
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ
Տիգրան ՂանալանյանՏ.Ղանալանյան` «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ
Այսօր Հարավային Ամերիկայում հայ առաքելական և կաթոլիկ համայնքների կողքին գոյություն ունեն հայ բողոքական համայնքներ։ Մասնավորապես, հայ բողոքական համայնքներ են գործում Արգենտինայում, Բրազիլիայում և Ուրուգվայում, որոնք տեղի հայության անբաժանելի մասն են։ Հարավային Ամերիկայի հայ բողոքական համայնքների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ինչպես հայ բողոքականության, այնպես էլ տեղի հայության խնդիրների համատեքստում։
Արգենտինա. Արգենտինահայ համայնքը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին։ 1914թ. Արգենտինայում բնակվել է 2 հազար հայ, իսկ 1962թ.՝ 40 հազար։ 2003թ. տվյալներով՝ Արգենտինայում բնակվում է մոտ 70 հազար հայ, որոնց 60 հազարը՝ Բուենոս Այրեսում, 5 հազարը՝ Կորդովայում, 500-ական՝ Մար դել Պլատայում և Ռոսարիոյում1։
Հազարավոր հայերի՝ Արգենտինայում հաստատվելու հիմնական պատճառը 1890-ական թվականների հայերի զանգվածային ջարդերն էին և Մեծ եղեռնը։ Այս գործընթացները հարկադրեցին ցեղասպանությունից մազապուրծ եղած բեկորներին օթևան փնտրել օտար երկրներում։ Այսպիսով, հայ ավետարանականների հաստատումն Արգենտինայում պայմանավորված էր ընդհանրապես հայերի զանգվածային հոսքով դեպի այս երկիր։
1920-ական թվականներին Արգենտինայում հանդես են գալիս առաջին հայ բողոքական եկեղեցիները։ Բուենոս Այրեսում Հրանտ Ապաճյանի և Նազարեթ Սալիպյանի առաջնորդությամբ տեղի են ունեցել աղոթաժողովներ։ Շուտով հավատացյալների թիվը հասել է 200-ի։ 1929թ. կազմվել է Հայ Ավետարանական ժողովական եկեղեցին։ 1939 թվականին Բուենոս Այրեսի և շրջակայքի հայոց թիվը հասնում էր շուրջ 15 հազարի, որոնց գրեթե մեկ տասներորդը ավետարանականներ էին։ Այսինքն՝ հայ ավետարանականների թիվը կազմել է մոտ 1500։ 20-րդ դարի կեսերին տեղի երեք հայ ավետարանական եկեղեցիներից ամենատարեցի՝ եղբայրակցական եկեղեցու անդամների թիվը հասել է 80-ի։ Նույն ժամանակաշրջանում երկրորդ Հայ Ավետարանական եկեղեցին (որի հովիվն էր վեր. Ն.Տեր-Խորենյանը) ունեցել է 75 հետևորդ ընտանիք, իսկ Հայ Ավետարանական ժողովական եկեղեցին (որի հովիվն էր վեր. Մ.Պալյանը)՝ ընդամենը 30 ընտանիք2։
Հայ Եղբայրության եկեղեցին 20–րդ դարի կեսերին Բուենոս Այրեսում ունեցել է մոտ 300, իսկ Կորդովայում՝ մոտ 100 անդամ։ Բուենոս Այրեսի Հայ Եղբայրության եկեղեցին ունեցել է նաև իր սեփական շենքը3։ Այժմ Բուենոս Այրեսի Հայ Եղբայրության Աստվածաշնչի եկեղեցու հովիվը Լուիս Վինասն է4։
Բուենոս Այրեսում գործում են երկու ավետարանական եկեղեցիներ, չորս ավետարանական ժողովարաններ, իսկ Կորդովայում՝ մեկ ավետարանական ժողովարան5։
Այժմ Բուենոս Այրեսի Հայ Ավետարանական կոնգրեգացիոնալ եկեղեցու հովիվներն են Ռոբերտո Գոնգորան և Դավիթ Կասարետոն6։ Արգենտինայի հայ ավետարանականների կյանքում կարևոր դերակատարություն ունի նաև Արգենտինայի Հայկական միսիոներական ընկերակցությունը։
1961-1983թթ. Բուենոս Այրեսում լույս է տեսել Հայ ավետարանական եղբայրակցության եկեղեցիների միության «Երջանիկ հույս» պաշտոնական ամսագիրը: 1983 թվականից այն լույս է տեսնում Փասադենայում (ԱՄՆ): «Երջանիկ հույսն» ունի կրոնական բովանդակություն, տպագրել է նաև լուրեր Եղբայրակցության վերաբերյալ7:
2009 թվականը Արգենտինայի հայ բողոքական համայնքի կյանքում նշանավորվեց Հայ Ավետարանական ժողովական սուրբ երրորդություն եկեղեցու 80-ամյակի միջոցառումներով։ Այս միջոցառումներին մասնակցեցին բազմաթիվ հոգևոր հովիվներ և բարերարներ, որոնք էական դերակատարություն են ունեցել եկեղեցու պատմության մեջ։ Այժմ եկեղեցուն է պատկանում Ֆլորեստա թաղամասում գտնվող Cristo es el Cambio եկեղեցին։ Այս ժողովատեղիի ստեղծմանը Հայ Ավետարանական ժողովական եկեղեցին ձեռնամուխ է եղել դեռևս 1998 թվականին։ Այսօր Հայ Ավետարանական ժողովական եկեղեցու հիմնական գործառույթներն են՝ աղոթաժամ, պաշտամունք և փառաբանություն, երաժշտական և աստվածաշնչյան դպրոց տարբեր տարիքի համար, հայոց և իսպաներեն լեզուների ուսուցման դասընթացներ8։
Այսպիսով, Հարավային Ամերիկայի խոշորագույն հայկական համայնքում հայ բողոքականներն ունեն կարևոր դերակատարություն։ Արդիական է նրանց սերտ համագործակցությունը հայության մյուս խմբերի հետ։ Կարևոր նշանակություն ունի նաև արգենտինահայ բողոքականների ակտիվ համագործակցությունը մայր հայրենիքի ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ զանազան կառույցների հետ։
Բրազիլիա. Հայերը Բրազիլիայում հաստատվել են 19-րդ դարի 2-րդ կեսին: 1895թ. հայերի թիվը մոտ 100 էր: Մեր հայրենակիցների ավելի ստվար խմբեր եկել են 1920-ական թթ. և բնակություն հաստատել առավելապես Սան Պաուլո քաղաքում ու համանուն նահանգի այլ բնակավայրերում: 1994թ. հայերի թիվը Բրազիլիայում հասել է 20 հազարի9։ Ներկայումս Բրազիլիայում բնակվում է 25-30 հազար հայ: Հիմնական մասը (մոտ 15 հազ.) կենտրոնացված է Սան Պաուլոյում և շրջակա քաղաքներում (Օզասկո, Պրեզիդենտե, Ալտինո և այլն): Ռիո դե Ժանեյրոյում ապրում է մոտ 600 հայ, մայրաքաղաք Բրազիլիայում՝ մոտ 300: Մնացած մասը ցրված է երկրի տարբեր նահանգներում (Պարանա, Սեարա, Բահիա, Մատու Գրոսու, Մինաս Ժերաիս, Սանտա Կատարինա և այլն)10:
1920-ական թվականներից Բրազիլիայում հայ ավետարանականները սկսեցին աղոթաժողովներ հրավիրել։ Այս շրջանում կարևոր դերակատարություն ուներ վեր. Միքայել Պիչմեյանը։ Կարճ ժամանակամիջոցում նկատվեց հավատացյալների թվի աճ։ Պիչմեյանը շարունակեց գլխավորել աղոթաժողովները մինչև 1930 թվականի ապրիլը։ 1930թ. ապրիլի 7-ին Սան Պաուլոյում ձևավորվում է 65 անդամներից բաղկացած եկեղեցի։ 1939 թվականին կազմավորված եկեղեցին ուներ 42 ընտանիք, 234 ժողովուրդ, 73 եկեղեցու անդամ, կիրակնօրյա դպրոցների աշակերտների թիվը 30 էր, իսկ «Զարգացման Արշալոյս»-ի անդամների թիվը 45 էր11։
Նշանակալի է նաև Հայ եղբայրության Աստվածաշնչի եկեղեցու գործունեությունը Բրազիլիայում (Սան Պաուլոյում)։ Այժմ Սան Պաուլոյի եկեղեցու հովիվն է Մովսես Ներսիսյանը12։
Բրազիլիայում ներկայում գործում է երեք հայ ավետարանական կառույց՝ երկու Հայ Ավետարանական եկեղեցի և Հայկական միսիոներական ասոցիացիայի շրջանային կոմիտեն։ Սան Պաուլոյի Հայ Ավետարանական կենտրոնական եկեղեցու հովիվն է Ռոյ Աբրահամյանը, իսկ նրա օգնականը՝ Դիոնիսիո Պալհա Ատիադեն։ 1970թ. հիմնադրված Հայ Ավետարանական եկեղեցու հովիվը նույնպես Ռոյ Աբրահամյանն է, օգնականը՝ Դիոնիսիո Պալհա Ատիադեն։ Տեղի հայ ավետարանականների կյանքում կարևոր նշանակություն ունի Հայկական միսիոներական ընկերակցության շրջանային կոմիտեի գործունեությունը, որի ղեկավարն է Համբարձում Մումջյանը13։ Ակնհայտ է, որ Ռոյ Աբրահամյանը, ինչպես նաև Դիոնիսիո Պալհա Ատիադեն ունեն կարևոր դերակատարություն Բրազիլիայի հայ ավետարանական համայնքում։ Սակայն բացասական երևույթ է որակյալ եկեղեցական սպասավորների սակավությունը։
Ներկայում Բրազիլիայում հայ ավետարանականները շուրջ 400 ընտանիք են, ունեն եկեղեցի Սան Պաուլոյում: Հաճախ կազմակերպում են հասարակական և բարեգործական միջոցառումներ, հրատարակում են պարբերական (հայերեն, պորտուգալերեն): Գործում է «Ավետարանական եղբայրներ» միությունը14:
Բրազիլիայում հայ ավետարանականները կատարում են նաև կարևոր կրթական գործառույթներ, ունեն կիրակնօրյա դպրոցներ, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Բրազիլիայի հայ բողոքական, այլև ամբողջ հայկական համայնքի համար։
Ակնհայտ է, որ Բրազիլիայի հայ բողոքական համայնքը և՛ թվաքանակով, և՛ գործառույթներով կարևոր դերակատարություն ունի այդ երկրի հայ համայնքի կյանքում։
Ուրուգվայ. Հայերն Ուրուգվայում հաստատվել են 19-րդ դարից, սակայն մինչև 1900 թվականը Ուրուգվայ է գաղթել ընդամենը 15 հայ: Ուրուգվայահայ գաղութն սկսել է կազմավորվել 1920-ական թթ., երբ Մեծ եղեռնից փրկված և Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած հայ գաղթականների ստվար խմբեր տեղափոխվել են այստեղ: Այդ ժամանակաշրջանում հայության թիվը կազմել է մոտ 3 հազար: Գաղութը ստվարացել է 1926 թվականին, երբ սկսվել է հայ գաղթականների երկրորդ ստվար հոսքը: 1931 թվականին, գաղութի մարդահամարի տվյալներով, Ուրուգվայում բնակվել է 4 հազար հայ: 2003թ. տվյալներով՝ ուրուգվայահայության թիվը մոտ 15 հազար է, որոնք կենտրոնացած են Մոնտեվիդեոյում, սակավաթիվ հայ ընտանիքներ կան նաև Պիրիապոլիս քաղաքում15:
Ուրուգվայում ևս, ինչպես Արգենտինայում և Բրազիլիայում, հայ ավետարանականների եկեղեցական ակտիվ գործունեությունը սկսվել է 20-րդ դարի 20-ական թվականներին։ Այդ ժամանակ նրանց քարոզիչը Մոնտեվիդեոյում եղել է Զ.Կարապետյանը։ 1920-ական թվականներին եկեղեցի հաճախողների թիվը կազմել է ընդամենը 6-8 ընտանիք։ 1934 թվականին այստեղ հոգևոր գործունեություն է ծավալել Հ.Ատատուրյանը, նույն թվականին որպես քարոզիչ հրավիրվել է պատվելի Հ. Տեր-Ղազարյանը։ 1938թ. եկեղեցու համայնքը կազմել է 60 ընտանիք։ Գործել է նաև կիրակնօրյա դպրոց, որի աշակերտների թիվը նույն թվականին եղել է 30 հոգի16։
Ուշագրավ է նաև Հայ Եղբայրության Աստվածաշնչի եկեղեցու գործունեությունն Ուրուգվայում։ 20–րդ դարի կեսերին այն Մոնտեվիդեոյում ուներ 100 անդամ։ Այժմ Մոնտեվիդեոյի Հայ Եղբայրության Աստվածաշնչի եկեղեցու հովիվն է վեր. Պեդրո Լապադջյանը17։
Ուրուգվայում Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների կողքին գործում է երկու Հայ Ավետարանական եկեղեցի18։ Հայ Ավետարանական եկեղեցիները ծավալում են ակտիվ գործունեություն։ Արդյունքում՝ վերջին երկու տասնամյակներում Ուրուգվայում հայ ավետարանականների թիվը կտրուկ շատացել է19։ Սա չի նշանակում, թե ուրուգվայահայ համայնքում Հայ Առաքելական եկեղեցին չունի իր ավանդական կարևորագույն դերակատարությունը, ինչպես Սփյուռքի մյուս հայկական համայնքներում, սակայն դրան զուգահեռ առավել ակնառու են դառնում հայ բողոքականների նշանակալի ներկայությունն ու գործունեությունը հայկական համայնքի կյանքում։
Մոնտեվիդեոյի Հայ Ավետարանական առաջին եկեղեցու հովիվն է Օբեդ Բոյաջյանը։ Համայնքի կյանքում նշանակալի է նաև կրկին Մոնտեվիդեոյում գտնվող Հայկական միսիոներական ընկերակցության շրջանային կոմիտեի ծավալած գործունեությունը, որի ղեկավարն է Երեմիա Էլմասյանը20։
Կարևոր նշանակություն ունի նաև Հարավային Ամերիկայի հայ բողոքականների, տվյալ պարագայում՝ Ուրուգվայի հայ բողոքական համայնքի համագործակցությունն այդ երկրի մյուս բողոքական եկեղեցիների և այլ կառույցների միջև, որոնք նպաստում են հայ բողոքական համայնքի հզորացմանը երկրում, ինչի շնորհիվ ավելանում է հայության դերակատարությունը տվյալ պետությունում։
Ուրուգվայի Հայ Ավետարանական եկեղեցին անդամակցում է Ուրուգվայի Ավետարանական եկեղեցիների դաշնությանը, որը հիմնադրվել է 1956 թվականին, ունի ութ անդամ և ևս հինգ ասոցիացված անդամ։ Ուրուգվայի Ավետարանական եկեղեցիների դաշնությանը միավորվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Համաշխարհային միսիոներության և ավետարանականության հանձնաժողովի հետ21։
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործունեությունը Հարավային Ամերիկայում.- Հարավային Ամերիկայի հայ բողոքական համայնքներում կարևոր նշանակություն ունի նաև Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործունեությունը։ Մասնավորապես, Արգենտինայում ԱՀԱԸ-ը հիմնականում զբաղված է կարիքավոր ընտանիքներին և տարեցներին օգնելով, ինչպես նաև Աստվածաշնչի և հոգևոր գրականության տարածմամբ։ Բրազիլիայում ԱՀԱԸ հիմնական գործառույթների մեջ են մտնում Հայ Ավետարանական եկեղեցուն աջակցելը, քրիստոնեական գրականության տարածումը, կարիքավոր ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելը, օգնությունը կարիքավոր ընտանիքներին։ Ուրուգվայում ԱՀԱԸ-ն ֆինանսական օգնություն է ցուցաբերում տեղի եկեղեցուն, օժանդակում կարիքավոր ընտանիքներին, Աստվածաշունչ և քրիստոնեական գրականություն տարածում22։
Այսպիսով, ակնհայտ է, որ Հարավային Ամերիկայի հայ ավետարանական համայնքներում ԱՀԱԸ-ն հիմնականում զբաղված է համայնքի անապահով, առավել խոցելի շերտերին օժանդակելով, ինչպես նաև քրիստոնեական գրականության տարածմամբ։ Փաստորեն, ԱՀԱԸ-ն այս համայնքներում առավելապես կարևորում է սոցիալական հիմնախնդիրները, ինչպես նաև քարոզչական գործունեությունը՝ հավատակիցների հոգևոր պահանջները բավարարելու նպատակով։ Սոցիալական ակտիվ գործունեությունն այս համայնքներում հիմնականում պայմանավորված է Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր սոցիալ-տնտեսական կացությամբ։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Հյուսիսային Ամերիկայում՝ Կանադայի և հատկապես ԱՄՆ-ի հայ ավետարանական համայնքներում ԱՀԱԸ-ը զբաղված է առավելապես կրթական-մշակութային խնդիրներով, կազմակերպչական հզոր կառույցների ձևավորմամբ, ինչը, բնականաբար, պայմանավորված է այս պետություններում առկա առավել նպաստավոր պայմաններով։
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Հարավային Ամերիկայի հայ ավետարանական համայնքները չունեն առաջատար դերակատարություն հայ ավետարանական իրականությունում։ Վերոհիշյալի ապացույց կարելի է համարել, օրինակ, այն հանգամանքը, որ Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի 13 անդամներից և ոչ մեկը չի ներկայացնում Հարավային Ամերիկայի հայ ավետարանական համայնքներից որևէ մեկը։ Մինչդեռ Հյուսիսային Ամերիկան այստեղ ունի յոթ ներկայացուցիչ: Խորհրդի հինգ կարևոր պաշտոններից երեքը, այդ թվում և նախագահի պաշտոնը, զբաղեցնում են ԱՄՆ հայ ավետարանական համայնքի ներկայացուցիչները։ Դրանք են Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ Մկրտիչ Մելքոնյանը23, գանձապահ Ալբերտ Մոմջյանը և գործադիր տնօրեն Վահան Թութիկյանը։ Խորհրդի կազմում ընդգրկված են ԱՄՆ հայ ավետարանական համայնքի ևս չորս ներկայացուցիչներ24։ Այսպիսով, Հյուսիսային Ամերիկայի (մասնավորապես՝ ԱՄՆ) հայ ավետարանական համայնքների առաջատար դերակատարության կողքին, անկասկած, ավելի համեստ են Հարավային Ամերիկայի հայ ավետարանական համայնքները։ Այս երևույթը պայմանավորված է Հյուսիսային Ամերիկայում հայ ավետարանականների ունեցած հզոր կառույցներով և անցած ավելի երկար պատմական ուղով։
Այսպիսով, Հարավային Ամերիկայի հայ բողոքականներն աշխարհասփյուռ հայ բողոքականների անբաժանելի մասն են։ Արգենտինայում, Բրազիլիայում և Ուրուգվայում հայ բողոքական համայնքները տեղի հայկական համայնքների բաղկացուցիչ մասն են և Հայության անբաժանելի մասնիկը։ Կարևոր նշանակություն ունի այս երեք երկրներում ապրող հայ բողոքականների հարաբերությունների զարգացումն ինչպես տվյալ երկրի հայության մյուս շերտերի, այնպես էլ միմյանց միջև։ Արժեքավոր է նաև հավաքական առումով Հարավային Ամերիկայի հայ բողոքական համայնքների համագործակցությունը Հյուսիսային Ամերիկայի հայ բողոքականների և աշխարհասփյուռ մնացյալ հայ բողոքականության հետ։ Առաջնային նշանակություն ունի ինչպես Հարավային Ամերիկայի, այնպես էլ մյուս հայ բողոքականների համագործակցությունը Հայության և՛ առաքելադավան, և՛ այլադավան մյուս խմբերի հետ։
1 Մալխասյան Մ., Հայերն աշխարհում, Երևան, 2007, էջ 21-22։
2Ատանալեան Կ.Պ., Յուշարձան Հայ Աւետարանականաց եւ Աւետարանական եկեղեցւոյ, Ֆրեզնո, 1952, էջ 465։
3 Նույն տեղում, էջ 457։
4 Armenian Brotherhood Bible Churches Around The World, http://www.abbcnj.org/abbcnj/ABBC_Near_You.html
5 Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 103:
6 AMAA Directory 2011: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 4. http://amaa.org/Directory%20for%20website.pdf
7 Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 110:
8 80 տարի հավատքի և ծառայության, http://www.ieca.com.ar/hy/index.php
9 Հայերն աշխարհում, հանրագիտական համառոտ բառարան, Երևան, 1995, էջ 33։
10 Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 118-119:
11 Ատանալեան Կ.Պ., նշվ. աշխ., էջ 463։
12 Armenian Brotherhood Bible Churches Around The World, http://www.abbcnj.org/abbcnj/ABBC_Near_You.html
13 AMAA Directory 2011: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 8. http://amaa.org/Directory%20for%20website.pdf
14 http://ha.nt.am/media_info.php?ID=5947&LangID=4&h=k&l=l1
15 Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 613:
16 Ատանալեան Կ.Պ., նշվ. աշխ., էջ 463, 465։
17 Armenian Brotherhood Bible Churches Around The World, http://www.abbcnj.org/abbcnj/ABBC_Near_You.html
18 Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 614:
19 Акопян А., Уругвай – далекий и близкий, http://noev-kovcheg.ru/mag/2010-03/1982.html
20 AMAA Directory 2011: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 17. http://amaa.org/Directory%20for%20website.pdf
21 Federation of Evangelical Churches of Uruguay, http://www.oikoumene.org/gr/member-churches/regions/latin-america/uruguay/fieu.html
22 AMAA At Work Around the World, http://www.amaa.org/aroundtheworld.htm
23 Մինչ այդ ԱՄՆ հայ ավետարանական համայնքի ներկայացուցիչ Ավետիս Բոյներյանը զբաղեցնում էր Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի փոխնախագահի պաշտոնը, տե՛ս AMAA Directory 2010: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 2.
24 Տե՛ս AMAA Directory 2011: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 2. http://amaa.org/Directory%20for%20website.pdf
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ[05.05.2015]
- ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԵՏ ՀՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ[10.02.2015]
- ԱՄՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[26.01.2015]
- ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈԼՈՐՏԻ ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ. ՊԱՏԿԵՐԻ ՈՒՐՎԱԳԻԾ[12.12.2013]
- ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ[07.03.2013]
- ՉԵԽԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ[17.01.2013]
- ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ[06.09.2012]
- ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ[07.06.2012]
- ՉԵԽԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՐԹԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ[31.10.2011]
- ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ[29.03.2011]