• am
  • ru
  • en
Версия для печати
13.03.2008

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ. ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ (ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)

   

Կարեն Վերանյան

energy (medium) Միջազգային էներգետիկ կազմակերպությունների տրամադրած զեկույցներն ու հետազոտությունները ցույց են տալիս, որ կտրուկ տեմպերով աճում են համաշխարհային էներգետիկ պահանջները, ինչի բավարարման համար, ի թիվս էլեկտրաէներգիայի ստացման այլ հիմնական աղբյուրների, զգալիորեն կարևորվում է նաև միջուկային էներգետիկ սեկտորի զարգացման հիմնահարցը։ Համաշխարհային էներգետիկ պահանջների բավարարման նպատակով խթանվում են նոր միջուկային էներգետիկ ռեակտորների ստեղծման, միջուկային էներգետիկ տեխնոլոգիաների զարգացման ու ներդրման աշխատանքները։ Այսպես, 2006թ. տարեվերջի դրությամբ աշխարհում գործարկվել 435 միջուկային էներգետիկ ռեակտորներ՝ շուրջ 370 գիգավատ/էլ. (ԳՎտ)1 հզորությամբ, որը կազմում էր էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 16%-ը (ըստ այլ աղբյուրների՝ 14-15%)։ 2005թ. աշխարհում ընդհանուր առմամբ գործում էին 443 միջուկային էներգետիկ ռեակտորներ, իսկ 2000թ. տարեվերջին՝ 438 միավոր՝ 351 գիգավատ/էլ. հզորությամբ։ 2007թ. հուլիսի դրությամբ դրանց թիվը կազմում է 438 միավոր, նույնը, ինչ և 2000թ.։

Չնայած ներկայումս նույնպես նկատվում է համաշխարհային միջուկային էներգիայի արտադրության պահանջարկի աճման միտում, սակայն 1990-ականների համեմատ որոշակի դանդաղեցում է արձանագրվում։ Այսպես, եթե 1990-ականների ընթացքում աշխարհում գործող միջուկային էներգետիկ գործարանների թվաքանակն ավելացել է 19-ով՝ 31 ԳՎտ (էլ.) հզորությամբ, ապա 2000-2005թթ. համաշխարհային միջուկային էներգետիկ համակարգին կցվեցին կամ վերամիավորվեցին միայն 6 միջուկային էներգետիկ ռեակտորներ՝ ընդհանուր առմամբ 18 ԳՎտ (էլ.) հզորությամբ։ Այնուամենայնիվ, եթե 1990թ. միջուկային էներգետիկ ռեակտորների համաշխարհային միջին տարեկան արտադրողական ծավալների գործակիցը հաշվվում էր շուրջ 67.7%, ապա 2005թ. այն արդեն աճել էր 81.4%-ի։ Ասենք ավելին, 1980-2005թթ. ընթացքում ողջ աշխարհում գործող միջուկային էներգետիկ ռեակտորների թիվն աճել է շուրջ 196 միավորով. եթե 1980թ. գործում էր 245, ապա 2005թ.՝ 441 (այլ տվյալներով՝ 443) միջուկային էներգետիկ ռեակտոր։ Ընդ որում՝ միջուկային էներգետիկ ռեակտորների թվի հիմնական աճը (118 միավորով) տեղի է ունեցել միայն 1980-1985թթ. (տե՛ս Գրաֆիկ 1, Աղյուսակ 1 скачать .pdf файл )։ Ըստ տարածաշրջանների դասակարգման՝ 25 տարիների ընթացքում միջուկային էներգետիկ ռեակտորների թվի առավելագույն աճը գրանցվել է Հեռավոր Արևելքում (64 միավոր), 42-ը՝ Հյուսիսային Ամերիկայում, 39 և 32՝ համապատասխանաբար Արևելյան ու Արևմտյան Եվրոպայում։

 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1980-2005թթ. ընկած ժամանակահատվածում համաշխարհային միջուկային էներգետիկ սեկտորի արտադրողական ծավալներն աճել են տարեկան միջինը 4.1%-ով, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրողական ծավալների աճը (նշված շրջանում այն տարեկան կազմել է 3.2%) (տե՛ս Աղյուսակ 2 և 3 скачать .pdf файл

Աղյուսակ 3-ում ներկայացված վիճակագրությունից կարելի է նկատել, որ նշված ժամանակահատվածում միջուկային էներգետիկ արտադրության ծավալներն էական աճ են արձանագրել միայն 4 տարածաշրջաններում՝ Արևմտյան Եվրոպա, Հեռավոր Արևելք, Հյուսիսային Ամերիկա և Արևելյան Եվրոպա։ Առավելագույն աճ արձանագրվել է, մասնավորապես, Արևմտյան Եվրոպայում, որտեղ 1980թ. գրանցած 46 ԳՎտ (էլ.) արդեն 2005թ. կազմում էր 124 ԳՎտ (էլ.)՝ տարբերությունը կազմելով 78 ԳՎտ (էլ.)։ Ընդ որում Արևմտյան Եվրոպայի միջուկային էներգետիկ սեկտորի արտադրությունում գրանցված աճի հիմնական մասը՝ 71 ԳՎտ (էլ.), տեղի է ունեցել 1980-1990թթ. ընկած ժամանակաշրջանում։ Միջուկային էներգետիկ արտադրության ծավալներով Արևմտյան Եվրոպային հաջորդում է Հեռավոր Արևելքը, որը նշված 25 տարիների ընթացքում արձանագրել է 59 ԳՎտ (էլ.) աճ։ Վերջինիս ոչ մեծ տարբերությամբ զիջում է Հյուսիսային Ամերիկան՝ 55 ԳՎտ (էլ.) ցուցանիշով, որի աճի հիմնական մասն իրականացվել է 1980-1990թթ. ընկած ժամանակահատվածում։ Արևելյան Եվրոպայի համապատասխան արդյունքը կազմում է 34 ԳՎտ (էլ.)։

2006-2007թթ. զարգացումներ

Միջազգային տարբեր գնահատականներով՝ էներգիայի սպառման ներկայիս մակարդակի պահպանման պարագայում համաշխարհային էներգիայի սպառման ծավալները 2030թ. դրությամբ կավելանան ավելի քան 50%-ով (այլ տվյալներով՝ 52-54%)։ Ընդ որում՝ այդ աճի շուրջ 70%-ը բաժին է ընկնելու զարգացող երկրներին։ Ինչպես փաստում են մասնագետները, միջուկային էներգետիկայի զարգացման ու ոլորտի տեխնոլոգիաների նորացման խթաններից մեկն էլ այն է, որ այն, էներգիայի ստացման այլ աղբյուրների համեմատ, ունի նաև բնապահպանական կարևոր նշանակություն՝ նպաստելով մթնոլորտում ածխածնի արտամղումների նվազմանը։ Չնայած մինչ օրս միջուկային էներգիան օգտագործվում էր հիմնականում զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում, սակայն դժվար չէ նկատել, որ միջուկային էներգետիկ նոր՝ թվով 29 կառուցվող ռեակտորներից 17-ը հիմնվում են զարգացող երկրներում։ Մասնավորապես. Չինաստանում ընթանում են 4 ռեակտորների կառուցման աշխատանքները։ Մյուս կողմից, Չինաստանը մինչև 2020թ., տարբեր միջազգային գնահատականներով, նախատեսում է ավելացնել իր գործող ԱԷԿ-ների հզորությունը շուրջ հինգ անգամ։ Հնդկաստանը նույնպես գտնվում է 7 ռեակտորների կառուցման փուլում։ Միջուկային էներգետիկան զարգացման հեռանկարներ ունի նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի որոշ երկրներում. մասնավորապես՝ 2006թ. Ինդոնեզիան հայտարարեց 1.000 ՄՎտ հզորությամբ երկու ռեակտորների կառուցման մտադրության մասին։

2006թ. ընթացքում միջուկային էներգետիկայի ոլորտում արձանագրված իրադարձություններից հարկ է հիշատակել նաև այն, որ համաշխարհային էներգահամակարգին միակցվեցին երկու նոր ռեակտորներ Հնդկաստանում ու Չինաստանում։ Միջուկային էներգետիկայի զարգացման ու ընդլայնման նախաձեռնություն ցուցաբերեցին նաև Ռուսաստանը, Ճապոնիան, Պակիստանը, ԱՄՆ-ը, ինչպես նաև Ֆրանսիան, Ուկրաինան և Արգենտինան։ 2006թ. Միացյալ Նահանգներում, մասնավորապես, մի շարք էներգետիկ ընկերություններ ու կոնսորցիումներ մտադիր էին համապատասխան արտոնագիր ձեռք բերել շուրջ 30 նոր միջուկային էներգետիկ ռեակտորներ կառուցելու համար։ Էներգետիկ պահանջների բավարարման նպատակով լուրջ քայլեր են ձեռնարկում նաև մերձբալթյան երկրների էներգետիկ ձեռնարկությունները, որոնք արդեն սկսել են երեք երկրներին համատեղ սպասարկող նոր ԱԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ տեխնիկական-տնտեսական բազայի ձևավորման աշխատանքները։ Ոլորտում ներգրավված միջազգային առաջատար կազմակերպությունների աջակցությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվում գործող ԱԷԿ-ների տեխնոլոգիական զարգացման, ինչպես նաև հին ԱԷԿ-ները նորերով փոխարինելու հարցերի ուղղությամբ։ Վերջերս Նիդեռլանդների իշխանությունները 20 տարի ժամկետով երկարաձգեցին «Բորսսելե» ԱԷԿ-ի շահագործման ժամկետը և մտադիր են առաջիկայում լուրջ քայլեր ձեռնարկել նոր ԱԷԿ-ների ստեղծման ուղղությամբ։ 10 տարով երկարաձգվեցին նաև ֆրանսիական «Էլեքթրիսիթե դը Ֆրանս» ընկերությանը պատկանող բոլոր միջուկային էներգետիկ ռեակտորների շահագործման ժամկետները։ Իսկ ԱՄՆ-ում միջուկային հարցերի կարգավորման հանձնաժողովը, իր հերթին, 20 տարով երկարաձգեց գործող 8 ԱԷԿ-ների շահագործման ժամկետները։ Նշված տարում միևնույն ժամանակ շահագործումից դուրս բերվեցին 8 միջուկային էներգետիկ ռեակտորներ, որոնցից երկուսը Բուլղարիայում, մեկական՝ Իսպանիայում և Սլովակիայում, մնացած 4-ը՝ Մեծ Բրիտանիայում։

Ստորև ներկայացված են միջուկային էներգետիկ գործարաններ աշխատեցնցող աշխարհի շուրջ 30 երկրները։ Աղյուսակից երևում է, որ դրանց միայն մի մասն է իր էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական բաժինը ստանում միջուկային էներգետիկայի սեկտորից։ Աղյուսակում ներկայացված 30 միջուկային էներգետիկ երկրների շարքում 9 պետություն է իր էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան 40%-ը ստանում միջուկային էներգետիկայի սեկտորից, որոնց թվում են արդյունաբերական կամ զարգացած, ինչպես նաև անցումային տնտեսություն ունեցող երկրները։ Այսպես՝ Ֆրանսիայի միջուկային էներգետիկան հոգում է երկրի էլեկտրաէներգիայի ողջ արտադրության շուրջ 78%-ը, Լիտվան՝ 72.3%-ը, Բելգիան ու Շվեդիան՝ համապատասխանաբար 54 և 48%։ Հետխորհրդային երկրներից առանձնացված են միայն Ուկրաինան, Ռուսաստանն ու Հայաստանը։ Եթե Ռուսաստանում միջուկային էներգետիկայի սեկտորը բավարարում է երկրի էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության շուրջ 20%-ը, ապա Ուկրաինայի ու Հայաստանի պարագայում՝ էլեկտրաէներգիայի արտադրության գրեթե կեսը՝ համապատասխանաբար 48 և 42%։ Ցուցակում ներառված միջուկային էներգետիկ պոտենցիալ ունեցող զարգացող երկրները, որպես կանոն, էլեկտրաէներգիայի միայն 2-9%-ն են ստանում միջուկային էներգետիկ աղբյուրից։ Այդ երկրների շարքում են Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, որոնց համապատասխան ցուցանիշը չի գերազանցում 4%-ը։

Եվս մեկ կարևոր նկատառում. վիճակագրության համաձայն՝ 2007թ. հուլիսի դրությամբ աշխարհում գործող 438 միջուկային էներգետիկ ռեակտորների գրեթե կեսը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին (104 միավոր), Ֆրանսիային (59) և Ճապոնիային (55)։ Ընդ որում՝ ի տարբերություն Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ճապոնիայի միջուկային էներգետիկ սեկտորը բավարարում է էլեկտրաէներգիայի արտադրության ոչ հիմնական բաժինը՝ համապատասխանաբար 19.4 և 30%։

Աղյուսակ 4 скачать .pdf файл

Նկատառումներ

Աղյուսակ 1-ում ներկայացված համաշխարհային (ընդհանուր) տվյալներում ներառված է նաև Թայվանը (6 միջուկային էներգետիկ ռեակտորներ՝ 4921 ՄՎտ/էլ., 38.4 ՏՎտ/ժ արտադրությամբ)։ Աղյուսակում ընդգրկված չեն 6 միջուկային էներգետիկ ռեակտորներ, որոնք երկար ժամանակ է չեն շահագործվում (4-ը՝ Կանադայում, մեկական՝ Միացյալ Նահանգներում ու Ճապոնիայում)։

Գրաֆիկ 2-ը скачать .pdf файл թույլ է տալիս առավել ընդհանրական մոտեցում ցուցաբերել խնդրո առարկային։

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն. 2006թ. նախագծում/Projection_2006

Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը ժամանակ առ ժամանակ իրականացնում է էլեկտրաէներգիայի ու միջուկային էներգետիկ ռեսուրսների, դրանց սպառման, ոլորտի զարգացման միտումներին վերաբերող միջնաժամկետ ու երկարաժամկետ նախագծեր։ Դրանք հիմնվում են տարածաշրջանային և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վերլուծությունների վրա։ Ստորև ներկայացվում են ԱԷՄԳ՝ 2005-2030թթ. ժամանակահատվածին վերաբերող կանխատեսումները, որոնք հիմնվում են առավելագույն ու նվազագույն հնարավոր քանակական ցուցանիշների վրա։

Աղյուսակ 5, 6, 7։ скачать .pdf файл

Աղյուսակ 7-ում ուշադրություն դարձնելով ցածր գնահատումներին՝ նկատում ենք, որ միջուկային էներգետիկ սեկտորն աստիճանաբար չի կարողանում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության ծավալների արագ աճին համընթաց շարժվել, ինչի արդյունքում համաշխարհային էլեկտրաէներգիայի ծավալում միջուկային էներգետիկայի մասնաբաժինը կշարունակի նվազել՝ 2005թ. 8.9 %-ից հասնելով մինչև 7.3% 2030թ.։ Ինչ վերաբերում է բարձր գնահատումներին, ապա էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրությունում միջուկային էներգետիկ սեկտորի չափաբաժնի նվազման միտումն ավելի մեծ է հատկապես 2010թ. (8.4%), սակայն հաջորդ երկու տասնամյակներին որոշակիորեն կբարձրանա՝ 2030թ. հասնելով մինչև 8.9% (հավասարվում է 2005թ. ցուցանիշին)։ Ընդ որում՝ 2010թ. դրությամբ էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության ծավալներում միջուկային էներգետիկ սեկտորի չափաբաժնի նվազման միտումը տեղի է ունենում Միջին Արևելք/Հարավային Ասիա, Արևմտյան Եվրոպայի ու Հեռավոր Արևելքի տարածաշրջաններում։

Նշենք նաև, որ նշված ժամանակահատվածում թե՛ ցածր և թե՛ բարձր գնահատումները կանխատեսում են էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության ծավալների կայուն աճ, ինչը տարբեր ձևով է արտահայտվում ներկայացված տարածաշրջաններում։ Արդյունքում՝ 2010թ. սկսած նկատվում է էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրությունում միջուկային էներգետիկ սեկտորի ծավալների մի քանի հիմնական միտում՝

  • ընդհուպ մինչև 2030թ. Արևմտյան Եվրոպայում միջուկային էներգետիկ սեկտորի ծավալի շարունակական կրճատում, որտեղ, ի տարբերություն բարձր գնահատումների, նվազման տեմպերն ավելի կտրուկ են ցածր գնահատումներում,
  • Հյուսիսային Ամերիկայում և ԱՖրիկայում միջուկային էներգետիկ սեկտորի ծավալի նվազեցում ցածր գնահատումներում, ծավալի աճ՝ բարձր գնահատումներում,
  • Արևելյան Եվրոպայում և Միջին Արևելք/Հարավային Ասիա տարածաշրջաններում միջուկային էներգետիկ սեկտորի ծավալի կայուն աճ՝ ցածր և բարձր գնահատումներում,
  • Լատինական Ամերիկայում միջուկային էներգետիկ սեկտորի ծավալի կայուն աճ՝ ցածր և բարձր գնահատումներում, բացի ծավալի նվազումից 2020-2030թթ. ընկած շրջանում՝ցածր գնահատումներում,
  • Հեռավոր Արևելքում 2010-2020թթ. միջուկային էներգետիկ սեկտորի ծավալի աճ՝ ցածր և բարձր գնահատումներում, ծավալի նվազում ցածր և բարձր գնահատումներում 2020-2030թթ.։
Գրաֆիկ 3 скачать .pdf файл

11ԳՎտ (էլ.) = 1000 ՄՎտ (էլ.)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր