ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ`ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
2008թ. մարտի 13-14-ը Սենեգալի մայրաքաղաք Դաքարում տեղի ունեցավ իսլամական աշխարհի բարձրագույն քաղաքական մարմնի` Իսլամական կոնֆերանս կազմակերպության (ԻԿԿ) հերթական 11-րդ գագաթաժողովը՝ «Իսլամը 21-րդ դարում» խորագրով, որին մասնակցում էին 57 անդամ երկրների պատվիրակներ, շուրջ 40 իսլամական պետությունների առաջին դեմքեր: Հանդիպմանն ընդունվեց եզրափակիչ կոմյունիկե, որ արտացոլում էր իսլամական պետությունների համագործակցության տարբեր ասպեկտները, և Դաքարի հռչակագիրը։
Գագաթաժողովը կազմակերպության բարձրագույն մարմինն է, որը ԻԿԿ կանոնադրության համաձայն՝ գումարվում է երեք տարին մեկ անգամ, անդամ որևէ երկրում, միջազգային հարաբերությունների համատեքստում քննարկելու իսլամական աշխարհին հուզող խնդիրները: Գագաթաժողվից առաջ, մարտի 10-11-ը (ինչպես միշտ) տեղի ունեցավ իսլամական պետությունների արտգործնախարարների հանդիպումը, որը նախապատրաստեց քննարկվող հարցերի շրջանակը:
ԻԿԿ արդիականացման հարցը
Ճիշտ է, գագաթաժողովում առաջադրված էին բազմաթիվ հարցեր, սակայն հիմնական ուշադրությունը սևեռվեց մի քանի կարևոր խնդիրների վրա: Դրանցից մեկը կազմակերպության արդիականացման հարցն էր, մասնավորապես` նոր կանոնադրության ընդունումը: ԻԿԿ-ն հիմնվել է 1969թ. Ռաբաթում, իսկ կազմակերպության կանոնադրությունն ընդունվել է 1972-ին, այսինքն` Սառը պատերազմի տարիներին, երբ իսլամական աշխարհը երկփեղկված էր երկու մասի: Դեռևս այն ժամանակ ԻԿԿ կանոնադրության մեջ արտացոլվեցին արաբական իսլամական աշխարհի համար այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք էին Պաղեստինի և Երուսաղեմի խնդիրները, որոնք այսօր էլ շարունակում են օրակարգային մնալ:
ԻԿԿ արդիականացման հարցն առավել օրակարգային դարձավ 2004-ից ի վեր, երբ ԻԿԿ գլխավոր քարտուղար դարձավ Թուրքիայի ներկայացուցիչ, իսլամական աշխարհում բավական համարում ունեցող պրոֆ. Էքմելուդդին Իհսանօղլուն, ով ԻԿԿ ընտրանու աջակցությամբ ձեռնամուխ եղավ կազմակերպության բարենորոգման գործին: (Վերջինս Դաքարի հանդիպմանը վերընտրվեց երկրորդ անգամ` հինգ տարի ժամկետով)։ Նոր կանոնադրությունը, գլխավոր քարտուղարի խոսքերով, մատնանշում է իսլամի չափավորությունն ու հանդուրժողականությունը, իսկ կազմակերպության գործունեությունը դարձնում առավել արդյունավետ: Մասնավորապես, փոխված է որոշումների ընդունման մեխանիզմը: Եթե նախկինում որոշումներն ընդունվում էին կոնսենսուսով, ինչին շատ դեպքերում դժվար էր հասնել անդամ պետությունների ունեցած տարբեր քաղաքական կողմնորոշումների պատճառով, ապա այժմ որոշումները կարող են ընդունվել նաև 2/3-ով: Հատկանշական է, որ նոր կանոնադրության առանձին դրույթների հետ կապված՝ անդամ երկրների շրջանում անհամաձայնություններ են եղել: Օրինակ, ԻԿԿ անդամ Ուգանդան, որը փոքրաթիվ մահմեդական բնակչություն ունի, դեմ է եղել նորացված կանոնադրության մեջ ամրագրված այն դրույթին, համաձայն որի` ԻԿԿ անդամ կարող է լինել միայն այն պետությունը, որտեղ բնակչության մեծամասնությունը մահմեդական է: Իսկ Պակիստանը պնդել է, որ նախքան ԻԿԿ-ին անդամության հայտ ներկայացնելը, տվյալ պետությունը պետք է կարգավորի խնդիրներն անդամ երկրի կամ երկրների հետ, եթե այդպիսիք կան:
Քննարկվող հարցերի շրջանակը
Գագաթաժողովում քննարկվեցին մշակութային, սոցիալական, տնտեսական, իրավական, քաղաքական ոլորտներում իսլամական աշխարհին առնչվող խնդիրներ։ Գագաթաժողովում բանաձև ընդունվեց ԻԿԿ տնտեսապես աղքատ, հատկապես Աֆրիկայի` Սահարայից արևմուտք ընկած անդամ պետություններին տնտեսական օգնություն ցույց տալու մասին, սահմանվեց նրանց երկարատև վարկեր տրամադրելու ձևաչափը, իսկ Զարգացման իսլամական համերաշխության հիմնադրամը որոշվեց համալրել $10 մլրդ-ով: Իսլամական շրջանակներում գիտակցում են, որ իսլամական աշխարհը ներկայումս բախվել է մի շարք խնդիրների: Դրանք են` տնտեսական և սոցիալական հետամնացությունը, օտար ազդեցությունները, տարանջատումը, ինչը կարելի է հաղթահարել իսլամի հիմնարար արժեքները վերականգնելով:
Գագաթաժողովում քննարկվեցին իսլամական աշխարհի համար կնճռոտ այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են արաբ-իսրայելական հակամարտության և Երուսաղեմի խնդիրը, Լիբանանում նախագահական ընտրություններում ստեղծված ճգնաժամային վիճակը, Իրաքի, Սոմալիի, Դարֆուրի իրադրությունը, հարաբերությունները Չադի և Սուդանի միջև:
Գագաթաժողովից առաջ որոշակի տարաձայնություններ էր առաջացրել Կոսովոյի հարցը: Մասնավորապես Թուրքիան առաջարկել էր գագաթաժողովի եզրափակիչ կոմյունիկեում կետ մտցնել Կոսովոյի անկախության ճանաչման վերաբերյալ, ինչին դեմ էին արտահայտվել Ադրբեջանը, Եգիպտոսը, Սուդանը և Ինդոնեզիան: Արդյունքում՝ բանաձևում հիշատակվեց Կոսովոյի ժողովրդի հետ համերաշխության մասին: Ի դեպ, իսլամական հինգ երկրներ` Թուրքիան, Ալբանիան, Մալայզիան, Աֆղանստանը և Սենեգալը, պաշտոնապես ճանաչել են Կոսովոն:
Հայաստանի պարագան
Դաքարի գագաթաժողովում ընդունվեց նաև «Հայաստանի Հանրապետության ագրեսիան Ադրբեջանի Հանրապետության դեմ» բանաձևը։ ԻԿԿ-ն, որպես կանոն, խստորեն դատապարտեց Հայաստանի «ագրեսիան» Ադրբեջանի դեմ, Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ իրականացված գործողությունները որակվեցին որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»։ ԻԿԿ-ն դատապարտեց «ադրբեջանական գրավյալ տարածքներում» ճարտարապետական, մշակութային, կրոնական հուշարձանների ոչնչացման փաստը, պահանջեց, որպեսզի Հայաստանն առանց նախապայմանների և ամբողջապես դուրս բերի զորքերը «ադրբեջանական գրավյալ տարածքներից, ներառյալ Լեռնային Ղարաբաղից», ներդնի ՄԱԿ ԱԽ 822, 853, 874, 884 բանաձևերը, ճանաչի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ԻԿԿ-ն կոչ արեց անդամ պետություններին և միջազգային հանրության այլ անդամների` Հայաստանի դեմ օգտագործել քաղաքական և տնտեսական միջոցներ Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ «ագրեսիային» վերջ դնելու համար։ Այս համատեքստում, ԻԿԿ-ն կոչ արեց իսլամական երկրներին` համերաշխ լինել Ադրբեջանի հետ։ Նշենք, որ 1994-ից մինչ օրս հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Իսլամական կոնֆերանսի հռետորականության մեջ գրեթե ոչինչ չի փոխվել. ԻԿԿ-ն, Լեռնային Ղարաբաղի հարցը համարելով հայ-ադրբեջանական հակամարտություն, խնդիրը դիտարկում է խիստ միակողմանի` հենվելով բացառապես իսլամական համերաշխության սկզբունքի վրա։ Միևնույն ժամանակ, ԻԿԿ-ն որևէ քայլ չի ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ։ ԻԿԿ փաստական օգնությունն Ադրբեջանին ՄԱԿ-ում հօգուտ Ադրբեջանի իսլամական պետությունների քվեարկությունն է, ինչի ապացույցը մայիսի 14-ին ՄԱԿ ԳԱ-ի` Լեռնային Ղարաբաղի մասին ընդունած բանաձևն է։ Ի դեպ, ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղի մասին բանաձևին դեմ են քվեարկել հետևյալ իսլամական և ոչ իսլամական երկրները` Աֆղանստան, Ադրբեջան, Բահրեյն, Բանգլադեշ, Բրունեյ, Կամբոջա, Կոլումբիա, Կոմորոս, Ջիբութի, Վրաստան, Ինդոնեզիա, Իրաք, Հորդանան, Քուվեյթ, Լիբիա, Մալայզիա, Մալդիվներ, Մոլդովա, Մարոկկո, Միանմար, Նիգեր, Նիգերիա, Օման, Պակիստան, Կատար, Սաուդյան Արաբիա, Սենեգալ, Սերբիա, Սիերա Լեոնե, Սոմալի, Սուդան, Թուրքիա, Թուվալու, Ուգանդա, Ուկրաինա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Ուզբեկստան, Եմեն։ Բանաձևին դեմ են քվեարկել Անգոլան, Հայաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Վանուատուն։ Ձեռնպահ են մնացել 100 անդամ երկրներ։
Հատկանշական է, որ 2008թ. հունվարին տեղի ունեցած Իսլամական կոնֆերանս կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի կողմից նույնպես Հայաստանի վերաբերյալ նմանատիպ շեշտադրումներով բանաձև ընդունվեց։
Իսլամաֆոբիայի հարցը
Դաքարի հանդիպմանը քննարկվեց և համապատասխան բանաձևով վերստին ամրագրվեց 2006թ. Մեքքայի գագաթաժողովում հաստատված «Միացյալ իսլամական գործողության» տասը տարվա ծրագիրը, որն ուրվագծում է իսլամական գլոբալ և միջիսլամական համագործակցության ռազմավարությունը։
Առանձին ձևաչափով քննարկվեց իսլամաֆոբիայի հարցը, ինչն ԻԿԿ անդամ երկրների կարծիքով՝ վերջին շրջանում ակնհայտորեն սրվել է: Իսլամական հանրությանը մտահոգում է սեպտեմբերի 11-ից հետո հատկապես Եվրոպայում և Ամերիկայում իսլամի և իսլամական քաղաքակրթության նկատմաբ խորացող անհանդուրժողականությունը: Արդեն որերորդ անգամ ԻԿԿ-ն կոչ արեց Արևմուտքին` խիստ միջոցառումներ ձեռնարկել` կանխելու իսլամաֆոբիայի դրսևորումները, քանի որ այն վտանգում է գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը, կանխել իսլամական խորհրդանիշերի անարգումը: Նման մտահոգության պատճառը վերջերս դանիական մամուլում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների վերահրատարկումն էր և Նիդեռլանդներում իսլամի սուրբ գիրքը` Ղուրանը քննադատող վավերագրական ֆիլմի նախապատրաստումը: Իսլամական աշխարհի առաջնորդները զգուշացրին, որ իսլամն ահաբեկչության հետ նույնացնելը կարող է նպաստել մահմեդականների արմատականացմանը:
Չնայած իսլամական աշխարհին էապես անհանգստացնում են Արևմուտքի միջամտությունն իսլամական աշխարհի գործերին, ԱՄՆ հարաճուն ազդեցությունը Մերձավոր և Միջին Արևելքում, ԻԿԿ-ին այդպես էլ չի հաջողվում Արևմուտքի հետ հարաբերություններում որոշակի քաղաքականություն մշակել: Պատճառը, թերևս, այն է, որ այսօր իսլամական աշխարհը տարանջատված է ԱՄՆ կողմնակիցների և հակառակորդների միջև, ինչը որոշակիորեն խոչընդոտում է միասնականությանը։
Իսլամական կոնֆերանսը` իսլամական համագործակցության երաշխավոր
ԻԿԿ-ն հաճախ է քննադատվում սեփական որոշումները գործադրելու անկարողության մեջ: Նշվում է, որ ընդունված բանաձևերը, վճռական շետադրումներով հանդերձ, առավելապես հռչակագրային բնույթ ունեն: ԻԿԿ-ն մինչ օրս չի կարողացել հասնել իսլամական աշխարհի թերևս ամենակնճռոտ խնդրի` պաղեստինյան և շատ այլ հարցերի կարգավորմանը, չնայած այն հանգամանքին, որ ԻԿԿ անդամ պետությունները (որոնք մոտ 1,5 մլրդ մահմեդական բնակչություն ունեն) տիրապետում են որոշակի ռեսուրսների: Մասնավորապես Ծոցի երկրները (ինչպես նշում են շատերն իսլամական աշխարհում) կարող են օգտագործել, ասենք, նավթային գործոնն Արևմուտքի հետ հարաբերություններում:
Այս իրողությունները, սակայն, չեն խանգարում, որպեսզի առաջիկայում նույնպես միջիսլամական հարաբերությունների առանցքը մնա էթնիկ, ռասայական և աշխարհագրական պատկանելությունը ժխտող հանրության` ումմայի (իսլամական ազգի) գաղափարը, իսկ իսլամը շարունակի հանդես գալ որպես իսլամական աշխարհի զարգացման ուղղություն, մահմեդական երկրների և ժողովուրդների միջև համագործակցության նախապայման: ԻԿԿ-ն ձգտում է ապացուցել, որ իսլամական աշխարհն անջրպետված չէ մնացյալ աշխարհից, իսկ մահմեդականներին առնչվող ամենասուր հակամարտություններն անգամ կոչ է անում լուծել խաղաղ ճանապարհով: Իսլամական աշխարհի գործիչները ցանկանում են, որպեսզի իսլամը 21-րդ դար մուտք գործի` զարկ տալով արդիականացմանը, հասարակական գիտակցության մեջ որոշակիորեն հաղթահարելով անհանդուրժողականությունն ու կրոնական մոլեռանդությունը: Բացի այս, ԻԿԿ-ն ձգտում է առավել ամրապնդել իսլամական համերաշխության սկզբունքը։
- ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ՍԻՐԻԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[31.05.2011]
- ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ[17.05.2011]
- ՍԻՐԻԱՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ[15.04.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԻ» ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ[05.04.2011]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[15.02.2011]
