Հայաստանը գլոբալ և տարածաշրջանային գործընթացներում (ԱՄՆ - Թուրքիա - ՀՀ հարաբերությունների համատեքստում)


Հարավային Կովկասը (ՀԿ), չլինելով մեծ տարածաշրջան, կարևոր տեղ է գրավում գլոբալ քաղաքականությունում։ Միացյալ Նահանգները (Մեծ Բրիտանիայի հետ համատեղ), Ռուսաստանը, Եվրամիության երկրները, Իրանը և Թուրքիան համարում են, որ ՀԿ-ն, և մասնավորապես Հայաստանը, գտնվում են իրենց ազգային շահերի ոլորտում։ Կան բոլոր նախադրյալներն այն բանի, որ մոտ ապագայում նման հավակնություններ կներկայացնի նաև Չինաստանը։ Ի լրումն՝ տարածաշրջանն օրգանապես կապված է Կենտրոնական Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի (ՄՄԱ) հետ, որոնք հանդիսանում են արդի ռազմաքաղաքական զարգացումների ամենաթեժ կետերը, և այնտեղ ընթացող գործընթացներն անմիջական արձագանք են գտնում ՀԿ-ում և Հայաստանում։ Այս ամենը վկայում է այն մասին, որ արտաքին դերակատարների տարածաշրջանային շահերի հաշվառումը և դրանց համադրումը Հայաստանի քաղաքական հնարավորությունների հետ կարևոր խնդիր են ՀՀ վերլուծաբանական հանրության համար1։ Նման հետազոտությունները թույլ կտան հանրապետության քաղաքականությունն իրականացնող ընտրանուն ավելի արդյունավետ կազմակերպել իրենց գործունեությունը և հնարավորինս համարժեք ընկալել Հայաստանի քաղաքական կոորդինատներն արդի աշխարհում։
Նոր Սառը պատերազմի տրամաբանությունից բխող իրողություններ. Վերոնշյալ խնդրին լրացուցիչ հրատապություն և, միևնույն ժամանակ, բարդություն են հաղորդում «միաբևեռ» աշխարհակարգի վերափոխումը «բազմաբևեռի» ու աշխարհաքաղաքական դերակատարների հարաբերություններում ձևավորվող «սառըպատերազմյան» տրամաբանությունը։ ԱՄՆ հավաքական ռեսուրսների հարաբերական նվազմանը և նրա մրցակիցների հզորացմանը զուգահեռ՝ այդ «սառը» հակամարտությունը սաստկանալու միտումներ է ցուցաբերում։ Որպես հետևանք՝ քաղաքական զարգացումները խիստ դինամիկ և բազմաշերտ են դարձել։ Պետք է նաև հաշվի առնել, որ լիարժեք բազմաբևեռ համակարգի ձևավորումը կարող է հանգեցնել նաև ԱՄՆ-ի, այսինքն՝ միաբևեռ համակարգի դեմ ուղղված պայքարում համագործակցող դերակատարների շահերի բախմանը։ Այս իրողությունները վաղ թե ուշ թելադրելու են «տարածաշրջանային մակարդակի» երկրների քաղաքական ընտրանիներին՝ վերիմաստավորել և վերանայել «տարածաշրջանային անվտանգության» վերաբերյալ ներկայիս պատկերացումները՝ ձգտելով դրանք ավելի համարժեք դարձնել գլոբալ քաղաքական հարթությունում ձևավորվող նոր տրամաբանությանը։ ՀԿ-ում այս նկատառումներն առաջին հերթին վերաբերում են Հայաստանին, քանի որ տարածաշրջանային երկրներից ՀՀ-ն միակն է, որ վարում է իր շահերը հետապնդող հնարավորինս ինքնուրույն քաղաքականություն։ Համաձայն մի շարք չափանիշների՝ հարևան Վրաստանը փաստորեն ձեռք է բերել «դրսից կառավարվող» տարածքի կարգավիճակ, իսկ Ադրբեջանում հաստատվել է յուրովի երկիշխանություն՝ կազմված «մեծ եղբոր» կարգավիճակ ունեցող Թուրքիայից և ամերիկյան-բրիտանական նավթային ընկերություններից։ Այսպիսով, ՀՀ քաղաքական հեռանկարի մշակման ծանրությունը, ի տարբերություն հարևան հանրապետությունների, հիմնականում ընկած է հենց Հայաստանի քաղաքական ընտրանու ուսերին։ Այս համատեքստում պետք է հաշվի առնել, որ եթե ԱՄՆ ազդեցության նվազման2 և նրա եվրասիական մրցակիցների`Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հզորացման միտումները պահպանվեն, ապա Հայաստանի իշխանությունները, բացառված չէ, որ արդեն տեսանելի ապագայում, ստիպված լինեն վերանայել փոխլրացման ռազմավարության որոշ դրույթներ։ Այդ ռազմավարությունը, անշուշտ, համարժեք է այսօրվա իրողություններին և արդյունավետ է գործում, սակայն կարող է լիովին չբավարարել հնարավոր զարգացումների տրամաբանությանը։
Միացյալ Նահանգների տարածաշրջանային քաղաքականությունը և Հայաստանը. Ելնելով ներկայացված մոտեցումներից՝ ՀՀ անվտանգության տեսանկյունից3 առավել մեծ կարևորություն են ստանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի տարածաշրջանային շահերի, ինչպես նաև նրանց միջև հարաբերությունների օրինաչափություններն ըմբռնելը և հնարավորինս հաշվառելը։ Անշուշտ, իմաստ ունի նման քննարկումները սկսել Միացյալ Նահանգների տարածաշրջանային շահերի դիտարկումից, քանի որ դրանք ՀԿ-ում և մասնավորապես ՀՀ-ում համալիր բնույթ են կրում և ընդգրկում են աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական ու գաղափարախոսական (կամ քաղաքակրթական) հարթությունները։ Այդ ոլորտներում ԱՄՆ-ի կողմից վարվող գործընթացները փոխկապակցված են և փոխլրացնող։
Աշխարհաքաղաքականության տեսակետից ԱՄՆ-ի համար առանցքային նշանակություն են ձեռք բերել Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները, որոնց հենքում դրված հայտնի սկզբունքային տարաձայնությունները պայմանավորում են ԱՄՆ ռազմավարությունը Եվրասիայում (Ռուսաստանի պարագայում) և ՄՄԱ-ում (Իրանի հետ կապված հարցերը)։ Այդ համատեքստում պետք է կարևորել այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի միակ ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և, միևնույն ժամանակ, սահմանամերձ Իրանի հետ իրագործում է որոշակի տնտեսական էներգետիկ ծրագրեր։ Կարելի է ասել, որ ամերիկյան ներկայության և ազդեցության չափը ՀՀ-ում որոշակիորեն պայմանավորում է ԱՄՆ քաղաքական դիրքերը Ռուսաստանի և Իրանի դեմ իրականացվող գործընթացներում։ Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ ՀՀ հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ բխում են մեր ազգային շահերից և այս համատեքստում ԱՄՆ-ՀՀ հարաբերությունների միջև լարվածության աղբյուր կարող են հանդիսանալ։
Այլ բնույթ է կրում ամերիկյան ռազմավարությունը Վրաստանում. վերջինիս նշանակությունը ԱՄՆ-ի համար պայմանավորված է գերազանցապես նրանով, որ Վրաստանը լիովին կատարում է ամերիկյան կողմից իր վրա դրված հակառուսական գործառույթները4։ Նկատենք, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի կարևորումը շատ ավելի բազմաշերտ բնույթ է կրում։ Այստեղ առաջին հերթին հաշվի են առնվում աշխարհատնտեսական էներգետիկ (Կասպյան ավազանի էներգակիրների արևմուտք տեղափոխման) հայտնի խնդիրները։ Միևնույն ժամանակ, գնահատվում է նաև Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը (այդ երկիրը սահմանամերձ է Իրանին և Կենտրոնական Ասիային)։ Այսինքն, ըստ ամենայնի, ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ինքնուրույն ռազմավարական նշանակություն ունի։ Այդ չափանիշներով ՀՀ-ն նույնպես զիջում է Ադրբեջանին, ինչը և հաճախ պայմանավորում է ամերիկյան դիրքորոշումները ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Սակայն տարօրինակ ձևով Հայաստանի գործոնը կարևորվում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում։ Սա կարծես թե այն դեպքն է, երբ ՀՀ-ն ԱՄՆ-ի կողմից դիտարկվում է ռուսական և իրանական ենթատեքստից փոքր-ինչ դուրս և ունի առավել ինքնուրույն նշանակություն։ Դա պայմանավորված է հետևյալ հանգամանքներով։
Առաջին Սառը պատերազմի ավարտից հետո Թուրքիան կորցրեց ԽՍՀՄ հարավում արևմտյան հենակետի իր կարգավիճակը, և դա բավական իրատեսորեն ընկալվեց ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից։ Վերջինիս համար նոր հնարավորություններ բացվեցին պանթյուրքական նախագծերի իրագործման տեսանկյունից, ինչը թվում էր, թե նոր խթան կհանդիսանա նախկին կայսրության համար և միաժամանակ թույլ կտա ձերբազատվել «ամերիկյան հավելվածի» կարգավիճակից։ Սակայն նման հեռանկարը հակասում էր ոչ միայն Ռուսաստանի շահերին։ Նորանկախ միջինասիական հանրապետություններում Թուրքիայի ակտիվացումը բացասաբար ընկալվեց նաև Չինաստանի (մասնավորապես հաշվի առնելով ույղուրական գործոնը) և նույն ԱՄՆ-ի կողմից. միջինասիական տարածաշրջանում թուրքական ներկայությունը վերջինիս կողմից ընկալվեց որպես լրացուցիչ մրցակցություն։ Սակայն ավելի շատ պետք է կարևորել այն հանգամանքը, որ ամերիկյան գլոբալ ռազմավարությունը չի ընդունում պանթյուրքական նկրտումները և Թուրքիայի ապագան տեսնում է որպես իսլամական երկրների համար մի «աշխարհիկ» (սեկուլյար) պետության մոդել, որին պետք է հետևեն նաև այլ մահմեդական պետությունները։ Այս համատեքստում պետք է գնահատել այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Անկարայում «չափավոր իսլամիստների» իշխանության գալը կապված է «նեոկոնսերվատիզմի» ստրատեգներից մեկի` Փոլ Վուլֆովիցի անվան հետ, որը և մշակել է իսլամի «աշխարհիկացման» հայեցակարգը։ Նման մոտեցման մեկ այլ արտահայտությունն են Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու ամերիկյան անթաքույց ջանքերը, ինչը բացասաբար է ընկալվում եվրակենտրոն երկրների կողմից։
Ամերիկյան նման ռազմավարությունը, որը շեղում է թուրքական ընտրանուն իր ազգային-պանթյուրքական նպատակների իրագործման ծրագրից, խորքային հակասություններ է առաջացրել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում։ Դա զգացվում է ոչ միայն Հյուսիսային Իրաքի հետ կապված հայտնի զարգացումներում, այլև Թուրքիա-Իսրայել և Թուրքիա-Իրան հարթություններում. եթե առաջինի պարագայում նկատելի է հարաբերությունների որոշակի սառեցում, ապա Թեհրանի հետ Անկարան կարծես գտնում է որոշակի եզրեր (այդ թվում նաև համատեղ միջուկային ծրագրերի իրագործման առումով)։ Այս ոգով ընթացող Անկարայի գործընթացներին որոշակի իմպուլս է հաղորդում նաև միաբևեռ համակարգի խարխլումը, որը Թուրքիային (ինչպես և այլ երկրներին) մղում է փնտրելու իր ուրույն տեղը նոր ձևավորվող աշխարհակարգում։
Մինչդեռ հայտնի է, որ Վաշինգտոնը, որպես փաստարկ, Անկարայի հետ բանակցություններում հաճախ օգտագործում է Հայոց ցեղասպանության ընդունման կամ չընդունման խնդիրը. այն վերածվել է մի գործոնի, որի միջոցով ԱՄՆ-ը փորձում է ուղղորդել թուրքական (մասամբ նաև հայկական) քաղաքական ընտրանուն5։
Համառոտ ներկայացված այս իրողությունները խոսում են այն մասին, որ Հայաստանի համար ամենալուրջ սպառնալիք հանդիսացող երկրի` Թուրքիայի հակասությունները ԱՄՆ-ի հետ տևական ու ռազմավարական բնույթ են ստանում և խորանալու միտում ունեն, և այս զարգացումներում հայկական գործոնը որոշակի դերակատարում ունի Թուրքիայի նկատմամբ ճնշումներ կիրառելու առումով։ Այսինքն՝ ԱՄՆ նման քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ համապատասխանում է ՀՀ ազգային շահերին և կարող է նպաստել ԱՄՆ-ՀՀ արդյունավետ համագործակցության գործընթացին։
1 Ազգային վերլուծաբանական դպրոցի ձևավորումն անհրաժեշտ է դասել Ազգային անվտանգության (ԱԱ) առաջնահերթ խնդիրների թվին, քանի որ վերլուծաբանական հանրությունը հանդիսանում է այն «գործիքը», որի միջոցով քաղաքական ընտրանին, համարժեք մնալով արտաքին ռազմաքաղաքական և տնտեսական իրողություններին, կարող է համակարգել ազգային շահերը և արտաքին մարտահրավերները՝ այդպիսով հայեցակարգային բնույթ հաղորդելով ԱԱ համակարգին։ Մինչդեռ իրավիճակը վերլուծաբանական ոլորտում յուրովի է զարգանում. ՀՀ-ում ներկայումս գործող մեզ հայտնի վերլուծաբանական կենտրոնների և խմբերի զգալի մասը ֆինանսավորվում է օտարերկրյա աղբյուրներից (տե՛ս Հավելվածը), որոնք, պետք է կարծել, ուղղորդում և պլանավորում են նրանց գործունեությունը։ Ներկայումս իրադրությունը փոքր-ինչ բարելավվել է ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարությանը և ՊՆ նախարարությանն առընթեր վերլուծական կենտրոնների ստեղծմամբ։ Սակայն այդ կենտրոնների և ուժային, տնտեսական, դիվանագիտական կառույցների վերլուծական ստորաբաժանումների աշխատանքները դեռևս որոշակի կոորդինացման կարիք ունեն։
2 Անգլոսաքսերի հետ կապված ցանկացած զարգացումները դիտարկելիս պետք է մշտապես հաշվի առնել այն հանգամանքը, որ առայսօր նրանք գուցե և պարտվել են առանձին ճակատամարտերում, սակայն դեռևս տանուլ չեն տվել որևէ պատերազմ։ Դա նշանակում է, որ ներկայացված միտումները, չնայած այն բանին, որ օբյեկտիվ բնույթ են կրում (դրա վկայություններից է ՀՀ-ում ռուսական ներկայության և ազդեցության աճը) և ընդունվում են քաղաքագիտական հանրության մի զգալի մասի կողմից, միշտ ենթակա են անսպասելի փոփոխությունների, այսինքն՝ պետք է հաշվի առնել անգլոսաքսոնյան քաղաքական մտքի ներուժը և ճկունությունը։
3 Հայտնի է, որ այդ տերությունների կողմից ՀՀ-ի նկատմամբ վարվող ռազմավարությունն առնչվում է ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքական խնդիրներին։
4 Վրաստանի ղեկավարությունը որպես գերագույն ազգային խնդիր ներկայացնում է իր խորհրդային ժամանակների տարածքային ամբողջականության վերականգնումը։ Մինչդեռ այդ խնդրի լուծումը հնարավոր է միայն Ռուսաստանի հետ դրացիական հարաբերությունների հաստատման պարագայում. նկատի ունենալով Վրաստանի` որպես տարածաշրջանային կենտրոնի, կարևորությունը, նման պայմաններում գուցե և «հանձներ» Աբխազիան և Հարավային Օսիան։
5 Նկատենք, որ նման մարտավարությունն ունի նաև որոշակի «ռուսական» համատեքստ, քանի որ հայ-թուրքական սահմանի բացումը և հարաբերությունների կարգավորումը կարող են ինչ-որ չափով արժեզրկել ռուսաստանյան ռազմակայանի առկայությունը ՀՀ-ում։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այս խնդրում ՀՀ ճկուն դիրքորոշումը՝ ՀՀ-ում Ռուսաստանի ռազմական ներկայությունը պահպանելու հաստատակամությունը և թուրքական կողմի ժխտողական կեցվածքը, կարելի է կարծել, թե խնդիրը դեռևս բավական ժամանակ չի տեղափոխվի գործնական հարթություն։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]