
ИА REGNUM. ՍԻՐԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՆՈՐ ՏԻՊԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ (Գագիկ Հարությունյանի ելույթը մամլո ասուլիսում)
Մերձավոր Արևելքում ներկայում ցեղասպանություն է իրականացվում, միայն թե՝ արտասովոր. արաբներն սպանում են արաբներին, զուգահեռաբար տուժում է քրիստոնյա բնակչությունը։ Ինչպես տեղեկացնում է REGNUM լրատվական գործակալության թղթակիցը, այս մասին մայիսի 13-ի մամլո ասուլիում նշել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ հիմնական հարցը ստեղծված իրավիճակում հետևյալն է. ո՞վ է «նորաոճ այդ ցեղասպանության» պատվիրատուն։
«Իմաստն, իմ կարծիքով, այն է, որ իսլամական աշխարհի երկրներում քաոս ստեղծվի։ Դա հատկապես հստակ երևում է Սիրիայի օրինակով, բայց այստեղ ամեն ինչ անհամեմատ ավելի բարդ է։ Իրականում, այսպես կոչված սիրիացի ընդդիմադիրների ընդամենը 5-10%-ն է այդ երկրի քաղաքացի, ինչը շատ բանի մասին է վկայում։ Համենայնդեպս, սիրիական ճգնաժամի պատվիրատուների վերջնանպատակը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, դա անզեն աչքով էլ է երևում»,- նշել է փորձագետը՝ միաժամանակ Սիրիայում տիրող իրավիճակն անվանելով «աշխարհիկ իսլամի պատերազմ արմատականների դեմ», որտեղ աշխարհիկ կողմը ներկայացնում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
Զարգացնելով Սիրիայի թեման՝ Գ.Հարությունյանը նշել է, որ Ասադը շատ ավելի կենսունակ դուրս եկավ, քան կարծում էին դեռ մեկ տարի առաջ։ «Բացի այդ, նրան աջակցում են մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը և այդ նույն Իրանը։ Չնայած այն լուրջ ճգնաժամին, որի մեջ հայտնվել է սիրիական կառավարությունը, Ասադին հաղթահարել չի ստացվում։ Տեսականորեն երկու ճանապարհ կա, որոնցով կարող է զարգանալ սիրիական սցենարը. մեկն իրականն է, մյուսը՝ ֆանտաստիկայի ժանրից. համապատասխանաբար՝ հակամարտության կարգավորում մի ինչ-որ n ժամի և անվերջ պատերազմ»,- ասել է փորձագետը՝ ավելի մանրամասն անդրադառնալով «իրական» տարբերակին։
Վերլուծաբանի կարծիքով՝ Արևմուտքը, մի կողմից, շահագրգռված է հակամարտության շուտափույթ լուծմամբ, մյուս կողմից, սակայն, չի կարող դիմել ուղղակի ինտերվենցիայի Սիրիայում։ «Այսօր գոյություն ունեցող իրավիճակը արտաքին բոլոր դերակատարներին թույլ է տալիս խուսափել միջազգային-իրավական պատասխանատվությունից։ Ձևականորեն նրանք «գործին խառնված չեն» և օգտվում են այդ հանգամանքից։ Բայց նման դիրքորոշումը ձգձգում է սիրիական հակամարտության կարգավորման գործընթացը»,- նշել է Գագիկ Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, թե Սիրիայի ճգնաժամում բեկումնային պահ կարող են դառնալ Իրանում սպասվող նախագահական ընտրությունները։
«Իրանն է վերջնանպատակը։ Դա չեն թաքցնում Իսրայելում, որը սկսել է ավիառմբակոծել Սիրիայի տարածքը։ Բայց ԻԻՀ նախագահական ընտրությունները կարող են տեղափոխել Թեհրանի արտաքին քաղաքականության շեշտադրումները Վաշինգտոնի և Թել Ավիվի հանդեպ։ Մասնավորապես, նախագահի թեկնածու, իսլամական պետության նախկին ղեկավար Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանին ավելի մեղմ է, քան գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Բացի այդ, Իսրայելում և ԱՄՆ-ում նրա հանդեպ վերաբերմունքը շատ ավելի հանդուրժողական է ու բաց։ Ռաֆսանջանին միակ ծանրակշիռ իրանական քաղաքական գործիչն է, որն ընդունում է (փոքր-ինչ յուրահատուկ մեկնաբանությամբ) Հոլոքոստը»,- նշել է ասուլիսի հյուրը։
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենն անդրադարձել է նաև Սիրիայի հայ համայնքի դրությանը՝ նշելով, որ վերջինի դիրքորոշումը եղել է այն, որ հիմնականում աջակցել է գործող սիրիական վարչակարգին, ինչը ռացիոնալ ընտրություն է։ «Բայց Սիրիայի քրիստոնյաները, այդ թվում հայերը, վտանգի մեջ են, ողջ համայնքն է տուժում։ Եթե հնարավոր լիներ կազմակերպված ձևով համայնքը տեղափոխել այլ երկիր, հիանալի կլիներ։ Բայց շատ սիրիահայեր այդ երկիրն իրենց հայրենիքն են համարում, և նրանց վերաբերմունքն այդ գաղափարին միանշանակ չէ։ Սա ակտուալ է նաև այն դեպքում, երբ իբրև վերաբնակման վերջնակետ նշվում է Հայաստանը։ Վերջինն, իր հերթին, բավարար ռեսուրսներ չունի բազմահազար սիրիահայերի ընդունելու համար։ Մի խոսքով՝ բարդ հարց է»,- նշել է Հարությունյանը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]