• am
  • ru
  • en
Версия для печати
14.08.2018

ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ

   

«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրով Ադրբեջանն իր համար լուծում է մի քանի կարևոր հարցեր: Նախ՝ վերահսկելով կասպյան էներգակիրների զգալի ծավալներ՝ դրանց արդյունահանումից ու շահագործումից ստանում է զգալի ֆինանսական կապիտալ կուտակելու հնարավորություն, երկրորդ՝ ամրապնդում է իր դիրքերը՝ որպես տարածաշրջանային էներգետիկ-տրանսպորտային կարևորագույն հանգույցներից մեկը:

«Երրորդ՝ ուժեղանում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը։ Ըստ էության, այս բոլոր նախադրյալները ավելորդ վստահություն են տալիս Ալիևին՝ ուժեղ դիրքերից խոսելու նաև Արցախյան հիմնահարցում»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։

-Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրի վերաբերյալ ի՞նչ տեսակետ ունեք. արդեն իսկ հնչում են մտահոգություններ այն մասին, որ Ադրբեջանի համար արդյոք ստեղծվում են նպաստավոր պայմաններ ավելի մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը:

-Կասպից ծովի իրավական կարգավիճակը կանոնակարգող հռչակագրի ստորագրման հարցում Հայաստանի փորձագիտական, կարծում եմ նաև՝ քաղաքական դաշտում իսկապես կան մտահոգություններ, և այդ մտահոգությունները հիմնավորված պետք է համարել։ Ի սկզբանե նշեմ, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի սահմանման հարցը, միանշանակ, մոտեցում չուներ մերձկասպյան երկրների շրջանում, ինչի արդյունքում տարիներ շարունակ կողմերին չէր հաջողվում կարգավիճակի վերաբերյալ գալ ընդհանուր հայտարարի։ Հակասությունների պատճառներից էին, իհարկե, էներգետիկ ռեսուրսների բաշխման ու տնօրինման, տարածքային բաժանման, ինչպես նաև քաղաքական, ռազմաքաղաքական նշանակության հիմնահարցերը։ Մտահոգություններն արդարացված պետք է համարել այն առումով, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի ամրագրման հարցում գլխավորապես շահագրգռված էր Ալիևը, ինչի արդյունքում Ադրբեջանը հնարավորություն կստանա ավելի խոշոր ծավալներով մուտք ունենալ դեպի կասպյան ծովի էներգետիկ ռեսուրսների՝ իրեն բաժին ընկնող հատվածին։ Իսկ սա ենթադրում է, որ մեծանում է Ադրբեջանի հնարավորությունները՝ դառնալու դեպի ԵՄ էներգակիրների արտահանման տարանցիկ ու մատակարար հիմնական ուղղություններից մեկը։ Խոսքը, նախ և առաջ, վերաբերվում է նրան, որ այս համաձայնագրով իրականություն է դառնում Տրանսկասպյան գազամուղի կառուցումը, քանի որ դրա իրագորրծման համար անհրաժեշտ էր կասպյան բոլոր 5 պետությունների համաձայնությունը։ Կարծում եմ, որ այս համաձայնագրի ստորագրմամբ Ադրբեջանը մեծ ձեռքբերում ունեցավ՝ հարավկովկասյան այդ երկիրը տարածաշրջանային էներգետիկ կարևորագույն հանգույցներից մեկը ամրագրելու գործընթացում։ Ասեմ ավելին, համաձայնագրի ստորագրումը էապես մեծացնում է Ադրբեջանի տնտեսական-հաղորդակցային գրավչությունը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության համար, որի շրջանակներում Չինաստանը նոր ուղիներ ու հնարավորություններ է որոնում՝ կամրջելու Միջին Ասիան Եվրոպայի հետ։ Համաձայնագրի ստորագրումը, խոշոր հաշվով, մեծ ձեռքբերում է ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ թուրք-ադրբեջանական տանդեմի համար, որը ջանք չի խնայում Հայաստանի տնտեսական շրջափակման գործընթացը խորացնելու համար։ Այս առումով, դժբախտաբար, սույն համաձայնագրով ևս մեկ էական քայլ արվեց այդ ուղղությամբ։

-Հռչակագրի տակ իրենց ստորագրություններն են դրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանուղլի Բերդիմուհամեդովը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ինչպե՞ս կգնահատեք ՌԴ -ի, Իրանի մասնակցությունը` հաշվի առնելով ՀՀ-ի հետ հարաբերությունները: Ստացավում է, փաստացի, Ռուսաստանն ու Իրանը համաձայնել են ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին, սա ինչի՞ հաշվին կարող է լինել:

-Կասպյան բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանն ու Իրանը մշտապես ներգրավված են եղել Կասպից ծովի տարածքային ու ընդերքի բաշխման հիմնահարցերի քննարկումներին ու բանակցություններին։ Հետևաբար, վերը առանձնացված երկու երկրների մասնակցությունը տրամաբանական է։ Այլ հարց է, թե ադրբեջանական կողմին ինչպես հաջողվեց Ռուսաստանի ու Իրանի ղեկավարությանը բերել ընդհանուր համաձայնության և, ի վերջո, ստորագրել այդ համաձայնագիրը, քանի որ, ըստ էության, կասպյան ծովի իրավական կարգավիճակի սահմանման հարցում, որքանով տեղյակ եմ, ժամանակին այնքան էլ շահագրգռված չէին Ռուսաստանն ու Իրանը։ Կարծում եմ՝ Ռուսաստանի ու Իրանի համար առավել կարևոր հարցը եղել է ռազմական, ռազմաքաղաքական բաղադրիչը, այն է՝ չթույլատրել երրորդ երկրի կամ երկրների ռազմական ներկայության հաստատում Կասպից ծովի ավազանում։ Ըստ իս՝ հենց այս հարցի շուրջ կողմերի միջև ընդհանուր համաձայնությունն էլ թույլ է տվել գալ ընդհանուր հայտարարի նաև ծովի ընդերքի բաշխման հարցում՝ ըստ էության էներգակիրների վերահսկման ավելի մեծ ծավալներ ու հնարավորություններ ընձեռելով Ադրբեջանին։

-Ըստ հայաստանյան դիվանագետների` Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթգիծը փոխարինելու է Իրան-Հայաստան երկաթուղուն և այն, ըստ էության, Հայաստանի մեկուսացումն է:

-Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հարցն ինքնին արդեն վիճահարույց է և դեռ գտնվում է քննարկման փուլում։ Իհարկե, երկաթգծի կառուցումը լավ հնարավորություն կլինի Հայաստանի համար՝ դուրս գալու շրջափակման օղակից, սակայն առաջիկա տարիներին երկաթգծի կառուցման հնարավորություն ես չեմ տեսնում՝ տնտեսական, քաղաքական և այլ պատճառներից ելնելով։ Խոշոր հաշվով Ռուսաստանին այսօր անչափ մտահոգում է երրորդ երկրի կամ երկրների ռազմական ներկայության հնարավորության հարցը իր սահմաններին հարակից շրջաններում, ինչից և օգտվեց Ադրբեջանն այս համաձայնագրի ստորագրման տեսքով։

- Հռչակագիրն Արցախյան հիմնախնդրի վրա կարո՞ղ է ազդեցություն ունենալ:

-Ինչ վերաբերում է Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ այս համաձայնագրի հնարավոր անուղղակի փոխազդեցությանը Արցախյան հիմնախնդրի հետ, ապա անհրաժեշտ եմ համարում նշել, որ նախ նման անուղղակի փոխազդեցություն իսկապես կա և երկրորդ՝ այդ փոխազդեցությունը դրական չի անդրադառնա հայկական կողմի համար Արցախյան հիմնախնդրի ու դրա շուրջ բանակցային գործընթացի վրա։ Հարցը շատ պարզ է, համաձայնագրի ստորագրմամբ Ադրբեջանն իր համար լուծում է մի քանի կարևոր հարցեր, նախ՝ վերահսկելով կասպյան էներգակիրների զգալի ծավալներ՝ դրանց արդյունահանումից ու շահագործումից ստանում է զգալի ֆինանսական կապիտալ կուտակելու հնարավորություն, երկրորդ՝ ամրապնդում է իր դիրքերը՝ որպես տարածաշրջանային էներգետիկ-տրանսպորտային կարևորագույն հանգույցներից մեկը, և երրորդ՝ ուժեղանում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան ռազմավարական առանցքը։ Ըստ էության, այս բոլոր նախադրյալները ավելորդ վստահություն են տալիս Ալիևին՝ ուժեղ դիրքերից խոսելու նաև արցախյան հիմնահարցում։

Անի Գևորգյան

http://www.tert.am/am/news/2018/08/13/Karen-Veranyan/2765393



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր