• am
  • ru
  • en
Версия для печати
16.05.2011

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան
Գ.Հարությունյան` «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն

2011թ. մարտի 25-ին Ծաղկաձորում կայացած «Ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները» թեմայով կլոր սեղանի ժամանակ կարդացված զեկուցման հիման վրա

Հայ-ռուսաստանյան համագործակցությունը (որը նոր թափ ստացավ նախագահներ Ս.Սարգսյանի և Դ.Մեդվեդևի 2010թ. օգոստոսյան հանդիպումից հետո), մի քանի ռազմավարական հարթություն ունի։ Մասնավորապես, վերոնշյալ հանդիպման արդյունքում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի վերաբերյալ պայմանագիրը երկարաձգվեց (մինչև 2044թ.) և նորացվեց (ռուսաստանյան կողմն ապահովում է նաև ՀՀ անվտանգությունը)։ Հայկական տեսանկյունից այդ վերջին հանգամանքն արտակարգ կարևորություն ունի, քանի որ այդպիսով երաշխավորվում է Հայաստանի անվտանգությունը թուրքական հնարավոր ագրեսիայից։ Հարկ է ամրագրել, որ Թուրքիան Արցախյան հակամարտության փաստացի մասնակից է. այդ երկիրն Ադրբեջանին առայսօր սպառազինություն է մատակարարում և աջակցում զինվորական «խորհրդականներով», իսկ պատերազմի տարիներին օգնում էր նաև այսպես կոչված «կամավորներով»։ Սակայն գործն այսքանով միայն չէր սահմանափակվում։ Երկու անգամ՝ 1992 և 1993թթ., Թուրքիան պատրաստ էր անմիջականորեն միջամտելու Ղարաբաղյան հակամարտությանը և ներխուժելու Հայաստան (այդ իրադարձությունները հանգամանալից ներկայացված են այդ տարիներին ՀՀ-ում Հունաստանի դեսպանի հուշերում), և երկու անգամ էլ Ռուսաստանի վճռական միջամտությունն էր, որ կանխեց պատերազմը։ Նկատենք, որ այս խնդրում իրավիճակը շատ չի տարբերվում նախկինից. Թուրքիան ամրապնդել է Ադրբեջանի «ավագ եղբոր» կարգավիճակը, և կասկած չի հարուցում, որ ադրբեջանական հակահայկական հռետորաբանությունն ու ռազմատենչությունը պայմանավորված են ոչ միայն «նավթադոլարների» առատությամբ, այլև առաջին հերթին թուրքական ռազմաքաղաքական-գաղափարախոսական աջակցությամբ։

Ադրբեջանը՝ թուրքական «ֆորպոստ» հետխորհրդային տարածքում. Միևնույն ժամանակ, թուրքական էքսպանսիայի զսպումը խիստ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի ազգային շահերի տեսանկյունից։ Դա պայմանավորված է հետևյալ գործոններով։ Կիրառելով «մեկ ազգ, երկու պետություն» քաղտեխնոլոգիան՝ Թուրքիան և Ադրբեջանը հաստատել են սերտ համագործակցություն։ Նման ձևաչափը խիստ հարմարավետ է երկու կողմերի համար էլ, քանի որ թույլ է տալիս ճկուն և բազմակողմանի քաղաքականություն վարել, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի ԱՊՀ անդամ լինելու հանգամանքը։ Այդ համատեքստում Ադրբեջանը հանդիսանում է Թուրքիայի «ֆորպոստը» հետխորհրդային տարածքում (կարելի է ասել, որ Ադրբեջանը Ռուսաստանին Թուրքիայի կողմից նվիրված «տրոյական նժույգ» է) ինչպես Հարավային Կովկասում (ոչ միայն Հայաստանի հետ կապված հակամարտությունում, այլև Վրաստանի վրա թուրք-ադրբեջանական ազդեցությունը մեծացնելու համատեքստում), այնպես էլ Կենտրոնական Ասիայում և բուն Ռուսաստանում՝ Հյուսիսային Կովկասում և թուրքալեզու բնակչություն ունեցող մարզերում։ Մասնավորապես՝ Ադրբեջանը Թուրքիայի համար տրանզիտային տարածք է, որով Ռուսաստան են «ներկրվում» ահաբեկչությունը և անջատողականությունը։ Ներկայիս միջքաղաքակրթական հարաբերությունների սրումը սաստկացնում է այդ միտումը, ինչն էլ մենք տեսնում ենք գործնականում. անկայունության գոտին Ռուսաստանի որոշ տարածաշրջաններում անշեղորեն ընդլայնվում է։ Պատահական չէ, որ STRATFOR կազմակերպության ղեկավար Ջորջ Ֆրիդմանի կանխատեսումներով՝ ապագայում սահմանը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կարող է անցնել Հյուսիսային Կովկասով, իսկ նման կարգի կանխատեսումներն ածանցվում են գլխավոր ռազմավարական մտահղացումներից։

Ի դեպ, ադրբեջանա-թուրքական գործողությունների համատեքստում պետք է դիտարկել նաև ազգամիջյան անհանդուրժողության դրսևորումները Ռուսաստանում։ Կարծում եմ՝ այս հարցում Հայաստանը և հայկական համայնքները, իսլամական աշխարհի հետ շփման իրենց բազմադարյա փորձով (այդ ավանդույթները շարունակվում են այսօր՝ հայ-արաբական և հատկապես հայ-իրանական դրական և կառուցողական փոխհարաբերությունների օրինակով), կարող են դրական դերակատարում ունենալ։

Նշենք նաև, որ Ադրբեջանն աջակցում է թուրքական քաղաքական, գաղափարախոսական, տնտեսական (հատկապես՝ էներգետիկայի ոլորտում) և ռազմական ծրագրերի իրագործմանը նաև այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Հյուսիսային Կիպրոսի հետ կապված հայտնի խնդիրներում։

Թուրքիայի դերակատարումը բազմաբևեռ աշխարհում. Ինչպես հայտնի է, Թուրքիան չի սահմանափակվում հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտում գտնվող երկրներում իր ներկայության մեծացումով։ Ժամանակակից Թուրքիայում բուռն զարգացում են ապրում ծավալապաշտական և ռևանշիստական գաղափարախոսությունները՝ նեոօսմանիզմը, նեոպանթյուրքիզմը և պանիսլամիզմը։ Գաղափարախոսության նման արմատականացմանը ոչ վերջին հերթին նպաստում են տնտեսական հաջողությունները, առանց որոնց այսօր դժվար է պատկերացնել գաղափարախոսական-էքսպանսիոնիստական հիմնադրույթների իրագործումը։ Ներկայումս այդ երկրի տնտեսությունը (չնայած բոլորովին վերջերս արձանագրված նվազման միտումներին) մեծությամբ գրավում է աշխարհում 16-րդ տեղը և, համաձայն որոշ կանխատեսումների, տեսանելի ապագայում կարող է անգամ մտնել տասնյակի մեջ։

Բոլոր պարագաներում պետք է արձանագրել, որ Թուրքիայի հավակնությունները կտրուկ աճել են, այն ձգտում է ձեռք բերել գլոբալ «խաղացողի» կարգավիճակ։ Նրան արդեն չի կարելի ընկալել որպես ԱՄՆ–ի և ՆԱՏՕ-ի խիստ վերահսկողության տակ գտնվող և լոկ վերջիններիս ռազմաքաղաքական պլաններն իրագործող մի երկիր։ Այս վերջին հանգամանքը միշտ չէ, որ ադեկվատ է ընկալվում ռուսաստանյան քաղաքական ընտրանու մի մասի կողմից, որոնք իրենց հարաբերությունների ամրապնդումը Թուրքիայի հետ (բացի զուտ տնտեսական նկատառումներից) հիմնավորում են այդ երկիրը ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից հեռացնելու, «պոկելու» և ռուսաստանյան ազդեցության ոլորտում ընդգրկելու անհրաժեշտությամբ։ Տպավորությունն այնպիսին է, որ ռուսաստանյան քաղաքական էլիտայի այդ մասը ղեկավարվում է՝ ինչ-որ իմաստով, դեռևս խորհրդային տարիներին բնորոշ աշխարհաքաղաքական տրամաբանությամբ։ Մինչդեռ այդ ոլորտում պետք է հաշվի առնել հետևյալը։

Այո, թուրքական գործոնը նախկինի պես ավելի քան կարևորվում է Արևմուտքի (գլխավորապես՝ ԱՄՆ-ի) կողմից, ինչպես և Թուրքիան է շարունակում կարևորել Արևմուտքի հետ իր հարաբերությունները։ Սակայն, ի տարբերություն Սառը պատերազմի դարաշրջանի, ներկայիս բազմաբևեռ (կամ, ըստ որոշ վերլուծաբանների՝ «առանց բևեռների») աշխարհում այդ երկիրը ԱՄՆ-ի կողմից դիտարկվում է արդեն ոչ թե որպես «պատնեշ» Ռուսաստանի դեմ, այլ ավելի շուտ՝ իսլամական աշխարհի առաջատար (որի որոշ հատվածները, ինչպես արդեն նշել ենք, տեղակայված են նույն Ռուսաստանում և այդպիսով լուրջ վտանգ են ներկայացնում վերջինիս համար)։ Նշենք նաև, որ Թուրքիան որպես «պատնեշ» ծառայեցնելու արևմտյան ծրագրերը, թերևս, այժմ էլ ակտուալ են, բայց արդեն չինական հնարավոր տնտեսական-քաղաքական էքսպանսիային դիմակայելու առումով։

Թուրքիան որպես մոդել իսլամական աշխարհի համար. Արաբական աշխարհում այսօր ընթացող հայտնի զարգացումները գրեթե անխուսափելիորեն վերաձևելու են (նվազագույնը՝ քաղաքական բովանդակության առումով) այսպես կոչված Նոր Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական քարտեզը։ Հստակ են նաև այն միտումները (որոնք, ի դեպ, ներկայացված են ԱՄՆ Ազգային հետախուզության խորհրդի և Անվտանգության եվրոպական ինստիտուտի կողմից՝ «Գլոբալ կառավարումը 2025թ.» ծրագրային-կանխատեսումային ուղղվածության զեկույցում), որ այդ զարգացումների արդյունքում տարածաշրջանը, հատկապես քաղաքակրթական իմաստով, ինչ-որ չափով մեկուսանալու է «մնացյալ աշխարհից», և այնտեղ ձևավորվելու է, եթե կարելի է այդպես ասել, «ուրույն իսլամական աշխարհ»։ Այդ աշխարհում Թուրքիան, համաձայն ներկայիս արևմտյան քաղաքագիտական պատկերացումների, առանձնահատուկ դերակատարում պետք է ունենա, քանի որ թուրքերը կարողացել են, գոնե ինչ-որ չափով, համատեղել աշխարհիկ ժողովրդավարությունը և իսլամական-կրոնական ավանդույթները։ Այսինքն՝ թուրքական ներկայիս զարգացման մոդելը բավական հրապուրիչ է համարվում, հատկապես Միացյալ Նահանգների կողմից։

Թերևս, պատահական չէ, որ Նոր Մերձավոր Արևելքում ընթացող քաղաքական իսլամացման զարգացումները բովանդակային առումով հիշեցնում են այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում, երբ իշխանության եկան Ռեջեփ Էրդողանի չափավոր իսլամիստները։ Ավելացնենք նաև, որ «չափավոր իսլամիզմի» քաղաքական տեխնոլոգիան հենվում է RAND կորպորացիայի «Չափավոր իսլամական ցանցերի կազմավորումը» նախագծի վրա։ Այսինքն՝ կան հիմքեր պնդելու, որ Թուրքիայի դերակատարման և, մասնավորապես, նրա՝ որպես իսլամական աշխարհի «համակարգողի», վերաբերյալ ներկայիս պատկերացումները ոչ թե միայն ստեղծված իրավիճակից են բխում, այլև նախնական ռազմավարական մշակումների արդյունք են։

Այս ամենի առիթով արձանագրենք նաև, որ արաբական աշխարհում կատարվող փոփոխությունները և թուրքական ազդեցության հնարավոր աճը Նոր Մերձավոր Արևելքում (ինչպես դա հետևում է, օրինակ, Լիբիայի հետ կապված զարգացումներից, որտեղ Ռուսաստանը զգալի ներդրումներ ուներ) նույնպես միտված են լինելու Ռուսաստանի տնտեսական ներկայությունն այդ տարածաշրջանում սահմանափակելուն։

Ապագայի հնարավոր սցենարներ. Միևնույն ժամանակ, փորձագիտական հանրության մի ստվար հատված համոզված է, որ չափավոր իսլամիզմը վաղ թե ուշ թեքվելու է ֆունդամենտալիզմի կողմը, և այդ միտումն այսօր նկատվում է Թուրքիայում։ Դա վկայում է այն մասին, որ բազմաբևեռ աշխարհում ռազմաքաղաքական, տնտեսական և քաղաքակրթական փոփոխականների ստվարությունը թույլ չի տալիս միանշանակ ծրագրել ապագայի զարգացումները, և նման պարագայում ավելի նպատակահարմար է կիրառել սցենարային մշակումներ (տե՛ս «Կանխատեսումների շուրջ»)։ Որպես հնարավոր ուղղություններ նման մշակումների համար ռուսաստանյան և հայկական վերլուծաբանական հանրությանը կարելի է առաջարկել նվազագույնը երկու տրամագծորեն հակառակ սցենարներ։

Պայմանականորեն «Հզոր Թուրքիա» անվանված սցենարում այդ երկիրը ռազմաքաղաքական (մասնավորապես՝ տիրապետում է միջուկային զենքին) ու տնտեսական առումով հզորանում է և վերածվում իսլամական աշխարհի առաջատարի։ Նման տերության առկայությունն ակնհայտորեն լուրջ մարտահրավեր պետք է որ հանդիսանա, մասնավորապես, հայ-ռուսաստանյան դաշինքին։ Միևնույն ժամանակ, բացառված չէ «Մասնատված Թուրքիա» տարբերակը, երբ քրդական գործոնի և ընդհանրապես այդ երկրում բնակվող բազմաթիվ այլ ազգերի ինքնության խնդիրների հետ կապված ճգնաժամը հանգեցնում է ներքին ոլորտում անկառավարելի զարգացումների, որոնք կարող են հանգեցնել այդ երկրի կազմալուծմանը։ Կարծում ենք, որ նույն Ռուսաստանի (բնականաբար՝ նաև Հայաստանի) համար անհամեմատ ձեռնտու է ունենալ նման կարգավիճակ ունեցող Թուրքիա։

Արդի իրողություններ. Սակայն անկախ ապագային վերաբերող սցենարներից, պետք է արձանագրել, որ Թուրքիան ներկայումս դիվանագիտորեն բավական հաջող խուսանավում է իր արևմտյան վաղեմի դաշնակիցների և նորաթուխ ռուսաստանյան գործընկերների միջև՝ նկատի ունենալով, սակայն, իր՝ զուտ թուրքական շահերը։

Օրինակ, վերջերս Թուրքիայի վարչապետ Էրդողանը Մոսկվայում մեծ շուքով նշեց Մոսկովյան պայմանագրի 90-ամյակը, որով Թուրքիային անցան, մասնավորապես, Կարսը և Սուրմալուն։ Սա մոտավորապես նման է այն բանին, որ, ասենք, Ճապոնիայի վարչապետը Մոսկվայում նշի Պորտսմուտի հաշտության փառավոր տարելիցը ռուս-ճապոնական պատերազմից հետո, կամ էլ Գերմանիայի կանցլերը տոնի Բրեստ-Լիտովսկի պայմանագրի տարելիցը, որի տրամաբանական շարունակությունն է հենց Մոսկովյան պայմանագիրը։ Ակնհայտ է, որ հայ-ռուսական փորձագիտա-քաղաքական խորհրդատվությունների մեխանիզմի առկայության պայմաններում կարելի կլիներ խուսափել սխալներից։ Բանն այստեղ հույզերը չեն, որոնք, ի դեպ, նույնպես պետք է հաշվի առնել. հայտնի բողոքի ցույցերը պետք է որ ուրախացնեին մեր բարին չկամեցողներին։ Հասկանալի է, որ Ռուսաստանը գլոբալ քաղաքականություն է վարում, և միշտ չէ, որ կարող է հաշվի առնել իր գործընկերների զգացմունքները։ Բայց այս դեպքը հակասում է Ռուսաստանի ազգային շահերին և պետք է ընկալվի որպես դիվանագիտական լուրջ անհաջողություն։

Այդ առիթով պետք է հիշել, որ աշխարհաքաղաքականությունը բավական ճշգրիտ գիտություն է. սկսած 18-րդ դարից՝ Ռուսաստանը 12 պատերազմ է մղել Թուրքիայի դեմ։ Կարող էր և 13 լինել, բայց Երկրորդ համաշխարհայինից հետո Թուրքիայի թիկունքին կանգնեցին ԱՄՆ-ը և Բրիտանիան։ Իսկ նման պատմական օրինաչափությունները պետք է հաշվի առնել և՛ ներկայի վերլուծություններում, և՛ ապագայի կանխատեսումներում։

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 3, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր