
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ. «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ - 2008Թ.» ԶԵԿՈՒՅՑԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԸ
Միջազգային էներգետիկ գործակալություն. ընդհանուր տեղեկատվություն1
Միջազգային էներգետիկ գործակալությունը (International Energy Agency) անկախ կազմակերպություն է, որի գործունեությունը հիմնվում է միջկառավարական համագործակցության սկզբունքի վրա։ Հիմնադրվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)2 կողմից 1974թ. վերջերին՝ նավթային ճգնաժամի ժամանակաշրջանում, որի հիմնական նպատակն էր աջակցել ճգնաժամի հաղթահարման, նավթի մատակարարումների կարգավորման գործընթացին։ Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) էներգետիկ ոլորտի համալիր ծրագրերի շրջանակներում համագործակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ 30 պետությունների հետ։ ՄԷԳ հիմնական նպատակների շարքում կարելի է առանձնացնել՝
- աջակցությունը նավթի մատակարարման համակարգերին, դրանց կատարելագործումը,
- աջակցությունը համաշխարհային էներգետիկ քաղաքականության իրագործմանը՝ ՏՀԶԿ անդամ պետություն չհանդիսացող երկրների և միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության միջոցով,
- նավթի միջազգային շուկաների մշտական տեղեկատվական համակարգերին նպաստելը,
- էներգակիրների համաշխարհային պահանջարկի ու մատակարարումների համակարգի կատարելագործումը՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման և էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման ճանապարհով,
- միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելը էներգետիկ տեխնոլոգիաների բնագավառում,
- բնապահպանական ու էներգետիկ քաղաքականության ինտեգրումը։
Ներկայում գործակալությունն ունի 190 հոգուց բաղկացած անձնակազմ, հիմնականում էներգետիկ ոլորտի մասնագետներ՝ ընտրված կազմակերպության անդամ 28 երկրներից3։ ՄԷԳ կենտրոնատեղին Փարիզում է։
«Համաշխարհային էներգետիկայի կանխատեսումներ - 2008թ.» զեկույցը (World energy Outlook - 20084)
ՄԷԳ «Համաշխարհային էներգետիկ կանխատեսումներ - 2008թ.» (ՀԷԿ) զեկույցում հիմնական ուշադրությունը դարձվում է նախորդ տարվա ընթացքում էներգետիկ շուկաներում եղած միտումների ու զարգացումների վերլուծությանը՝ կենտրոնանալով նավթագազային համաշխարհային մատակարարումների, արդյունահանման ու պաշարների հիմնախնդիրների ու ոլորտում առկա մարտահրավերների վրա։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվում նավթի ու գազի ներկա և առաջիկա երկու տասնամյակում (մինչև 2030թ.) համաշխարհային պաշարների ու դրանց արդյունահանման ծավալների դինամիկայի ու միտումների, նավթի գների կանխատեսումներին։ Պետք է նշել, որ ՄԷԳ մասնագետների առաջադրած տեսլականներում, որոնք վերաբերում են 2007-2030թթ., հաշվի են առնվել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ու դրա հնարավոր հետևանքները ոլորտի վրա։ Գործակալության փորձագետներն ուսումնասիրել են նաև համաշխարհային կլիմայական փոփոխությունների համատեքստում արդյունաբերական արտանետումների սահմանափակումների ազդեցությունը համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։
Հոդվածում կփորձենք անդրադառնալ այդ հետազոտության կանխատեսումների առանցքային շեշտադրումներին ու ներկայացնել հիմնական հետևությունները։
1. Համաշխարհային էներգետիկ համակարգի անկայունությունը
Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետները հանգել են այն հետևությունների, որ էներգիայի մատակարարումների ու սպառման համաշխարհային ընթացիկ միտումներն ու զարգացումները բավական անկայուն են, և դա արտահայտվում է ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական ու սոցիալական բնագավառներում։ Փորձագետների հավաստիացմամբ, սակայն, համաշխարհային էներգետիկ համակարգում առկա անկայունության միտումները հնարավոր է հաղթահարել գլխավորապես երկու ճանապարհով.
- էներգիայի հուսալի ու մատչելի մատակարարումների ապահովում,
- անցում համեմատաբար ցածր քանակությամբ արտանետումներով էներգամատակարարման առավել արդյունավետ ու բնապահպանական տեսանկյունից առավել անվտանգ համակարգի։
2. Անցում առավել ցածր ածխածնային միացություններ պարունակող էներգետիկ համակարգի
էներգիայի սպառողական համաշխարհային քաղաքականությունում անհրաժեշտաբար պետք է վերափոխվի մոտեցումը էներգիայի օգտագործման տեխնոլոգիաներին։ Մասնագետների գնահատականների համաձայն, առաջարկվում է հնարավորինս նվազեցնել համաշխարհային էներգետիկ աղբյուրներում ածխածնային միացությունների ու ջերմոցային գազերի պարունակությունը՝ համաշխարհային մակարդակով կլիմայական արհավիրքներից խուսափելու համար (հակառակ դեպքում, դրանց աճը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի համաշխարհային միջին ջերմաստիճանի մինչև 60C բարձրացմանը)։ Հետևողական մոտեցում է պահանջում էներգիայի մատակարարների կողմից ներդրումների զգալի բաժինը դեպի ցածր ածխածնային միացություններ պարունակող տեխնոլոգիաների զարգացման ոլորտ ուղղելու խնդիրը։ Այդ քաղաքականության իրագործմանն էապես կարող են նպաստել տարբեր երկրների կառավարությունները՝ համապատասխան ֆինանսական խթանիչների ու իրավական դաշտի ձևավորման ճանապարհով, ինչը լուրջ ներդրում կարող է ունենալ համաշխարհային էներգետիկ համակարգի անվտանգության ու կլիմայական քաղաքականության արդյունավետության ապահովման գործում։
3. Վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաների արագ զարգացում
Էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ժամանակակից տեխնոլոգիաները կարձանագրեն զարգացման համեմատաբար կտրուկ տեմպեր և 2010թ. սկսած՝ ածխից հետո կհանդիսանան էլեկտրաէներգիայի երկրորդ խոշորագույն աղբյուրը՝ առաջ անցնելով նույնիսկ բնական գազից։ Էներգիայի վերականգնվող աղբյուրների տեխնոլոգիաների զարգացմանն անհրաժեշտ ծախսերի նվազման և այս ուղղությամբ կառավարությունների հետևողական քաղաքականության արդյունքում լուրջ նախադրյալներ են ստեղծվում վերականգնվող էներգետիկայի ճյուղերի՝ սուբսիդիաներից կախվածության թուլացման և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ արտադրությունը խթանելու համար։ Կանխատեսումների համաձայն, եթե վերականգնվող էներգետիկ աղբյուրների մասնաբաժինը (բացառությամբ հիդրոէներգետիկայի ոլորտի) էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրությունում 2006թ. կազմում էր 1%, ապա 2030թ. այն կկազմի արդեն 4%։
Վերականգվող էներգետիկայի աղբյուրների զարգացման տեխնոլոգիական առաջընթացին էապես կնպաստեն վերջին տարիներին ակնհայտ դարձած նավթի գների տատանումներն ու շուկայական գների անկայունությունը։ Ոլորտի զարգացման տեմպերին կխթանեն նաև բնական գազի մատակարարումների հետ կապված քաղաքական շահարկումները։ Մասնավորաբար, ռուս-ուկրաինական «գազային պատերազմը» կստիպի եվրոպացի գործընկերներին ոչ միայն այս ուղղությամբ նոր ռազմավարություն մշակել, այլև նոր լիցք հաղորդել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։
4. Նավթը կշարունակի մնալ էներգիայի առաջնային աղբյուր
Չնայած էներգիայի այլընտրանքային աղբյուրների ու տեխնոլոգիաների զարգացման մասին լավատեսական գնահատականներին ու կանխատեսումներին, այնուհանդերձ, նավթը կշարունակի մնալ էներգիայի հիմնական աղբյուրը։
Միջազգային էներգետիկ գործակալության «ՀԷԿ - 2008թ.» բազային սցենարի համաձայն, նավթի համաշխարհային ընդհանուր պաշարները բավական զգալի են և կարող են ապահովել համաշխարհային արտադրության կանխատեսվող աճի տեմպերը 2030-ից հետո էլ, դեռ երկար ժամանակ։ Նավթի ու գազային կոնդենսատի5 հայտնաբերված պաշարների ծավալները տատանվում են 1,2-1,3 տրլն բարելի շրջանակներում (այդ թվում և 0,2 տրլն բարել ոչ ավանդական նավթը)6։ Պետք է նկատել, որ այդ ցուցանիշը 1980թ. ի վեր գրեթե երկու անգամ ավելացել է։ Փորձագետները միակարծիք են այն հարցում, որ դա բավարար է, նավթի համաշխարհային սպառման ներկայիս տեմպերի պարագայում, ավելի քան 40 տարով ապահովելու համար համաշխարհային մատակարարումը։
Գործակալության փորձագետները կանխատեսումներ են կատարել նաև բնական գազի համաշխարհային պաշարների վերաբերյալ։ Դրանց համաձայն, բնական գազի համաշխարհային պաշարները դեռ զգալի են, սակայն, ինչպես և նավթի պաշարների դեպքում, կենտրոնացած են ոչ մեծ քանակությամբ երկրներում։ Այսպես, բնական գազի հայտնաբերված համաշխարհային պաշարները գնահատվում են շուրջ 180 տրլն խմ, ինչը բավարար է համարվում առաջիկա 60 տարիների ընթացքում՝արդյունահանման ընթացիկ տեմպերի պահպանման պարագայում7։ Գազի համաշխարհային պաշարների ավելի քան կեսը՝ մոտավորապես 56%-ը, բաժին է ընկնում ընդամենը երեք երկրների՝ Ռուսաստանի Դաշնությանը, Իրանին և Կատարին։ Եվ դա այն պարագայում, երբ համաշխարհային պաշարների գրեթե կեսը բաշխվում է ողջ աշխարհի 25 հանքերի շրջանակներում և ծածկվում ի հաշիվ «Նավթ արտահանող երկրների կազմակերպության» անդամ պետությունների։ Հարկ է նշել, որ գազի համաշխարհային պաշարները 1980թ. ի վեր ավելացել են ավելի քան երկու անգամ, որի բարձրագույն աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում։
5. Էներգիայի հիմնական աղբյուրների համաշխարհային պահանջարկի աճ 2006-2030թթ.
Հաշվի առնելով Չինաստանի ու Հնդկաստանի շարունակվող տնտեսական աճի տեմպերը՝ 2006-2030թթ. վերջիններիս բաժին է ընկնելու էներգիայի հիմնական աղբյուրների համաշխարհային պահանջարկի աճի ավելի քան կեսը։ Իհարկե, այս գնահատականներում անհրաժեշտ է նկատի ունենալ 2007թ. կեսերից սկսած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ու դրա բացասական հետևանքները համաշխարհային տնտեսության՝ մինչ այդ արձանագրած արագ աճի տեմպերի վրա։ Ու թեև տնտեսական ճգնաժամի ամենածանր ազդեցությունը շարունակում են կրել Միացյալ Նահանգներն ու ԵՄ երկրները, անմասն չեն մնա նաև Չինաստանն ու Հնդկաստանը, որոնց տնտեսությունները պակաս ինտեգրված չեն համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգին։
ՄԷԳ փորձագետների առաջադրած հիմնական սցենարի համաձայն, 2006-2030թթ. էներգիայի հիմնական աղբյուրների համաշխարհային պահանջարկը միջին հաշվով կաճի 1.6%-ով՝ 11,730 մլն տոննա նավթային համարժեքից (մլն տ.ն.հ.) հասնելով մինչև 17,010 մլն տ.ն.հ.։ Արդյունքում՝ նշված ժամանակահատվածում աճը կկազմի շուրջ 45%։ Մերձավոր Արևելքի երկրները կամրապնդեն դիրքերը՝ որպես համաշխարհային էներգիայի հիմնական աղբյուրների պահանջարկի կարևորագույն կենտրոն, ինչը կավելացնի համաշխարհային աճող պահանջարկը ևս 11%-ով։ Հարկ է նշել, որ պահանջարկի աճի գրեթե 87%-ը ընդհանուր առմամբ բաժին է ընկնելու Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության անդամ չհանդիսացող երկրներին։ Արդյունքում՝ էներգիայի հիմնական աղբյուրների համաշխարհային պահանջարկում վերջիններիս մասնաբաժինը 51%-ից կաճի մինչև 62%-ի։
Ինչ վերաբերում է նավթի շուկային, ապա փորձագետների կանխատեսումների համաձայն, 2007-2030թթ. նավթի համաշխարհային պահանջարկը տարեկան կաճի 1%-ով՝ օրական 85 մլն բարելից (2007թ.) հասնելով մինչև 106 մլն բարելի (2030թ.)։ Նավթի համաշխարհային պահանջարկի աճը նույնպես բաժին է ընկնելու ՏՀԶԿ անդամ չհանդիսացող երկրներին։ Ինչ վերաբերում է ՏՀԶԿ անդամ պետություններին, ապա այստեղ նավթի պահանջարկն ընդհանուր առմամբ կնվազի՝ հիմնականում տրանսպորտային ոլորտից դուրս նավթի պահանջարկի նվազման հետևանքով։
Նույն տրամաբանությունը նկատվում է նաև բնական գազի ոլորտում։ Վերջինիս համաշխարհային պահանջարկն առանձնանում է աճման համեմատաբար բարձր ցուցանիշներով, ինչը տարեկան կազմում է շուրջ 1,8%։ Իսկ բնական գազի մասնաբաժինը էներգիայի հիմնական աղբյուրների համաշխարհային ընդհանուր պահանջարկում կավելանա ոչ զգալի չափով՝ մինչև 22% (ի դեպ, բնական գազի սպառման աճը գլխավորապես կուղղվի էլեկտրաէներգետիկայի ոլորտին)։
«2008թ. Համաշխարհային էներգետիկայի կանխատեսումներ»-ում գնահատվում է նաև այլ էներգետիկ աղբյուրների համաշխարհային պահանջարկի վիճակագրությունն առաջիկա երկու տանսամյակների կտրվածքով։ Մասնավորաբար, էներգիայի համաշխարհային պահանջարկում ածխի մասնաբաժինը 2006թ. 26%-ից 2030թ. դրությամբ կհաշվվի արդեն 29%՝ պահանջարկի աճի միջին տարեկան ցուցանիշը կազմելով շուրջ 2%։ Ընդ որում, ածխի համաշխարհային սպառման աճի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 85%, բաժին է ընկնելու միայն Չինաստանի ու Հնդկաստանի էլեկտրաէներգետիկ բնագավառին։ Ինչ վերաբերում է միջուկային էներգետիկայի ոլորտին, ապա վերջինիս չափաբաժինը էներգիայի համաշխարհային պահանջարկում որոշակիորեն կնվազի. եթե 2006թ. այն կազմում էր 6%, ապա 2030թ. կկազմի 5%։ Միջուկային էներգիայի մասնաբաժինը կնվազի նաև էլեկտրաէներգիայի արտադրությունում՝ 15%-ից հասնելով 10%-ի։
6.Ներդրումների զգալի պահանջարկ համաշխարհային էներգետիկայի ենթակառուցվածքներում
Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետների առաջարկած հիմնական սցենարի համաձայն, 2007-2030թթ. համաշխարհային էներգետիկ ենթակառուցվածքներում անհրաժեշտ ներդրումների համար կպահանջվի $26 տրլն (2007թ. ամերիկյան դոլարի կուրսով), ինչն ավելի քան $4 տրլն-ով գերազանցում է գործակալության «Համաշխարհային էներգետիկայի կանխատեսումների» 2007թ. գնահատականները։ Ընդ որում, համաշխարհային էլեկտրաէներգետիկայի ոլորտին բաժին է ընկնելու $13,6 տրլն, ինչը կազմում է ընդհանուր միջոցների ավելի քան կեսը՝ շուրջ 52%։ Ներդրումների մնացած մասը գլխավորապես կուղղվի նավթագազային սեկտոր՝ առավելապես հանքերի հետախուզմանն ու վերամշակմանը և հիմնականում ՏՀԶԿ անդամ չհանդիսացող երկրներ (2030թ. նավթագազային, ածխի ու էլեկտրաէներգիայի մատակարարումների համաշխարհային ենթակառուցվածքների զգալի մասն արդեն փոփոխվելու կարիք կունենա)։ Փորձագիտական գնահատականներով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդեցություն չի ունենալու երկարաժամկետ ներդրումների վրա, սակայն կարող է հանգեցնել ընթացիկ նախագծերն ավարտելու ձգձգման՝ հատկապես էլեկտրաէներգետիկայի բնագավառում։
Չպետք է մոռանալ, սակայն, որ ոլորտում իրականացվող հսկայածավալ ներդրումային քաղաքականության հեռանկարների հարցում կարող են անորոշություն մտցնել նավթի արդյունահանման ու նավթի գների տատանումները։ Տեղին է նշել վերջին տարիներին գների կտրուկ բարձրացմանը հաջորդած ոչ պակաս կտրուկ նվազման միտումը։ Խնդիրն այն է, որ նավթի հետախուզման ու արդյունահանման ոլորտում իրականացվող ներդրումներն ընդհանուր առմամբ թեև շարունակում են աճել, այնուամենայնիվ, այդ աճը, որպես կանոն, արդյունքում մասամբ ուղեկցվում է գերծախսերով, իսկ իրականացվող գործարքները դառնում են քիչ եկամտաբեր։ Ներկայում ներդրումների զգալի հատվածը բաժին է ընկնում բարձր արժողության հանքերի հետախուզմանն ու վերամշակմանը, ինչը մասամբ բացատրվում է ամենաէժանագին ու մատչելի պաշարներին միջազգային նավթային ընկերությունների սահմանափակ մասնակցությամբ։ Արտադրության ամենացածր ծախսեր ունեցող երկրներում նավթի արդյունահանման ծավալների ընդլայնումն առանցքային նշանակություն ձեռք կբերի էներգիայի համաշխարհային պահանջարկի բավարարման հարցում՝ աշխարհի երկրների մեծամասնությունում ռեսուրսների կրճատման և նավթի արդյունահանման համաշխարհային տեմպերի նվազման պայմաններում։
7. Նավթի անկայուն գներ առաջիկա տարիներին
Համաշխարհային էներգետիկ համակարգի կայունության կարևորագույն նախապայմաններից մեկը վերաբերում է էներգիայի հիմնական աղբյուրների և առաջին հերթին՝ նավթի գների կայունացմանը։ Կանխատեսումների համաձայն, նավթի գների կարճաժամկետ տատանումներն առաջիկայում ունենալու են կանոնավոր բնույթ՝ չբացառելով գների կտրուկ աճի կամ նվազման հնարավորությունները։ Համաշխարհային շուկայում նավթի գների փոփոխականությունն առավել ցայտուն դրսևորումներ կունենա հատկապես ընդհուպ մինչև 2010-2011թթ.։ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի խորացումը, իր հերթին, կհանգեցնի համաշխարհային տնտեսական ակտիվության, հետևաբար և նավթի պահանջարկի նվազմանը՝ առաջացնելով գների անկում, ինչն այսօր նկատելի է համաշխարհային շուկայում։ Մասնագետները ենթադրում են, սակայն, որ 2015թ. սկսած՝ նավթի մատակարարումների աճող ծախսերը կհանգեցնեն նավթի գների բարձրացման՝ ընդհուպ մինչև 2030թ.։
Կանխատեսվում է, որ 2008-2015թթ. հում նավթի միջին գինը բարելի համար կկազմի $100 (2007թ. ամերիկյան դոլարի փոխարժեքով), իսկ 2030թ.այն արդեն կգերազանցի $120-ը։ Ընդ որում, ՄԷԳ «Համաշխարհային էներգետիկ կանխատեսումները» նախորդ տարեկան զեկույցների գնահատականների համաձայն, նշված ժամանակաշրջանում նավթի գները է՛լ ավելի էին աճելու՝ 2030թ. կազմելով $200 (1 բարել)8։
8. Նավթի ու բնական գազի համաշխարհային արդյունահանման աճման միտում
Նախատեսվում է, որ նավթի համաշխարհային մատակարարումները 2007-2030թթ. ընթացքում կաճեն։ Կանխատեսումների համաձայն, եթե 2007թ. այդ ցուցանիշը կազմել է օրական 84 մլն բարել, ապա 2030թ. այն կհաշվվի շուրջ 106 մլն բարել։ Նշված ժամանակաշրջանում հում նավթի ավանդական արտադրությունը ինքնաբերաբար որոշակիորեն աճման միտում կունենա (օրական 5 մլն բարել), քանի որ նավթային նոր հանքերի հավելյալ կարողությունները կդադարեցվեն, ինչը թերևս պայմանավորված է գործող հանքերից նավթի արդյունահանման ցուցանիշների նվազմամբ։ Նավթի համաշխարհային արդյունահանման աճը հիմնականում կարձանագրվի ի հաշիվ «Նավթ արտահանող երկրների կազմակերպության» (OPEC) անդամ-պետությունների։ Փորձագիտական գնահատականները հաստատում են նաև, որ նավթի համաշխարհային մատակարարումներում «Նավթ արտահանող երկրների կազմակերպության» անդամ-պետությունների ընդհանուր մասնաբաժինը 2007թ. 44%-ի փոխարեն 2030թ. կկազմի 51%։
Հայտնի է, որ այդ երկրներում նավթի պաշարները բավականին մեծ են, իսկ նավթի հետախուզման ու մշակման համար անհրաժեշտ ծախսերը՝ զգալիորեն ցածր։ Ավելին, նավթի համաշխարհային գների բարձրացման պարագայում «Նավթ արտահանող երկրների կազմակերպության» անդամ-պետությունները զգալիորեն կընդարձակեն նավթարդյունահանման ծավալները։
Ինչպես նշեցինք, նավթարդյունահանման համաշխարհային աճի ապահովումը, մյուս կողմից, մեծապես պայմանավորված է ոլորտում նախատեսվող ներդրումների իրագործման հետ, այդ թվում և «Նավթ արտահանող երկրների կազմակերպության» անդամ-պետություններում։ Նկատվում է, սակայն, որ նավթահանքերի վերամշակման ուղղությամբ ժամանակակից տեխնոլոգիական պահպանողական քաղաքականության և մի շարք այլ աշխարհաքաղաքական գործոնների հետևանքով այդ երկրներում իրականացվող ներդրումները կարող են սահմանափակվել։
Կանխատեսվող ժամանակահատվածում Սաուդյան Արաբիան կշարունակի հանդիսանալ համաշխարհային մակարդակով խոշորագույն նավթարտադրող պետություն, որի նավթարդյունահանման ծավալները 2007թ. օրական 10,2 մլն բարելի փոխարեն 2030թ. կկազմեն 15,6 մլն բարել։ Եթե հիմնվենք գործակալության փորձագիտական գնահատականների վրա, ապա «Նավթ արտահանող երկրների կազմակերպության» անդամ չհանդիսացող պետություններում ավանդական նավթարդյունահանման (հում նավթ, գազային կոնդենսատ) ցուցանիշները մոտավորապես հաջորդ տասնամյակի կեսերին կսկսեն նվազել, իսկ կանխատեսվող ժամանակաշրջանի ավարտին այդ անկումը է՛լ ավելի կարագանա։
Ինչ վերաբերում է բնական գազի արդյունահանման ցուցանիշներին, ապա այն մեծամասամբ բաժին կընկնի գազի ռեսուրսներով հարուստ տարածաշրջաններին։ Կանխատեսվում է, որ 2007-2030թթ. բնական գազի արդյունահանման համաշխարհային աճի շուրջ 46%-ը կարձանագրվի ի հաշիվ Մերձավոր Արևելքի երկրների, որոնց գազարդյունահանման ծավալները կավենանան գրեթե եռակի՝ մինչև 2030թ. կազմելով մոտավոր հաշվարկներով մինչև 1 տրլ խորանարդ մետր գազ։ Նկատենք, որ տարածաշրջանում բնական գազի արդյունահանման մշտապես աճող ծավալների շուրջ 60%-ը բաժին է ընկնում տեղական սպառմանը (հիմնականում էլեկտրակայաններին)։ Ինչ վերաբերում է գազի համաշխարհային արդյունահանման աճի մնացած ցուցանիշին, ապա այն գլխավորապես ապահովվում է Աֆրիկայի երկրների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կողմից։
Միևնույն ժամանակ, սակայն, թեև նավթի համաշխարհային պաշարները համարվում են բավարար, այնուամենայնիվ, ինչպես նշվում է կանխատեսումներում, երաշխիքներ չկան, որ այդ պաշարները կվերամշակվեն այնքան արագ՝ փորձագետների կողմից կանխատեսված համաշխարհային պահանջարկի մակարդակի բավարարման նպատակով։ Խնդիրը նրանում է, որ համաշխարհային նավթահանքերի հնեցման հետ միաժամանակ նկատվում է գործող հանքերից նավթարդյունահանման տեմպերի նվազում։ Սա որոշակի անորոշություն է բերում գործակալության փորձագետների կողմից համաշխարհային պահանջարկի գործում կատարված կանխատեսումներում։ Ընդ որում, նավթարդյունահանման նվազման միտումները, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են արագանալ, նկատելի են աշխարհի բոլոր հիմնական նավթարդյունահանող տարածաշրջաններում9։ Փորձագիտական գնահատականների համաձայն, ընդհանուր առմամբ որքան շատ են հանքերի պաշարները, այնքան քիչ կլինեն նավարդյունահանման առավելագույն ծավալները (պաշարների հարաբերակցությամբ)։ Այս սցենարի համաձայն, հանքերի նավթարդյունահանման նվազման տեմպերը կարող են նաև նվազել 2030թ. դրությամբ։
Նավթի հանքերի արդյունահանման տեմպերի նվազման միտումը կարելի է կանխել գործող ու նոր հայտնաբերված հանքերում նավթարդյունահանման ու հետախուզման ոլորտներում անհրաժեշտ ներդրումների ծավալների մեծացման պարագայում։ Իսկապես պետք է նկատել, որ նավթի ու գազի հանքերում արդյունահանման ու հետախուզման ոլորտում կատարված ընդհանուր ներդրումները վերջին տարիներին արագ աճել են և եռակի անգամ ավելացել 2000-2007թթ. ընկած ժամանակահատվածում՝ կազմելով $390 մլրդ։ Կանխատեսվում է, որ նավթի ու գազի արդյունահանման ու հետախուզման ոլորտում ներդրումները կաճեն նաև 2012թ. դրությամբ՝ կազմելով $600 մլրդ։ Ավելին, բազային սցենարի կանխատեսումների համաձայն, 2007-2030թթ. ընկած ժամանակաշրջանում նավթագազային ոլորտի արդյունահանման ու հետախուզման համար կպահանջվեն $8,4 տրլնի (2007թ. ամերիկյան դոլարի փոխարժեքով) կամ էլ տարեկան $350 մլրդ-ի ներդրումներ։ Ընդ որում, այդ ներդրումների զգալի մասը, ըստ գնահատականների, անհրաժեշտ է ուղղել ռեսուրսներով հարուստ տարածաշրջաններ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելք, որտեղ մեկ միավոր արտադրանքի համար նախատեսված ծախսերը համարվում են ամենացածրը։
Կանխատեսումներում նաև հաստատվում է, որ «Նավթ արտահանող երկրների կազմակերպության» անդամ չհանդիսացող պետություններում միջազգային ընկերությունների ներդրումների իրականացման հնարավորությունները կկրճատվեն՝ պաշարների կրճատման հետևանքով, իսկ նավթի ու գազի գործող համաշխարհային պաշարներով հարուստ երկրները հարկադրված կլինեն այդ բացը լրացնել կա՛մ ազգային ընկերությունների, կա՛մ էլ օտարերկրյա ներդրողների ներգրավման միջոցով։
9. Նավթի ու գազի արդյունահանման ու վերամշակման մեջ ազգային ընկերությունների առաջատար/մենաշնորհային դիրքերի ընդլայնումը
Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումներում նշվում է, որ նավթագազային արդյունաբերության արդյունահանման ու վերամշակման գործում էլ ավելի են ընդլայնվում ազգային ընկերությունների առաջատար դիրքերը։ Փորձագետների առաջարկած բազային սցենարի համաձայն, 2007-2030թթ. ազգային ընկերություններին բաժին է ընկնելու նավթի ու գազի արդյունահանման շուրջ 80%-ը։ Ոլորտում ազգային ընկերություններն առաջատար դիրքեր են զբաղեցնում նաև նավթի ու գազի պաշարներով առավել հարուստ երկրների մեծ մասում, որտեղ օտարերկրյա ընկերությունները կամ չունեն պաշարների վերամշակման ու տնօրինման իրավունքներ, կամ էլ ուղղակի գործում են բավական սահմանափակ իրավասություններով։ Վերջին տարիներին նավթի գների կտրուկ աճի միտումը զգալի հնարավորություն ընձեռեց այդ երկրների ազգային ընկերություններին ամրապնդել մենաշնորհային դիրքերը տեղի նավթագազային արդյունաբերության ոլորտում՝ առավել մեծ շահույթներ ստանալու ակնկալիքներով։ Արդյունքում՝ միջազգային նավթային խոշորագույն կազմակերպությունները, որոնք ավանդաբար գերակա դիրքեր են ունեցել համաշխարհային նավթագազային արդյունաբերության բնագավառում, այսօր զգալիորեն սկսել են դուրս մղվել տեղական ազգային ընկերությունների կողմից։ Ազգային ընկերությունների մենաշնորհային դիրքերի հաստատումը կարող է նպաստել ոլորտում փորձագիտական կանխատեսումներով նախատեսվող ներդրումների նվազմանը։
Հետևություններ
«Համաշխարհային էներգետիկ կանխատեսումներ - 2008թ.» զեկույցում 2007-2030թթ. համաշխարհային էներգետիկ համակարգի իրադրության, էներգիայի առաջնակարգ աղբյուրների, մասնավորապես նավթագազային արդյունաբերության միտումների շուրջ արված կանխատեսումներից կարելի է գալ մի քանի կարևոր եզրահանգումների՝
- 2008-2011թթ. նավթի գների անկայունության պահպանում, 2012-2015թթ. կանխատեսվում է նավթի գների աճ մինչև $120-150 (1 բարել),
- 2006-2030թթ. համաշխարհային նավթագազային արտադրության աճն ընդհանուր առմամբ կապահովի համաշխարհային էներգետիկ պահանջարկի աճը,
- 2006-2030թթ. միայն Չինաստանին ու Հնդկաստանին բաժին է ընկնելու էներգիայի հիմնական աղբյուրների համաշխարհային պահանջարկի աճի ավելի քան կեսը,
- նավթի համաշխարհային արդյունահանման աճը հիմնականում կարձանագրվի ի հաշիվ «Նավթ արտահանող երկրների կազմակերպության» անդամ պետությունների (նավթի համաշխարհային մատակարարումներում «Նավթ արտահանող երկրների կազմակերպության» անդամ պետությունների ընդհանուր մասնաբաժինը 2007թ. 44%-ի փոխարեն 2030թ. կկազմի 51%),
- համաշխարհային էներգետիկայի ոլորտում առկա միտումները (էներգետիկ մատակարարումներ, էներգիայի սպառում և այլն) հաստատում են, որ ներկայիս համաշխարհային էներգետիկ համակարգը բավական անկայուն է,
- համաշխարհային էներգետիկ համակարգի կայունացմանն էապես խոչընդոտում է նաև համաշխարհային էներգետիկ աղբյուրներում ածխածնային միացությունների ու ջերմոցային գազերի արագընթաց աճի միտումը,
- էներգետիկ համակարգի կարգավորման գործընթացի համար ռիսկային կարող են համարվել համաշխարհային էներգետիկայում և մասնավորապես նավթագազային արդյունաբերությունում նախատեսվող զգալի ներդրումների հնարավոր սահմանափակումները,
- նավթագազային արդյունաբերության կայուն զարգացմանը լուրջ վնասներ կարող է հասցնել նավթի ու գազի արդյունահանման ու վերամշակման ոլորտում ազգային ընկերությունների մենաշնորհային դիրքերի ընդլայնումը, ինչի արդյունքում դուրս կմղվեն միջազգային կազմակերպությունները, կնվազեն ներդրումների ծավալներն ու առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները,
- համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը համաշխարհային էներգետիկ համակարգի վրա կունենա կարճաժամկետ և մակերեսային ազդեցություն (մինչև 2010/11թթ. նավթի գների տատանումներ, նավթագազային արդյունաբերությունում կարճաժամկետ ներդրումների ձգձգում կամ դադարեցում),
- համաշխարհային էներգետիկ համակարգի կայունացման խնդիրն անհրաժեշտ է դիտարկել ընթացիկ միջազգային աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական (նաև տարածաշրջանային մակարդակներով) գործընթացների ընդհանուր տրամաբանության համատեքստում,
- համաշխարհային էներգետիկայի ընդհանուր իրադրության, ոլորտի միտումներին ու գլոբալ ռիսկերին վերաբերող հիմնահարցերը կլինեն առաջիկա տարիներին միջազգային հարաբերությունների, թերևս, ամենակնճռոտ օրակարգային թեմաներից մեկը։
1http://www.iea.org/about/index.asp
2ՏՀԶԿ - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD), որի անդամ են 30 երկրներ (1961թ. անդամակցել են Ավստրիան, Բելգիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, հետագայում անդամակցել են Ճապոնիան, Ֆինլանդիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մեքսիկան, Չեխիան, Հարավ. Կորեան, Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան)։
3Միջազգային էներգետիկ գործակալության անդամ պետություններն են Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Կանադան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իռլանդիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Թուրքիան, Մեծ Բիրտանիան և Միացյալ Նահանգները։ Հարկ է նշել նաև, որ ՄԷԳ աշխատանքներին մասնակցում է Եվրահանձնաժողովը։
5Գազային կոնդենսատներ - գազային կոնդենսատները տարբեր բաղադրության բարձրաեռ ածխաջրածնային հեղուկ խառնուրդներ են, որոնք անջատվում են բնական գազերից՝ այսպես կոչված գազակոնդենսատային հանքերից, վերջիններիս արդյունահանման ժամանակ։
6Նշենք, որ ավանդական նավթի արդյունահանվող պաշարների (որոնք ներառում են նոր հանքերի սկզբնական հայտնաբերված և հնարավոր պաշարների, ի հավելումն՝ դեռևս չհետախուզված նավթի պաշարների) հանրագումարի պարագայում ներկայում նավթի համաշխարհային պաշարները կարող են հասնել մինչև 3,5 տրլն բարելի։ Նավթի չհայտնաբերված զգալի պաշարներ, ըստ գնահատականների, կան Մերձավոր Արևելքում, Ռուսաստանի Դաշնությունում և Կասպյան տարածաշրջանում։
7Ընդհանուր առմամբ, ավանդական բնական գազի արդյունահանվող պաշարները, որոնք ներառում են հայտնաբերված ու դեռևս չհետախուզված պաշարները, տարբեր գնահատականներով կարող են գերազանցել 400 տրլն խմ գազի ցուցանիշը։
8Մանրամասն տե՛ս “World energy outlook_2006-2007”.
9Վերլուծությունն իրականացվել է ներկայում գործող 800 հանքերի տվյալների հիման վրա, որոնցից 54-ը խոշոր հանքեր են՝ ավելի քան 5 մլն բարել պաշարներով։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]