«ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ. ԿԱՆԽԵԼՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ԶԵԿՈՒՅՑԸ
Կարեն ՎերանյանԿ.Վերանյան` «Նորավանք» ԳԿՀ ավագ փորձագետ
2011թ. փետրվարի 8-ին լույս տեսավ հեղինակավոր Միջազգային ճգնաժամային խմբի հերթական զեկույցը, որն այս անգամ նվիրված էր ղարաբաղյան հակամարտությունում տիրող իրադրությանն ու հնարավոր զարգացումներին։
Ստորև ներկայացնում ենք Միջազգային ճգնաժամային խմբի պատրաստած զեկույցում տեղ գտած հիմնական փորձագիտական գնահատականներն ու կանխատեսումները, առանձնացնել փորձագետների ներկայացրած գլխավոր խորհրդատվությունները։
Զեկույցում հավանական է համարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսումը: Փորձագիտական նման գնահատականի համար հիմք է ընդունվել 2010թ. հակամարտության գոտում տիրող իրադրության մոնիթորինգը: Զեկույցը փաստում է, որ 2010թ. ավելացել են բախումները սահմանի տարբեր հատվածներում, երկու կողմերն էլ նախորդ տարվա ընթացքում ավելացրել են ռազմական ծախսերը, իսկ հակամարտող կողմերի բանակցություններում նկատելի են որոշակի դադար ու սառեցում։ Հատկապես խոսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում 2010թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի անարդյունավետ գործունեության մասին:
Հնարավոր ռազմական գործողություններից խուսափելու և հարցին խաղաղ լուծում տալու համար Միջազգային ճգնաժամային խումբը խորհուրդ է տալիս հակամարտող կողմերին ընդունել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները և ձեռնարկել փոխվստահության վերականգնմանն ուղղված կառուցողական քայլեր: Զեկույցում նշված է. «Սպառազինությունների մրցավազքը, շփման գծում հաճախակի դարձած բախումները, ռազմական հռետորաբանությունը և խաղաղ բանակցությունների փաստացի խափանումը մեծացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի վերսկսման հավանականությունը։ Պատերազմի կանխումը հրատապ է. երկու կողմերի աճող ռազմական ներուժի պարագայում նոր զինված հակամարտությունը Հարավային Կովկասում շատ ավելի աղետալի կլինի, քան 1992-94թթ. պատերազմը, որն ավարտվեց անկայուն զինադադարով»։
Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետների գնահատականներով, հակամարտող որևէ կողմ չի կարող հասնել հեշտ և արագ հաղթանակի, իսկ ռազմաճակատին մոտ գտնվող նավթատարները, ինչպես նաև տարածաշրջանի կայունության համար առանցքային ռուս-թուրքական համագործակցությունը կարող են հայտնվել սպառնալիքի տակ։
«Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը» զեկույցն արձանագրում է, որ վերջին տարում հակամարտության գոտում իրավիճակն էապես վատթարացել է, և չնայած կողմերից ոչ մեկը չի ծրագրում վերսկսել լայնածավալ ռազմական գործողություններ, սակայն սահմանի տարբեր հատվածներում ռազմական բախումներն ու փոխհրաձգությունները, որոնց հետևանքով արդեն երեսուն մարդ զոհվել է, հեշտությամբ կարող են դուրս գալ վերահսկողությունից։
Զեկույցում կարևորվում է հակամարտող կողմերի միջև կառուցողական փոխվստահության մթնոլորտի ձևավորումը սահմանային գծում՝ ընդհուպ մինչև դիպուկահարների հեռացումը շփման գծից։
Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում խոսվում է, որ հակամարտության գոտում լարվածության թուլացման նպատակով Հայաստանը չպետք է իր կանոնավոր բանակի նորակոչիկներին ուղարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է դադարեցնեն այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք հակամարտության ներկայիս «ստատուս քվոն» դարձնում են առավել անընդունելի Ադրբեջանի համար։ Նշվում է այդ ստատուս քվոն փոխելու անհրաժեշտության մասին, որը, զեկույցի համաձայն, «խորապես վնասում է Ադրբեջանին. 586 հազ. ադրբեջանցիներ տեղահանված են Լեռնային Ղարաբաղից և հարակից տարածքներից, իսկ երկրի շուրջ 16%-ն օկուպացված է»։ Հակառակ դեպքում, Ադրբեջանի հասարակական կարծիքը և երկրի իշխանություններն արդարացված կհամարեն Բաքվի կողմից կուտակվող ռազմական ներուժի կիրառումը։
Զեկույցում նաև տվյալներ են պարունակվում Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացման վերաբերյալ. ըստ վերլուծաբանների ներկայացրած վիճակագրության՝ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2010-2011թթ. կավելանա գրեթե 45%-ով և կկազմի $3.1 մլրդ (երկրի ընդհանուր բյուջեն՝ $15.9 մլրդ)։
Ճգնաժամային խմբի փորձագետները հնարավոր են համարում, որ սպառազինությունների ձեռքբերումը, ռազմական հռետորաբանությունը և շփման գծի երկայնքով հարձակողական գործողությունները բանակցությունների սեղանի շուրջ Երևանին ճնշելու Բաքվի մարտավարությունն են, բայց հնարավոր է, որ այդ ամենը նաև ուժի կիրառման նախապատրաստություն է՝ նախքան նավթային եկամուտների կանխատեսվող անկումը, այս տասնամյակի կեսերին։ Հնարավոր է նաև, որ Հայաստանն ու Ղարաբաղը, որոնք, ըստ փաստաթղթի հեղինակների, տեղյակ են այդ ժամանակագծի մասին, որոշեն կանխարգելիչ հարված հասցնել։
Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում տեղ գտած փորձագիտական գնահատականներում անդրադարձ է արվում նաև ղարաբաղյան հակամարտության համատեքստում հակամարտող երկրների ներքաղաքական իրադրությանը։ Խոսվում է Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ ներկայիս ու սպասվող հասարակական-քաղաքական ճնշումների մասին։ Զեկույցում նշվում է, որ Ալիևը մտադիր է 2013թ. երրորդ անգամ նախագահել երկիրը, հետևաբար և կգերադասի հասնել էական արդյունքների, օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության հարցում։ Ադրբեջանի հասարակական կարծիքն աստիճանաբար ավելի է ընդդիմանում ամեն մի փոխզիջմանն այս հարցում։ Մինչդեռ հասարակության փոքր տոկոսն է հակված հավատալ, որ «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրադրությունն ավելի շուտ կշարունակվի, քան առաջընթաց կարձանագրվի խաղաղ բանակցություններում։
Մյուս կողմից, ինչպես նկատում են զեկույցի հեղինակները, շատերն են գտնում, որ Ադրբեջանը դժվար թե դիմի ռազմական գործողությունների, ինչը կվտանգի նրա էներգետիկ անվտանգությունն ու կթուլացնի երկրի՝ որպես տրանսպորտային միջանցքի, ռազմավարական դիրքը։ Սակայն, պետք է նաև նկատի ունենալ, որ Ադրբեջանը 2010թ. հասել է նավթարտադրության վրա հիմնված իր տնտեսական աճի գագաթնակետին. ավելին, այս տասնամյակի կեսին երկրի նավթի պաշարների կանխատեսվող սպառման հանգամանքը երկրի իշխանություններին կարող է դրդել այլ միջոցառումների՝ ընդհուպ մինչև ռազմական գործողությունների վերսկսումը։
Զեկույցի համաձայն, միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի խոչընդոտելու տարածաշրջանում սպառազինությունների վտանգավոր մրցավազքին։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես և հակամարտության այլ շահագրգիռ կողմեր, պետք է աջակցի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և ՄԱԿ սպառազինությունների արգելքների կիրառմանը: ԵԱՀԿ-ն, Մինսկի խմբի համանախագահող երկրների լիակատար աջակցությամբ, պետք է խրախուսի կողմերին՝ ընդլայնելու վերջինիս դիտորդական առաքելության մանդատը և համաձայնության հանգելու դիտորդների թվաքանակի ավելացման հարցում:
Զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում վերջին տարիներին կողմերի միջև սպառազինությունների ձեռքբերման գործընթացի արագացման հարցերին, որոնք ըստ փորձագետների, էապես խորացնում են լարվածությունը հակամարտության գոտում ու մեծացնում պատերազմի վերսկսման հավանականությունը։ Փորձագետներն անդրադառնում են նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինությունների նոր մատակարարումներին ու այդ համատեքստում՝ Ադրբեջանի իշխանությունների դժգոհություններին։
Փորձագետները ներկայացրել են կանխատեսումներ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Այդ գնահատականների համաձայն, ՀՀ բանակի բարոյահոգեբանական ու մարտական պատրաստվածությունն ավելի բարձր է, քան Ադրբեջանինը, ինչը հաստատում են այլ ռազմական փորձագետներ ու վերլուծաբաններ։ Զեկույցի գնահատականներով, պատերազմի վերսկսման պարագայում Ադրբեջանի քաղաքացիները կհայտնվեն առավել խոցելի իրավիճակում, քանի որ ադրբեջանական քաղաքները, գյուղերն ու ներքին տեղահանվածներով վերաբնակեցված վայրերն առավել մոտ են գտնվում ԼՂՀ շփման գծին։
Հետևություններ. հայացք հայաստանյան իրականությունից
Հարկ է նշել, որ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի փորձագիտական գնահատականները, այդուհանդերձ, ամբողջությամբ չեն արտացոլում ղարաբաղյան հիմնախնդրի ընդհանուր իրատեսական նկարագիրը։ Ավելին, զեկույցի փորձագիտական վերլուծություններում նկատելի են կողմնակալություն և սուբյեկտիվություն, ինչը խեղաթյուրում է ղարաբաղյան հիմնախնդրի ու դրա կարգավորման ներկայիս գործընթացի բուն էությունը։ Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ նպատակահարմար ենք համարում որոշակի վերապահումներով մոտենալ զեկույցի փորձագիտական գնահատականներին ու կանխատեսումներին՝ մի քանի շարժառիթով.
- Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում նշված է. «հակամարտության գոտում լարվածության թուլացման նպատակով Հայաստանը չպետք է իր կանոնավոր բանակի նորակոչիկներին ուղարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»։ Այս ենթադրության հերքման համար կարելի է բերել մի շարք փաստարկներ, որոնք հաշվի չեն առնվել զեկույցի փորձագիտական գնահատականներում։ Խնդիրը նախ այն է, որ ՀՀ կանոնավոր բանակի նորակոչիկների զինծառայությունը ԼՂՀ-ում ոչ թե հետապնդում է լարվածության պահպանման ու սպառնալիքի ցուցադրման նպատակներ, այլ ելնում է ՀՀ-ի՝ ԼՂՀ-ի ու նրա ժողովրդի անվտանգության ապահովման միակ երաշխավորողը հանդիսանալու անհերքելի ճշմարտությունից։ Հակամարտության գոտում ուժերի նման փոխդասավորվածությունը, Ադրբեջանի ռազմական ծախսերի շեշտակի ավելացման ու տարածաշրջանում ռազմական մրցավազքի արագացման համատեքստում, մինչ օրս հանդիսացել է հակամարտող կողմերի միջև ռազմական հավասարակշռության պահպանման կարևոր նախադրյալներից մեկը։
- Զեկույցում փորձագետներն անդրադառնում են «Լեռնային Ղարաբաղից և հարակից տարածքներից 586 հազ. տեղահանված ադրբեջանցիների խնդրին, սակայն կրկին խոսք չկա Բաքվի ու սումգաիթյան ջարդերի հետևանքով առաջացած հայ փախստականների ու տեղահանվածների վերաբերյալ։ Այդ հանգամանքի անտեսումը ևս մեկ կարևոր փաստարկ է զեկույցի փորձագիտական գնահատականներին վերապահումով մոտենալու համար։
- Զեկույցը փաստում է, որ «2010թ. ավելացել են բախումները սահմանի տարբեր հատվածներում, երկու կողմերն էլ այդ ժամանակահատվածում ավելացրել են ռազմական ծախսերը»։ Այս փորձագիտական գնահատականում նույնպես ակնհայտ է անիրատեսությունը։ Խնդիրն այն է, որ ոչ թե կողմերն են ավելացրել ռազմական ծախսերը, այլ Ադրբեջանը վերջին տարիներին էապես ավելացրել է ռազմական ծախսերը, որին հետևել է Հայաստանի Հանրապետությունը՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման և հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու նկատառումներով։ Նկատենք նաև, որ այս գնահատականի հետ կապված՝ փորձագետները հանգում են որոշակի հակասության, երբ խոսում են 2010-2011թթ. Ադրբեջանի ռազմական բյուջեի՝ գրեթե 45% ավելացման մասին, ինչը կկազմի $3.1 մլրդ (երկրի ընդհանուր բյուջեն՝ $15.9 մլրդ)։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են։
- Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում վերջին տարիներին կողմերի՝ սպառազինությունների ձեռքբերման գործընթացի արագացման հարցերին, որոնք, ըստ զեկույցի փորձագետների, էապես խորացնում են լարվածությունը հակամարտության գոտում ու մեծացնում պատերազմի վերսկսման հավանականությունը։ Թերևս, տեղին է հիշատակել, որ ադրբեջանական կողմը մշտապես խախտում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի պահանջները, ինչը քանիցս շեշտել է Հայաստանի Հանրապետությունը։ Պաշտոնական Մոսկվայի՝ ԵՍԶՈւՊ գործունեության միակողմանի դադարեցման որոշումն արտաքին լուրջ պլացդարմ հանդիսացավ Ադրբեջանի իշխանությունների կողմից պայմանագրի պահանջների խախտմանն ուղղված քաղաքականությունը խորացնելու համար։
- Չի խոսվում Ադրբեջանի կողմից դիպուկահարների խմբերի պատրաստման նոր ծրագրերի նախաձեռնման մասին, այն դեպքում, երբ խոսվում է շփման գծից դիպուկահարների անհապաղ հեռացման անհրաժեշտության մասին։
- Կողմերի միջև ռազմական մրցավազքի արագացման ու հակամարտության գոտու ապակայունացման համար Ադրբեջանի պատասխանատվությունն է հաստատում նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և փորձագետների՝ 2010թ. հունիսին ներկայացրած «Աշխարհի խաղաղասեր երկրները» (Global Peace Index) համատեղ վարկանիշային հետազոտությունը, ըստ որի՝ ՀՀ-ն ճանաչվել է Հարավային Կովկասի ամենախաղաղասեր երկիրը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]