ-ի կառուցումը մեկնարկի 2018-2019թթ., երբ Թուրքիայում աճեցված կլինեն բավականաչափ որակյալ մասնագետներ, որպեսզի այն կառուցեն որպես ազգային նախագիծ: Այսինքն, 3-րդ ԱԷԿ-ը 100 տոկոսով կլինի տեղական (սեփական) արտադրության»5: Ստացվում է, որ 3-րդ ԱԷԿ-ի կառուցման հարցում Թուրքիան չի բախվի Ռյուհլեի մատնանշած վերոնշյալ խնդիրներին՝ կապված օտար ընկերությունների հետ համապատասխան պայմանագրերում իր համար անցանկալի կետերը նշելու հետ:

Թուրքիան ԱԷԿ-ների կառուցմամբ կլուծի միանգամից մի քանի խնդիր. հավելյալ էլեկտրաէներգիայի ստացում, խոշոր գումարների տնտեսում (էներգակիրների (գազի) ներկրման ծավալի կրճատումից), գազի ներկրման հարցում Ռուսաստանից ու Իրանից առկա մեծ կախվածության նվազեցում, միջուկային զենք ստեղծելու հնարավորության ստացում:

Անգամ 2011թ. գարնանը Ճապոնիայում գրանցված «Ֆուկուշիմա 1» ԱԷԿ աղետն անկարող եղավ կանգնեցնել Թուրքիայի իշխանությունների միջուկային պլանները: Այն ժամանակ Թուրքիայում սկսեցին դժգոհել երկրում ԱԷԿ-ներ կառուցելու պլանի դեմ, սակայն Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիային անհրաժեշտ են ԱԷԿ-ներ. «Կամուրջներն էլ են քանդվում, ի՞նչ է, մենք պիտի հրաժարվենք նաև կամուրջներ կառուցելո՞ւց»6: 2013թ. աշնանը Սինոպի ԱԷԿ կառուցման մասին պայմանագրի ստորագրման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ ԱԷԿ-ներում և ընդհանրապես այլ ոլորտներում երբեք էլ հնարավոր չի եղել վթարները բացառել 100%-ով, և որ նման բաների հավանականությունը հավասար է մեկը՝ միլիոնի7:

Ռյուհլեն գրում է, որ միջուկային զենք ստեղծելու Թուրքիայի նպատակի ևս մեկ կարևոր ապացույց է նրա հրթիռային ծրագիրը. «Դեռևս 1980-ական թվականների կեսերից Թուրքիան մշակում է փոքր հեռահարության հրթիռներ, սակայն դա քիչ է թվացել նրան: 2011թ. դեկտեմբերին Էրդողանը թուրքական ռազմարդյունաբերական համալիրին հանձնարարեց ստեղծել մեծ հեռահարության հրթիռներ (Էրդողանի խոսքերով՝ Իրանն արտադրել է 2000-2500 կիլոմետր հեռահարություն ունեցող հրթիռներ, մինչդեռ թուրքական հրթիռների առավելագույն հեռահարությունը կազմում է ընդամենը 150 կիլոմետր): Արդեն 2012թ. Թուրքիան փորձարկեց 1500 կիլոմետր հեռահարությամբ հրթիռ, իսկ մինչև 2015թ. պետք է մշակի 2500 կիլոմետր հեռահարության հրթիռ: Հրթիռների ստեղծման ծրագիրը ևս մեկ ցուցիչ է, որ երկրում գործում է միջուկային զենքի մշակման ծրագիր»8:

Նշենք ևս մեկ կարևոր հանգամանք: 2012թ. ամռանը Թուրքիայում անցկացված Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի (SSİK) նիստում, որը նախագահել է Էրդողանը, որոշվել էր ոչ միայն արտադրել 2500 կիլոմետր հեռահարության հրթիռներ, այլև Թուրքիայում կառուցել արբանյակների արձակման կենտրոն (տիեզերակայան): Դրա հետ կապված՝ թուրք սյունակագիր Էմրե Սոնջանն իր «Թուրքիան արտադրելու է միջմայրցամաքային հրթիռ» հոդվածում գրում է. «Արբանյակների արձակման կենտրոնի հիմնումը Թուրքիային հնարավորություն կտա հրթիռ ուղարկել տիեզերքից դուրս... Ի տարբերություն մյուս հրթիռների, բալիստիկ հրթիռներն իրենց թռիչքի ժամանակ դուրս են գալիս մթնոլորտից, դեպի թիրախ ընթանալիս որոշ ժամանակ թռչում են տիեզերքով, իսկ թիրախին մոտենալիս վերստին մտնում են մթնոլորտ: Համարվում է, որ Թուրքիան արբանյակների արձակման կենտրոնի նախագիծն օգտագործելու է սեփական արտադրության արբանյակներն արձակելու համար, սակայն հիմնական նպատակն այլ է. տիեզերք արբանյակ արձակելը նշանակում է ավարտին հասցնել բալիստիկ հրթիռի տեխնոլոգիայի մեծ մասի յուրացումը, որովհետև բալիստիկ հրթիռը նախ բարձրանում է տիեզերք, ապա իջնում է մթնոլորտ»9:

Ի դեպ, Թուրքիան պլանավորել է մինչև 2023թ. միաժամանակ կյանքի կոչել օդատիեզերական ոլորտի 3 ռազմական ուղղությունները, որոնք նրան կվերածեն «տիեզերական ուժի»: Խոսքը զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) գնմամբ ՀՕՊ/ՀՀՊ ազգային համակարգի ստեղծման, հեռահար հրթիռների մշակման և արբանյակների արձակման համար մեկնարկային հարթակ կառուցելու մասին է (թուրքական արտադրության առաջին TF-X հեռանկարային կործանիչը նույնպես պլանավորված է ստեղծել մինչև 2023թ.): Այս 3 ուղղություններն էլ մտահոգում են ՆԱՏՕ գծով Թուրքիայի դաշնակիցներին: Նրանք մտավախություն ունեն, որ հետագայում Թուրքիան արբանյակների արձակման կենտրոնը կարող է ծառայեցնել որպես մեկնարկային հարթակ իր 2500 կիլոմետրանոց հրթիռների համար10:

ՆԱՏՕ և մասնավորապես ԱՄՆ մտահոգությունը երևաց նաև 2013թ. սեպտեմբերի 26-ի SSİK նիստից հետո, որի արդյունքներով որոշվել էր, որ հեռահար ԶՀՀ-ների շուրջ անցկացված մրցույթում հաղթել է չինական CPMIEC ընկերությունը՝ առաջարկելով HQ-9 (FD-2000) ԶՀՀ-ն: ՆԱՏՕ և ԱՄՆ դժգոհություններից հետո Թուրքիան հայտարարեց, թե ԶՀՀ-ների մրցույթի արդյունքները վերջնական չեն և քանիցս երկարաձգեց դրա վերջնաժամկետը (վերջին անգամ այն երկարաձգվել է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը):

Հարկ է մեջբերել ևս մեկ հանգամանք, որը կարող է մղել Թուրքիային՝ ստեղծել սեփական միջուկային զենք: Խոսքն Իսրայելի կողմից սեփական ստորջրյա նավատորմը հզորացնելու մասին է, որը մտահոգում է թուրքական կողմին: 2012թ. ամռանը գերմանական Der Spiegel թերթը գրել էր, որ Գերմանիայի կողմից Իսրայելին վաճառվող «Դելֆին» դասի սուզանավերն ունակ են կրել միջուկային զենք (միջուկային մարտագլխիկներով հրթիռներ), ինչն Իսրայելին հնարավորություն կտա կիրառել միջուկային զենք, եթե ոչնչացվի երկրի ավիացիոն ու հրթիռային բազան. «երկրորդ հարվածի» այդ զենքը հակառակորդին զրկում է հանկարծակի կործանարար ռմբակոծությունների շնորհիվ Իսրայելի դեմ պատերազմը շահելու հնարավորությունից:

Դրա հետ կապված՝ Հանս Ռյուհլեն այն ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիայի ղեկավարությունը գիտակցում է, որ խոսքն այնպիսի սպառազինության համակարգի մասին է, որն ունակ է կրել միջուկային զենք, և որ նա տվյալ հարցում առաջնորդվում է Իսրայելի անվտանգությունը երաշխավորելու ձգտմամբ, ինչի համար էլ անհրաժեշտ է գաղտնի պահել սուզանավերի իրական նշանակությունը (ընդհանուր առմամբ, Իսրայելը Գերմանիային պատվիրել է 6 հատ «Դելֆին», որոնցից առաջին 3-ը ստացել է 1999-2000թթ.)11:

Եվա ահա 2009թ. հուլիսի 2-ին Թուրքիայի ՊՆ-ն պայմանագիր ստորագրեց «Դելֆին»-ներ արտադրող գերմանական HDW նավաշինական ձեռնարկության (և ոչ թե ֆրանսիական DCNS-ի և իսպանական Navantia-ի) հետ: 2011թ. հունիսի 22-ին ուժի մեջ մտած պայմանագրով Թուրքիան մինչև 2023թ. ստանալու է 6 նոր սուզանավ: Խոսքն օդից անկախ շարժիչներով (Air Independent Propulsion, AIP) U-214 սուզանավերի մասին է, որոնք ունակ են սուզվել մինչև 400 մետր խորությամբ և ջրի տակ ինքնուրույն գործել մինչև 50 օր (ընթացքի պաշարը կազմում է 19.000 կիլոմետր): Սուզանավերի այս գործարքը գնահատվեց 2.5 մլրդ եվրո ($3.4 մլրդ), ինչը ֆինանսական առումով դարձավ Թուրքիայի ռազմածովային ուժերի համար խոշորագույն գործարք և Թուրքիայի պաշտպանունակության ընդլայնման ոլորտի 2-րդ խոշոր նախագիծը՝ զիջելով միայն ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ գործարքին՝ կապված $13-16 մլրդ-ով հինգերորդ սերնդի F-35 տիպի բազմանշանակ 100 կործանիչ գնելու հետ, որոնք, ի դեպ, ունակ են կրել միջուկային մարտագլխիկներ (ուշագրավ է, որ վերջին շրջանում Թուրքիան համառորեն փորձում է ԱՄՆ-ից ստանալ F-35-ների ծրագրային ապահովման սկզբնական ծածկագրերը, որոնք անհրաժեշտ են դրանց տեխնիկական սպասարկման, ինչպես նաև դրանցում սեփական (թուրքական) արտադրության սպառազինություն տեղակայելու համար):

Պայմանագրի համաձայն՝ տվյալ սուզանավերը համատեղ արտադրվելու են Թուրքիայում: Գերմանիայում կկառուցվեն և Թուրքիա կբերվեն դրանց կորպուսներն ու մեխանիկական հիմնական հանգույցները, վառելիքի համակարգն ու շարժիչային սարքավորումը, իսկ սուզանավի էլեկտրոնային բոլոր սարքավորումներն ու սպառազինության համակարգը կարտադրվեն և կտեղակայվեն հենց Թուրքիայում12: Դրա համար էլ չպետք է բացառել, որ այդ սուզանավերը կարող են սպառազինվել թուրքական նորագույն հեռահար հրթիռներով (հետագա հնարավոր միջուկային մարտագլխիկներով կամ միջուկային տորպեդներով):

2014թ. հոկտեմբերին թուրք սյունակագիր Հյուսեին Օզայը գրեց, սակայն, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև «սուզանավային» ճգնաժամ է սկսվել. «2009թ. պայմանագրով նախատեսվում է Թուրքիայի պատվիրած 6 սուզանավերից առաջինի կառուցումը սկսել 2011թ. և այն Թուրքիային հանձնել 2015թ.: Բայց, պարզվել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով առաջին սուզանավի կառուցումն անգամ չի էլ սկսվել: Դրա հետ կապված՝ օրակարգում հայտնվում է գերմանական կողմի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, սակայն Թուրքիան ձայն չի կարողանում հանել Գերմանիայի ձեռքում առկա ձայնագրությունների (գաղտնալսումների) պատճառով»13: Սա նշանակում է, որ կարելի է սպասել Թուրքիայի վերաբերյալ Գերմանիայի կողմից նոր բացահայտումների:

Ռյուհլեն գրում է, որ Թուրքիայի կողմից միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ քայլերի համատեքստում են տեղավորվում թուրք քաղաքական գործիչների հայտարարությունները. «2011թ. օգոստոսին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը հայտարարել է, թե Թուրքիան չի կարող թույլ տալ, որ Իրանն ունենա միջուկային զենք: Իսկ 2013թ. սկզբին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Foreign Affairs պարբերականին տված հարցազրույցիում հայտարարել էր, թե Թուրքիան թույլ չի տա, որ հարևան երկիրն ունենա այնպիսի զենք, որից չունի Թուրքիան»14:

Այստեղ կարելի է հիշատակել նաև 2010թ. մայիսին Ռիո դե Ժանեյրոյում Էրդողանի արած հետևյալ հայտարարությունը. «Իրանի միջուկային ծրագրի դեմ հանդես եկող երկրներն իրենք ունեն միջուկային զենք: Այս թեմայով խոսողները նախևառաջ թող վերացնեն իրենց միջուկային զենքերը և մարդկությանը հղեն խաղաղության ուղերձ»15: Սա առաջին հերթին ԱՄՆ-ին հասցեագրված կոչ էր:

Հարկ է նշել, որ Թուրքիայի միջուկային պլանները մտահոգում են ԱՄՆ-ին, ինչի մասին վկայել են Wikileaks-յան հրապարակումները: 2009թ. ապրիլի 28-ով թվագրված և Անկարայում ԱՄՆ դեսպանատանը, Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսությանը, ԱԷՄԳ-ում ԱՄՆ ներկայացուցչին հասցեագրված «գաղտնի» փաստաթղթում, որի վրա առկա է տվյալ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ստորագրությունը, նշված էր. «Ամերիկացի վերլուծաբաններն ուշադիր հետևում են միջուկային ոլորտում Թուրքիայի բոլոր քայլերին: Նրանց կարծիքով՝ Թուրքիան դեռ չունի միջուկային զենք ստեղծելու ծրագիր, սակայն կա մտահոգություն, որ Թուրքիան այդ հարցում շրջադարձ կկատարի, եթե տարածաշրջանի մյուս երկրներն ունենան միջուկային զենք»: Փաստաթղթում պահանջվում է հնարավորության դեպքում գտնել Թուրքիայի միջուկային պլանների և միջուկային հնարավորությունների վերաբերյալ մի քանի տասնյակի հասնող հարցերի պատասխանները և ուղարկել Վաշինգտոն:

ԱՄՆ-ին հետաքրքրել է, թե ինչ գործոններ են ազդել խաղաղ նպատակներով միջուկային էներգիան զարգացնելու թուրք առաջնորդների մտադրության վրա, տվյալ հարցում ինչ դեր ունեն Իրանի կողմից միջուկային զենք ունենալու փորձերը, ինչպես են թուրք առաջնորդները գնահատում Իրանից բխող սպառնալիքը, ինչպիսին են Թուրքիայի պլանավորած բոլոր ռեակտորների տեխնիկական առանձնահատկությունները, գտնվելու վայրերը, վառելիքի տիպը, ուրանի կամ թորիումի արդյունահանման զարգացման հնարավորությունները, հարստացման հնարավորությունները, թափոնների կառավարումը կամ վերամշակումը, արտաքին հնարավոր օժանդակությունը, ԱԷՄԳ-ի հետ Թուրքիայի տեխնիկական համագործակցության առկայությունը, միջուկային ծրագրերի բյուջեն կառավարության կամ զինվորականության վերահսկողության տակ գտնվելը և այլն:

ԱՄՆ-ին հետաքրքրել են Թուրքիայի միջուկային ենթակառուցվածքների, տեխնոլոգիաների և հետազոտությունների ընթացիկ կարգավիճակը, ականավոր գիտնականների ինքնությունը, միջուկային ոլորտում իրականացվող հետազոտությունների բովանդակությունը, արտասահմանում գումարվող միջուկային կոնֆերանսներին կամ կատարվող աշխատանքներին թուրքական կողմի մասնակցությունը, տվյալ ոլորտում Թուրքիայի աշխատուժի ռեզերվը և քաղաքացիներին կրթության համար օտար համալսարաններ ուղարկելը, միջուկային ոլորտի օտար գիտնականների ու տեխնիկների ներգրավմամբ Թուրքիայում միջուկային ոլորտի գիտնականներ, ինժեներներ ու տեխնիկական անձնակազմ աճեցնելուն ուղղված քայլերը, Թուրքիայի պետական, համալսարանական լաբորատորիաներում միջուկային թեմաներով կատարվող աշխատանքների բնույթը, միջուկային ոլորտի վերաբերյալ նյութեր, գործիքներ, տեխնոլոգիա և փորձ կուտակելը, օտար երկրների ու կառույցների հետ միջուկային փորձի փոխանակումը16:

Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայում կան միջուկային ռումբեր, սակայն դրանք ոչ թե թուրքական են, այլ ամերիկյան: 2011թ. վերջին թուրքական մամուլը գրեց, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ինջիրլիքի ավիաբազայում պահվում են 60-70 B61-12 տիպի միջուկային ռումբեր, որոնք 2017թ. փոխարինվելու են B61-3/4 նոր մոդելի միջուկային ռումբերով17: Ուշագրավ է, որ թուրք նախկին դիվանագետ Թաներ Բայքոթը, որը որոշ ժամանակ Թուրքիայի ՊՆ-ում աշխատել է որպես խորհրդական, 2010թ. հայտարարել էր, թե ԱՄՆ-ը մոտ 100 տակտիկական միջուկային ռումբ է տեղակայել Թուրքիայում, սակայն ոչ թե Ինջիրլիքի ավիաբազայում, այլ Ստամբուլում. «Քանի որ «Սառը պատերազմի» ժամանակ թիրախ են հանդիսացել Վարշավյան բլոկի երկրներն ու մասնավորապես ԽՍՀՄ-ը, ամերիկյան միջուկային տակտիկական ռումբերի հիմնական մասը պահվել է Ստամբուլում, մնացյալ մասը՝ սևծովյան ափամերձ քաղաքներում, իսկ Ինջիրլիքում ընդհանրապես չեն պահվել միջուկային ռումբեր»18:

Թուրքիայի ռազմական միջուկային պլաններն անհանգստացնում են նաև Ռուսաստանին: 2014թ. ապրիլին Ռուսաստանի ԱԳՆ-ն զգուշացրեց Ուկրաինայի նոր իշխանություններին՝ կապված մամուլում շրջանառվող այն լուրերի հետ, թե նրանք «Սատանա» տիպի հրթիռի գծագրերը (տեխնիկական փաստաթղթերը) վաճառելու շուրջ բանակցություններ են սկսել Թուրքիայի և այլ երկրների հետ: Մասնավորապես, հաղորդվել էր, որ դնեպրոպետրովսկյան «Յուժմաշ» ձեռնարկության ներկայացուցիչները 2014թ. ապրիլի 5-ին Թուրքիայում գաղտնի բանակցություններ են վարել Р-36М2 Воевода (ՆԱՏՕ դասակարգմամբ՝ «Սատանա») միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արտադրման տեխնոլոգիայի վաճառքի շուրջ19:

Այսպիսով, Թուրքիան, որը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը ստորագրել է 1969թ. (վավերացրել՝ 1979թ.), ներկայումս չունի միջուկային զենք արտադրելու հնարավորություն և ձգտում է ընդլայնել իր միջուկային հնարավորությունները՝ անհրաժեշտ պահի միջուկային զենք արտադրել կարողանալու և Իրանից հետ չմնալու համար, որի հետ կատաղի մրցակցության մեջ է տարածաշրջանում և իսլամական աշխարհում: Անուղղակի ապացույցները վկայում են, որ Էրդողանի հռչակած «Նոր Թուրքիան» ձգտում է իր համար բաղձալի 2023-ը դիմավորել միջուկային երկրի կարգավիճակով (2019թ. վերընտրվելու դեպքում Էրդողանը նախագահի պաշտոնում կմնա մինչև 2024թ.):

Կարելի է ենթադրել, որ սեփական միջուկային զենք ունենալը Թուրքիայի համար ավելի անհրաժեշտ է ոչ ռազմական տեսանկյունից. Թուրքիան ունի մեծաթիվ (2-րդը ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ից հետո), լավ սպառազինված բանակ, ՆԱՏՕ անդամ է, նրա տարածքում են տեղակայված ՆԱՏՕ հակահրթիռային վահանը (Քյուրեջիքի (Մալաթիա) ռադիոտեղորոշիչ կայանը) և ամերիկյան միջուկային ռումբերը (Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի խոսքերով՝ ներկայիս Թուրքիան ամենաուժեղն է՝ վերջին 300 տարվա կտրվածքով):

Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Orsam) փորձագետ Սըթքը Էգելիի «Թուրքիայի բալիստիկ հրթիռային ծրագիրը» հոդվածում (2013թ.) նշված է, որ դատելով աշխարհագրական հեռավորությունից և առկա հրթիռներից՝ աշխարհի միայն 14 երկիր է կարող հրթիռային հարված հասցնել Թուրքիային (հավելված 1)20.


Սեփական միջուկային զենք ստեղծելը Թուրքիային հնարավորություն կտա ձերբազատվել իր տարածքում պահվող ամերիկյան միջուկային ռումբերից, որոնցից երկիրը չի կարող օգտվել սեփական հայեցողությամբ, և ավելի մեծ ինքնուրույնություն դրսևորել արտաքին քաղաքական դաշտում: Սեփական միջուկային զենքի ստեղծումը կարող է անգամ նախորդել կամ հաջորդել ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալուն:

Անկասկած է, որ ՆԱՏՕ-ն ու հատկապես ԱՄՆ-ը կոշտ հակազդեցություն են ցուցաբերելու Թուրքիայի կողմից միջուկային զենք արտադրելու փորձերին. ՆԱՏՕ շրջանակներում անդամ երկրների համար գոյություն ունի միջուկային կոշտ ռազմավարություն: Բացի այդ, վերջին շրջանում Թուրքիայում շատացել են հարցերն այն մասին, թե ինչ է նրան տալիս ՆԱՏՕ-ին անդամակցությունը, և որպես պատասխան՝ նշվում է, որ դա հիմնական խոչընդոտն է, որը խանգարում է անկախ և ուժեղ խաղացող ներկայանալու Թուրքիայի ձգտմանը:

Թուրք փորձագետ Ջելալեթթին Յավուզի կարծիքով՝ ոչ միջուկային երկրները միջուկային երկրների շարքում ցանկանում են ընդգրկվել թշնամուն վախ ներշնչելու և այլ երկրների կողմից հարգանք վայելելու համար: Սեփական միջուկային զենք ունենալը համահունչ է նաև Թուրքիայի վարած նեոօսմանիզմի քաղաքականությանը՝ ի ցույց դնելով նրա գերազանցությունը նախկին օսմանյան տարածքում առաջացած երկրների նկատմամբ:

2009թ. Թուրքիայի արտգործնախարար (ներկայիս վարչապետ) Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր. «Քարտեզի վրա Թուրքիայի շուրջ 1000 կիլոմետր տրամագծով շրջանագիծ գծելու դեպքում դրա ներսում կհայտնվի 20 երկիր, իսկ 3000 կիլոմետր տրամագծով շրջանագիծ գծելու դեպքում՝ 70 երկիր: Թուրքիան հետաքրքրվելու է իր շրջապատով» (հավելված 2):

Այժմ Թուրքիան որոշել է ստեղծել 2500 կիլոմետր հեռահարության հրթիռներ, որոնց հասանելիության գոտում կլինեն նախկին Օսմանյան կայսրության, թերևս, բոլոր տարածքները: Այդ մասին է վկայում Սըթքը Էգելիի նույն հոդվածը, որում նա ներկայացրել է նաև Թուրքիայից մի շարք մայրաքաղաքների ու կարևոր քաղաքների հեռավորությունը՝ կապված Թուրքիայի հրթիռային ծրագրերի զարգացման հետ:


1 Alman gazetesinden ‘Türkiye atom bombası yapıyor’ iddiası, Hürriyet, 23.09.2014.

2 Գագիկ Հարությունյան, «Թուրքական միջուկային սպառնալիքը», «Նորավանք» ԳԿՀ, «Գլոբուս», թիվ 4 (25), 2012թ.։

3 Արա Մարջանյան, «Միջուկային Թուրքիա», «Նորավանք» ԳԿՀ, «Գլոբուս», թիվ 4, 2012թ., տե՛ս նաև՝ Արտաշես Տեր-Հարությունյան, «Թուրքիայի միջուկային նկրտումների վերաբերյալ», «Նորավանք» ԳԿՀ, 02.04.2012:

4 Alman gazetesinden ‘Türkiye atom bombası yapıyor’ iddiası, Hürriyet, 23.09.2014.

5 3. nükleer santral yüzde yüz yerli olacak, Yeni Şafak, 22.10.2014.

6 Ha 'nükleer santral' ha 'köprü'..., CNN TÜRK, 15.03.2011.

7 Erdoğan'dan nükleer santral açıklaması, Akşam, 29.10.2013.

8 Alman gazetesinden ‘Türkiye atom bombası yapıyor’ iddiası, Hürriyet, 23.09.2014.

9 Emre Soncan, Türkiye, kıtalar arası füze üretecek, Zaman, 24.07.2012.

10 Burak Bekdil, Turkey striving to synchronize aerospace ambitions by 2023, Hürriyet Daily News, 24.09.2013.

11 Der Spiegel: İsrail, Almanya'dan aldığı denizaltıları nükleer füzelerle donattı, Zaman, 04.06.2012.

12 John C. K. Daly, Hot Issue: The Rise of Turkey: The Mediterranean’s New Regional Naval Power, The Jamestown Foundation, 22.11.2013.

13 Hüseyin Özay, Almanya ile denizaltı krizi çıktı, Taraf, 13.10.2014.

14 Alman gazetesinden ‘Türkiye atom bombası yapıyor’ iddiası, Hürriyet, 23.09.2014.

15 Nükleere karşı çıkanlar ülkelerindeki silahları kaldırsınlar, Zaman, 28.05.2010.

16 Ya Türkler Atom Bombası Yaparsa, Taraf, 12.04.2011.

17 "Türkiye'de 60'tan fazla nükleer bomba var", Hürriyet, 01.12.2011.

18 'İstanbul'da 12 milyon kişi nükleer bombanın üzerinde oturuyor', Hürriyet, 05.04.2010.

19 Kiev Türkiye’ye Şeytan sattı mı, Hürriyet, 09.04.2014.

20 Sıtkı Egeli, Türkiye'nin Balistik Füze Programı, Orsam, Ekim 2013.


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 10, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր