• am
  • ru
  • en
Версия для печати
04.10.2010

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

EnglishРуский

   

Սոնա Մանուսյան

Ս.Մանուսյան՝ «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դասախոս

Վերջին շրջանում, որոշակի հապաղումից հետո, տեղեկատվական ազդեցությունների հայաստանյան մասնագետները հանգամանորեն ուսումնասիրել են Ադրբեջանի ինֆոքաղաքականության բնութագրիչները, գործողությունների մակարդակում մշակված են հակազդեցության որոշակի ուղիներ։ Թեպետ այս գործընթացի նախնական փուլում կար որոշակի մտահոգություն ադրբեջանական ահագնացած քարոզչությանն ուշացումով արձագանքելու համար, այսօր արդեն կարելի է փաստել, որ վերջինս իր հիմնական և կրկնվող գծերով ճանաչելի և կանխատեսելի է ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ ավելի լայն շրջանակների համար։ Հանգամանալի կառուցվածքային վերլուծության են ենթարկվել Ադրբեջանի հակահայկական ինֆոհամակարգի հիմնական բաղադրիչները, թեզերը, ուղղությունները, միջոցները, հակազդեցության ուղիները1, ադրբեջանական քարոզչության արտադրանքի տիրույթը՝ հատուկ ուղղվածության կայքերից մինչև օտարալեզու կեղծ գիտական հրապարակումներ։

Եվս մեկ ասպեկտ ուշագրավ է դարձնում Ադրբեջանի հակահայկական տեղեկատվության ոլորտը. մի շարք պատճառներով, որոնց կանդրադառնանք, այն կարելի է դիտարկել որպես ոչ տիպական, տարբերվող օրինակ քարոզչության պրակտիկայում, կամ այլ կերպ՝ առանձին դիտարկման արժանի դեպք՝ «case»։

Ընդհանրացնելով քարոզչության հայտնի սահմանումները՝ այն կարելի է ձևակերպել որպես հաղորդակցության ցանկացած միջոցներով իրականացվող նպատակային ներգործություն մարդկային որոշակի խմբի գիտակցության և հոգեվիճակների վրա՝ ցանկալի ուղղությամբ և կանխորոշված արդյունքով։ Սահմանման մեջ նշված ներգործության ուղղությունը, նպատակայնությունը և կանխորոշումն էական բաղադրիչներ են, և այս առումներով ադրբեջանական քարոզչական ոլորտի դրությունն արդեն իսկ յուրահատուկ է։ Իհարկե, զուտ քարոզչական տեքստերը զուտ «ձևաբանորեն» վերլուծելիս Ադրբեջանի քարոզչության նախատեսված թիրախն է հայ հանրությունը, նպատակը՝ այդ հանրության տարբեր օղակների հոգեբանական կազմալուծումը՝ ենթադրվող խոցելի կետերի վրա տեղեկատվական ուղղորդված ներգործությամբ։ Սակայն քարոզչական հիմնական տեքստերի և գործողությունների գերիշխող մոտիվները, դրանց ուղղվածությունը նկատելի են դարձնում, որ այդ քարոզչությունն ինչպես իր սկզբնական նպատակի, այնպես էլ ազդեցության թիրախի պահպանման հարցում որոշակի խնդիրներ ունի։ Իր զգալի մասով այն չի բավարարում դասական քարոզչության օրենքներին և վերջինիս շրջված պատկերն է՝ առնվազն երկու առումներով. ա) քարոզչական նյութն ինքնին հանդես է գալիս որպես անուղղակի տեղեկատվություն քարոզչությունն իրականացնողի բնութագրերի, ներառյալ՝ որոշ խոցելի կողմերի մասին, բ) քարոզչությունը հնարավոր նեգատիվ ազդեցությամբ առավելապես շրջված է դեպի ներքին լսարանը. թշնամու վրա հոգեբանորեն ազդելու համար ընտրված ուղերձները և դրանց ծավալները հավանական հետադարձ ազդեցություն ունեն սեփական հասարակության վրա։

Ադրբեջանական քարոզչության «դեպքի» այս յուրահատկությունը կարելի է ներկայացնել առանձնացված երկու ասպեկտների շուրջ մի քանի խոսուն օրինակով։

Ա. քարոզչության բովանդակությունը՝ որպես տեղեկատվություն քարոզչությունն իրականացնող երկրի մասին

Առհասարակ, քարոզչական գործողությունների նպատակը և ողջ տրամաբանությունը ենթադրում են, որ տեղեկատվական գործողություններն իրականացնող կողմը՝ մանիպուլյատորը (ասենք՝ ԱՄՆ-ը իր ինֆոօպերացիաներով), իրականացնում է նպատակային, ռացիոնալ մշակված, սառը հաշվարկային քայլեր՝ ուղղված հակառակորդի հուզական, գիտակցական ապաինտեգրմանը, մինչդեռ սեփական հույզերի ու բնութագրիչների առումով մնում է ստվերում, աչքի չի ընկնում։ Այլ կերպ ասած՝ նա իրավիճակը կառավարողն է, ոչ թե՝ իրավիճակի մասը։ Ադրբեջանի պարագայում դրությունն այլ է. տեղեկատվական նյութերում նկատելի են ավելորդ հուզականություն, իմպուլսիվություն, և հակառակորդի՝ հայերի ենթադրվող խոցելի կողմերի ներկայացումը յուրովի սերտաճած է քարոզողի ինքնաներկայացման հետ։ Քարոզչական հոսքը պարունակում է սեփական իրավիճակի, հատկանիշների, տրամադրությունների ինդիկատորներ՝ հայտանիշներ։ Պարզ ասած՝ այդ քարոզչությունը հաճախ «մատնում» է ինքն իրեն, ընդ որում՝ միանգամից մի քանի տեսանկյունից։

Ադրբեջանի քարոզչական դիսկուրսի նախնական վերլուծությամբ առաջին հերթին դուրս է բերվում նեգատիվ հոգեվիճակների ծայրահեղ մեծ կշիռ։ Քարոզչական տեքստերի «գերարտադրողականությունը», թափը միայն մասամբ են խոսում նրանց համառության, իսկ էլ ավելի քիչ՝ արդյունավետության մասին։ Այդպիսի հուզականորեն հագեցած տեքստերի առատությունը վեր է հանում տագնապալի վիճակներ, անհավասարակշռություն, որոնք «թոթափվում» են անզուսպ զազրախոսության, լուտանքների մեջ։ Այդպիսով խոսքային մակարդակում տեղի են ունենում նեգատիվ հույզերի, օրինակ՝ վախի մասնակի պարպում, կուտակված ագրեսիայի փոխհատուցում խոսքային մակարդակում։ Հաճախ նման բնութագիր ունեն թե՛ քարոզչական տեքստերի մեջ մասնագիտացած լրագրող–հոդվածագիրների տեքստերը, թե՛ պետական պաշտոնյաների շուրթերից հնչող ուղերձները։ Իսկ հայտնի է, որ ցանկացած խոսք պակաս ազդեցիկ է դառնում և սկսում է վանել բացասական հույզերի, կլիշեների ավելանալուն զուգընթաց։ Հայերին ատելու լեգիտիմացման համատեքստում վատաբանելը, փաստորեն, դառնում է հետզհետե ավելի քիչ վերահսկելի և ինքնանպատակ գործընթաց, և նախասկզբնական նպատակը՝ ներգործելը, աննկատ մղվում է հետին պլան, թեև գործողությունները թվացյալ հատկանիշներով մնում են քարոզչության դաշտում։ Հետին պլան է մղվում նաև լրագրողական պրոֆեսիոնալիզմը, որը կպահանջեր փաստարկված, հավասարակշիռ և ազդու խոսք։ Երբեմն կլիշեներ և ախտորոշումներ դնելու անզուսպ մոլուցքով տարված՝ հեղինակները կորցնում են մեկնաբանվող իրադարձության և իրենց գրածի միջև տրամաբանական կապը։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ մոտ 700 արցախյան զույգերի պսակադրությունն այնքան էր բորբոքել հայտնի հոդվածագրին (և հավանաբար նրա պատվիրատուին) և նրա երևակայությունը, որ կոլեկտիվ տոնակատարության ֆենոմենը նա բնութագրում էր այլասերված զանգվածային ակտի, զեխության, պետական այրերի անբարոյական հակումներին հագուրդ տալու տերմիններով։ Այդ անհամարժեք ռեակցիան պարունակում էր նաև հայերի «բազմացման» հանդեպ վախի անուղղակի արտահայտում։

Հուզական խոտանի մեկ այլ օրինակ կարելի է գտնել՝ հետևելով day.az–ի քարոզչական լրագրության առաջատարներից մեկի նյութին՝ հայերի հայտնի մշակութային «բանագողության» մասին։ Խոսքն ամփոփելիս նա խուճապի հասնող տագնապի տոնով կոչ է անում դրա դեմն առնելու «միակ» ճանապարհը՝ «հեղեղել երաժշտական խանութներն ու ստուդիաները, հեռուստաալիքները ադրբեջանական ժողովրդական և դասական երաժշտության ձայներիզներով...», ընդ որում՝ այս գործում մատնանշելով «…պետության աջակցության կենսական անհրաժեշտությունը, որպեսզի ստեղծվի այս դիսկերի բազմամիլիոն թողարկմամբ զբաղվող հատուկ կառույց...» (http://www.day.az/print/news/armenia/147165.html)։ Անգամ հեղինակի անկեղծությունը կասկածի առնելու պարագայում կարելի է փաստել, որ նման տենդագին կոչերի ընկալելիությունն արդեն իսկ խոսում է համապատասխան մթնոլորտի, ձևավորված յուրահատուկ պահանջարկի մասին։

Բերված օրինակներում, փաստորեն, մի կողմից ներքին լսարանի մոտ ստեղծվում են նեգատիվ հույզեր, մյուս կողմից՝ դրանց հագուրդ է տրվում։ Այսպիսով ստեղծվում է սեփական հանրության հուզական պարպման և լիցքավորման փակ ցիկլ՝ քարոզչությանը բնորոշ թիրախային ուղերձների փոխարեն։

Երբեմն առանձին արտահայտություններ անփութորեն մատնում են քարոզչի իրական ընկալումները և դիրքորոշումները։ Օրինակ՝ մշակութային ինքնաներկայացման անգլերեն գովազդներից մեկում որպես ադրբեջանական անհուն հանդուրժողության վկայություն հատուկ շեշտվում է այն փաստը, որ Բաքու կատարած այցի ժամանակ Հռոմի պապն առանց վախենալու երթևեկել է անծածկ մեքենայով։ Այսպիսով, նրանք անուղղակի արտահայտում են սեփական հանդուրժողականության հնարավոր բարձրակետը սեփական ընկալմամբ, այն է՝ կրոնական հիմքի վրա չսպանելը։ Եվ սա ասվում է անկեղծ հիացմունքի երանգով՝ հաշվի չառնելով, որ անգլիալեզու հնարավոր լսարա-նին նման շեշտը չի հիացնի և նույնիսկ տարօրինակ կթվա։ Հակադարձ իմաս-տային բեռ է պարունակում նաև նույն գովազդում տեղ գտած արտահայտությունն այն մասին, որ ադրբեջանցիներն առանց խնդրի հասկանում են իրար. «ընդհանուր առմամբ ադրբեջաներենով խոսում ու իրար լավ հասկանում է մոտ 50 մլն ադրբեջանախոս… ադրբեջաներենը պետական լեզուն է, և ամենատարածված շփման միջոցը ժողովրդի համար…»։ Նման փաստերը սովորաբար բնական և հասկանալի են, քանի դեռ չեն բարձրաձայնվել. դրանց հատուկ շեշտադրումն ինքնաբերաբար հուշում է հենց հակառակ տարբերակի հնարավորություն։ Նման անփույթ ոճով սովորաբար իրենց մատնում են մանուկները, երբ որևէ անցանկալի արարքից հետո ինքնակամ գալիս և հայտնում են, որ «իրենք խելոք են» կամ «իրենք չեն ջարդել ոչ մի բան»։

Ուշագրավ դիտարկումներ կարելի է անել նաև հակահայկական քարոզչության մեջ հայերի ինքնության պատմամշակութային, ծագումնաբանական և այլ հիմքերը խարխլելու փորձերն ուսումնասիրելիս։ Այստեղ ևս օգտագործվող միջոցները հանդես են գալիս առաջին հերթին որպես սեփական ինքնության մեջ առկա լուրջ խնդիրների սիմպտոմատիկա։ Որպես խմբային միավոր՝ ադրբեջանական հանրույթը դեռևս դրսևորում է տեսակային ինքնուրույնացման հստակ խնդիրներ, ինքնության հիմքերի որոնումներ, շփոթ և այլն, ուստի պատահական չէ, որ այս թեմայով հակառակորդին խարխլելու առաջին իսկ փորձի ժամանակ ընկնում են իրենց իսկ լարած թակարդը։ Սա նաև այն հիմնական հանգամանքն է, որը, մեր համոզմամբ, պայմանավորում է ադրբեջանական քարոզչության՝ որպես դեպքի, յուրահատկությունը։ Հազիվ թե այլ երկրների ինֆոքաղաքականությունն ուսումնասիրելիս գտնվի նախադեպ, երբ հակառակորդի դեմ ուղղված քարոզչությունն այդքան փոխներհյուսված լինի սեփական խնդիրների լուծման փորձերի հետ։ Այդպիսի փոխհյուսվածությունը դրսևորվում է, օրինակ, նրանում, որ հայերը հանդես են գալիս միևնույն ժամանակ և՛ խումբ, որի վրա նրանք փորձում են ներգործել, և՛ խումբ, որը բավական ազդեցիկ, թեկուզ և անտագոնիստական կերպար է նրանց ինքնության կերտման գործընթացում։ Հայի կերպարի ներկայացման մեջ ադրբեջանական կողմի օգտագործած հոգեբանական մեխանիզմներից մեկն է պրոյեկցիան՝ սեփական բացասական միտումների, հատկանիշների տեղափոխումը հակառակորդի վրա, նրան վերագրելը։ Օրինակ՝ «հայի կերպարը» մատուցող քարոզչական գեղարվեստական ֆիլմերից մեկում հայի վայրագության այնպիսի դրվագներ են պատկերվում, որ ֆիլմի հեղինակից պահանջում են խեղված երևակայության բավական ուժեղ աշխատանք։ Օրինակ՝ հայ չարագործը, որը Խոջալու է մտել կոտորելու, այնքան ազատ ժամանակ ունի իր սադիզմին հագուրդ տալու, որ կարող է մեծ տակառով ջուր եռացնել, այնուհետ կապել գեղջկուհու մեջքին (այնպես, որ ամեն կռանալու հետ եռման ջուրը թափվի և այրի կնոջը), հետո էլ ժամանակ գտնել՝ հաց ուտելու և վայելելու այդ տեսարանը։ Թշնամու կերպարի ընդգծված բացասական մատուցման մեջ, այսպիսով, նրանք խախտում են ռեալիզմի նվազագույն օրենքները, մատնում սեփական երևակայության ագրեսիվ, հիվանդագին տարրերը։

Հայերի մշակութային հիմքերի հերքման և դրանց յուրացման փորձերը հաճախ ուղեկցվում են իրականության պարզ շրջման մեխանիզմներով։ Ընդ որում, այսպիսի շրջումը երբեմն ունենում է զավեշտի հասնող բառացի դրսևորում։ Իրականության այդպիսի բառացիորեն 180º շրջման օրինակ կարելի էր հանդիպել bakililar.az-ում տեղակայված մի նկարում, որտեղ հայկական գրերը շրջված վիճակում ներկայացվում են որպես հին ալբանական գրեր Ղազախի շրջանի Դաշսալախլը գյուղի եկեղեցու սալիկից2 (տե՛ս Պատկեր 1)։ Ըստ ադրբեջանական աղբյուրի, ներկայումս հայերն այդ սալիկը փոխարինել են հայագիր քարով, այնինչ նրանց ներկայացրած պատկերի հայելային հետշրջումը ավելի քան խոսուն է. դրանք ի սկզբանե հայատառ գրեր են (տե՛ս Պատկեր 2

Պատկեր 1



Պատկեր 2


Տպավորությունն այն է, որ ինչպես ամեն հայկականի ատելությունը, այնպես էլ հիմնահատակ հերքումը հոգեբանորեն այնքան լեգիտիմացված են և այնպես են մտել առօրյա կյանք, որ անգամ ամենաանհեռատես և բիրտ կեղծումներն ընդունելի են՝ առանց մերկացվելու մասին հոգալու։

Բ. Քարոզչության կողմնակի բացասական ներգործությունը ներքին լսարանի վրա

Ինչպես վերը նշեցինք, մի շարք հիմքեր կան պնդելու, որ թշնամու վրա հոգեբանորեն ազդելու համար ընտրված ուղերձները և դրանց ծավալները հավանական հետադարձ ազդեցություն ունեն սեփական հասարակության վրա։

Այդպիսի ազդեցություններից մեկն իրողությունների և դրանց հանրային ընկալումների պարզունակեցումն է, դրան ուղեկցող ապաինտելեկտուալացումը։ Քարոզչությունը նույն լրջությամբ խոսում է ադրբեջանական խոհանոցի, երաժշտության և ցեղասպանության մասին, դրանց կարևորությունները համահարթեցված են։ Հայալեզու լրատվական թողարկման մեջ3 սովորական է նույն տեսաշարքում արտաքին քաղաքական «ձեռքբերումներից» հետո անցնել խոհարարական քարոզարշավի՝ ձայնի նույն լրջությամբ խոսելով ադրբեջանական դդումների փթթուն բերքի և միջազգային կառույցների ադրբեջանա-նպաստ հայտարարությունների մասին։ Պատահական չէ, որ միևնույն տեղեկատվական աղբյուրներում նույն բառապաշարով ու ոճով մերթ խոսվում է այն մասին, որ «Ղարաբաղի թեմայով ֆիլմերի նկարահանման սուր անհրաժեշտություն կա», մերթ՝ որ «կա մեր ազգային խոհարարական արվեստի քարոզչության անհրաժեշտություն», մեկ այն մասին, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անվիճելի է միջազգային օրենքի տեսակետից», մեկ՝ որ «կան մասնագետներ, ովքեր կարող են գիտականորեն ապացուցել, թե ինչու են այնպիսի ուտեստներ, ինչպիսին տոլման է, հանդիսանում ադրբեջանական խոհանոցի տարրեր»4։ Պարզունակացումն (պրիմիտիվացումն) այդպիսով հասնում է անհեթեթության՝ ուղիղ և էքսպլիցիտ կապ ստեղծելով պրոպագանդայի և խոհանոցի միջև. բոլորովին ոչ պատահաբար «особенности азербайджанской пропаганды» google-համակարգի որոնման արդեն երրորդ արդյունքը «особенности национальной кухни» անունն ունի։ Այսպիսի պրիմիտիվության, էականի և երկրորդականի անորոշ սահմանների պարագայում ցանկացած բան և ցանկացած ձևաչափով, որ առնչություն ունի հայերի հետ կամ նրանց կողմից է արվում, անպայման շատ լուրջ է ընդունվում, արժանանում արագ և անհամազոր հակազդման։ Նման գերզգայունության թարմ օրինակներից է վերջերս՝ հուլիսին, ադրբեջանական էլեկտրոնային թերթերից մեկում լույս տեսած հոդվածը, որտեղ հեղինակը բնորոշ հեգնական ոճով և նկատելի զգացմունքայնությամբ ֆուտբոլային գուշակ–ութոտնուկ Պաուլին ներկայացնում է որպես ՀՀ նախագահի խորհրդականի արժանի հավակնորդ։ Բանն այն է, որ չպատճառաբանված զուգահեռներ անցկացնող այս հոդվածից ընդամենը մի քանի օր առաջ հայտնի բլոգներից մեկում հայտնվել էր հումորային ոճի քառատող, որում «պոետը» ութոտնուկից օգնություն էր հայցում Ադրբեջանի ճակատագրի համար։

Ազդեցությունների մեկ այլ խումբ է հանրության շրջանում քրոնիկ բնույթի նեգատիվ տրամադրությունների և ապրումների ամրապնդումը։

Օրինակ՝ թերթերից մեկում կարելի է հանդիպել հետևյալ արտահայտությանը. «Ադրբեջանում գտնում են, որ հայերի կողմից մեր ազգի դեմ ցեղասպանությունը չի ավարտվել անցյալ դարավերջին, այլ այսօր էլ շարունակվում է։ Այդ մասին խոսվեց երեկ՝ Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրականացվող ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնֆերանսում»5։ Իհարկե, սա հայերի բացասական կերպարի ամրապնդմանն ուղղված քարոզչական արտահայտություն է։ Սակայն մյուս կողմից՝ ցեղասպանություն հասկացության կիրառումը ներկա շարունակական ժամանակով գիտակցության մեջ ամրագրում է զոհի կայուն կարգավիճակ, նեգատիվ ապրումներ՝ դրանց հաղորդելով մշտական բնույթ։ Այս նույն ոլորտից է և ավելի մեծ ծավալներ ունի, անշուշտ, ինտենսիվ տեսա- և տեքստային արտադրությունը Խոջալուի մասին։ Դրա շուրջ հյուսված հոդվածները, հաղորդաշարերն ու կայքերը՝ դիակների կրկնվող տեսարաններով, հուշարձանները և այլն, ջանքեր են՝ ուղղված սեփական հանրության և միջազգային հանրության աչքում հայի բացարձակ բացասական կերպարի կերտմանը։ Դրա հետ մեկտեղ, այդ ամենը տրավմատիզացիայի է ենթարկում և վիկտիմիզացնում՝ զոհ լինելու զգացողություն է հաղորդում քաղաքացիներին, հատկապես՝ ձևավորվող սերնդին։ Հիմնվելով այն գաղափարի վրա, որ քարոզչական հիմնական տեխնիկաներից մեկը կրկնությունն է, նրանք կարծես վրիպել են, որ դիակների հաճախակի ցուցադրու-թյանը դա չի վերաբերում։

Բերված օրինակները վերաբերում են հատկապես մշակութային տիրույթում տարվող տեղեկատվական պատերազմի կասկածելի արդյունավետությանը6։ Ինչևէ, հարևանի քարոզչական ակտիվության անգամ այս տարօրինակ կացությունն օրակարգից չի հանում այդ քարոզչության սպառնալիքի հարցը մեզ համար։ Իրավիճակը մտահոգիչ է նվազագույնն այն իմաստով, որ կայուն բացասական դիրքորոշումներ են ձևավորված այն հարևան հասարակության շրջանում, որի հետ անգամ աղոտ ապագայում դիտարկվում է համակեցության, համագործակցության հնարավորությունը։ Հարևան հասարակության այս իռացիոնալ մթնոլորտը վտանգավոր է թեկուզ վարակիչ լինելու առումով, ինչպես վարակիչ են բոլոր վատ բաները, հատկապես՝ բացասական հոգեվիճակները։ Ադրբեջանի հակահայ քարոզչությունն ինչ–որ իմաստով դարձել է հասարակական տրամադրություն, գիտակցության դոմինանտ։ Ստեղծված է համընդհանուր մթնոլորտ, որտեղ ողջունվում է հայերի դեմ գրված, նկարված, պատմված, կառուցված ցանկացած բան՝ առանց սեփական հանրության վրա հնարավոր նեգատիվ ներգործությունը քննարկելու։ Կեղծումների և հայհոյանքի պղտոր մթնոլորտում յուրաքանչյուրն, ով կարող է, որսում է հայերի դեմ որևէ պրոդուկտ տալու և դրա դիմաց վաստակելու հնարավորություն, ինչը և հաճախ ստանում է՝ անկախ գործելու շարժառիթներից կամ արդյունավետությունից. ինքնին նման նախաձեռնությունը կանխավ խրախուսված է որպես կարևոր գործ։ Կարելի է հուսալ միայն, որ գիտակցության նման համընդհանուր նեղացումը քննադատելի է ոչ միայն արտաքին հայացքով, այլև հակամարտող պետության ինտելեկտուալ, իրենց ազգային հարցերով մտահոգ հատվածի համար։ Որպես մասնագետ և կոլեգա՝ ուրախ կլինեի լսել, որ հոգեբաններն այնտեղ իրենց մտահոգությունն են հայտնում իրենց իսկ քաղաքացիների հոգեբանական վտանգվածության մասին։

Շարադրվածն ամփոփելուն օգնում է օրերս տեղի ունեցած շատ խորհրդանշական մի դրվագ՝ Գինեսի գրքում որպես ամենամեծ և ամենաբարձր ազգային դրոշ գրանցվելու հավակնությամբ վեր խոյացած ադրբեջանական դրոշը, որը պատռվեց և վայր ընկավ։ Պատռված և երկու կեսով ծածանվող դրոշն ի սկզբանե կոչված էր իր քաղաքացիներին ուժեղ դրական զգացողություններ հաղորդել, և արդյունքում առաջացրեց նրանց սրտնեղած զայրույթը։ Դրանով իսկ այն կարծես այլաբանական արտահայտումն էր նրա, թե երբեմն որքան անցանկալի են (և առաջին հերթին՝ հենց քեզ համար) հետևանքներն այն գործողությունների, որոնք դրդված են ինքնաուռճացման, ինքնացուցադրման ցանկությամբ, և թե որքան սին հետևանքներ ունեն սին ջանքերը։

1Տե՛ս, օրինակ, Աննա Ժամակոչյան, «Տեղեկատվական հոսքերը և Հայաստանի ինֆոանվտանգությունը». «21-րդ Դար», # 6 (28), 2009; Սամվել Մարտիրոսյան, Ադրբեջանի քարոզչամեքենան. նոր միտումներ, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4290&sphrase_id=1231; Հ.Դեմոյան, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ քարոզչության և հակաքարոզչության կազմակերպման և իրականացման եղանակների մասին», «Տեղեկատվական անվտանգության խնդիրների շուրջ», «Տարածաշրջան» տեղեկագիր, Նորավանք ԳԿՀ, Երևան, 2005, http://noravank.am/upload/pdf/76_am.pdf, Կարեն Վրթանեսյան, «Հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական թեզերը», «Գլոբուս. Ազգային անվտանգություն», #2(6), 2009։ http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2219&sphrase_id=1223

2 http://bakililar.az/ca/photos/dashsalahli.html

3Խոսքը ATV-International հեռուստաալիքի՝ հայերեն հեռարձակվող լրատվական թողարկումների մասին է։

4 http://www.ksam.org/index.php?mtype=news1&mid=435

5 http://www.newsazerbaijan.ru/analytics/20080331/42222402.html

6Հարկ է նշել, որ նկարագրված իրավիճակը քարոզչության բոլոր հարթությունների համար հավասարապես բնութագրական չէ։ Որոշ սպեցիֆիկ ոլորտներում, օրինակ՝ ՀՀ բանակի համակարգին ուղղված գործողություններում, քարոզչական գործողությունները շատ ավելի դիֆերենցված և կոնկրետ են և շատ ավելի լուրջ հակազդեցություն են պահանջում։

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 5

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր