• am
  • ru
  • en
Версия для печати
27.10.2011

ԳԻՏԵԼԻՔԸ, ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԵԱՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ

EnglishРуский

   

Սոնա Մանուսյան

«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

Գիտելիքը հիմնարար արժեք է եղել բոլոր մշակույթներում և բոլոր ժամանակներում։ Մեր օրերի հասարակություններում, որոնք շռայլորեն անվանվում են տեղեկատվական, գիտելիքի և հասարակական գործընթացների կապը դարձել է ավելի անմիջական և շոշափելի1։ Գիտելիքի գերակայության դարի վերաբերյալ կարծիքները կարող են տարբեր լինել: Օրինակ, կարելի է վիճարկել՝ արդյո՞ք գիտելիքի ինտենսիվ արտադրությունը ինֆորմացիոն հասարակության մենաշնորհն է, թե՞ որակապես նորի ստեղծման առումով մեծ տարբերություններ չկան ժամանակաշրջանների միջև, և ավելացել է ոչ թե գիտելիքը, այլ դրա մասին տեղեկատվությունը։ Կամ հնարավոր է, որ նոր ժամանակաշրջանի յուրահատկությունը ոչ թե գիտելիքի աննախադեպ կարևորման, այլ այդ գիտելիքի ստացումն ու տարածումը կազմակերպելու ձևերի փոփոխության մեջ է: Կարելի է նկատել նաև, որ պատկերը փոխվել է գիտելիքի ստեղծմանը, տիրապետմանն ու տարածմանը մասնակցող սուբյեկտների առումով: Անկախ նշվածից՝ ակնհայտ է, որ նորարարությունն ու առաջընթացը դեռ երբեք նախկինում այսքան ինտենսիվորեն չեն քննարկվել՝ ձեռք բերելով արագացման հատկանիշներ։ Դասական կոնվենցիոնալ գիտելիքը՝ յուրացվող և փոխանցվող, արդեն բավարար չէ զարգացման հավակնությունների համար, և կենտրոնում են դրվում կրեատիվության, նորարարության գաղափարները, որտեղ ինտելեկտուալ ներուժն ուղղված է ոչ այնքան գիտելիքի յուրացմանը և վերարտադրությանը, որքան՝ արտադրությանը և փորձարկմանը. ողջունվում են դասականին այլընտրանք հանդիսացող, ոչ պարտադիր, բայց հավանական արդյունավետ նոր մոտեցումները։ Այս իրավիճակին նպաստում է այն, որ նոր ժամանակները բնութագրվում են անորոշության և միջավայրի (սոցիալական և ֆիզիկական) բարձր փոփոխականությամբ, որի դեպքում պահանջվում են ընկալման և գործողությունների ճկունություն, հանդուրժողականություն այլընտրանքային, մեկից ավելի հնարավոր սահմանումների, ուստի և՝ լուծումների համար։ Պատահական չէ, որ նորարարության հասկացությունը տեխնիկական գիտություններից թափանցել է սոցիալական գիտությունների ոլորտ և արդեն անհրաժեշտ բաղադրիչ է սոցիալական փոփոխության, կառավարման, սոցիալական կառույցների բարեփոխմանը վերաբերող արդյունավետ նախագծերում։ Նորարարությունն ավելի լայն հասկացություն է, քան պարզապես մեխանիկական գյուտը կամ գիտական հայտնագործությունը։ Այն ընդգրկում է լայն դիապազոն՝ սկսած գյուղատնտեսական միջոցների արդիականացումից մինչև սոցիալական ինժեներիա՝ սոցիալական սուբյեկտների, գործընթացների և կառույցների բարեփոխում։ Նորարարության տեխնոլոգներ կան ինչպես գիտության, կրթության, այնպես էլ կառավարման ոլորտներում։ Նորարարությունը գիտության հստակ մշակված քաղաքականություն իրականացնող պետություններում նշվում է որպես օրակարգային ուղղություն քաղաքական, տնտեսական կառույցների, պետության գերակայությունների, գիտակրթական հաստատությունների նպատակների շարադրման մեջ, ինչպես նաև հայտնվում է բուհերում սոցիալական գիտությունների ոլորտի շատ դասընթացների անվանումներում2։ Նորարարությանը շաղկապված հասկացություն է և նույնքան աշխույժ հետաքրքրության առարկա է կրեատիվությունը: Այն ևս առկա է Արևմուտքի գրեթե բոլոր առաջատար համալսարաններում, և ոչ միայն հետազոտական, այլև դասավանդվող առարկա է։ Կրեատիվության դասընթացները հիմնականում մասնագիտացման երեք ոլորտներում են՝ հոգեբանություն և մանկավարժություն, բիզնես և ինժեներիա ու տեխնոլոգիաներ: Ընդ որում, կրեատիվությունը հատկապես բարձր վարկանիշ ունեցող համալսարանների կրթական ծրագրերի պարտադիր մաս է. Յեյլի, Հարվարդի, Սթենֆորդի, Քոնեկթիկուտի և մի շարք այլ համալսարաններում կրեատիվության ծրագրերի ղեկավարները միջազգային ճանաչման մասնագետներ են և առաջատարներ են կրեատիվության տեսության և տեխնոլոգիաների ոլորտում3:

Քաղաքակրթական զարգացման ժամանակաշրջանների և գիտելիքի իշխանության արդի կոնցեպցիաների ոգով (Ռիսմեն, Յաշիդա, Թոֆլերներ և այլք)՝ ճապոնական «Նոմուրա» ինստիտուտն իր հայեցակարգում առանձնացնում է տնտեսական զարգացման չորս դարաշրջան՝ գյուղատնտեսական, արդյունաբերական, տեղեկատվական, իսկ չորրորդ փուլը (դեպի որն այժմ տեղեկատվականից սահուն անցում ենք կատարում)՝ հենց կրեատիվ, այն է՝ մշտական ինովացիաներ։ Զարգացնելով այս գաղափարը՝ Դ.Փինքը վերջին փուլն անվանում է կոնցեպտուալ՝ դրանց կրողներին համարելով ստեղծարարներին և «էմպատայզերներին» (empathizers, իրերը ներսից հասկացողներ, հնարամիտներ՝ ինտուիտիվ և տրամաբանական բարձր ունակությունների համադրմամբ)4:

Կրեատիվության հետազոտությունները և այն զարգացնելու գործնական մշակումներն այսօր առաջավոր հոգեբանության հիմնական ոլորտներից են: Կրեատիվության ուսումնասիրություններն, ըստ էության, ուղղված են բացահայտելու նորարարական կամ էվրիստիկ ակտիվության ներքին հոգեբանական (կոգնիտիվ, հուզական) մեխանիզմները: Սոցիալական արագընթաց փոփոխությունների և ինֆորմացիայի բազմազանեցման ֆոնին կրեատիվությունը հետզհետե ավելի կարևոր մարդկային կարողություն է դառնում: Այս համատեքստում տարբեր հանրություններում կրեատիվությանը տրվող դերի դիտարկմամբ կարելի է որոշակի պատկերացում կազմել գիտելիք-հասարակական զարգացում իրավիճակի մասին։

Կրեատիվության ըմբռնումը և կրեատիվ գործընթացի բաղադրիչները

Կրեատիվությունն ընդհանուր առմամբ կարելի է սահմանել որպես մտավոր գործընթաց, որում տեղ է գտնում նոր գաղափարների և կոնցեպցիաների գեներացիա կամ նոր կապերի հաստատում գոյություն ունեցող գաղափարների և կոնցեպցիաների միջև։ Այն սերտորեն կապված է երևակայության (ավելի, քան մտածողության) գործընթացի հետ և առնչվում է մարդու` նորի բացահայտման պահանջմունքին։ Հոգեբանության մեջ կրեատիվության հոգեչափողական հետազոտությունների հիմնադիր, ամերիկացի Ջ.Գիլֆորդի, իսկ հետագայում նաև՝ Ի.Թորենսի վիճակագրական վերլուծությունների արդյունքում կրեատիվությունը դեռևս 60-ականներին առանձնացվեց որպես մարդկային մտավոր գործունեության ինքնուրույն ասպեկտ, գործոն՝ տարանջատվելով ինտելեկտի գործակցից5։ Կրեատիվության հասկացությանը սերտորեն կապված է և երբեմն որպես դրա հոմանիշ է հանդես գալիս դիվերգենտ մտածողությունը, այն է՝ առաջադրված մեկ խնդրին, հարցին մի քանի լուծումներ գեներացնելու գործընթացը։ Մ.Մամֆորդը, ընդհանրացնելով կրեատիվության գիտական ըմբռնումները, որպես կրեատիվ գործընթացի առանցքային բնութագիր է դիտարկում նորարար, օգտակար արդյունքների արտադրությունը։ Նշենք, որ այդ արտադրությունը կարող է լինել գործիք, արվեստի գործ, բայց նաև՝ սոցիալական խնդրի լուծման ծրագիր և այլն։ Լինդա Նեյմանը6 կրեատիվությունը բնութագրում է որպես նորարարական և երևակայությամբ հագեցած գաղափարներն իրականության վերածելու ակտը՝ գտնելով, որ ինչ-որ բան կրեատիվ համարելու համար անհրաժեշտ է երկու բաղադրիչ՝ մտահղացում և իրականացում։ Դրանով կրեատիվությունը տարբերվում է պարզապես երևակայությունից։ Այսպիսով, չնայած առօրյա ըմբռնմամբ անձի կրեատիվությունը կարելի է դիտարկել որպես ցանկացած նորովի մոտեցման դրսևորում, գիտական տեսակետից կրեատիվ մտքի արտադրանքը պետք է բնութագրվի ոչ միայն ինքնատիպությամբ, այլև նպատակահարմարությամբ և կիրառելի արդյունքով։ Ավելին, կրեատիվությունը մարդկային կենսագործունեության նպատակահարմարության հետ կապված է ուղղակիորեն։ Այն, ըստ կրեատիվության ուսումնասիրության ակունքներում կանգնած Գ.Վալասի, էվոլյուցիոն գործընթացից ժառանգված հատկանիշ է, որը մարդկանց հնարավորություն է տալիս արագորեն հարմարվել արագ փոխվող միջավայրերին7։ Այսպիսով, կրեատիվ արտադրանքը ոչ թե պարզապես նոր է, այլև ներկայացնում է պրագմատիկ արժեք։ Ըստ որում, նորարարական գաղափարի արժեքավորությունն ու նշանակալիությունը հասարակական գնահատման արդյունք են և կախված են տվյալ ժամանակաշրջանի ու սոցիումի գերակայություններից։ «Հենց այնպես» կրեատիվությունը և արդյունարար, հասարակական ազդեցություն ունեցող կրեատիվությունը տարբերակելու համար տեսաբաններն առանձնացնում են նաև պատմական նշանակության կրեատիվությունը (h-creativity) և անձնային մակարդակի (p-creativity) կրեատիվությունը, կամ համանմանորեն՝ մեծ Կ (Big C) և փոքր Կ (Little C)8:

Կրեատիվության և հասարակական առաջընթացի կապի մասին խոսելիս նկատի է առնվում առավելապես այդ մեծ, հանրային նշանակության «Կ»-գործոնը խթանելը՝ չնայած «հանրագումարային» կրեատիվությունը ձեռք է բերվում տվյալ հանրությունը կազմող անհատների մեջ կրեատիվ մտածողության ձևեր զարգացնելու միջոցով (այդպիսի ընդգծված տարր ունի ամերիկյան բարձրագույն կրթության կազմակերպումը)։ Նշենք նաև, որ թեպետ կրեատիվության հանրօգուտ լինելն արդեն ամրագրված տեսակետ է, մինչև հիմա էլ միանշանակ չէ սոցիալական վերաբերմունքը թեմայի հանդեպ, և որոշակի քննադատություն կա կրեատիվությանը տրվող կարևորության աստիճանի շուրջ։

Այսպիսով, արդեն իսկ ուրվագծվում է, որ տարբեր հասարակություններում տարբեր է նորարարությանը և ստեղծարարությանը տրվող նշանակությունը, ինչն իր հիմքում ունի ինչպես տնտեսական-քաղաքական հյուսվածքի, այնպես էլ՝ մշակութային-հոգեբանական տարբերություններ:

Կրեատիվությունը և դրա հանրային նշանակությունը տարբեր մշակույթներում

Կրեատիվության մշակութային առանձնահատկությունների մասին խոսելիս առաջին հերթին նկատի ունենք ոչ թե կրեատիվության՝ որպես ընդունակության մակարդակի մշակութային տարբերությունները, այլ տարբեր մշակույթներում դրա իմաստավորման և արժևորման տարբերությունները, որոնք բխում են գերակա մշակութային արժեքների տարբերությունից և այն նպատակից, որին տվյալ հասարակության մեջ ծառայում է գիտելիքի ձեռքբերումը։ Այսպես, կրեատիվության ամերիկյան կոնցեպտը խիստ պրագմատիզմի հիմքի վրա է, և կրեատիվության հետևողական խթանումն ուղղակիորեն դրված է տեխնիկական և հասարակական պրոգրեսի համատեքստում։ Պարզ ասած՝ կրեատիվությունը լավ է ոչ թե այն պատճառով, որ գեղեցիկ է, այլ որովհետև օգտակար է, իսկ օգտակար է, որովհետև բերում է պրագմատիկ արդյունքի՝ ինովացիաների, որոնց շնորհիվ մնում ես աշխարհի տիրապետող։ Սա թվացյալ պարադոքս է, երբ այնպիսի ինքնաբուխ երևույթ, ինչպիսին ստեղծարար ակտիվությունն է, կազմակերպվում և ուղղորդվում է ամենևին ոչ ինքնաբուխ ջանքերով։ Կրեատիվությունն այնքան է կարևորվում պաշտոնական, գիտական և առօրեական դիսկուրսում, որ արդյունքում այն ամերիկյան հասարակության միջին, ամենևին ոչ պարտադիր կրեատիվ ներկայացուցչի, հատկապես՝ կրթություն ստացողների մեջ ամրագրված է որպես ինքնաբնութագիր, ինքնընկալման մաս։ Այսպես, նույնիսկ եթե տվյալ ուսանողն աչքի չի ընկնում ինքնատիպ մտածողությամբ և մտքի փայլատակմամբ, նա հակված է իր կրթական գործընթացը, ինչպես նաև առհասարակ ԱՄՆ կրթությունը նկարագրելիս իր բնական խոսքում շեշտադրել կրեատիվությունը, որի շնորհիվ նրանք հասնում են համատեղ կամ անհատական կարևոր արդյունքների։ Եվրոպական ավանդույթում ճանաչողության գործընթացը զուրկ է այս ուղիղ պրագմատիզմից, և ինքնին գիտելիքի ստացումն է նպատակ հանդիսանում: Այս շրջանակներում կրեատիվությունը ևս «հենց այնպես է»՝ ոչ ինստրումենտալ կամ առնվազն պահպանում է սպոնտանության տարրը: Արևելյան համակարգերում ստեղծարարության հասկացությունն առավելապես կապված է ներդաշնակության, բնության մաս լինելու հետ, և կրեատիվությունն ըմբռնվում է ավելի շատ որպես կյանքի հոլիստիկ՝ ամբողջական պրոցեսի մաս, քան առանձին գործունեության ոլորտ, որ պետք է կազմակերպել9։ Տիպաբանական այսպիսի խիստ տարբերակումը կարելի է, իհարկե, վիճարկել հենց ճապոնական հզոր նորարարության օրինակով, սակայն սա առանձին ուշադրության արժանի դեպք է:

Ընդհանուր առմամբ նկատելի է, որ կրեատիվության այս տարբեր ըմբռնումներն արտացոլում են նաև արժեհամակարգային տարբերություններ, որտեղ մի կողմում ունենք առաջընթաց, բնական և սոցիալական միջավայրի փոփոխման և տիրապետման, անհատական ձեռքբերումների արժևորում, մյուս կողմում՝ ներդաշնակություն, հարմարում, կոլեկտիվիստական կողմնորոշում և անվերապահ ընդունում՝ փոփոխելու փոխարեն։

Այսպիսով, չնայած այսօր գիտելիքի տեղի ու դերի փոփոխությունների մասին առավելապես խոսվում է ժամանակային տերմիններով՝ որպես քաղաքակրթական դարաշրջանների շրջափոխմանը զուգընթաց համաշխարհային միտումներ, վարիացիաները դեռևս նկատելի են նաև մշակույթից մշակույթ, հասարակությունից հասարակություն։ Որքան էլ ունիվերսալ են գիտելիքի արժևորումը և մարդկային պոզիտիվ հետաքրքրությունը նորի հանդեպ, այնուհանդերձ, նորարարությունը՝ որպես առաջընթացի անբաժան ուղեկից և որպես կազմակերպվող պրոցես, բնորոշ է հատկապես արևմտյան հասարակություններին, կամ՝ առնվազն մինչ այժմ նրանց մոտ ավելի լավ է ստացվել: Նրանց մոդելները hատկապես այս փուլում արժանի են ուշադրության այն առումով, որ արագություն հավաքելը ժամանակի հրամայական է դարձել և նաև՝ հնարավոր դարձել, քանի որ, ինչպես իրավամբ նշում է Գ.Գրիգորյանցը տեղեկատվական հասարակության տարրերը թափանցում են բոլոր հանրություններ՝ անկախ այն բանից, թե վերջիններս արդիականացման ինչ փուլում են գտնվում10: Այս իրավիճակը, դուրս մղվելու ռիսկերի կողքին, թռիչքների և աշխարհին համահունչ ընթանալու հեռանկարներ է բացում՝ անկախ երկրի զարգացման «տեղական ժամանակից» և դիրքից: Նման նպատակների իրագործումը մինչ այդ պահանջում է, իհարկե, սեփական առանձնահատկությունների և ռեսուրսների իմացություն կոլեկտիվ ստեղծարարության պոտենցիալի տեսակետից: Հայաստանում կրեատիվության վերաբերյալ հետազոտություններ արված են, սակայն դրանք չունեն կոլեկտիվ կրեատիվության ուսումնասիրման ուղղվածություն: Արված չեն սոցիալ-հոգեբանական հետազոտություններ խմբային կրեատիվ գործընթացների և դրանց նպաստող ներքին և իրադրական գործոնների, այդ գործընթացում համագործակցության ոճերի, դրանց արդյունավետության, կրեատիվության վրա մշակութային, հասարակական և քաղաքական համատեքստի ազդեցության և մի շարք այլ ասպեկտների վերաբերյալ:

Գիտելիքի արժևորման մշակութային տարբերությունները կարելի է տեսնել ոչ միայն կրեատիվության, այլև մտավոր ոլորտի այլ հասկացություններ դիտարկելիս: Այսպես, բոլոր մշակույթներն էլ կարող են կարևորել զարգացումը, բայց տարբեր բաներ նկատի ունենալ այդ հասկացությամբ: Այսպես՝ հայերենում «զարգացած» մակդիրով բնորոշում են լայնախոհ, կարդացած, կրթված մարդուն, մինչդեռ անգլերենում «developed» բառը չունի այդ բառիմաստը, մարդկանց վերաբերյալ չի գործածվում և փոխարենը տեխնոլոգիական իմաստ ունի: Այս ամենը թույլ է տալիս գիտելիք-արժեք ընդհանուր հասկացության ներքո առանձնացնել գիտելիքը՝ որպես արժեք-միջոց և որպես արժեք-նպատակ: Այս փուլում դժվար է միանգամից ասել, թե մեր հասարակության մեջ գիտելիքի հանդեպ դիրքորոշումներից որն է ավելի բնորոշ, կարելի է նախնական դատողություններ անել՝ նկատելով, որ այն արժեք-նպատակից անցել է արժեք-ինքնանպատակի, սակայն դեռ ձեռք չի բերել արժեք-միջոցի պրագմատիկ կարգավիճակը: Մյուս կողմից, վերջերս շատ կարճ ժամանակահատվածում իրար հետևից տեղ են գտնում գիտելիքի և ստեղծարարության վերաբերյալ նախաձեռնություններ, որոնց միջև կա որոշակի ակամա համաժամանակություն, որը սիներգիկ արդյունքներ ունենալու պոտենցիալ է պարունակում: Մասնավորապես, հիմնվել և գործարկվում են կրթական հաստատություններ, որտեղ նորարարությունն ու կրեատիվությունը «կարված» են նրանց գործունեության նպատակների և ուղղությունների մեջ և որպես այդպիսին հայտարարվում են, և առաջին անգամ ինտենսիվ կերպով մեդիաներից հնչում է կրեատիվությունը՝ որպես կոլեկտիվ նպատակադրում (օրինակներ են Թումո-ն, Այբ դպրոցը): Այդ նախաձեռնությունների կենսունակության և արդյունավետության վերաբերյալ կանխատեսումների փոխարեն կարելի է առնվազն արձանագրել, որ դրանք ոչ թե առանձին դեպքեր են, այլ ընդհանուր միտումի մաս, որն արդեն բնականորեն գործարկված է թվում: Այս դրական միտումը համահունչ է այն հանգամանքին, որ կրեատիվությունը՝ որպես նորարարության և խնդիրների լուծման մեխանիզմ, ոչ այնքան անհատական, որքան կոլեկտիվ գործողություն է՝ համագործակցային բնույթի։ Ընդ որում, կոլեկտիվ կրեատիվ գործընթացի համար հատկապես կարևոր ասպեկտ է ներխմբային զանազանությունը (ներառյալ մոտեցումների) և այդ տարբեր մոտեցումների օպտիմալ փոխլրացման կազմակերպումը։

1 Գիտելիքն ու իշխանությունը տեղեկատվական հասարակության մեջ (2006), Գ.Գրիգորյանց, Մաս 1, Է.Թոֆլեր, Մաս 2, Երևան, Զանգակ-97։

2 http://sirkenrobinson.com/skr/pdf/allourfutures.pdf

3 http://www.cct.umb.edu/fangqi.pdf

4 Pink, D.H. (2005). A Whole New Mind: Moving from the information age into the conceptual age. Allen & Unwin

5 Mark A., Runco and Steven R. Pritzer (1999). Encyclopedia of Creativity, Vol. 1. Academic Press.

6 Naiman L., What is creativity, http://www.scribd.com/doc/45086576/What-is-Creativity.

7 Simonton, D.K. (1999). Origins of genius: Darwinian perspectives on creativity, Oxford University Pres.

8 James C., Kaufman and Robert J. Sternberg (2011). The Cambridge Handbook of Creativity. Cambridge University Press; http://www.cogs.susx.ac.uk/courses/creative-systems/papers/maggie/nutshell.pdf

9 http://www.westga.edu/~stpp/JTPP_Aticles/26-2/THE1210.pdf. Retrieved 23 October 2010

10 Գիտելիքն ու իշխանությունը տեղեկատվական հասարակության մեջ (2006), Գ.Գրիգորյանց, Մաս,1, Է.Թոֆլեր, Մաս 2, Երևան, Զանգակ-97:

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 5, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր