• am
  • ru
  • en
Версия для печати
28.02.2013

ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն

Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների՝ Եվրասիական միություն (ԵԱՄ) ստեղծելու մտադրությունը և այդ միությանը միանալու Հայաստանի հնարավորությունը հայկական հանրությունում աշխույժ քննարկումներ է առաջացրել։ Դրանց հիմնական թեման հնարավոր ինտեգրացիոն գործընթացի քաղաքական-տնտեսական խնդիրներն ու հեռանկարներն են։ Սակավ ուշադրություն է դարձվում տեղեկատվական և դրա հետ անմիջապես կապված արժեհամակարգային բնույթի հարցերին։ Մինչդեռ հայտնի է, որ քաղաքական գործընթացների արդյունավետությունն էապես պայմանավորված է դրանց «տեղեկատվական ուղեկցությամբ», որը REND-ի փորձագետները երբեմն ներկայացնում են ոչ թե լոկ օժանդակ գործողություն, այլ առանձնացնում են իբրև քաղաքականության ինքնուրույն ժանր՝ նոոքաղաքականություն։

Պետք է ընդունել, որ ԵԱՄ հնարավոր ձևավորումը տեղեկատվական համատեքստում այնքան էլ լավ իրավիճակում չէ՝ թեկուզ այն պատճառով, որ ապագա միության քաղաքացիները հաճախ ավելի տեղեկացված են լատինաամերիկյան իրադարձությունների, քան այն մասին, թե ինչ է տեղի ունենում ապագա «եղբայրական հանրապետություններում»։ Ցավոք, այսօր նաև անհնար է քննարկել ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական բաղադրիչի կոնտենտի կամ քանակական ցուցանիշների խնդիրները՝ այն պարզ պատճառով, որ նման հետազոտություններ և վերլուծություններ պարզապես չկան (հանուն արդարության նշենք, որ վերջերս ստեղծվել է «Եվրասիական տեղեկատվական լիգա» պորտալը1, որը նպատակ ունի շտկել ոլորտում տիրող ոչ այնքան նպաստավոր իրադրությունը)։

Միևնույն ժամանակ, խնդրին վերաբերող տեղեկատվական նյութերում (անկախ դրանց ծավալներից և բովանդակությունից) արմատացել են որոշակի եզրեր և հասկացություններ, որոնց առկայությունը բնավ չի նպաստում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետությանը, և դա ակտուալ է ոչ միայն ՀՀ-ԵԱՄ հնարավոր հարաբերությունների հարթությունում։ Փորձենք անդրադառնալ դրանցից մի քանիսին։

Պատմության օբյեկտիվ գնահատումը՝ ինտեգրման հիմք

Վերոնշյալի համատեքստում ուշադրություն դարձնենք հաճախ օգտագործվող «հետխորհրդային տարածք» բառակապակցությանը։ Այստեղ «հետ» նախածանցը և «խորհրդային» մակդիրը պատկերացում են տալիս այդ երկրների քաղաքական-հասարակական անցյալի մասին, բայց իմաստային ծանրաբեռնվածություն չեն կրում այդ երկրների ներկայիս դրության իմաստով։ Իսկ «տարածք» բառը զուգորդվում է մի ինչ-որ անդեմ ու մարդազուրկ տարածության հետ։ Ուստի, այն բացասաբար է ընկալվում և առնչակցվում է սույն «տարածքում» առկա առանձնահատուկ, որպես կանոն՝ չլուծված հիմնախնդիրների հետ։ Չի կարելի լրիվ բացառել այն վարկածը, որ «հետխորհրդային տարածք» եզրի «գործադրումն» ու «տարածումը» մեդիա-դաշտում յուրօրինակ, այսպես կոչված մեմ է, որը սոցիալական հոգեբանության մեջ մեկնաբանվում է որպես իմաստային ուղղորդիչ դրույթ, որը մի գիտակցությունից փոխանցվում է մյուսին և ձևավորում է որոշակի, սույն պարագայում՝ բացասական ընկալում։

Անդրադառնանք նաև այլ՝ ավելի կարևոր օրինակների, որոնցից հիմնականն այս համատեքստում ԽՍՀՄ-ն է, որի դիվականացված կերպարով վախեցնում են անգամ առաջատար տերության պետքարտուղարի մակարդակով։ Անմիջապես ընդգծենք, որ խոսքն ամենևին էլ ԽՍՀՄ-ն իդեալականացնելու մասին չի լինելու. խորհրդային համակարգը ստեղծվել էր հեղափոխական տեռորի վատագույն ավանդույթներով, ահաբեկչություն սեփական ժողովրդի դեմ՝ տարբեր դրդապատճառներով ու առանց դրանց, որը ձգվեց մոտ 36 տարի (1917-1953թթ.), մինչև Ստալինի մահը։ Քաղաքական ռեպրեսիաների զոհերի թիվը, համաձայն ՌԴ նախագահին առընթեր Քաղաքական ռեպրեսիաների զոհերի արդարացման հանձնաժողովի2, կազմում է մոտ 32 մլն մարդ, որոնցից 13 մլն-ը՝ քաղաքացիական պատերազմի և «խորհրդայնացման» հետևանքով (1918-1923թթ.), երբ երկրում մոլեգնում էր համատարած «կարմիր տեռորը»։ Հայրենական պատերազմի զոհերի հսկայական թվի մի որոշակի մասը նույնպես կարելի է վերագրել խորհրդային ռեժիմի «առանձնահատկություններին». հայտնի է, որ մասշտաբային ռազմական գործողությունների անցկացման ժամանակ մարդկային հսկայաթիվ կորուստներ են եղել, և համարվում էր, որ հենց այդպես էլ պետք է լիներ։

Եվ այնուամենայնիվ, ԽՍՀՄ-ը հաղթեց ֆաշիզմին և վերածվեց բարձր զարգացած գիտություն, տեխնոլոգիաներ ու մշակույթ ունեցող երկրի, որում ձևավորվեց խոր գիտելիքների և բարձր հոգևոր արժեքների կրող խորհրդային մտավորականությունը։ Օգտվելով խրուշչովյան «ձնհալից» և մասնակի բարեփոխումներից՝ ստեղծարար այդ էլիտան որոշակի չափով իր վրա վերցրեց խորհրդային ժողովրդի հոգևոր և գաղափարական առաջնորդի առաքելությունը։ Ակնհայտ է, որ ցանկացած երկրի պատմություն ոչ միայն նրա քաղաքական վարչակարգի, այլ նաև (ավելի շուտ՝ անգամ առաջին հերթին) այդ երկրի հասարակության և ժողովրդի պատմությունն է։ Այս առումով ԽՍՀՄ-ի համար բավական խոր և մետաֆիզիկական սահմանում է առաջարկել արդիականության խոշորագույն փիլիսոփաներից մեկը՝ Ալեքսանդր Պանարինը, իր «ХХI դարի ռազմավարական անկայունությունը» գրքում [1]։ Արժե ամբողջությամբ մեջբերել գրքի հետևյալ հատվածը. «Մեր հիփոթեզն այն է, որ նորագույն իրադարձությունները Ռուսաստանում համաշխարհային-պատմական արմատներ ունեն. դրանք կապված են անհատ բուրժուայի գլոբալ ռևանշի փորձի հետ այն բոլոր սոցիալ-տնտեսական, քաղաքական և գաղափարախոսական կացութաձևերի դեմ, որոնք դարձան մարդկության՝ մտավոր և բարոյական առումներով առավել զարգացած հատվածի պատասխանը բուրժուական մերժվածության նիհիլիստական մարտահրավերին։ Սակայն իրական պատմական տիպերը չեն կառուցվում պարզունակ կացութաձևային դետերմինիզմի՝ որպես միաչափ դասային, գաղափարախոսական և այլ «բովանդակության» ծնունդի, հիման վրա։ Խորհրդային մարդուն նման միաչափությունից փրկում էր նրա դասական մշակութային ժառանգությունը, առաջին հերթին՝ գրական-գեղարվեստականը։ Համատարած գրագիտությունն առեղծված չէ, այն կարելի է ներդնել՝ համապատասխան ուժեր և միջոցներ ծախսելով։ Առեղծվածն այն է, թե ինչպես է այն օգտագործվել «խորհրդային մարդու» կողմից խորքային անձնական մակարդակում։ Կարդալ սովորածները կարող են կլանել անթիվ-անհամար կոմիքսներ, դետեկտիվներ և «սուպերդետեկտիվներ», «փոքր տեքստեր՝ մեծ նկարներով» (հատկապես գայթակղիչ բովանդակությամբ)։ Այս ամենը մենք տեսնում ենք ամերիկյան զանգվածային մշակույթի օրինակով, որն այսօր լցրել է աշխարհը։ Ավելի դժվար է բացատրել այն փաստը, որ պատանիներն ու աղջիկները, առաջին մակարդակի գրագիտությունը յուրացնելով, սկսում են կարդալ Պուշկին, Տոլստոյ, Դոստոևսկի. մակարդակ, որն Արևմուտքում էլիտար է համարվում»։

Եթե գործընթացները դիտարկենք «պանարինյան» տեսանկյունից, ապա ԽՍՀՄ կոլապսը ոչ միայն աշխարհաքաղաքական, այլ նաև քաղաքակրթական-հումանիտար աղետ էր, որն ազատ արձակեց վիթխարածավալ ապակառուցողական էներգիա։ Այդ աղետի հետևանքները հաղթահարված չեն առայսօր, և դրա շարունակությունը, տեղեկատվական անվտանգության եզրերով, այն է, որ սևացվում է սեփական պատմությունը և ժողովուրդների հիշողությունից ջնջվում է մի ամբողջ դարաշրջան։ Հետաքրքիր է, որ դիսիդենտական շարժման հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ մորդովական ճամբարների նախկին կալանավոր Բորիս Կագարլիցկին, խոստովանել է, որ նման վերաբերմունքը սեփական պատմության հանդեպ ծաղր է առաջին հերթին տոտալիտար վարչակարգի զոհերի հիշատակի հանդեպ [2]։

Ազգային հիշողության մանիպուլացման և ջնջման արդի միտումները վկայում են այն մասին, որ այս ոլորտում, ամենայն հավանականությամբ, կիրառվում են տեղեկատվական-գոյաբանական (օնթոլոգիական) պատերազմներին և nation building-ին բնորոշ տեխնոլոգիաներ։ Արդյունքում՝ ԶԼՄ-ում կարելի է հանդիպել խորհրդային ժամանակաշրջանի վերաբերյալ գերազանցապես «ողբերգական» կամ «հեգնական» նյութերի, ինչպես նաև «անցյալի ճիրաններից» դուրս պրծնելու կոչերի։ Ակնհայտորեն «ներմուծված» այդ նյութերի ոճը, ոգին և «սև-սպիտակ» մոտեցումները որոշ դեպքերում զարմանալիորեն հիշեցնում են բոլշևիկյան տխրահռչակ «ագիտպրոպը»։

Այնինչ, ԽՍՀՄ գնահատականի հարցում առկա մոտեցումը և օբյեկտիվ պատմության խեղաթյուրումը ոչ միայն բարոյական խնդիրներ են, այլ նաև տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնների կոպիտ ոտնահարում, կանոններ, որոնց համաձայն՝ պատմությունը շարադրելիս անհրաժեշտ է պահպանել անխզելիությունը և ազգային հիշողությունը։ Բնութագրական է, որ մոտավորապես նույն կերպ էլ վարվեցին բոլշևիկները (ինչպես ռուս, այնպես էլ հայ) ցարական Ռուսաստանի և Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունների հետ։ Պետք է ընդունել, որ համակարգի փլուզումը, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ում, կոմունիստական նոմենկլատուրայի վերջին հանցագործությունն է, և այդ հանցագործության կազմում սեփական անցյալի խեղաթյուրված մեկնաբանումը զբաղեցնում է ոչ վերջին տեղը [3]։ Մեր կարծիքով՝ պատմական հիմքից զրկված ԽՍՀՄ ժողովուրդներն ինչ-որ չափով դատապարտված էին «հեղափոխական վերափոխումների»՝ նախապես տխուր արդյունքով. նման մի բան մենք այսօր տեսնում ենք արաբական աշխարհում, որտեղ հեղափոխական շարժումների արդյունքում որոշ երկրներում քայքայվեց պետական-տնտեսական համակարգը և վերացավ իրական ինքնիշխանությունը։ Թերևս, կարելի է թեթևակի վերափոխել Կառլ Շմիդտի միտքը՝ այն ներկայացնելով այսպես. «մարքսիստական և լիբերալ գաղափարախոսական/տնտեսական դիվականացման (դեմոնիզմի) փիլիսոփայական պարադիգմերը նույնն են» [4]։

Նշենք, որ տեղեկատվական պատերազմի օրենքներին փայլուն հետևում են անգլո-սաքսերը. պատմական ավանդույթի նրանց հայեցակարգը չի ընդունում սեփական պատմության դիվականացումը, որքան էլ ողբերգական լինի այն, և սա այն դեպքն է, երբ մենք պետք է սովորենք նրանցից։ Օրինակ, Կրոմվելը և «նրա կողմից սպանված» Կառլոս 1-ին Սթյուարտը հիանալի գոյակցում են ինչպես պատմական աշխատությունների էջերում, այնպես էլ գեղարվեստական գրականության մեջ, կինեմատոգրաֆում և այլուր։ Բնական է, որ բրիտանական նման «անբասիր» պատմությունն՝ այդպիսի մեկնաբանմամբ ու զանգվածային տարածմամբ, դարձել է ոչ միայն անգլո-սաքսոնական, այլև համաշխարհային հանրության գիտակցության տարրը։

Բայց մանիպուլյացիաների ցուցադրումը, համաձայն բուլգակովյան Բենգալսկու, պահանջում է «դրանց մերկացում»։ Ի դեպ, ինչպես «Վարիետեում», այնպես էլ մեր պարագայում պարզ դեղատոմսեր չկան, և ամենավատ բանը, որ կարելի է անել, ԽՍՀՄ գովերգմանն անմիջապես ձեռնամուխ լինելն է (ինչը կոպիտ սխալ կլիներ)։ Այստեղ խիստ կարևոր է ծայրահեղության մեջ չընկնել և ոչ մի կերպ չհրապուրվել, օրինակ, «հեղափոխությունների և ժողովուրդների առաջնորդների» պաշտամունքների վիրտուալ վերակենդանացմամբ. ամբողջատիրության հեղինակության վերականգնումը խիստ վտանգավոր բան է և բումերանգի պես կարող է հարվածել արդի հասարակությանը։ Սակայն անհրաժեշտ է մշակել խելամիտ տեղեկատվական քաղաքականության լոգիստիկան, աստիճանաբար ճշգրտել բառապաշարն ու մեր պատմությունը «տեղավորել» մեզ շրջապատող տեղեկատվական դաշտի որոշակի կոորդինատներում։

Ակնհայտ է, որ այսպես կոչված «հետխորհրդային տարածքի» փոխակերպումն աշխարհաքաղաքական, տնտեսական և քաղաքակրթական ենթակառուցվածքի անգամ տեսականորեն անհնար է առանց այն հիմքի, որն է մեր պատմությունը։ Այս հանգամանքը հավասարաչափ կարևոր է և՛ եվրասիական, և՛ զուտ եվրոպական ուղղվածություն ունեցող ինտեգրացիոն գործընթացների համար։

1 http://eurasianinfoleague.com

2 http://www.lenta.ru/russia/2001/10/29/yakovlev/ Նշենք, որ հանձնաժողովի եզրակացություններից երևում է, որ հաշվված զոհերի թիվն ամբողջական չէ։


Աղբյուրներ և գրականություն

  1. Панарин Александр, Стратегическая нестабильность ХХI века, «Москва», ## 4-12 (глава 2, Почему рухнул Советский Союз? Кем же был «советский человек»?), 2002.
  2. Кагарлицкий Борис, Политология революции, «АЛГОРИТМ», М., 2007.
  3. Арутюнян Гагик, Распад системы и формирование будущего, НОФ «Нораванк», Ереван, 2011.
  4. Шмитт Карл, Политическая теология, «KAHOH-ПРЕСС», М., 2000.
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 2, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր