ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ. ԳԼՈԲԱԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ 2012-2013թթ. ԶԵԿՈՒՅՑԸ
Կարեն Վերանյան«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
«Գլոբալ մրցունակության» վարկանիշային զեկույցի մեթոդաբանությունը
«Գլոբալ մրցունակության» վարկանիշային զեկույցը հեղինակավոր Համաշխարհային տնտեսական ֆորում կազմակերպության կողմից ներկայացվող հիմնական վարկանիշային տարեկան հետազոտություններից է։ Առաջին վարկանիշային զեկույցը հրատարակել է 1979թ.։ Վերջին տասնամյակում զեկույցի մեթոդաբանությունում տեղ են գտել որոշակի փոփոխություններ. 2004թ. սկսած՝ «Գլոբալ մրցունակության» զեկույցում ներառված երկրների վարկանիշավորման մեթոդաբանությունում կիրառվում է այսպես կոչված «Գլոբալ մրցունակության ինդեքսը»։ Մինչ այդ մեթոդաբանության կիրառումը, երկրների մակրոտնտեսական չափորոշումը կամ վարկանիշավորումը հիմնվում էր «Աճի զարգացման ինդեքսի», իսկ միկրոտնտեսական վարկանիշավորումը՝ «Գործարարության մրցունակության ինդեքսի» վրա։ 2004թ. ի վեր «Գլոբալ մրցունակության» վարկանիշային զեկույցում կիրառություն ստացած «Գլոբալ մրցունակության ինդեքսը» միավորում է մրցունակության ինդեքսավորման մակրոտնտեսական և միկրոտնտեսական/գործարարության ասպեկտները մեկ ընդհանուր ինդեքսի մեջ1։
«Գլոբալ մրցունակության» զեկույցը գնահատում է աշխարհի տարբեր երկրների կարողությունն իրենց քաղաքացիներին բարեկեցության բարձր մակարդակով ապահովելու հարցում, ինչն իր հերթին պայմանավորված է տվյալ պետության կողմից սեփական ռեսուրսների արդյունավետ օգտագործման հնարավորություններով2։
Զեկույցի մեթոդաբանությունը հիմնվում է 12 չափորոշիչների վրա, որոնց միջինացված հանրագումարը տալիս է զեկույցում ընդգրկված յուրաքանչյուր երկրի վարկանիշային ամփոփ ցուցանիշը։ Այդ չափորոշիչներն են.
1. ինստիտուտներ
2. ենթակառուցվածքներ
3. մակրոտնտեսական միջավայր
4. առողջապահություն և նախակրթություն
5. բարձրագույն կրթություն և վերապատրաստում
6. ապրանքաշուկայի արդյունավետություն/արտադրողականություն
7. աշխատաշուկայի արդյունավետություն
8. ֆինանսական շուկայի զարգացում
9. տեխնոլոգիական պատրաստվածություն
10. շուկայի ծավալ
11. գործարարության զարգացածություն/արդյունավետություն
12. նորարարություն։
Այս չափորոշիչներն իրենց հերթին ներառվում են երեք ենթախմբերի/ենթաինդեքսների մեջ, որոնք ներկայացված են ստորև տրված աղյուսակի տեսքով։ Այդ երեք ենթախմբերը միասին վերցրած ներկայացնում են այսպես կոչված «Գլոբալ մրցունակության ինդեքսը»։
Զեկույցի մեթոդաբանությունում երկրները դասակարգվում են ըստ իրենց զբաղեցրած դիրքերի հաշվարկի, ինչպես նաև վարկանիշավորման ամփոփ ցուցանիշի կամ միավորի։ Տվյալ երկրի ամփոփ միավորը սահմանվում է 1-7 սանդղակով, որտեղ բարձրագույն միավորը բնորոշում է տվյալ երկրի մրցունակության բարձր մակարդակը, ցածրագույն միավորը՝ մրցունակության ցածր մակարդակը։
Չափորոշիչներն ըստ ենթախմբերի դասակարգման

Աղբյուրը՝ http://www.weforum.org/reports
Գլոբալ մրցունակության 2012-2013թթ. զեկույցը. ՀՀ-ն այլ երկրների շարքում
Անդրադառնանք Գլոբալ մրցունակության 2012-2013թթ. զեկույցում ՀՀ վարկանիշային ցուցանիշի վերլուծականին՝ ԱՊՀ անդամ պետությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի երկրների համապատասխան միավորների հետ համադրության համատեքստում։ Զեկույցում ներառված 144 երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցրել է 82-րդ դիրքը՝ 4.02 միավոր։ Այս ցուցանիշը ԱՊՀ անդամ պետությունների շարքում միջնամասային դիրք ունի։ ԱՊՀ երկրների ցուցակը գլխավորում է Ադրբեջանը՝ 46-րդ դիրք, 4.41 միավոր։ Վերջինիս անմիջապես հաջորդում են Ղազախստանն ու Ռուսաստանը, որոնք գտնվում են համապատասխանաբար 51 և 67-րդ դիրքերում։ ԱՊՀ երկրների ցուցակի 4-րդ հորիզոնականում է Ուկրաինան (73-րդ դիրք), որին անմիջապես հաջորդում է ՀՀ-ն։
Գլոբալ մրցունակության 2012-2013թթ. զեկույցը, ՀՀ վարկանիշն այլ երկրների շարքում

Աղբյուրը՝ http://www.weforum.org/reports
Զեկույցի փորձագիտական գնահատականների համաձայն, Հարավային Կովկասի երկրների շարքում ՀՀ-ն ցածրագույն արդյունքն ունի։ Նրան ոչ զգալի տարբերությամբ գերազանցում է Վրաստանը՝ զբաղեցնելով 77-րդ հորիզոնականը։ Նախորդ՝ Գլոբալ մրցունակության 2011-2012թթ. վարկանիշային զեկույցի համեմատ Հարավային Կովկասի երեք երկրներն էլ դիրքային դրական տեղաշարժ են արձանագրել (տե՛ս Աղյուսակ 3)։ Եթե նախորդ զեկույցում ՀՀ-ն զբաղեցնում էր 92-րդ դիրքը, ապա վերջին հետազոտությունում զգալիորեն բարելավել է իր դիրքը՝ 10 դիրքային միավորով (92-րդ դիրքից անցում կատարելով 82-րդ դիրքի)։
Գլոբալ մրցունակության 2012-2013թթ. զեկույցը, Հարավային Կովկաս

Աղբյուրը՝ http://www.weforum.org/reports
Գլոբալ մրցունակության 2012-2013թթ. զեկույցը. Հարավային Կովկասի երկրների ցուցանիշներն ըստ ենթաինդեքսների հաշվարկի
Ներկայացնենք Հարավային Կովկասի երկրների ենթաինդեքսների համեմատական վերլուծությունը, որը կարևոր նշանակություն ունի նշյալ պետությունների վարկանիշային արդյունքների դրական ու բացասական միտումներն արձանագրելու առումով։ Վիճակագրությունից պարզ է դառնում, որ ՀՀ ենթաինդեքսների լավագույն ցուցանիշը «Հիմնարար նախապայմաններ»-ի պարագայում է. ՀՀ-ն այս ենթաինդեքսով 144 երկրների շարքում զբաղեցրել է 76-րդ դիրքը՝ 4.41 միավոր։ ՀՀ ցածրագույն արդյունքը գրանցվել է «Նորարարության և արդիականացման գործոններ» ենթաինդեքսում՝ 98/3.29։ «Արդյունավետության բարձրացման խթանիչներ» ենթաինդեքսով ՀՀ-ն գտնվում է 82-րդ դիրքում՝ 3.86 միավոր։
Վրաստանի ենթաինդեքսներից, ինչպես և ՀՀ-ի պարագայում, բարձրագույն արդյունքը գրանցվել է «Հիմնարար նախապայմաններ» կետով՝ 64-րդ դիրք և 4.63 միավոր, իսկ ցածրագույն արդյունքը՝ «Նորարարության և արդիականացման գործոններ» ենթաինդեքսով՝ 120/3։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս կրկին իր լավագույն արդյունքը գրանցել է «Հիմնարար նախապայմաններ» ենթաինդեքսով՝ 56/4.76։ Ադրբեջանի ցածրագույն ցուցանիշն արձանագրվել է երկրորդ՝ «Արդյունավետության բարձրացման խթանիչներ» ենթաինդեքսով՝ 67/4.05։ Բարձր է նաև Ադրբեջանի ցուցանիշը «Նորարարության և արդիականացման գործոններ» ենթաինդեքսով՝ 57/3.68։
Եթե փորձենք ընդհանրացնել հարավկովկասյան երկրների ենթաինդեքսների համեմատական վիճակագրությունը, ապա կարելի է նկատել, որ տարածաշրջանում «Հիմնարար նախապայմաններ» ենթաինդեքսով լավագույն արդյունքը գրանցվել է Ադրբեջանի, իսկ ցածրագույնը՝ ՀՀ-ի դեպքում, «Արդյունավետության բարձրացման խթանիչներ» ենթաինդեքսով լավագույն ցուցանիշը կրկին Ադրբեջանինն է, ցածրագույնը՝ Վրաստանինը. երկրորդ ենթաինդեքսի տրամաբանությունը գործում է նաև երրորդ՝ «Նորարարության և արդիականացման գործոններ» ենթաինդեքսի պարագայում։
Դժվար չէ նկատել, որ Հարավային Կովկասի երկրների ենթաինդեքսների համեմատական վիճակագրությունում առկա են անճշտություններ, որոնք կարող են խեղաթյուրել տարածաշրջանի երկրների վարկանիշային ցուցանիշների համեմատական վերլուծության իրական պատկերը։ Խոսքը Վրաստանի ցուցանիշների մասին է, որոնց համեմատությունը ՀՀ համապատասխան տվյալների հետ հիմնավոր կասկածների տեղիք է տալիս։ Այսպես, ՀՀ-ն գերազանցում է հարևան Վրաստանին երկու՝ 2-րդ և 3-րդ ենթաինդեքսների հաշվարկով։ Ընդ որում, 3-րդ՝ «Նորարարության և արդիականացման գործոններ» ենթաինդեքսով ՀՀ դիրքային առավելությունը (98/3.29) Վրաստանի ցուցանիշի նկատմամբ բավական զգալի է (120/3)։ Ասել է թե՝ 3 ենթաինդեքսների միջինացված հաշվարկով և նույնիսկ եթե նկատի ունենանք յուրաքանչյուր ենթաինդեքսով երկու երկրների ցուցանիշների քանակական տարբերությունների հաշվարկը, առկա են բոլոր նախապայմանները Վրաստանի նկատմամբ ՀՀ վարկանիշային առավելության փաստարկման, ըստ այդմ էլ՝ Հարավային Կովկասում ՀՀ վարկանիշային ցուցանիշով ոչ թե 3-րդ, այլ 2-րդ դիրքը զբաղեցնելու համար։ Սակայն այլ են զեկույցի արձանագրված փորձագիտական գնահատականները, որոնց համաձայն՝ Վրաստանի ամփոփ միավորը գերազանցում է ՀՀ համապատասխան ցուցանիշին (տե՛ս Աղյուսակ 4)։
Հարավային Կովկասի երկրների ամփոփ ցուցանիշների գրաֆիկական պատկերն ըստ ենթաինդեքսների դիրքային հաշվարկի3

Աղյուսակ 4
Հարավային Կովկասի երկրների ամփոփ ցուցանիշներն ըստ ենթաինդեքսների հաշվարկի

Աղբյուրը՝ http://www.weforum.org/reports
Աղյուսակ 5
Հարավային Կովկասի երկրների ցուցանիշներն ըստ ենթաինդեքսների չափորոշիչների հաշվարկի

Աղբյուրը՝ http://www.weforum.org/reports
Հարավային Կովկասի երկրների ցուցանիշներն ըստ չափորոշիչների հաշվարկի
Գլոբալ մրցունակության 2012-2013թթ. զեկույցում ներկայացված Հարավային Կովկասի երկրների վարկանիշների վերաբերյալ առավել լայն պատկերացումներ ձևավորելու տեսանկյունից նպատակահարմար ենք համարում անդրադառնալ տարածաշրջանի երկրների բոլոր չափորոշիչների դիտարկմանն ու համեմատական վերլուծությանը։ Քննության կառնվեն ինչպես յուրաքանչյուր երկրի չափորոշիչների վիճակագրական տվյալներն առանձին վերցրած, այնպես էլ հարավկովկասյան երկրների ցուցանիշների համեմատական վերլուծությունն ըստ յուրաքանչյուր չափորոշիչի դիտարկման։
Աղյուսակ 5-ի վիճակագրությունից պարզ է դառնում, որ ՀՀ 12 չափորոշիչներից լավագույն արդյունքն արձանագրվել է «Արդյունավետության բարձրացման խթանիչներ ենթաինդեքսի» 7-րդ՝ «աշխատաշուկայի արդյունավետություն» չափորոշիչում՝ 30/4.72 (չափորոշիչների հաշվարկում առավելությունը տրվում է դիրքային միավորին՝ սանդղակի միավորի նկատմամբ)։ ՀՀ վարկանիշում երկրորդ լավագույն արդյունքը կրկին նույն ենթաինդեքսում է արձանագրվել, այն է՝ 5-րդ «բարձրագույն կրթություն և վերապատրաստում» չափորոշիչը, որում գրանցվել է 70/4.22։ ՀՀ չափորոշիչներից 3-րդ բարձր ցուցանիշը գրանցվել է «Հիմնարար նախապայմաններ» ենթաինդեքսում 1-ին՝ «ինստիտուտներ» չափորոշիչում (71/3.90)։ ՀՀ չափորոշիչներից ցածրագույն ցուցանիշը պատկանում է կրկին 2-րդ՝ «Արդյունավետության բարձրացման խթանիչներ» ենթաինդեքսին. 10-րդ՝ «շուկայի ծավալ» չափորոշիչի արդյունքն է 115/2.62։ ՀՀ բացասական արդյունքներից է նաև 3-րդ՝ «Նորարարության և արդիականացման գործոններ» ենթաինդեքսի 12-րդ՝ «նորարարություն» չափորոշիչը՝ 105/2.89։ Ցածր ցուցանիշներ են գրանցվել նաև 2-րդ՝ «Արդյունավետության բարձրացման խթանիչներ» ենթաինդեքսի «տեխնոլոգիական պատրաստվածություն» չափորոշիչի պարագայում՝ 92/3.40, ինչպես նաև «Նորարարության և արդիականացման գործոններ» ենթաինդեքսի «գործարարության զարգացածություն» չափորոշիչում՝ 92/3.70 (տե՛ս Աղյուսակ 5)։
Վիճակագրության համաձայն՝ Հարավային Կովկասում Գլոբալ մրցունակության 2012-2013թթ. զեկույցում ներառված 12 չափորոշիչներից բարձրագույն արդյունքը գրանցվել է Ադրբեջանի պարագայում՝ «Հիմնարար նախապայմաններ» ենթաինդեքսի «մակրոտնտեսական միջավայր» չափորոշիչով՝ 18/6.05, ցածրագույն արդյունքը՝ Վրաստանի դեպքում՝ «նորարարության և արդիականացման գործոններ» ենթաինդեքսի «նորարարություն» չափորոշիչով՝ 126/2.60։
Ներկայացնենք տարածաշրջանի երկրների չափորոշիչների համեմատական վերլուծականը՝ առանձնացված երկրների վարկանիշների վերաբերյալ առավել համապարփակ տեղեկատվություն ձևավորելու նպատակով։ Վիճակագրության համաձայն՝ 12 չափորոշիչներից ՀՀ-ն գերազանցել է հարևան երկու երկրներին 5-րդ (բարձրագույն կրթություն և վերապատրաստում) և 8-րդ (ֆինանսական շուկայի զարգացում) չափորոշիչներով։ Վրաստանն առավելություն է ունեցել երկու հարևան երկրների համապատասխան ցուցանիշների նկատմամբ 1-ին (ինստիտուտներ), 2-րդ (ենթակառուցվածքներ) և 4-րդ (առողջապահություն և նախակրթություն) չափորոշիչներով։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինիս դիրքային առավելությունը հարևանների նկատմամբ գրանցվել է 7 չափորոշիչների պարագայում. դրանք են՝ 3-րդ (մակրոտնտեսական միջավայր), 6-րդ (ապրանքաշուկայի արդյունավետություն), 7-րդ (աշխատաշուկայի արդյունավետություն), 9-րդ (տեխնոլոգիական պատրաստվածություն), 10-րդ (շուկայի ծավալ), 11-րդ (գործարարության զարգացածություն) և 12-րդ (նորարարություն) չափորոշիչները։
Խնդրի լուսաբանման համատեքստում կարևոր ենք համարում նաև վերլուծել ՀՀ և Վրաստանի չափորոշիչների համեմատական տեղեկատվական բազան՝ նկատի առնելով զեկույցի տեղեկատվությունում տեղ գտած որոշակի անճշտությունների հանգամանքը, ինչի մասին արդեն խոսվել է։ Այսպես, 12 չափորոշիչներից Վրաստանը ՀՀ համապատասխան ցուցանիշը գերազանցում է ընդամենը 5-ի դեպքում, մնացյալ 7 չափորոշիչներում գրանցվել է ՀՀ դիրքային առավելությունը։ Սակայն նման որակական առավելությունն անհասկանալի պատճառներով բավարար հիմք չի հանդիսացել, որպեսզի ՀՀ-ն իր վարկանիշով զբաղեցնի տարածաշրջանում երկրորդ դիրքն Ադրբեջանից հետո։ Մյուս կողմից, առավելություն արձանագրած Վրաստանի վերոհիշյալ 5 չափորոշիչների ընդհանուր քանակական գումարի տարբերությունը ՀՀ համապատասխան չափորոշիչների նկատմամբ կազմում է 78 դիրքային միավոր. այն դեպքում, երբ 7 չափորոշիչով ՀՀ ընդհանուր քանակական գումարի տարբերությունը Վրաստանի նկատմամբ հաշվվում է 100 դիրքային միավոր։
Մյուս կողմից, հարկ է նշել, որ «Գլոբալ մրցունակության» զեկույցում ՀՀ-ին առնչվող փորձագիտական գնահատականներում որևէ կերպ հաշվի չի առնվել հարևան երկու պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ տնտեսական շրջափակման և դրա շարունակականության հանգամանքը, ինչն անկյունաքարային նշանակություն ունի զեկույցում ՀՀ գլոբալ մրցունակության վարկանիշի ձևավորման հարցում։ Ավելին, «Գլոբալ մրցունակության» զեկույցում ներկայացված չափորոշիչների մի մասն ուղղակիորեն վերաբերում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ՀՀ տնտեսական շրջափակման խնդրին և էական ազդեցություն ունի ՀՀ գլոբալ մրցունակության վարկանիշի կազմման գործում։ Դրանցից կարելի է առանձնացնել առաջին հերթին «մակրոտնտեսական միջավայր», «ապրանքաշուկայի արդյունավետություն», «աշխատաշուկայի արդյունավետություն», ֆինանսական շուկայի զարգացում», «շուկայի ծավալ», «գործարարության զարգացածություն» չափորոշիչները, որոնց բարձր ցուցանիշները կարող են պայմանավորել և ապահովել պետության, տվյալ պարագայում՝ ՀՀ գլոբալ մրցունակության դրական մակարդակը։
Հարավային Կովկասի երկրների ցուցանիշների գրաֆիկական պատկերն ըստ ենթաինդեքսների չափորոշիչների դիրքային հաշվարկի4

1 http://en.wikipedia.org/wiki/Global_Competitiveness_Report
2 Նույն տեղում։
3 Գրաֆիկը կազմվել է զեկույցում ներկայացված տեղեկատվական բազայի հիման վրա։
4 Գրաֆիկը կազմվել է զեկույցում ներկայացված տեղեկատվական բազայի հիման վրա։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]