• am
  • ru
  • en
Версия для печати
18.10.2018

ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ

   

Թուրքական կողմը փորձում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները՝ հեղափոխությունը, հեղափոխության ամբողջ գործընթացն օգտագործել որպես հնարավորություն և փորձել հասկանալ՝ որքանով են պատրաստ իշխանությունները, հասարակությունը սահմանախախտումներին և ինչպես են արձագանքում նման միջադեպերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը:

«Ցանկացած փոփոխություն ՀՀ ներքաղաքական դաշտում թուրքական կողմը մշտապես դիտարկել է որպես հնարավորություն հայ-թուրքական սահմանի անվտանգության հետ կապված գնահատելու իրավիճակը: Եթե որոշ դեպքերում փոփոխություններ նկատեն, իհարկե, դա կվերլուծվի, համապատասխան գնահատական կտրվի և այլ գործընթացների հնարավորություն կստեղծի:

Այսինքն՝ թուրքական կողմը փորձում է հասկանալ՝ առհասարակ հնարավորություն կա՞ հայ-թուրքական սահմանի անվտանգությունը որոշակի շրջանցելու, բաց տեղեր գտնելու, թե ոչ»,- նշեց փորձագետը:

Վերջին երեք օրվա ընթացքում հայ-թուրքական սահմանախախտման երրորդ դեպքն է գրանցվել: ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած խմբի: Հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու դեպքեր էին գրանցվել նաև հոկտեմբերի 14-ին և հոկտեմբերի 15-ին:

Կարեն Վերանյանի խոսքով՝ երբ սահմանի խախտումները հաճախակիանում են, կանոնավոր բնույթ են սկսում կրել, տեղեկատվական-հոգեբանական առումով հասարակությունը սկսում է սովորել դրան, ինչը մտահոգիչ երևույթ է։

«Թուրքիայի իշխանությունները սրանով կփորձեն իրենց համար մի խնդիր լուծել, այն է՝ միջադեպերի հաճախակիացման, կանոնավոր դարձնելու բնույթի բերելով՝ ՀՀ սահմանային անվտանգությունը դարձնել խոցելի: Եթե այնքան կանոնավոր լինեն տարբեր հատվածներում միջադեպերը, կարող են բացառություններ լինեն և չհայտնաբերվեն սահմանախախտման դեպքերը: Որևէ երաշխիք չկա, որ այդ սահմանախախտները անմեղ քաղաքացիներ են, այլ ուղղակի նախապատրաստված գործողության մի մաս են:

Պետք չէ բացառել նաև ահաբեկչական գործողությունները, որն այսօր ուտոպիստական կարող է թվալ, բայց որևէ երաշխիք չկա, որ «Իսլամական պետության» զինյալները չեն կարող հատել սահմանը և որոշակի գործողություններ իրականացնել ՀՀ-ում: Զգոնությունը բթացնելու քաղաքականությունը շատ վաղուց Թուրքիայի իշխանություններ մոտ հստակ մշակված ծրագիր է»,- ասաց Կ. Վերանյանը:

Ըստ փորձագետի՝ սահմանխախտումների հարցում կա նաև քաղաքական կոնտեքստ, որը վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին: Մասնավորապես, այն, որ սահմանախախտման դեպքերը մշտապես եղել են, բայց ռուսական կողմը ավելի շատ է հաղորդագրություններ տարածում՝ տպավորություն ստեղծելու համար, որ իրենց անհրաժեշտությունն մեծ է:

«Այս մեսիջները փորձում է հասցնել թե ՀՀ իշխանություններին, թե հասարակության այն շերտերին, որոնք տարբեր կերպ փորձում են այս հարցը շրջանառության մեջ դնել: Մենք տեսնում ենք, որ ՀՀ ներքաղաքական դաշտում և հասարակական որոշ շրջանակներում հեղափոխությունից հետո փորձեր կատարվում են թերագնահատելու Հայաստանում ռուսական ռազմաբազայի և ռուս սահմանապահների առաքելության նշանակությունը: Կան որոշակի ստվեր գցելու փորձեր ռուսական ռազմաքաղաքական ներկայության վերաբերյալ»,- ասաց նա:

Նման հայտարարություններով վերջին շրջանում հանդես է եկել «Սասնա ծռեր» կուսակցությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում տարբեր ֆորմատներով՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ռուսական բազա, ռուս սահմանապահներ, պետք է կապերը խզել:

«Շատ կարևոր է, որ հայկական կողմն էլ իր հերթին փորձի արձագանքել և ռուսական կողմի հետ քննարկումների, հանդիպումների ժամանակ այդ հարցերը բարձրացնել, որովհետև ամեն դեպքում կան որոշակի անհամաձայնություններ հայ-ռուսական հարաբերություններում: Իսկ այդ անհամաձայնությունները պետք է հնարավորինս շուտ հարթել, որովհետև նման իրավիճակային տարակարծությունները լուծում չգտնեն, որևէ երաշխիք չկա, որ դրանք կուտակվելով չեն վերածվի ավելի լուրջ խնդիրների»,- ընդգծեց Կ. Վերանյանը:

Հակոբ Ասլանյան

https://www.tert.am/am/news/2018/10/17/Karen-veranyan/2821331



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր