
ՉԵԽԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Տիգրան Ղանալանյան«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ
Չեխիայում հայկական համայնքը սկսել է ձևավորվել 1980-ական թթ. վերջին-1990-ական թթ. սկզբին։ Ներկայում Չեխիայում բնակվող հայերի թիվը մոտավոր հաշվարկներով հասնում է 10 հազարի։ Այստեղի հայության առջև ծառացած մարտահրավերների շարքում առաջնային է հայապահպանության, ազգային մշակույթի զարգացման, մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման հրամայականը։ Այս առումով խիստ արդիական են Չեխիայի հայ համայնքի կրթական խնդիրների ուսումնասիրությունը և դրանց լուծման մեջ հայության ներուժի դերակատարության բարձրացումը։
1990-ական թթ. Չեխիայի հայ համայնքի ձևավորմանը զուգահեռ՝ հասունացավ կրթական խնդրի կարգավորման հարցը։ Այստեղ հաստատված հայերը ձեռնամուխ եղան հայկական կրթության կազմակերպմանը։ Կազմակերպվեցին հայկական շաբաթօրյա դպրոցներ, որոնք, բնականաբար, չէին կարող ապահովել հայ մանուկների այնպիսի հայեցի կրթություն, ինչպես հայրենիքում։ Այնուամենայնիվ, դրանք նշանակալի երևույթ են համայնքի կյանքում։ Շաբաթօրյա դպրոցները նպատակ են հետապնդում ծանոթացնել հայ աշակերտներին իրենց մայրենի լեզվին, հայոց պատմությանն ու մշակույթին։ Այս առումով կարևոր նշանակություն ունեցավ Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի հիմնումը։
Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցը.- 1996թ. Պրահայում հիմնադրվեց հայկական շաբաթօրյա դպրոց, որը սկսեց գործել 1997 թվականից։ Այս գործում կարևոր դերակատարություն ունեցավ Արարատ Նիկողոսյանը1։ Հիմնադրման պահից դպրոցի պատասխանատուն է Արմեն Քոլոյանը։ Հիմնադիր ուսուցիչներից էին Ալլա Եսայանը և Կարինե Փարյանը: Տարբեր տարիների դպրոցում դասավանդել են Սոնա Աթանեսյանը, Սիրանույշ Տոնյանը, Հռիփսիմե Նալբանդյանը: Դպրոցը գործում է Կարլովի համալսարանի տարածքում։ Դրա հիմնադրման գործում կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները, այլև համայնքի բարեկամ չեխ գիտնականները։ Դպրոցի աշխատանքների կազմակերպումն իրականացնում է հետևյալ անձնակազմը. Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի պատասխանատու՝ Արմեն Քոլոյան, ավագ տարիքի աշակերտների ուսուցչուհի՝ Լարիսա Գրիգորյան, միջին տարիքի աշակերտների ուսուցչուհի՝ Անժելա Դադայան, կրտսեր տարիքի աշակերտների ուսուցչուհի՝ Ծովինար Բեյբության2։
Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցում ուսուցումը սկսվում է յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրվանից և ավարտվում մայիսի 28-ին նախորդող շաբաթ օրը։ Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցում պարապմունքներ անցկացվում են միայն շաբաթ օրերին. տարեկան անցկացվում է առավելագույնը 40 դաս, գործնականում դպրոցում դասեր են տեղի ունենում 35-37 օր։ Յուրաքանչյուր տարի դպրոցում իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի անկախության հռչակմանը, հայոց բանակին, դեկտեմբերյան երկրաշարժին, Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի Առաջին հանրապետությանը և այլն։
Դպրոցում ուսանելն անվճար է։ Հարկ է ընդգծել, որ դպրոցը ֆինանսական աջակցություն չի ստանում նաև պետության կողմից և գործում է աշակերտների ծնողների կամավոր հանգանակությունների շնորհիվ։ Հանգանակված գումարների օգտագործումը հաշվետվությամբ ներկայացվում է ծնողներին։ Աշակերտները վճարում են միայն Հայաստանից առաքված դասագրքերի համար, սակայն այդ գումարը վերադարձվում է գիրքը հետ հանձնելուն պես։ Դպրոցի ֆինանսական խնդիրների լուծման պարագայում, որը ենթադրում է բարձր հովանավորություն, հնարավոր կլինի էապես զարգացնել կրթության մակարդակը և հաղթահարել մի շարք խոչընդոտներ։
Շաբաթօրյա դպրոցի ուսումնական ծրագիրը ներառում է հայոց լեզու, գրականություն, պատմության խնդիրներին վերաբերող զրույցներ, կրոնական դասեր, երգի, պարի դասեր, ինչպես նաև ասեղնագործություն։
Պրահայի հայ համայնքի երեխաները հիմնականում հաճախում են չեխական, որոշ դեպքերում՝ ռուսական և ամերիկյան դպրոցներ։ Հարկ է նշել, որ այստեղ, ինչպես նաև շրջապատի հետ շփումներում և անգամ շաբաթօրյա դպրոցում, դասամիջոցների ժամանակ հայ երեխաները գերազանցապես խոսում են չեխերեն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն։ Սա վկայում է այն մասին, որ շաբաթօրյա դպրոցի հայոց լեզվի դասավանդման ձևաչափը չի կարող լուծել համայնքի առջև ծառացած գլխավոր մարտահրավերներից մեկը՝ հայոց լեզվի իմացության և կիրառման խնդիրը։ Ակներև է, որ հայոց լեզուն զիջում է դիրքերը և դադարում է կիրառական լինել հայ համայնքի անդամների համար նույնիսկ ներհամայնքային շփումներում։ Սա ընդհանրապես հայ համայնքի գոյության վճռական խոչընդոտ է, որն ավելի է ընդլայնվում ու ահագնացող չափեր ընդունում։ Հենց այս մարտահրավերներին դիմագրավելու համար շաբաթօրյա դպրոցը կարգախոս է ընտրել անվանի գրող Խաչիկ Դաշտենցի իմաստուն խոսքը. «Մեր շուրջը լեզուներ են նոր ու հին, մեր շուրջը խոսում են այլորեն, եկ խոսենք, եղբայր իմ, հայերեն»3:
Կարևորվում է Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի ակտիվ համագործակցությունը ինչպես Սփյուռքի, այնպես էլ Հայաստանի կրթական հաստատությունների հետ։ Այս առումով որոշակի դերակատարություն ունի 2010թ. կայացած Համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովին Պրահայի շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհիներ Ա.Դադայանի և Լ.Գրիգորյանի մասնակցությունը։ Նշենք, որ այս խորհրդաժողովին մասնակցում էին Սփյուռքի 83 և ՀՀ ու ԼՂՀ 41 ներկայացուցիչներ4։ Նման խորհրդաժողովներին սփյուռքահայ դպրոցների ներկայացուցիչների մասնակցությունը կարևոր նշանակություն ունի։ Մասնավորապես, առավել մեծ նշանակություն ունի Չեխիայի նման փոքր հայկական համայնք ունեցող երկրների հայկական դպրոցների մասնակցությունը, քանի որ, ի տարբերություն առավել մեծաքանակ հայկական համայնք և բազմաթիվ դպրոցներ ունեցող երկրների, Չեխիայի հայկական դպրոցներն ունեն հայկական կրթության կազմակերպման փորձի ուսումնասիրության և համագործակցության ավելի մեծ պահանջ։
Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցը 2010թ. հայտ էր ներկայացրել5 ՀՀ Սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից անցկացվող «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթին։ Սա ցույց է տալիս, որ Պրահայի հայկական դպրոցի ներկայացուցիչները գիտակցում են կրթօջախի համահայկական կրթական համակարգում ինտեգրվելու և համագործակցելու անհրաժեշտությունը։ Չնայած Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցը չարժանացավ մրցանակի6, սակայն մասնակցության փաստն ինքնին վկայում է համագործակցության և համահայկական կրթական գործընթացներին հաղորդակից լինելու կարևոր հանգամանքի մասին։
Կարևոր նշանակություն ունի Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի համագործակցությունը ոչ միայն համայնքի կրթական այլ միավորների, այլև զանազան համայնքային կառույցների հետ։ Այդպիսի համագործակցության օրինակ կարելի է համարել Պրահայի հայկական դպրոցի ներկայացուցիչների մասնակցությունը «Օրեր» եվրոպական ամսագրի 10-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այստեղ ելույթով հանդես է եկել դպրոցի ուսուցչուհի Լ.Գրիգորյանը։ Դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանը շեշտել է, որ պարբերականն անցած տարիներին միշտ եղել է դպրոցի կողքին և հաղթահարելով բազում դժվարություններ՝ կարողացել դառնալ համայնքային կյանքի լուսաբանման միակ օրգանը7: Ինչպես պարբերական մամուլի, այնպես էլ համայնքային այլ կառույցների հետ ակտիվ համագործակցությունը նպաստում է դպրոցի բնականոն գործունեությանը։ Այսպիսի համագործակցությունը նպաստում է ինչպես առանձին կառույցների, այնպես էլ համայնքի զարգացմանն ընդհանրապես։
Մեծ նշանակություն ունի Հայաստանի հետևողական աջակցությունը Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի գործունեությանը։ Այս հարցում կարևոր է նաև դպրոցի ուսուցիչների աշխատանքի գնահատումը։ Այսպիսի գնահատական էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանին պատվոգիր հանձնելը8։ Ուսուցչուհու երկար տարիների աշխատանքի գնահատումը նոր լիցք է հաղորդում դպրոցի աշխատանքներին, քանի որ օտարության մեջ հայապահպանությամբ զբաղվող կրթության նվիրյալները տեսնում են, որ արժանանում են հայրենի պետության ուշադրությանը։ Իսկ 2011թ. փետրվարին Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցում աշակերտների, ուսուցիչների և ծնողների ներկայությամբ Չեխիայի հայկական համայնքներում ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական Հակոբ Ասատրյանը նախարարության հայտարարած մրցույթին մասնակցության և հայապահպանության գործում ունեցած ավանդի համար դպրոցի տնօրեն Արմեն Քոլոյանին հանձնեց նախարար Հրանուշ Հակոբյանի ստորագրությամբ պատվոգիրը9։
Դպրոցը Չեխիայի ամենամյա ազգային պատանեկան ու երիտասարդական մշակութային փառատոնների մասնակից է։ Չեխիայի ազգային փոքրամասնությունների ընտանիքում հայ համայնքն արդեն ճանաչված է նաև հանձին Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցի10։ Այսպիսով, Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցն աշխատանքներ է կատարում հայ համայնքը Չեխիայում ներկայացնելու ուղղությամբ։ Սա, բնականաբար, ունի էական դրական նշանակություն, քանի որ հայկական համայնքի հեղինակության բարձրացումը պայմանավորում է Չեխիայում հայերի դրության բարելավում և համայնքային կառույցների գործունեության ասպարեզի ընդլայնում։
Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցը Չեխիայի հայ համայնքի գլխավոր կրթական հաստատությունն է, ինչը պայմանավորված է ինչպես Պրահայի՝ մայրաքաղաք, այնպես էլ հայ համայնքի կենտրոն լինելով։ Դպրոցը ունի առաջնակարգ դերակատարություն Չեխիայի հայ համայնքի կրթական խնդիրների լուծման մեջ։ Չափազանց կարևոր է դպրոցի համագործակցությունը համայնքի կրթական այլ կառույցների, ինչպես նաև հայ համայնքի բոլոր մյուս միավորների հետ։ Շաբաթօրյա դպրոցն ունի զարգացման ներուժ, որի արդյունավետ գործադրումն անվիճելի հրամայական է Չեխիայի հայ համայնքի համար։
Բռնոյի հայկական շաբաթօրյա դպրոցը.- 2007թ. հոկտեմբերի 6-ին Բռնոյում բացվեց հայկական շաբաթօրյա դպրոց, որի նախաձեռնությամբ հանդես եկավ Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Բռնոյի հայկական շաբաթօրյա դպրոցը նպատակ ունի ոչ միայն հայ երեխաներին սովորեցնել հայոց լեզու և պատմություն, այլև ծանոթացնել հայկական պարերին և երաժշտությանը։ Դպրոցում դասավանդվում են հետևյալ առարկաները՝ հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն, պարարվեստ և երաժշտություն։ Առարկաների այս ընդգրկումը, անշուշտ, կարող է կարևոր խթան հանդիսանալ հայապահպանության բնագավառում համայնքի բնականոն գործունեության ապահովման համար։ Հաշվի առնելով բազմաթիվ գաղթօջախներում առկա կրթական ծանրագույն մակարդակը և դպրոցներում դասավանդվող առարկաների սակավությունն ու սահմանափակ բնագավառներ ընդգրկելը՝ Բռնոյի հայկական դպրոցի առարկաների զանազանությունը և ընդգրկումը կարելի է բավարար համարել։ Այնուամենայնիվ, մի քանի առարկաների դասավանդմամբ, շաբաթական մեկ օր գործող դպրոցից անիրատեսական է ակնկալել համակողմանի հայ կրթության ապահովում։
Դպրոցի բացման օրը գրանցվեցին 30 հայորդիներ։ Հիշատակման է արժանի նաև այն հանգամանքը, որ Բռնոյի հայկական շաբաթօրյա դպրոցի բացման արարողությանը մասնակցում էին ոչ միայն Բռնո քաղաքում բնակվող հայեր, այլև Պրահայի հայկական գաղթօջախի ներկայացուցիչներ։ Մասնավորապես, արարողությանը մասնակցում էր «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիրը։ Անշուշտ, կարևոր հանգամանք է Բռնոյի հայկական շաբաթօրյա դպրոցի համագործակցությունը Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի հետ։ Այդ համագործակցությունը սկսվեց Բռնոյի դպրոցի բացման պահից, երբ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը նորաբաց դպրոցի ուսուցիչներին բաժանեց Պրահայի դպրոցից ուղարկված դասագրքերը11։
Պրահայի և Բռնոյի հայկական դպրոցների շարունակական համագործակցությունը կնպաստի ոչ միայն այս երկու կրթօջախների զարգացմանը, այլև, ընդհանրապես, Չեխիայի հայ համայնքի կրթական կյանքի առաջխաղացմանը։ Այս համագործակցությունը նպաստում է ոչ միայն կրթական ոլորտի, այլև ընդհանրապես համայնքի հզորացմանն ու զարգացմանը։
Բռնոյի հայկական շաբաթօրյա դպրոցը պետք է հիմնվի Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի փորձի վրա։ Ավելի քան մեկ տասնամյակ ավելի վաղ գործունեությունը սկսած Պրահայի շաբաթօրյա դպրոցի անցած ուղին պետք է օրինակ հանդիսանա Բռնոյի դպրոցի համար։
Այս դպրոցի պարագայում նույնպես առաջնակարգ նշանակություն ունի հայկական կրթական գործընթացներում մասնակցության և ինտեգրման ապահովումը։ Բռնոյի հայկական շաբաթօրյա դպրոցն ունի զարգացման զգալի ներուժ, որը կարող է արդյունավետ օգտագործվել ինչպես Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի ու Չեխիայի հայ համայնքի մյուս կառույցների, այնպես էլ Սփյուռքի և Հայաստանի զանազան միավորների հետ ակտիվ համագործակցության պարագայում։
Չեխիայի հայ համայնքի կրթական խնդիրների լուծման մեջ կարևոր դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության համագործակցությունը կրթական, մշակութային և այլ բնագավառներում։ Այս առումով հատկանշական է 2010թ. դեկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին» hամաձայնագիրը12, որում կրթությանը հատկացված է առանձին հոդված։ Համաձայնագրի՝ կրթությանը վերաբերող 4-րդ հոդվածը հարկ ենք համարում մեջբերել ամբողջությամբ, որտեղ կողմերը պարտավորվում են աջակցել.
- բոլոր մակարդակներում դպրոցների միջև ուղղակի համագործակցությանը,
- տեղեկատվության, մանկավարժական և մեթոդական հրապարակումների ու այլ ուսումնասկան նյութերի փոխանակմանը,
- չեխերենի և հայերենի ուսուցմանը՝ հիմնականում ուսումնական նյութերի միջոցով, դասախոսների ուղարկմանը և պայմանավորվող կողմերի պետությունների ազգերի լեզուների և մշակույթի վերաբերյալ դասընթացների կազմակերպմանը,
- բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ու դասախոսների փոխանակմանը13։
Դպրոցների միջև փորձի փոխանակումը կօժանդակի նաև Չեխիայի հայկական դպրոցներում հայկական կրթության փորձի համակողմանի կիրառմանը։ Ուսումնական նյութերի տարածումը կարող է լրացնել հայկական դպրոցներում առկա ուսումնական գրականության սակավության հիմնախնդիրը։ Հայերենի իմացության տարածումը Չեխիայում կնպաստի հայոց լեզվի թուլացող դիրքերի ամրապնդմանն այս երկրում։ Իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության շնորհիվ հնարավոր է ամուր կապ ստեղծել Չեխիայի բուհերում սովորող հայ ուսանողների և մայր Հայրենիքի միջև, նպաստել նրանց մասնակցությանը Հայության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը։
Վերոհիշյալ խնդիրների լուծումը կնպաստի ոչ միայն Չեխիայի հայ համայնքի կրթական ու համայնքային խնդիրների լուծմանը, այլև Չեխիայում հայկական մշակույթի ճանաչման շնորհիվ կնպաստի տեղի հայ համայնքի դիրքերի հզորացմանը և հեղինակության բարձրացմանը։
Չեխիայի հայ համայնքի կրթական կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում համահայկական կազմակերպությունների հետ համագործակցությունը տարբեր, այդ թվում՝ կրթության բնագավառում։ Այս առումով նշանակալի էր 2010թ. մայիսին Պրահայում կայացած Հայկական բարեգործական ընդհանուր միության Վիրտուալ քոլեջի տնօրեն Երվանդ Զորյանի հանդիպումը Պրահայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ14։ Հանդիպման ընթացքում Ե.Զորյանը ներկայացրել է Վիրտուալ քոլեջի շուրջ մեկամյա գործունեությունը, ընդգծել չեխահայության այդ ծրագրերին մասնակցելու հնարավորությունները։ Բացի այդ, քննարկվել են կրթությանը վերաբերող ՀԲԸՄ կրթական այլ ծրագրեր։ Նման հանդիպումները նպաստում են ոչ միայն համայնքային, այլև համահայկական կրթական խնդիրներում չեխահայության ընդգրկվածությանը։
Չեխիայի հայ համայնքի կրթական խնդիրները կարևորվում են ընդհանրապես սփյուռքահայության կրթական խնդիրների համատեքստում։ Մասնավորապես, չափազանց մտահոգիչ է հայոց լեզվին տիրապետելու մակարդակը Սփյուռքում և, մասնավորապես, Չեխիայի հայ համայնքում։ Չեխիայի հայ համայնքի կրթական խնդիրների և ծանր կացության մասին է նշում նաև «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը՝ նշելով, որ այստեղ քչերն են գրում և կարդում հայերեն: Պրահայում շաբաթօրյա հայկական դպրոց հաճախում է 30 աշակերտ, «որը շատ քիչ է 6.000-անոց հայկական համայնքի համար»15:
Անհրաժեշտ է ընդգծել նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը վերոհիշյալ խնդիրների լուծման մեջ։ Ակնհայտ է, որ այստեղ բավարար չափով չեն օգտագործվում առկա ռեսուրսները։ Ասվածի ապացույցն է «Օրեր» ամսագրի խմբագիր Հ.Ասատրյանի նկատառումը, որը վերաբերում է հայաստանյան հեռուստատեսությունների հաղորդումներին։ Նա հատկապես ընդգծում է կրթության խնդիրներում հեռուստատեսային ռեսուրսի ներգրավելու անհրաժեշտությունը Չեխիայի հայաբնակ այն բնակավայրերում, որտեղ չկան հայկական դպրոցներ16։ Ակնհայտ է, որ կրթադաստիարակչական հաղորդումները, որոնք գրեթե բացակայում են կամ խիստ սակավաթիվ են հայկական հեռուստատեսությունում, կարող են ունենալ կարևոր դերակատարություն հայապահպանության խնդրում։ Նման հաղորդումները կնպաստեն ինչպես հայոց լեզվի յուրացմանը, այնպես էլ հայկական մշակույթի և քաղաքակրթական առանձնահատկությունների ընկալմանն ու ճանաչմանը Սփյուռքում, տվյալ դեպքում՝ Չեխիայի հայ համայնքում։
Կարևորվում է նաև համայնքային կառույցների աշխատանքների համակարգումը, ինչի մասին Հակոբ Ասատրյանը նշում է. «Ճիշտ է, կա շաբաթօրյա դպրոց, կա հոգևորական, բայց համայնքը չունի համայնքային կենտրոն, որտեղ մարդիկ գան-գնան, հավաքվեն, այդ հարցն արդեն քննարկվում է»17: Անշուշտ, ինչպես դպրոցների, այնպես էլ համայնքային մյուս կառույցների ակտիվ համագործակցությունը և համակարգումը կնպաստեն համայնքի զարգացմանն ու ամրապնդմանը։
Չեխիայի հայ համայնքի կրթական խնդիրների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այս հարցում չի օգտագործվում Հայության ողջ ներուժը։ Անշուշտ, խոսքը վերաբերում է ինչպես համայնքային, այնպես էլ հայաստանյան ներուժի համախմբմանը։ Այս առումով կարևոր է կրթական հիմնախնդիրներում միավորել ողջ համայնքը, ակտիվացնել Չեխիայի հայկական կրթօջախների հարաբերությունները Սփյուռքի (առաջին հերթին՝ Եվրոպայի) այլ համայնքների հետ։ Բնականաբար, առաջնակարգ նշանակություն ունի հայաստանյան գիտական և կրթական զանազան հաստատությունների հետ Չեխիայի հայկական կրթական հաստատությունների հարաբերությունների զարգացումը։ Այս համագործակցությունը կարող է կրել տարաբնույթ ձևաչափեր՝ փորձի փոխանակում, ուսուցիչների վերապատրաստում Հայրենիքում, անհրաժեշտ գրականության ապահովում և այլն։
Ընդգծելով Չեխիայի հայկական շաբաթօրյա դպրոցների գոյության կարևորությունը՝ չպետք է գերագնահատել դրանց ներուժն ու հնարավորությունները։ Ակնհայտ է, որ սրանք կարող են բավարարել համայնքի նվազագույն պահանջները։ Ուստի, հաշվի առնելով արդի կրթամշակութային, քաղաքակրթական գլոբալացման գործընթացները, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Չեխիայի հայ համայնքի կրթական խնդիրների լուծման համար անհրաժեշտ են միանգամայն նոր մոտեցումներ և կառույցներ, որոնք կարող են դիմագրավել վերոհիշյալ մարտահրավերներին։ Առաջին հերթին նկատի ունենք համացանցի ընձեռած ահռելի հնարավորությունների օգտագործումը կրթական խնդիրների լուծման մեջ։ Վերոհիշյալ խնդիրը, բազմաթիվ յուրահատկություններով հանդերձ, բնութագրական է ոչ միայն Չեխիայի հայ համայնքին, այլև Սփյուռքի հայկական համայնքներին ընդհանրապես։
Չեխիայի հայ համայնքի կրթական խնդիրները, բազմաթիվ յուրահատկություններ ունենալով հանդերձ, կազմում են սփյուռքահայ կրթօջախներին բնորոշ հիմնախնդիրների բաղկացուցիչները։ Հետևաբար, դրանք պահանջում են ինչպես տեղային՝ Չեխիայի հայ համայնքի առանձնահատկությունները հաշվի առնող, այնպես էլ, ընդհանրապես, Սփյուռքի կրթական խնդիրներին վերաբերող համակարգային մոտեցումներ։
1 Ղազարյան Շ., Որ չկորցնեն տունդարձի ճանապարհը, «Առավոտ», 24.06.2010, http://www.aravot.am/am/articles/guidepark/80405/view
2 Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոց, http://haydproc.cz/About.aspx
3 Նույն տեղում։
4 http://www.ktak.am/Spyurk/2010/Contacts-list-2010.pdf
5 http://www.armcongress.am/AM/news/77
6 Մեկօրյա կրթօջախներից գլխավոր մրցանակ ստացավ Հայկական կիրակնօրյա դպրոցը (ՌԴ, Ուֆա), մրցանակների արժանացան Մ.Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցը (Ուկրաինա, Օդեսա), Ստեղծագործական զարգացման և հումանիտար կրթության «Էթնոս» կենտրոնը (ՌԴ, Տյումեն), Գէորգ Թահթաեան կիրակնօրեայ ազգային վարժարանը (Մեծ Բրիտանիա, Լոնդոն): Տե՛ս Պարգևների արժանացան «Լավագույն հայկական կրթօջախ» մրցանակաբաշխության հաղթողները, http://www.mindiaspora.am/am/News?id=1131
7 Մեկնարկել է «Օրեր» եվրոպական ամսագրի 10-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, http://www.mindiaspora.am/am/News?id=1131.
8 Սփյուռքի նախարարության պատվոգիրը Պրահայի շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանին, http://www.nt.am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2010&month=02&day=19&shownews=1022677&LangID=4#1022677
9 Տե՛ս «Օրեր», 2011, N 1-2, http://www.orer.cz/
10 Ղազարյան Շ., նշվ. աշխ.։
11 Չեխիայի Բռնո քաղաքում բացվեց հայկական շաբաթօրյա դպրոց, «Ազգ», 12-10-2007, http://www.azg.am/AM/2007101215
12 Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին, http://www.edu.am/DownloadFile/4149arm-hamadzaynagir.PDF
13 Նույն տեղում։
14 Պրահայում տեղի է ունեցել հանդիպում Երվանդ Զորյանի հետ, http://www.nt.am/news.php?p=4&c=cz&t=0&r=0&year=2009&month=11&day=27&shownews=1020482&?p=4&c=cz&t =0&r=0&year=2010&month=05&day=26&shownews=1026685&LangID=4#1026685
15 Սփյուռքում հայ երիտասարդները հայերեն գրել-կարդալ դժվարանում են, http://www.report.am/news/society/spyurq-hayeren.html
16 Հայաստանի հեռուստատեսություններով հեռարձակվող հաղորդումները դուր չեն գալիս սփյուռքահայերին, http://www.virahayer.com/armenia-diaspora-news/487.html
17 Մարտինյան Ի., Տպագիր մամուլն այստեղ ավելի ազատ է, քան էլեկտրոնային լրատվամիջոցները, http://hetq.am/am/media/mamul-506/
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ[05.05.2015]
- ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ[10.02.2015]
- ԱՄՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[26.01.2015]
- ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏԻ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ. ՊԱՏԿԵՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ[12.12.2013]
- ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ[07.03.2013]
- ՉԵԽԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[17.01.2013]
- ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ[06.09.2012]
- ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ[07.06.2012]
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ[18.04.2011]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ[29.03.2011]