• am
  • ru
  • en
Версия для печати
19.06.2012

ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԵՂԻ ՄԱՍԻՆ

Руский

   

Հրաչյա Արզումանյան
Տեխնիկական գիտությունների թեկնածու

Մայիսի 2-ին Բրուքինգսի ինստիտուտում (Վաշինգտոն) տեղի ունեցավ բանավեճ՝ «Արևմուտքը և Թուրքիան. դերերն ընդարձակ գլոբալ ճարտարապետության ձևավորման մեջ»։ Հիմնական զեկուցողն էր Զբիգնև Բժեզինսկին։ Բանավեճին մասնակցում էին ինստիտուտի աշխատակիցները, այդ թվում՝ ինստիտուտի տնօրեն Սթրոուբ Թելբոթը, Բ.Քլինթոնի անձնական ընկերն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը 1994-2001թթ., որն զբաղվում էր Ռուսաստանի ու նախկին ԽՍՀՄ երկրների հիմնախնդիրներով։ Թելբոթը հսկայական ազդեցություն է ունեցել ՆԱՏՕ ընդլայնման հարցում ԱՄՆ դիրքորոշման ձևավորման վրա։ Բանավեճի աշխատանքին հեռահար մասնակցում էին նաև Ստամբուլի Սաբանչի համալսարանի աշխատակիցները։ Թուրքական կողմից բանավեճը վարում էր Գյուլար Սաբանչին, որը գլխավորում է իր ընտանիքի կողմից վերահսկվող «Սաբանչի հոլդինգը»՝ Թուրքիայում իր չափերով երկրորդ արդյունաբերական և ֆինանսական կոնգլոմերատը։

Սույն հոդվածի շրջանակներում դիտարկվում են բանավեճի այն ասպեկտները, որոնք վերաբերել են Թուրքիայի և Ռուսաստանի դերերին Եվրասիայում ուժի նոր հավասարակշռության ձևավորման գործում։ Զեկուցման սկզբում պրն Բժեզինսկին ներկայացրեց որոշ դրույթներ իր վերջին՝ «Ռազմավարական տեսլական. Ամերիկան և գլոբալ հզորության ճգնաժամը» գրքից՝ անդրադառնալով Եվրասիայի դերին նոր աշխարհակարգում։ «Ողջ Եվրասիան այսօր գլոբալ քաղաքականության ասպարեզ է... Դա նաև աշխարհամաս է, գերաշխարհամաս, որտեղ տարածաշրջանային հակամարտությունները գլոբալ նշանակություն... և զգալի ընդլայնման պոտենցիալ ունեն»։ Հակամարտությունների արդյունք կարող է դառնալ ողջ Եվրասիայի ապակայունացումը։ Որպես հետևանք՝ ԱՄՆ-ը պետք է մեծ ուշադրություն հատկացնի աշխարհամասին՝ ստանձնելով «եվրասիական աշխարհամասում նոր գլոբալ, էական իրողությունների միջև փոխկապվածությունների կայունացման գլխավոր դերը»։

Խոսքն ավանդական աշխարհաքաղաքական հակամարտության մասին է, և միակ «նորարարությունը» կարելի է համարել Արևմուտքի՝ Եվրասիայում ուժերի այնպիսի հավասարակշռության ստեղծման մտադրությունը, որտեղ Ռուսաստանին պասիվ, կրավորական դեր է հատկացվում։ Բժեզինսկու կարծիքով՝ 21-րդ դարում Արևմուտքը՝ հանձինս ԱՄՆ-ի և Եվրոպայի, կարող է Ռուսաստանին առաջարկել ընտրություն կատարել երկու օպցիայի միջև։ Կամ հրաժարվելով աշխարհաքաղաքական հավակնություններից՝ դառնալ Արևմուտքի մի մասը, կամ կորցնել Սիբիրի և Հեռավոր Արևելքի խիստ կարևոր տարածքները, որոնց նկատմամբ վերահսկողությունը կանցնի Չինաստանին։ Հարկ է խոստովանել, որ պրն Բժեզինսկին հետևողական է մնում և ամեն անգամ ընդգծում է Ռուսաստանի ապագայի նման տեսլականի անայլընտրանքությունը։ Այն, որ ազդեցության ոլորտները Եվրասիայում վերաձևվելու են ի հաշիվ Ռուսաստանի, դատելով կոնֆերանսի մթնոլորտից, քննարկման ենթակա չէ։ Խոսքն այն մասին է, թե ով կդառնա Արևմուտքի գլխավոր ներկայացուցիչը եվրասիական աշխարհամասի խորքերում, աշխարհի ձևավորվող աշխարհաքաղաքական համապատկերի շրջանակում։

Բժեզինսկու կարծիքով՝ լինելու իրավունքի մրցավազքում, թեկուզ որպես Արևմուտքին ենթակա, բայց աշխարհաքաղաքական ասպարեզի դերակատար, շահում է Թուրքիան։ Դա պահանջում է վերանայել Թուրքիայի դերը՝ «որպես ՆԱՏՕ կայուն և հավատարիմ անդամի։ Հավանաբար՝ շատ ավելի կայուն, քան ՆԱՏՕ ցանկացած այլ անդամ»։ Այսպիսով, «ինչպես ռազմավարական, այնպես էլ քաղաքական պատճառներով Թուրքիան պետք է լինի, և իմ տեսակետից՝ փաստորեն արդեն հանդիսանում է Արևմուտքի մաս»։ Այնուհետև. «...ես պնդում եմ, որ փիլիսոփայական, քաղաքական նույնականության մակարդակում Թուրքիան Արևմուտքի մասն է, չնայած կրոնական տարբերություններին, որոնք, սակայն, ամբողջովին հերմետիկ չեն...»։ Թուրքիան ավելի հաջողակ դուրս եկավ և պետք է մոդել ծառայի մյուս երկրների համար, որոնք հավակնում են ուժի տարածաշրջանային կենտրոնների դերին, այդ թվում և Ռուսաստանի ու Իրանի համար։ 20-րդ դարի մոդեռնիստական երկու նախագծերի՝ քեմալիզմի և լենինիզմի մրցակցությունում շահեց թուրքական նախագիծը։ Աթաթյուրքի նախաձեռնած սոցիալական փորձարկումն ավելի հաջող ստացվեց, քան ռուսականը։ «Ռուսաստանն արդիական արդյունաբերական հանրության վերափոխելու ջանքերը՝ հիմնված համապարփակ գաղափարախոսության վրա, որը դաժան էր և դոկտրինյորական ու ներդրվում էր արտասովոր դաժանությամբ, վիթխարի մարդկային զոհերի գին ունեցան»։

Այսպիսով, Թուրքիան դառնում է այն դերակատարը, որի օգնությամբ Արևմուտքը մտադիր է գործել եվրասիական աշխարհամասի խորքերում՝ խուսափելով ռազմական հակամարտություններին անմիջականորեն ներգրավվելուց։ «...Միացյալ Նահանգները չպետք է ներքաշվի հեռավորարևելյան կամ ասիական որևէ հակամարտության մեջ»։ Ինչպիսին էլ լինեն մայրցամաքային Ասիայում հակամարտությունների պոտենցիալ արդյունքները, դրանք չեն կարող արդարացնել ամերիկյան անմիջական ներգրավումը։ «Ես պնդում եմ, որ Միացյալ Նահանգները պետք է պատճենի Մեծ Բրիտանիայի ռազմավարությունը 19-րդ դարի և 20-րդի սկզբի Եվրոպայում և դառնա հավասարակշռող կողմ, որը կազդի որոշումների ընդունման վրա, բայց ոչ մայրցամաքային հակամարտությունների ուղղակի մասնակից»։

Թուրքիայի կարևորությունը Եվրասիայում ազդեցության ոլորտների վերաբաշխման և նոր հավասարակշռության ստեղծման մեջ թույլատրելի են դարձնում պատմության «շտկումը»՝ դրան ավելի հրապուրիչ տեսք տալու նպատակով։ Բժեզինսկին, իհարկե, կարող է ասել, որ Աթաթյուրքի գործունեությունն «էլ ավելի տպավորիչ ու հաջող է» և «ուղեկցվել է շատ քիչ մարդկային կորուստներով»։ Ավելին, կարելի է, ուսերը թոթվելով, 20-րդ դարի հայտնի այլ քաղաքական գործիչների նման կրկնել՝ «ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածի մասին»։ Բայցևայնպես, Օսմանյան կայսրության ժառանգորդի անփառունակ համբավը տարածաշրջանի ժողովուրդների կոլեկտիվ հիշողության մասն է դարձել, և Բժեզինսկին ընդունում է, որ Թուրքիայի նոր դերը հակազդեցության կհանդիպի այդ նույն Արաբական աշխարհում։

Դրա հետ մեկտեղ, Արևմուտքը հանգիստ է վերաբերվում ռուս-թուրքական մերձեցմանը, որն ավելի լուրջ բանի վերաճելու շանսեր չունի։ Աշխարհի նոր գլոբալ ճարտարապետության մեջ Արևմուտքը Թուրքիային առաջարկում է անհամեմատ ավելի հետաքրքիր դեր, քան Ռուսաստանին։ Պրն Թելբոթին հարցրին. եվրոպացիների կեցվածքն արդյո՞ք Թուրքիային դեպի Ռուսաստանի կողմը չի մղի։ Չէ՞ որ Ռուսաստանը, և կոնկրետ Պուտինը, «մեծ ցանկություն ուներ բանեցնել» թուրք-եվրոպական հիմնախնդիրները և «ստեղծել աուտսայդերների մի ինչ-որ ընդհանրություն ընդդեմ Եվրոպայի»։ Բժեզինսկու կարծիքով՝ այստեղ լուրջ խնդիրներ չկան։ «Ես երբեք անհանգստացած չեմ եղել Թուրքիայի և Ռուսաստանի հաշտեցումից»։ Բժեզինսկուն համոզվածություն է տալիս պատմության իմացությունը։ «Եթե ի գիտություն ընդունենք տերությունների միջև բազմաթիվ հակամարտությունների չավարտված բնույթը, ապա կարելի է խոսել նաև հոգեբանական աղբյուրների ու դրդապատճառների մասին, որոնք նման դաշինքն անիրական են դարձնում։ Ավելի մոտ լինելը չի նշանակում, թե նրանցից մեկը պատրաստ է ենթարկվել մյուսին»։

Ընդ որում, Բժեզինսկին ոչ երկիմաստորեն հասկանալ է տալիս Թուրքիային, որ արևմտյան աշխարհաքաղաքականության ազդեցության ոլորտում գտնվելու այլընտրանքը կլինեն ապակայունացումն ու անվտանգության ոլորտում մարտահրավերներին արձագանքելու անկարողությունը։ 21-րդ դարի անվտանգության միջավայրում Թուրքիան պետք է օբյեկտիվորեն գնահատի իր պոտենցիալն ու հնարավորությունները։ Թուրքիան «ինքն իրենով լրիվ կայացա՞ծ է Եվրասիայի խիստ անկայուն տարածաշրջանում... Եթե ես թուրք լինեի, կնայեի Իրանին, անորոշ ու անկանխատեսելի Ռուսաստանին, Կենտրոնական Ասիայի անկանխատեսելիությանը, էլ չեմ ասում Պակիստանի ու Հնդկաստանի հարաբերությունների մասին։ Մերձավոր Արևելքում՝ Իսրայելին, Պաղեստինին, Եգիպտոսի միջավայրին»։ Նման իրավիճակում Թուրքիայի անվտանգության հավելյալ երաշխիքներ ստանալու համար ցանկալի է բարեկամ ունենալ Արևմուտքին և հատկապես ԱՄՆ-ին։ Զեկուցման վերջում Բժեզինսկին եզրակացնում է. «Ես լավատես եմ և Թուրքիայի ու Արևմուտքի ավելի ու ավելի կոոպերատիվ փոխհարաբերությունների ու կապերի պաշտպանը, որոնք նշանակալի են դառնում անվտանգության ոլորտում և քաղաքական չափումներում»։ Գոյություն ունեցող միտումները, վերջին հաշվով, պետք է հանգեցնեն Թուրքիայի ընդգրկմանը ԵՄ-ում՝ այս կամ այն ձևով։

Արևմուտքը Եվրասիայում այլընտրանքային որևէ այլ աշխարհաքաղաքական նախագծի գոյություն չի ենթադրում, որոնք կարող են դիտարկվել որպես մրցակցող կամ մարգինալ։ Դա նշանակում է, որ Եվրասիայի տեսլականի իրականացման Արևմուտքի ունակությունը շատ բանով կախված է նախագիծն իրականացնելու Եվրասիական միության պետությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի քաղաքական կամքից։ Ընդ որում, եթե դեռ բոլորովին վերջերս ԽՍՀՄ-ը և հետո էլ Ռուսաստանն առանձնակի իրավունք ունեին աշխարհաքաղաքական նախագծեր նախաձեռնել Եվրասիայում, ապա այսօր, Արևմուտքի կարծիքով, Ռուսաստանը նման հնարավորություններ չունի։ Արևմուտքը Ռուսաստանին առաջարկում է զբաղեցնել թեև բավական համեստ, բայց «ոչ վատ վարձատրվող» տեղ նոր աշխարհակարգում։ Ըստ Բժեզինսկու՝ Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում նույնպես կհարի Արևմուտքին, թեև կարճաժամկետ հեռանկարում խնդիրներ կան։ Լավատեսությունը կապված է քաղաքացիական հասարակության և Ռուսաստանի միջին դասի կայացման, հոռետեսությունը՝ եվրասիական նախագծի հետ։

Վերջին հաշվով, ասում է Զ.Բժեզինսկին, Ռուսաստանը կդառնա Արևմուտքի մասը, «հատկապես այն ժամանակ, երբ նրա ընթերցողները կսկսեն քարտեզին նայել ոչ թե նոստալգիայով՝ ջանալով ստեղծել մի ինչ-որ Եվրասիական միություն, որի մասին խոսում է Պուտինը և որը կլինի Խորհրդային Միության վերստեղծումը, այլ ապագայի տերմիններով, և կսկսեն մտածել Ռուսաստանի ընդարձակ, բայց դատարկ արևելյան տարածքի օգտագործման մասին, որը հարում է գերբնակեցված, դինամիկորեն ընդլայնվող Չինաստանին»։ «Այսպիսով, իմ հիմնարար տեսակետը հետևյալն է. եթե մենք պատրաստվում ենք ունենալ համագործակցության դար, որը հաջողությամբ գլուխ կհանի նոր գլոբալ խնդիրներից, մենք նոր հավասարակշռություն պետք է ունենանք եվրասիական աշխարհամասում, որն այն կենտրոնական ասպարեզն է, որտեղ պետք է վճռվի մարդկության ապագան։ Ե՛վ թուրքական, և՛ ռուսական կողմերի մասնակցությունն Արևմուտքի կողմից դրական ներդրում կլինի, որն ավելի հավանական կդարձնի վերջնական լավ արդյունքի ձեռքբերումը»։

Այսպիսով, խոսքն ընտրության և Ռուսաստանի պատասխան քայլի մասին է։ Արդյո՞ք այն Եվրասիայի և նոր աշխարհակարգի արևմտյան տեսլականը դիտարկում է որպես մարտահրավեր, որին պետք է պատասխանել, թե՞ որպես առաջարկություն, որից այլևս հրաժարվելու հնարավորություն չունի կամ չի ցանկանում հրաժարվել։ Երկրորդ օպցիայի ընտրությունը կնշանակի, որ Ռուսաստանը վերջնականապես հրաժարվում է իր պատմափիլիսոփայական առաքելությունից, որը ձևավորել է ռուսական ճակատագիրն ու պետականությունը վերջին դարերի ընթացքում։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր