
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թաթուլ Մանասերյան
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր
«Ամենաշահութաբեր բիզնեսը պատերազմն է»1։
Հոդվածում մեր նպատակն է ներկայացնել պատերազմի իրական սպառնալիքի պայմաններում ապրող հասարակության ընտրությունը` հաշվի չառնել պատերազմի սպառնալիքը և շարունակել ազատական ուղղվածության բարեփոխումները կամ պատրաստվել պարտադրված պատերազմի ցանկացած դրսևորման՝ ըստ այդմ մշակելով և կիրառելով զարգացման որակապես նոր մոդել:
Վարկածներ. Նախ` ուսումնասիրության մեջ կիրառվող վարկածների մասին:
Թերևս, ապացուցման կարիք չունի այն պնդումը, որ ֆիզիկայի որոշ օրենքները Երկիր մոլորակի վրա և տիեզերքում տարբեր են: Անհերքելի է նաև այն, որ տնտեսագիտական օրենքներն ու օրինաչափությունները, կառավարման բազմաբնույթ մոդելները խաղաղ պայմաններում համադրելի չեն պատերազմական իրավիճակում երկրին պարտադրված տնտեսվարման մոդելի հետ: Հետևաբար` խաղաղ պայմանների համար մշակված տնտեսական զարգացման ցանկացած մոդել, առավել ևս` ծրագիր, չի կարող ինտեգրվել պատերազմի տնտեսագիտությանը: Սա, իր հերթին, նշանակում է, որ պատերազմի պայմաններում չեն կարող գոյակցել կամ ներդաշնակվել երկու «զուգահեռներ»` պատերազմի պայմաններում երկրին պարտադրված տնտեսագիտությունը և ազատական կառավարման տնտեսագիտությունը:
Այս ամենը կարևորվում է, երբ հաշվի են առնվում շուկայական տնտեսությանն անցման փուլին բնորոշ տնտեսական թնջուկները, ազգային տնտեսության ձևավորման մոդելի բացակայությունը, ինչպես նաև աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործոններն ու երկրի բազմաբնույթ` պատմական, մշակութային, քաղաքական, սոցիալական, հոգեբանական և այլ առանձնահատկությունները:
Վերջապես, խնդիրն ավելի է սրվում, երբ խոսքն առնչվում է ոչ միայն առերևույթ, այլև քողարկված բնույթի պատերազմներին և հակամարտություններին:
Հիմնարար շահ. Ակներևաբար, հիշատակված վարկածներն ու դրանց առնչվող միտումները տարածվում են պատերազմի բոլոր հնարավոր տեսակների վրա, որոնք նշանավոր չին մտածող Սուն Ցզիի կարծիքով (մ.թ.ա. 5-րդ դար), կարող են լինել արդար կամ անարդար [1, с. 12-75], առաջադիմական (ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության կարգախոսներով) կամ ռեակցիոն, զավթողական կամ ազատագրական, լոկալ, տարածաշրջանային կամ ավելի լայնամասշտաբ, երկկողմ կամ բազմակողմ, կարճատև կամ երկարատև, ցամաքային, ծովային, քիմիական, կենսաբանական, բակտերիոլոգիական, գեոֆիզիկական կամ այլ բնույթի, որոնք բնորոշ են մեր դարաշրջանին և, Քերոլին Նորդստրոմի պնդմամբ, կարող են հարափոփոխ լինել` կախված ծախսերից, դրանց ֆինանսավորման աղբյուրներից, ակնկալվող արդյունքից և նպատակներից [2, pp. 2-25]: Թերևս, կարելի է առանձնացնել նաև ծրագրված կամ կազմակերպված ու պարտադրված կամ սադրած պատերազմները, որոնք կարող են ունենալ իրենց ընդհանրություններն ու յուրահատկությունները` հանդես գալով որպես ինքնապաշտպանություն, կանխարգելիչ կամ զսպող պատերազմներ, երբ ակնհայտ է թշնամու առաջխաղացման վտանգը, իսկ որոշ դեպքերում նաև նախահարձակ գործողություններով, որպես սպառնալիքի կանխարգելում` ռազմավարական ակամա դաշնակցին աջակցելու միջոցով: Դրանք ունեն իրենց երբեմն բացառիկ տրամաբանությունն ու օրենքները [3, էջ 34-67], սակայն բոլորի հիմքում, առաջին հերթին, ընկած է տնտեսական շահը, որն էլ դարձնում է պատերազմն առավել շահավետ բիզնես ինչպես վերջնական արդյունքների ակնկալիքների առումով` այն նախաձեռնողների, այնպես էլ հակամարտության կողմերին զենք վաճառողների համար:
Նոր տնտեսական ռեսուրսներին տիրանալու ձգտումն ընկած էր համաշխարհային երկու պատերազմների հիմքում: Եթե ընդունում ենք այս իրողությունը, ապա դժվար չէ նկատել, որ ժամանակակից պատերազմների և զինված հակամարտությունների իրական պատճառը ռեսուրսներն են, առաջին հերթին՝ նավթը2, որքան էլ որ տարբեր են հռչակված նպատակները` սկսած ժողովրդավարության հաստատումից, միջուկային զենքի ծրագրերի դադարեցումից մինչև զանգվածային ոչնչացման զենքի առգրավումը և այլն [4, pp. 11-15]:
Ինչ վերաբերում է ներգրավված երկրի համար պատերազմի բարեհաջող ելքի նախապայմաններին, ապա հարկ է նկատել, որ իրականում ուժային գործողությունների հաջողությունն անխուսափելիորեն կանխորոշվում է զինուժի, տեխնոլոգիական զարգացման, տնտեսական ռեսուրսների, աշխարհագրական դիրքի և դաշնակիցների աջակցության համախառնուրդով:
Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի արտադրության բարձր գիտատարությունը, վերջինիս բարձր արժեքը և գինը, ինչպես նաև շահագործման և գործածության ապահովման մեծ ծախսերն էլ ավելի են սահմանափակում տնտեսության հնարավորությունները` ժամանակակից պահանջներին համապատասխան միջոցների մատակարարմամբ ապահովելու երկրի զինված ուժերի մարտունակությունը:
Մյուս կողմից՝ ընդունելով այն փաստը, որ ժամանակակից աշխարհում գիտելիքն ու դրա նպատակային օգտագործումը նույնքան կարևոր են, որքան և զենքը, ինտելեկտուալ ռեսուրսները կարող են ոչ միայն լրացնել զարգացող երկրներից պահանջվող նյութական միջոցների բացը, այլև հակամարտության պայմաններում շահեկան դիրք ապահովել նրանց համար: Հատկանշական է, որ արդի պայմաններում զինված ընդհարումներին զուգահեռ կիրառվում են նաև պայքարի այնպիսի ձևեր, ինչպիսիք են կազմակերպական, դիվանագիտական, տեղեկատվական և այլ հակամարտությունների բազմաբնույթ մեթոդները: Առանձին վերլուծության առարկա են հենց պետության հովանավորությամբ և հստակ ցուցումներով ու ծրագրով իրականացվող տեղեկատվական պատերազմները, որոնք կարող են նաև սանձազերծվել ինչպես առևտրային, գաղափարախոսական, այնպես էլ «սովորական» պատերազմներին զուգահեռ: Տեղեկատվական պատերազմներից սերվելով՝ այսօր ինքնուրույն «կյանքի իրավունք» են ստացել ցանցային կամ ցանցակենտրոն պատերազմները, կիբեռպատերազմները և այլն: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղեկատվությունը դարձել է թանկ ապրանք, որին ձգտում են տիրանալ բոլորը, մյուս կողմից, ինչպես Ռոտշիլդներն են ժամանակին բնորոշել` «ով տիրապետում է տեղեկատվությանը, նա կարող է տիրել աշխարհը»3, միանգամայն հասկանալի է դառնում տեղեկատվական պատերազմների4 շարունակական և հետզհետե ավելի ահագնացող բնույթը:
Ժամանակակից և հետագա պատերազմները պետության համար կարող են նյութական, գաղափարախոսական և հոգևոր ներուժի լուրջ փորձություն լինել: Ռազմատեխնիկական ներուժի առումով դրանք կարող են հանդես գալ որպես գիտության և տեխնիկայի իսկական պատերազմներ: Վերջինս, մեր համոզմամբ, ենթադրում է զինված պայքարի այնպիսի տարբերակներ, որոնք թույլ կտան որոշ չափով չեզոքացնել տնտեսական և կազմակերպական առումով պատերազմող երկրի խոցելի կողմերը: Այսպես, օրինակ, երկարատև պատերազմների ժամանակ հակամարտող կողմերը երբեմն դադար են վերցնում` չբավականացնող ռեսուրսներ և զինամթերք ձեռք բերելու համար: Եթե սեփական ուժերը չեն բավարարում, կողմերը փորձում են գտնել դաշնակիցներ` անհրաժեշտ դիվանագիտական աշխատանքների և արտաքին հարաբերությունների զարգացման, արտաքին օգնության ինտենսիվ փորձերի շնորհիվ: Հենց այս ճանապարհով են հանգուցալուծվել բազմաթիվ խնդիրներ ինչպես Երկրորդ աշխարհամարտի տարիներին, այնպես էլ դրան նախորդող բազմաթիվ պատերազմներում: Քիչ չեն նաև հակառակորդին տարբեր միջոցներով մոլորեցնելու մանևրները, որոնք, մի կողմից, թույլ են տալիս խնայել առկա միջոցներն ավելի վճռական փուլի համար, մյուս կողմից` ավելի ռացիոնալ օգտագործել տնտեսության ներուժը: Վերջապես, հիշյալ նպատակին հասնելու ձևերից մեկն էլ հակառակորդին այլ հակամարտության մեջ հրահրելն է, ինչն, ի վերջո, կարող է ջլատել ուժերը և հնարավորություն ընձեռել վճռական հարվածի համար:
Ազատական տնտեսությունը, ռազմարդյունաբերական համալիրի մրցունակությունը և երկրի մարտահրավերները. Աշխատանքի միջազգային բաժանումն, ինքնին, ենթադրում է խաղաղ պայմաններում համագործակցություն և արդար մրցակցություն: Դրանք փոխպայմանավորող գործոններ են5: Պատերազմը բերում է ոչ միայն մարդկային զոհեր, տնտեսական, սոցիալական և այլ բնույթի աղետներ ու ավերածություններ, այլև, ի սկզբանե, ի չիք է դարձնում ազատական տնտեսությունը և դրան առնչվող ցանկացած օրինաչափություն: Այն պահանջում է պետության բացարձակ կարգավորում և վերահսկողություն բոլոր ոլորտներում:
Շուկայական տնտեսությունը, Վերներ Զոմբարտի և նրա գաղափարակիցների վկայությամբ, ենթարկվում է սպառողների ինքնիշխանությանը [5], մինչդեռ պատերազմի օրոք պետությունն է որոշում ոչ միայն այն խնդիրը, թե ինչ պետք է գնի սպառողը, այլև ավելին` ինչ, որքան և ում համար պետք է արտադրի արդյունաբերողը: Միակողմանիորեն, առանց լայն հասարակության հետ քննարկման, պատերազմի օրոք որոշվում են պետական բյուջեի ծախսային հոդվածների առաջնահերթությունները: Որոշ փորձագիտական հաշվարկներով՝ Ուկրաինայի հետ զինված հակամարտության ժամանակ երկու տարում Ռուսաստանը հարկադրված է եղել իր արժութային ռեզերվներից ծախսել մոտ $200 մլրդ-ին համարժեք գումար6, ինչն ամենևին էլ չի համաձայնեցվել քաղաքացիական հասարակության հետ:
Համաշխարհային փորձը վկայում է, որ ժամանակ առ ժամանակ առաջանում են հակասություններ, որոնք անհնար է հանգուցալուծել առանց ռազմական ուժի կիրառման: Նույնը պահանջվում է նաև պետության տնտեսական անվտանգությունն ապահովելու համար: Հետևաբար, ազատական տնտեսությունն ու պատերազմն անհամատեղելի ինստիտուտներ են: Մի իրողություն, որը շրջանցվել է անկախության տարիներին` Հայաստանի բոլոր կառավարությունների կողմից: Հետևաբար, չեն արվել համապատասխան եզրակացություններ, և չի մշակվել համարժեք հանրակարգ:
Այս պայմաններում առաջացող կարևոր հիմնահարցերից մեկն այն է, թե ինչպես կարելի է համապատասխանություն սահմանել ռազմաքաղաքական նպատակների և տնտեսական հնարավորությունների միջև, որն, իր հերթին, պահանջում է հաշվի առնել պատերազմի և տնտեսության հնարավոր փոխազդեցությունները: Ու թեև այս առումով ուսանելի է բազմաթիվ երկրների, մասնավորապես` ԱՄՆ, Ֆրանսիայի, Իսրայելի, ՌԴ կուտակած փորձը, մեր համոզմամբ, յուրաքանչյուր երկիր պետք է հաշվի առնի խնդիրն արդյունավետ հանգուցալուծելու սեփական հնարավորությունները: Արժանահիշատակ է, հատկապես, Իսրայելի օրինակը, որը ոչ միայն Պաղեստինի, այլև Իրանի և այլ երկրների հետ լարված հարաբերությունների պայմաններում միշտ չէ, որ հաշվի է առնում ԱՄՆ կամ ԵՄ դիրքորոշումները: Կիրառելով ոչ թե խաղաղ, այլ պատերազմական պայմաններին առավել համահունչ տնտեսական զարգացման մոդել և ամեն գնով զարկ տալով ՌԱՀ զարգացմանը, Իսրայելն այսօր հնարավոր պատերազմի մրցունակությունն ապահովում է նաև ՌԱՀ հենքի վրա ձևավորված արտահանման ծավալների ավելացման և դրանից ստացված շահույթների հաշվին: Ավելին, ռազմական տեխնիկայի վաճառքն ու այդ ասպարեզում ծավալվող համագործակցությունն առաջնահերթություն են ոչ միայն արտաքին տնտեսական, այլև արտաքին քաղաքական հարաբերություններում: Մասնավորապես, Իսրայելի համար առավել մեծ կարևորություն են ստացել Հարավարևելյան Ասիայի հինգ երկրները` Վիետնամը, Ֆիլիպինները, Թաիլանդը, Սինգապուրն ու Միանմարը: Ավելին, «Հայացք Արևելքին» ռազմավարական ծրագրի շրջանակներում ավելի մեծ թափ է ստանում ՌԱՀ, մասնավորապես, կիբեռանվտանգության շուրջ համագործակցությունը Ճապոնիայի, Հարավային Կորեայի, ինչպես նաև Հնդկաստանի հետ: Այսպես, օրինակ, Israel Weapon Industries ընկերությունը $100 մլն ներդրում է կատարել Վիետնամի բանակին Galil ACE 31, 32 ինքնաձիգեր մատակարարելու համար, իսկ Իսրայելի կառավարությունն, ըստ միջպետական պայմանագրի, հանձն է առել Վիետնամի ազգային բանակի արդիականացման ծրագրի իրագործումը, որի օրինակը պատրաստվում է տարածել նաև Ադրբեջանում7: Ընդ որում, Վիետնամն աստիճանաբար հրաժարվում է ռուսական ավանդական «Կալաշնիկով» ինքնաձիգերից: 2005-2015թթ. Վիետնամը Իսրայելից ձեռք է բերել Spyder և Derby հրթիռներ և ELM-2288/ER և ELM-2022 ռադարներ: Այսպիսով, Հարավարևելյան Ասիայի երկրները սկսել են կարևոր դեր խաղալ Իսրայելի ՌԱՀ զարգացման և արտահանման մեջ՝ հանդիսանալով իսրայելական ռազմական տեխնիկայի գլխավոր գնորդներն աշխարհում: Մասնավորապես, անցյալ տարի Իսրայելի վաճառած մոտ $5,6 մլրդ-ի զենքից մոտ $3 մլրդ-ն բաժին է ընկնում հենց այս տարածաշրջանի երկրներին8:
Հարկ է նկատել, որ այսօր աշխարհում ավելի մեծ ուշադրություն է դարձվում տեղեկատվական պատերազմներին [6, pp. 33-38], որում ակամա ներքաշված է նաև Հայաստանը: Փորձագետների վկայությամբ, «զոմբիավորված ցանցերում» օգտագործելով մոլորակի վրա գոյություն ունեցող համակարգիչների ընդամենը 1%-ը՝ այսօր կարելի է բլոկավորել և խաթարել հաղորդակցությունների, էլեկտրական ցանցերի, ֆինանսական շուկաների, պաշտպանական ողջ համակարգերը: Վերջերս ձեռնարկված հանկարծակի իմիտացիոն կիբեռհարձակումը ԱՄՆ-ի դեմ ցույց տվեց այդ երկրի պաշտպանվածության ցածր մակարդակը, ինչպես նաև այն, որ վաղն անգամ կարելի է սահմանափակ միջոցներով կանգնեցնել համաշխարհային տնտեսության զարգացումը, որը 90%-ով կախված է համացանցից և տեղեկատվական տեխնոլոգիաներից [7]: Եվ չնայած այս իրողությանը, ԱՄՆ-ն այսօր առաջատարն է տեղեկատվական պատերազմներում ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների, այնպես էլ նյութատեխնիկական բազայի և ֆինանսական ներդրումների առումներով: GlobalSecurity.org կայքի տվյալների համաձայն, դեռևս տասներկու տարի առաջ Երկիր մոլորակի շուրջ պտտվում էին ավելի քան 138 ամերիկյան, 61 ռուսական, 10 չինական և 12 եվրոպական ռազմական արբանյակներ: Ֆրանսիացիները գտնում են, որ ամերիկացիների համեմատ իրենց հնարավորությունները շատ ավելի համեստ են9: Մասնավորապես, ֆրանսիացի փորձագետ Միշել Ալիո-Մարին այն կարծիքին է, որ տեղեկատվական պատերազմն արդի պատերազմի կարևորագույն մասն է կազմում: Ֆրանսիայում արդեն հիմնադրվել և գործում է Էլեկտրոնային զենքի կենտրոնը (CELAR), որը տեղեկատվական պատերազմի յուրօրինակ տեխնիկական կենտրոն կարելի է համարել, ուր աշխատում են մոտ 900 բարձր դասի մասնագետներ և օգտագործում են այնպիսի տեխնիկական միջոցներ, ինչպիսիք բացակայում են անգամ Ֆրանսիայի Միջուկային էներգիայի կոմիսարիատում, որտեղ աշխատում է ավելի քան 4500 մասնագետ10:
Ուսումնասիրված երկրների օրինակներն, անշուշտ, որոշակի դեր ունեն Հայաստանի համար պատերազմի իրական սպառնալիքի պայմաններում առանցքային գործոնի` երկրի ռազմարդյունաբերական համալիրի մրցունակության և դրա արդյունավետ իրացման հարցերի վերլուծության մեջ: Իր հերթին, ռազմարդյունաբերական համալիրի մրցունակությունը պայմանավորված է առավել արդիական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությամբ` սպառազինության որակով և վերջինիս ապահովման համար առկա ֆինանսական միջոցներով (ի տարբերություն քաղաքացիական պայմաններում գործածվող «գին» բաղադրիչի): Ավելի լայն առումով, ռազմարդյունաբերական համալիրի մրցունակությունը կախված է ազգային տնտեսության մրցունակության մակարդակից, ինչը որոշիչ է ոչ միայն զենքի, զինամթերքի, զինված հակամարտության պայմաններում կիրառվող տեխնիկական միջոցների արտադրության, այլև տրանսպորտի և հաղորդակցությունների աշխատանքի կազմակերպման, մատակարարման համակարգերի, զինված ուժերի գործողություններում անհրաժեշտ ենթակառուցվածքների կատարելագործման, ՌԱՀ ձեռնարկությունների աշխատանքի արտադրողականության և մասնագիտական պատրաստվածության մակարդակի համար: Ընդսմին, հետզհետե կրճատվում են ռազմական տեխնիկայի հերթական սերնդի ժամկետները, ինչը լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցնում մեր երկրի ՌԱՀ-ը:
ԱՄՆ, Ռուսաստանի, Իսրայելի և այլ երկրների փորձը վկայում է, որ, օրինակ, ռազմական ուղղվածության մեքենաշինության արտադրանքի (ինքնաթիռների, զրահատանկային տեխնիկայի, շարժիչների, ռազմատրանսպորտային միջոցների) սերնդափոխությունը, միջին հաշվով, կարող է կազմել հինգից տասը տարի, ռազմական էլեկտրոնիկայի արտադրանքի (կրակի կառավարման ավտոմատացված համակարգեր, ռադիոտեխնիկական սարքերի) համար` երկուսից երեք տարի: Ըստ որում, ինքնին հասկանալի է, որ դրանց նոր մոդելների մշակումը պահանջում է ավելի երկար ժամանակահատված: Պարզվում է, որ կապի բորտային ռադիոէլեկտրոնիկայի սարքավորման (չորրորդ և հաջորդ սերնդի) հիմնական բաղադրիչների մշակումն, օրինակ, պահանջում է հինգից ութը տարի, ինչն էականորեն ավելացնում է նոր տեսակի կիրառության ժամկետները` մինչև դրա բարոյական մաշվածությունը11:
Այսուամենայնիվ, նոր տեխնիկական միջոցների ներդրման անհրաժեշտ նախապայմաններից մեկը փորձանմուշից սերիական արտադրությանն անցումն է, որն ամբողջովին պայմանավորված է երկրի տնտեսական հնարավորություններով: Իսկ վերջինս, իր հերթին, կապված է համապատասխան տեխնոլոգիաների իրացման համար պահանջվող որոշակի ծախսերի հետ:
Հայաստանի պարագայում, մասնավորապես, ակնհայտ է, որ գնի բարձր կամ ցածր մակարդակը չի կարող արդարացնել սպառազինության որևէ տեսակից կամ բաղադրիչից կախվածությունն արտերկրից, եթե դրա համարժեքը հնարավոր է արտադրել տեղում: Խոսքը վերաբերում է ինչպես անօդաչու սարքերին, այնպես էլ փամփուշտներին և զինամթերքի այլ տեսակներին: Միայն փամփուշտների մասով փորձագիտական ուսումնասիրությունները12 վկայում են, որ մեկ թշնամի սպանելու համար միջին հաշվով կրակում են մի քանի տասնյակից մինչև մի քանի տասնյակ հազար, իսկ երբեմն` հարյուր հազար փամփուշտ: Գուցե նման հաշվարկները չափազանցված են, սակայն ոսկերչական ճշտությամբ դրանք որևէ մեկին չի հաջողվում ներկայացնել: Մի բան ակնհայտ է. ցանկացած պատերազմ չափազանց ծախսատար երևույթ է: Այն սովորաբար ծանր բեռ է դառնում տնտեսության համար, եթե «սպասարկվում» է ձեռնարկությունների մի մասի ռազմականացման կամ հարկերի բարձրացման հաշվին:
Ի վերջո, ինչպես ամեն ապրանք ու ծառայություն, ամեն արհավիրք ու աղետ, պատերազմը նույնպես ունի իր գինը: Եվ դրա հաշվարկն ամենևին էլ տնտեսագիտության դասական սահմանումներով կատարվող գնի հաշվարկը չէ: Եվ ռազմական հակամարտության ու պատերազմի գինը, բնականաբար, սրանով չի կարող սահմանափակվել: Կարևոր է հաշվի առնել նաև պատերազմի սոցիալական գինը, ներքին և արտաքին քաղաքական գինը, ժողովրդագրական գինը, բարոյական և հոգեբանական գինը և այլ հաշվառելի ու աներևույթ գործոններ13: Ուստի, դրա առանձնահատկություններին հարկ է անդրադառնալ միայն խոր և բազմակողմանի մասնագիտական ուսումնասիրություններից և դիտարկումներից հետո:
1 Wade Frazier, The Business of War, July 2014, http://ahealedplanet.net/war.htm
2 Andrew T. Price-Smith, Oil, Illiberalism, and War, An Analysis of Energy and US Foreign Policy, The MIT Press, 2015, https://mitpress.mit.edu/books/oil-illiberalism-and-war
3 http://just-meller.livejournal.com/98697.html
4 «Տեղեկատվական պատերազմ» տերմինն առաջին անգամ պաշտոնական շրջանառության մեջ է դրվել ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից 1992թ. (information warfare):
5 Մանչեսթրի դպրոցի առանցքային մոտեցումներն են: Bresiger, Gregory. "Laissez Faire and Little Englanderism: The Rise, Fall, Rise, and Fall of the Manchester School," Journal of Libertarian Studies (1997) 13#1 pp. 45–79, https://mises.org/library/laissez-faire-and-little-englanderism-rise-fall-rise-and-fall-manchester-school-0
6 Петр и Мазепа, Экономика войны, https://petrimazepa.com/economyofwar.html
7 Израиль стал крупнейшим экспортером оружия в ЮВА, «Expert Online» 2016, http://expert.ru/2016/06/13/izrail/
8 Նույն տեղում:
9 http://www.internetactu.net/2005/11/25/guerre-de-linformation-made-in-france/
10 Նույն տեղում:
11 Круглов Сергей, Моральное старение техники (вопросы методологии и теории), Москва, 1997, с. 26, http://www.referun.com/n/moralnoe-starenie-tehniki-voprosy-metodologii-i-teorii#ixzz4WYzicioT
12 David Friedman, The economics of war, http://www.daviddfriedman.com/Academic/economic_of_war/the_economics_of_war.htm
13 «Social and political costs of war», available at: http://watson.brown.edu/costsofwar/costs/social
Փետրվար, 2017թ.
Աղբյուրներ և գրականություն
- Сунь-цзы, Трактат о военном искусстве // Сунь-цзы, У-Цзы. Трактаты о военном искусстве, М., Изд-во АСТ; СПб., Техта Fantastica, 2003.
- Carolyn Nordstrom, Shadows of War: Violence, Power, and International Profiteering in the Twenty-First Century, University of California Press, 2004.
- Լևոն Մելիք-Շահնազարյան, Պատերազմի և հաղթանակի մասին, Երևան, 2015թ.:
- The economics of war Calculating the consequences, The Economist, Nov 28th 2002, New York.
- Sombart, Werner (2001): Economic Life in the Modern Age. Nico Stehr & Reiner Grundmann, eds. New Brunswick: Transaction. (New English translations of key articles and chapters by Sombart, including (1906) in full and the segment defining Capitalism from (1916).
- Cyberwar: Security, Strategy, and Conflict in the Information Age, New York, 1996.
- Christophe Alix, La realite du cybercrime depasse les pires scenarios // Ecrans.fr. jeudi 11 mars 2010, selectionne par Spyworld.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏ[04.12.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԱԶԱՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ[01.11.2017]
- ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ[18.04.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ. ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[16.04.2013]