ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ
Գագիկ Հարությունյան«Նորավանք» ԳԿՀ տնօրեն
Այսօր աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց ինտեգրալ միտումն անցումն է միաբևեռից բազմաբևեռ համակարգի, կամ էլ, մեկ այլ ձևակերպմամբ՝ անբևեռ աշխարհի։ Ակնհայտ է, որ առանց այս գլոբալ միտումը հաշվի առնելու դժվար կլինի պարզել, թե ինչ է իրականում կատարվում մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում։ Մանավանդ որ, հաշվի առնելով տարածաշրջանների անվանումներին բնորոշ հայտնի պայմանականությունները, աշխարհակարգի վերաձևավորումը միանգամայն ակնհայտորեն տեղի է ունենում հենց Մեծ Մերձավոր Արևելքում (ՄՄԱ)։ Դրա համար էլ մենք սկզբում թեզիսների ձևով կներկայացնենք մերձավորարևելյան գործընթացները և հետո միայն, հենվելով այդ զարգացումների տրամաբանության վրա, կվերադառնանք շատ ավելի լոկալ տարածք՝ Հարավային Կովկաս։
«Հիմնական աշխարհաքաղաքական բնազդը»
Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները մեկնաբանելիս վերլուծաբանները վկայակոչում են քաղաքական ռեժիմների առանձնահատկությունները, տնտեսությունը և ժողովրդագրությունը, սոցիալական լարվածությունն ու տեղեկատվական քաղտեխնոլոգիաները, դավանաբանական հակամարտությունները, իսրայելական գործոնը, Ռուսաստանի և Չինաստանի դեմ ուղղված «կառավարելի քաոսը», ինչպես նաև այլ գործոններ, որոնք, անշուշտ, առկա են և կարևոր դերակատարում ունեն։ Միևնույն ժամանակ, երբեմն տպավորություն է ստեղծվում, թե այս զարգացումների վրա իշխում է մի ինչ-որ հիմնական աշխարհաքաղաքական-աշխարհագաղափարախոսական բնազդ, այն է՝ վերցնել որքան հնարավոր է շատ, իսկ ավելի լավ կլինի վերցնել ամբողջը։ Սովետական մի այսպիսի ասացվածք կար՝ «мы - за мир, но желательно – весь мир…»։
Այդ պատճառով էլ ԽՍՀՄ փլուզումից հետո պատերազմը «Յալթա-պոտսդամյան» աշխարհի դեմ չավարտվեց, և պայքարն անցյալի «մնացուկների» դեմ շարունակվում էր հիրավի հեղափոխական ավյունով։ «Հաջողությամբ» մասնատվեց Հարավսլավիան, հետո հերթը հասավ ասիական և աֆրիկյան այն երկրներին, որոնք նույնպես այս կամ այն չափով նախկին աշխարհակարգի ծնունդն էին հանդիսանում։ Սկզբում Աֆղանստանն էր, Իրաքի պարագայում գործն ավարտի հասցրին 2003-ին։ «Հին կարգերի» վերացման հերթական փուլը հասունացավ արդեն մեր օրերում։ Սկսվեց տխրահռչակ «արաբական գարունը». հեշտությամբ տապալվեցին Մուբարաքի, Քադաֆիի վարչակարգերը, քչերն էին կասկածում, որ նման ճակատագիր սպասվում է նաև Ասադին, իսկ հետո անխուսափելիորեն հերթը հասնելու էր Իրանին։ Սակայն «պատմության ավարտը» վրա չհասավ։ Կատարվեց հակառակը, տեղի ունեցավ այն, ինչն ընդունված է անվանել «պատմության ռևանշ»։
Շղթայական ճյուղավորված պրոցեսների տեսությունում գոյություն ունի կրիտիկական պայմանների հասկացությունը, որոնց հաստատումից հետո համակարգը կտրուկ փոխում է իր բնութագրերն ու անցնում այլ վիճակի։ Նման մի բան տեղի ունեցավ ՄՄԱ-ում՝ Սիրիայում Proxy պատերազմի ընթացքում։ ՆԱՏՕ որոշ երկրներ (հատկապես մեժ ջանքեր էր գործադրում Թուրքիան), ինչպես նաև հայտնի արաբական վարչակարգերը Սիրիայի դեմ մի ամբողջ «Ահաբեկչական ինտերնացիոնալ» գործի դրեցին, ինչն Իրաքում և Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունների հետ միասին հանգեցրեց հումանիտար և մշակութային աղետի՝ միլիոնավոր զոհեր և փախստականներ (ինքնատիպ Proxy ցեղասպանություն, որը կարելի է անվանել Ցեղասպանություն՝ վազող տողի ռեժիմով1)։ Ավերվեցին և թալանվեցին պատմամշակութային հուշարձաններ, վանդալիզմի բազմաթիվ դրսևորումներ եղան։ Ռազմաքաղաքական համատեքստում այս հրահրված գործընթացների հետևանքներից մեկը եղավ այն, որ ահաբեկչական խայտաբղետ խմբավորումներից կազմավորվեց մի նոր ցանցային աշխարհաքաղաքական դերակատար՝ վերոնշյալ «Ահաբեկչական ինտերնացիոնալը»։
Մինչդեռ, սիրիական զարգացումները դարձան այն խթանը, որից հետո համակարգը կտրուկ փոխեց իր բնութագրերը. «մնացյալ աշխարհն» «ապստամբեց» և սկսեց դիմադրել կազմակերպված ձևով։ Կարելի է վստահաբար փաստել, որ պատերազմը Սիրիայում առաջին բազմաբևեռ պատերազմն է, որտեղ, ի տարբերություն Իրաքի, Եգիպտոսի կամ Լիբիայի, երկու կողմից մասնակցում են խոշոր աշխարհաքաղաքական խաղացողներ։ Շատ հակիրճ դիտարկենք պատերազմող տերությունների որոշ կրիտիկական բնութագրեր։
Աշխարհաքաղաքական դերակատարների ռեսուրսները և իրավիճակը
Միացյալ Նահանգներ. ԱՄՆ-ում առկա է միջոցների դեֆիցիտ, և դա վերաբերում է ինչպես նյութական (խնդիրներ՝ կապված պարտքերի և առհասարակ դոլարային համակարգի հետ, բյուջեի (այդ թվում և Պենտագոնի բյուջեի) կրճատում, այնպես էլ մտավոր՝ գաղափարախոսական ռեսուրսներին։ Ըստ ամենայնի, ամերիկյան ընտրանու որոշ ներկայացուցիչներ (և նրանց մեջ քիչ չեն քաղաքական գործիչները, ինչպիսին է Փոլ Կ. Ռոբերտսը, որը «ռեյգոնոմիկայի» հայրերից է, ինչպես նաև անվանի պրոֆեսորներ և գիտնականներ) գիտակցում են դա։ Ահա թե ինչ է գրում հանրահայտ Ֆրենսիս Ֆուկույաման. «Քաղաքական շատ ինստիտուտներ ԱՄՆ-ում անկում են ապրում... Դա մտավոր կարծրացման և իրենց դիրքերում ամրապնդված քաղաքական գործիչների աճող ազդեցության արդյունքն է, որոնք խոչընդոտում են բարեփոխումներին և հավասարակշռության վերականգնմանը»2։ Հենց այս համատեքստում պետք է դիտարկել նաև ՄՄԱ վերափոխման վիթխարի և մեծ հաշվով՝ ըստ էության ոչ կոռեկտ նախագծի իրագործումը։ Սա, ի թիվս այլ հանգամանքների, «փչացրեց» նաև գերտերության միջազգային իմիջը. 2013թ. իր տարեվերջյան հարցման մեջ Gallup-ն արձանագրել է, որ «ողջ աշխարհում խաղաղության թիվ 1 սպառնալիք են համարում ԱՄՆ-ը»3։ Նշենք միայն, որ ԱՄՆ-ն այս ցանկում առաջատարն է բավական մեծ տարբերությամբ. այն 16 կետով գերազանցում է երկրորդ տեղը գրավող Պակիստանին։
Երկրորդ ահազանգը այլախոհների (ինչպիք են, օրինակ, Էդ.Սնոուդենն ու իր համախոհները) ի հայտ գալն ու հետապնդումներն են, որոնք հանդես են գալիս ընդդեմ համատարած տեղեկատվական վերահսկողության։ Խնդիրն անգամ այն չէ, թե ինչ-որ մեկն ինչ-որ մեկին գաղտնալսում է («ԷՇԵԼՈՆ» համակարգի մասին շատերը գիտեին), այլ այն, որ իրենց երկու կուսակցությունների ու միասնական կառավարության քաղաքական գծին սովորաբար հավատարիմ ամերիկյան քաղաքացիները սկսեցին բողոքել «համակարգի» դեմ, և այս համատեքստում պետք է դիտարկել նաև Occupy Wall Street4 շարժումը։ Օրինաչափ է, որ այլախոհների դեմ ձեռնարկված գործողություններն ակտուալացրին Ջորջ Օրուելի հանճարեղ ստեղծագործությունները։
Վերն ասվածն ամենևին էլ չի նշանակում, թե ԱՄՆ-ը դադարել է համաշխարհային առաջատարը լինելուց. հնարավոր բոլոր ցուցանիշներին հպանցիկ հայացք նետելիս անգամ ակնհայտ է դառնում, որ այն առաջինն է ողջ աշխարհում5։ Բայցևայնպես, ամեն ինչ չէ, որ «կարգին է դանիական արքունիքում», և սա այն պատճառներից մեկն է, որ ստիպել է ԱՄՆ-ին հրաժարվել Սիրիային հարվածելուց և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Սակայն ինչպես պատերազմը, այնպես էլ խաղաղությունը հավաքական գործ է, ուստի քննարկենք նաև, թե ինչպիսին է իրավիճակն այլ դերակատարների մոտ։
Ռուսաստան. Այս երկիրը, Սառը պատերազմում ծանրագույն պարտությունից հետո, վերականգնման փուլ է մտել։ Ակտիվ դիրքորոշումը և հայտնի նախաձեռնությունները սիրիական հարցում երկիրը դուրս բերեցին տարածաշրջանային մակարդակից և վերականգնեցրին գլոբալ աշխարհաքաղաքական դերակատարների շարքում։ Այժմ Ռուսաստանը ջանում է ինտեգրացիոն նախագծեր իրականացնել. Եվրասիական միությունը հենվելու է ՀԱՊԿ-ի և Մաքսային միության վրա, այսինքն՝ լիարյուն ռազմաքաղաքական-տնտեսական միություն դառնալու հնարավորություն ունի, և մենք կվերադառնանք այս թեմային Հարավային Կովկասի համատեքստում։ Սակայն Ռուսաստանում դեռևս շատ հիմնախնդիրներ կան. մասնավորապես, աշխարհի գաղափարախոսական քարտեզի վրա (որը կազմել է RussRAND-ը6) Ռուսաստանը միակ խոշոր երկիրն է, որը սեփական գաղափարախոսական համակարգ չունի, որը կսպասարկեր առհասարակ ազգային անվտանգությանը։
Չինաստան. Այստեղ տիրում է սոցիալիզմի, լիբերալիզմի և կոնսերվատիզմի օպտիմալ գաղափարախոսական եռամիասնություն7, երկիրը զարգանում է և տեսանելի ապագայում կհասնի ԱՄՆ-ին ոչ միայն տնտեսության, այլ նաև գիտության և տեխնոլոգիայի մակարդակով։ Չինաստանի քաղաքական դիրքորոշումը տարածաշրջանում մշտապես եղել է զուսպ, բայց շատ կարևոր։
Իրան. Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքն է, որն ահա արդեն մոտ 35 տարի տարբեր ձևաչափերով մարտնչում է ԱՄՆ-ի դեմ, և այստեղ Վիետնամի հետ նմանություն անցկացնելը տեղին չէ, քանի որ Իրանը մարտնչում էր միայնակ, առանց ԽՍՀՄ-ի, երբեմն էլ, ինչպես Իրաքյան պատերազմի ժամանակ էր, անգամ երկու տերությունների դեմ։ Իրանի հաջողությունը, եթե չասենք՝ հաղթանակը (նրա ակտիվում են նաև Եգիպտոսում տեղի ունեցած վերջին փոփոխությունները), պայմանավորված է նրանով, որ իրանցիները կարողացան ստեղծել որոշ իմաստով մերիտոկրատական, այսպես կոչված «խելացի պետություն»՝ կշռադատված, սեփական ժողովրդի արժեհամակարգին և քաղաքակրթական ավանդույթներին հայտնի չափով մոտ քաղաքական համակարգով։ Այդ համակարգն արհեստականորեն չի ներդրվել, այդ պատճառով էլ կենսունակ է։ Կարծում ենք՝ այդ երկարատև պատերազմը (որն, ի դեպ, հեռու է ավարտվելուց) թելադրված էր ոչ այնքան քաղաքական, ռազմական կամ տնտեսական գործոններով, որքան, ավելի շուտ, գաղափարախոսական նկատառումներով։
Ինչևէ, վերը թվարկված և չթվարկված բազմաթիվ գործոնների ամբողջությունը հանգեցրեց մի ինչ-որ իրավիճակի, երբ, չնայած Սիրիայում շարունակվող մարտական գործողություններին և չլուծված բազմաթիվ այլ հարցերին, ՄՄԱ-ում ստեղծվել է դինամիկ հավասարակշռությանը մոտ իրավիճակ։ Դա ստիպեց հակամարտող կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչը կարելի է, հայտնի վերապահումներով, բնորոշել որպես համեմատական խաղաղության հարկադրանք։ Ստեղծված իրավիճակը նկատելի չափով անդրադարձել է նաև Հարավային Կովկասի վրա։
Աշխարհաքաղաքական բյուրեղացում
Մեր տարածաշրջանում տիրող իրադրության գնահատականներում, որպես կանոն, գերակշռում են տագնապային տրամադրությունները, բայց կարծես թե ամեն բան չէ, որ այդքան վատ է, և հնարավոր են անգամ «լավ սցենարներ»։ Այս լավատեսությունը հիմնված է հետևյալ նկատառումների վրա։
«Արտաքին» գործոններից ամենակարևորն այն է, որ նկատելիորեն նվազել է Իրանի՝ մի կողմից, և ԱՄՆ-ի ու Իսրայելի, և որ կարևոր է՝ որոշ սցենարներում՝ նաև Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը։ Այս հանգամանքն ընդհանուր առմամբ բարենպաստ ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասի իրավիճակի վրա։ Սակայն փոփոխություններ են տեղի ունենում նաև հենց տարածաշրջանի երկրներում, և այդ գործընթացները կարելի է բնութագրել որպես աշխարհաքաղաքական բյուրեղացում։ Չէ՞ որ մինչ այդ, չնայած հայտնի քաղաքական կողմնորոշումներին, տարածաշրջանն առհասարակ գտնվում էր փոքր-ինչ ամորֆ վիճակում։ Այնինչ, այսօր տարածաշրջանի երկրներում այլ միտում է նկատվում։
Օրինակ, ՀԱՊԿ անդամ Հայաստանը հայտարարել է Մաքսային միություն, այնուհետև՝ նաև Եվրասիական միություն մտնելու մտադրության մասին։ Դրանով իսկ Հայաստանը կատարել է իր վերջնական աշխարհաքաղաքական ընտրությունը և պարզություն մտցրել Հարավային Կովկասի քարտեզում։ Այս իրադրությունում, երբ Ադրբեջանի հանդեպ էներգակիրների պաշարների նվազման պատճառով որոշ չափով նվազել է Արևմուտքի հետաքրքրվածությունը, բնական են թվում Թուրքիայի հետ Ադրբեջանի հետագա մերձեցումը և համագործակցության զարգացումը, իսկ իրանական հիմնախնդրի հետ կապված՝ մերձեցումն Իսրայելի հետ։ Վերջինը, եթե անգամ լիարժեք դերակատար չի դարձել տարածաշրջանում, ապա արդեն կարող է հավակնել ակտիվ դիտորդի կարգավիճակին։
Ինչպես միշտ, կարևոր է նաև Վրաստանի դերը։ Մեր հարևանը գտնվում է անցումային իրավիճակում, և այդ իրավիճակը, թվում է, ավելի կառուցողական է և համարժեք, քան այն, ինչ կար մինչ այդ։ Վրաստանի արդեն ավանդական դարձած արևմտյան կողմնորոշումը, ամենայն հավանականությամբ, դեռ կպահպանվի, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունների համեմատական կարգավորման ֆոնին այս հանգամանքն ավելի շուտ հավասարակշռող, քան թե ապակայունացնող գործոն է հանդիսանում։
Նկատվող բյուրեղացումը (այս կոնկրետ պարագայում) դրականորեն է անդրադառնում տաարածաշրջանային իրավիճակի վրա։ Ընդհանուր առմամբ, իրադրության այս մեկնաբանությունից հետևում է, որ Հարավային Կովկասում, ինչպեսև առհասարակ ՄՄԱ-ում, նույնպես ստեղծվել է որոշակի դինամիկ հավասարակշռություն։ Սա էլ հենք է հանդիսանում էլ ավելի կառուցողական բանակցություններ վարելու համար թեժ կետերի հարցում, ինչպիսին են ԼՂՀ-ն, Հրվ. Օսիան և Աբխազիան։ Բնավ չպետք է բացառել, որ այդ բանակցությունները կավարտվեն անգամ հաշտության համաձայնագրերի կնքմամբ։ Դրան նպաստում է նաև այն, որ բոլոր երեք հանրապետությունների քաղաքական ղեկավարությունն ընտրվել է 2013թ., այսինքն՝ այդ կառավարություններն ունեն ժամանակային ռեսուրս ոչ այնքան պոպուլյար որոշումներ ընդունելու համար, ինչպիսին է ներկա պարագայում հաշտության պայմանագրերի կնքումը։
1 Gagik Harutyunyan, The Multipolar Realities, Middle East and News Ticker Genocide, 21-st Century #2 (14), p. 3.
2 Francis Fukuyama, The Decay of American Political Institutions, Тhе American Interest, http://www.the-american-interest.com/articles/2013/12/08/the-decay-of-american-political-institutions/.
3 Biggest Threat to World Peace: The United States, http://www.commondreams.org/headline/2013/12/31-6.
4 Տե՛ս, օրինակ, Гагик Арутюнян, Сергей Гриняев, Можно ли захватить Уолл Стрит?, 21 Век, #1(21), с. 3, 2012.
5 Տե՛ս, օրինակ, Супян В.Б., США в мировой табели о рангах: экономические показатели, Международная жизнь, # 9, 2013.
6 http://rusrand.ru/important/predstavljaem-vashemu-vnimaniju-prezentatsiju-tsentra-nauchnoj-politicheskoj-mysli-i-ideologii
7 Гагик Арутюнян, Распад системы и формирование будущего, НОФ «Норванк», Ереван, 2011.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]