• am
  • ru
  • en
Версия для печати
16.09.2011

ՎՐԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՈՒՂԻՆ. «ՉԼՈՒԾՎԱԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

   

Կարեն Վերանյան

«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

Վրաստան. տնտեսական զարգացման նոր մոդել

Վերջին շրջանում Վրաստանի ղեկավարությունը՝ ի դեմս երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, բավական հաճախ է սկսել խոսել Վրաստանի զարգացման ռազմավարության հավակնոտ նախագծերի վերաբերյալ։ Իսկապես, նախագահ Սահակաշվիլին ցանկացած առիթ օգտագործում է՝ տարբեր միջազգային ամբիոններից հնչեցնելու առաջիկա կես տասնամյակում իր երկրի աննախադեպ տնտեսական զարգացման այլընտրանքային մոդելի նախաձեռնման մասին։ Վերջերս հատկապես մեծ հնչեղություն է տրվում Սահակաշվիլու այն նախաձեռնությանը, ըստ որի՝ Վրաստանն իր ապագա տնտեսական զարգացման ռազմավարության մոդելով ոչ հեռու ապագայում դառնալու է «նոր Սինգապուր». մեծ տարածում են գտել նաև «կովկասյան կամ տեղական Սինգապուր», «տարածաշրջանի ժողովրդավարական Սինգապուր» եզրերը։

Վրաստանի նախագահի բնորոշմամբ, երկրի ապագա տնտեսական մոդելը «կովկասյան Սինգապուրն» է, որի իրագործման համար, Սինգապուրի օրինակով, անհրաժեշտ է առավելագույն չափով շահավետ օգտագործել Վրաստանի աշխարհագրական դիրքը։ Վրաստանի տնտեսական զարգացման՝ Սահակաշվիլու առաջարկած նախաձեռնությունը ենթադրում է, որ Վրաստանը հավակնում է վերածվել տարածաշրջանային կենտրոնի, որի իրագործման համար, ըստ նրա պատկերացումների, առկա են լուրջ հեռանկարներ։ Այդ խնդրի կենսագործման համար երկրի ղեկավարությունը նկատի է առնում հարևան Ռուսաստանում կոռուպցիայի բավական բարձր ռիսկայնության պայմաններում կապիտալի արտահոսքը։ Ըստ նրա՝ Վրաստանը պետք է այն իր կողմը ներգրավի, ինչին էապես կնպաստի երկրում կոռուպցիոն ռիսկերի համեմատաբար ցածր մակարդակը։ Վրաստանի տարածաշրջանային կենտրոնի վերածման նախաձեռնության երկրորդ կարևոր նախադրյալ հիշատակվում է Թուրքիայում առկա կապիտալի ավելցուկի իրողությունը, ինչից ևս պետք է օգտվի Վրաստանը՝ տնտեսական զարգացման նոր ռազմավարության իրագործման նպատակով։

Մյուս կողմից, Վրաստանի ղեկավարությունը մեծապես կարևորում է այն հանգամանքը, որ պաշտոնական Անկարան նախատեսում է Միջերկրական ծովի ուղղությամբ Բոսֆորի վրա կառուցել մեծ ջրանցք, ինչը Սև ծովը կդարձնի բաց ծով։ Նրա գնահատմամբ, ողջ աշխարհի տնտեսական զարգացման շուրջ 80%-ը բաժին է ընկնում ծովային տարածություններին, ուստի առաջնակարգ նշանակություն է տրվում Վրաստանում, արևմտյան հատվածում համապատասխան կենտրոնի ստեղծման անհրաժեշտությանը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երկու կենտրոնների ստեղծմանը. առաջինը նախատեսվում է հիմնել Բաթումում, որը դառնալու է ֆինանսատնտեսական կենտրոն, իսկ երկրորդ կենտրոնը լինելու է Քութայիսում՝ որպես խորհրդարանական մայրաքաղաք։

Չնայած երկրում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին, նախագահ Սահակաշվիլին խոստանում է, որ ծրագրված համարժեք բարեփոխումները հնարավորություն կտան առաջիկա տարիներին երկիրը դարձնել Եվրոպայում ամենաարագ զարգացող տնտեսությունը։

Վրաստանում տնտեսական զարգացման սինգապուրյան մոդելի տեղայնացման հարցում մեծ նշանակություն տրվեց ընթացիկ տարվա մայիսի կեսերին Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի պաշտոնական այցին Սինգապուր, որի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ Սինգապուրի նախագահ Սելապան Ռամանաթան Նաթանի և վարչապետ Լի Հսիեն Լունգի հետ:

«Չլուծված հիմնախնդիրներ» և երկխոսության անխուսափելիություն

Թերևս, երկու կարծիք լինել չի կարող այն հարցում, որ չնայած երկրում առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերներին, 2003թ. վարդերի հեղափոխությունից ի վեր Վրաստանի վերնախավը ոլորտում բավական արդյունավետ բարեփոխումներ է իրականացրել։ Դա են վկայում առաջին հերթին այն վիճակագրական ցուցանիշները, որոնք ներկայացվում են տարբեր հեղինակավոր միջազգային վարկանիշային կազմակերպությունների տարեկան զեկույցներում։ Բերենք մի քանի օրինակ. բավական արդյունավետ են եղել կառավարության բարեփոխումները գործարարության զարգացման ոլորտում։ Միջազգային ֆինանսական կազմակերպության Գործարարության (Doing business) 2011թ. հետազոտության տվյալներով, զեկույցում ներառված 183 երկրների շարքում Վրաստանը զբաղեցրել է 12-րդ դիրքը (ի դեպ, առաջին հորիզոնականում է Սինգապուրը)՝ արձանագրելով Հարավային Կովկասում ու ԱՊՀ տարածքում լավագույն վարկանիշային արդյունքը։ Երկրի ղեկավարությունը դրական արդյունքներ արձանագրեց նաև հակակոռուպցիոն ոլորտում։ «Թրանսփերընսի ինթերնեյշնըլ» (ԹԻ) հեղինակավոր կազմակերպության պատրաստած Կոռուպցիայի ընկալման ինդեքսը 2009թ. վարկանիշային հետազոտության արդյունքները նույնպես վկայում են Վրաստանում այս ոլորտում վերջին տարիներին արձանագրված լուրջ հաջողությունների մասին։ Մասնավորապես, Վրաստանի վարկանիշը կրկին լավագույնն է եղել ԱՊՀ երկրների շարքում։

Վերջին տարիներին հարևան հանրապետությունում իրականացված բարեփոխումները խոսուն են, սակայն առայժմ ոչ այնքան հիմնավոր՝ «կովկասյան Սինգապուրի» վերածվելու համար։ Այնուհանդերձ, այս համատեքստում պետք է արձանագրել մեկ էական հանգամանք, այն է՝ Վրաստանում տնտեսական այլընտրանքային զարգացման նոր ռազմավարության վերաբերյալ խոսակցությունների շրջանառումը հատկապես ակտուալ է դարձել 2008թ. օգոստոսյան հետպատերազմյան ժամանակաշրջանում։ Իսկապես անհրաժեշտություն կա առավել հանգամանորեն կենտրոնանալ այդ հարցի վրա, քանզի վերջինս վկայում է վրաց-հարավօսական հնգօրյա պատերազմից հետո Վրաստանի արտաքին քաղաքականության ռազմավարությունում որոշակի փոփոխությունների միտման մասին։ Պատերազմի արդյունքում կրած զգալի մարդկային, նյութական կորուստները, Վրաստանի միջազգային հեղինակության անկումը և, ի վերջո, կրած պարտությունը ռազմական գործողություններում չէին կարող չազդել Վրաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական համագործակցության վրա։ Արդյունքում՝ որոշ վերադասավորումներ տեղի ունեցան Վրաստանի արտաքին քաղաքական գերակայություններում՝ հօգուտ արևմտյաեվրոպական վեկտորի։ Պատահական չէ, որ վերջին շրջանում Վրաստանի վերնախավի առաջին դեմքերի ելույթներում ու հարցազրույցներում անպայմանորեն շեշտադրվում են Վրաստան-ԵՄ համագործակցության խորացման և Վրաստանի՝ որպես եվրոպական ընտանիքի անքակտելի մասի ներկայացման հարցերը։ Դժվար չէ նկատել, որ Սահակաշվիլու՝ Վրաստանի տնտեսական զարգացման այլընտրանքային ուղու նախաձեռնությունն ուղղակիորեն պայմանավորված է Վրաստանի արտաքին քաղաքականությունում եվրոպական վեկտորի ազդեցության խորացման հետ։ Եթե արտահայտվենք ավելի ստույգ, Վրաստանի տնտեսական զարգացման նոր մոդելը ենթադրում է՝

  1. երկրի շուրջ թափանցիկ կամ «հայելային» պատի կառուցում,
  2. առավելագույն կենտրոնացում կամ ներբեռնում տնտեսության զարգացման ուղղությամբ,
  3. «չլուծված հիմնախնդիրների» կարգավորման հարցում եվրոպական (համեմատաբար հումանիստական) արժեքներով առաջնորդում։

Տնտեսական զարգացման այլընտրանքային ուղու վերաբերյալ Վրաստանի ղեկավարության նոր պատկերացումներն ուղղակիորեն իրենց ազդեցությունն ունեցան «չլուծված հիմնախնդիրների» կարգավորման ուղղությամբ։ Նշյալ նախաձեռնության շուրջ խոսակցությունների ակտուալացման գործընթացին զուգահեռ՝ աստիճանաբար, դա նկատելի է հատկապես վերջին տարվա ընթացքում։ Հետին պլան սկսեցին մղվել Վրաստանի վերնախավի՝ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման շուրջ պնդումները։ Ի դեպ, դժվար չէ հիշել, որ Սահակաշվիլու առանցքային կարգախոսներից մեկը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն էր։ Իհարկե, «չլուծված հիմնախնդիրների» կարգավորման հարցում Վրաստանի ղեկավարության սկզբունքային ռազմավարության փոփոխության գործընթացը, մինչև 2008թ. օգոստոսյան ռազմական գործողությունները, անցավ ոչ էական ընթացքով։ Թերևս, ակնառու «տեսական» փոփոխություններից մեկը վերաբերում էր «տարածքային ամբողջականության վերականգնման» եզրի՝ «ինտեգրման» եզրով վերափոխմանը. դրա է հետ է կապված երկրի Հակամարտությունների կարգավորման հարցերով նախարարության վերանվանումը Վերաինտեգրման հարցերով նախարարության։ «Չլուծված հիմնախնդիրների» կարգավորման հարցում երկրի վերնախավի լուրջ վրիպումը տեղի ունեցավ 2008թ. և ավարտվեց վրաց-հարավօսական պատերազմով, ինչը և բեկումնային եղավ այդ ուղղությամբ Վրաստանի ղեկավարության նախկին մոտեցումների նորովի վերիմաստավորման առումով։ Ներկայում հարցի կարգավորման շուրջ սկզբունքային շեշտադրումներն արվում են գերազանցապես «ներքին տեղահանված անձանց ու փախստականների վերադարձման» եզրի շուրջ։

Այդ ֆոնին աստիճանաբար ավելի շոշափելի է դառնում Վրաստանի վերնախավի՝ Կրեմլին հասցեագրված նախկին կոշտ հռետորաբանության թուլացման միտումը։ Ս.թ. հունիսի 27-ին Վրաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանին նոտա է հասցեագրել Վրաստանում Շվեյցարիայի դեսպանություն, որտեղ խոսվում է ռուսական կողմի հետ երկխոսության վերականգնման հարցում երկրի պատրաստակամության մասին։ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանթաձեի խոսքերով, Թբիլիսին որոշում է ընդունել վերականգնել երկխոսությունը Մոսկվայի հետ, քանի որ, ըստ նրա, էթնիկ խտրականության և փախստականների վերադարձի հետ կապված Ռուսաստանի դեմ Վրաստանի կողմից դատական հայց ներկայացնելուց հետո ՄԱԿ դատարանը կոչ արեց կողմերին գալ երկխոսության։ Նոտայում վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ ՄԱԿ կոնվենցիաների խախտմանը վերաբերող վեճերի կարգավորման շուրջ։ Խոսքը վերաբերում է 1990-ական թթ. Աբխազիայից և Հարավային Օսիայից տեղահանված էթնիկ վրացիների՝ իրենց տները վերադառնալու իրավունքին, մինչև 2008թ. Աբխազիայում և Հարավային Օսիայում իրականացված մարդու իրավունքների ու ազատության խախտումներին (ունեցվածքի միտումնավոր վնասում ու ոչնչացում, կրթական, մշակութային իրավունքների խախտում, տեղաշարժի սահմանափակում)։ Ռուսական կողմին հասցեագրված նոտայում նշվում է նաև 2008թ. վրաց-հարավօսական պատերազմի արդյունքում Հարավային Օսիայից ու հարակից շրջաններից տեղահանված էթնիկ վրացիների իրավունքների խախտման հանգամանքը։ Նկատենք, որ ապրիլի 1-ին Հաագայի միջազգային դատարանի որոշումը հաստատել էր Վրաստանի և Ռուսաստանի միջև վեճի առկայությունը, սակայն դատարանը Վրաստանին կոչ էր արել նշյալ վիճելի խնդիրների շուրջ երկխոսել Ռուսաստանի հետ։

Վրաստանի արտաքին քաղաքականության վերադասավորումներին զուգահեռ՝ որակապես նոր միտումներ են արձանագրվում երկրի հասարակական, դաշտում։ Վերջերս մասնավորապես բավական լուրջ քննարկում է ծավալվում Վրաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման հարցի շուրջ։ Տարածված են այն մոտեցումները, որոնց համաձայն՝ Վրաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումը կնպաստի Վրաստանում առկա սոցիալ-տնտեսական մարտահրավերների առավել արդյունավետ հաղթահարմանը և երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովմանը։ Նախաձեռնության հեղինակներից մեկը Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն է։ Նրա համոզմամբ, «իրավիճակն Աբխազիայում լավատեսության հիմք չի տալիս, աբխազները կանգնած են ձուլման վտանգի առաջ, ուստի վրացական կողմը պետք է քայլեր ձեռնարկի ոչ թե Աբխազիան, այլ աբխազներին վերադարձնելու ուղղությամբ»։ Նրա խոսքերով՝ «վրացական կողմի քայլերը պետք է ուղղված լինեն Աբխազիան Ռուսաստանից անջատելուն, և քանի որ Ռուսաստանն այս առումով առաջ է անցել Վրաստանից, Թբիլիսին պետք է անսպասելի քայլերի գնա։ Այդպիսի քայլ կարող է լինել Աբխազիայի ճանաչման վրաց–աբխազական ճակատը։ Նման բանակցությունների ընթացքում վրացական կողմը պետք է պայմաններ դնի աբխազների առաջ, մասնավորապես, փախստականների վերադարձը»։ Ավելին, փորձագետն այն համոզման է, որ ռազմատենչ հռետորաբանությամբ և ռազմական գործողությունների նախաձեռնմամբ հնարավոր չէ վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը. վճռորոշ նշանակություն ունի աբխազների ու օսերի հետ ուղղակի երկխոսություն սկսելը, ինչպես նաև Վրաստանի տնտեսական կայուն զարգացման ապահովումը՝ որպես այդ երկխոսության կայացման երաշխիք։ Վրացի մեկ այլ փորձագետ՝ Իրակլի Սեսիաշվիլին, իր հերթին մեկնաբանել է, որ պաշտոնական Թբիլիսին պետք է իրադարձություններից առաջ անցնող պետություն դառնա և բանակցություններ սկսի Աբխազիայի անկախության ճանաչման շուրջ։ Փորձագետը հնարավոր է համարում, որ երկխոսության ընթացքում ի հայտ կգա միջանկյալ կարգավիճակ, որը ո՛չ անկախություն է և ո՛չ էլ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնում։

Վրաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման շուրջ շրջանառվող մեկնաբանություններից անմասն չի մնացել նաև Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն։ Վերջինս խելամիտ է համարել վրացի քաղաքագետ Մամուկա Արեշիձեի նախաձեռնությունը՝ հաստատելով, որ «Աբխազիան էլ երբեք չի դառնա Վրաստանի շրջան»։ Նրա խոսքերով, «երկու հանրապետությունների ժողովուրդները, սակայն, հնարավորություն ունեն հասնելու գոնե համատեղ խաղաղ գոյակցության»։

Հետևություններ

Չնայած շատ կարճ ժամանակ է անցել 2008թ. օգոստոսյան ռազմական գործողություններից, այնուհանդերձ, Վրաստանի ղեկավարությունն այդ ընթացքում թերևս շատ անհրաժեշտ ու դրական հետևությունների է հանգել այն իմաստով, որ ժամանակի ընթացքում հակամարտող կողմերի միջև ձևավորված ներկայիս status-quo-ն անխուսափելիորեն կարմատավորվի, իսկ հետդարձը դեպի ռազմական հռետորաբանությունը կնշանակի հետքայլ երկրի զարգացման գործընթացում։ Դատելով համենայնդեպս վերջին զարգացումներից՝ Սահակաշվիլու թիմը եկել է այն հստակ համոզման, որ Վրաստանի զարգացման հեռանկարային ապագան հարևան երկրների ու ժողովուրդների հետ առկա խնդիրների շուրջ երկխոսության հաստատման, խաղաղ գոյակցման և երկրի տնտեսական կայուն զարգացման ապահովման մեջ է։

Վրաստանի տնտեսական զարգացման որակապես նոր մոդելի շուրջ երկրի վերնախավի մոտեցումներն էական նշանակություն ունեն մեր տարածաշրջանի ռազմատենչ հռետորությամբ աչքի ընկած մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների համար՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների ու ապագայի շուրջ համարժեք ու անխուսափելի հետևությունների գալու առումով։

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 4, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր