ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ. ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տ.գ.դ., պրոֆեսոր
Մեր տեսակետը ներկայացնելուց առաջ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ քաղաքագետների, քաղաքական գործիչների, գործարար շրջանակների ներկայացուցիչների և դիվանագետների կարծիքներին Եվրասիական տնտեսական ընկերակցությանը (ԵվրԱզԷս-ին) Հայաստանի ներգրավվելու վերաբերյալ՝ հասկանալու համար, թե ինչ բարդ աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական պայմաններում մենք պետք է կատարենք մեր ընտրությունը։
Ոմանք կարծում են, թե Հայաստանի մուտքը Եվրասիական միություն Ռուսաստանի համար կնշանակի ամենամյա բազմամիլիարդանոց սուբսիդիաներ։ Այժմ գլխավոր հարցն այն չէ, թե ինչ է խոստանում Հայաստանին անդամակցությունն այդ կառույցին, այլ այն, թե ինչ կա դրանում Երևանին ներգրավելու Մոսկվայի ցանկության հետևում1։
ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովի կարծիքով՝ ոչ ոք առայժմ Երևանին ԵՄ չի հրավիրում, և իրատեսական չէ նաև այն, որ Երևանն այլևս գնալու տեղ չունի Եվրասիական միություն մտնելուց բացի։ Չի կարելի հաշվի չառնել նաև էներգակիրների գործոնը, որոնցից Հայաստանը 100% կախվածություն ունի։ Եվրասիական միության երկրների համար Ռուսաստանը էներգակիրներ կվաճառի ներքին, մյուսների համար՝ ոչ ներքին գներով2։
Վերջերս Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը հայտարարեց, որ Երևանի մուտքը Եվրասիական միություն կարող է սպառնալ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման բանակցությունների արգելակմամբ։ Հայաստանը ստիպված կլինի նաև մոռանալ 1,5 մլրդ եվրո վարկի մասին, որը Եվրամիությունն առանց այդ էլ հրաժարվել է հատկացնել՝ ավելի լավ ժամանակների սպասումով։
Միացյալ Նահանգները կանի ամեն ինչ՝ թույլ չտալու համար, որ Ռուսաստանն ստեղծի «Խորհրդային Միության նոր տարբերակը», պնդում է Financial Times-ը՝ հղում կատարելով Հիլարի Քլինթոնի՝ Դուբլինում ունեցած ելույթին։ «Նրանք դա կանվանեն Մաքսային միություն կամ Եվրասիական միություն, կամ էլի մի ինչ-որ նման բան»,- հայտարարել էր նա՝ խոսելով Կրեմլի ինտեգրացիոն գործունեության մասին, որը ձգտում է կարգավորել հարաբերությունները հարևանների հետ։ Ինտեգրման հետ կապված գաղափարները ներկայացրել է Վլադիմիր Պուտինը Եվրասիական միությանը նվիրված և անցած տարվա հոկտեմբերին հրապարակված հոդվածում, հիշեցնում է Financial Times-ը։ «Բոլորս էլ գիտենք, թե որոնք են իրական նպատակները, և հարկավոր է դրանց իրագործումը դանդաղեցնելու կամ կասեցնելու արդյունավետ ուղիներ գտնել»,- Քլինթոնին մեջբերում է թերթը3։
«Իրականում Հայաստանը կարող էր չկայացած երկրի իդեալական օրինակ ծառայել՝ Ղրղզստանի կամ Մոլդովայի նման։ Եթե չլիներ Ռուսաստանը։ Հայաստանն իր ներկա տեսքով ի հայտ է եկել միայն շնորհիվ Ռուսաստանի և շարունակում է գոյություն ունենալ շնորհիվ նրա։ Համատարած կախվածությունը ռուսական գազից և ռուսական տրանսֆերտներից, որի համար Հայաստանին հանդիմանում են ԱՄՀ մասնագետները, էլ չեմ ասում ուժային հովանոցի մասին՝ դրա ուղղակի ապացույցն են». սա ռուս լրագրող, հրապարակախոս, «Օդնակո» հանդեսի գլխավոր խմբագիր Միխայիլ Լեոնտևի կարծիքն է, որի միջոցով Մոսկվան Երևանին հասկացնում է, որ Հայաստանը, միանշանակ, այլ ելք չունի՝ Եվրասիական միության դռները թակելուց բացի4։
Արևմտյան գործընկերների ոգով է հանդես եկել նաև Հայաստանում Լեհաստանի դեսպան Զ.Ռաչինսկին։ «Մի կողմում մեծ ինտեգրումն է Եվրոպային, որը ես հասկանում եմ։ Իսկ ի՞նչ ունենք մյուս կողմում՝ Եվրասիական միությո՞ւն։ Իսկ ի՞նչ է Եվրասիական միությունը։ Կա՞ արդյոք նման կազմակերպություն։ Երբ նման կազմակերպություն լինի, այդ ժամանակ էլ կխոսենք, թե ինչի ու ինչի միջև ընտրություն կատարենք... Չէ՞ որ ընտրությունն իրական պետք է լինի։ Չէ՞ որ Եվրասիական միություն չկա»,- ասել է լեհ դիվանագետը։
Ավելի լավ կլինի, որ ներդրողները ձեռնպահ մնան ռուսական տնտեսությունում ներդրումներ կատարելուց։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Forbes-ը, հայտարարել է միլիարդատեր Ջորջ Սորոսը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում։ «Դա փլուզվող տնտեսություն է, որը Պուտինը տանում է սխալ ուղղությամբ»5։
Սակայն չարժե հակադրել նորաստեղծ ազատ առևտրի գոտին կամ Եվրասիական տարածքը Եվրամիությանը, ինչպես փորձում են դա անել որոշ վերլուծաբաններ կամ քաղաքական գործիչներ։ Մեր կարծիքով՝ Հայաստանի եվրասիական ինտեգրման գործընթացը որևէ կերպ չի հակասում երկրի եվրոպական ինտեգրման ձգտումներին։ Հավանաբար, ճիշտ չեն նրանք, ովքեր հայտարարում են, թե Հայաստանի եվրասիական ինտեգրման խորացումը կխանգարի երկրի եվրաինտեգրմանը։
Չպետք է մոռանալ, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամներ են։ Այդ կազմակերպությունը մշակում է բոլորի համար ընդունելի խաղի կանոններ և թույլ է տալիս մեզ մասնակցել ցանկացած ինտեգրացիոն գործընթացի հետխորհրդային տարածքում։ Եվ այս իմաստով մեզ հոգեհարազատ են հնչում Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Անդրեյ Դենիսովի խոսքերն այն մասին, որ տնտեսական միավորումը ԱՊՀ տարածքում համապատասխանում է արդի իրողություններին։ Դիվանագետը հայտարարել է, որ ԵվրԱզԷս կազմակերպությունը, ի տարբերություն արևմտյան գործընկերների, իր անդամներին չի դնում կոշտ ընտրության առջև. «Որոշ պետություններ, ասենք, ԱՊՀ տարածքում, երբեմն դրվում են ընտրության առջև. կամ մեզ հետ եք, կամ մեզ հետ չեք, կամ եվրասիական ինտեգրման կողմից եք, կամ՝ եվրատլանտյան կողմնորոշման։ Դե, ահա, իբր, ընտրություն կատարեք։ Այ սա, մեր կարծիքով, ճիշտ չէ։ Ճիշտ չէ, և ես կասեի՝ վնասակար է, որովհետև մեր փոխգործակցությունից, ըստ էության, փոխհարստացումից բացի այլ բան չի կարելի սպասել»6։
Եվրասիական միությունն ինքնին, որպես տնտեսական ինտեգրման ձև, բավական «գայթակղիչ» կառույց կլիներ, եթե չլինեին մի շարք լուրջ «բայց»-եր։ Նախ՝ ԱՊՀ բոլոր երկրները չէ, որ մասնակցում են նախագծին, ինչը բարդացնում է ինտեգրացիոն գործընթացների ընթացքը։ Երկրորդ՝ Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է աշխարհում, որն ազատ տնտեսական գոտու անդամ է՝ նրա հետ սահմաններ չունենալով։ Ապրանքներն ստացվում են Վրաստանի տարածքով, որն, իր հերթին, կոպտորեն խախտում է ԱՀԿ կանոնները, քանի որ պետք է անվճար տրամադրի իր տարածքը դեպի Հայաստան ապրանքների տարանցման համար՝ որպես մի երկրի, որը գտնվում է շրջափակման մեջ։ Երրորդ՝ այն երկրների միջև, որոնք հիփոթետիկորեն հավակնում են դառնալու կրկին հիփոթետիկ Եվրասիական միության անդամ, գոյություն ունեն տնտեսական և քաղաքական հակասություններ։ Չորրորդ՝ ոչ բոլոր ծառայություններն ու ապրանքներն են համապատասխանում ազատ առևտրի սկզբունքին, և եթե Հայաստանն ընդամենը մեկ բացառություն ունի՝ ծխախոտը, ապա ուրիշ երկրների պարագայում դրանք շատ ավելին են։ Նման պայմաններում, եթե Հայաստանը դադարի մաքս գանձել մի ամբողջ շարք ապրանքներից ու ծառայություններից, ապա ինչով է լցնելու երկրի բյուջեի ճեղքվածքը։ Ինձ համար՝ որպես տնտեսագետի, այս հարցը բաց է մնում։
Միևնույն ժամանակ, եթե մի կողմ թողնենք այս գործոնները, ապա Եվրասիական միությունում ինտեգրման նախագիծը հեռանկարային է Հայաստանի համար։ Պարզապես պետք է ճշտել խաղի կանոնները։ Առևտուրը պետք է լինի ոչ միայն ազատ, այլև ազնիվ և արդար։
Կարևոր է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, որը դե-ֆակտո Հայաստանի մի մասն է հանդիսանում, և միության մեջ վերջինի մտնելու պարագայում այն փաստորեն դուրս կգա նոր, հսկայական շուկա։ Ցանկալի կլիներ, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես մտներ ԵվրԱզԷս՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, ինչը դրական ազդեցություն կունենա նաև Ադրբեջանի հետ այդ հակամարտության լուծման վրա, մանավանդ եթե վերջինը նույնպես միանա տնտեսական ինտեգրման նշված ձևին։
Որպես ԵվրԱզԷս-ին միանալու առաջին քայլ ազատ առևտրի գոտու ստեղծումը հետխորհրդային տարածքում ժամանակին ընդունված որոշում է, որը թույլ կտա տեսանելի ապագայում անցում կատարել տնտեսական ինտեգրման հաջորդ ձևին՝ մաքսային միությանը։ Այս առումով արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ամբողջ աշխարհն այժմ ընթանում է տնտեսական գլոբալացման ճանապարհով։ Դրան զուգահեռ՝ ընթանում են տնտեսական ռեգիոնալացման գործընթացներ, որոնց շնորհիվ ստեղծվել են այնպիսի կառույցներ, ինչպիսին են ԵՄ-ը, Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտին և այլն։ Ուստի, հետխորհրդային տարածքը չի կարող մի կողմ մնալ և չունենալ նման կառույցներ։
Նոր ձևավորվող գոտու հնարավոր սպառնալիքների մասին խոսելիս անհրաժեշտ է դիտարկել միջազգային փորձը, մասնավորապես այն, որ Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտին գոյություն ունի արդեն 20 տարի, բայց այդ գոտու անդամներն ի վիճակի չեն անցնելու տնտեսական ինտեգրման հաջորդ ձևին՝ մաքսային միությանը, ինչը վկայում է այնտեղ խնդիրների առկայության մասին։
Տվյալ դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի գործոն, ինչպիսին է տարածաշրջանային այլ կառույցների, մասնավորապես՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, (ՍՏՀԿ), ՎՈւԱՄ-ի առկայությունը, որոնք ստեղծվել են որպես ԱՊՀ հակակշիռ և ընդդեմ Ռուսաստանի նախաձեռնությունների, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ազատ և արդար առևտրի մյուս պատնեշը սուբսիդիաներն են։
Մենք առաջարկում ենք այն երկրներին, որոնք բավականաչափ ինտեգրված չեն համաշխարհային տնտեսական տարածքում, ի նպաստ իրենց օգտագործել համաշխարհային տնտեսությունում ստեղծված համատարած անորոշությունը։ Ճգնաժամի հաղթահարման համար մենք հաճախ դեպի Արևմուտք ենք նայում, բայց հարկավոր է սովորել միմյանցից՝ ընդհանուր լուծումներ մշակելով։ Միաժամանակ հարկ է հաշվի առնել, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը նաև գաղափարախոսության ճգնաժամ է։ Վերջին 20 տարիների ընթացքում արևմտյան երկրները հետխորհրդային տարածքի երկրների համար լիբերալիզմի մոդելներ են երաշխավորել։ Այժմ այդ երկրները գաղափարախոսության և տնտեսության զարգացման մոդելի ընտրության եզակի հնարավորություն ունեն, բայց այնպես, որ միմյանցից մեկուսացված չլինեն, այլ հաշվի առնեն ինտեգրման հնարավորությունները։
Առավելությունների թվում կարելի է նշել նաև վեց հետխորհրդային երկրների մասնակցությունը ԱՀԿ-ին, ինչը նպաստում է այնպիսի ստանդարտների ընդունմանը, որոնք կօգտագործվեն նաև ազատ առևտրի գոտում։
Կարևոր է նաև, որ նախկին կայսրության երկրները հեռավոր արտասահմանում գործընկերների 20-ամյա փնտրտուքից հետո դեմքով դեպի միմյանց շրջվեն։ Մեր կարծիքով՝ չպետք է թերագնահատել նախկին գործընկերների արդյունավետ փոխադարձ կապերի պոտենցիալը, ընդ որում՝ խոսքը ոչ թե նախկին կապերը վերադարձնելու, այլ աշխարհատնտեսական կապերի զարգացման նոր փուլում միմյանց ճանաչելու մասին է՝ փոխհարաբերությունների որակապես նոր որակ ենթադրելով, հաշվի առնելով արդի իրողություններն ու համաշխարհային ճգնաժամի դասերը։
Հետաքրքիր է նաև, որ ինտեգրացիան հեռավոր արտասահմանի զարգացած երկրների հետ անհամեմատ ավելի երկար ժամանակ կպահանջի, այնինչ տնտեսական ինտեգրացիան հետխորհրդային տարածքում ավելի իրական է ոչ միայն շահերի ընդհանրության տեսակետից, այլև հաշվի առնելով այդ երկրների սոցիալ-տնտեսական զարգացման համադրելի մակարդակները։ Ավելին, գոյություն ունի նաև ընդհանրություն տնտեսական անվտանգության սպառնալիքների դեմ համատեղ պայքարի հնարավորության տեսակետից։ Սույն պարագայում ավելորդ է հիշեցնել այն մասին, որ հենց սոցիալ-տնտեսական զարգացման համադրելի մակարդակում գտնվող երկրները կկարողանան համախմբվել և ավելի արդյունավետորեն համագործակցել գլոբալ տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցության կրճատման և վերացման, ինչպես նաև իրենց պետությունների տնտեսական անվտանգության ապահովման ոլորտներում։ Վերջապես, նշված երկրները, կապված լինելով համագործակցության ավանդական կապերով, կկարողանան սկզբում ի հայտ բերել, այնուհետև արդյունավետորեն իրականացնել իրենց մրցակցային առավելություններն ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում, ինչը նույնպես հնարավորություն կստեղծի գտնելու իրենց տեղը համաշխարհային տնտեսությունում։
Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) պայմանագրի ստորագրումից հետո շատերը Հայաստանում հարց են տալիս. ի՞նչ կտա այդ գոտին ազգային տնտեսությանը։ Մեր կարծիքով՝ Ազատ առևտրի գոտու ստեղծումը ԱՊՀ տարածքում շատ կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ հետխորհրդային տարածքի մյուս երկրների համար։
Նախ՝ ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը կընդլայնի սպառման շուկան հայ արտադրողների համար։ Դա նշանակում է, որ առաջին հերթին հայ գործարարների համար կընդլայնվի շուկան, որը կաշկանդում էր նրանց վերջին 20 տարիներին, և կստեղծվեն պայմաններ ավելի նպաստավոր, առողջ մրցակցության ու մոնոպոլիաների դուրսմղման համար։ Եվ այս համատեքստում Ազատ առևտրի գոտու ստեղծումը ողջունելի է։ Կարևոր է նշել, որ Համաշխարհային բանկի 2013թ. Doing Business զեկույցում նշված՝ Հայաստանի դիրքերի բարելավումը 18 կետով և զբաղեցրած 32-րդ տեղը վկայում են հայկական տնտեսության դրական փոփոխությունների մասին7։ Իրականությունն այն է, որ Հայաստանը, բարեբախտաբար, խուսափել է էլ ավելի մեծ ցնցումներից, որոնք կարող էին տեղի ունենալ համաշխարհային ճգնաժամի տարիներին, թեև բացասական ազդեցությունը մեր տնտեսության վրա, այնուամենայնիվ, տեղի ունեցավ։ Այժմ Հայաստանը գտնվում է ապաքինման փուլում, և այն, ինչ նշված է զեկույցում, վկայում է հենց դրական փոփոխությունների մասին։ Հայաստանը պետք է հատուկ ուշադրություն դարձնի մարդկային կապիտալի զարգացմանն իր տնտեսության զարգացման և Doing Business զեկույցում իր դիրքերի հետագա բարելավման համար։ Անհրաժեշտ է նաև Հայաստանում ձևավորել տնտեսության և մարդկային կապիտալի զարգացման ազգային մոդել, որպեսզի երկիրը հետագա առաջընթաց ունենա Doing Business-ում։
Երկրորդ՝ Ազատ առևտրի գոտու ստեղծումը խթան կհանդիսանա Համագործակցության երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացման համար։ Այժմ Հայաստանի ապրանքաշրջանառության մոտ մեկ երրորդը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, և այն կավելանա Ազատ առևտրի գոտու հիմնմամբ, քանի որ բազմաթիվ հումքային ապրանքների ներմուծումը երկիր կիրականանա առանց մաքսատուրքի, ինչը խթան կհանդիսանա որակյալ, բայց ոչ թանկ արտադրության համար։
Երրորդ՝ Հայաստանի համար ԱԱԳ-ն նշանակում է շուկայի ընդլայնում և ազատականացում, ապրանքաշրջանառության ավելացում և մոնոպոլիաների դուրսմղում, ինչը շատ կարևոր է։ Վերջապես, Հայաստանի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների թիվ մեկ խնդիրը մրցունակության բարձրացումը և առկա մրցակցային առավելությունների գործադրումն է։ Էկոնոմիկայի նախարարության կարծիքով՝ մասնակցությունն այս տնտեսական նախագծին Հայաստանին թույլ կտա հավելյալ շահույթ ստանալ բյուջեում ապրանքների արտահանումից, ինչպես նաև արդեն այս տարի կմեծացնի ՀՆԱ-ն 1,2%-ով, իսկ հետագայում կարելի է սպասել նաև 12% աճ։ Ամենանպաստավոր կանխատեսումներով՝ Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կարող է բարձրանալ 40%-ով։ Այս գործընթացի կողմնակիցները վստահ են, որ տեղի կունենա ներմուծվող ապրանքների գների նվազում՝ սննդամթերք, էլեկտրոնային և գյուղտնտտեխնիկա, դեղորայք և ավտոմեքենաներ։ Կավելանա նաև արտահանումը։ Դա կվերաբերի գյուղարտադրանքին, ալկոհոլային խմիչքներին և արդյունաբերական հատվածի կիսաֆաբրիկատներին։
Նման համագործակցությունը որոշակի ազդակ կհանդիսանա ողջ տնտեսության զարգացման համար։ Պլյուսների թվում կարելի է նշել անարգել մուտքը հետխորհրդային երկրների շուկաներ։ Սկզբունքորեն, այդ շուկաներից մի քանիսի հարցում արդեն խոչընդոտներ չկային, բայց խոսքն այն մասին է, որ ապագայում ազատ առևտրի գոտին կարող է վերածվել Մաքսային միության և անցնել տնտեսական ինտեգրման նոր փուլերի՝ ընդհանուր շուկա և տնտեսական միություն։
Հարկավոր է հաշվի առնել նաև այն երկյուղները, որ ունեն պայմանագրի վավերացման հակառակորդները։ Ոմանք կարծում են, թե Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ նման լուծումների։ Նրանք երկյուղում են, որ հանրապետություն կհորդեն ապրանքներ ԱՊՀ երկրներից, իսկ հայ արտադրողները չեն կարողանա մրցակցել դրանց հետ։ Արդյունքում՝ փոքր ու միջին բիզնեսի հազարավոր ձեռնարկություններ կսնանկանան։
Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանն առայժմ չեն ցանկանում մասնակցել այս խաղին, իսկ Վրաստանն արդեն հինգերորդ տարին է՝ ԱՊՀ անդամ չէ։ Միևնույն ժամանակ, բոլորը համակարծիք են, որ Հայաստանի մուտքն Ազատ առևտրի գոտի առայժմ ավելի շատ քաղաքական, քան թե տնտեսական որոշում է։ Շահն ու վնասը կհաշվեն ավելի ուշ։
Տնտեսական ինտեգրման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նաև բարոյական արժեքները։ Եթե ԵՄ երկրները տնտեսական և քաղաքական ինտեգրման բարձրագույն աստիճանի են հասել համաշխարհային պատերազմների և հարյուրավոր զինված հակամարտությունների միջով, հարյուրամյակների ընթացքում, ապա անգամ վերջին տարիների ազգամիջյան հակամարտությունների սրացումը հաշվի առնելով՝ չպետք է մոռանալ, որ, այնուամենայնիվ, ավանդական են համարվում բարեկամական կապերը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, փոխշահավետ համագործակցության և ժողովուրդների եղբայրության վրա։ Մեր կարծիքով՝ այս արժեքները կարևոր դեր կխաղան տնտեսական ինտեգրման խորացման և ազգային մրցակցային առավելությունների գործադրման ընդլայնման գործում։
1 ИА REGNUM-ին ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
2 http://www.materik.ru/problem/detail.php?ID=15675&print=Y
3 http://inotv.rt.com/2012-12-07/Klinton-razglyadela-sovetskuyu-ugrozu-v
4 http://news.day.az/politics/370451.html
5 http://news.rambler.ru/17333324/
6 http://news.rambler.ru/16367397/
7 Համաշխարհային բանկի 2013թ. Doing Busines զեկույցում Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով և զբաղեցնում է 32-րդ տեղը։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանը լավագույն դիրքն ունի ԱՊՀ երկրների մեջ և տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին։ Ադրբեջանը, անցած տարվա համեմատ, իջել է մեկ կետով։ Թուրքիան և Իրանը նույնպես զիջել են իրենց դիրքերը։ Հայաստանի ձեռք բերած առաջընթացը պայմանավորված է ներդրումների, փոքր բիզնեսի պաշտպանվածությամբ և այլ լուրջ բարեփոխումներով ուրիշ ոլորտներում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏ[04.12.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԱԶԱՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ[01.11.2017]
- ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[14.04.2017]
- ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ[18.04.2013]