• am
  • ru
  • en
Версия для печати
22.07.2013

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՆ

Руский

   

Հրաչյա Արզումանյան
Քաղաքագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Հանրահայտ «Սթրատֆոր» ուղեղային տրեստի ղեկավար Ջորջ Ֆրիդմանի հունիսի 11-ի հոդվածը նվիրված է Ադրբեջանի և ԱՄՆ փոխհարաբերություններին1։ Հոդվածի կարևորությունն անուղղակիորեն ընդգծում է այն փաստը, որ այն վերատպվել է «Ֆորբսում»2։ Համառոտ տեսության և վերլուծության շրջանակներում փորձենք ընդգծել այդ հրապարակման առավել կարևոր պահերը։ Ֆրիդմանի հոդվածը սկսվում է Կովկասի՝ որպես մի տարածաշրջանի, կարևորության փաստմամբ, որտեղ խաչվում են ուժի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կենտրոնների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի և Թուրքիայի շահերը։ Չնայած հետխորհրդային տարածքի՝ Ռուսաստանը շրջապատող ծայրամասային պետություններն աշխարհաքաղաքական հակամարտության կարևոր տարր են, Ադրբեջանի դերն, այնուամենայնիվ, եզակի է և խիստ կարևոր։

Իր տեսակետը պարզաբանելու համար Ֆրիդմանը դիմում է իր «Հաջորդ 100 տարիները»3 գրքի հիմնական դրույթներին, որում նա կանխատեսում է XXI դարի աշխարհաքաղաքական ասպարեզի ընդհանուր ուրվագծերը։ Ռուսաստանն իր սեփական խնդիրներն ունի։ Բայց Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից, ինչպես նաև Եվրոպայի անկման համապատկերում եվրոպական ակտիվները գնելու նրա կարողությունը հանգեցնելու են Ռուսաստանի համեմատական ուժեղացմանը, ինչն իրենց վրա կզգան Ռուսաստանին սահմանակից երկրները՝ «Լեհաստանից մինչև Թուրքիա և հետո՝ Թուրքիայից մինչև Կասպից ծովում Եվրոպայի արևելյան խարիսխ Ադրբեջան»։

ԱՄՆ (որը շարունակում է մնալ ուժի գերիշխող աշխարհաքաղաքական կենտրոն) քաղաքականությունը և ռազմավարությունը կշարունակեն լինել զգուշավոր և անորոշ։ Նման վարքագիծը թելադրված կլինի ինչպես իսլամական աշխարհի հետ պատերազմն ավարտելու անհրաժեշտությամբ, այնպես էլ ավելի լուրջ գործոններով։ Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ գլոբալ հզորության «դեռահաս» (չհասունացած) կենտրոն, որն ի վիճակի չէ հաշվել մինչև վերջ և հավասարակշռել իր գործողությունները։ Սառը պատերազմում տարած հաղթանակից հետո (որը հիմնականում տեղի ունեցավ շնորհիվ ԽՍՀՄ-ի՝ ինքն իրեն հասցրած նոկաուտի) «նոր աշխարհակարգ» հաստատելու դեգերումները փոխարինվեցին այն համոզմամբ, որ դարն անցնելու է իսլամական ահաբեկիչների դեմ պատերազմում։ Ներկայում կան ախտանշաններն այն բանի, որ ԱՄՆ-ը մտադիր է հրաժարվել համաշխարհային գործընթացներին իր ներգրավվածությունից և կենտրոնանալ ներքին խնդիրների վրա, «թեև անհասկանալի է, թե ինչպես կարող է երկիրը, որի ՀՆԱ-ն կազմում է համաշխարհայինի 25%-ը, և որը վերահսկում է օվկիանոսներ, խուսափել համաշխարհային գործընթացներին ներգրավվածությունից»։

ԱՄՆ-ում, գրում է Ֆրիդմանը, կան արտաքին քաղաքականության հանդեպ իրատեսական և իդեալիստական մոտեցումների կողմնակիցներ։ Առաջինները կարծում են, թե ԱՄՆ-ը պետք է պաշտպանի իր ազգային շահերը, և սա խելամիտ է թվում, քանի դեռ չի ծագում այն հարցը, թե ինչ պետք է հասկանալ ազգային շահեր ասելով։ Երկրորդները կարծում են, թե ամերիկյան հզորությունը և քաղաքականությունը պետք է բարին արարեն, դեմոկրատիա կառուցեն և թույլ չտան, որ խախտվեն մարդու իրավունքները։ Սա նույնպես լավ է հնչում, քանի դեռ չի տրվում այն հարցը, թե ինչպես պետք է դա իրագործվի։ Միակ կետը, որտեղ երկու մոտեցումների կողմնակիցների կարծիքները համընկնում են, այն համոզվածությունն է, թե իրականացվող քաղաքականության շրջանակներում անհրաժեշտ է «սպանել վատ մարդկանց»։

Այսօր ԱՄՆ-ը «աշխարհի ուժի գլոբալ կենտրոն է, որն, այնուամենայնիվ, մեկ հակամարտությունից մյուսին է անցնում, մի հայեցակարգից մյուսին վազում, որին ժամանակ է հարկավոր՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է օգտագործի իր հզորությունը»։ Նման վարքագիծը խիստ անհարմար վիճակի մեջ է դնում մնացյալ աշխարհը։ «Երբեմն ԱՄՆ-ը անբացատրելի բաներ է անում։ Երբեմն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում»։ Ընդ որում՝ ԱՄՆ սխալների շնորհիվ ամենից հաճախ տուժում կամ ռիսկի են ենթարկվում այլ երկրները։ Որպես հետևանք՝ ոմանք աշխարհում ցանկանում են, որ ԱՄՆ-ը վերանա, մյուսները՝ որպեսզի ԱՄՆ-ը ստանձնի իրենց անվտանգության պատասխանատվությունը։ Ոչ մեկը, ոչ էլ մյուսը չի լինի։

Ադրբեջանի կրիտիկականությունը

Իր գրքի թեման հակիրճ ներկայացնելուց հետո Ֆրիդմանը վերադառնում է Ադրբեջանին։ Դիտարկելով աշխարհաքաղաքական համատեքստը՝ հեղինակն առանձնացնում է երկրի աշխարհիկ (սեկուլյար) բնույթը, որն «զգում է իրանական շիական ահաբեկչության և սուննիական իսլամական ահաբեկչության սպառնալիքը հյուսիսում։ Ադրբեջանը պատերազմ էր վարում 90-ականներին, որի ժամանակ Հայաստանին, որի թիկունքին Ռուսաստանն էր կանգնած, տանուլ տվեց մի երկրամաս, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ։ Վրաստանում նոր կառավարությունը, ըստ ամենայնի, սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ և փոխարինել է արևմտամետ կառավարությանը»։ Ադրբեջանի աշխարհաքաղաքական համատեքստը, եզրակացնում է Ֆրիդմանը, բավական կոշտ է, իսկ նրա դիրքը Ռուսաստանի և Իրանի միջև կտրականապես կարևոր է դարձնում այդ երկիրը։ Ադրբեջանի մեկ այլ աշխարհաքաղաքական գործառույթը կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանն այլևս մոնոպոլիստ չէ Եվրոպային և Թուրքիային էներգակիրների մատակարարման հարցում։

Ամերիկյան շահերը հանգեցվում են այն բանին, որպեսզի սահմանափակվի ռուսական ազդեցությունը հետխորհրդային տարածքի ծայրամասային պետություններում և պահպանվի կայունությունն արևմտամետ երկրներում, քանի դեռ Եվրոպան թույլ է։ ԱՄՆ շահերից է բխում նաև այն, որ «սահմանափակվի Իրանի հզորությունը և զսպվի այդ երկրի ազերի բնակչության վրա նրա ազդեցության կարողությունը»։ Եվ այնուամենայնիվ, ամերիկյան հզորությունը և շահերը բախվում են օբյեկտիվ սահմանափակումների։ ԱՄՆ-ը չի կարող որպես առաջին գործողություն ընտրել պատերազմը և ի վիճակի է աջակցել միայն այն երկրներին, որոնք կարող են իրենց վրա վերցնել սեփական ազգային անվտանգության ապահովման հիմնական բեռն ու պատասխանատվությունը։ ԱՄՆ-ը չի կարող լինել հետխորհրդային տարածքի պետությունների անվտանգության հիմնական աղբյուրը։

Վերն ասվածը ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները հետաքրքիր են դարձնում։ «Ադրբեջանը ռազմավարական առումով գտնվում է ԱՄՆ-ին հակոտնյա ուժի երկու կենտրոնների՝ Ռուսաստանի և Իրանի միջև։ Ադրբեջանն Աֆղանստանի մատակարարման գլխավոր փոխաբեռնման կետն է։ Ադրբեջանն ուզում է ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորություն ունենալ։ ԱՄՆ-ը մեծ մասամբ մերժում է այդ հայցերը։ Փոխարենն Ադրբեջանը դիմել է Իսրայելին, որի հետ սերտ կապեր ունի»։ Այսպիսով՝ Ադրբեջանն ունի «լիակատար (մերձավոր) ամերիկյան դաշնակցի» կարգավիճակ ստանալու բոլոր գծերը։ Նրա ռազմավարական դիրքը թույլ է տալիս ինչպես ազդել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, այնպես էլ սահմանափակել ռուսական հզորությունը Եվրոպայում՝ էներգետիկ այլընտրանք ապահովելով, ներառյալ Կասպիցի հատակով դեպի Կենտրոնական Ասիա խողովակաշարերի հնարավորությունը։ Ելնելով իր դիրքից՝ այն զենքի կարիք ունի, որի համար պատրաստ է վճարել։ Սակայն ԱՄՆ-ը սահմանափակում է սպառազինությունների հասանելիությունը նրա համար՝ երկու պատճառով։

Առաջինը «ԱՄՆ ազգային փոքրամասնությունների վարած քաղաքականությունն է»։ Ուժեղ ամերիկահայ համայնքը թշնամաբար է տրամադրված Ադրբեջանի հանդեպ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճի պատճառով։ ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբիի՝ իր ազդեցությունը մեծացնելու ջանքերն առայժմ անհաջողության են մատնվում։ Դա թույլ է տալիս ճնշում բանեցնել Կոնգրեսի վրա և արգելակել սպառազինությունների տրամադրումն ու դժվարացնել անգամ դեսպանների նշանակումը։ Երկրորդ պատճառն ավելի էական է։ «Մարդու իրավունքների պաշտպանները, այդ թվում և պետդեպարտամենտում, ասում են, թե ադրբեջանական կառավարությունը ռեպրեսիվ է և կոռումպացված։ Ուստի, նրանք դեմ են, որ Ադրբեջանին զենք վաճառվի»։

Պրն Ֆրիդմանն ասում է, թե չի կարող վկայել ճնշումների և կոռուպցիայի մասին։ Ադրբեջանը խորհրդային հանրապետություն է եղել և անցել է քաոսային մասնավորեցման ծրագրի միջով, որը հանգեցրել է այնպիսի գույքային անհավասարության, ինչպես և մյուս նախկին խորհրդային հանրապետություններում է։ Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ խնամիականությունը (նեպոտիզմ), ընտանիքն ու կլանը խիստ կարևոր են։ Հեղինակն այնուհետև մեջբերում է չինացի գործարարի ծայրահեղ բացասական կարծիքը սոցիալական արդարության արևմտյան ընկալման առիթով և եզրակացնում է. «Մեր համոզմունքներն առ այն, թե ինչպես պետք է գործի հասարակությունը, ոչ համատարած կերպով նույնն են, ոչ էլ հիացմունք են առաջացնում։ Ուստի ես ավելի զգույշ կլինեմ մյուսների բարոյական վարքագծի վերաբերյալ իմ դատողություններում...»։ Համենայնդեպս, ասում է Ֆրիդմանը, «նախկին խորհրդային հանրապետությունը չի կարող 20 տարվա մեջ առանց կոռուպցիայի տնտեսություն ունենալ։ Այն նաև չի կարող այդ ժամանակահատվածում լիովին հենվել լիբերալ ժողովրդավարության վրա, մանավանդ որ երեք կողմից շրջապատված է ուժի թշնամական կենտրոններով՝ Իրանով, Ռուսաստանով և Հայաստանով»։ Որպես եզրակացություն հեղինակն առաջարկում է ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում նշանակություն չտալ այդ գործոնին։

Ֆրիդմանին անհանգստացնում և պարզապես «սարսափեցնում» է այն, ինչն ինքը անվանում է «Արաբական գարնան» ախտանիշ։ «Մարդու իրավունքների կողմնակիցները կարծում են, թե բռնաճնշող վարչակարգին, որին կտապալի ամբոխը, փոխարինելու կգա պակաս բռնաճնշող կառավարություն։ Բայց դա այդպես չէ»։ Ֆրիդմանը բերում է 1979թ. իրանական հեղափոխության օրինակը, երբ շահին փոխարինելու եկան ոչ թե դեմոկրատները, այլ ավելի բռնակալ վարչակարգ։ Գործընթացների նման զարգացման մեջ մեղավոր են այդ թվում և Արևմուտքի «ֆանտազիաները», որոնք ցուցարարների մեջ արևմտամետ լիբերալ դեմոկրատների են տեսնում։

Ասվածն արդարացի է նաև Ադրբեջանի պարագայում։ «Թեև վարչակարգը քննադատության է ենթարկվում, դժվար է պատկերացնել, որ նրա այլընտրանքը կարող է լինել ավելի ազատական և հանդուրժող վարչակարգը»։ Իրանի կողմից հովանավորվող ընդդիմությունը նման կլինի Իրանին, Ռուսաստանի կողմից հովանավորվողը՝ Ռուսաստանին։ «Գաղափարը, թե ԱՄՆ-ը չպետք է հետապնդի իր ռազմավարական շահերն այնպիսի իրավիճակում, երբ գոյություն ունեցող վարչակարգը բարոյապես գերազանցում է Ռուսաստանի և Իրանի կողմից պաշտպանվող այլընտրանքները, անբարո է։ Դա գլոբալ հզորության՝ կողմնորոշվել փորձող կենտրոնի անհասության մի մասն է»։ «Ադրբեջանն ԱՄՆ-ի համար կարևոր է ոչ թե բարոյական հատկանիշների համար, այլ որպես սեպ Ռուսաստանի և Իրանի միջև։ Ցանկացած այլ վարչակարգ, որը փոխարինելու կգա ներկա վարչակարգին, ամենայն հավանականությամբ շատ ավելի վատը կլինի բարոյական տեսակետից, և կարող է թշնամական լինել ԱՄՆ-ի հանդեպ»։

Այնուհետև պրն Ֆրիդմանը կրկին վերադառնում է աշխարհաքաղաքական փաստարկներին և Ադրբեջանի էներգետիկ գործառույթին։ Ռուսաստանի կամ Իրանի կողմից ադրբեջանական նավթի վերահսկումը կմեծացնի ճնշումը Թուրքիայի վրա և կբացառի էներգետիկ այլընտրանքները Ռուսաստանի ծայրամասում։ ԱՄՆ-ը պետք է մշակի իր ռազմավարական գործընկերների վաղ աջակցման ռազմավարություն՝ ոչ մեծ ռիսկի պարունակությամբ, «այլ ոչ թե կանգնի անսպասելի, չկանխատեսված ճգնաժամերին անսպասելիորեն և ռազմական ջղակծկումներով արձագանքելու անհրաժեշտության առջև։ Անկախ Ադրբեջանը ոսկոր է Ռուսաստանի և Իրանի կոկորդում և էներգետիկ աղբյուր Թուրքիայի համար։ Եվ Ադրբեջանը պատրաստ է կանխիկ վճարել սպառազինությունների համար, որոնք կօգտագործվեն ադրբեջանական զորքերի, այլ ոչ թե ամերիկացիների կողմից»։

Հոդվածի վերջում հեղինակն ամփոփում է. «Ինչպես Հիտլերը, այնպես էլ Ստալինը հասկանում էին, որ Բաքվի վերահսկողությունը նշանակում է վերահսկել եվրասիական ցամաքային տարածքը։ Էներգետիկ իրողությունները փոխվում են, բայց դա չի նշանակում, թե Բաքուն դադարում է կրիտիկական լինել»։

Համառոտ վերլուծություն

Պրն Ֆրիդմանի հոդվածում կարելի է առանձնացնել աշխարհաքաղաքական այն վերլուծությունն ու փաստարկները, որոնք կոչված են ընդգծելու Ադրբեջանի կարևորությունը։ Եթե հեղինակը սահմանափակվեր միայն դրանցով, հոդվածը հարցեր չէր առաջացնի։ Փորձագիտական հանրության խնդիրներից մեկը սցենարների մշակումն է, և հետազոտողը, անկասկած, աշխարհաքաղաքական ասպարեզում ընթացող գործընթացների սեփական մեկնաբանության իրավունք ունի։ Սակայն պրն Ֆրիդմանի կառուցած նախագիծն ավելի լայն նպատակներ է առաջադրում՝ հեղինակին ստիպելով անցնել վերլուծությունը աշխարհաքաղաքական նախագծումից բաժանող սահմանը։ Այսքան լայն թափը ստիպում է ավելի ուշադիր դիտարկել այն, ինչ կառուցվում է, որը կոչված է ոչ միայն պարզապես նկարագրելու ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները, այլև ձևավորելու տարածաշրջանի ապագայի ցանկալի տեսլականը։ Նման մոտեցումը տեքստին ի հայտ է բերում հեղինակի կողմից մտցվող մի շարք «ուղղորդող գործոններ»4, որոնք կոչված են ուժեղացնելու Ադրբեջանի՝ որպես ԱՄՆ աշխարհաքաղաքական դաշնակցի, «ուրույնության» կանխադրույթը։

Հայաստանի համար ամենավտանգավոր «գործոններից» մեկը պետք է համարել մի շարք փորձագետների համառ ցանկությունը՝ Արցախը դիտարկել որպես վիճելի տարածք, հիմնախնդիր, այլ ոչ թե թեկուզև չճանաչված, բայցևայնպես՝ պետություն։ Նման մեկնաբանությունը խեղաթյուրում է պատմական հեռանկարը և ստիպված է ժխտել Հայաստանի նորագույն քաղաքական պատմության անկյունաքարը հանդիսացող փաստը, այն է՝ հայկական պետականության կայացումը ХХ դարավերջին տեղի էր ունենում Արցախի փրկության համար հայ ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի գործընթացում։ Պատմական պատկերի նման «կոպտացումը» կարելի կլիներ էական չհամարել աշխարհաքաղաքական նախագծման համար, սակայն ի հետևանք Արցախի՝ որպես XXIդ. Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության համակարգի դերակատարի, անտեսումն արդեն անընդունելի է։ Արցախը ոչ միայն և ոչ այնքան հիմնախնդիր է, որքան հասարակական-քաղաքական իրականություն, և այս փաստն անտեսող նախագիծը չի կարող կենսունակ լինել։ Աֆղանական և իրաքյան պատերազմների շրջանակներում Արևմուտքը հնարավորություն ուներ համոզվելու, թե ինչի է հանգեցնում այն, երբ անտեսում ես տարածաշրջանի պատմական և աշխարհաքաղաքական այն համատեքստը, որում իրականացվում է այս կամ այն ռազմավարությունը։

Երկրորդ պահը՝ կապված պատմական հեռանկարի խեղաթյուրման հետ, պայմանավորված է այն փաստի անտեսմամբ, որ Արցախը ստիպված էր պաշտպանվել և հաղթել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմում։ Ընդ որում՝ տեղի է ունենում «աննկատելի նենգափոխում» և «լռության է մատնվում» այն, որ պատերազմն ընթանում էր Ադրբեջանի ու Արցախի, այլ ոչ թե Հայաստանի միջև։ Այո, Հայաստանի Հանրապետությունը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը, սակայն ղարաբաղյան հակամարտության գլխավոր դերակատարը հենց Արցախն է, որի ստորագրությունն է դրված հրադադարի փաստաթղթի տակ։

Թեզիսը, թե հայկական պետությունների թիկունքին կանգնած էր Ռուսաստանը, նույնպես «խորամանկություն» է պարունակում։ Ընդհուպ մինչև 1992թ. ԽՍՀՄ, իսկ հետո նաև Ռուսաստանի ղեկավարությունը հակված էր հակամարտության մեջ պաշտպանել ադրբեջանական կողմին։ Սակայն Արցախի տոկունությունը պատերազմում և բեկումը, որը մտցվեց 1992թ., փոխեցին Ռուսաստանի քաղաքականությունը։ Կամքի դրսևորումը, շատ ավելի քիչ ռեսուրսներ ունեցող կողմի՝ պատերազմի ընթացքը բեկելու և հաղթելու կարողությունը երբեմն ստիպում են աշխարհաքաղաքական դերակատարներին փոխել իրենց գնահատականները և դիրքորոշումները։ Այսօր սիրիական ճգնաժամի օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես է սիրիական բանակի և քաղաքական ղեկավարության տոկունությունը մարտավարական փաստարկից վերածվել ռազմավարականի և քաղաքականի՝ ստիպելով ուժի տարածաշրջանային կենտրոններին և աշխարհաքաղաքական դերակատարներին վերանայել իրենց ռազմավարությունն ու մարտավարությունը։

Սակայն արցախյան թեման հոդվածում միայն անուղղակիորեն է շոշափվում։ Հետազոտության հիմնական մասը նվիրված է Ադրբեջանին և տարածաշրջանի ապագայի տեսլականին։ Պրն Ֆրիդմանը փորձում է Ադրբեջանը ներկայացնել որպես ագրեսիվ հարևաններով շրջապատված երկիր։ Ընդ որում՝ նա ստիպված է գլխիվայր շրջել իրավիճակը և «չնկատել», որ այսօրվա դրությամբ հենց Ադրբեջանն է տարածաշրջանի ամենաագրեսիվ պետությունը, որը տարածքային պահանջներ է ներկայացնում ոչ միայն Հայաստանին, որի տարածքները հռչակվում են որպես «Արևմտյան Ադրբեջան», այլ նաև Իրանին, որի տարածքի մի մասը հռչակվում է «Հարավային Ադրբեջան»5։ Նկարագրելով Ադրբեջանի ագրեսիվ շրջապատը՝ պրն Ֆրիդմանը «բերնից թռցնում» և Ռուսաստանն ու Իրանը բնութագրում է որպես «ԱՄՆ-ին հակոտնյա» ուժի կենտրոններ։ Եվ եթե Իրանի նման բնութագրման հետ կարելի է համաձայնել, ապա Ռուսաստանի գնահատականը՝ որպես ԱՄՆ հակոտնյա, չափազանց անշնորհք քայլ է։ Քաղաքական իրականության նույնպիսի անընդունելի խեղաթյուրում պետք է համարել Վրաստանի նոր կառավարության իբր ռուսամետ կողմնորոշումը։

Ագրեսիվ հարևաններով շրջապատված լինելու ստեղծվող պատրանքը նպատակ ունի արդարացնել այդ թվում նաև Ադրբեջանին արդիական ամերիկյան զենք վաճառելու անհրաժեշտությունը։ Ընդ որում՝ բերվող փաստարկները գռեհկության աստիճանի իրատեսական են դառնում. Ադրբեջանը պատրաստ է կանխիկ վճարել զենքի համար, և այն կօգտագործեն ոչ թե ամերիկացիները, այլ ադրբեջանական զորքերը։ Թեև զենքի վաճառքի խնդիրը, զուտ տնտեսականից բացի, նաև քաղաքական ասպեկտ ունի, նախապես ասել, թե փաստարկներից որն ավելի մեծ ազդեցություն կունենա այս կամ այն տարածաշրջանին զենքի մատակարարման քաղաքական որոշում կայացնելու վրա, անհնար է։ Օրերս Ռուսաստանը նույն Ադրբեջանին արդիական զենքի մեծ խմբաքանակ է տրամադրել, իսկ Գերմանիան հրաժարվել է պաշտպանել սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու ԱՄՆ նախաձեռնությունը։ Հեղինակը լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի Ադրբեջանի ռազմավարությանը զուտ պաշտպանական բնույթ հաղորդի։ Ադրբեջանը ներկայացվում է որպես մի երկիր, որն ԱՄՆ-ի հետ դաշնակցելու կարիք ունի, քանի որ նրան սպառնում են շիական (Իրանից) և սուննիական (Ռուսաստանից) ահաբեկչությամբ։ Սակայն հետո հեղինակն Ադրբեջանի մասին խոսում է որպես մի հարթակի, որտեղից կարելի է ազդել իրանական իրադարձությունների վրա և սահմանափակել ռուսական էներգետիկ հզորությունը։ Այս պարագայում պաշտպանության մասին խոսելն անկիրթ է թվում, և խոսքն ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի տարածքն օգտագործելու մասին է՝ տարածաշրջանում և առհասարակ Եվրասիայում իր աշխարհաքաղաքական հզորությունը հաստատելու համար։

Տարածաշրջանում և աշխարհաքաղաքական ասպարեզում տեղի ունեցող գործընթացների նման մեկնաբանությունը համարժեք անվանելը, կովկասյան գործընթացների այսքան խեղաթյուրված ներկայացումն անշնորհակալ խնդիր են։ Հավանաբար, բավական կլինի փաստել, որ ոչ Ռուսաստանը կամ Իրանը, ոչ հայկական պետությունները կամ Վրաստանը որևէ նպատակ չունեն հարձակվելու Ադրբեջանի վրա։ Միակ երկիրը տարածաշրջանում, որն այսօրվա դրությամբ ագրեսիվ մտադրություններ և տարածքային պահանջներ ունի հարևանների հանդեպ, Ադրբեջանն է, որի հայատյաց քաղաքականությունը վաղուց կարելի կլիներ թատերական ու բուտաֆորային անվանել, եթե չհանգեցներ մարդկային զոհերի։

Ջորջ Ֆրիդմանն օգտագործում է Ադրբեջանի համար վտանգավոր փոխաբերություն՝ անկախ Ադրբեջանն անվանելով «ոսկոր Ռուսաստանի և Իրանի կոկորդում», ինչը նշանակում է եվրասիական տարածքի օտարածին տարրի կարգավիճակ։ Բացի այդ, նման իրավիճակն անհնար է երկար ժամանակով հանդուրժել։ Կոկորդում մնացած ոսկորը պետք է հեռացվի այս կամ այլ միջոցով, այդ թվում և վիրահատական միջամտությամբ, եթե մնացած միջոցներն օգնել չկարողանան։ Ադրբեջանի նման գնահատականն ԱՄՆ-ի կողմից հարկադրում է Ռուսաստանին և Իրանին Ադրբեջանին վերաբերվել որպես բացահայտ ու աշխարհաքաղաքական մարտահրավերի, որին պետք է արձագանքել։ Հոդվածի վերջում պրն Ֆրիդմանը յուղ է լցնում կրակին՝ խոսելով եվրասիական տարածքը վերահսկելու գործում Բաքվի կրիտիկական դերի մասին։ Դրանով իսկ Բաքուն, կամա, թե ակամա, ստանում է «Եվրասիայի Կարթագենի» կարգավիճակ, որը ցանկացած միջոցով պետք է վերցվի վերահսկողության տակ աշխարհամասային տերությունների կողմից, եթե նրանք մտադիր են հասնել երկարաժամկետ խաղաղության և կայունության Եվրասիայում։

Գծվող կառույցի «անբարեկրթությունն» էլ ավելի պատկերավոր է դառնում, երբ հեղինակը սկսում է դիտարկել Ադրբեջանի հասարակական խնդիրները։ Հասկանալով, որ կառուցվող նախագիծը և առաջարկվող ռազմավարական դաշինքը պետք է հենվեն ոչ միայն ռազմաքաղաքական և տնտեսական փաստարկների վրա, հեղինակը փորձ է անում գոնե ինչ-որ կերպ պարզերես անել կոռուպցիայի և խնամիականության մեջ թաղված ադրբեջանական հասարակությունը։ Պրն Ֆրիդմանը ստիպված է դիմել անընդունելի բարոյական ռելյատիվիզմի, երբ հասարակական կյանքի գործընթացների գնահատականները ձևավորվում են Ադրբեջանում տիրող իրավիճակը հետխորհրդային այլ հասարակությունների վիճակի հետ համեմատելով։ Ադրբեջանական ղեկավարության, պետության և հասարակության կլանայնությունն ու կոռումպացվածությունն արդարացնելու համար Ֆրիդմանը ստիպված է ասել, որ այդպիսին են հետխորհրդային տարածքի բոլոր պետությունները։ Դա հիմնականում ճիշտ է, սակայն համեմատական վերլուծությունը թույլատրելի է քաղաքական, տնտեսական գործընթացները դիտարկելիս, բայց ոչ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտը գնահատելիս։

Հասարակության բարոյական և էթիկական հիմքերն ունեն բացարձակ արժեքների և աքսիոմների կարգավիճակ։ Վերջին հաշվով, ի՞նչ են Եվրոպան և Արևմուտքն առհասարակ, եթե ոչ ազատության ու ժողովրդավարության, անձի իրավունքների հարգման իդեալ և արժեքներ։ Եվրոպան և ԱՄՆ-ը գլոբալ ուժ են դարձել ոչ միայն իրենց ռազմաքաղաքական, տնտեսական հզորության, այլ նաև իդեալների շնորհիվ, և հեղինակի արտահայտած տեսակետն անընդունելի է թվում և տանում է դեպի բարոյական անկում։ Անշուշտ, կարող են տարբեր կարծիքներ լինել «ուրիշների բարոյական վարքագծի» մասին, բայցևայնպես, եվրոպական մշակույթի, միջազգային հանրային կյանքի շրջանակներում ցեղասպանածին գործողությունները դատապարտվում և գնահատվում են որպես հանցագործություն մարդկության դեմ։ Քնած մարդու կացնահարումը միայն այն բանի համար, որ հայ է, ավելին՝ հանրության կողմից նման վարքագիծը հերոսական անվանելը հանցավոր է։ Եվրոպական արժեքների շրջանակներում անընդունելի է համարվում, եթե պետությունը հայի հետ ցանկացած շփում իր երկրի քաղաքացիների համար քրեորեն պատժելի հանցագործություն է հայտարարում։ Անհնարին իրավիճակ է համարվում, երբ երկրում, հրապարակում, բոլորի աչքի առջև այրում են գրքեր, որոնց հեղինակն իրեն թույլ է տվել չեզոք գնահատական տալ հային։

Նման փաստերը փորձագետներից, հասարակական և քաղաքական գործիչներից պահանջում են հստակ և ոչ երկիմաստ գնահատականներ։ Խոսքն ադրբեջանական պետության և հասարակության ֆաշիստանալու ախտանշանների մասին է։ Հանրային և քաղաքական պատասխանատվությունը և ողջամտությունը պահանջում են ընդունել, որ նման պետության հետ կապերին ռազմավարականի կարգավիճակ տալը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ինչպես գլոբալ ուժի, այնպես էլ տարածաշրջանի համար։ Այդ ամենը կատարվել է ХХդ. պատմության մեջ, և արևմտյան քաղաքական միտքն իր համար բանաձևել է հետևյալ կանխադրույթը՝ «այլևս ոչ մի Մյունխեն», որի արդարացիությունը XXI դարում կասկածներ չի հարուցում։

Սա նաև ապտակ է ադրբեջանական հասարակությանը, որի համար ասվում է, որ այն անկարող է հասարակական հարաբերություններ կառուցել, որոնք հենված չլինեն նեպոտիզմի և կլանայնության վրա։ Ընդ որում՝ հեղինակը, իր տեսակետը պաշտպանելու համար, վկայակոչում է «Արաբական գարնան» ախտանշանը», երբ կործանված իշխանության փոխարեն ի հայտ է գալիս ավելի ռեպրեսիվ վարչակարգ։ ԱՄՆ-ի համար չարիքներից փոքրագույնի, այն է՝ Ալիևների կլանի (որին կարող է փոխարինելու գալ ռուսամետ կամ իրանամետ վարչակարգ, որը շատ ավելի վատը կլինի այդ նույն բարոյական չափանիշներով) վրա հենվելու անհրաժեշտության վկայակոչումը վիրավորական է ադրբեջանցի ժողովրդի համար անգամ հայ փորձագետի կարծիքով։

Անշուշտ, ԱՄՆ-ը իրավունք ունի և պետք է պաշտպանի իր ռազմավարական շահերը, բայց ռեպրեսիվ ավտորիտար վարչակարգը որպես իրականացվող քաղաքականության և ռազմավարության հիմք պահպանելու անհրաժեշտության վկայակոչումը վարկաբեկում է պայմանավորվող երկու կողմերին էլ։ «Ադրբեջանն ԱՄՆ-ի համար կարևոր է ոչ թե բարոյական հատկանիշների, այլ այն բանի համար, որ սեպ է Ռուսաստանի և Իրանի միջև» թեզը հասկանալի և տրամաբանական է։ Սակայն այն հավելումը, թե «ցանկացած այլ վարչակարգ, որը կփոխարինի գործող վարչակարգին, ամենայն հավանականությամբ, շատ ավելի վատը կլինի բարոյական տեսակետից և կարող է թշնամական լինել ԱՄՆ-ի հանդեպ», արժեզրկում է ողջ կառույցը, որն արդյունքում դառնում է խոցելի և անկանխատեսելի։

Այնուամենայնիվ, առաջարկվող նախագիծը պահանջում է ուշադիր վերաբերմունք, և հույս կա, որ ուժի ավանդական տարածաշրջանային կենտրոնները բավականաչափ փորձառու են՝ տեսնելու համար դրա թերությունները։ Վերջին տասնամյակներում տարածաշրջանում ստեղծված ստատուս-քվոյի այլընտրանքը կարող է լինել ավելի կայուն խաղաղությունը, այլ ոչ թե լարվածության նոր թեժացումն ու պատերազմը։ ԱՄՆ-ում նույնպես կան քաղաքական ուժեր, ինչի մասին գրում է նաև ինքը՝ Ֆրիդմանը, որոնց շնորհիվ ամերիկյան քաղաքականությունը Կովկասում ցայսօր կառուցվել է ոչ թե մտացածին խնդիրների ու խեղաթյուրված պատկերացումների, այլ իրականության վրա։ Դա հույս է ներշնչում, որ կայունության պահպանումը տարածաշրջանում և ադրբեջանական հավակնությունները բանականության ոլորտ բերելը կարող են ձեռք բերվել առանց ռազմաքաղաքական իրավիճակի հետագա սրման և ռազմական գործիքանու լայն կիրառման։

1 Friedman George, “Geopolitical Journey: Azerbaijan and America,” Stratfor, Geopolitical Weekly, 11 June, 2013. 17 June 2013, http://www.forbes.com/sites/stratfor/2013/06/11/why-azerbaijan-should-matter-to-america/.

2 Friedman George, “Why Azerbaijan Should Matter To America,” Forbes, 11 June, 2013.
17 June 2013, http://www.forbes.com/sites/stratfor/2013/06/11/why-azerbaijan-should-matter-to-america/.

3 Friedman George, The Next 100 Years: A Forecast for the 21st Century. New York: Doubleday, 2009.

4 «Ուղղորդող գործոնը» (fudge factor) կիրառվում է, երբ մոդելը չի համապատասխանում իրականությանը։ Ամենապարզ միջոցն է՝ «հարկադրելու» տեսությանը համապատասխանել իրականությանը՝ նորը մշակելու փոխարեն։ «Էյնշտեյնի «կոսմոլոգիական հաստատունները», հավանաբար, առավել հայտնի «ուղղորդող գործոններն» են։

5 Herszenhorn, David M., “Iran and Azerbaijan, Already Wary Neighbors, Find Even Less to Agree On,” The NewYork Times, 5 June, 2012. 17 June 2013, http://www.nytimes.com/2012/06/06/world/middleeast/iran-and-azerbaijan-wary-neighbors-find-less-to-agree-on.html.


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 7, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր