• am
  • ru
  • en
Версия для печати
06.02.2013

ՀՀ-Ն ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ ԱՊՀ ՏԱՐԱԾՔԻ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

   

Գործարարության 2012-2013թթ. վարկանիշային զեկույցները1


Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ



Երկու խոսք կազմակերպության մասին

Միջազգային ֆինանսական կազմակերպությունը (International Finance Corporation) «World Bank Group»-ի անդամ է (կենտրոնատեղին՝ Վաշինգտոն)։ Զբաղվում է զարգացող երկրներում ազատ և մրցունակ շուկայական հարաբերությունների խթանման, ոլորտում ներգրավված ընկերությունների ու մասնավոր սեկտորի աջակցման, աղքատության նվազեցման հիմնախնդիրներով։

Գործարարության վարկանիշային նախագիծը

Միջազգային ֆինանսական կազմակերպությունը, ֆինանսական տարբեր գործառույթներից զատ, «World Bank Group»-ի շրջանակներում վարկանիշային հետազոտություններ է իրականացնում տվյալ երկրի գործարարության (Doing business) միջավայրի լուսաբանման նպատակներով։ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող այս վարկանիշային հետազոտություններն իրականացվում են 2004թ. սկսած։

2012-2013թթ. զեկույցները պատրաստվել են հետևյալ 10 ենթացուցիչների հիման վրա.

1. գործարարության ձեռնարկում/ձեռնարկության հիմնում

2. շինարարության թույլտվություն

3. էլեկտրաէներգիայի հասանելիություն

4. սեփականության գրանցում

5. վարկավորում

6. ներդրողների պաշտպանվածություն

7. հարկերի վճարում

8. միջազգային առևտուր

9. պայմանագրերի իրագործում

10. ձեռնարկության լուծարում/սնանկացում

Զեկույցի մեթոդաբանությունը հիմնվում է հետևյալ տրամաբանության վրա. որքան ցածր են տվյալ պետության ընդհանուր դիրքային, ինչպես նաև ենթացուցիչների արդյունքները, այդքան բարձր են գործարարության ցուցանիշները։

ՀՀ վարկանիշը 2012թ.

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կազմակերպության 2012թ. «Գործարարության» վարկանիշային զեկույցում ՀՀ-ն արձանագրել է ԱՊՀ երկրների շարքում լավագույն արդյունքը՝ զբաղեցնելով 50-րդ դիրքը։ ԱՊՀ անդամ երկրներից ՀՀ-ին հաջորդում են Ղազախստանը (56-րդ դիրք), Բելառուսը (60-րդ դիրք) և Ադրբեջանը (66-րդ դիրք)։ ԱՊՀ երկրների ցուցակում ցածրագույն ցուցանիշներն արձանագրվել են Ուկրաինայի ու Ուզբեկստանի պարագայում՝ համապատասխանաբար 152 և 168 հորիզոնականներ։

Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների վարկանիշների համեմատականը ցույց է տալիս, որ առանձնացված երկրներից լավագույն արդյունքը Վրաստանինն է, որը բարձր ցուցանիշ է գրանցել՝ 12-րդ հորիզոնական՝ զգալի դիրքային առավելություն ունենալով տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ։ Թուրքիան գտնվում է 68-րդ հորիզոնականում և Հարավային Կովկասի երկրներից իր ցուցանիշով զիջում է թե՛ Վրաստանին և ՀՀ-ին, թե՛ Ադրբեջանին։

Անդրադառնանք ՀՀ և Հարավային Կովկասի երկրների ենթացուցիչների համեմատականին, ինչը նույնպես կարևոր նշանակություն ունի առանձնացված երկրների վարկանիշների համադրության, ընթացիկ միտումների բացահայտման տեսանկյունից։ Ստորև պատկերված աղյուսակի վիճակագրությունից պարզվում է, որ ՀՀ-ն լավագույն արդյունքներ գրանցել է 4-րդ՝ սեփականության գրանցման և 1-ին՝ գործարարության ձեռնարկման ենթացուցիչներում, որտեղ համապատասխանաբար գրանցվել են 4 և 10 դիրքային միավորներ։ ՀՀ ցածրագույն ցուցանիշները գրանցվել են մասնավորապես 7-րդ՝ հարկերի վճարման, 3-րդ՝ էլեկտրաէներգիայի հասանելիության ենթացուցիչների պարագայում, որտեղ գրանցվել են համապատասխանաբար 152 և 143 դիրքային միավորներ։

Ադրբեջանի պարագայում լավագույն ենթացուցիչները, ինչպես և ՀՀ-ի դեպքում, արձանագրվել են կրկին 4-րդ և 1-ին ենթացուցիչների մասով՝ համապատասխանաբար 6 և 17 դիրքային միավորներով։ Իսկ ցածրագույն արդյունքների պարագայում ՀՀ ցուցանիշների հետ համընկնումը մասնակի է. այս երկրի ցածրագույն ցուցանիշները գրանցվել են 2-րդ՝ շինթույլտվության, 3-րդ՝ էլեկտրաէներգիայի հասանելիության ենթացուցիչների մասով՝ համապատասխանաբար 176 և 175 դիրքային միավորներ։ Վրաստանի դեպքում լավագույն ենթացուցիչներից առանձնացվում են կրկին 4-րդ՝ սեփականության գրանցման, ինչպես նաև 2-րդ՝ շինթույլտվության ենթացուցիչները, որտեղ համապատասխանաբար արձանագրվել են 1 և 3-ական դիրքային միավորներ։ Վրաստանի ցածրագույն ենթացուցիչներից են 3-րդ՝ էլեկտրաէներգիայի հասանելիության (88 դիրքային միավոր) և 10-րդ՝ ձեռնարկության լուծարման (75) ենթացուցիչները։

ՀՀ վարկանիշն այլ երկրների շարքում. «Գործարարություն 2013թ.» զեկույցը

Գործարարության 2013թ. զեկույցում, որտեղ ներառված են 185 երկրներ, լավագույն արդյունքը Սինգապուրինն է, որին հաջորդում են Հոնկոնգն ու Նոր Զելանդիան։

Ինչպես նախավերջին, այնպես էլ 2013թ. վարկանիշային զեկույցում ՀՀ-ն շարունակում է գլխավորել ԱՊՀ անդամ երկրների ցուցակը։ Նախորդ զեկույցի համեմատությամբ, ՀՀ-ն բարելավել է ցուցանիշը 18 դիրքային միավորով՝ նախկին 50-րդ դիրքից անցնելով 32-րդ դիրք։ ՀՀ-ին հաջորդում են Ղազախստանը, Բելառուսն ու Ադրբեջանը։ Ի տարբերություն ՀՀ-ի, Ադրբեջանը նախորդ տարվա զեկույցի համեմատությամբ արձանագրել է 1 դիրքային միավորի հետընթաց՝ 66-րդ դիրքի փոխարեն զբաղեցնելով 67-րդ հորիզոնականը։

Գրաֆիկ 1
«Գործարարություն» 2012թ., ՀՀ-ն ԱՊՀ երկրների շարքում
2



Գրաֆիկ 2
«Գործարարություն 2012թ.», Հարավային Կովկաս


Աղյուսակ 1
«Գործարարություն 2012թ.», ՀՀ և հարևան երկրների վարկանիշները


Աղբյուրը՝ http://www.doingbusiness.org/rankings


Աղյուսակ 2
«Գործարարություն 2013թ.», ՀՀ և հարևան երկրների վարկանիշները


Աղբյուրը՝ http://www.doingbusiness.org/rankings


Գրաֆիկ 3
«Գործարարություն 2013թ.», ՀՀ-ն ԱՊՀ երկրների շարքում



Գրաֆիկ 4
«Գործարարություն 2013թ.», Հարավային Կովկաս


Հարավկովկասյան երկրներից լավագույն ցուցանիշը կրկին գրանցել է Վրաստանը, որը նախորդ տարվա համեմատությամբ ունեցել է 3 դիրքային միավորի առաջընթաց՝ 9 դիրքային միավորով ներառվելով զեկույցի լավագույն տասնյակի ցանկում։ Հարավկովկասյան երկրների շարքում Վրաստանին իր բարձր միավորով հաջորդում է ՀՀ-ն։

Անդրադառնանք Հարավային Կովկասի երկրների ենթացուցիչների համեմատական վերլուծությանը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ զեկույցում տարածաշրջանի երկրների լավագույն ենթացուցիչների ընդհանուր տրամաբանությունը պահպանվել է նաև 2013թ. զեկույցում։ ՀՀ ենթացուցիչներից լավագույն արդյունքները գրանցվել են 4-րդ՝ սեփականության գրանցման և 1-ին՝ գործարարության ձեռնարկման ենթացուցիչներում, որտեղ համապատասխանաբար գրանցվել են 4 և 11 դիրքային միավորներ։ Ադրբեջանի պարագայում լավագույն ենթացուցիչները, ինչպես և ՀՀ-ի դեպքում, արձանագրվել են կրկին 4-րդ և 1-ին ենթացուցիչների մասով՝ համապատասխանաբար 9 և 15 դիրքային միավորներով։ Իսկ Վրաստանի դեպքում լավագույն ենթացուցիչներից առանձնացվում են կրկին 4-րդ՝ սեփականության գրանցման, ինչպես նաև 2-րդ՝ շինթույլտվության ենթացուցիչները՝ համապատախանաբար 1 և 3 դիրքային միավորներով։

2012թ. զեկույցի համեմատ, ըստ էության, պահպանվել են նաև Հարավային Կովկասի երկրների ցածրագույն ենթացուցիչների ընդհանրական միտումները։ Նախորդ զեկույցի համեմատությամբ՝ ՀՀ ցածրագույն ցուցանիշների տրամաբանությունը պահպանվել է մասնակի. ՀՀ ցածրագույն արդյունքները գրանցվել են մասնավորապես 7-րդ՝ հարկերի վճարման (108 դիրքային միավոր) և 8-րդ՝ միջազգային առևտրի (107) ենթացուցիչների մասով։ Ինչպես և նախորդ զեկույցում, Ադրբեջանի ցածրագույն ցուցանիշները պատկանում են 2-րդ՝ շինթույլտվության, 3-րդ՝ էլեկտրաէներգիայի հասանելիության ենթացուցիչների մասով՝ համապատասխանաբար 177 և 175 դիրքային միավորներ։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա վերջինիս ցածրագույն ենթացուցիչներից են 10-րդ՝ ձեռնարկության լուծարման (81 դիրքային միավոր) և 3-րդ՝ էլեկտրաէներգիայի հասանելիության (50 դիրքային միավոր) ենթացուցիչները։

Հարավային Կովկասի երկրների ենթացուցիչների զարգացման դինամիկաները 2012-2013թթ. կտրվածքով

Ինչպես պատկերված է Գրաֆիկ 5-ում, 2012թ. համեմատ ՀՀ ենթացուցիչների շարքում կտրուկ առաջընթաց է արձանագրվել 6-րդ՝ ներդրողների պաշտպանվածության, 7-րդ՝ հարկերի վճարման, 3-րդ՝ էլեկտրաէներգիայի հասանելիության ենթացուցիչների մասով։ Նախորդ զեկույցի ցուցանիշների համադրությամբ հետընթաց են գրանցել 1-ին՝ գործարարության ձեռնարկման, 5-րդ՝ վարկավորման, 8-րդ՝ միջազգային առևտրի ենթացուցիչները։ Սակայն պետք է նկատել, որ նշյալ ենթացուցիչների մասով նկատված հետընթացի միտումներն աննշան են՝ ընդամենը 1-2 դիրքային միավորի տատանումներ (առավել հանգամանորեն տե՛ս Գրաֆիկ 5

Գրաֆիկ 5
ՀՀ ենթացուցիչների զարգացման դինամիկան 2012-2013թթ. զեկույցներում


Գրաֆիկ 6-ում ներկայացված է Ադրբեջանի ենթացուցիչների զարգացման դինամիկան 2012-2013թթ. կտրվածքով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ենթացուցիչները չեն արձանագրել էական տեղաշարժ նախորդ տարվա համեմատությամբ։ Դիրքային միավորների փոփոխությունները տատանվել են ընդամենը 1-4 միավորի սահմաններում. առավելագույն առաջընթացը նկատվել է 10-րդ՝ ձեռնարկության լուծարման ենթացուցչի (99 դիրքային միավորի փոխարեն 95), ինչպես նաև 7-րդ՝ հարկերի վճարման ենթացուցչի պարագայում (79-ի փոխարեն 76)։ Հետընթաց է արձանագրվել մասնավորապես 5 (շինթույլտվության, սեփականության գրանցման, վարկավորման, ներդրողների պաշտպանվածության և պայմանագրերի իրագործման) ենթացուցիչների մասով։

Գրաֆիկ 6
Ադրբեջանի ենթացուցիչների զարգացման դինամիկան 2012-2013թթ. զեկույցներում


Վրաստանի պարագայում կտրուկ առաջընթաց է արձանագրվել միայն 1՝ էլեկտրաէներգիայի հասանելիության ենթացուցչի մասով, որտեղ նախորդ տարվա զեկույցում գրանցված 88-րդ դիրքային միավորից անցում է կատարվել 50-րդին։ Զգալի առաջընթաց ապահովվել է նաև հարկերի վճարման, միջազգային առևտրի, ինչպես նաև պայմանագրերի իրագործման ենթացուցիչների մասով։ 2012թ. համեմատությամբ Վրաստանի ենթացուցիչներից հետընթաց են գրանցվել 2 կետում՝ ներդրողների պաշտպանվածության և ձեռնարկության լուծարման ենթացուցիչների։

Գրաֆիկ 7
Վրաստանի ենթացուցիչների զարգացման դինամիկան 2012-2013թթ. զեկույցներում



1 2012-2013թթ. զեկույցները հիմնվում են համապատասխանաբար 2011-2012թթ. տեղեկատվության վրա։

2 Բոլոր գրաֆիկները կազմվել են կազմակերպության տրամադրած տեղեկատվական բազայի հիման վրա։


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 1, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր