• am
  • ru
  • en
Версия для печати
15.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ

   

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար


Հայաստանյան զարգացումներ. անվտանգային հարցեր

Հայ-թուրքական սահմանային խախտումների հաճախակիացում

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ականատես ենք լինում հայ-թուրքական սահմանի խախտումների հաճախակիացման միտումների, ինչն իսկապես մտահոգիչ է։ Նախորդ տարիների կտրվածքով նույնպես հայ-թուրքական սահմանը զերծ չի եղել Թուրքիայի կողմից սահմանախախտման միջադեպերից, սակայն, որպես կանոն, դրանք չեն առանձնացել այնպիսի հաճախակիությամբ, ինչ տեղի է ունենում ներկայում։ Հայաստանյան փորձագիտական հանրության մի մասը սահմանային խախտումների հաճախակիացման միտումները պայմանավորում է նրանով, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո Թուրքիան փորձում է ստուգել հայ-թուրքական սահմանը վերահսկող ՌԴ սահմանապահ ծառայության զգոնությունը, խոցելիությունը։ Հիշեցնենք, որ սահմանային խախտման դեպքերից մեկի ժամանակ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերված սահմանախախտը բացահայտ հետախուզական առաքելություն ուներ. նրա մոտ հայտնաբերվել էր բջջային հեռախոս, որում առկա էին պետական սահմանին տեղակայված ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ ու ֆայլեր։

Փորձագիտական այլ գնահատականներով՝ հայ-թուրքական սահմանային խախտումները մշտապես ակտիվ են եղել, պարզապես ռուսական կողմը փորձում է ընդգծել Հայաստանում ռուսաստանյան սահմանապահ առաքելության կարևորությունը՝ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշ անհամաձայնությունների համատեքստում։

Լարվածության աճ նախիջևանյան սահմանին

Վերջին ամիսներին լարվածությունն աճեց նախիջևանյան սահմանի գրեթե ողջ երկայնքով։ Սահմանային լարվածությունը չսահմանափակվեց միայն փոխհրաձգություններով, տեղի ունեցան նաև կողմերի դիրքային նոր վերադասավորումներ։ Ադրբեջանը հաղորդում էր Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների, հայկական զինված ուժերից շուրջ 11 հազ. հեկտար տարածք հետ գրավելու, նոր դիրքեր տեղակայելու մասին, ինչը պաշտոնապես հերքեց հայկական կողմը՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինուժը տեղաշարժեր և ինժեներական աշխատանքներ է իրականացնում բացառապես իրենց տարածքում: Ոչ պաշտոնական հաղորդագրություններից և փորձագիտական հիմնական գնահատականների վերլուծությունից ելնելով՝ կարող ենք ենթադրել, որ այս ընթացքում, ընդհանուր վերցրած, նախիջևանյան ուղղությամբ իսկապես երկուստեք տեղ են գտել դիրքային որոշակի վերադասավորումներ, ինչի հետևանքով որոշ հատվածներում շահեկան դիրքեր կարողացել է ձեռք բերել հայկական կողմը, որոշ մասերում՝ հակառակորդը։ Առհասարակ, անհրաժեշտ է հստակեցնել, որ նախիջևանյան միջպետական սահման, որպես այդպիսին, փաստացի, թերևս, գոյություն չունի, ինչն էլ հնարավոր է դարձնում սահմանի այս կամ այն հատվածում դիրքերի վերադասավորումների գործընթացը։ Նախիջևանյան սահմանին տիրող իրավիճակի մտահոգիչ լարվածության մասին էր վկայում սահման պաշտոնական այցելությունների հաճախակիացումը։ Ավելին, հայկական կողմը դիմել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ-դեսպան Անջեյ Կասպշիկի գրասենյակին՝ սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկում կազմակերպելու առաջարկով։ Արձանագրենք նաև, որ այս ամենի արդյունքում նախիջևանյան սահմանային թեմատիկան դարձել է Հայաստանում սահմանային իրադրությունը գնահատող պաշտոնական հաղորդագրությունների մաս (նշվում է «նախիջևանյան սահման» եզրը)։

Հայ-ռուսական հարաբերությունները. նոր միտումներ ՀԱՊԿ շրջանակում

Հայաստանում իշխանությունը ստանձնելու առաջին օրերից վարչապետ Ն.Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ փոփոխություններ չեն նախատեսվում ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններում, ինչը խոշոր հաշվով այսօր տեսնում ենք։ Ասել է թե` շարունակվում է Հայաստանի ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի հետ համագործակցության խորացման նախկին վեկտորը, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել զարգացնել գործակցությունը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում։ Մեծ ուշադրություն է դարձվում ԵՄ-ի հետ համագործակցության զարգացմանը, ԵՄ-ի հետ ստորագրված շրջանակային համաձայնագրի իրագործման գործընթացին։ Կարևորվում է ԱՄՆ գործընկերային համագործակցությունը տարբեր ոլորտներում, հայկական կողմը հետևողական և կիրառական քայլեր է ձեռնարկում նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ։

Այնուհանդերձ, վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատելի էր որոշակի լարվածություն, ինչը, թերևս, պայմանավորված էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ հայկական կողմի նախաձեռնած կալանավորմամբ։ Այստեղ պետք է ընդունել, թերևս, որ կար որոշակի շտապողականություն։ Մյուս կողմից, առկա լարվածությունն ինչ-որ առումով բնականոն է, երբ նոր իշխանությունը փորձում է ճշգրտել իր հարաբերությունները և դիրքորոշումն այս կամ այն երկրի, տվյալ դեպքում՝ ՌԴ-ի հետ։ Ռուսական կողմն, իր հերթին, մտահոգություն ունի, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ առհասարակ ՀԱՊԿ միջազգային հեղինակության վրա, քանի որ Յու.Խաչատուրովի կալանավորման որոշումը կայացվել էր վերջինիս պաշտոնավարման ընթացքում։ Նշենք, որ չնայած արտաքին տարբեր ազդակներով և լծակներով փորձեր էին կատարվում արհեստականորեն սրացում հաղորդել հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում առկա քաղաքական անհամաձայնություններին, ընդհանուր վերցրած՝ դրանք կրում են զուտ իրավիճակային նշանակություն և չեն կարող ունենալ ռազմավարական-հեռանկարային հետևանքներ երկկողմ դաշնակցային ռազմավարական համագործակցության ընդհանուր տրամաբանության վրա։

Յու.Խաչատուրովի հնարավոր փոխարինման գործընթացից, որը նախաձեռնվել է հայկական կողմից, հասկանալի պատճառներով առաջին հերթին կձգտեն օգտվել Անկարան և Բաքուն: Ա.Լուկաշենկոյի և Ն.Նազարբաևի աջակցությամբ փորձեր կարվեն հնարավորինս ձգձգել և տապալել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայկական կողմի հաջորդ թեկնածուի առաջադրումը՝ միևնույն ժամանակ ճնշումներ գործադրելով Մոսկվայի վրա: Վերջերս կայացած Վ.Պուտին-Ա.Լուկաշենկո հանդիպման քննարկման հարցերից մեկն էլ վերաբերում էր ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի շուրջ զարգացումներին։ Ա.Լուկաշենկոն ակնարկել էր, որ ՀԱՊԿ-ում ժամանակին առաջարկվում էին կառույցի գլխավոր քարտուղարի համար այլ թեկնածություններ, սակայն Մոսկվան այդպես էլ ականջալուր չեղավ դրանց։ Նման հայտարարությունն սպասելի էր այն առումով, որ Յու.Խաչատուրովի շուրջ ծագած աղմուկը լավ առիթ է ՀԱՊԿ անդամներ Բելառուսի, Ղազախստանի համար՝ Ռուսաստանի հետ ունեցած իրենց խնդիրները կամ հակասությունները բարձրաձայնելու իմաստով։ Հիշեցնենք, որ մինչ Ա.Լուկաշենկոն, Յու.Խաչատուրովի գործի հետ կապված իր «մտահոգությունն» էր հայտնել նաև Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևը։ Ավելին, թե՛ Բելառուսում, թե՛ Ղազախստանում կա որոշակի շահագրգռվածություն առ այն, որ խնդրի շահարկումը լավ հնարավորություն է ՀԱՊԿ-ում թուլացնելու Հայաստանի դիրքերը՝ դրանով իսկ ամրապնդելով իրենց դաշնակիցների՝ թուրք-ադրբեջանական տանդեմի անուղղակի քաղաքական ազդեցությունը։

Եվ ամենևին էլ զուգադիպություն չէ, որ Բաքվում հենց հիմա են սկսել ակտիվ քննարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը։ Նախ՝ ադրբեջանցիներն, իրենց հերթին, փորձում են օգտվել հայ-ռուսական քաղաքական հարաբերություններում առկա լարվածությունից և ազդել ՀԱՊԿ գործըթնացների վրա՝ ընդհուպ մինչև կառույցին անդամակցությունը։ Երկրորդ՝ հարևան երկրում ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցի բարձրացումը, անշուշտ, նաև պայմանավորված է Յու.Խաչատուրովի անվան հետ կապված միջադեպով։ Յու.Խաչատուրովի կալանման գործը թե՛ ՀԱՊԿ-ի ներսում, թե՛ նրանից դուրս գործող որոշ շահագրգիռ ուժեր կարող են օգտագործել առհասարակ ՀԱՊԿ՝ որպես ռազմաքաղաքական տարածաշրջանային կառույցի հեղինակությունը վարկաբեկելու նպատակով, ինչը մտահոգում է ռուսական կողմին։ Հիշեցնենք, որ վերջերս Բաքվում կայացել էր հասարակական քննարկում՝ նվիրված ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը: Քննարկման ժամանակ Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր, Ռուսաստան-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության ղեկավար Ալի Հուսեյնլին հայտարարել է, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում չպետք է բացառել Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին միանալու հավանականությունը։ Նրա բնորոշմամբ, «ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության դեպքում արցախա-ադրբեջանական հակամարտությունը ՌԴ-ի համար կվերածվի ՀԱՊԿ անդամ երկու գործընկերների միջև հակամարտության, և դրանում ՌԴ-ն ակտիվանալու հիմքեր կունենա»:

Եվ իսկապես, ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հավանականությունը նախկինի համեմատ մեծացել է։ Անցած տարիներին նման թեմա, թերևս, չէր քննարկվում անգամ հասարակական-քաղաքական մակարդակով, իսկ հիմա ոչ միայն արծարծվում է երկրի ներսում, այլև առհասարակ բերվում է տարածաշրջանային մակարդակ: ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության հետ կապված հայտարարությունները դեռ չեն նշանակում, թե վերջնական, թեկուզ ֆորմալ առումով կողմերի միջև կոնսենսուս կա, բայց, ամեն դեպքում այն, որ հարցը քննարկման փուլում է, պետք է արձանագրել:

Հիմք ընդունելով վարչապետ Ն.Փաշինյանի հայտարարությունները` զարգացնելու և է՛լ ավելի արդյունավետություն հաղորդելու գործակցությանը ՌԴ-ի հետ` կարծում ենք, որ հայ-ռուսական առաջիկա հարաբերությունները կլինեն առավել պրագմատիկ-կառուցողական, թիրախային, ինչը, թերևս, հենված կլինի փոխշահավետ սկզբունքների վրա։

Տարածաշրջանային զարգացումներ

Կասպից ծովի իրավական կարգավիճակը սահմանող համաձայնագիրը

Օգոստոսի 12-ին կասպյան 5 երկրները երկարատև բանակցություններից հետո վերջապես կարողացան գալ համաձայնության Կասպից ծովի ընդերքի և բնական ռեսուրսների օգտագործման, ինչպես նաև դրա մակերեսի բաշխման հարցերում1։ Նշենք, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակը սահմանող համաձայնագրի ստորագրման հարցում նշյալ 5 պետություններից, թերևս, ամենաշահագրգիռ կողմը Ադրբեջանն էր՝ իր էներգետիկ ռեսուրսների ընդլայնման հնարավորությունների ակնկալիքով։ Այս տեսանկյունից, ստորագրված հռչակագիրը Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան առանցքի ռազմավարական հաղթանակն էր։ Կասպից ծովի իրավական կարգավիճակի սահմանման հարցը միանշանակ մոտեցում չուներ մերձկասպյան երկրների շրջանում, ինչի արդյունքում տարիներ շարունակ կողմերին չէր հաջողվում գալ ընդհանուր հայտարարի։ Հակասությունների պատճառներից էին էներգետիկ ռեսուրսների բաշխման և տնօրինման, տարածքային բաժանման, ինչպես նաև քաղաքական, ռազմաքաղաքական նշանակության հիմնահարցերը։

Եվ այսպես, Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրով Ադրբեջանն իր համար լուծում է մի քանի կարևոր հարց: Նախ՝ համաձայնագրով հնարավորություն ստանալով վերահսկել կասպյան էներգակիրների անհամեմատ ավելի խոշոր ծավալներ՝ դրանց արդյունահանումից և շահագործումից ստանում է զգալի ֆինանսական կապիտալ կուտակելու հնարավորություն, երկրորդ՝ ամրապնդում է իր դիրքերը՝ որպես տարածաշրջանային էներգետիկ-տրանսպորտային կարևոր հանգույց, երրորդ՝ ուժեղանում է Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան էներգետիկ-ռազմավարական առանցքը։ Ըստ էության, այս բոլոր նախադրյալները վստահություն են տալիս Ի.Ալիևին՝ մեծացնել երկրի տարածաշրջանային կշիռը, ինչն, իր հերթին, հնարավորություն է տալիս վերջինիս առավել ամուր դիրքերից խոսել հայ-ադրբեջանական դիմակայությունում, մասնավորապես՝ արցախյան հիմնահարցում։

Կասպյան հռչակագրի ստորագրման հարցում Հայաստանի փորձագիտական, նաև քաղաքական դաշտում իսկապես կան մտահոգություններ, և այդ մտահոգությունները հիմնավորված պետք է համարել այն առումով, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի ամրագրմամբ, ինչպես նշվեց, գլխավորապես շահագրգռված էր Ի.Ալիևը։ Իսկ սա ենթադրում է, որ մեծանում են Ադրբեջանի հնարավորությունները՝ դառնալու դեպի ԵՄ էներգակիրների արտահանման տարանցիկ և մատակարար հիմնական ուղղություններից մեկը։ Խոսքը վերաբերում է նրան, որ այս համաձայնագրով իրականություն է դառնում Տրանսկասպյան գազամուղի լիակատար կառուցումը, քանի որ դրա իրագործման համար անհրաժեշտ էր կասպյան բոլոր 5 պետությունների համաձայնությունը։

Ավելին, համաձայնագրի ստորագրումն էապես մեծացնում է Ադրբեջանի տնտեսական-հաղորդակցային տարածաշրջանային գրավչությունը չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության համար, որի շրջանակներում Չինաստանը նոր ուղիներ և հնարավորություններ է որոնում՝ կամրջելու Միջին Ասիան Եվրոպայի հետ։ Համաձայնագրի ստորագրումը մեծ ձեռքբերում է ոչ միայն Ադրբեջանի, այլև թուրք-ադրբեջանական տանդեմի համար, որը ջանք չի խնայում Հայաստանի տնտեսական շրջափակման գործընթացը խորացնելու համար։ Դժբախտաբար, սույն համաձայնագրով ևս մեկ էական քայլ արվեց այդ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է կասպյան մյուս երկրների ունեցած շահերին, ապա նշենք, որ, փաստացի, Ռուսաստանն ու Իրանը համաձայնել են ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին։ Իսկապես կարևոր հարց է, թե ադրբեջանական կողմին ինչպես հաջողվեց Ռուսաստանի և Իրանի ղեկավարությանը բերել ընդհանուր համաձայնության և, ի վերջո, ստորագրել այդ համաձայնագիրը, քանի որ, ըստ էության, Կասպից ծովի իրավական կարգավիճակի սահմանման հարցում ժամանակին, մեղմ ասած, շահագրգռված չէին Մոսկվան ու Թեհրանը։ Ըստ ամենայնի, ՌԴ-ի և Իրանի համար առավել կարևոր է եղել ռազմական, ռազմաքաղաքական բաղադրիչը, այն է՝ չթույլատրել երրորդ երկրի կամ երկրների ռազմական ներկայության հաստատում Կասպից ծովի ավազանում, ինչն առանձին կետով ամրագրված է սույն համաձայնագրում։ Հենց այս հարցի շուրջ կողմերի միջև փոխհամաձայնությունն էլ թույլ է տվել գալ ընդհանուր հայտարարի նաև ծովի ընդերքի բաշխման հարցում, ըստ էության՝ էներգակիրների վերահսկման ավելի մեծ ծավալներ և հնարավորություններ ընձեռելով Բաքվին։

Մերկելի այցը Հարավային Կովկաս. հիմնական արդյունքներ

Թե՛ հայաստանյան և թե՛ օտարերկրյա մեդիա-դաշտում և փորձագիտական շրջանակներում շարունակվում են քննարկումները Գերմանիայի կանցլեր Ա.Մերկելի Հարավային Կովկաս կատարած այցելության շուրջ: Այցը պետք է դիտարկել երկու հարթությունում՝ տարածաշրջանային և առանձին վերցրած՝ երկկողմ միջպետական հարաբերություններ: Տարածաշրջանային առումով Ա.Մերկելի այցն ընդգծում է Գերմանիայի առանձնահատուկ շահերի առկայությունը Հարավային Կովկասում: Հարցն առնչվում է աշխարհաքաղաքական իրողությունների, մասնավորապես՝ ԱՄՆ-Գերմանիա, ՌԴ-Գերմանիա հարաբերություններին: Դժվար չէ նկատել, որ Թուրքիայի, ՌԴ-ի և Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը միանշանակ ընկալում չունի ԵՄ-ում, և սա լավ հնարավորություն է այս այցով շեշտադրելու տարածաշրջանի կարևորությունը Գերմանիայի համար: Այցելությունն իրականացվում է մի տարածաշրջան, որտեղ ուղղակի շահեր ունեն ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը:

Կանցլերի այցից սպասելիքները տարբեր էին երեք երկրներում էլ` ելնելով վերջիններիս, ինչպես և Գերմանիայի քաղաքական առաջնահերթություններից։ Առավել շահեկան դիրքում, թերևս, հայտնվեց Վրաստանը՝ ստորագրելով շուրջ $200 մլն-ի համաձայնագիր2։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Ա.Մերկելի այցից այդ երկրի իշխանությունների ունեցած սպասելիքներին, այս առումով կառանձնացնեինք երկու հիմնական ուղղություն. առաջին` Գերմանիայի համար Ադրբեջանը կարևորություն է ներկայացնում որպես էներգետիկ տրանսպորտային միջանցք, որը կարող է թուլացնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։ Հարցն իրապես ակտուալացել է կասպյան համաձայնագրի ստորագրումից հետո, ինչի արդյունքում Ադրբեջանն անհամեմատ մեծ հնարավորություններ է ստանում՝ օգտվելու Կասպից ծովի ընդերքից և էլ ավելի ընդգծելու իր դերը որպես տարածաշրջանի էներգետիկ կարևոր հանգույցներից մեկը։ Այս տեսանկյունից, կարծում ենք, Ադրբեջանի սպասելիքներն արդարացված են։ Երկրորդ հարցը վերաբերում է արցախյան հիմնախնդրին, որին Ադրբեջանը մշտապես ձգտում է տալ միջազգային հնչեղություն` իր շահերից ելնելով։ Թեև Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և Ա.Մերկելը հայտարարել է, որ իր երկիրը արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում կարող է վերցնել ավելի լայն պատասխանատվություն, այդուհանդերձ, նշենք, որ ներկայում, թերևս, չկան հիմնախնդրում Գերմանիայի ներգրավման խորացման նպաստավոր նախադրյալներ։ Հայաստանյան այցով Գերմանիան վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ ստորագրված շրջանակային համաձայնագրի իրագործման հարցում, ինչը, պետք է խոստովանել, ավելի շուտ դեկլարատիվ և արարողակարգային բնույթ ուներ, քան կիրառական նշանակություն, քանի որ այդ հարցում գնդակը, ըստ էության, հայկական դաշտում է։ Հայաստանը կարևորվում է Գերմանիայի կողմից նաև որպես հետխորհրդային տարածքում բացառիկ երկիր, որը կարողացել է համադրել ԵԱՏՄ և ԵՄ համագործակցային ձևաչափերը, ինչի մասին խոսվեց նաև Ա.Մերկելի Երևան այցելության ընթացքում։

Տարածաշրջանային գործընթացները ԱՄՆ պատժամիջոցների համատեքստում

Հարավկովկասյան և մերձակա տարածաշրջանն առաջիկայում գտնվելու է ամերիկյան տնտեսական ճնշումների ներքո։ Վաշինգտոնի կողմից աահմանվում են տնտեսական փուլային պատժամիջոցներ Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, ամերիկացի հոգևորականի գործով տնտեսական անկայունության փուլ է մտնում Թուրքիան, այս ամենի տնտեսական հետևանքները տրամաբանորեն չեն շրջանցի հարավկովկասյան երկրները։ Կարելի է կանխատեսել, որ տարածաշրջանի ուղղությամբ տնտեսական ճնշումները կմոբիլիզացնեն հակաիսրայելական հասարակական-քաղաքական բևեռը, լարվածությունը կմեծանա պաղեստինա-իսրայելական ճակատում, նոր խմորումներ կլինեն Սիրիայում։ Արդեն իսկ այդ ուղղությամբ ընթանում են որոշակի գործընթացներ։

Իրան-Սիրիա ռազմական համաձայնագիրը և հակաքայլերը

Օգոստոսի վերջին պաշտոնական այցով Սիրիայում էր Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին։ Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին խորացնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, պաշտպանական ոլորտում3։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Սիրիային նաև սպառազինությունների մշակումների հարցում։ Իրանի պաշտպանության նախարարի այցը Սիրիա խորհրդանշական է հետևյալ իմաստով. նախ՝ Թեհրանն այս այցով ձգտում է շեշտադրել, որ չնայած ամերիկյան տնտեսական պատժամիջոցների սահմանմանն ու Իրանի տնտեսության վրա դրա հնարավոր շոշափելի բացասական հետևանքներին՝ Իրանը շարունակում է պահպանել ռազմական, ռազմաքաղաքական ներկայությունն ու դիրքերը Սիրիայում, Մերձավոր Արևելքում և չի պատրաստվում ընկրկել Իսրայելի և ԱՄՆ ճնշումների ներքո։ Երկրորդ՝ իրանական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ պահպանել Սիրիայում ՌԴ-ի և Թուրքիայի հետ համատեղ հակաահաբեկչական պայքարի եռակողմ ձևաչափը։ Զուգադիպություն չէր այն, որ Իրանն օգոստոսի 21-ին Թեհրանում կայացած ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացրեց սեփական արտադրության առաջին կործանիչը՝ «Քովսար»-ը։ Սեպտեմբերի սկզբին իրանական կողմը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որ երկիրը մտադիր է հարստացնել սեփական հրթիռային ներուժը, ինչպես նաև մեծացնել կործանիչների և սուզանավերի թիվը:

Առանձնակի կարևորություն ուներ օգոստոսի կեսերին կայացած Ս.Լավրով-Մ.Չավուշօղլու հանդիպումը, որի առանցքային թեման ամերիկյան պատժամիջոցներն էին և դրանց հակազդման հնարավոր համատեղ քայլերը։ Ռուսաստանը և Թուրքիան կձգտեն ռազմաքաղաքական հարթությունում զսպել ամերիկյան ազդեցությունը Սիրիայում և Մերձավոր Արևելքում, այդ տրամաբանությունը կանդրադառնա նաև հարավկովկասյան տարածաշրջանի ընթացիկ զարգացումների վրա։ Երկկողմ բանակցային կարևոր հարցերից մեկը կշարունակի մնալ համատեղ տնտեսական հակաքայլերի մշակման բլոկը։ Կարելի է ենթադրել, որ առաջիկայում նման երկկողմ, եռակողմ (նաև Իրանի մասնակցությամբ) հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը նշյալ պետությունների համար ավելի քան պահանջված կլինի։

Ուշագրավ էր Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հայտարարությանը, որում վերջինս դատապարտել է ԱՄՆ պատժիչ գործողությունները Թուրքիայի նկատմամբ։ Նրա բնորոշմամբ, «ՆԱՏՕ գծով իր դաշնակից Թուրքիային տնտեսական վնաս պատճառելու ցնծությունն ամոթալի է։ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի պատժամիջոցների և հալածման հակվածությունից, հակառակ դեպքում ամբողջ աշխարհը կհամախմբվի, որ ստիպի նրան դա անել, և խոսքը միայն բանավոր հանդիմանության մասին չէ։ Մենք մեր հարևանների կողքին ենք կանգնել անցյալում, կկանգնենք նաև հիմա»։ Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 2 անգամ բարձրացնել թուրքական ալյումինի և պողպատի մաքսատուրքերը, որ դրանք կազմեն համապատասխանաբար 20% և 50%։

Ռուսական կողմն, իր հերթին, քայլեր է ձեռնարկում՝ դիմակայելու ամերիկյան սահմանափակումներին՝ ներքին և արտաքին դաշտերում։ ՌԴ-ի համար կարևոր ձեռքբերում պետք է համարել այն, որ վերջերս Մոսկվան Սաուդյան Արաբիայի հետ համաձայնության եկավ` կոորդինացնելու համաշխարհային շուկայում էներգակիրների արդյունահանման ծավալների և դրանց գների կայունացման հարցերը։

ԵՄ դիրքորոշումը

Իրանի և ՌԴ-ի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները միանշանակ չեն ընկալվում նաև ԵՄ-ում։ ԵՄ-ը փորձում է հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն վարել Իրանի հարցում և ուղղակիորեն չհետևել ամերիկյան պատժամիջոցների սահմանման տրամաբանությանը։ ԵՄ-ը ճիշտ և պրագմատիկ դիրքորոշում է որդեգրել այդ հարցում և, ըստ էության ուղղակիորեն չի սատարում ամերիկյան պատժամիջոցներին, քանի որ դրանից տուժում են մի շարք եվրոպական ընկերություններ, որոնք տնտեսական շահեր ունեն Իրանում։ Ավելին, վերջերս Եվրահանձնաժողովը հավանություն էր տվել €18 մլն-ի օգնության առաջին փաթեթի հատկացմանը` Իրանի տնտեսական և սոցիալական զարգացմանն աջակցելու նպատակով։ Ի դեպ, սա ԵՄ-ից նախատեսվող ֆինանսական աջակցության առաջին փաթեթն է. ընդհանուր առմամբ ԵՄ-ը նախատեսում է Իրանին տրամադրել €50 մլն։ Նշենք, որ Իրանին հատկացվող ֆինանսական աջակցությունն իրականացվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանագրի շրջանակներում։ ԱՄՆ Պետդեպարտամենտում այս քայլը որակվեց որպես «սխալ ազդանշան ոչ հարմար պահին»։ Պետդեպարտամենտում վստահ են, որ եվրոպական հարկատուների կողմից Իրանին ցուցաբերվող ֆինանսական զգալի աջակցությունը կամրապնդի Իրանի «ռեժիմի» դիրքերը, ինչպես նաև կճնշի Իրանի արտաքին քաղաքականությունում հնարավոր փոփոխությունները։

Ուշագրավ էր օգոստոսի 27-ին Ֆրանսիայի նախագահ Է.Մակրոնի հայտարարությունը, ըստ որի՝ Ֆրանսիան ջանքեր է գործադրում Եվրոպական պաշտպանական պլանի զարգացման հարցում։ Նա նաև նշել է, որ եվրոպական պաշտպանության և անվտանգության ապահովման հարցերում Եվրոպան չպետք է այդքան շատ հույսեր ու վստահություն կապի Միացյալ Նահանգների հետ»։ Է.Մակրոնի խոսքերով, «եվրոպական երկրները պետք է ինքնուրույնաբար զբաղվեն սեփական անվտանգության հարցերով, և դրա համար անհրաժեշտ է այդ հարցում ներգրավել նաև Ռուսաստանին»4։

Արևմտյան փորձագետների գնահատմամբ՝ Մոսկվայի և Թեհրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները կարող են բացասաբար անդրադառնալ այլ երկրների տնտեսությունների վրա նույնպես: ՌԴ-ի նկատմամբ նախատեսվող տնտեսական սահմանափակումների փաթեթը, որը քննարկվում է ԱՄՆ Կոնգրեսում, կարող է բացասական հետևանքներ թողնել, այդ թվում՝ եվրոպական նավթագազային ընկերությունների վրա, ինչպես նաև Միացյալ Նահանգներից բարձրտեխնոլոգիական արտադրանքների արտահանումների ուղղությամբ, ինչն էլ կարող է հանգեցնել շուկայի քաոսի:

Ավելի վաղ՝ ս.թ. գարնանը, նախագահ Դ.Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ էր սահմանել ռուսաստանյան 38 գործիչների և ընկերությունների նկատմամբ5: Նրանց մի մասը բարձրաստիճան պաշտոնյաներ են: Այդ ցուցակում են հայտնվել նախագահ Վ.Պուտինի մերձավոր շրջապատից՝ օլիգարխ Օլեգ Դերիպասկան և նրան պատկանող 12 ընկերությունները, 17 ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև զինամթերքի վաճառքով զբաղվող ռուսական պետական ընկերություններից մեկը: Պատժամիջոցները կարգելափակեն ռուս օլիգարխների բոլոր այն միջոցները, որոնք գտնվում են ամերիկյան կողմի իրավասության ներքո: ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է որևէ գործունեություն ծավալել պատժամիջոցների ենթարկված կառույցների կամ անձանց հետ: Պատժամիջոցները տարածվում են նաև այն ընկերությունների վրա, որոնց բաժնետոմսերի կեսը պատկանում է պատժամիջոցների ենթարկված անձին: Մասնավորապես, բերվում է Օլեգ Դերիպասկայի և նրա ալյումինի արտադրության ընկերության նկատմամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից կոշտ պատժամիջոցների նախաձեռնման օրինակը, ինչի հետևանքով արևմտյան հաճախորդները դադարեցին գնել վերջինիս հսկողության ներքո գտնվող արտադրանքը՝ դրանով իսկ զգալի վնաս հասցնելով բաժնետոմսերի գների ուղղությամբ: Արդյունքում՝ ալյումինի համաշխարհային գներն աճեցին՝ չշրջանցելով ամերիկյան և եվրոպական ընկերությունները:

ԱՄՆ ռազմաքաղաքական ճնշումները

Դ.Թրամփի վարչակազմը ՌԴ-ի և Իրանի նկատմամբ տնտեսական սահմանափակումներին զուգահեռ՝ ակտիվացնում է դրանց ճնշումներն այդ թվում և ռազմաքաղաքական, անվտանգային տիրույթում։ Մասնավորապես, Վաշինգտոնը դիտարկում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը6: Ընդհանրապես, որևէ անսպասելի բան չկա այս հայտարարությունում, քանի որ վերջին տարիներին ՆԱՏՕ-Ուկրաինա համագործակցության խորացող տեմպերը վաղ թե ուշ բարձրացնելու էին կառույցին հետխորհրդային այդ պետության անդամակցության հարցը։

Ռուսական կողմն, իր հերթին, բավական խանդով է մոտենում ՆԱՏՕ-Վրաստան, ՆԱՏՕ-Ուկրաինա համագործակցության խորացման հարցերին, առավելևս՝ եթե խոսվում է նշյալ կառույցին հետխորհրդային այդ հանրապետությունների անդամակցության հարցի մասին։ Ի դեպ, սա այն սահմանագիծն է, որտեղ հետքայլը ճակատագրական կարող է լինել Ռուսաստանի համար, քանի որ հետխորհրդային տարածքը Մոսկվան ընկալում է որպես իր ազդեցության անմիջական գոտի։ Ուստի, տրամաբանական է, որ այդ տարածքում երրորդ երկրների ռազմական կամ ռազմաքաղաքական ներկայության ամրապնդումը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի, Կրեմլում ընկալվում է որպես ռազմավարական նշանակության մարտահրավեր երկրի պաշտպանական անվտանգության համար։ Այս տեսանկյունից, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի կամ Վրաստանի հնարավոր անդամակցության հարցի բարձրացումը Վաշինգտոնում բացասական հետևանքներ կունենա ոչ միայն Ուկրաինա-ՌԴ, կամ Վրաստան-ՌԴ երկկողմ փոխհարաբերությունների հետագայի առումով, այլև լուրջ մարտարհարվերներ և ռիսկեր է պարունակում ողջ հարավկովկասյան տարածաշրջանի կայունության և անվտանգության պահպանման համար։ Ռուսաստանում շատ լավ գիտակցում են, որ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի և, առավելևս, Վրաստանի համագործակցության խորացումը բևեռացնում է ոչ միայն ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում առկա խնդիրները, այլև հնարավորություն է ստեղծում ի հաշիվ ռուսական կողմի ամրապնդելու ՆԱՏՕ կարևոր մեկ այլ անդամի՝ Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում։

Հավելենք, որ օրեր անց Ջ.Բոլթոնի վերոնշյալ հայտարարությանը հաջորդեց Դոնեցկի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվեց ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է «Սեպար» ռեստորանում՝ Դոնեցկի կենտրոնում, ԴԺՀ առաջնորդի առանձնատնից քիչ հեռու:

Հետևություններ

Հարավկովկասյան գործընթացները զարգանալու են տարածաշրջանային առանցքային տերությունների՝ Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նկատմամբ սահմանվող ամերիկյան տնտեսական սահմանափակումների տրամաբանության ներքո։ Նման իրադրության բացասական հետևանքներից, կարճաժամկետ, գուցե միջնաժամկետ տեսլականում, թերևս, չեն խուսափի հարավկովկասյան երկրները։ Օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ առավել խնդրահարույց է հատկապես Հայաստանի վիճակը, որը, երկու հարևանների կողմից գտնվելով շրջափակման մեջ, կունենա նաև առևտրային և կոմունիկացիոն խնդիրներ մյուս՝ իրանական ուղղությամբ։ Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը բացասաբար կանդրադառնա նաև հայ-իրանական առևտրաշրջանառության վրա, հարցականի տակ կարող է դրվել նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու հետագա զարգացման հարցը։ Նշենք, որ սահմանված պատժամիջոցները տարածվում են ոչ միայն իրանական կազմակերպությունների վրա, այլև դրանցից կտուժեն այն բոլոր արտերկրյա ընկերությունները, որոնք գործակցում են Իրանի հետ։ ՀՀ տնտեսության վրա բացասական հետք կթողնեն նաև ռուսական ռուբլու տատանումները, կկրճատվեն ՌԴ-ից ՀՀ տրանսֆերտների ծավալները։

Այս ամենի համատեքստում, մեղմ ասած, ամենևին «սպասված» չէր Վրաստանի ղեկավարության որոշումը, ըստ որի՝ ս.թ. սեպտեմբերի 15-ից ՌԴ-ից Վրաստանի տարածքով դեպի ՀՀ ցորենի ցամաքային ներկրման վրա արգելք է սահմանվում։ Բարեբախտաբար, հարցն առժամանակ կարգավորվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության որոշմամբ, որով 2018թ. սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ–ՀՀ հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով, ինչի հետևանքով հնարավոր կլինի փաստացի խուսափել ցորենի թանկացումից։

1 Конвенция о правовом статусе Каспийского моря, http://www.kremlin.ru/supplement/5328

2 Меркель заверила Грузию в подписании соглашений почти на 200 млн евро, http://vestikavkaza.ru/material/240314?utm_source=yxnews&utm_medium=desktop

3 Иран и Сирия заключили новое военное соглашение, https://vpk.name/news/226427_iran_i_siriya_zaklyuchili_novoe_voennoe_soglashenie.html

4 El Mundo: Макрон за включение России в систему европейской обороны, http://www.inosmi.info/el-mundo-makron-za-vklyuchenie-rossii-v-sistemu-evropeyskoy-oborony.html

5 США ввели санкции против 38 российских бизнесменов, официальных лиц и компаний, https://www.novayagazeta.ru/news/2018/04/06/140793-ssha-vveli-sanktsii-protiv-38-rossiyskih-biznesmenov

6 Болтон о вступлении Украины в НАТО: Прогресс есть, https://korrespondent.net/world/worldabus/4004154-bolton-o-vstuplenyy-ukrayny-v-nato-prohress-est

Սեպտեմբեր, 2018թ.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր