• am
  • ru
  • en
Версия для печати
19.09.2011

ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան

ХХ դարասկզբի աշխարհաքաղաքական տեղաշարժերը (Առաջին աշխարհամարտ, 1917թ. հեղափոխություն, Ռուսական և Օսմանյան կայսրությունների անկում) Հայաստանի համար ծանրագույն փորձություն դարձան՝ հանգեցնելով Ցեղասպանության և Արևմտահայաստանի կորստին։ ХХ դարավերջի ցնցումները, որոնք պայմանավորված էին Սառը պատերազմում ԽՍՀՄ կրած պարտությամբ, նույնպես բացասաբար անդրադարձան հայ հանրության վրա. մենք ծանր կորուստներ կրեցինք տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական և գիտատեխնոլոգիական ոլորտներում։ Սակայն, դրան զուգահեռ, շնորհիվ քաղաքակրթական ռեսուրսների և Երկրորդ հանրապետությունում կուտակած պոտենցիալի, Հայաստանը կարողացավ իրականացնել իր ազգային խնդիրները. հաղթեց Արցախյան պատերազմում և ձևավորեց Երրորդ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները։ Փորձենք սխեմատիկ կերպով համակարգել նոր հայկական պետականության կայացման փուլերը։

Հայտնի է, որ դե յուրե Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրենց անկախ պետության կարգավիճակը ձեռք են բերել 1991թ.։ Կարծում ենք, սակայն, որ մեր պատմության այդ փուլը, «ոչ խորհրդային» հասարակության և հայկական պետականության նոր ձևերի՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի կայացման համատեքստում, հարկ է թվագրել 1988թ. փետրվարի 20-ով, երբ ԼՂԻՄ մարզխորհուրդը որոշում ընդունեց Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու մասին, իսկ Երևանի Թատերական հրապարակում, ի պաշտպանություն այդ որոշման, տեղի ունեցավ առաջին զանգվածային հանրահավաքը։ Սկսած այդ օրերից՝ խորհրդային իշխանությունը Հայաստանում սկսեց անշեղորեն կորցնել իր դիրքերը։

«Պերեստրոյկայի» և ԽՍՀՄ փլուզման համատեքստում տեղի ունեցող այդ իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ստեղծված բարդ իրադրությունում հայ հանրության և նրա ընտրանու գործողություններն ադեկվատ էին։ «Ընտրանի» (էլիտա) ասելով այս պարագայում անհրաժեշտ է նկատի ունենալ ոչ միայն Երևանի «Ղարաբաղ կոմիտե» և Ստեփանակերտի «Կռունկ» կազմակերպությունների անդամներին ու նրանց մերձավոր զինակիցներին, որոնք կարևոր դեր են խաղացել տեղի ունեցող իրադարձություններում, իսկ հետո դարձել են նաև երկու հանրապետությունների կառավարությունների միջուկը։ Այդ շրջանում համատարած մոբիլիզացվել էին ժողովրդի բոլոր հատվածները։ Նման պայմաններում «ընտրանի» հասկացությունը հարկ է մեկնաբանել ավելի լայն իմաստով, քան դա արվում է մասնագիտական գրականությունում։

Իսկ եթե փորձենք համակարգել մեր հանրության՝ այդ շրջանում անցած ուղու փուլերը, ապա կարելի է ներկայացնել հետևյալ պայմանական սխեման.

  1. Ազգային հասարակական-քաղաքական շարժման ձևավորում, խորհրդային համակարգի ապամոնտաժում, Հայաստանը փաստացի և իրավաբանորեն դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից (1988-1991թթ.)։
  2. Ադրբեջանական ագրեսիային զինված դիմակայության կազմակերպում. սկզբում՝ տարերայնորեն, հետո՝ կամավորական ջոկատների և կանոնավոր բանակի ձևով։ Այդ գործընթացն ավարտվեց Ադրբեջանի դեմ տարած հաղթանակով և Բիշքեկում զինադադարի ստորագրմամբ (1989-1994թթ.)։
  3. Ազգային պետության կայացման գործընթացը հայկական երկու հանրապետությունների՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի ձևաչափով (1990 թվականից1 առայսօր)։

Հաղթանակն Արցախյան դիմակայությունում երբեմն վերագրում են բացառապես մեր գործի ճշմարտացիության գիտակցմանը, ժողովրդի հայրենասիրությանը, քաջությանը և խանդավառությանը։ Անշուշտ, առանց այս գործոնների անհնար կլիներ հաղթել։ Սակայն այս հատկանիշները ձևավորվել են նաև օբյեկտիվ այլ հանգամանքների շնորհիվ։ Փորձենք առանձնացնել դրանցից հիմնականները։

  • Հայաստանը, ի տարբերություն տարածաշրջանի այլ հանրապետությունների, ազգային-պետական կառավարման և ինքնակազմակերպման քաղաքական փորձ ունի։ Նույնիսկ մեր պատմության այն ժամանակաշրջաններում, երբ կորցրել ենք պետական ատրիբուտիկան, ազգային ընտրանին այս կամ այն ձևով (եկեղեցական-կրոնական կառույցներ, ինքնավար իշխանական տներ, Հայաստանից դուրս համայնքներ կամ էլ գործիչների առանձին խմբեր) պահպանել է եթե ոչ ողջ ազգային հանրույթի, ապա՝ առնվազն նրա հիմնական հատվածների կառավարելիությունն ազգային արժեքների ու նպատակների իմաստով։
  • Առաջին և Երկրորդ հանրապետություններում ձևավորվեց նոր որակի քաղաքական ընտրանի։ Չնայած այդ հանրապետությունների գործիչների միջև առկա հակասությանը, նրանք ընդհանուր առմամբ մեծ գործ են կատարել ազգային գաղափարների պահպանման և զարգացման համար։ Առաջին հանրապետության անկումից հետո Գ.Տեր-Հարությունյանը, Դր. Կանայանը և այլք իրենց գործունեությունը շարունակեցին Սփյուռքում, և մեծ է նրանց վաստակը Հայության պահպանման գործում։ Հայկ. ԽՍՀ-ում ձևավորվեց քաղաքական գործիչների նոր համաստեղություն (Ալ. Մյասնիկյան, Յա. Զարոբյան և այլք), որոնք կարողացան հանրության մեջ պահպանել ազգային գաղափարները՝ ուղղված Ցեղասպանության և Արևմտահայաստանի կորստի փաստերի ճանաչմանը, Հայկ. ԽՍՀ-ին Արցախի, Նախիջևանի և Ջավախքի վերամիավորմանը։ Քաղաքական մշակույթի բարձր մակարդակը բնութագրական էր նաև ԼՂԻՄ-ի համար, որտեղ պայքարը Հայկ. ԽՍՀ-ին միանալու համար գլխավորեցին կուսակցական-տնեսական ընտրանու ներկայացուցիչները (Ռ.Քոչարյան, Ս.Սարգսյան և այլք)։
  • Հայ հանրությանը բնորոշ է ակնածալի վերաբերմունքը ռազմական գործի հանդեպ։ Հայրենական պատերազմի տարիներին ձևավորվեց պատկառելի «հայ սպայական կորպուսը»՝ կազմված խոշոր զորահրամանատարներից (Հովհ. Բաղրամյան, Հովհ. Իսակով, Հ.Բաբաջանյան, Ս.Խուդյակով)։ Ավելի քան հարյուր զինվոր և սպա Խորհրդային Միության հերոսի աստղ ստացան։ Դա մեծ ազդեցություն էր գործում հայ հանրության հոգեբանական տրամադրվածության վրա։ Միևնույն ժամանակ, ժողովրդի մեջ զարմանալիորեն պահպանվել են իռեգուլյար զինված դիմակայության բազմադարյան ավանդույթները և հմտությունները, ինչը դրսևորվեց Արցախյան դիմակայության տարիներին։ Հենց կադրային սպայության (Ն.Տեր-Գրիգորյան, Գ.Դալիբալթայան, Խ.Իվանյան, Ս.Օհանյան և այլք) օպերատիվ արվեստի և կամավորական ջոկատների հրամանատարների (Ս.Բաբայան, Լ.Ազգալդյան, Ա.Ղուլյան և այլք) մարտավարական օժտվածության համադրումը թույլ տվեց հաղթել հակառակորդին։
  • Հայ հանրությունը կարողացավ արդյունավետորեն օգտագործել ԽՍՀՄ կազմում գտնվելու 70-ամյա շրջանը։ 1980-ականների վերջին հանրապետությունը գերազանցում էր իր տարածաշրջանային հարևաններին կրթության, գիտության և տեխնիկայի ոլորտներում, ինչպես նաև արդյունաբերական զարգացման մեջ։ Հայաստանում ստեղծվեցին գիտական դպրոցներ և ուղղություններ, որոնք ղեկավարում էին համաշխարհային համբավ ունեցող գիտնականներ (Հ.Օրբելի, Վ.Համբարձումյան, Ա.Ալիխանյան, Ս.Մերգելյան և այլք)։ Սոցիալական բարձր կարգավիճակ ունեցող «ինտելեկտուալների կրիտիկական մասսայի» առկայությունը դրականորեն էր ազդում հանրության հոգևոր-գաղափարական դրության վրա, և միանգամայն օրինաչափ է, որ «Ղարաբաղ կոմիտեի» կազմում գերակշռում էին հանրության հենց այդ հատվածի ներկայացուցիչները (Ի.Մուրադյան, Վ.Մանուկյան, Լ.Տեր-Պետրոսյան, Ռ.Ղազարյան, Ա.Մանուչարյան և այլք)։

Բայց պատերազմում տարած հաղթանակից և ինքնիշխանության նվաճումից հետո Հայաստանը, կայսերական տարածքից դուրս հայտնվելով, բախվեց նոր մարտահրավերների, որոնցից մեկն էլ պետության այդքան ցանկալի ինքնիշխանության արժեզրկման գործընթացն էր։

Համաձայն եվրոպական պատմագրական ավանդույթի՝ ազգային ինքնիշխան պետությունները՝ որպես հասարակության քաղաքական կազմակերպման հիմնական ձև, ի հայտ եկան XVII դարում, Երեսնամյա պատերազմի ավարտից և 1648թ. «Վեստֆալյան խաղաղության» կնքումից հետո, որն էլ նշանավորեց «ազգային պետություն» հասկացության վրա հենվող միջազգային հարաբերությունների դարաշրջանի սկիզբը։ Կարևոր է նշել, որ այդ պայմանագիրը նշանավորեց ևս մեկ էական հանգամանք. դրանից հետո Եվրոպայի գլխավոր կենտրոնի դերին հավակնող Հռոմեական սրբազան կայսրությունը զրկվեց այլ պետությունների գործերին միջամտելու ամեն տեսակ հնարավորությունից։ Այսինքն՝ որոշ վերապահումներով կարելի է պնդել, որ «Վեստֆալյան խաղաղությունը» և «ազգային պետություն» իրավական հասկացության ձևավորումը հանդիսացան այդ դարաշրջանի լոկալ եվրոպական «միաբևեռ համակարգի» անկման և «բազմաբևեռ եվրոպական աշխարհակարգի» ձևավորման սկիզբը։

Հետվեստֆալյան շրջանում ազգային պետությունները փոխակերպումների ենթարկվեցին բազմաթիվ չափանիշներով։ Բայց Եվրոպայում քաղաքական տիրապետության ձգտող ուժի խոշոր կենտրոնների ի հայտ գալը մշտապես նվազեցնում էր այլ պետությունների դերը։ Այդպես է եղել Նապոլեոնի դարաշրջանում, այդպես էր նաև Սառը պատերազմի տարիներին. ինչպես «սոցճամբարի», այնպես էլ «ազատ աշխարհի» երկրներն իրենց լիազորությունների զգալի մասը (հատկապես միջազգային հարաբերությունների և պաշտպանության ոլորտներում) հանձնեցին համապատասխանաբար Մոսկվային և Վաշինգտոնին։ Բայց երկբևեռ համակարգի հետ միասին փլուզվեց ինչպես «սոցճամբարը», այնպես էլ այն պատրանքը, թե «չարի կայսրության» անկմամբ առաջ կգան «հիրավի ինքնիշխան» պետություններ։ Միաբևեռ համակարգում այլ իրողություններ առաջ եկան. նախկին «սոցճամբարը» նետվեց դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ, իսկ ըստ էության, թերևս, միակ ինքնիշխան պետությունը՝ Հարավսլավիան, մասնատվեց ոչ մեծ և ոչ այնքան ինքնաբավ պետությունների։

Ինչևէ, միութենական բոլոր հանրապետությունները և «ժողովրդական դեմոկրատիայի» երկրները ձեռք բերեցին ինքնիշխանության ատրիբուտներ, սակայն դրանցից մի քանիսի իրական քաղաքական կարգավիճակը շատ չէր տարբերվում նախկինից. տարբերությունը միայն այն էր, որ կառավարման կենտրոնը Մոսկվայից Վաշինգտոն էր տեղափոխվել։ Այդ երկրների մի մասը վերլուծական գրականության մեջ ստացավ «proxy» որակումը, ինչը կարելի է մեկնաբանել որպես «արտաքին կառավարմամբ» երկիր։ Այս առնչությամբ տեղին է մեջբերել Բ.Դիզրաելիի արտահայտությունը, թե՝ «գաղութները չեն դադարում գաղութներ լինելուց այն պատճառով, որ անկախություն են ձեռք բերել...»։

Վերադառնալով Սառը պատերազմին հաջորդած տարիներին՝ նշենք, որ միաբևեռ համակարգի բյուրեղացման այդ շրջանում (վերադարձ «մինչվեստֆալյան աշխարհի» դարաշրջանին) ի հայտ եկան բազմաթիվ հրապարակումներ պետության անխուսափելի վախճանի մասին, որոնցից նշենք Մարտին վան Կրևելդի «Պետության ծաղկումը և անկումը» մենագրությունը։ Որպես կոնցեպտի հիմք էր ընդունվում այն, որ ինտեգրման գործընթացները, անդրազգային ընկերությունների (ԱԱԸ) և ոչկառավարական կազմակերպությունների աճող դերն անխուսափելիորեն նվազեցնում են պետության սուվերենությունը, որը նման պայմաններում ջանում է իր գործառույթները վերահանձնարարել այլ կառույցների։

Այս համատեքստում ներկայացնենք որոշ փաստեր ԱԱԸ-ների մասին, որոնց համարում են «պետության վախճանի հիմնական մեղավորները»։ Այսօր ՄԱԿ տվյալներով գոյություն ունի ավելի քան 65 հազ. ԱԱԸ, որոնցում զբաղված է ավելի քան 74 մլն մարդ։ Բնութագրական է, որ աշխարհի 100 առավել խոշոր տնտեսություններից 52-ը անդրազգային ընկերություն են և միայն 48-ն են պետություն. մի ամբողջ շարք ԱԱԸ-ների ՀՆԱ-ն (Royal Dutch Shell, BP) ավելին է, քան Շվեդիայինը, Արգենտինայինը և այլն։ Հատկանշական է, որ 500 խոշոր ԱԱԸ-ների մոտ մեկ երրորդը բաժին է ընկնում ԱՄՆ-ին։

Բայց պետության «վախճանի» կողմնակիցները լուրջ ընդդիմախոսներ ունեն։ Եվ դա միայն մշակութային ընտրանին չէ, որը կարծում է, թե ինքնիշխանության արժեզրկումը կհանգեցնի ազգերի վերասեռման։ Այսօր ի պաշտպանություն ազգային պետության հանդես են գալիս փիլիսոփաները, խոշոր քաղաքագետները և վերլուծական «ուղեղային կենտրոնները»։ Ըստ նրանց՝ ինքնիշխան պետությունները, չնայած փոխակերպումներին, կմնան որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտներ և կառավարման առավել արդյունավետ գործիք։ Ամերիկյան ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ ազգային պետությունների համար գլխավոր սպառնալիք է «Ալ-Քաիդայի» (պետության ինքնատիպ «փոխարինիչ»՝ արմատական իսլամական կատարմամբ, որը ջիհադ է հայտարարել մեկ այլ՝ նույնպես խիստ պայմանական պետության՝ «համաշխարհային սիոնիզմին») տիպի ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը։ Սրան դիմակայել հնարավոր է միայն ազգային պետության պահպանմամբ և զարգացմամբ։ Նման դիրքորոշում են որդեգրել նաև եվրոպացիները, որոնք ավանդաբար պետության ավելի մեծ կողմնակիցներ են համարվում, քան ամերիկացիները։

Պետության կողմնակիցներին ծանրակշիռ փաստարկներ տրամադրեց 2009թ. ճգնաժամը, երբ պարզվեց, որ առանց պետական միջամտության անհնար է հաղթահարել համակարգային ցնցումները։ Ճգնաժամը ստիպեց ավելի քննադատաբար վերաբերվել ուլտրալիբերալ տնտեսության դոգմաներին, որոնց տարրն են հանդիսանում նաև ԱԱԸ-ները։ Ճգնաժամի պատճառների իմաստավորումը հանգեցրեց փոփոխությունների, մասնավորապես՝ եվրոպական տնտեսական քաղաքականությունում, որի որոշ տարրեր նախագահ Օբաման փորձում է ներդնել ԱՄՆ-ում։

Սակայն ազգային պետության «դիրքերն» արմատապես ամրապնդեց բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումը, որը, ըստ էության, հիշեցնում է «հետվեստֆալյան աշխարհը»։ Բազմաբևեռությունը ենթադրում է ուժի մի քանի կենտրոնի առկայություն և, համապատասխանաբար, տարավեկտոր քաղաքականություն, ինչը հնարավոր է միայն ուժեղ պետական կազմակերպման պայմաններում։ Պահանջները պետական կառույցից հատկապես բարձր են, երբ լուրջ հիմնախնդիրներ կան անվտանգության ոլորտում։ Այս հանգամանքները բնորոշ են նաև Հայաստանին, որը.

  • ԼՂՀ կարգավիճակի հետ կապված խնդիրների պատճառով Ադրբեջանի հետ «խրամատային պատերազմի» ռեժիմով ռազմաքաղաքական առճակատման մեջ է գտնվում։
  • Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված գործընթացների պատճառով չկարգավորված, հաճախ քաղաքական դիմակայության հասնող հարաբերություններ ունի Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի հետ։ Այդ երկիրը շրջափակել է Հայաստանի հաղորդակցությունները, այսինքն՝ նրա հետ հարաբերությունները կարելի է բնութագրել որպես «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»։

Թվարկված գործոնները ենթադրում են բազմավեկտոր, բայց դիվանագիտական տեսակետից ոչ այնքան հարմարավետ քաղաքականության վարում ինչպես Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի (ՀԱՊԿ), այնպես էլ Արևմուտքի (ԱՄՆ, ՆԱՏՕ, ԵՄ) հետ։

Մեկ այլ հիմնախնդիր են ներքին մարտահրավերները, որոնք անհնար է լուծել առանց էֆեկտիվ պետության։ Երկու անգամ՝ 1999թ. հոկտեմբերին խորհրդարանում քաղաքական առաջնորդների սպանությունից և 2008թ. մարտին «գունավոր հեղափոխություն» իրականացնելու արմատական ընդդիմության փորձից հետո Հայաստանը հայտնվել է խիստ բարդ իրադրությունում։ Կասկած չի հարուցում, որ այս ճգնաժամերի կարգավորումն անհնար կլիներ առանց պետական կառույցների եռանդուն միջոցառումների։

Բայց հայոց պետականության ամրապնդման խնդիրը հրատապ է ոչ միայն արտաքին ու ներքին սպառնալիքների ֆոնին։ Սփյուռքի համախմբումն ազգային շահերի համատեքստում, նույնիսկ այն դեպքում, երբ կազմակերպման ցանցակենտրոն համակարգն օպտիմալն է համարվում, նույնպես ենթադրում է գաղափարախոսական կենտրոնի առկայություն, որը պետք է և կարող է լինել միայն ուժեղ հայկական պետությունը (թեկուզև նրա համար, որ այլընտրանք առայժմ գոյություն չունի)։

Թվարկված գործոնները պարզապես հարկադրում են Հայաստանին ունենալ էֆեկտիվ պետություն՝ առավելագույն մոբիլիզացված ռեսուրսներով և ինքնիշխանության առավելագույն բարձր մակարդակով։ Այսպիսին է մեր ազգային անվտանգության հստակ տրամաբանությունը։

1 Բազմակուսակցական ընտրությունները և Հայկ. ԽՍՀ՝ իրական լիազորություններ ունեցող Գերագույն խորհրդի և կառավարության ձևավորումը տեղի ունեցան արդեն 1990թ., այսինքն՝ մինչև 1991թ. ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր