
ՀԱՔԵՐԱՅԻՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ
Սամվել Մարտիրոսյան«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
2014թ. հունվարին տեղի ունեցան մի շարք հաքերային հարձակումներ հայաստանյան և ադրբեջանական կայքերի վրա։ Դա, մի կողմից, ամեն հունվարին արդեն ավանդական դարձած հարձակումների շարք էր, մյուս կողմից՝ կարելի է արձանագրել որակական և քանակական փոփոխություններ. ակնհայտ է դառնում, որ Հայաստանում իրար հետևից ձևավորվում են նոր հաքերային խմբեր, որոնք գործում են զուտ ադրբեջանական ցանցի հատվածի դեմ։
Ամեն հունվարի 20-ին ադրբեջանական հաքերային խմբերը հարձակումներ են կատարում հայկական կայքերի վրա։ Դա կատարվում է ի հիշատակ Բաքվում 1990թ. հունվարի 20-ի դեպքերի, որոնց ընթացքում խորհրդային բանակի և Ադրբեջանի Ազգային ճակատի գրոհայինների միջև ընդհարումների պատճառով զոհվեցին տասնյակ մարդիկ, որոնց մեջ կային նաև անմեղ մարդիկ (այս ընդհարումները հետևեցին Բաքվում հայերի կոտորածին 1990թ. հունվարի 13-19-ին1)։
Հայկական կայքերի վրա2 հունվարի 20-ի զանգվածային հարձակումով բացվեց 2014թ. հայ-ադրբեջանական հաքերային պատերազմի նոր սեզոնը։ Այս տարվա ընթացքում (հունվար-փետրվարի առաջին տասն օրերը) ընդհանուր առմամբ կոտրվել է մոտ 85 հայկական կայք։ Ի պատասխան՝ հայաստանյան հաքերների կողմից կոտրվել է մոտ 40 ադրբեջանական կայք (Նկար 1)։ Հարձակման ենթարկված կայքերի մոտ 10%-ը թիրախ է հանդիսացել այլ երկրների հաքերների կողմից։
Հարձակման ենթարկված թիրախների տեսանկյունից հարկ է նշել, որ ժամանակ առ ժամանակ հաքերների զոհ են դառնում ադրբեջանական պետական կայքերը։ Ինչ վերաբերում է հայաստանյան պետական սեգմենտին, ապա այստեղ տիրում է ոչ միանշանակ իրավիճակ։ Մի կողմից, Հայաստանի Հանրապետության պետական կայքերը 2009թ. աշնանից, երբ սկսեցին վերահսկվել ԱԱԾ-ի կողմից, չեն դարձել հաջողված հարձակման զոհ։ Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կայքերը տարվա մեջ մի քանի անգամ ենթարկվում են հարձակման։ Այսպես, օրինակ, 2014թ. հունվարի 20-ին ԼՂՀ 5 պետական կայք ենթարկվեց հարձակման ադրբեջանական հաքերների կողմից3։
Վիճակագրական տվյալները (Նկար 2-4) ըստ տարիների (կարմիրով՝ .az, .կապույտով՝ .am կայքերն են) ցույց են տալիս, որ 2013-ին մոտ՝ Հայաստանում իրավիճակը համեմատաբար լավացել է, Ադրբեջանում՝ հակառակը, ինչը պայմանավորված է հայկական հաքերային խմբերի ակտիվացմամբ։
2012-2013թթ. ընթացքում փաստացի հաքերային համայնքներում բավական լուրջ փոփոխություններ կատարվեցին։ Ադրբեջանում Հայաստանի և հայության դեմ գործող հաքերային խմբերը միավորվեցին՝ ստեղծելով ամենամեծ հաքերային ադրբեջանական խմբավորումը, որը կոչվեց Antiarmenia։ Մյուս կողմից, ադրբեջանական հաքերների աճող ակտիվությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանում սկսեցին ձևավորվել հայկական հաքերային խմբեր, որոնց գործունեությունն ուղղված է ադրբեջանական, ինչպես նաև թուրքական կայքերի դեմ։ Եթե 2010-2011թթ. Հայաստանում այս ոլորտում գործում էին երկու-երեք փոքրաթիվ հաքերային խմբեր, ապա 2013-2014թթ. սկսեցին գործել միանգամից մոտ տասը խմբեր։ Նշենք դրանցից մի քանիսը՝ Armenian Cyber Army, Ananun, A.S.A.L.A, Monte Melkonian Cyber Army, Armenian Rabiz Army:
Փաստացի, երկկողմանի հաքերային հարձակումները հանգեցրել են տարերային կերպով հաքերային համայնքների ձևավորմանը, ինչը երկու երկրներում ապագայում կարող է կիրառվել պաշտոնապես կիբեռբանակներ ձևավորելու համար։
1 Հայերի ջարդերը 1990թ., http://baku.am/top-content-3
2Կոտրված հայկական կայքերի ցանկը՝ ադրբեջանական «սև հունվար» հարձակումը, http://www.banman.am/2014/01/azerbaijan-hack-armenian-sites.html
3 2014թ. հունվարի 20-ին ադրբեջանական հաքերների կողմից հարձակման ենթարկված ԼՂՀ 5 պետական կայքերի ցանկը՝ jraberd.nk.am , edu.nkr.am, mud.nkr.am, sport.nkr.am , police.nkr.am
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]