• am
  • ru
  • en
Версия для печати
10.07.2014

ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ

   

Հայկ Գաբրիելյան
Թուրքագետ

2014թ. մայիսի 31-ին լրացավ «Ազատության տորմիղի» դրոշակակիր «Մավի Մարմարա» նավի միջադեպի 4-րդ տարելիցը: 2010թ. այդ օրն իսրայելցի հատուկջոկատայինները Գազայի հատված մեկնող թուրքական այդ նավում սպանեցին 9 թուրքի, ինչը հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը, ինչը շարունակվում է ցայսօր: Միջադեպից հետո Թուրքիան 3 նախապայման ներկայացրեց Իսրայելին` ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ ընդգծելով, որ առանց այդ 3 կետի իրագործման տեղի չի ունենա թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորում և Թուրքիայի դեսպանը չի վերադառնա Իսրայել:

Իսրայելն իր հերթին պնդում է, որ Թուրքիան վերջ դնի իսրայելցի բարձրաստիճան զինվորականների դատական գործընթացներին և հրաժարվի միջազգային ասպարեզում իր հակաիսրայելական քայլերից, ինչը, մասնավորապես, վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ հրեական պետության համագործակցությունը տորպեդահարելուն (2014թ. հունվարին ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հերքեց Էրդողանի այն մտահոգությունները, թե Իսրայելը կարող է Թուրքիայում (Մալաթիա) տեղակայված ՆԱՏՕ ռադարն օգտագործել Իրանին հրթիռային հարված հասցնելու համար)1:

Իսրայելը, որը երկար ժամանակ հրաժարվում էր կատարել թուրքական նախապայմանները, արդեն կատարել է դրանցից մեկը. 2013թ. մարտի 22-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն (ԱՄՆ ճնշմամբ) զանգահարեց Էրդողանին և ներողություն խնդրեց «Մավի Մարմարայի» միջադեպի համար: Նեթանյահուն իր այդ քայլը պատճառաբանեց տարածաշրջանում և մասնավորապես Սիրիայում ստեղծված նոր իրավիճակով՝ կարևորելով Սիրիայի հարևաններ Իսրայելի և Թուրքիայի միջև համագործակցությունը2: Պետք է նշել, որ չնայած Իսրայելի այդ քայլին` թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացում չգրանցվեց որևէ էական առաջընթաց, քանի որ բաց էին մնացել մնացյալ հարցերը, որոնք առնչվում էին երկու կողմին էլ:

2014թ. փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Իսրայելը «Մավի Մարմարայի» միջադեպի համար Թուրքիային առաջարկել է $20 մլն-ի փոխհատուցում, սակայն Թուրքիան պահանջում է $30 մլն3: Օրեր անց Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, թե Թուրքիան և Իսրայելը տևական բանակցություններից հետո կարողացել են էական առաջընթաց գրանցել փոխհատուցման չափի հստակեցման հարցում և գրեթե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանը4:

Սակայն Էրդողանն շտապեց Իսրայելին հիշեցնել թուրքական երրորդ նախապայմանի մասին. «Մենք պնդում ենք, որ ստորագրվի արձանագրություն, որով Իսրայելը կպարտավորվի վերջ դնել Գազայի հատվածի շրջափակմանը: Միայն դրանից հետո կարելի կլինի խոսել հարաբերությունների վերականգնման մասին»5:

Ապրիլի սկզբին և մայիսի սկզբին Դավութօղլուն վերստին հայտարարեց, թե Իսրայելի հետ խնդիրները մեծապես կարգավորվել են, և թեև Իսրայելի հետ բանակցությունները դեռ չեն հանգեցրել վերջնական արդյունքների, այնուամենայնիվ, բազմաթիվ խնդիրներ արդեն հաղթահարված են, իսկ մնացյալ հարցերը կկարգավորվեն շուտով6:

Ապրիլի վերջին Bloomberg TV-ին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարեց, թե բանակցությունների ժամանակ իրենք համաձայնեցրել են փոխհատուցման չափը, սակայն դեռ բաց է մնում պաղեստինցիներին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը: Էրդողանն ընդգծեց, որ դա համաձայնեցնելուց հետո իրենք կարող են անցում կատարել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը և հույս հայտնեց, որ ոչինչ չի կարող խանգարել իրենց՝ առաջիկա օրերին կամ շաբաթներին համաձայնագիր ստորագրելու համար:

Իսրայելական կողմն իր հերթին հաստատեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մոտ է: Նշվում էր, որ Թուրքիան պարտավորվել է օրենք ընդունել, որը կերաշխավորի, որ ՑԱԽԱԼ-ի սպաներն իր տարածքում չեն ենթարկվի դատական հետապնդումների, իսկ արդեն բացված գործերը կփակվեն: Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո Թուրքիան և Իսրայելը հայտարարելու էին հարաբերությունների կարգավորման և ողջ ծավալով դիվանագիտական շփումների վերսկսման մասին7:

Եվ ահա այս ամենի ֆոնին, երբ թվում էր, թե ամեն ինչ տանում է դեպի թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորում, 2014թ. մայիսի 26-ին Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 7-րդ դատարանը «Մավի Մարմարայի» միջադեպի կապակցությամբ որոշեց հեռակա կարգով կալանքի տակ առնել Իսրայելի Գլխավոր շտաբի՝ տվյալ ժամանակվա պետ՝ ռավ ալուֆ Գաբի Աշքենազիին, Իսրայելի ռազմածովային ուժերի հրամանատար Էլիեզեր Ալֆրեդ Մարոմին, Իսրայելի ռազմական հետախուզության վարչության ղեկավար Ամոս Յադլինին և Իսրայելի ռազմաօդային ուժերի հետախուզության հրամանատար Ավիշայ Լևիին:

Թուրքական դատարանը նախապես հրավերներ էր առաքել բոլոր կասկածյալներին, սակայն նրանք ո՛չ ներկայացել էին դատարան, ո՛չ էլ որևէ պատասխան էին տվել: Դատարանը նրանց գործողությունները որակեց որպես «հետաքննությունից խույս տալու փորձ» և որոշեց նրանց կալանավորման համար փաստաթղթեր պատրաստել՝ կասկածյալներին Ինտերպոլի «Կարմիր շրջաբերականում» ընդգրկելու համար (2012թ. մայիսին թուրքական դատախազությունը պահանջել էր իսրայելցի զինվորականներից յուրաքանչյուրին դատապարտել 8578-18.032 տարվա ազատազրկման)8:

Թուրքական կողմի այս քայլը որակվեց որպես Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «հետքայլ և Իսրայելի համար տհաճ անակնկալ»: Այստեղ անհրաժեշտ է մեջբերել մի քանի իրադարձություններ, որոնք կարող են քիչ թե շատ հասկանալի դարձնել թուրքական կողմի քայլը և ավելի լայն առումով՝ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա բարդությունները.

1. Նախ պետք է նշել, որ թուրքական դատարանի որոշումից 3 օր առաջ՝ մայիսի 23-ին, հիվանդանոցում մահացավ «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ ծանր վիրավորված Ուղուր Սուլեյման Սոյլեմեզը՝ դառնալով միջադեպի 10-րդ զոհը9: Դա հասարակական մեծ արձագանք առաջացրեց Թուրքիայում, և այդ համատեքստում թուրքական դատարանի որոշումը կարելի է համարել որպես ավելի շատ ներքին լսարանին (կրքերը հանդարտեցնելուն, պարտվողականության զգացումը ցրելուն), քան Իսրայելին հասցեագրված ազդանշան: Այդ մասին է վկայում նաև այն, որ երբ Էրդողանն այցելեց Սոյլեմեզի տուն և ցավակցեց նրա ընտանիքին, նա հանդես չեկավ հակաիսրայելական հնչեղ հայտարարություններով, ինչը նրանից ակնկալում էին շատերը10: Ավելին, մայիսի 20-ին ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում՝ Էրդողանը շնորհակալություն հայտնեց Իսրայելին՝ Սոմայի ածխահանքի աղետի (մայիսի 13) կապակցությամբ Թուրքիային ցավակցելու համար, ինչպես նաև ողջունեց Անկախության օրվա (մայիսի 14) կապակցությամբ Իսրայելի դեսպանատանը կազմակերպվելիք հանդիսավոր ընդունելության չեղյալ հայտարարումն աղետի ֆոնին (301 զոհ)11: Այս ամենը ցույց է տալիս, որ Էրդողանը ներկայումս առնվազն շահագրգռված չէ Իսրայելի հետ հարաբերությունների էլ ավելի վատթարացմամբ:

2. Ուշագրավ է, որ 2014թ. մայիսի 13-ին Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) հատուկ նիստում քննարկվել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորութան հարցը: Այն խորհրդարանի օրակարգ էր մտցրել «Մերեց» կուսակցության առաջնորդ Գալիոն Զահավան՝ երկրի կառավարությանը կոչ անելով մինչև 2015թ. ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնն իր հերթին հայտարարեց. «Մենք չենք կարող հերքել պատմությունը և շրջանցել մարդկային արժեքները՝ ելնելով դիվանագիտական կամ քաղաքական նկատառումներից: Հաջորդ տարի աշխարհը նշելու է զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցը, և եկել է ժամանակը, որպեսզի Իսրայելի կառավարությունը ճանաչի հայ ժողովրդի դեմ սպանդը: Կառավարությունը չպետք է ճանաչումը զոհաբերի հանուն ժամանակավոր շահերի: Ամեն անգամ, երբ փոխվում է դիվանագիտական իրավիճակը, մենք, հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների, չենք ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ապա ի հայտ է գալիս «Մավի Մարմարայի» միջադեպը, և մենք պատրաստվում ենք փոխել մեր դիրքորոշումը: Քնեսեթի անդամներից շատերը Հոլոքոսթը վերապրածների զավակներ են, և որպես Հոլոքոսթը վերապրած ազգ՝ մենք չեն կարող անտեսել Հայոց ցեղասպանությունը: Այդ ճանաչումը Թուրքիայի հետ հարաբերությունները սրելու փորձ չէ, որոնք շատ կարևոր են Իսրայելի համար»12: Բնականաբար, իսրայելական կողմի այս նախաձեռնությունը և դրա հնարավոր զարգացումը չեն կարող չմտահոգել թուրքական կողմին: Չպետք է մոռանալ նաև, որ 2014թ. ապրիլի 23-ին Ամերիկայի հրեական կոմիտեն (AJC) Թուրքիային կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

3. Ինչպես արդեն նշվեց, կողմերը թեև մոտ են կամ արդեն իսկ համաձայնեցրել են փոխհատուցման ծավալի չափը, սակայն դրա հետ մեկտեղ ոչինչ չի հաղորդվում այն մասին, թե Իսրայելն ինչպես է գնահատում փոխհատուցման վճարումը, ինչը շատ ավելի կարևոր է կողմերի համար, քան բուն գումարի չափը: Դեռևս 2013թ. հուլիսին Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել էր. «Իսրայելը չի ցանկանում իրեն մեղավոր ճանաչել կատարած հանցանքում և պահանջում է, որ փոխհատուցման վճարումը գնահատվի որպես գթասրտության կամավոր ակտ և ոչ թե որպես հակաիրավական գործունեության համար վնասի փոխհատուցում: Սակայն Թուրքիան չի պատրաստվում կատարել այդ պահանջը և պահանջում է, որ գումարը վճարվի հենց որպես հակաիրավական գործողության փոխհատուցում: Թուրքիան պահանջում է, որ Իսրայելը «Մավի Մարմարայի» գրավումը ճանաչի որպես հանցանք»13:

Բացի այդ, Իսրայելը դեռ չի կատարել Թուրքիայի երրորդ նախապայմանը՝ կապված Գազայի հատվածի շրջափակմանը վերջ դնելու հետ: 2013թ. (Նեթանյահուի ներողությունից հետո) քանիցս հաղորդվեց, թե Էրդողանը մեկնելու է Գազայի հատված: Էրդողանը հայտարարել էր, որ իր այցը Գազա կնպաստի ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի միջև պայմանավորվածության ձեռքբերմանը՝ կապված միասնական կառավարություն ձևավորելու հետ: Սակայն Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի պաշտոնանկությունը և դրան հաջորդած թուրք-եգիպտական հարաբերությունների կտրուկ վատթարացումը (Թուրքիան դատապարտել էր իսլամիստ Մուրսիի պաշտոնանկությունը, որի հետ սերտ հարաբերությունների մեջ էր) վերջնականապես խաչ քաշեցին Էրդողանի այդ մտադրության վրա (ԱՄՆ-ը դեմ էր այդ այցին՝ գտնելով, որ տվյալ ժամանակ նպատակահարմար չէ նման այց կատարելը, քանի որ դա կարող է խանգարել խաղաղության գործընթացին): Ի դեպ, թուրք-եգիպտական հարաբերություններն այժմ այնպիսի վիճակում են, որ ներկա դրությամբ կարելի է ավելի իրատեսական համարել այն, որ Էրդողանը կարող է Գազայի հատված հասնել ավելի շուտ Իսրայելի թույլտվությամբ, քան Եգիպտոսի սահմանից14:

4. Պետք է հիշատակել իսրայելական գազի համար Թուրքիայի մղած պայքարը: Թուրքիան պայքարում է, որ Միջերկրական ծովում հայտնաբերված իսրայելական «Թամար» և «Լևիաֆան» գազային հանքավայրերի գազը Եվրոպա փոխադրվի հենց իր տարածքով: Բնականաբար, դա կմեծացնի դեպի Եվրոպա էներգակիրների տարանցման հարցում Թուրքիայի էներգետիկ դերը, կնպաստի Թուրքիայի՝ խոշորագույն գազային հանգույցի վերածվելու գործընթացին, Իսրայելին (նաև ԵՄ-ին) տարանցիկ կախվածության մեջ կգցի Թուրքիայից և այլն: Միջազգային ճգնաժամային խմբի՝ Կիպրոսի և Թուրքիայի հարցերով ծրագրերի տնօրեն Հյու Պոպը հայտարարել է, թե Իսրայելը նախապայման է ներկայացրել Թուրքիային, որ եթե չլուծի Կիպրոսի՝ արդեն 40 տարի չկարգավորվող հարցը, ապա կարող է մոռանալ իսրայելական գազի տարանցման մասին: Թուրքիան ցանկանում է, որ կիպրական գազը («Աֆրոդիտե» գազային հանքավայր) նույնպես իր տարածքով փոխադրվի Եվրոպա` հայտարարելով, որ իսրայելական ու կիպրական գազը Եվրոպա փոխադրելու ամենակարճ ուղին անցնում է հենց իր տարածքով: Թուրքիան ծրագրել է Իսրայելից Միջերկրական ծովի հատակով խողովակաշար անցկացնել դեպի Ջեյհան, որով սկզբնական շրջանում տարեկան կարող է մատակարարվել մինչև 8 մլրդ մ3 գազ: Սակայն Իսրայելը դեռ «կանաչ լույս» չի վառել թուրքական այդ նախագծի առջև15: Հարկ է նշել, որ Իսրայելը դիտարկում է նաև իր գազը Եվրոպա արտահանելու այլընտրանքային երթուղիներ. բացի Իսրայել-Թուրքիա կամ «Իսրայել-Կիպրոս-Թուրքիա երթուղիներից, դիտարկվում է նաև Իսրայել-Կիպրոս (հունական հատված) – (հունական) Կրետե կղզի և Հունաստան երթուղին, ինչը «խաղից դուրս» իրավիճակում է թողնում Թուրքիային16:

5. 2014թ. ապրիլի վերջին Իսրայելը հրաժարվեց պաղեստինցիների հետ բանակցությունները շարունակելուց, ինչի պատճառն այն էր, որ դրանից առաջ հայտարարվել էր Պաղեստինում ազգային միասնության կառավարության ստեղծման ճանապարհով ՖԱԹՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի առաջիկա հաշտեցման մասին: Հաշտեցումից հետո Բենիամին Նեթանյահուն համապաղեստինյան կառավարության միջազգային մեկուսացման կոչ արեց՝ խնդրելով չշտապել պաղեստինյան նոր կառավարության ճանաչման հարցում, որի կազմում ներառված է ՀԱՄԱՍ (նրա խոսքերով) ահաբեկչական կազմակերպությունը: Սակայն Թուրքիան արդեն իսկ ողջունել է Պաղեստինում ՖԱԹՀ-ի ու ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հույս հայտնելով, որ նոր կառավարությունը կաջակցի պաղեստինցիների ազգային հաշտեցմանը և վերջ կդնի նրանց պառակտմանը: Բացի այդ, Թուրքիան ընդգծել է, որ շարունակելու է աջակցել Պաղեստինի ժողովրդին՝ կապված ազատ ու անկախ Պաղեստին պետություն ստեղծելու հետ17: Ինչպես երևում է՝ Թուրքիայի և Իսրայելի դիրքորոշումները չեն համընկնում այս հարցում:

6. Թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի խոչընդոտ կարող է հանդիսանալ Իսրայելի ներկայիս արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի գործոնը, որը «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ նույնպես Իսրայելի արտգործնախարարն էր (2013թ. նոյեմբերին Լիբերմանին արդարացրին ծառայողական լիազորությունները չարաշահելու գործով, և նա գրեթե մեկամյա ընդմիջումից հետո վերադարձավ Իսրայելի արտգործնախարարի պաշտոնին): Լիբերմանը դեմ էր «Մավի Մարմարայի» միջադեպի համար ներողություն խնդրելուն և հետագայում նույնպես չի փոխել իր այդ դիրքորոշումը:

Այդ մասին է վկայում այն, որ 2013թ. գարնանը նա «կոպիտ սխալ» որակեց Նեթանյահուի ներողությունը (որը, ի դեպ, տեղի ունեցավ Լիբերմանի ժամանակավոր պաշտոնանկությունից 3 ամիս անց): Լիբերմանն այդ ներողությունը համարեց անտեղի, քանի որ իսրայելցի «կոմանդոսները» «Մավի Մարմարա» նավում դիմել են ինքնապաշտպանության՝ բախվելով Գազայի հատվածի շրջափակումը ճեղքել փորձողների կատաղի դիմադրությանը18. «Նման ներողությունը խաթարում է իսրայելցի զինվորականների գործելու դրդապատճառները, ամրապնդում ծայրահեղականների դիրքերը, վնաս պատճառում ահաբեկչության դեմ անզիջում պայքարին ու ազգային արժանապատվությանը, խաթարում մեր դիրքերը մերձավորարևելյան տարածաշրջանում և միջազգային ասպարեզում»19:

Ի դեպ, միջադեպին հաջորդած թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ սրման ժամանակաշրջանում Լիբերմանն անգամ մշակել էր Թուրքիայի դեմ հակաքայլերի պլան («Լիբերմանի պլան»), որում իրենց ուրույն տեղն էին զբաղեցրել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (PKK) աջակցելը:

Այսպիսով, պետք է փաստել, որ վերջին շրջանում Թուրքիան հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ միաժամանակ վատթարացրել է հարաբերությունները թե՛ Իսրայելի, թե՛ արաբական աշխարհի կարկառուն ներկայացուցիչների՝ Սիրիայի ու Եգիպտոսի (որոշակի առումով՝ նաև Իրաքի) հետ: Դա ընդհանրապես շահավետ չէ Թուրքիայի համար, քանի որ խախտվել է կողմերից մեկին (Իսրայել կամ արաբական աշխարհ) նախապատվություն տալու թուրքական քաղաքականությունը, ինչին ականատես ենք եղել վերջին տարիներին:

Եթե ժամանակին Թուրքիան նպատակահարմար էր համարում լավ հարաբերություններ ունենալ Իսրայելի հետ և դրանով իսկ իր դեմ հանել արաբական աշխարհը, ապա Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո տեղի ունեցավ հակառակը, ինչը տեղավորվում է արաբական աշխարհի հետ մերձենալու ԱԶԿ քաղաքականության համատեքստում (դրան նպաստեց «Մավի Մարմարայի» միջադեպը. կարծիքներ կան, որ «Ազատության տորմիղի» կազմակերպիչը ոչ թե թուրքական IHH իրավապաշտպան կազմակերպությունն է, այլ հենց Էրդողանը):

Սակայն Սիրիայի ներքին բախումները և Մուրսիի պաշտոնանկությունը Եգիպտոսում, դրանց նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումն էականորեն վատթարացրին այդ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունները: Ներկա դրությամբ առավել հավանական և իրատեսական կարելի է համարել թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան Սիրիայի և Եգիպտոսի պարագայում իր հայտարարություններով ու հակաքայլերով20 բավական հեռու է գնացել, ինչպես նաև Եգիպտոսում (մայիսի 26-28) ու Սիրիայում (հունիսի 3) անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները` ալ-Սիսիի և Բաշար Ասադի հաղթանակները, որոնց Թուրքիան բազմիցս քննադատել է:

Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով Թուրքիան զրկվել է Մերձավոր Արևելքում (Իսրայելի և Պաղեստինի, Իսրայելի և Սիրիայի միջև) միջնորդական առաքելությամբ հանդես գալու հնարավորությունից: Դեռևս 2012թ. նոյեմբերի վերջերին ամերիկյան The New York Times թերթը գրեց, որ «Թուրքիան մնաց Եգիպտոսի ստվերում»՝ նկատի ունենալով այն, որ Եգիպտոսը (Մուրսին) միջնորդի դերում հանդես եկավ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի (Գազայի հատվածի) միջև ծագած ճգնաժամի կարգավորման հարցում, մինչդեռ Թուրքիան զրկված էր նման հնարավորությունից21:

Բացի այդ, վերջին շրջանում Իսրայելի և Պաղեստինի միջև միջնորդական առաքելությամբ հանդես է գալիս ԱՄՆ-ը: Կարելի է կարծել, թե Սիրիայի և Եգիպտոսի հետ ներկայիս վատ հարաբերությունները Թուրքիային ստիպում են Իսրայելի հետ ունենալ առնվազն նորմալ հարաբերություններ՝ մերձավորարևելյան մի շարք գործընթացներից դուրս չմնալու համար: Ինչպես արդեն նշվեց, Թուրքիան պայքարում է նաև իսրայելական գազն իր տարածքով Եվրոպա հասցնելու ուղղությամբ:

Թուրքիան ներկայումս, թերևս ավելի, քան երբևէ ունի հրեական լոբբիի կարիքը՝ կապված 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ (թուրք հանգուցյալ վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդի խոսքերով՝ հենց հրեական լոբբիի աջակցությամբ է ԱՄՆ-ում կանխվում հակաթուրքական (ցեղասպանության) բանաձևերի ընդունումը): Հրեական լոբբիի համակրանքը շահելով` Էրդողանը կարող է նրան հեռու պահել ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլա Գյուլենին աջակցելուց: Հատկանշական է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան 2014թ. մայիսի կեսերին հայտարարեց, թե Գյուլենի շարժման գործունեության համար մեկնակետ պետք է վերցնել 2009թ. նոյեմբերի 1-ը, երբ նա սկսեց գաղտնալսել Թուրքիայի կառավարությանը: Ալան Թուրքիայի կառավարության և Գյուլենի շարժման փոխհարաբերություններում շրջադարձային է համարել Դավոսի (29.01.2009) և «Մավի Մարմարայի» միջադեպերը22: Օգոստոսի 10-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Իսրայելի կողմից թուրքական նախապայմանների կատարումը կարող է հավելյալ քվեներ ապահովել Էրդողանի համար:

Եվ վերջապես, Իսրայելի հետ հարաբերությունները Թուրքիային անհրաժեշտ են ռազմատեխնիկական համագործակցության, հետախուզական տվյալների փոխանակման և այլ առումներով: Իսրայելի համար Թուրքիան իր հերթին անհրաժեշտ է իսլամական աշխարհի հետ իր հարաբերությունների, սեփական գազը Եվրոպա արտահանելու, իր և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանը չխոչընդոտելու և այլ տեսանկյուններից: Այս ամենը կողմերին կարող է հարկադրել մոտ ժամանակներս կարգավորել փոխհարաբերությունները: Իսրայելը կարող է, փոխհատուցում վճարելուց բացի, թույլատրել Թուրքիայի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը, իսկ Թուրքիան կպարտավորվի վերջ դնել դատական քաշքշուկներին և Իսրայելի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը խաթարելուն:

Մյուս կողմից էլ պետք է նկատել, որ թուրք-եգիպտական և թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման բանալին Թուրքիայի ձեռքում է, քանի որ հենց նա է կանխամտածված ձևով գնացել այդ երկրների հետ հարաբերությունների սրացմանը, միջամտել է նրանց ներքին գործերին, պահանջներ է ներկայացրել նրանց նկատմամբ: Եվ եթե Թուրքիան արաբական այդ երկրների հետ իր հարաբերությունները կարգավորելու իրական ցանկություն հայտնի (Թուրքիան կարող է հայտարարել, թե հարգում է Եգիպտոսի ժողովրդի ընտրությունը (ալ-Սիսի), իսկ Ասադը Սիրիայում «չարյաց փոքրագույնն» է՝ «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումների համեմատ, որոնցից «Ջաբհաթ ալ-Նուսրային» Թուրքիան արդեն ճանաչել է որպես ահաբեկչական), ապա Սիրիան ու Եգիպտոսը հազիվ թե հրաժարվեն դրանից, քանի որ մեծ հաշվով նրանք ոչինչ չեն շահում Թուրքիայի հետ վատ հարաբերություններից: Դա նաև վերաբերում է Թուրքիային՝ Սիրիայի և Եգիպտոսի հետ վատ հարաբերություններ ունենալու առումով:

1 NATO: Türkiye füze kalkanında 'İsrail kaygısı'nı aştı, Radikal, 15.01.2014.

2 Mavi Marmara katliamı dördüncü yılında, Dünya Bülteni, 31.05.2014.

3 Mavi Marmara için 20 milyon dolar tazminat, Zaman, 04.02.2014.

4 Davutoğlu: İsrail ile yakınlaşıyoruz, Bugün, 10.02.2014.

5 İsrail’den “Gazze ablukasına” cevap, Taraf, 14.02.2014.

6 İsrail'le problemler önemli ölçüde aşıldı, Anadolu Ajansı, 08.05.2014.

7 İsrail'den Erdoğan'ın sözlerine doğrulama, CNN TÜRK, 02.05.2014.

8 Mahkemeden flaş Mavi Marmara kararı, Sabah, 26.05.2014.

9 Mavi Marmara Gazisi Uğur Süleyman Söylemez vefat etti, İhlas Haber Ajansı, 23.05.2014.

10 Թուրքիայի ԱԳՆ-ն մայիսին հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե մայիսի 15-ին աղետի գոտի (Սոմա) այցելած Էրդողանը բռունցքներով նետվել է իրեն զայրացրած մի քաղաքացու վրա՝ գոռալով. «Ինչո՞ւ ես փախչում, ա՛յ Իսրայելի վիժվածք»:

11 Başbakan Erdoğan, İsrail'e teşekkür etti, Taraf, 20.05.2014.

12 Спикер Кнессета о Геноциде армян: "Мы не можем отрицать историю из политической целесообразности", Regnum, 14.05.2014.

13 Turkey refuses to accept Israel's ex gratia compensation payment, The Jerusalem Post, 25.07.2013.

14 2014թ. հունիսի 8-ին տեղի ունեցավ Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի երդմնակալությունը, որին մասնակցելու հրավեր չէին ստացել միայն 3 երկրներ` Թուրքիան, Իսրայելն ու Կատարը: Ուշագրավ է, որ 2013թ. օգոստոսին Էրդողանը հայտարարել էր, թե «Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալմանը հանգեցրած բոլոր գործողությունների հետևում կանգնած է Իսրայելը», իսկ 2013թ. հուլիսի սկզբին Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը Գեզի այգու համար բողոքի ակցիաների կազմակերպման մեջ մեղադրել էր օտար ուժերին և Թուրքիայի հրեական համայնքին:

15 Merve Erdil, ‘Ada’da çözüm olmadan İsrail gazını unutun, Hürriyet, 16.10.2013.

16 İsrail'de gaz çatlağı, Yeni Şafak, 09.01.2014.

17 No: 183, 2 Haziran 2014, Filistin'de İç Uzlaşı Hükümetinin Kurulması Hk., http://www.mfa.gov.tr

18 2011թ. սեպտեմբերի 2-ին հրապարակվեց «Մավի Մարմարա»-ի միջադեպի վերաբերյալ ՄԱԿ զեկույցը, որում նշված էր, որ իսրայելցի զինվորականները «Մավի Մարմարա» նավում բախվել են ուղևորների խմբի կազմակերպված ու կոշտ դիմադրությանը և ստիպված են եղել ինքնապաշտպանության նպատակով ուժ կիրառել։ Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակներն այդ ուժը որակում են որպես «անհամաչափ և ոչ նպատակահարմար»՝ ընդգծելով, որ մարդկանց սպանությունն անընդունելի է։ Զեկույցում Թուրքիայի կառավարությունը մեղադրվել է «Ազատության տորմիղի» կազմակերպմանը խոչընդոտելու հարցում բավականաչափ ջանքեր չգործադրելու մեջ:

19 Lieberman: Türkiye'ye özür büyük yanlış, Akşam, 22.03.2013.

20 2014թ. հունվարի վերջին Իսրայելի ռազմական հետախուզության վարչության ղեկավար Ավիվ Կոչավին հայտարարեց, որ Սիրիայում պատերազմող «Ալ-Քաիդայի» զինյալներն իրենց բազաներն են ստեղծել Թուրքիայի երեք նահանգում` Քարաման, Օսմանիե ու Շանլըուրֆա:

21 Türkiye Mısır'ın Arkasında Kaldı, Haberler.com, 21.11.2012.

22 Ala: Cemaat, Davos sonrası dinlemeye başladı, Radikal, 11.05.2014.


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր