ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ռազմավարության մասին խոսելիս մշտապես հարկ է հաշվի առնել այն, որ այս ոլորտում գործնականում անհնար է ինչ-որ նոր բան ասել։ Արդի ռազմավարական մտքի հիմքում ընկած փիլիսոփայական համակարգերն ու հայեցակարգերը մշակվել են առնվազն երկու հազարամյակի ընթացքում։ Պատերազմի և ռազմավարության նոր տեսաբանները (ստրատեգիստները), փորձելով հասկանալ և մեկնաբանել իրենց դիտարկած երևույթները, դիմում են ռազմավարական և ռազմական մտքի հազարամյա ժառանգությանը՝ այնտեղ փնտրելով պատասխանները նոր մարտահրավերների, որոնց հետ բախվում է հասարակությունը։ Ներկա ռազմական և քաղաքական իրականությունը հասկանալու փորձերը, հակառակորդին ուսումնասիրելու անհրաժեշտությանը զուգընթաց, պահանջում են ճանաչել նաև սեփական հասարակությունը։ Այդ իմացությունը հաղթանակի կարևորագույն տարրն է՝ ճշմարտություն, որ գիտակցում էին արդեն Հին Չինաստանում և որը ձևակերպվել է չինացի մեծ զորահրամանատար, ստրատեգ և մեծ մտածող Սուն Ցզիի (Sun Tzu)-ի կողմից։
Սուն Ցզին գրում էր. «Եթե գիտես նրան (հակառակորդին) և գիտես քեզ, մարտնչիր թեկուզ հարյուր անգամ, վտանգ չկա. եթե գիտես քեզ, բայց չգիտես նրան, մի անգամ կհաղթես, հաջորդ անգամ պարտություն կկրես. եթե չգիտես ոչ քեզ, ոչ նրան, ամեն անգամ մարտնչելիս պարտություն կկրես»։ Իրեն ճանաչելու համար քաղաքական գործիչը, զինվորականը պարտավոր է իմանալ իր ժողովրդի ռազմավարական մշակույթը, որը բարդ և բազմապլան երևույթ է։ Այն ներառում է ժողովրդի պատմությունը, աշխարհագրությունը, ավանդույթները, արժեքները, վարքի կանոնները, սովորությունները, նվաճումներն ու անհաջողությունները, ստեղծվող իրադրությանը նրա հարմարվելու, հիմնախնդիրները լուծելու, ծագած սպառնալիքները հաղթահարելու, ուժ կիրառելու ընդունակությունը և այլն։ Ռազմավարական մշակույթը համակում է ողջ ռազմական ոլորտը՝ այն միավորելով մեկ ամբողջի մեջ և պատասխանելով այն հարցերին, թե ինչու, երբ և ինչպես են ժողովուրդը և իր զինված ուժերը պատերազմ վարում։ Այն ժողովրդի բարոյական արժեքների և բարձրագույն նպատակների արտահայտությունն է։
Ռազմավարությունը քաղաքականություն չէ և ոչ էլ պատերազմ, այլ, ավելի շուտ, կամուրջ է նրանց միջև։ Առնչվելով պատերազմի վերին մակարդակներին և լինելով այն միջավայրը, որը թույլ է տալիս քաղաքականության և պատերազմի հարթությունը «միակցել» մեկ ամբողջի մեջ, ռազմավարությունն առանցքային դեր է կատարում ռազմական տեսությունում, որտեղ կատարված սխալը միշտ շատ թանկ է նստում պատերազմող կողմի վրա։ Ֆելդմարշալ Կեյտելը մի առիթվ նկատել է, որ «մարտավարությունում և օպերատիվ մակարդակում թույլ տրված սխալները կարող են ուղղվել ընթացիկ պատերազմի ընթացքում, այնինչ ռազմավարության սխալները կարող են ուղղվել միայն հաջորդի ժամանակ»։ Սա խիստ կարևոր է դարձնում ռազմավարության թեկուզև հիմնական տարրերի հետ ծանոթությունը, աշխարհին այդ թվում և ռազմավարական մտքի ու մշակույթի պրիզմայով նայել կարողանալը։ Ստորև կփորձենք հակիրճ դիտարկել ռազմավարության կարևորագույն տարրերից մի քանիսը՝ հենվելով հիմնականում Հին Չինաստանի ռազմական ու ռազմավարական մտքի վրա։
Պատերազմը, ռազմական հակամարտությունը՝ որպես քաղաքական պայքարի տարր և գործիք
Պատերազմը պայքար է, և ողջ դասական ռազմական ու ռազմավարական միտքն այն դիտարկում է որպես պայքարի գործիք քաղաքական հարթությունում։ Դրանով իսկ պատերազմը դրվում է դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական պայքարի հետ նույն շարքում։ Սուն Ցզին ասում է. «Ամենալավ պատերազմը հակառակորդի մտահղացումները կոտրելն է. հաջորդ տեղում նրա միությունները խափանելն է, հաջորդ տեղում՝ նրա զորքերը ջախջախելը»։ Այլ խոսքերով՝ պայքարի առավել ընդունելի մեթոդը հակառակորդին կոտրելն է տեղեկատվական հարթությունում, հոգեբանական, հոգևոր հաղթանակ տանելը, երբ կործանվում է հենց մտահղացումը և հաղթանակը տարվում է գաղափարական, գաղափարախոսական հարթություններում։ Եթե այս մեթոդն անիրականանալի է, Սուն Ցզին խորհուրդ է տալիս դիմել դիվանագիտական պայքարի մեթոդներին, երբ հակառակորդը հայտնվում է քաղաքական մեկուսացման մեջ։ Ներկայում, գլոբալացման դարաշրջանում, սույն ցանկին անհրաժեշտ է ավելացնել նաև տնտեսական պատերազմն ու մեկուսացումը, որի արդյունավետությունը նույնպես դժվար է գերագնահատել։
Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությանը նետված անգամ թռուցիկ հայացքը ցույց է տալիս, թե ինչպես է քաղաքական ու դիվանագիտական դարավոր փորձն օգնում նրան լիովին համապատասխանել ռազմավարական մտքի հրամայականներին՝ քայլ առ քայլ, նպատակասլաց և համառորեն մեկուսացնելով Հայաստանը միջազգային ասպարեզում, աշխարհին պարտադրելով խնդիրների իր պատկերացումներն ու դրանց լուծման ուղիները։ Ճիշտ նույն կերպ էլ նկատելի է վերածնված հայոց պետականության անկարողությունը՝ թուրքական դիվանագիտության «թավշյա» և անշշուկ քայլերի հետևում տեսնել թուրքական պետության հզորությունն ու հնարավորությունները, որի ռազմավարական նպատակներն անփոփոխ են մնում։
Սուն Ցզին, ինչպես և հետագա բոլոր ստրատեգները, համառորեն խորհուրդ է տալիս պատերազմին դիմել միայն որպես ծայրահեղ միջոցի, երբ սպառվել են մնացած բոլոր միջոցները. «Դա է այն ուղին, որով պահպանում ես և՛ պետությունը խաղաղության, և՛ բանակն ամբողջության մեջ»։ Սա կապված է այն բանի հետ, որ այլ մեթոդների համեմատ՝ «չկա ավելի դժվար բան, քան պայքարը պատերազմում», և, միևնույն ժամանակ, պատերազմը պայքարի ամենավտանգավոր ձևն է՝ անկանխատեսելի հետևանքներով։ Պատերազմել համարձակվող կողմը վտանգում է ամեն ինչ և կարող է վճարել ոչ միայն պարտությամբ, այլև պետության կործանմամբ։ Այս մասին է վկայում Սուն Ցզիի հայտնի ասույթներից մեկը. «Պատերազմը մեծ գործ է պետության համար, դա կյանքի և մահվան հիմքն է, դա գոյության և կործանման ուղին է»։
Անթույլատրելի է պատերազմի դիմել ցասման, վրեժի, էյֆորիայի և այլնի հետևանքով։ Պատերազմի ժամանակ նժարին է դրվում պետության և ժողովրդի ապագան, որոնք հանդես են գալիս որպես բարձրագույն արժեք։ Էլիտան, որ թեթևամտորեն է վերաբերվում պատերազմին և պատերազմ է սկսում «իր ցասման» կամ «իր չարության» պատճառով, շատ բան է վտանգում, քանի որ «ցասումը կարող է կրկին հրճվանքի վերածվել, չարությունը կրկին կարող է ուրախության վերածվել, բայց կործանված պետությունը կրկին չի վերածնվի, մեռածները վերստին չեն վերակենդանանա»։
Անթույլատրելի է նաև պատերազմի դիմել և բանակի առջև այնպիսի խնդիրներ դնել, որոնք չեն կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Ինչպես ասում է Կլաուզևիցը, «...քաղաքականությունը չի կարող պատերազմին ներկայացնել անիրականանալի պահանջներ. դա կհակասեր միանգամայն բնական և անհրաժեշտ նախադրյալին, թե գիտե այն գործիքը, որից ցանկանում է օգտվել»։
Պատերզամի նպատակները և արդյունքների գնահատման սանդղակը
Այսպիսով, ռազմական արվեստի և ռազմավարության գագաթնակետը հաղթանակի հասնելն է առանց թեժ պատերազմ սանձազերծելու։ Դրան կարելի է հասնել՝ հակառակորդին այնպիսի վիճակի մեջ դնելով, երբ պայքարը և բացահայտ պատերազմն անօգուտ են թվում և ավելի նախընտրելի է համարվում անձնատուր լինելը։ Որպեսզի սա հնարավոր լինի, ինչպես ընդհանրապես քաղաքական էլիտան, այնպես էլ զորահրամանատարն ինքը պետք է տիրապետեն ռազմավարական արվեստին ու կատարելապես հասկանան և ուղղորդեն փոփոխությունների ու վերափոխումների գործընթացը, ինչի մասին կխոսենք ստորև։ Խիստ հազվադեպ է պատահում, որ ռազմավարական արվեստին տիրապետելը հասնի կատարելության, և պատերազմների մեծ մասը, վերջին հաշվով, հանգեցվում է թեժ պատերազմի, երբ արդյունքը որոշում է կողմերի մարտական բախումը։
Ի՞նչ նպատակով պետք է վարվեն պատերազմները, հանուն ինչի՞ է մղվում պայքարը և ինչպե՞ս գնահատել դրա արդյունքները։ Պատերազմը «պայքար է շահի համար։ Շահ ստանալն էլ հենց հաղթանակն է»։ Այսպիսով, պատերազմի նպատակը ոչ թե հաղթանակն է, որը միջոց է, այլ շահ ստանալը, որը միակ չափանիշն է, որ թույլ է տալիս գնահատել ապագա ռազմական կամպանիայի ընդունելիությունը կամ դրա արդյունքները։
Պատերազմի նկատմամբ նման մոտեցումը բացատրելի է դարձնում այն, թե ինչու է չինական ռազմական միտքը հանդես գալիս ձգձգված պատերազմի դեմ. «պատերազմում լսել ենք հաջողության մասին, որովհետև այն արագ էր, եթե նույնիսկ այն անհմուտ էր վարվել, և չենք տեսել դեռ հաջողություն նրա երկարատևության պատճառով, եթե նույնիսկ հմտորեն է վարվել»։ Ընդ որում՝ Սուն Ցզին վկայակոչում է շահ հասկացությունը, որն անխուսափելիորեն կապվում է հակադիր հասկացության` վնասի հետ։ Այս երկու հասկացությունների դիալեկտիկական փոխհարաբերություններն էլ որոշում են ռազմական կամպանիայի ընթացքը. «Դեռ երբեք չի եղել այնպես, որ պատերազմը երկար շարունակվի և դա շահավետ լինի պետության համար։ Ուստի, նա, ով մինչև վերջ չի հասկանում պատերազմի ողջ վնասը, չի կարող մինչև վերջ հասկանալ նաև ողջ շահը պատերազմից»։ Ձգձգված պատերազմի օբյեկտիվ հետևանք են դառնում ֆինանսական խնդիրների առաջացումը, երկրի տնտեսական հիմքի քայքայումը և սնանկացումը։ Շահի և վնասի տեսակետից տրված գնահատականը հանգեցնում է այն եզրակացության, որ պատերազմ վարելու առավել շահավետ եղանակն արագ ներխուժումն է հակառակորդի տարածք։
Պատերազմի նախապատրաստություն
Սոցիալական համատեքստ. նյութական ապահովում
Պատերազմը պետք է մանրակրկիտորեն պատրաստվի, ընդ որում՝ առանձնացնում են պատրաստության երկու կողմ՝ քաղաքական և ռազմական։ Քաղաքական պատրաստությունը պահանջում է հասնել հասարակական համաձայնության ապագա պատերազմի վերաբերյալ, երբ «ժողովրդի մտքերը նույնն են տիրակալի մտքերի հետ, երբ ժողովուրդը պատրաստ է նրա հետ միասին մեռնել, նրա հետ միասին ապրել, երբ նա ոչ վախ ունի, ոչ կասկած»։ Հանրային մեծամասնության աջակցությունից բացի, կարևոր է հասնել ուղղահայաց կոնսենսուսի հասարակության մեջ, երբ հասարակության բոլոր շերտերն ու սոցիալական խավերը պատրաստ են աջակցել ապագա ռազական գործողությանը. «հաղթում են այնտեղ, որտեղ վերիններն ու ստորիններն ունեն միևնույն ցանկությունները»։
Մեծ նշանակություն է տրվում ապագա պատերազմի նյութական և զինական ապահովմանը։ Անմիջապես մարտական պատրաստությանն են վերաբերում մարտունակության բարձրացման, բանակային ստորաբաժանումների փոխգործակցության ու ներդաշնակեցման խնդիրները, ինչին անհնար է հասնել առանց հրամանատարական և կառավարման հղկված համակարգի։
Խիստ կարևոր դեր է հատկացվում զորահրամանատարի ճիշտ ընտրությանը, ով «պետության գանձն է»։ Բոլոր դարաշրջանների և ժողովուրդների ռազմական միտքը գլխավոր հրամանատարին համարում է պետության ռազմական կառույցի առանցքային դեմքը։ «Ուստի, զորահրամանատարը, որ հասկանում է պատերազմը, ժողովրդի ճակատագրերի տիրակալն է, պետության անվտանգության տերը»։ Ներկայում, պատերազմի բարդացմանը զուգընթաց, նրա դերը միայն էլ ավելի է կարևորվում։ Արդյունքը պետք է դառնա բանակի վերածումը մեկ ռազմական օրգանիզմի՝ հզոր և սրընթաց, որի պատրաստվածության ձևից շատ բանով կախված կլինի ռազմական կամպանիայի հաջողությունը։
Պատերազմի պլանի մշակումը
Պատերազմին պատրաստվելը ներառում է նաև պատերազմի պլանի մշակումը, որը պատրաստվում է «իշխանի պալատում», այսինքն՝ ռազմական խորհրդի կողմից, որտեղ ընդգրկվում են բարձր աստիճանավորները։ Պլանը պարունակում է ինչպես իրենց, այնպես էլ հակառակորդի ռազմավարական հնարավորությունների, որոնք Սուն Ցզին անվանում է «հաշվարկներ», գնահատականը։ Ընդ որում՝ կարևոր դերը պատկանում է հետախուզական տեղեկատվությանը և գործակալական ցանցին, որի առկայությունն ապագա հաղթանակի լավ գրավական է։ Նման ցանցի առկայությունը թույլ է տալիս հակառակորդի մասին «նախօրոք գիտելիք» ստանալ, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ կատարել հաշվարկները։ Սուն Ցզին անգամ դասակարգում է մտցնում և խոսում է լրտեսների «հինգ կարգերի» մասին, որոնցից ավելի արժեքավոր է համարում նրանց, ովքեր աշխատում են հակառակորդի պետական կառավարման համակարգում։ Հսկայական նշանակություն է տրվում ռազմավարական գնահատականին։ «Նա, ով դեռ մինչև մարտը հաղթում է նախնական հաշվարկով, նրա հնարավորություններն ավելի մեծ են, նա, ով դեռ մինչև մարտը չի հաղթում հաշվարկով, նրա հնարավորությունները քիչ են։ Նա, ով շատ հնարավորություններ ունի, հաղթում է, ում հնարավորությունները քիչ են, չի հաղթում, մանավանդ նա չի հաղթում, ով ընդհանրապես հնարավորություն չունի։ Ուստի, ինձ համար, միայն սա նկատի ունենալով, արդեն պարզ են հաղթանակն ու պարտությունը»։ Նման միտք է հայտնում Լիդըլ Հարթը, ով ռազմավարությունը սահմանում է որպես «ռազմական միջոցների բաշխման և կիրառման արվեստ քաղաքականության նպատակների իրականացման համար»։ Այնուհետև ավելացնում է. «Ռազմավարությունը կախված է հաջողությունից, առաջին հերթին և ամենից շատ՝ նպատակների ու միջոցների հաշվարկումից ու համակարգումից»։
Զորահրամանատարի (հրամկազմի) դերը
Այն բանից հետո, երբ իրականացված է ռազմական կամպանիայի քաղաքական ու ռազմական պատրաստությունը, պետության ռազմական կառույցը պատրաստ վիճակում է, մշակված է ապագա կամպանիայի պլանը, այդ ժամանակ երկիրն անմիջականորեն պատրաստ է «զինված պայքարին»։ Եվ այստեղ չափազանց կարևոր է դառնում զորահրամանատարի դերը, ով ռազմական կամպանիայի ժամանակ պետք է բացառիկ լիազորություններ և որոշումներ կայացնելու ազատություն ունենա։ Սա նշանակում է, որ քաղաքական ղեկավարության՝ ռազմական կամպանիայի վրա ազդելու հնարավորությունները սահմանափակվում են իրավիճակի ռազմավարական գնահատականի և ապագա կամպանիայի պատրաստության փուլով։ Ինչից հետո «տիրակալը գործում է իր խորհրդում և տրվում է կառավարման գործերին, իսկ պատերազմի համար հարցնում է իր զորահրամանատարին»։ Այսինքն՝ ռազմական կամպանիայի օպերատիվ հրամանատարության և կառավարման հարցերում Սուն Ցզին խիստ սահմանազատում է անցկացնում բանակի և քաղաքական ղեկավարության միջև, որը չպետք է միջամտի կամպանիայի ընթացքին։ Զորահրամանատարը գործում է պատերազմական ժամանակի օրենքներով, որոնք կարող են հակասության մեջ մտնել խաղաղ ժամանակների օրենքների հետ։ Նա «պարգևներ է բաժանում՝ չհետևելով սովորական օրենքներին, հրամաններ է արձակում ոչ սովորական կառավարման կարգի համաձայն։ Նա ողջ բանակը կառավարում է այնպես, ասես մի մարդու կկառավարեր»։ Հին Չինաստանի ռազմավարական արվեստի համաձայն՝ զորահրամանատարի օպերատիվ ինքնուրույնությունը պատերազմի բնույթի հետևանք է, որի անկանխատեսելիությունը և արագընթացությունը բացառում են դրանում քաղաքական ղեկավարության համարժեք մասնակցությունը։
Նման տեսակետ ունի նաև Հելմութ ֆոն Մոլտկեն (Helmuth Graf von Moltke)՝ գերմանական բանակի գլխավոր շտաբի պետը 1857-88թթ.: Ըստ նրա՝ պատերազմը պետք է վարվի ռազմական գիտության և արվեստի պահանջների, այլ ոչ թե քաղաքականության շրջանակներում: Մոլտկեն պնդում է, որ թեև քաղաքականությունն է որոշում պատերազմի նպատակները, անգամ կարող է փոխել դրանք ռազմական կամպանիայի ընթացքում, այնուամենայնիվ, այն իրավունք չունի միջամտել դրա անցկացմանը: Պրոֆեսիոնալ զինվորականը և միայն նա պետք է որոշի կոնկրետ ռազմական կամպանիայի ընթացքը, որի անցկացումը պետք է թելադրվի ավելի շուտ պատերազմի, քան որևէ այլ բանի օրինաչափություններով: Զավեշտալին այն է, որ ժամանակին հենց Մոլտկեն է հանդես եկել զինվորականների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության պահպանման օգտին, ինչը պետք է ապահովեր հասարակությանը զինվորականների կողմից քաղաքական որոշումների ընդունման և պատերազմ վարելու վրա գերիշխող ազդեցություն ձեռք բերելուց: Ըմբռնելով հասարակության` բոլոր հասարակական գործընթացներն իր տրամաբանությանը ենթարկող ռազմականացման ողջ վտանգավորությունը` Մոլտկեն նշում էր ռազմական մեքենայի հակակշռի ստեղծման անհրաժեշտության մասին:
Պատերազմի և քաղաքական գործիչների ու զինվորականների փոխհարաբերությունների նկատմամբ սույն մոտեցումը բնորոշ է նաև ԱՄՆ զինվորական իսթեբլիշմենթին, հատկապես գործող բանակում: Ի տարբերություն գործող բանակի` ԱՄՆ ռազմական տեսաբանները և վերլուծաբանները կողմնորոշված են դեպի քաղաքական շրջանակների «կարծիքը», որը, իր հերթին, թելադրվում է քաղաքական իրադարձությունների տրամաբանությամբ, այլ ոչ թե ռազմական գիտության պահանջներով:
Զինվորական ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության պահպանման և զինված ուժի ու քաղաքականության միջև հստակ սահմանազատման անցկացման ավանդույթն արևմտյան հասարակության երկվության խնդրի վառ արտահայտությունն է: Ամերիկյան հասարակությունը վերլուծելիս բավական դժվար է հասկանալ, թե ով է այնտեղ ձևավորում պատերազմի «դեմքը»` քաղաքական առաջնորդնե՞րը, թե՞ զինվորական արվեստին տիրապետող և մարտական գործողություններին մասնակցող զինվորական պրոֆեսիոնալները: Մի շարք պատմաբանների և քաղաքագետների կարծիքով` նման երկվության արդյունքն է դառնում ռազմական մեքենայի անարդյունավետությունը, ինչը դիտարկվում է որպես անխուսափելի վարձավճար բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության պահպանման դիմաց: Ընդ որում` վերահսկողության անհրաժեշտությանը տրվում է բացարձակ կարգավիճակ, ինչը թույլ է տալիս խուսափել էրոզիայից ժամանակի ընթացքում: Դրանով իսկ պատերազմի վարման տրամաբանությունն Արևմուտքում հայտնվում է քաղաքական գործիչների, նշանակում է` քաղաքացիական անձանց հսկողության տակ, ովքեր իրավունք են ստանում միջամտել մարտական գործողությունների ընթացքին, պատերազմի կազմակերպման և անցկացման մեխանիզմին, ինչը կարող է հանգեցնել անարդյունավետ ռազմական որոշումների մշակմանը և, համապատասխանաբար, բացասական հետևանքների: Այնուամենայնիվ, «քաղաքացիականներին» է պատկանում սխալի իրավունքը, բանակը չիմանալն ու ճիշտ չհասկանալը, ինչը բնական հետևանքն է այն բանի, որ նրանք զինվորական պրոֆեսիոնալներ չեն:
Մարտական ոգի. մարտական ոգու կառավարումը
Չինական ռազմական ստրատեգիան մեծ նշանակություն է տալիս զորքերի բարոյական վիճակին ու մարտական ոգուն, որը ենթակա է տատանումների: Ընդ որում` գնահատականներ պետք է տրվեն հակառակորդի վերաբերյալ և հաշվի առնվի այն, թե ռազմական կամպանիայի որ փուլում եք գտնվում դուք. «առավոտյան ոգով առույգ են, ցերեկը` ալարկոտ, երեկոյան մտածում են տուն վերադառնալու մասին: Ուստի նա, ով գիտի պատերազմ վարել, խուսափում է հակառակորդից, երբ նրա ոգին առույգ է և հարվածում է նրան, երբ նրա ոգին ծույլ է կամ երբ նա մտածում է վերադարձի մասին. սա էլ հենց ոգու կառավարումն է»:
Նման կարծիք կա նաև արևմտյան ռազմաստրատեգիական մտածողների մոտ: Մասնավորապես, այդ մասին խոսում է Կլաուզևիցը. «Երբ մենք խոսում ենք ախոյանի զինված ուժերի ոչնչացման մասին (մենք դա համոզված ընդգծում ենք), մեզ ոչինչ չի պարտավորեցնում սահմանափակել այդ հասկացությունը միայն նյութական ուժերով. մենք հասկանում ենք նաև բարոյական ուժերը, քանի որ բարոյական ու ֆիզիկական ուժերը սերտորեն կապված են և անբաժան մեկը մյուսից»: Իսկ Լիդըլ Հարթն ասում է. «Բարոյական ռեսուրսները, ժողովրդի մարտական ոգու բարձրացումը հաճախ նույնպես կարևոր են, ինչպես ուժի կոնկրետ ձևերի տիրապետելը»:
Նման ձևով պետք է իրականացվի «սրտի կառավարումը», այսինքն` զգացումներն ու հույզերը, ինչպես նաև ուժը կառավարելը: «Մոտ գտնվելով` սպասում են հեռվում գտնվողներին, ուժերի ծաղկուն վիճակում գտնվելով` սպասում են հոգնածներին, կուշտ լինելով` սպասում են քաղցածներին. սա էլ հենց ուժի կառավարումն է»: Ուժի կառավարումն, այսպիսով, այն է, որ հոգաս զորքերիդ մասին, թույլ չտաս, որ նրանք հոգնեն, միակուռ դարձնես ոգին: Սեփական զինվորների ոգու վրա ազդեցությունն իրականացվում է այդ թվում և նրանց մեջ կատաղություն արթնացնելով: Դա անհրաժեշտ է դարձնում հակառակորդի հանդեպ ատելության զգացումը` անկախ դրա բնույթից ու դրդապատճառներից, որոնք երկրորդական են համարվում: Կարևոր են համարվում նաև զինվորների ագահությունը և նյութական շահագրգռությունը ռազմավարի նկատմամբ, ինչը յուրաքանչյուր զինվորի անձնական շահի ինքնատիպ չափիչ է հանդիսանում:Դա ռազմական կամպանիայի օրինական և նույնիսկ անհրաժեշտ տարրն է. «Հակառակորդին սպանում է կատաղությունը, նրա հարստությունները զավթում է ագահությունը»:
Մահվան տեղը
Սուն Ցզին և չինացի ռազմական մտածողները նշել են նաև ոգու միահամուռության և բանակի մարտունակության բարձրացման մեկ այլ եղանակի մասին, այն է` բանակը դնել այնպիսի դրության մեջ, որը Սուն Ցզին անվանում է «մահվան տեղ»: Այս հասկացությունը դասական չինական գրականության մեջ վերածվում է մի ամբողջ տեսության: Նրա հիմքում ընկած է հետևյալ միտքը. «Զինվորներիդ նետիր այնպիսի տեղ, որտեղից ելք չկա, և այն ժամանակ նրանք կմեռնեն, բայց չեն փախչի: Եթե նրանք պատրաստ կլինեն մահվան գնալ, ապա ինչպե՞ս, ուրեմն, հաղթանակի չհասնել: Ե´վ մարտիկները, և´ այլ մարդիկ նման դրության մեջ լարում են իրենց բոլոր ուժերը: Երբ զինվորները մահացու վտանգի են ենթարկվում, նրանք ոչնչից չեն վախենում, երբ նրանք ելք չունեն, նրանք ամուր են մնում, երբ խորանում են թշնամու հողերը, նրանց ոչինչ հետ չի պահում, երբ ոչինչ անել հնարավոր չէ, նրանք կռվում են»: «Այդ պատճառով զինվորները, առանց որևէ ներշնչման, զգոն են լինում, առանց որևէ հարկադրման էներգիա են ձեռք բերում, առանց որևէ հորդորի համերաշխ են միմյանց հետ, առանց որևէ հրամանի վստահում են իրենց պետերին»:
Այլ խոսքերով` մահվան տեղ ասելով հասկանում են իրավիճակի փաստացի կամ թվացյալ անելանելիության պայմանների ստեղծումը: Նման վիճակի հմուտ կառավարումը, որը թույլ է տալիս խուսափել խուճապից, ապահովում է մարտական ոգու բարձրացումը, համախմբվածությունը (ինչը դժվար է ապահովել այլ մեթոդներով) և լիակատար ենթակայությունը զորահրամանատարին: Սուն Ցզին խորհուրդ է տալիս արհեստականորեն նման իրավիճակ ստեղծել: Եթե, օրինակ, բանակը շրջապատման մեջ է ընկնում և միայն մի նեղ ելք է մնում, ապա այն պետք է փակել: Սուն Ցզին տալիս է հանրահայտ դարձած խորհուրդը. «վերացնել աստիճանները»: «Զորքն առաջնորդելիս հարկավոր է այն դնել այնպիսի պայմանների մեջ, կարծես թե բարձունք ես բարձրացել և աստիճանները հանել են: Զորքն առաջնորդելով և իշխանի հողերը խորանալով` վճռական գործողությունների դիմելիս հարկավոր է այրել նավերը և կոտրել կաթսաները»: Երբ գտնվում են մահվան վայրում, ապա, «արագ մարտի նետվելով, ողջ են մնում, այլ ոչ թե արագ մարտի նետվելով զոհվում են»: Դրանով իսկ անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծվում «մահվան վայրը» «կյանքի վայրի» (հաղթանակ տանելու վայրի) վերածելու համար: «Միայն այն բանից հետո, երբ զինվորներին կնետեն կործանման վայր, նրանք կգոյատևեն, միայն այն բանից հետո, երբ նրանց կխցկեն մահվան վայր, նրանք կապրեն, միայն այն բանից հետո, երբ նրանք փորձանքի մեջ կընկնեն, նրանք կկարողանան վճռել մարտի ելքը»:
Սուն Ցզին մահվան վայրում գտնվող բանակը համեմատում է Չանշան լեռան օձի հետ: «Ուստի, նա, ով լավ է պատերազմ վարում, նման է Շուայժանին: Շուայժանը Չանշանի օձն է: Երբ խփում են նրա գլխին, նա խփում է պոչով, երբ խփում են նրա պոչին, նա խփում է գլխով, երբ նրա փորին են խփում, նա խփում է և´ գլխով, և´ պոչով»: «Չանշանի օձը» դարձել է այն բանակի խորհրդանիշը, որը կայծակնային արագությամբ պատասխանում է ցանկացած հարվածի, որի մարտական ոգին և ուժը անհնար է կոտրել: Նման բանակում անհետանում է փոխգործողության և փոխըմբռնման խնդիրը, և զինվորները կես խոսքից ու մի հայացքից հասկանում են միմյանց և գործում են որպես մեկ միասնական օրգանիզմ: Նման համախմբվածության հասնելու սկիզբ է դառնում ընդհանուր մահացու վտանգի գիտակցությունը, որը համերաշխության առավել հուսալի հիմք է հանդիսանում:
Ռազմավարություն
Պաշտպանություն և հարձակում
Ըստ Սուն Ցզիի` ողջ ռազմավարությունը ելնում է հաղթանակ տանելու ձգտումից: Սակայն հաղթանակը երկու կողմերի` քո և հակառակորդի զինված հակամարտության արդյունքն է: Հաղթանակի հասնելու համար դուք պարտավոր եք հաշվի առնել նաև հակառակորդի դրությունը, երբ հաղթանակը դառնում է երկու բավական ինքնուրույն փոխգործակցող գործընթացների հետևանք: Առաջինը սեփական անպարտելիությանը հասնելն է, երբ հակառակորդի համար անհնար է դառնում ձեզ հաղթելը: Երկրորդ գործընթացը կապված է հակառակորդի և հաղթելու հնարավորության հետ, որը նա ձեզ պետք է տրամադրի: Անպարտելիությունը նշանակում է կատարելության հասցնել սեփական պաշտպանությունը, որը Սուն Ցզին անվանում է պաշտպանության լիակատարություն: Հակառակորդին հաղթելու հնարավորությունն ի հայտ է գալիս քո հարձակվելու կարողության արդյունքում` օգտագործելով հակառակորդի բաց թողած ու խոցելի տեղերը: «Անպարտելիությունը պաշտպանություն է, հաղթելու հնարավորությունը հարձակում է»:
Այսպիսով, արդյունավետ պաշտպանությունը թուլության նշան չէ, այլ ուժի, որին բախվելով էլ խափանվում են հակառակորդի ջանքերը: Իսկ կատարյալ պաշտպանությունը, որը ձեզ անխոցելի է դարձնում, ապահովում է անպարտելիությունը: Սակայն միայն անպարտելիությունն ի վիճակի չէ ապահովել հաղթանակը, քանի որ պաշտպանությունն ամփոփված է իր մեջ և նպատակ ունի պահպանել ունեցածը: Այն հարձակում չի ենթադրում, որի օգնությամբ կարելի կլինի ընդլայնել կենսատարածքը, ուստի, լիակատար լինելով` այն միևնույն ժամանակ թերի է: «Երբ պաշտպանվում են, նշանակում է` ինչ-որ բանի պակաս կա»: Ո՞րն է այդ պակասը, չէ՞ որ դու հասել ես կատարելության, նշանակում է` այն չի կարող կապված լինել քեզ ու քո զինված ուժերի հետ: Թերությունը պատերազմի բնույթի հետևանքն է հենց, որը հակամարտություն է, նշանակում է` դրանում անպայման հակառակորդ կա, ով պետք է քեզ հնարավորություն ընձեռի հաղթել իրեն. «անպարտելիությունը հենց քո մեջ է, հաղթանակի հնարավորությունը` հակառակորդի մեջ»: Այո, պետք է պատրաստ լինել հաղթելու, սակայն դա անելու հնարավորությունն ընձեռում է հակառակորդը. «ով լավ է մարտնչել, նախ և առաջ իրեն է անպարտելի դարձրել և այդ վիճակում սպասել է, թե երբ կարելի կլինի հաղթել հակառակորդին»: Խոսքն, իհարկե, պասիվ սպասման մասին չէ: Հակառակորդի ընձեռած հնարավորությունը տեսնելու համար դու պարտավոր ես հետևել նրան, «մարտով հետախուզություն» իրականացնել` փորձելով հասկանալ ու գնահատել մյուս կողմում տեղի ունեցող գործընթացները: Նպատակն, այսպիսով, այն է, որ, գտնվելով պաշտպանության մեջ և խորացնելով քո պաշտպանվածությունը, ջանալով այն հասցնել կատարելության և անպարտելիության, ակտիվորեն որոնես հակառակորդի խոցելի տեղերը, որոնք հնարավոր կդարձնեն հարձակումը և հաղթանակ տանելը: Այս ըմբռնումը կա նաև Մաքիավելիի պատերազմի սկզբունքներում, որոնք ներկայացված են նրա 1521թ. հրատարակված «Պատերազմի արվեստը» (Arte della Guerra) աշխատությունում: «Պատերազմի ժամանակ ոչինչ ավելի կարևոր չէ, քան բարեպատեհ հնարավորությունը լավագույնս օգտագործել կարողանալը»:
Լիության և դատարկության ուսմունքը
Սույն հասկացությունը չինական ռազմական մտածողների մոտ ձևակերպվում է «լիության» (անխոցելիություն) և «դատարկության» (խոցելիություն) մասին ուսմունքի շրջանակներում: Քո խնդիրն է գտնել հակառակորդի դատարկությունը և դրան հակադրել քո լիությունը, այսինքն` դառնալ ուժեղ և անխոցելի հենց այն ոլորտում, որտեղ հակառակորդը խոցելի է, և հասնել հաղթանակի: Այս պարագայում քո հարվածը նման է «քարով ձվին հարվածելուն», «լիով դատարկին հարվածելուն», և հաղթանակը կանխորոշվում է քարի ամրության ու ձվի փխրունության բնույթով, ինչը նշանակում է` հաղթանակ մինչև մարտն սկսելը: Սա թույլ է տալիս հասկանալ առաջին հայացքից պարադոքսալ թվացող այս արտահայտությունը. «Զորքը, որ պետք է հաղթի, սկզբում հաղթում է, հետո ճակատամարտ որոնում, զորքը, որ դատապարտված է պարտության, սկզբում մարտնչում է, հետո հաղթանակ որոնում»: Այստեղից էլ բխում է հետևությունը հաղթանակներից լավագույնի և զորահրամանատարներից լավագույնի մասին. «Նա, ով տեսնում է հաղթանակը ոչ ավելի, քան այլ մարդիկ, լավից լավը չէ: Երբ մեկը մարտնչելով հաղթանակ է տանում և Երկրի վրա կասեն «լավ է», դա լավից լավը չի լինի»: Լավագույնը նա է, ով «հաղթում է արդեն հաղթվածին» և նրա հաղթանակը հարված է «քարով ձվին»:
Սակայն ինքը` զորահրամանատարը, դրանով իսկ հայտնվում է տարօրինակ վիճակում, քանի որ նրա հաղթանակի մեջ ոչ մի հերոսություն չկա, չկան մեծաթիվ զոհեր, և ողջ ռազմական կամպանիան հեշտ հաղթանակ է հիշեցնում, որով ընդունված չէ հիանալ: Եվ միայն շատ քչերն են ի վիճակի գնահատել նրա արվեստը: «Ում մասին հնում ասում էին, թե նա լավ է մարտնչում, նա հաղթում էր, երբ հեշտ էր հաղթելը»:
Այս հասկացությունն աղերսներ ունի Բասիլ Հարթի հետևյալ մտքի հետ. «...իրական նպատակը ոչ այնքան մարտի ընտրությունն է, որքան այն շահավետ իրավիճակի ստեղծումը, որ եթե այն ըստինքյան չի էլ հանգեցնում լուծման, դրա շարունակությունը մարտի ձևով միանշանակ թույլ է տալիս հասնել դրան: Այլ խոսքերով` դիսլոկացիան ռազմավարության նպատակն է»:
Ռազմավարության տարրերը
Սուն Ցզին առանձնացնում է ռազմավարության չորս տարր` Ես, Նա (հակառակորդը), Երկինքը (ժամանակը), Հողը (տարածությունը), որոնք կարելի է բաժանել երեք խմբի` հոգևոր, նյութական և աշխարհագրական: Նա միշտ ընդգծում է դրանց կարևորությունը (ասույթը, ուր խոսում է կամ իրեն, կամ հակառակորդի, կամ տեղանքը չճանաչելու մասին): Հատուկ նշանակություն է տրվում առաջին երկու տարրերին (նրա հայտնի ասույթը իրեն, հակառակորդին և արդյունքը ճանաչելու մասին):
Ռազմավարության հոգևոր տարրերին են վերաբերում ժողովրդի բարոյական ոգու վիճակը, ժողովրդի ներսում միասնության առկայությունը, բանակի ոգու և զորահրամանատարի ոգու ու տաղանդի վիճակը: Ռազմավարության նյութական տարրերը ներառում են պետության ռազմական, առաջին հերթին` բանակի կառույցը, նրա կազմակերպական կառուցվածքը, մարտական պատրաստության աստիճանը, խրախուսումների ու պատժի համակարգի բնույթը և, վերջապես, բանակի թվաքանակը: Աշխարհագրական տարրերը ներառում են ժամանակը (տարվա եղանակները, օրը, ժամը), եղանակը և լանդշաֆտը (տեղագրությունը):
Ձևի հասկացությունը
Ռազմավարության բոլոր տարրերը սերտորեն շաղկապված են և ազդում են մեկը մյուսի վրա, ինչը թույլ չի տալիս դրանք միմյանցից մեկուսացված դիտարկել: Շատ բաներում ոչ միայն իրենք` տարրերը, այլև դրանց կապն ու փոխազդեցությունն են որոշում մարտի ելքը: Դրանք բնութագրելու և այդ փոխկապվածությանն ու փոխազդեցությանը գնահատական տալու համար Սուն Ցզին ներմուծում է «ձևի» հասկացությունը, որը բնութագրում է բանակը որպես մեկ ամբողջություն: Բանակի ձևը որոշում է նրա կերպարը և թույլ է տալիս գնահատել նրա ուժը կամ թուլությունը: Սույն պարագայում տեղին է համեմատությունն արդի մարզական թիմերի «վիճակ» հասկացության և «լավ վիճակում է գտնվում» արտահայտության միջև: Ընդ որում` ինչպես և մարզական թիմի պարագայում, ձևն իմաստ ունի միայն հակառակորդին վերաբերելիս, որի հետ համեմատվելիս դուք հնարավորություն եք ստանում գնահատել սեփական վիճակը: Աբստրակտ ձևը, որ չի համեմատվում հակառակորդի ձևի հետ, իմաստից զրկված է. «Զորքի ձևը նման է ջրին... Ջուրը սահմանում է իր հոսքը տեղից կախված, զորքը սահմանում է իր հաղթանակը հակառակորդից կախված»:
Եթե բանակը գտնվում է լավ վիճակում, ապա այն հաղթում է դեռ մինչև ճակատամարտը, իսկ երբ այդ բանակը մարտնչում է, ապա «դա նման է կուտակված ջրի, որը գահավիժում է հազար սաժեն բարձրությունից դեպի հովիտը: Սա էլ հենց ձևն է»: Բանակի ձևի հասկացությունը մեկ այլ խորքային հասկացության` «հզորության» հետևանքն ու դրսևորումն է: Հզորությունը բանակի պոտենցիալի դրսևորումն է, այն ներքին ուժի, որը թաքնված է ձևի հետևում: «Այն, ինչ թույլ է տալիս բուռն հոսանքի արագությանը քարեր քշել, դրա հզորությունն է»: Ինչպես և ձևը, հզորությունը կարող է գնահատվել միայն հակառակորդի համեմատությամբ:
Բացառություններ և փոփոխությունների ու փոխակերպումների օրենքը
Խորհրդածելով պատերազմ վարելու կանոնների մասին` Սուն Ցզին նշում է բացառությունների` որպես պատերազմի բնույթի վերաբերյալ իր ուսմունքի գլխավոր հասկացության մասին: Օրինակ, կա «ճանապարհ» հասկացությունը, որը նախատեսված է այն բանի համար, որ նրանով քայլեն, սակայն «կան ճանապարհներ, որոնցով չեն քայլում»: Ճանապարհների ընտրության նույն օրինակը բերում է նաև 20-րդ դարի ֆրանսիացի ստրատեգ Լյութվակը` ցույց տալով պատերազմի նորմալ և պարադոքսալ տրամաբանության տարբերությունները: Եթե սովորական մարդկային գործունեության մեջ դուք ձեր ընտրությունն, անշուշտ, կանգնեցնում եք որակյալ ճանապարհի վրա, ապա «միայն ռազմավարության կոնֆլիկտային ոլորտում, միայն մարտի պայմաններում է հնարավոր, որ վատ ճանապարհը լավը համարվի միայն այն պատճառով, որ այն վատն է և դրա համար էլ ուժեղ չի պահպանվում կամ անգամ անպաշտպան է թողնվում հակառակորդի կողմից»: Լյութվակի խոսքերով` ռազմավարությունը պարադոքսալ է. «...ռազմավարության ողջ ոլորտն ինքնին համակված է պարադոքսալ տրամաբանությամբ, որը հակասության մեջ է մտնում սովորական գծային տրամաբանության հետ, ըստ որի` մենք ապրում ենք կյանքի մնացած բոլոր ոլորտներում (բացի պատերազմին նման խաղերից)»: «...Անհարմար ժամանակին կամ ուղղությանը, ակնհայտ ու միտումնավոր անավարտ պատրաստություններին, չափից ավելի վտանգավոր թվացող մատույցներին, գիշերամարտին կամ վատ եղանակին տրվող պարադոքսալ նախապատվությունը մարտավարական վարպետության ընդհանուր ասպեկտներն են ըստ այն պատճառների, որոնք բխում են պատերազմի անքակտելի բնույթից»:
Ճիշտ նույն կերպ էլ «լինում են բանակներ, որոնք չեն հարձակվում, լինում են ամրոցներ, որոնց համար չեն կռվում, լինում են տեղանքներ, որոնց համար չեն մարտնչում, լինում են տիրակալի հրամաններ, որոնք չեն կատարում»:
Սուն Ցզիի հայտնի հինգ բացառություններն օգնում են հասկանալ նրա ռազմավարության առանցքային կետերը, որոնք կապված են փոփոխությունների ու փոխակերպումների հիմնարար օրենքի հետ: Յուրաքանչյուր երևույթ զարգանում (փոփոխվում) է և հասնելով զարգացման սահմանին` վերածվում է իր հակադրությանը, և տեղի է ունենում փոխակերպումը. «անկարգությունը ծնվում է կարգուկանոնից, վախկոտությունը` քաջությունից, թուլությունը ծնվում է ուժից»: Փոփոխությունների և փոխակերպումների օրենքը ցիկլիկ է, և հերթական փոխակերպումից հետո կրկին սկսվում է փոփոխությունների գործընթացը, որը կրկին ավարտվում է հերթական փոխակերպմամբ:
Խորհրդածելով զորահրամանատարի արվեստի մասին` Սուն Ցզին նշում է, որ վերջինը պետք է տիրապետի «փոփոխություններին և փոխակերպումներին», ինչը ենթադրում է ոչ թե պարզապես սույն օրենքին հետևելը, այլ դրա ուղղորդումն ու օգտագործումը սեփական շահի համար: Այսպիսով, բացի «փոփոխությունները» և «փոխակերպումներն» իմանալը, անհրաժեշտ է նաև տիրապետել դրանց, սովորել ուղղորդել դրանք: Դժվարությունն այն է, որ պատերազմը հակամարտություն է և իրադարձությունների զարգացումը կախված է ոչ միայն քո, այլ նաև հակառակորդի ջանքերից, երբ դու պետք է կատարելապես ճանաչես ոչ միայն քեզ, այլև հակառակորդին, որպեսզի կարողանաս տիրապետել փոփոխությունների և փոխակերպումների օրենքին: Զարգացման նման մակարդակը բերում է նոր որակի առաջացման, և նման մարդը, զորահրամանատարը դառնում է աստված: «Ով կարողանում է հակառակորդից կախված տիրապետել փոփոխություններին ու փոխակերպումներին և հաղթանակ տանել, նա աստված է կոչվում»:
Հարձակումը և պաշտպանությունը պատերազմում
Փոփոխությունների և փոխակերպումների օրենքի պրիզմայի միջով
Հակամարտող կողմերի գործողություններն են հարձակումը և պաշտպանությունը: Ինչպես արդեն վերն ասել ենք, պաշտպանությունը ուժի այն դիրքն է, երբ բացառվում է հակառակորդի հաղթանակը, սակայն այն նաև թուլության նշան է, քանի որ այդ դրության մեջ դու ի վիճակի չես հաղթանակ տանել: Հարձակումն իր ուժն ունի, որը նաև քո թուլությամբ հաղթելու հնարավորությունն է, քանի որ հաղթանակը կախված է հակառակորդի դրությունից, որը պետք է հնարավորություն ընձեռի անել այդ: Դրանով իսկ պաշտպանությունը և հարձակումը նույնպես փոխկապակցված են և ենթարկվում են փոփոխությունների և փոխակերպումների օրենքին: Լի Վեյ Գունը նշում է. «Հարձակումը պաշտպանության մեխանիզմ է, պաշտպանությունը հարձակման գործիք է: Եթե հարձակվես չպաշտպանվելով և չպաշտպանվես` հարձակվելով, նշանակում է ոչ միայն այս երկու գործողությունները տարբեր բաներ համարել, այլ նաև դրանցում ըստ էության երկու տարբեր գործողություններ տեսնել: Նման մարդիկ կարող են լեզվով որքան ուզում է պնդել Սուն Ցզիի և Ու Ցզիի մասին, բայց խելքով չեն հասկանում նրանց խորությունը»:
Ձևի կատեգորիայի պրիզմայի միջով
Ռազմավարական հարձակումը կառուցվում է ձևի կատեգորիայի գործառնության հիմքի վրա, որը, փաստորեն, նշանակում է կառավարում սեփական ուժեղ և թույլ կողմերով: Սուն Ցզին պահանջում է, որ ձևը չճանաչվի հակառակորդի կողմից, այսինքն` սեփական պոտենցիալը թաքուն մնա հակառակորդի համար: «Ուստի, զորքին ձև տալու սահմանն այն է, որ հասնես նրան, որ ձև չլինի»: «Երբ ձև չկա, անգամ շատ խորքերը թափանցած հետախույզը չի կարողանա ինչ-որ բան հոտոտել, անգամ իմաստունը չի կարողանա ինչ-որ բանի մասին դատել»: Հակառակորդը պետք է տեսնի այն ձևը, որը դրանով իսկ գործիք է դառնում, ռազմավարական հարձակման գործիք: Նման եզրակացության է գալիս նաև իսրայելցի ստրատեգ Վան Կրևելդը, ով ասում է, որ ռազմավարության բուն էությունը «...(հակառակորդի) ուշադրությունը շեղելն է, խաբելն ու մոլորության մեջ գցելը»:
Շահի և վնասի կառավարման պրիզմայի միջով
Ռազմավարական հարձակման մեկ այլ գործիք է շահի և վնասի կառավարումը: «Երբ հակառակորդին ինչ-որ բան են տալիս, նա անպայման վերցնում է. շահով նրան ստիպում են շարժվել, բայց դիմավորում են անսպասելիությամբ»: Շահը և վնասը որոշում են կռվող կողմերից յուրաքանչյուրի գործողությունները, երբ ջանում են շահ ձեռք բերել իրենց համար և վնաս պատճառել հակառակորդին: Կարելի է հաղթանակի հասնել` հակառակորդին գայթակղելով կարճաժամկետ շահով կամ խոչընդոտներ ստեղծելով, որոնք միասին նրան պարտության են մատնում: «Կարողանալ ստիպել հակառակորդին, որ ինքը գա, նշանակում է` նրան գայթակղել շահով. կարողանալ հակառակորդին չթողնել, որ անցնի, նշանակում է` զսպել նրան վնասով»: Ուրեմն, շահը ոչ միայն պատերազմի նպատակն ու չափանիշն է, ինչի մասին վերը նշեցինք, այլև միջոցը: Ընդ որում` շահը կապված է հակառակորդի հետ, որը ցանկացած հակամարտության անքակտելի մասն է: Քանի որ հակառակորդը նույնպես մարտնչում է հանուն շահի, ինչը նրա նպատակն է, ապա շահով մանիպուլացնելով (կառավարելով)` մենք կարող ենք ազդել նրա քայլերի վրա: Դրանով իսկ հակառակորդի նպատակը վերածվում է միջոցի մեզ համար:
Նախաձեռնության կառավարման պրիզմայի միջով
Պատերազմ մղելու հիմնական կանոնը Սուն Ցզին սահմանում է հետևյալ կերպ. «Նա, ով լավ է կռվում, կառավարում է հակառակորդին և չի թղնում նրան կառավարել իրեն»: Այլ խոսքերով` ռազմավարական նախաձեռնությունը պետք է լինի ձեր ձեռքում, և հենց դուք պետք է թելադրեք պայքարի պայմաններն ու ձևերը: Նման կարծիքի են նաև արևմտյան ստրատեգները` Կլաուզևիցից մինչև մեր օրերը: Բոլոր ռազմական տեսաբանները միակարծիք են այն հարցում, որ ռազմավարական նախաձեռնությունը պահելը, իրավիճակը վերահսկելը պատերազմի խիստ կարևոր տարրն են: Այս մասին գրում է, մասնավորապես, ծովակալ Ուայլին (ԱՄՆ). «Պատերազմ վարելիս ստրատեգիստի գլխավոր նպատակն է, որոշ աստիճանով, սեփական նպատակներով հակառակորդի կառավարումը»:
Ռազմավարական նախաձեռնությանը տիրելու և հակառակորդին այն անել տալու համար, ինչն անհրաժեշտ է քեզ, Սուն Ցզին խորհուրդ է տալիս տիրել նրան, ինչ թանկ է նրա համար. «Առաջինը նվաճիր այն, ինչը թանկ է նրա համար: Եթե նվաճես, նա հնազանդ կլինի քեզ»: Մեզ համար դա, փաստորեն, Հայկական բարձրավանդակն է և նրա սրբազան վայրերը: Սրան կարելի է վերագրել նաև հետևյալ խորհուրդն ու հնարքը. «հարձակվիր նրա վրա, ինչը հակառակորդը չի կարող պաշտպանել»:
Հակառակորդին կառավարելու հաջորդ եղանակը ռազմավարական հանկարծակիության օգտագործումն է, «այն ճանապարհով գնալը, որի մասին նա նույնիսկ չի էլ մտածում»: Նպատակը հակառակորդին շոկի և մոլորության մեջ գցելն է. «Հարձակվել և միաժամանակ հաստատ վերցնել, նշանակում է` հարձակվել հենց այնտեղ, որտեղ նա չի պաշտպանվում. պաշտպանել և միևնույն ժամանակ հաստատ պահել, նշանակում է` պաշտպանել այն տեղը, որի վրա նա չի կարող հարձակվել: Ուստի, նրանից, ով կարողանում է հարձակվել, հակառակորդը չգիտե որտեղ պաշտպանվել, նրա վրա, ով կարողանում է պաշտպանվել, հակառակորդը չգիտե որտեղ հարձակվել»: Դրա համար անհրաժեշտ է հետևել նրան և որսալ հարմար պահը, երբ նա կբացվի ու խոցելի կդառնա. «Երբ հակառակորդը սկսի բացվել ու փակվել, անպայման սրընթաց հարձակվիր նրա վրա»: Զորահրամանատարը, որ ի վիճակի է հասնել դրան, հանճարեղ է և «հակառակորդի ճակատագրի տիրակալն է»:
Հարձակման սրընթացությունը
Սուն Ցզին առաջնակարգ նշանակություն է տալիս նաև հասցվող հարվածի արագությանն ու սրընթացությանը, որը պետք է լինի հաշվարկված, կարճ, ջախջախիչ և հասցվի «ավելի արագ, քան որոտի ձայնն է հասնում մարդու ականջին, ավելի արագ, քան կայծակի փայլն է հասնում աչքին»:
Հարվածի սրընթացությունը կախված է բանակի հզորությունից, որն իր հերթին կախված է արագությունից: «Այն, ինչ թույլ է տալիս բուռն հոսանքին քշել քարերը, հզորությունն է... Նա, ով լավ է մարտնչում, նրա հզորությունը սրընթաց է»: Այլ խոսքերով` ջախջախիչ հարվածը պետք է դառնա բանակի օբյեկտիվ և բնական հզորության, բայց ոչ հատուկ ջանքերի, արտաքին գործողությունների հետևանքը: «Ուստի, նրա հզորությունը, ով կկարողանա ստիպել մյուսներին մարտի գնալ, այն մարդու հզորությունն է, ով գլորում է կլոր քարը սարից հազար սաժեն»: Եթե հարվածը ներքին հզորության հետևանք է, միայն այդ դեպքում այն կկարողանա ջախջախիչ ուժ ունենալ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՆ[22.07.2013]
- ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԵՂԻ ՄԱՍԻՆ[19.06.2012]
- ԿՈՎԿԱՍԸ ԳԼՈԲԱԼ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[29.05.2012]
- Զ.ԲԺԵԶԻՆՍԿԻ. ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ[11.01.2012]
- ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[22.03.2010]
- Պատերազմի ոչգծային բնույթը[29.06.2005]