• am
  • ru
  • en
Версия для печати
09.09.2013

ԲԱԶՄԱԲԵՎԵՌ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՎԱԶՈՂ ՏՈՂԻ» ՌԵԺԻՄՈՎ (մաս 1)

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն

Ցանկացած պաշտպանության նախարարի, որը
նախագահին կրկին խորհուրդ կտա խոշոր ամերիկյան
ցամաքային ուժեր ուղարկել Ասիա կամ
Մերձավոր Արևելք, կամ Աֆրիկա, անհրաժեշտ է ուղարկել
զննման հոգեբույժի մոտ։
Ռոբերտ Գեյթս
ԱՄՆ պաշտպանության
նախարար 2006-2011թթ.

Այսօր դժվար է վիճել այն փաստի հետ, որ անցյալ դարավերջին միաբևեռ գերիշխանության հաստատումից հետո սկսված ազդեցության ոլորտների համատարած զավթումը փոխակերպվում է բազմավեկտոր համառ դիմակայության, որն ընթանում է բազմաբևեռ աշխարհակարգի նոր և ավելի քան հեղհեղուկ կանոններով, իսկ երբեմն էլ՝ ընդհանրապես առանց դրանց [1]։ Այս նոր իրավիճակն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Միացյալ Նահանգները, համաշխարհային առաջատար մնալով, դադարել է հեգեմոն լինելուց։ Հետաքրքիր է, որ ոմանք կանխատեսում են անգամ գերտերության փլուզումը, և այդ կանխատեսողների մեջ են ոչ միայն փոքր-ինչ կտրուկ արտահայտվող Ռեյգանի վարչակազմի ֆինանսների փոխնախարար Փոլ Կրեյգ Ռոբերտսը կամ էլ «Թրենդների հետազոտությունների ինստիտուտի» տնօրեն Ջերալդ Սելենտեն, այլև հեղինակավոր համալսարանական պրոֆեսորներ (տե՛ս, օրինակ, [2])։ Անհանգստացնող են նաև այլախոհներ Ջ.Ասանժի և Էդ.Սնոուդենի հետապնդումները, որոնք հանդես են գալիս տեղեկատվական տոտալ վերահսկողության դեմ։ Այդ գործողություններն (ինչպես նաև շարքային Բ.Մենինգի «խղճի բանտարկյալի» կարգավիճակ ստանալը) աշխարհով մեկ ակտուալացրին Ջորջ Օրուելի հանճարեղ ստեղծագործությունները։

Բայց եթե հեռանանք կանխատեսումներից և ընդունենք Ֆարիդ Զաքարիայի The post-American World-ի ավելի իրատեսական եզրաբանությունը, ապա աշխարհաքաղաքական այլ դերակատարների հզորացումն էապես փոխել և շարունակում է փոխել ուժերի դասավորությունը համաշխարհային ասպարեզում [3]։ Այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները նկատելիորեն իջեցրել են գլոբալ անվտանգության ընդհանուր մակարդակը, և դա, առաջին հերթին, վերաբերում է միջուկային ոլորտին։ Նկատվող միտումը տարբերվում է փորձագետների՝ նախկինում ունեցած այն ենթադրություններից, թե բազմաբևեռությունը գլոբալ մակարդակով հանգեցնում է համեմատական կայունության, ինչպիսին էր այն, օրինակ, երկբևեռ Սառը պատերազմի դարաշրջանում։ Սակայն չի կարելի բացառել, որ բազմակենտրոն աշխարհի կայացման «անցումային շրջանից» հետո կնքվի մի նոր Վեստֆալյան պայմանագիր և հարաբերական կայունություն հաստատվի։

«Նոր ժամանակների» տրամաբանության առավել ցայտուն արտահայտությունն են Եվրասիայի և Աֆրիկայի մի ընդարձակ հատվածում՝ «Նոր Մերձավոր Արևելքում» (Մարոկոյից մինչև Պակիստան) ընթացող զարգացումները։ Հայտնի է, որ ամերիկացիները որոշել են կրճատել իրենց ռազմական ներկայությունն այս տարածաշրջանում՝ զորքերը դուրս բերելով Իրաքից և Աֆղանստանից, ինչը կապված է տնտեսական ռեսուրսների անբավարարության հետ։ Միևնույն ժամանակ, ռազմական նահանջն ուղեկցվում է եվրոպական և տարածաշրջանային գործընկերների աշխուժացմամբ և քաղաքականության վարման ավանդական, իսկ ավելի հաճախ՝ ոչ ավանդական մեթոդների սաստկացմամբ։ Բոլոր պարագաներում պետք է փաստել, որ ռազմաքաղաքական վայրիվերումների արդյունքում մասնավորապես Մերձավոր Արևելքը հայտնվել է ապակայունացած իրավիճակում։ Ավելին, այդ զարգացումները հանգեցրել են խոշոր հումանիտար աղետի, որը կարելի է բնութագրել որպես ցեղասպանություն։

Այսօր կարելի է հանդիպել «նոր ժամանակներում» ընթացող քաղաքական գործընթացների խիստ տարաբնույթ մեկնաբանությունների։ Կարծում ենք, որ նման բազմազանությունը լոկ նպաստում է իրողությունների ավելի համարժեք ընկալմանը, ուստիև ներկայացնենք նաև այդ հիմնախնդիրների վերաբերյալ մեր տեսլականը։ Սակայն այս հարցերի քիչ թե շատ որոշակի քննարկման համար փորձենք հակիրճ ներկայացնել բազմաբևեռ աշխարհի որոշ բնութագրական գծերը։

«Այդ բազմաբևեռ աշխարհը»

Քաղաքական եզրերի իմաստը ժամանակի ընթացքում փոփոխություններ է կրում, և դա վերաբերում է նաև «բազմաբևեռությանը»։ Այս հասկացության կոնտենտն այսօր նկատելիորեն ընդլայնվել է առաջին հերթին այն պատճառով, որ «բազմա-» («մուլտի») բառի մեջ, պայմանականորեն ասած, «մտել» են ոչ միայն ազգային պետությունները, այլև ոչպետական կառույցները (այս նոր աշխարհն առավել պատկերավոր նկարագրել է, թերևս, Պարագ Խաննան [4])։ Վերջինները պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ կարգերի։

Համաշխարհային տնտեսությունում աճել է տրանսազգային կորպորացիաների (ՏԱԿ) դերը, որոնց ֆինանսական և կազմակերպչական հնարավորությունները համադրելի են, իսկ երբեմն էլ գերազանցում են զարգացած պետություններին։ Հայտնի է, որ ՏԱԿ-երի մի մասն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապակցված է այս կամ այն երկրի հետ, սակայն դրանց մի մասն արդեն գործում է բավական անկախ՝ ելնելով բացառապես իր շահերից։

Ըստ շվեյցարացի հետազոտողների1՝ ՏԱԿ-երի միջուկն են կազմում 147 կորպորացիաներ, որոնք իրենց գործընկերների և մասնաճյուղերի հետ միասին վերահսկում են համաշխարհային ՀՆԱ 60%-ը։ Հատկանշական է, որ այս կոնսորցիումում պարահանդեսը ղեկավարում են ոչ թե արտադրական, այլ ֆինանսական կորպորացիաները՝ Barclays, JP Morgan Chase, Merrill Lynch & Co Inc և այլն։ Նման իրավիճակում զարմանալի չէ, որ «գերՏԱԿ»-ն ի զորու է իր պայմանները թելադրել ազգային պետությունների կառավարություններին։ «Կառավարություն-ֆինանսական ոլորտ» հարաբերությունների համակարգում տեղի ունեցող էվոլյուցիան լիովին համապատասխանում է անգլիացի սոցիոլոգ Քոլին Քրաուչի «պոստդեմոկրատիկ հասարակության» հայեցակարգին, համաձայն որի՝ պետական համակարգում գերիշխում է օլիգարխաթը, իսկ արևմտյան հասարակություններում տեղի է ունենում ժողովրդավարական նորմերի կազմալուծում [5]։

Վերջին տասնամյակներում էապես ավելացել է միջազգային ոչկառավարական կազմակերպությունների կամ, այլ խոսքերով՝ ՀԿ-ների թիվը (հիմնականում «տեղերում» դրանց բազմանալու արդյունքում)։ Մեծացել է նաև ցանցային ռեժիմում գործող այդ կազմակերպությունների ազդեցությունը. հիշենք, որ որոշ ՀԿ-ների ուղղակի աջակցությամբ են իրագործվել, օրինակ, «գունավոր հեղափոխությունները» նախկին խորհրդային հանրապետություններում և Մերձավոր Արևելքում։ Ավելի վաղ ՀԿ-ները, ինչպես և ՏԱԿ-երը, բացառապես ընկալվում էին որպես գործիքաշար խոշոր տերությունների քաղաքական զինանոցում։ Դա որոշ երկրների (մասնավորապես՝ Ռուսաստանին) դրդեց օրենսդրորեն սահմանափակել նման ՀԿ-ների ազդեցությունը ներքին քաղաքական կյանքում։ Նշենք, որ նմանօրինակ գործողությունները հնարավոր էին դարձել սոսկ բազմաբևեռության շնորհիվ, քանի որ ավելի վաղ ՀԿ-ները «սրբազան կովերի» կարգավիճակ ունեին և անգամ քննադատությունը նրանց հասցեին ոտնձգություն էր համարվում ժողովրդավարության հիմքերի դեմ։

Սակայն ժամանակի ընթացքում ՀԿ-ները սկսեցին ձևափոխվել։ Տեղեկատվական հոսքերի խճանկարից այն տպավորությունն է ստեղծվում, թե «իրենց տեղն ամրացրած» որոշ ՀԿ-ներ (ոչ վերջին հերթին՝ գաղափարախոսական ուղղվածության) սկսեցին ավելի ինքնուրույն գործել։ Այսօր դրանք կատարում են ոչ միայն որոշակի պետական կառույցների պատվերները, այլև սպասարկում են քաղաքական ու ֆինանսական խմբավորումների (օրինակ, այդ նույն ՏԱԿ-երին), ինչպես իրենց երկրի ներսում, այնպես էլ նրանից դուրս, իսկ հաճախ էլ գործում են ինքնուրույն, ըստ իրենց հայեցողության։ Դրան նպաստում է ՀԿ-ների գաղափարականացվածությունը, որոնց մի մասը հանդիսանում է Մ.Բետատիի և Բ.Քուշների հայեցակարգի հետևորդը, համաձայն որի՝ անհրաժեշտ է «պաշտպանել մարդու իրավունքները՝ առանց հաշվի առնելու ազգային ինքնիշխանությունը» (այս թեզը 2005-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվեց որպես միջազգային իրավաբանական նորմ2)։ Հայտնի է, որ ցանկացած գաղափարի բացարձակացումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, և ՀԿ-ների գործունեության արդյունքները Մերձավոր Արևելքում դրա վառ ապացույցն են։

Ազդեցիկ ոչկառավարական կազմակերպությունների կարգին պետք է դասել ավանդական և համեմատաբար վերջերս կազմավորված կրոնադավանաբանական (հաճախ՝ որպես տարբեր տեսակի աղանդներ) կառույցները։ Նման կառույցների (որոնք վաղուց օգտագործում են, պայմանականորեն ասած, ցանցային կառավարման մեթոդները) դերն անշեղորեն աճում է ոչ միայն հանրային կյանքում, այլև միջազգային քաղաքականությունում։ Մասնավորապես, Մերձավոր Արևելքում քաղաքական դիմակայությունն ընդունեց դաժան առճակատման ձև սուննիականության և շիականության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների, իսլամիստների և հակաիսլամիստների միջև, և անհանդուրժողականության այս ֆոնին տարածաշրջանի քրիստոնեական համայնքները հայտնվեցին վերացման շեմին։

Տեղեկատվական բազմափուլ հեղափոխության դարաշրջանում ազդեցիկ ոչպետական դերակատարների խմբին պետք է դասել նաև զանգվածային խոշոր լրատվամիջոցները, Ինտերնետ կորպորացիաները և այլն։ Հատուկ նշանակություն են ձեռք բերել վիրտուալ սոցիալական ցանցերը, որոնք, մասնավորապես, կարևոր դեր խաղացին մերձավորարևելյան հեղափոխություններում։ Երկրագնդի համատարած «ֆեյսբուքացումը» լուրջ ազդեցություն է գործում մեր մոլորակի բոլոր երկրների հասարակությունների վրա [6]։ Նշենք, որ տեղեկատվական ոլորտում նույնպես տեղի է ունենում ռեսուրսների մոնոպոլացում և, ասենք, տպագիր ԶԼՄ-ի հանդեպ վերահսկողությունը կենտրոնացած է հինգ մեդիա-հսկաների ձեռքում3։ Այդ կառույցները գլոբալ տեղեկատվական քաղաքականություն են վարում, որը RAND–ի փորձագետներն անվանում են անգամ ոչ թե որպես քաղաքականությանն ուղեկցող և այն ուժեղացնող գործընթաց, այլ առանձնացնում են որպես ինքնուրույն ժանր՝ նոոքաղաքականություն4՝ լիովին համապատասխան երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների հայեցակարգին [7]։

Տեղեկատվական հոսքերն այսօր ավելի, քան երբևէ, ձևավորում են ողջ համաշխարհային հանրության արժեհամակարգն ու մենթալիտետը։ Զարմանալի չէ, որ ոլորտի խոշոր դերակատարները հետապնդում են նաև սեփական շահերը և անտեսում պետական ու մանավանդ հանրային շահերը։ Հատկանշական է, որ ավելի վաղ տեղեկատվական հարթությունում լիովին գերիշխում էին արևմտյան լրատվամիջոցները։ Սակայն, շնորհիվ «բազմաբևեռ միտումների», այժմ դրանց հետ փորձում են մրցակցել այլ երկրների, առաջին հերթին՝ չինական և ռուսական լրատվամիջոցները։ Արդյունքում՝ փոքր-ինչ փոխվել է անգամ գլոբալ «նորալեզուն»՝«новояз»-ը. օրինակ, Սիրիայի վերաբերյալ մեկնաբանություններում «ընդդիմադիրներ», ծայրահեղ դեպքում՝ «ապստամբներ» կլիշեի կողքին սկսել են ի հայտ գալ նաև ավելի համարժեք մակդիրներ. ասենք՝ «զինյալներ» և «վարձկաններ»։

Եվ վերջապես, միջազգային զարգացումներում էապես աճել է ահաբեկչական և հանցավոր այլ կազմավորումների դերը։ Այդ կառույցները միշտ ոչ միանշանակ և խճճված հարաբերություններ են ունեցել տարբեր երկրների հատուկ ծառայությունների հետ և դրանց գործիքն են համարվել ստվերային քաղաքականությունում։ Բայց իրավիճակի փոփոխության հետ՝ դրանց մի մասը, ինչպես ցույց են տալիս զարգացումները նույն Սիրիայում, դուրս է եկել վերահսկողությունից և իր ինքնուրույն խաղն է վարում, ինչն, ի դեպ, նախկինում էլ էր պատահում։

Ձևավորվող աշխարհակարգը, մեծ թվով դերակատարների՝ «փոփոխականների» պատճառով, շատ ավելի բարդ համակարգ է, քան երկբևեռ կամ բազմաբևեռ աշխարհակարգի դարաշրջանում։ Որոշ իմաստով, աշխարհը հետ է գլորվել, ինչպես գրում են որոշ մեկնաբաններ, մինչվեստֆալյան դարաշրջան, որը, սակայն, ունի Ինտերնետ ու զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ)։ Նման իրավիճակն օբյեկտիվորեն դժվարացնում է շրջապատող աշխարհի արագ փոփոխվող բնութագրերի ընկալումն ու իմաստավորումը։ Բնական է, որ բարդանում է նաև այդ փոփոխություններին համապատասխան արձագանքումը։ Ներկա պայմաններում աճում է անգամ ԱՄՆ-ի՝ առավել «ինտելեկտուալացված» տերության կողմից սխալներ թույլ տալու հավանականությունը, որի քաղաքականությունը ձևավորվում է բարձրակարգ բազմաթիվ think-tank-երի, համալսարանների և գիտական կենտրոնների հիմքի վրա։ Այս համատեքստում զարմանալի չէ, որ ԱՄՆ ռազմական փորձագետներն իրենց հետազոտություններում ընդգծում են պետական ինստիտուտների ամրապնդման կարևորությունը5։ Սակայն կոնկրետ պարագայում՝ ԱՄՆ-ում, ներքին շահերի բախումներ են առաջանում. ազգային ռազմարդյունաբերական համալիրի ուժեղացումն, օրինակ, կարող է հանգեցնել այսպես կոչված «ներքին պետությունների» ստեղծմանը հենց պետության ներսում [8, с. 196]։

Այս բոլոր գործոնների ամբողջությունը հանգեցրել է նրան, որ ճգնաժամային երևույթները սկսել են զգացվել ոչ միայն գլոբալ տնտեսությունում, այլև հանրային և միջազգային կյանքի բոլոր ոլորտներում։ Պատահական չէ, որ այսօր կարելի է հանդիպել աշխարհում տեղի ունեցող գործընթացների հաճախ էսխատոլոգիական (վախճանաբանական) մեկնությունների։ Այս ամենն ընդհանուր առմամբ ավելի ցայտուն և, միևնույն ժամանակ, դրամատիկ դրսևորում է ունենում Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներում։

«Ողջ Մերձավոր Արևելքում երկինքն անամպ է»

Մերձավորարևելյան գործընթացների հատկանշական գիծը, մեր կարծիքով, տեղի ունեցող իրադարձությունների դրդապատճառների և վերջնանպատակների բազմաթվությունն է։ Եթե փորձենք հիմնական հատկանիշներով ընդհանրացնել մեզ հայտնի հրապարակումներն այս հարցի վերաբերյալ, ապա արդյունքում կստանանք միմյանց չհակասող, ընդհակառակը՝ փոխլրացնող հետևյալ վարկածները։

«Արաբական գարուն» վարկած. Այս վարկածի հիմնական թեզիսն այն է, որ տարածաշրջանի երկրներում կուտակվել է սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, էթնիկական և կրոնադավանաբանական հիմնախնդիրների կրիտիկական զանգված։ Դա հանգեցրել է զանգվածային բողոքների՝ արդի պատկերացումներին համապատասխան բարեփոխումների, արդիականացման և ժողովրդավարացման պահանջներով։

Այն, որ հիմնախնդիրները Մերձավոր Արևելքում ավելի քան շատ էին, որևէ կասկած չի հարուցում։ Այս հարցը քննարկվում է հիմնարար շատ աշխատություններում6, այս մասին են վկայում նաև «հեղափոխական ներուժի» ինդեքսները (Revolting-Index7), որտեղ աղյուսակի առաջին 16 երկրների շարքում 5 տեղը զբաղեցնում են արաբական երկրները։ Բայց վարկանիշային թերթիկից երևում է նաև, որ հեղափոխական իմաստով շատ ավելի «առաջադեմ» այլ երկրներում մինչև այժմ ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել։ Հնարավոր է, որ արաբական հանրություններն ընտրեին էվոլյուցիոն զարգացման այլ ճանապարհ, եթե այդ օբյեկտիվ ներքին հանգամանքներին չգումարվեին արտաքին գործոնները՝ գունավոր հեղափոխություններ կատարելու հայտնի տեխնոլոգիաների գործարկումը, այս անգամ՝ «ուրբաթօրյա աղոթքների» շեշտադրմամբ։ Ընդ որում, կարևոր դեր խաղացին «Ապրիլի 6-ի շարժման» տիպի կազմակերպություններն իրենց «Քեֆայա»՝ «Բավական է» կարգախոսով (հիշենք «Կմարան» Վրաստանում)։ Դրա հետ մեկտեղ, ապստամբական շարժման մեջ ի հայտ եկավ տեղեկատվական գործառնությունների այնպիսի արդյունավետ գործիք, ինչպիսին են սոցիալական ցանցերն ու բլոգոսֆերան8։ Օրինակ, դեռ 2010թ. հունիսին Google-ի մերձավորարևելյան բաժանմունքի մենեջեր Վաել Գոնիմը հակամուբարաքյան էջ բացեց Facebook-ում, որն օրական այցելում էր մինչև կես միլիոն մարդ։ Չի կարելի լիովին բացառել հնարավորությունը, որ սույն պարագայում գործում էր ոչ այնքան ԱՄՆ-ը կամ նրա դաշնակիցները, որքան ինքնուրույն գործող «ժողովրդավարացնող» ՀԿ-ները՝ խոշոր ԶԼՄ-ի հետ մեկտեղ, որոնք մեծ խանդավառությամբ մեկնաբանում էին իրադարձություններն ու ամեն կերպ քաջալերում Թահրիր հրապարակի ցուցարարներին։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ, իհարկե, դժվար է պատկերացնել հեղափոխական զարգացումներն առանց օբյեկտիվ նախադրյալների, բայց արդի աշխարհում նաև դժվար է պատկերացնել ծավալուն հասարակական շարժումներն առանց արտաքին ռեսուրսային սնուցումների՝ լինեն դրանք պետություններ, թե բազմաբևեռ աշխարհակարգի նոր սուբյեկտներ։ Եթե դա չի բավարարում, ապա կազմակերպվում է ռազմական միջամտություն, ինչպես տեղի ունեցավ Լիբիայում։ Բայց սա արդեն մեզ մոտեցնում է տեղի ունեցող դեպքերի աշխարհաքաղաքական դրդապատճառների վարկածին։

«Աշխարհաքաղաքականություն» վարկած. Այս մոտեցման համաձայն՝ հեղափոխական շարժումները նախաձեռնվել էին ոչ թե հանուն արաբական երկրների արդիականացման և գլոբալ հանրությանը նրանց ինտեգրման (ինչպես հայտնի է, տեղի ունեցավ ուղիղ հակառակը), այլ որոշակի աշխարհաքաղաքական նպատակների հասնելու համար։ Նման հարցադրումն օրինաչափ է և այնքան էլ ինքնատիպ չէ, քանի որ դրսից հրահրվող հեղափոխություններն առնվազն վերջին տասնամյակներում (իսկ ոմանց կարծիքով՝ վերջին հարյուրամյակում) հենց նման նպատակներ են հետապնդել։ Սակայն ավելի վաղ այդ վերջնանպատակները որոշ չափով միանշանակ էին և հատուկ գաղտնազերծման կարիք չունեին։ Իսկ արաբական աշխարհի գործընթացների պարագայում ինտրիգը շատ ավելի բարդ է, մանավանդ եթե հաշվի առնենք հարցի նախապատմությունը, այն է՝ ամերիկյան ներխուժումն Իրաք 2003թ.։

Այս ամենը լավ հասկանալու համար փորձենք գնահատել այսպես կոչված մերձավորարևելյան տուրբուլիզացիայի որոշ միջանկյալ արդյունքներ։

1 http://www.newscientist.com/article/mg21228354.500-revealed--the-capitalist-network-that-runs-the-world.html#.UfALvsCGiJd.

2 http://www.un.org/en/preventgenocide/adviser/responsibility.shtml

3 http://analitika-forex.ru/forum/5-1200.

4 Arquilla J., Rontfeldt D., The Emergence of Noopolitk: Toward an American Information Strategy, RAND Corporation, 1999, http://www.washprofile.org/en/node/943.

5 http://www.globalsecurity.org/military/library/report/2008/joe2008_jfcom.htm.

6 Տե՛ս, օրինակ, վերջերս հրապարակված «Ближний Восток, Арабское пробуждение и Россия: что дальше?». Сборник статей ժողովածուն (Պատ. խմբագիրներ՝ В.В. Наумкин, В.В. Попов, В.А. Кузнецов / ИВ РАН; Факультет мировой политики и ИСАА МГУ им. М.В. Ломоносова, М., ИВ РАН, 2012).

7 http://blogs.wsj.com/source/2011/02/25/introducing-the-revolting-index/?KEYWORDS=azerbaijan.

8 Հարությունյան Գ., Գրինյաև Ս., Հեղափոխություններ. նոր աշխարհակարգի կերտման ավարտը և գլոբալ կառավարման սցենարները, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5616.

Աղբյուրներ և գրականություն

1. Тер-Арутюнянц Г., Многополярная и асимметричная Холодная война. Вестник Академии Военных наук, #4(21), с. 23, 2007.

2. Дерлугьян Г., Внезапны, но иногда предсказуемы, Эксперт, #29(859), с. 60, 2013.

3. Zakaria F., The post-American World, N.Y.-L., W.W.Norton, 2008.

4. Параг Ханна, Второй мир, М., Изд-во «Европа», 2010.

5. Колин Крауч, «Пост - демократия», М., Издательский дом Государственного университета – Высшей школы экономики, 2010. Колин Крауч, Странная не - смерть неолиберализма, М., Издательский дом «Дело», 2012.

6. Арутюнян Г., Интернет структуры в контексте «постдемократии» и информационной безопасности, 21-й ВЕК, #4(16), с. 3, 2010.

7. Гриняев С., Поле битвы – киберпространство, Минск, Харвест, 2004.

8. Арутюнян Г., Распад «системы» и формирование будущего, Ереван: НОФ «Нораванк», 2011.

9. Мирзаян Г., Революция пошла вразнос, Эксперт, #27(858), с. 54, 2013.

Օգոստոս, 2013թ.

Շարունակելի

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր