• am
  • ru
  • en
Версия для печати
23.12.2011

ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ. «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑԱԾՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ» ԵՎ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԿՐՆԵՐԸ» 2011Թ.

   

Կարեն Վերանյան

«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

ՀՀ և տարածաշրջանի երկրների վարկանիշային համեմատական վերլուծությունները՝ երկու թեմատիկ ուղղություններով, հիմնվում են «Տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացածության» և «Գործարարության համար լավագույն երկրները» զեկույցների վրա։

1. ՀՀ-ն Հարավային Կովկասում առաջատարն է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացածությամբ. տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացածության ինդեքսը 2011թ.

Էլեկտրակապի միջազգային միություն

Էլեկտրակապի միջազգային միությունը (ԷՄՄ, International Telecommunication Union) գործում է ՄԱԿ շրջանակում և մասնագիտացած է տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում։ 2011թ. մարտի դրությամբ ԷՄՄ-ում ընդգրկված են 192 պետություն և ավելի քան 700 անդամ՝ ըստ առանձին ոլորտների ու կազմակերպությունների (անդամներ գիտաարդյունաբերական ձեռնարկություններից, տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններից կապի պետական ու մասնավոր օպերատորներ)։

Միության առջև դրված առաջնակարգ նպատակներից է յուրաքանչյուր անհատին ապահովել տեղեկատվության ու կապի՝ գնային առումով հարմար հասանելիություն։ Կազմակերպությունը հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացման ու ընդլայնման հարցում կարևորում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են տեղեկատվության ու կապի գնային միտումները, մատուցված ծառայության արագությունն ու որակը, նորարարությունները, լեզվի հետ կապված խնդիրները և այլն։

Տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացածության ինդեքսը 2011թ.

ԷՄՄ գործունեության շրջանակներում տեղեկատվության և կապի համաշխարհային ոլորտի ուսումնասիրության համատեքստում իրականացվում է նաև վարկանիշային հետազոտությունների շարք, որի շնորհիվ հնարավոր է դառնում առավել հստակ ուրվագծել աշխարհի տարբեր երկրներում և տարածաշրջաններում ՏՀՏ զարգացածության համեմատական վիճակագրությունը։

Վերջերս լույս տեսավ ԷՄՄ «Տեղեկատվական հասարակության չափորոշում» 2011թ. վարկանիշային զեկույցը, որտեղ ներկայացվում են աշխարհի տարբեր երկրների ՏՀՏ զարգացածության ինդեքսային ցուցանիշները1։ ՏՀՏ զարգացածության ինդեքսը ներառում է 11 ենթացուցիչ, որոնցից առանձնացվում են ՏՀՏ հասանելիությունը, ՏՀՏ կիրառությունը, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի նորարարությունները։ ՏՀՏ զարգացածության վարկանիշավորման մեթոդաբանությունը հիմնվում է 0-10 միավորների սանդղակի վրա. 10 միավորը ցույց է տալիս բարձրագույն դրական արդյունքը, 0 միավորը՝ ցածրագույն ցուցանիշը։

Զեկույցում ներառված 152 երկրների շարքում ՀՀ-ն 72-րդն է՝ 3.87 միավորով, ինչը լավագույն արդյունքն է Հարավային Կովկասի երկրների շարքում։ ՀՀ-ին հաջորդում է Ադրբեջանը՝ 74-րդ դիրք։ Վրաստանը 77-րդն է՝ 3.65 միավոր։

ՀՀ-ն վարկանիշային արդյունքով գերազանցել է այնպիսի երկրների, ինչպիսիք են Լիբանանը (79), Չինաստանը (80), Իրանը (87), Թաիլանդը (89) և այլն։

Ըստ զեկույցի՝ լավագույնն են ճանաչվել Հարավային Կորեայի, Շվեդիայի ու Իսլանդիայի ցուցանիշները։

Աղյուսակ 1
ՏՀՏ զարգացածության ինդեքսը 2011թ., Հարավային Կովկաս և այլ երկրներ

Աղբյուրը՝ http://www.itu.int/ITU-D/ict/publications/idi/2011/Material/MIS2011-ExecSum-R.pdf

Վարկանիշային այս զեկույցում ՀՀ վարկանիշը կտրուկ առաջընթաց է արձանագրել կազմակերպության նախորդ՝ 2009թ. վարկանիշային համարժեք հետազոտությունում արձանագրված արդյունքի համեմատ2։ 2009թ. զեկույցում, որտեղ ներառված են եղել 151 երկիր, Հարավային Կովկասի պետություններից ՀՀ վարկանիշը ցածրագույն ցուցանիշ է ունեցել։ Այսպես, 2009թ. ՀՀ-ն 2.94 միավորով զբաղեցրել է 86-րդ դիրքը, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը՝ համապատասխանաբար 83 և 85-րդ դիրքերը։ Ընդ որում՝ ՀՀ-ն (ինչպես և Վրաստանը), ի տարբերություն կազմակերպության 2011թ. զեկույցի, այս հետազոտությունում զիջում են իրենց դիրքերն աղյուսակում ներառված թե՛ Չինաստանին, թե՛ Իրանին (տե՛ս Աղյուսակ 2

Աղյուսակ 2
ՏՀՏ զարգացածության ինդեքսը 2009թ., Հարավային Կովկաս և այլ երկրներ

Աղբյուրը՝ http://www.itu.int/ITU-D/ict/publications/idi/2011/Material/MIS2011-ExecSum-R.pdf

2. «Գործարարության համար լավագույն երկրները» 2011թ.

«Forbes» ամսագրի վարկանիշային զեկույցը

Ամերիկյան «Forbes» ֆինանսատնտեսական ամսագիրը, որը հիմնադրվել է 1917թ., աշխարհի տնտեսական բնույթի ամենահեղինակավոր տպագիր հրատարակություններից է։ Այն զգալի տեղ է հատկացնում աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում ընթացող ֆինանսական, տնտեսական իրադարձություններին, անդրադառնում դրանց պատճառահետևանքային կապերի բացահայտման խնդիրներին։

«Forbes»-ը աշխարհի բացառիկ ֆինանսատնտեսական ամսագրերից է, որը զբաղվում է թեմատիկ վարկանիշային վերլուծություններով և հետազոտություններով։ Ամսագիրն անցկացնում է հայտնի վարկանիշային նախագծեր, ինչպիսիք են «Աշխարհի միլիարդատերերը», «400 ամենահարուստ ամերիկացիները», «ԱՄՆ լավագույն քոլեջները» և այլն։

«Գործարարության համար լավագույն երկրները» 2011թ. զեկույցը

«Forbes» ամսագրի վարկանիշային վերլուծություններից հարկ է առանձնացնել նաև աշխարհի տարբեր երկրներում գործարարության վարման վարկանիշային նախագիծը (Best countries for business), որին կանդրադառնանք ստորև։

Ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբին հրապարակվեց «Forbes»-ի «Գործարարության համար լավագույն երկրները» 2011թ. վարկանիշային զեկույցը։

Այս հետազոտության մեթոդաբանությունը հիմնվում է 4 հիմնական ցուցիչների վրա, որոնք կազմվում են 11 այլ ենթացուցիչների միջինացված հաշվարկի ամփոփման արդյունքում։ Մեթոդաբանությունում կիրառված հիմնական 4 ցուցիչներն են՝

  1. ՀՆԱ աճը (%),
  2. ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվարկով ($),
  3. առևտրի հաշվեկշիռը (Trade balance) ՀՆԱ մասնաբաժնում (%),
  4. բնակչությունը (մլն)։

Ներկայացնում ենք նաև մեթոդաբանությունում ներառված 11 ենթացուցիչների ցանկը, որոնց հիման վրա ձևավորվում են վարկանիշավորման հիմնական ցուցիչները։ Որքան ցածր են ենթացուցիչների միավորները, այնքան բարձր են տվյալ պետության վարկանիշավորման համապատասխան արդյունքները։ Ենթացուցիչների միավորները տատանվում են 0-134 սանդղակում (ըստ զեկույցում ընդգրկված երկրների քանակի հաշվարկի)։ Այդ ենթացուցիչներն են.

  1. Առևտրի ազատություն
  2. Արժույթի ազատություն
  3. Սեփականության իրավունքներ
  4. Նորարարություն
  5. Տեխնոլոգիաներ
  6. Բյուրոկրատիա (բյուրոկրատական ապարատ)
  7. Ներդրողի պաշտպանվածություն
  8. Կոռուպցիա
  9. Անձի ազատություն
  10. Հարկային բեռ
  11. Շուկայի բնութագիր

Փորձենք հանգամանորեն անդրադառնալ ամսագրի պատրաստած «Գործարարության համար լավագույն երկրները» 2011թ. վարկանիշային հետազոտությունում ներառված երկրների վարկանիշային արդյունքների վերլուծությանը։ Վարկանիշային զեկույցում, որտեղ ներառվել են 134 պետություն, լավագույն ցուցանիշները պատկանում են Կանադային, Նոր Զելանդիային, Հոնկոնգին, լավագույն տասնյակը եզրափակում է Միացյալ Նահանգները։

Ըստ ամսագրի վարկանիշային-փորձագիտական գնահատականների, հարավկովկասյան երկրներից լավագույն ցուցանիշը պատկանում է Վրաստանին, որը զբաղեցնում է 50-րդ դիրքը։ Վրաստանին հաջորդում է Ադրբեջանը՝ զբաղեցնելով 78-րդ դիրքը։ Տարածաշրջանի երկրների շարքում ՀՀ գործարարության վարկանիշը, համաձայն փորձագիտական գնահատականների, համարվում է ցածրագույնը՝ 89-րդ դիրք։ Զեկույցում ներառված 8 ԱՊՀ պետությունների շարքում լավագույն արդյունքները պատկանում են Ադրբեջանին և Ղազախստանին, որոնց անմիջապես հաջորդում է ՀՀ-ն։

Զեկույցում տեղ են գտել նաև յուրաքանչյուր երկրի վարկանիշավորմանը վերաբերող հակիրճ տեղեկատվական-վերլուծական ամփոփագրեր, որտեղ տրվում են վերջին 2-3 տարիների կտրվածքով տվյալ երկրի տնտեսության զարգացման ընդհանուր միտումները։ Անդրադառնանք Հարավային Կովկասի երկրների տեղեկատվական-վերլուծական ամփոփագրերի համեմատականներին՝ դրանք համադրելով ստորև տրված առաջին աղյուսակի վիճակագրական տվյալների հետ։

Ինչպես փաստում են տարբեր հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, հարավկովկասյան երկրներից 2010-2011թթ. ՀՆԱ աճի ցուցանիշով ՀՀ-ն զիջում է իր հարևան երկու պետություններին։ Ի դեպ, առաջին աղյուսակում ներկայացված «Forbes»-ի ՀՆԱ աճի վիճակագրական տվյալները վերցված են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության «The World Factbook» մատենաշարի տեղեկատվական բազայից։ Ավելին, «Forbes»-ի տեղեկատվական ամփոփագրերը (համենայնդեպս, մեր տարածաշրջանի երկրների մասով) ամբողջությամբ, բառ առ բառ, նույնպես հիմնվում են ԿՀՎ ամփոփագրերի վրա3։

Ադրբեջանի մասով նշվում է, որ վերջին տարիներին այդ երկրի տնտեսության աճի բավական բարձր տեմպերը հիմնականում պայմանավորված են նավթի արտահանման խոշոր ծավալներով։ Ինչպես ասվում է ամփոփագրում, 2009թ. երկրում գրանցված ավելի քան 9% տնտեսական աճը հաջորդ տարի չպահպանվեց։ 2010թ. այն նվազեց՝ հասնելով 3.7%-ի, թեև գլոբալ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունն ավելի թեթև էր տարածաշրջանի այլ երկրների համեմատ։

ՀՀ-ին վերաբերող ամփոփագրում նշված է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն էական ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության զարգացման բարձր տեմպերի վրա, ինչն առավել ակնառու էր հատկապես շինարարական սեկտորում։ Այնուհանդերձ, ՀՀ տնտեսությունը, ըստ ամփոփագրի տեղեկատվության, կարողացավ վերականգնվել և 2010թ. ունեցավ շուրջ 5% աճ, ինչը, փաստորեն, զգալիորեն գերազանցում էր նույն թվականին Ադրբեջանի արձանագրած տնտեսական աճի ցուցանիշը։

Մյուս կողմից, դժվար չէ նկատել, որ «Գործարարության համար լավագույն երկրները» վարկանիշային հետազոտության մեթոդաբանությունում կիրառված 4 հիմնական ցուցիչները (առաջին հերթին՝ ՀՆԱ աճ, բնակչության հաշվեկշիռ) խոշոր հաշվով ուղղակիորեն, նաև անուղղակիորեն այնքան էլ չեն վերաբերում առանձնացված երկրներում գործարար միջավայրի բնութագրմանն ու վերլուծականին։ Այդ ցուցիչները տալիս են այս կամ այն պետության տնտեսության զարգացածության և աճի ընդհանուր վիճակի նկարագիրն ու ընթացիկ միտումները, ոչ ավելին։ Ուստի, այդ հիմնական ցուցիչների համեմատական վերլուծության հիման վրա առանձնացված երկրներում, տվյալ դեպքում՝ Հարավային Կովկասի պետություններում, գործարար միջավայրի վարկանիշների ձևակերպումը տնտեսագիտական տեսանկյունից այնքան էլ արդարացված չէ։ Այս տեսանկյունից ևս հասկանալի է դառնում, որ ամերիկյան ամսագրի «Գործարարության համար լավագույն երկրները» հետազոտության պատրաստման հարցում ներկայացված չեն միջազգային փորձագիտական գնահատականներ և վերլուծական, ինչը կնպաստեր հետազոտության արդյունքների առավել օբյեկտիվ փաստարկված ներկայացմանը։ Ավելին, ամերիկյան հայտնի «Forbes» հանդեսն իր վարկանիշային գնահատականներում հիմնվում է ավելի շուտ միջազգային տարբեր կազմակերպությունների վիճակագրական տեղեկատվության և վարկանիշային ցուցանիշների վրա։

Աղյուսակ 3
«Գործարարության համար լավագույն երկրները» 2011թ., Հարավային Կովկաս և այլ երկրներ (ըստ հիմնական ցուցիչների)

Աղբյուրը՝ http://www.forbes.com/lists/2011/6/best-countries-11_rank.html

Նշենք նաև, որ «Գործարարության համար լավագույն երկրները» 2011թ. զեկույցում երկրների հիմնական ցուցիչների համեմատական վերլուծության ժամանակ առաջանում են որոշակի անճշտություններ։ Լավագույն տասնյակն ամփոփող Միացյալ Նահանգներն իր հիմնական ցուցիչների համադրությամբ ամենևին էլ չի զիջում լավագույն արդյունքը գրանցած Կանադային։ Նույնը կարելի է ասել 6-րդ դիրքում հայտնված Սինգապուրի դեպքում, որը փաստորեն 4 հիմնական ցուցիչներով, բացառությամբ բնակչության թվաքանակը, գերազանցում է նույն Կանադային կամ 4-րդ դիրքում գտնվող Իռլանդիային։ Կանադայի և Սինգապուրի ցուցանիշների համադրության պարագայում Կանադայի դիրքային առավելությունը, թերևս, կարող է պայմանավորված լինել միայն վերջինիս բնակչության թվաքանակի մեծությամբ (բնակչության մեծ թվաքանակով հանդերձ է զարգացած երկիր Կանադան արձանագրում, օրինակ, բնակչության մեկ շնչի համար ՀՆԱ նման բարձր ցուցանիշ)։ Սակայն նույն տրամաբանությունը չի գործում Իռլանդիայի և Սինգապուրի, առավել ևս՝ Իռլանդիայի և Շվեդիայի հիմնական ցուցիչների համադրության դեպքում, երբ վերջինիս վարկանիշային առավելությունն ակնհայտ է բոլոր ցուցիչների համար։

Վերը հիշատակված դիտարկումները ցույց են տալիս, որ տվյալ պարագայում «Գործարարության համար լավագույն երկրները» զեկույցի պատրաստման հարցում ամերիկյան ամսագիրը, թերևս, ներկայանում է որպես հանրամատչելի, PR ուղղվածության և ոչ թե փորձագիտական-վերլուծական վարկանիշավորող պարբերական։ Դա են վկայում ամսագրի ներկայացրած հիմնական վարկանիշային հանրամատչելի զեկույցներն ու հրատարակումները («Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք», «Աշխարհի միլիարդատերերը» և այլք)։

Աղյուսակ 4
«Գործարարության համար լավագույն երկրները» 2011թ. զեկույցը, առանձնացված երկրներ (ըստ հիմնական ցուցիչների)

Աղբյուրը՝ http://www.forbes.com/lists/2011/6/best-countries-11_rank.html

Այժմ անդրադառնանք զեկույցի մեթոդաբանությունում կիրառված ենթացուցիչների հիմնահարցին։ Եթե ուղղակի հետևենք վարկանիշային այս հետազոտությունում Հարավային Կովկասի երկրների ենթացուցիչների համեմատականներին, ապա ՀՀ-ն իր ենթացուցիչների հանրագումարով և միջինացված հաշվարկով զիջում է հարևան երկրներին։ Սակայն այստեղ անհրաժեշտ ենք համարում ընդգծել զեկույցում կիրառված չափորոշիչների ընտրության մեթոդաբանական-փորձագիտական ոչ լիարժեք գնահատման հանգամանքը։ Այն է՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի կողմից այս զեկույցում ՀՀ-ին վերապահված գործարարության վարկանիշային ամփոփ ցուցանիշի ու ենթացուցիչների հաշվարկում հաշվի չի առնվել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ՀՀ քաղաքական ու տնտեսական շրջափակման և առայսօր դրա շարունակականության իրողությունը։ Իսկ տվյալ պետությունում գործարար միջավայրի ազատականացման ու գործարարության հեշտացման համար կարևոր նախադրյալներից մեկն էլ վերաբերում է ազատ առևտրաշրջանառության, բաց շուկաների ու բաց սահմանների գործոնին։

ՀՀ-ի պարագայում փակ սահմանների առկայությունն այս կամ այն չափով առնչություն ունի զեկույցում կիրառված բոլոր ենթացուցիչների հետ։ Բաց սահմանների ու գործարարության ազատականացման հետ ուղղակիորեն առնչվում են զեկույցում կիրառված այնպիսի ենթացուցիչներ, ինչպիսիք են առևտրի ազատականացումը, նորարարության ու տեխնոլոգիաների զարգացումը, հարկային վարչարարությունը, շուկայի ազատականացումը։ Ասել է թե՝ զեկույցում ՀՀ-ին վերապահված գործարարության վարկանիշը և հարևան երկրների հետ նրա համեմատականը, թերևս, չեն կարող արտացոլել ոլորտի օբյեկտիվ և իրատեսական պատկերը։ Ավելին, սահմանակցելով հարևան 4 պետությունների հետ և շրջափակված լինելով 2 երկրների կողմից (ներառյալ Նախիջևանի Ինքնավարությունը), չունենալով նավթի ու գազի պաշարներ կամ ելք դեպի ծով՝ ՀՀ-ն միջազգային հեղինակավոր այլ կազմակերպությունների տնտեսական, քաղաքական և այլ վարկանիշային թեմատիկ հետազոտություններում առանձնացել է բարձր ցուցանիշներով ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ԱՊՀ տարածքում։

Մյուս կողմից՝ մեր տարածաշրջանի երկրների վարկանիշավորման հարցում որոշակի քաղաքականացվածության տպավորություն է ստեղծվում։ Ամերիկյան պարբերականը հայտնի պատճառներով բավական բարձր է գնահատում Վրաստանի գործարարության վարկանիշը, իսկ համեմատաբար լավ ցուցանիշներ արձանագրելու հարցում Ադրբեջանին կրկին «փրկության» են հասնում նավթագազային պաշարները։ ՀՀ-ն ներկայացվում է հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հարթությունում։ Այս տրամաբանության մեջ է նաև Իրանին տրված վարկանիշը, որն, ի տարբերություն այլ միջազգային վարկանիշային զեկույցներում առկա համեմատաբար նպաստավոր ցուցանիշների, 134 երկրների մեջ 125-րդն է։

Աղյուսակ 5
«Գործարարության համար լավագույն երկրները» 2011թ. զեկույցն ըստ ենթացուցիչների, Հարավային Կովկաս և այլ երկրներ

Աղբյուրը՝ http://www.forbes.com/lists/2011/6/best-countries-11_rank.html

Աղյուսակ 6
«Գործարարության համար լավագույն երկրները» 2011թ. զեկույցը, ԱՊՀ երկրներ (ըստ հիմնական ցուցիչների)

Աղբյուրը՝ http://www.forbes.com/lists/2011/6/best-countries-11_rank.html

1 Միության 2011թ. զեկույցում կիրառվում են 2010թ. տեղեկատվական տվյալները։

2 Կազմակերպության 2009թ. վարկանիշային հետազոտության արդյունքները հիմնվում են 2008թ. տվյալների վրա։

3 http://www.forbes.com/lists/2011/6/best-countries-11_Armenia_CHI072.html

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 6, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր