• am
  • ru
  • en
Версия для печати
24.06.2011

«ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ` ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՍԿՍԻ ՊՆԴԵԼ, ՈՐ ԻՐԵՆՑՆ Է ԵՐԵՎԱՆԸ»

   

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն ամենախաղաղասիրական ելույթներից էր, որով ցույց տրվեց, որ գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում։ Ասուլիսի ժամանակ նման դիրքորոշում հայտնեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

Խոսելով հունիսի 24-ին Կազանում կայանալիք եռանախագահների հանդիպման մասին` բանախոսը ցանկություն հայտնեց, որ Կազանում կողմերը գան խաղաղասիրական համագործակցության, «սակայն այժմ դա որոշում է, հիմնականում, Ադրբեջանը»։

Նա նշեց, որ եթե հայկական կողմը գնա ազատագրված տարածքների որոշակի զիջումների, ապա ավելի խոցելի վիճակում կհայտնվի: «Այսօր մենք ունենք լավ դիրքեր, եթե մենք տարածքները տանք, դա կարող է վտանգել ԼՂՀ անվտանգությունը, իսկ այստեղ որևէ զիջումների մասին խոսք լինել չի կարող: Բանակցային գործընթացը ենթադրում է ինչ-որ տարածքների զիջում, սակայն եթե դրա արդյունքում Ադրբեջանը շարունակելու է ռազմատենչ հայտարարությունները, ապա դա անմտություն է»,- նկատեց Գ.Հարությունյանը` հավելելով, որ զիջումների դեպքում` Ադրբեջանը շուտով կսկսի պնդել, որ իրենցն է նաև Սյունիքը, Երևանը և այլն:

Ադրբեջանի կազմում լինելը, Գ. Հարությունյանի խոսքերով, ոչ թե քաղաքական անհարմարություն է, ինչպես ընկալում են այլ տերություններ, այլ՝ լինել-չլինելու հարց։

Գ.Հարությունյանը նկատեց, որ, ինչպես միշտ, ցանկացած հանդիպումից առաջ սկսվում է տենդ, սակայն դա, բանախոսը բացատրեց աշխարհաքաղաքական անկայունությամբ. «Բոլոր երեք նախագահներն էլ եկող տարի ընտրական խնդիրներ ունեն։ Եվ եթե այս անկայունությունը անհանգստացնում է մեծ երկրներին, ապա Թուրքիան փորձում է մաքսիմալ այն օգտագործել իր նեոօսմանական նկրտումներն իրականացնելու համար»:

Ի դեպ, փորձագետը նշեց նաև, որ Կազանից առաջ նկատելի է` սահմաններում նվազել են դիպուկահարների կրակոցները, ինչը, ըստ նրա, պայմանավորված է հայկական կողմի ադեկվատ պատասխանով կամ Դովիլյան հայտարարությամբ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր