• am
  • ru
  • en
Версия для печати
10.09.2025

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԴԱՌՆԱ ԱՅՆՊԻՍԻ ԵՐԱՇԽԱՎՈՐ, ԻՆՉՊԻՍԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է. Սերգեյ Շաքարյանց

   

«Իրավունք»-ը զրուցել է անկախ քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ, ով ներկայացնում է իր վերլուծությունը եւ գնահատականները ինչպես Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակի, այնպես էլ` տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ԱՊԱՎԻՆԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ»

— Վերջին շրջանում շատ է խոսվում ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունների լարվածության մասին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս հակասությունը մեր տարածաշրջանի եւ, մասնավորապես՝ Հայաստանի համար։

— ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունների լարվածությունը նոր երեւույթ չէ, այլ` ավելի խորքային գործընթացի արտահայտություն։ Այսօր մենք ականատես ենք լինում այն բանին, որ Արեւմուտքի ներսում, որտեղ թվում էր՝ կա միասնական դիրքորոշում, իրականում առկա են հակասություններ։ Ֆրանսիան՝ լինելով եվրոպական առանցքային պետություն, միշտ փորձել է իր ազդեցությունը պահել ոչ միայն Եվրոպայում, այլեւ Մերձավոր Արեւելքում ու Աֆրիկայում։ Միացյալ Նահանգները, հակառակը՝ փորձում է ամեն տեղ պահել գերիշխան դիրքը։ Հայաստանի տեսանկյունից այս հակասությունները երկու հիմնական հետեւանք ունեն։

Առաջին՝ Արեւմուտքը հաճախ չի կարողանում հանդես գալ միասնական ճակատով։ Սա նշանակում է, որ մեզ ուղղված ուղերձները երբեմն հակասական են լինում։ Օրինակ՝ Ֆրանսիան կարող է հայտարարել Հայաստանի աջակցման մասին, բայց ԱՄՆ-ը նույն պահին կարող է այլ առաջնահերթություն ունենալ՝ կապված իր գլոբալ շահերի հետ։

Երկրորդ՝ նման հակասությունները ցույց են տալիս, որ Հայաստանը չի կարող ամբողջապես ապավինել Արեւմուտքին։ Այստեղ անհրաժեշտ է դիվանագիտական ճկունություն, բայց նաեւ իրատեսություն։ Մեր անվտանգությունն ու տարածաշրջանային կայունությունը չեն կարող կախված լինել այնպիսի դերակատարներից, որոնք իրենք իրենց մեջ չեն համաձայնեցնում ռազմավարությունը։

Հայաստանի համար կենսական նշանակություն ունի գիտակցել՝ Արեւմուտքը երբեք չի դառնա այնպիսի երաշխավոր, ինչպիսին Ռուսաստանն է եղել մեր պատմության մեջ։ Ֆրանսիայի հայտարարությունները կարելի է ընկալել որպես բարոյական աջակցություն, բայց դրանց հետեւում շատ հաճախ գործնական ուժ չի լինում։ Իսկ Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում մշտապես դիտարկել է միայն սեփական շահերը՝ առանց իրականում խորքային լուծումներ առաջարկելու։

Այս համատեքստում մենք պետք է ավելի սառը նայենք գործընթացներին. ԱՄՆ-Ֆրանսիա լարվածությունը ցույց է տալիս Արեւմուտքի անկարողությունը համատեղ ռազմավարություն մշակելու։ Իսկ Հայաստանը պետք է իր ապագան կառուցի ավելի ամուր ու ստաբիլ գործընկերների հետ՝ առաջին հերթին Ռուսաստանի։

— Շատ է քննարկվում Ռուսաստանի տնտեսական մեթոդների եւ տարածաշրջանային քաղաքականության հարցը։ Որոշ շրջանակներ պնդում են, թե Մոսկվան փորձում է ճնշում գործադրել Երեւանի վրա։ Ինչպե՞ս կգնահատեք այս մոտեցումները։

— Ռուսաստանի տնտեսական քաղաքականությունը հաճախ սխալ է մեկնաբանվում Հայաստանում։ Շատերը փորձում են այն ներկայացնել որպես ճնշում, սակայն իրականում մենք գործ ունենք համակարգային մեթոդաբանության հետ։ Ռուսաստանը, լինելով մեր հիմնական տնտեսական եւ ռազմավարական գործընկերը, մշտապես ձգտել է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան Հայաստանին ինտեգրվել եվրասիական տարածքին։

Անշուշտ, կան որոշակի մեխանիզմներ, որոնք մեր հասարակությանը կարող են թվալ որպես սահմանափակում։ Բայց եկեք անկեղծ լինենք. Հայաստանի տնտեսության հիմնական հատվածները կապված են ռուսական շուկայի հետ։ Եթե Հայաստանը այսօր արտահանում է իր գյուղատնտեսական արտադրանքը, եթե էներգակիրները հասնում են մեր երկիր հասանելի գնով, ապա դա հենց Ռուսաստանի շնորհիվ է։

Ռուսաստանի տնտեսական մեթոդները կառուցված են փոխադարձ շահի հիման վրա։ Այո, Ռուսաստանը պաշտպանում է իր ազգային շահերը, բայց, միեւնույն ժամանակ, նա գիտակցում է, որ Հայաստանի կայունությունն ու անվտանգությունը նաեւ իր շահերից է բխում։ Այս համատեքստում պետք է հիշենք Ալթայի բանակցությունների կարեւորությունը, որտեղ հենց Ռուսաստանի միջնորդությամբ փորձ էր արվում լուծումներ գտնել։

Բացի այդ, տնտեսական մեթոդները երբեք չպետք է դիտարկվեն որպես պատժամիջոցներ։ Ռուսաստանը Հայաստանում ներդնում է ռեսուրսներ՝ սկսած ռազմավարական ենթակառուցվածքներից մինչեւ հումանիտար ծրագրեր։ Եվ պետք է գիտակցել, որ նման ներդրումները ոչ թե ճնշման, այլ աջակցության ձեւ են։

Ես բազմիցս նշել եմ եւ կրկնում եմ. Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ առանց Ռուսաստանի։ Այլընտրանքային տարբերակներ պարզապես չկան։ Արեւմուտքը խոստանում է, բայց իրական ներդրումներ մենք չենք տեսնում։ Իսկ Ռուսաստանը արդեն երկու դար մեզ հետ է՝ իր ռեսուրսներով, իր շուկաներով, իր քաղաքական աջակցությամբ։

«ՌԴ-Ն ՄԻԱԿ ԵՐԿԻՐՆ Է, ՈՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՅՈՒԹՅԱՄԲ»

— Ինչպե՞ս եք գնահատում Իրանի գործոնը Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանային հավասարակշռության տեսանկյունից։

— Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր հարեւաններից է, որի հետ հարաբերությունները մշտապես եղել են կարեւոր։ Սակայն պետք է հասկանալ, որ Իրանի քաղաքականությունը տարածաշրջանում հիմնականում պայմանավորված է սեփական անվտանգությամբ եւ աշխարհաքաղաքական շահերով։ Այո, Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում որեւէ սահմանային փոփոխության։ Սա, իհարկե, համապատասխանում է նաեւ Հայաստանի շահերին։

Սակայն, չպետք է գերագնահատել Իրանի հնարավորությունները։ Իրանը գտնվում է միջազգային ճնշումների տակ, ունի լուրջ ներքին խնդիրներ եւ հաճախ չի կարողանում իր հայտարարություններին համապատասխան գործնական քայլեր ձեռնարկել։ Իրանի ներկայությունը մեր տարածաշրջանում կարելի է գնահատել որպես լրացուցիչ հավասարակշռող գործոն։ Բայց Հայաստանի համար Իրանը երբեք չի կարող փոխարինել Ռուսաստանին։ Մենք չենք կարող մեր անվտանգությունը կառուցել միայն Իրանի վրա։ Իրանի դերը կարեւոր է, բայց այն օժանդակ է, ոչ թե հիմնական։

Այսօր, երբ տարածաշրջանում բախվում են բազմաթիվ շահեր՝ ԱՄՆ, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, Իրան, Հայաստանը պետք է շատ խելամիտ ընտրություն կատարի։ Այդ ընտրությունը մեկն է՝ մեր անվտանգության հիմնական հենարանը Ռուսաստանն է։ Իսկ Իրանի հետ հարաբերությունները կարող են լինել լրացուցիչ կայունացնող գործոն։

— Պարոն Շաքարյանց, կարո՞ղ ենք վստահ լինել, որ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն մնալ մեր պետականության անվտանգության հենարանը:

— Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որը իրականում շահագրգռված է Հայաստանի գոյությամբ։ Այո, հնարավոր է՝ որոշ հարցերում լինեն թյուրիմացություններ, երբեմն մեր իշխանությունները փորձում են այլ ուղղություններով գնալ։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ Հայաստանը փորձել է հեռանալ Ռուսաստանից, մենք կանգնած ենք եղել աղետի առջեւ։

Ռուսական կողմի շնորհիվ է, որ մեր անվտանգությունը մինչեւ հիմա պահպանվել է։ Եթե այսօր մենք ունենք սահմանային կայունություն, եթե մեր տնտեսությունն ունի շուկա, եթե մեր պետականությունը շարունակում է գործել, ապա դա հնարավոր է դարձել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների շնորհիվ։

Որպես քաղաքագետ՝ ես համոզված եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է լինեն ոչ միայն պետական մակարդակով, այլեւ հասարակական գիտակցության մեջ ամուր արմատավորված։ Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ Ռուսաստանը մեր պատմական եւ ռազմավարական դաշնակիցն է։

Եվ ես ուզում եմ շեշտել՝ հայ-ռուսական հարաբերությունները պետք է մշտապես կարեւոր լինեն բոլորիս համար։ Կարելի է նաեւ նշել, որ հայ-ռուսական հարաբերությունները մեզ համար նշանակալի են, եւ մենք պետք է ամեն ինչ անենք՝ դրանք էլ ավելի ամրապնդելու համար։

Դիանա Մանուկյան
www.iravunk.com


դեպի ետ