«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ» 2012-2013թթ. ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կարեն Վերանյան«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ
«Տնտեսական ազատության ինդեքսը». մեթոդաբանական հարցեր
«Տնտեսական ազատության ինդեքսը» (Index of Economic Freedom) վարկանիշային հետազոտությունն արդեն գրեթե մեկ տասնամյակ իրականացվում է ԱՄՆ առաջատար ու հեղինակավոր «ուղեղային կենտրոններից» մեկի՝ «Հերիթիջ ֆաունդեյշըն»-ի (The Heritage Foundation) և «Ուոլ սթրիթ ջորնըլ» (The Wall Street Journal) օրաթերթի կողմից։ «Հերիթիջ ֆաունդեյշըն» կազմակերպությունը ստեղծվել է 1973թ., այն հետազոտական ու կրթական ինստիտուտ է («ուղեղային կենտրոն»), որի հիմնական նպատակներից է ԱՄՆ կառավարական պահպանողական քաղաքականության ձևավորումն ու աջակցումը։
«Տնտեսական ազատության ինդեքսը» վարկանիշային հետազոտության մեթոդաբանությունը հիմնվում է 10 տնտեսական ցուցիչների վրա, որոնց քանակական միջինացված հաշվարկի միջոցով տրվում է զեկույցում ներառված երկրներից յուրաքանչյուրի տնտեսական ազատության ամփոփիչ վարկանիշը։
Ստորև ներկայացվում են «Տնտեսական ազատության ինդեքսի» 10 ցուցիչները.
- գործարար ազատություն,
- առևտրի ազատություն,
- ֆիսկալ ազատություն,
- ազատություն կառավարությունից,
- արժութային ազատություն,
- ներդրումային ազատություն,
- ֆինանսական ազատություն,
- սեփականության իրավունքի պաշտպանվածություն,
- ազատությունը կոռուպցիայից,
- աշխատանքային ազատություն։
Անհրաժեշտ է նշել նաև, որ վերը թվարկված յուրաքանչյուր ցուցչի տնտեսական համապատասխան ազատության ցուցանիշը և ընդհանրապես տվյալ երկրի տնտեսական ազատության ամփոփող ցուցիչը սահմանվում է 0-100 միավոր սանդղակով, որտեղ 100 միավորը համարվում է ազատության բարձրագույն ցուցանիշը։ Բացի այդ, յուրաքանչյուր պետության տնտեսական ազատության ամփոփիչ ցուցչային վարկանիշը, համաձայն տվյալ երկրի տնտեսության ազատականացման աստիճանավորման, բաշխվել է հետևյալ հինգ մասի.
- ազատ (երկրներ, որոնք ստացել են 80-100 միավոր),
- հիմնականում ազատ (70-79.9),
- միջին ազատության (60-69.9),
- հիմնականում ոչ ազատ (50-59.9),
- ճնշված (0-49.9):
ՀՀ-ն ԱՊՀ անդամ պետությունների ցուցակում տնտեսական ամենաազատականացված երկիրն է 2012-2013թթ.
Այժմ առավել հանգամանորեն անդրադառնանք 2012թ. վարկանիշային հետազոտության արդյունքներին։ Նախ նշենք, որ այս վերջին զեկույցում տեղի են ունեցել որոշակի մեթոդաբանական փոփոխություններ. խնդիրը վերաբերում է 10 ցուցիչների դասակարգման հաջորդականության փոփոխմանը, ինչը պետք է համարել զուտ մեխանիկական և ոչ որակական ձևափոխում։ Ստորև ներկայացնում ենք 2012թ. (ինչպես և 2013թ.) զեկույցում մեթոդաբանությունում կիրառված 10 ցուցիչների դասակարգման փոփոխված հաջորդականությունը.
- սեփականության իրավունքի պաշտպանվածություն,
- ազատությունը կոռուպցիայից,
- ֆիսկալ ազատություն,
- ազատություն կառավարությունից,
- գործարար ազատություն,
- աշխատանքային ազատություն,
- արժութային ազատություն,
- առևտրի ազատություն,
- ներդրումային ազատություն,
- ֆինանսական ազատություն։
Պետք է նշել նաև, որ մեթոդաբանությունում տեղ գտած նորամուծություններից մեկն էլ վերաբերում է նրան, որ նշյալ 10 ցուցիչներն ընդգրկվել են 4 հիմնական խմբերի մեջ, որոնք են՝
- օրենքի գերակայություն, որտեղ ընդգրկված են առաջին երկու ցուցիչները՝ ըստ հաջորդականության,
- սահմանափակ լիազորություններով կառավարություն (Limited government), որտեղ ներառվել են հաջորդաբար 3-4 կետերը,
- կառավարման արդյունավետություն՝ 5-7 կետերով,
- բաց շուկա՝ 8-10 կետերը։
Վարկանիշային 2012թ. հետազոտությունում ՀՀ-ն զբաղեցրել է առաջատարի դիրքը ԱՊՀ տարածքում՝ գտնվելով 39-րդ հորիզոնականում՝ 68.8 միավորով։ Հարավկովկասյան երկրների համեմատականի համատեքստում լավագույն ցուցանիշը գրանցվել է Վրաստանի պարագայում, որը գտնվում է 34-րդ դիրքում։ ՀՀ-ն իր ցուցանիշով տեղակայվել է միջին ազատության աստիճանակարգում։ ՀՀ-ն իր վարկանիշով գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Նորվեգիան, Հունգարիան, Ֆրանսիան և այլն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս իր 58.9 միավորով տեղակայվել է հիմնականում ոչ ազատ երկրների ցուցակում։
Աղյուսակ 1. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2012թ., ՀՀ վարկանիշը այլ երկրների շարքում
Աղբյուրը՝ Հերիթիջ ֆաունդեյշըն. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2012թ.
Կազմակերպության վերջին՝ 2013թ. վարկանիշային զեկույցի տվյալներով (զեկույցում ընդգրկված են 185 պետություններ)՝ ՀՀ-ն պահպանել է իր առաջատարի ցուցանիշը ԱՊՀ երկրների շարքում՝ 69.4 ընդհանուր միավորով զբաղեցնելով 38-րդ հորիզոնականը։ Նախորդ զեկույցի համադրությամբ ՀՀ-ն բարելավել է իր միավորը 0.6-ով՝ նախկին 39-րդ դիրքից անցում կատարելով 38-րդի։ ՀՀ-ին անմիջապես հաջորդում են Ղազախստանն ու Ադրբեջանը, որոնք համապատասխանաբար գտնվում են 68 և 88-րդ հորիզոնականներում։ Դրական տեղաշարժ է նկատվում նաև Ադրբեջանի ցուցանիշում, որը նախորդ զեկույցում զբաղեցրած 91-րդ դիրքից տեղափոխվել է 88-րդ հորիզոնական։ Նկատենք, որ չնայած Ադրբեջանը ԱՊՀ երկրների ցուցակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, սակայն դիրքային միավորով ավելի քան կրկնակի զիջում է ՀՀ համապատասխան ցուցանիշին։ Ավելին, զգալի է նաև ԱՊՀ երկրների շարքում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Ղազախստանի ու ՀՀ դիրքային տարբերությունը (մանրամասն տե՛ս Աղյուսակ 2)։
Հարավկովկասյան երկրներից լավագույն արդյունքը կրկին գրանցվել է Վրաստանի պարագայում, որը վերջին զեկույցում բարելավելով իր նախորդ արդյունքը՝ գտնվում է 21-րդ դիրքում։ Հիշեցնենք, որ նախորդ զեկույցում Վրաստանը գտնվում էր 34-րդ հորիզոնականում։
ՀՀ-ն իր վարկանիշային ցուցանիշով համարվում է միջին ազատության երկիր՝ 69.4 միավորով զբաղեցնելով միջին ազատ և հիմնականում ազատ երկրների սահմանագիծը։ Վրաստանը գտնվում է 2-րդ աստիճանակարգում՝ համարվելով հիմնականում ազատ տնտեսությամբ երկիր։ Ինչ վերաբերում է հարավկովկասյան մյուս հանրապետությանը, ապա Ադրբեջանը, ինչպես և նախորդ զեկույցում, համարվում է հիմնականում ոչ ազատ երկիր։
Աղյուսակ 2. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2013թ., ՀՀ վարկանիշը այլ երկրների շարքում
Աղբյուրը՝ Հերիթիջ ֆաունդեյշըն. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2013թ.
Գրաֆիկ 1. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2013թ., ՀՀ-ն ԱՊՀ երկրների շարքում (ըստ երկրների զբաղեցրած դիրքերի)
Գրաֆիկը կազմվել է Հերիթիջ ֆաունդեյշըն. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2013թ. զեկույցի տեղեկատվության հիման վրա։
Գրաֆիկ 2. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2013թ., Հարավային Կովկաս (ըստ երկրների զբաղեցրած դիրքերի)
Գրաֆիկը կազմվել է Հերիթիջ ֆաունդեյշըն. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2013թ. զեկույցի տեղեկատվության հիման վրա։
ՀՀ վարկանիշը մերձբալթյան, արևելաեվրոպական և Եվրասիական միության երկրների շարքում, 2013թ.
Առանձին ուսումնասիրել ենք ՀՀ վարկանիշի համեմատականը նաև մերձբալթյան, արևելաեվրոպական և Եվրասիական միության երկրների հետ, ինչը, թերևս, կնպաստի առավել համապարփակ պատկերացումներ ձևավորել առանձնացված երկրների շարքում ՀՀ վարկանիշի ու զբաղեցրած դիրքի վերաբերյալ առհասարակ։
Ինչպես արդեն նշվեց, «Տնտեսական ազատության ինդեքսը» 2013թ. վարկանիշային զեկույցի տվյալներով՝ ՀՀ-ն ԱՊՀ անդամ պետությունների մեջ տնտեսական ամենաազատականացված երկիրն է։ ՀՀ վարկանիշային ցուցանիշը տրամաբանորեն համարվում է լավագույնը Եվրասիական միության երկրների շարքում։ Այդ կազմակերպության երկրներից բարձրագույն արդյունքը գրանցվել է Ղազախստանի դեպքում, որը զգալիորեն զիջելով ՀՀ-ին՝ գտնվում է միայն 68-րդ հորիզոնականում, 63 միավորով։ Եվրասիական միության մյուս անդամ երկրները՝ Ռուսաստանն ու Բելառուսը, վարկանիշային զեկույցում զբաղեցրել են բավական ցածր դիրքեր՝ համապատասխանաբար 139 և 154-րդ հորիզոնականները։
ՀՀ վարկանիշային ցուցանիշը համեմատելի է արևելաեվրոպական, մերձբալթյան երկրների արդյունքների հետ։ Այսպես, մերձբալթյան երկրներից ՀՀ ցուցանիշը զիջել է Էստոնիային և Լիտվային, որոնք բավական բարձր արդյունքներ են արձանագրել՝ գտնվելով համապատասխանաբար 13 և 22-րդ դիրքերում։ ՀՀ-ն, սակայն, բավական զգալի տարբերությամբ գերազանցել է Լատվիային, որը զբաղեցնում էր 55-րդ հորիզոնականը։
«Տնտեսական ազատության ինդեքսը» 2013թ. զեկույցի վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ վարկանիշը դրական ցուցանիշներ է գրանցել մասնավորապես Արևելյան Եվրոպայի երկրների արդյունքների համադրության համատեքստում։ ՀՀ-ն իր վարկանիշային ցուցանիշով գերազանցել է արևելաեվրոպական այնպիսի երկրների, ինչպիսիք են Հունգարիան, որը զբաղեցնում է 48-րդ դիրքը, Լեհաստանը (57-րդ դիրք), Ռումինիան (59) կամ Բուլղարիան (60)։
Աղյուսակ 3. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2013թ., ՀՀ վարկանիշը մերձբալթյան, արևելաեվրոպական և Եվրասիական միության երկրների շարքում
Աղբյուրը՝ Հերիթիջ ֆաունդեյշըն. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2013թ.
ՀՀ ենթացուցիչների համեմատականը 2012-2013թթ.
Այժմ անդրադառնանք ՀՀ ենթացուցիչների վիճակագրությանը 2012-2013թթ.։ Վիճակագրական տվյալների համաձայն, 2012թ. համեմատությամբ ՀՀ-ն նվազեցրել է իր արդյունքները մասնավորապես 3-րդ (ֆիսկալ ազատություն), 5-րդ (գործարար ազատություն), 7-րդ (արժութային ազատություն) ենթացուցիչների պարագայում։ Նախորդ զեկույցի համադրությամբ ՀՀ ենթացուցիչներից բարելավվել են 4-րդ (ազատություն կառավարությունից) և 6-րդ (աշխատանքային ազատություն) ենթացուցիչները։ Մնացյալ ցուցիչները, որպես կանոն, պահպանել են նախորդ զեկույցում արձանագրված ցուցանիշները (Գրաֆիկ 3)։
Երկու տարիների դեպքում էլ ՀՀ լավագույն արդյունքները գրանցվել են ֆիսկալ ազատության, գործարար ազատության և աևտրի ազատության ենթացուցիչների պարագաներում։ ՀՀ ցածրագույն ցուցանիշները պատկանում են սեփականության իրավունքի պաշտպանվածության և ազատությունը կոռուպցիայից ենթացուցիչներին։
Գրաֆիկ 3. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2012-2013թթ., ՀՀ ենթացուցիչների համեմատականը
Գրաֆիկը կազմվել է Հերիթիջ ֆաունդեյշըն. «Տնտեսական ազատության ինդեքսը» 2013թ. զեկույցի տեղեկատվության հիման վրա։
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 2, 2013
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]