• am
  • ru
  • en
Версия для печати
20.12.2011

ՍԱ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՔԱՐԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ Է

   

Ամփոփելով 2011 թվականը, ՀՀ արտաքին հարաբերությունների և տարածաշրջանային քաղաքական զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի հետ:

- Ի՞նչ կարևոր իրադարձություններ կնշեք 2011 թվականին տեղի ունեցած արտաքին քաղաքական զարգացումներում:

- Կասկած չի հարուցում, որ արաբական աշխարհում տեղի ունեցած հեղափոխություններն աշխարհաքաղաքական տեսանկյունից 2011 թվականի ամենախոշոր իրադարձություն էր։ Այդ իրադարձության վերաբերյալ գնահատականները կարող են տարբեր լինել, բայց բոլորը ընդունում են այն փաստը, որ ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ և դա վերաբերում է ոչ միայն արաբական աշխարհին, այլև Թուրքիային ու Իրանին: Այս տեղաշարժերը արդեն իսկ տվել են երևացող արդյունքներ: Առաջինը, որ արաբական աշխարհի մի շարք երկրներում, որոնց բնակչությունը, համաձայն իրենց առաջնորդների խոսքերի, այսօր փորձում են վերագտնել իրենց «արաբական-իսլամական ընդհանրական ինքնությունը», որպես կառավարման մոդել ընդունել են այսպես կոչված «չափավոր իսլամը»։ Ի դեպ, նման հնարավորությունը կանխատեսվել էր մեր հիմնադրամի փորձագետների կողմից դեռևս վաղ գարնանը։ Դա այն մոդելն է, որը ներկայումս ընդունված է Թուրքիայում: Ակնհայտ է, որ այդ միտումը նպաստավոր է Թուրքիայի համար, որն իր նեոօսամանական գաղափարախոսության վրա հենվելով, ձգտում է մեծացնել իր դերակատարումը և ազդեցությունը այդ երկրներում:

Դրան զուգահեռ տարածաշրջանում ակնհայտ են նաև այլ քաղաքական տեղաշարժեր։ Առաջին հերթին, ուշագրավ են այն սկզբունքային հակասությունները, որոնք առաջացել են Թուրքիա-Սիրիա և Թուրքիա-Իրան հարաբերություններում, հարաբերություններ, որոնք դեռևս մեկ տարի առաջ բուռն զարգացում էին ապրում։ Ինչպես հայտնի է, Սիրիայի հանդեպ (այնտեղ ընթացող հայտնի զարգացումների համատեքստում) Թուրքիան ու Իրանը տրամագծորեն հակառակ մոտեցումներ ունեն: Նկատենք, որ Սիրիայի խնդրում բևեռացումը ընթանում է նաև գլոբալ դերակատարների մակարդակով։ Դրա դիվանագիտական արտահայտումն է Ռուսաստանի և Չինաստանի կողմից ՄԱԿ-ում Սիրիայի վերաբերյալ արևմտյան երկրների կողմից առաջարկվող կոշտ բանաձևերի վրա իրենց վետոյի իրավունքի օգտագործումը:

- Այս հարցում Հայաստանի դիրքորոշման հետ կապված ի՞նչ կասեք:

- Հայաստանի դիրքորոշումն այս հարցում երկու հարթություն ունի: Առաջինն աշխարհաքաղաքական հարթությունն է, որովհետև մեզ շրջապատող միջավայրը, իսկ Մեծ Մերձավոր Արևելքը պետք է համարել մեզ որպես անմիջական միջավայր, դառնում է ագրեսիվ. անկայուն և ոչ անվտանգ։

Երկրորդ հարթությունը հայկական համայնքների գործոնն է: Մենք Իրաքի օրինակով տեսանք, թե ինչպես հայ բնակչությունը հիմնականում լքեց Իրաքը: Այսօր նման միտումներ են նկատվում Եգիպտոսում. իրադրությունը բավականին լուրջ է Սիրիայում, որտեղ կրոնական և էթնիկական խնդիրները ավելի սուր են արտահայտված։ Դա նշանակում է, որ պետք է մտածել այդ երկրներում մեր հայրենակիցների ճակատագրերի մասին և, մասնավորապես, առանձնահատուկ ուշադրություն դարձնել մեր ազգային մտավոր և հոգևոր ռեսուրսների ու պատմական - մշակութային ժառանգության փրկման խնդիրներին։

- Համաշխարհային գլոբալ անցուդարձերում ի՞նչ այլ խնդիր կառանձնացնեիք:

- Երկրորդ կարևորագույն իրադարձությունը, ըստ իս, կապված է գլոբալ տնտեսական անկայունության և մասնավորապես «եվրոյի փրկման» գործընթացների հետ, որոնց արդյունքում ձևավորեց, կարծես թե երկու հարթություն ունեցող Եվրամիություն: Գերմանինայի և Ֆրանսիայի շուրջ համախմբվեցին պետությունները, որոնք համաձայն են ավելի կոշտ վարչական և տնտեսական վերահսկողության տակ գտնվել: Որոշ քաղաքական գործիչներ երկրների այդ խումբը արդեն իսկ անվանում է Եվրոպայի Միացյալ Նահանգներ։

- Այս համատեքստում Հայաստանին ինչպիսի՞ մարտահրավերներ են սպառնում:

- Տնտեսական ճգնաժամային բնույթի խնդիրներից Հայաստանը չի կարող անմասն մնալ և մենք պետք է պատրաստ լինենք այդ մարտահրավերներին: Կա մի բանաձև, որ այսօր շատ են հնչեցնում եվրոպական լիդերները. դա տնտեսության ռեալ հատվածի զարգացումն է, որը և կարող երաշխիք լինել տնտեսական կայունության պահպանման գործում։

- Գործունեության ի՞նչ դաշտ է անցնող տարին տվել Հայաստանի Հանրապետությանը և ի՞նչ անելիքներ կան:

- Հայաստանը հայտնվել է մի հետաքրքիր և ես կասեի՝ բավականին հեռանկարային իրադրությունում: Առաջինը կուզենայի անդրադառնալ մեզ համար թիվ մեկ նշանակության հիմնախնդրին` ԼՂՀ-ի հետ կապված բանակցային գործընթացներին: Ոմանք գնահատում են, որ այս տարի հաջող տարի չէր բանակցությունների առաջընթացի առումով, բայց ես համարում եմ, որ այդ առումով սա հաջող տարի էր, քանի որ կողմերը հստակեցրին իրենց դիրքորոշումները: Ի լրումն Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը ներկայում անհամեմատ ավելի ադեկվատ է ընկալվում արևմտյան երկրների և առաջին հերթին Մինսկի խմբի տերությունների կողմից ու այդ առումով այսօր Ադրբեջանն ինչ-որ չափով գտնվում է մեկուսացման մեջ։ Նկատենք նաև, մերձավորարևելյան զարգացումների համատեքստում նոր խնդիրներ են առաջացել Ադրբեջան-Իրան հարաբերություններում։ Մասնավորապես, դրա արտահայտություններից է այդ երկրների միջև վիզային ռեժիմի խստացումը և այլն: Այսինքն, Ադրբեջանն այսօր կարծես թե պայքարում է երկու ճակատով: Ինչ-որ առումով այդ երկիրը մարտնչում է նաև համաշխարհային հանրության դեմ, քանի որ այսօր Ի. Ալիևի հակահայկական կոչերը գրեթե բոլորի կողմից ընկալվում են որպես ռասիզմի բացահայտ արտահայտություն:

- Իսկ ի՞նչ գնահատական կտաք մյուս հարևանների հետ մեր հարաբերություններին:

- Թուրքիայի հետ հարաբերությունների առումով պետք է ամրագրենք, որ հակահրթիռային համակարգերի տեղադրման գործընթացի արդյունքում այսօր Ռուսաստանի Դաշնությունը սկսել է ավելի սթափ գնահատել Թուրքիային որպես տնտեսական գործընկեր, քան նախկինում:

Ռեգիոնալ անվտանգությունը մեծ չափով կապված է նաև Ռուսաստան-Վրաստան հարաբերություների հետ։ Այդ առումով թվում է, թե 2011 թվականին շատ բան չի փոխվել, բայց կան միկրոսկոպիկ դրական տեղաշարժեր: Ես նկատի ունեմ Համաշխարհային առևտրային կազմակերպության շրջանակներում Ռուսաստան-Վրաստան համաձայնության գալը։ Սա թվում է, թե մեծ հարց չէ, բայց այնուամենայնիվ միտում է այդ երկու երկրների հարաբերությունները նորմալացնելու ու ավելի կառուցողական դարձնելու առումով: Վրաստանի հետ հարաբերություններում 2011-ին կարևոր ձեռքբերում կարելի է համարել նաև նախագահ Սերժ Սարգսյանի` այդ երկիր կատարած այցը, որի ընթացքում տնտեսության, ինչպես նաև այլ բնագավառներում մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

- Ի դեպ, տարածաշրջանային ծրագրերի հետ կապված, ի՞նչ կասեք:

- Ավելի գլոբալ տարածաշրջանային խնդիր կարելի է համարել Եվրամիության կողմից առաջարկված Արևելյան հարևանություն ծրագիրը և Ռուսաստանի կողմից՝ Եվրասիական միության նախագիծը: Երբեմն դրանք ներկայացվում են որպես իրար հակասող նախագծեր, բայց ես այդպես չեմ կարծում: Նկատեմ, որ Եվրասիական միության նախագծը հենվում է դեռ անցյալ դարում Շարլ դե Գոլի կողմից առաջարկված «Մեծ Եվրոպայի» գաղափարի վրա: Այդ համատեքստում, կարծում եմ, հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված և բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, որ մենք վարում ենք և՛ Ռուսաստանի` մեր ռազմավարական դաշնակցի նկատմամբ, և՛ Եվրոպայի ու ԱՄՆ-ի նկատմամբ, եվրոպական և ռուսասատանյան նախագծերը կարող են համատեղ «տեղավորվել» մեր քաղաքականության շրջանակներում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Հայաստանն է ամենահավասարակշռված քաղաքականություն վարում տարածաշրջանում, կարծում եմ, որ մենք ավելի շուտ, քան մնացածները, կարող ենք օգուտ քաղել այդ երկու նախագծերի համատեղումից:

- Պարոն Հարությունյան, այսինքն մենք երկու նախագծերից էլ օգտվելու հավասար հնարավորություննե՞ր ունենք:

- Գիտեք, երկու նախագծերն էլ դեռ նախագիծ են: Նկատենք նաև, որ եթե Եվրոպական Միությունն վերջին շրջանում նոր անդամներ ներգրավելու և քաղաքական որոշակի հարբերություններ ստեղծելու դրական փորձ ունի, ապա Ռուսաստանը որը նախկինում մեծ չափով ունեցել է այդ ունակությունները, վերջին շրջանում այդ ուղղությամբ շատ կորուստներ է ունեցել։ Անշուշտ, քաղաքակրթական, մշակութային և տնտեսական ընդհանուր տարածքում ինտեգրվելը համընկնում է մեր շահերի հետ: Ինչպես ասում են, կա քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակ: Եվ կարծես թե մենք կարող ենք զբաղվել նաև քարերը հավաքելով:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր