• am
  • ru
  • en
Версия для печати
20.06.2005

Ռազմաքաղաքական զարգացումները Վրաստանում

   

Կարեն Վերանյան

Վրաստանի ռազմականացումը

Հարավային Կովկասում 1990-ական թթ. սկզբներին ծագած ազգամիջյան հակամարտությունների ավարտը սկիզբ դրեց տարածաշրջանի ռազմականացմանը, որն առավել ակտիվացավ հատկապես վերջին 4-5 տարիների ընթացքում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանի ռազմական մրցավազքի զարգացման հիմնական նախաձեռնությունը մինչեւ վերջերս ադրբեջանական կողմինն էր։ 2005թ. Ադրբեջանի իշխանությունները նախատեսում էին բյուջեից ռազմական ծախսերին հատկացնել ավելի քան $250 մլն, ինչը, փաստորեն, գրեթե կրկնակի գերազանցում էր հարեւան երկու պետությունների համապատասխան ցուցանիշները։

Վրաստանում 2003թ. նոյեմբերյան իշխանափոխությունը նոր ակտիվություն հաղորդեց տարածաշրջանի ռազմական մրցավազքին։ Երկրի 2004թ. պետբյուջեում ռազմական ծախսերի հարցը դարձավ կառավարության ու խորհրդարանի վիճաբանության առարկա։ Նախկին վարչապետ Զ.Ժվանիայի գլխավորած կառավարությունը նախատեսում էր ռազմական ոլորտին տրամադրել շուրջ $90 մլն, մինչդեռ խորհրդարանի ղեկավարությունը պահանջեց հատկացնել ոչ պակաս, քան $150 մլն։

Վերջերս Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին հայտարարեց, որ 2006թ. բյուջեում ռազմական ծախսերը կազմելու են շուրջ $300 մլն, ինչը, փաստորեն, կարող է հավասարվել 2006թ. Ադրբեջանի համապատասխան ցուցանիշին։ Սա, թերեւս, վկայում է տարածաշրջանի ռազմական մրցավազքում առաջատարության հասնելու` Վրաստանի իշխանությունների նախաձեռնության մասին։ ԶԼՄ-ում նույնիսկ լուրեր տարածվեցին, թե Վրաստանում կարող է հաստատվել Օկրուաշվիլու ռազմական դիկտատուրան։

Վրաստանի հետագա ռազմականացումը, իր հերթին, խթան կհանդիսանա նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի զինված ուժերը համապատասխանաբար ուժեղացնելու եւ համալրելու համար։ Թերեւս, այս տրամաբանության ծիրում էին ս.թ. ապրիլին Աբխազիայում տեղի ունեցած լայնածավալ զորավարժությունները, որոնց մասնակցում էին շուրջ 3.000 զինծառայողներ (այդ թվում եւ պահեստայիններ), հրետանային, ավիացիոն ու տանկային ստորաբաժանումներ, նավատորմ։

Վրաստանի ռազմականացումը կարող է հանգեցնել այդ երկրում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղիների սահմանափակմանը, կարգավորման բանակցային ընթացքի բարդացմանը, կողմերի միջեւ 1990-ական թթ. սկզբներին գոյացած անվստահության խորացմանն ու արմատավորմանը։ Չպետք է բացառել նաեւ կենտրոնական իշխանությունների կողմից ռազմական գործողությունների հրահրումը, որի նախադեպն արդեն արձանագրվել է նախորդ տարվա վրաց-հարավօսական օգոստոսյան ճգնաժամի ընթացքում, երբ ռազմական բախումների արդյունքում վրացական կողմն ունեցավ ավելի քան 90 զոհ։

Ռուսական ռազմակայանների դուրսբերման հարցի շուրջ

Վերջին ամիսներին Վրաստանում տեղակայված ռուսական ռազմակայանների դուրսբերման ժամկետների հարցը դարձել է միջազգային մակարդակի քննարկումների կարեւորագույն թեմաներից մեկը։ Այդ ռազմակայանների շուտափույթ դուրսբերման խնդրում շահագրգիռ են թե՛ Միացյալ Նահանգները եւ թե՛ ԵՄ-ը` մի քանի հիմնական պատճառներով։ Ռազմակայանների դուրսբերումը նախ կթուլացնի Ռուսաստանի քաղաքական ու ռազմավարական դիրքերը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ կասկածի տակ կդնի ընդհանրապես ԱՊՀ տարածքում ռուսական ազդեցության հետագա պահպանման հարցը։ Ռազմակայանների դուրսբերումն էլ ավելի կամրապնդի արեւմտյան եւ, մասնավորապես, ամերիկյան դիրքերը ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում։ Տարածաշրջանը կարեւորվում է նաեւ կասպյան նավթային պաշարները արեւմտյան շուկաներ մատակարարելու ապահովության տեսանկյունից։ Եվ, ի վերջո, հետխորհրդային տարածքում ամերիկյան ազդեցության ընդլայնումն անհրաժեշտ է դիտարկել չին-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներ–Իրան խնդիրների համատեքստում։

Հավելենք, որ Վրաստանում 2003թ. իշխանափոխությունից հետո բավականին ակտիվացել են վրաց-ամերիկյան (ինչպես նաեւ վրաց-բրիտանական) ռազմական հարաբերությունները։ Երկրում օրեցօր ավելանում է ամերիկյան ռազմական հրահանգիչների կողմից վերապատրաստում անցած վրացի զինծառայողների թվաքանակը։ Նկատենք նաեւ, որ հարավկովկասյան տարածաշրջանում Վրաստանն այսօր միակ երկիրն է, որտեղ արդեն իր ներկայացուցիչն ունի ՆԱՏՕ-ն։

Վրաստանում տեղակայված ռազմակայանների դուրսբերման խնդրի շուրջ Արեւմուտքը գնալով ուժեղացնում է ճնշումները պաշտոնական Մոսկվայի նկատմամբ։ Մինչ վերջերս ռուսական կողմը ռազմակայանների դուրսբերման համար նախատեսում էր 9-11 տարի, վրացական կողմն առաջարկում էր 3 տարի։ Սակայն ս.թ. մարտ–ապրիլ ամիսներին ռուսական կողմի փաստացի զիջողական դիրքորոշման արդյունքում ի հայտ եկավ ՌԴ եւ Վրաստանի ԱԳ նախարարների ս.թ. մայիսի 30-ի համատեղ հայտարարությունը, ըստ որի` Ախալքալաքի ռուսական ռազմակայանի դուրսբերումն իրականացվելու է մինչեւ 2007թ. հոկտեմբերի 1-ը, իսկ Բաթումի ռազմակայանի վերջնական դուրսբերումը նախատեսվում է 2008թ. ընթացքում։

Հաշվի առնելով Մոսկվայի համար Վրաստանում ռուսական ռազմակայանների ռազմավարական ու քաղաքական կարեւորագույն նշանակությունը` կարելի է ենթադրել, որ դրանց դուրսբերման ժամկետների հարցի շահարկումները, ռուսական կողմի վրա բանեցրած ճնշումները կակտիվացնեն ռուսական ներգրավվածությունը տարածաշրջանային այլ հիմնախնդիրներում եւ առաջին հերթին` ռուս-վրացական հարաբերություններում։ Մասնավորապես, Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման ժամկետների շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին անմիջապես հաջորդեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հայտարարությունը, թե Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման ընթացքում Մոսկվան նախատեսում է ռուս-վրացական սահմանամերձ շրջանում` Դաղստանում եւ Կարաչաեւո-Չերքեզիայում երկու նոր ռազմակայաններ տեղակայել: Փաստորեն դրանով ռուսական կողմը ձգտում է ոչ միայն ամրապնդել սահմանային գոտու անվտանգությունը, այլեւ մշտական հոգեբանական ճնշում բանեցնել Վրաստանի նկատմամբ` ի հակակշիռ այնտեղից իր ռազմակայանների դուրսբերման: Միաժամանակ Իվանովը հայտարարեց, որ «հետխորհրդային հարեւան պետությունների տարածքից ահաբեկչության ուղղակի սպառնալիքի առաջացման դեպքում Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում կանխիչ հարվածներ հասցնել»` ակնհայտորեն նկատի ունենալով Պանկիսի կիրճը:

Պետք է նշել, որ Բաթումի ու Ախալքալաքի ռազմակայանների տարածաշրջանային նշանակությունն ու դրանց դուրսբերման արդյունքում առաջացած հավանական խնդիրները բավականին ինքնատիպ են, իսկ որոշ հարցերում` ըստ էության տարբեր։

Բաթումի ռուսական ռազմակայանի ռազմավարական կարեւորությունը, Աջարիայի ինքնավարության առաջնորդ Ա.Աբաշիձեի հեռացումից հետո, բավականին սահմանափակվել է, իսկ նրա դուրսբերումն ուղղակիորեն ենթադրում է ռուսական ազդեցության թուլացում ողջ տարածաշրջանում։ Այստեղ ռուսական դիրքերի թուլացումը կհանգեցնի Վրաստանի սեւծովյան շրջաններում մեկ այլ տարածաշրջանային տերության` Թուրքիայի ազդեցության ընդլայնմանը։ Այսօր պաշտոնական Անկարան զգալի տնտեսական ազդեցություն ունի թե՛ Աբխազիայում, թե՛ Աջարիայում։ Ավելին, Վրաստանի նախկին նախագահ Էդ. Շեւարդնաձեն ողջունում էր վրաց-աբխազական հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի հավանական տեղակայումը` Թուրքիայի մասնակցությամբ։ Բաթումից ռուսական ռազմակայանի դուրսբերումը կարող է ենթադրել նաեւ Թուրքիայի կառավարության կողմից Կարսի պայմանագրի շահարկում, որի համաձայն Թուրքիան Բաթումի նավահանգիստ ազատ ելումուտի իրավունք էր ստանում։

Ռուսական ռազմակայանների դուրսբերումն առավել խնդրահարույց կլինի հատկապես Ախալքալաքի ռազմակայանի պարագայում։ Չի բացառվում, որ դրա արդյունքում ծագեն ազգամիջյան բախումներ` ընդհուպ մինչեւ շրջանի ապակայունացումը։

Ախալքալաքում միջազգային ուժերի հնարավոր տեղակայմանը Թուրքիայի մասնակցության հավանականությունը, թերեւս, մեծ է։ Միջազգային առաքելությանը Թուրքիայի մասնակցությունն էական տեղաշարժ կբերի դեպի Վրաստան մսխեթցի թուրքերի վերադարձի գործընթացի առումով։ Դրանով Թուրքիայի կառավարությունը կթուլացնի ջավախահայության ազդեցությունը ողջ տարածաշրջանում, փորձ կանի վերցնելու մսխեթցի թուրքերի խնդրի կարգավորման հետագա նախաձեռնությունը Միացյալ Նահանգներից ու ԵՄ-ից, Հյուսիսային Իրաքի թուրքմենների օրինակով` ստանձնելով նրանց «հովանավորի եւ պաշտպանի» դերը։ Նկատենք, որ Վրաստան մսխեթցի թուրքերի վերադարձի հարցը պաշտոնական Թբիլիսին, ազգային ու տարածքային անվտանգության տեսանկյունից, համարում է անբարենպաստ։

Վրաստանում Թուրքիայի հավանական ռազմուժի ներկայությունը, ըստ էության, կխախտի տարածաշրջանային ռազմական, քաղաքական հավասարակշռությունը` ընդհուպ մինչեւ նրա ապակայունացումը։ Հավելենք, որ ջավախահայության եւ ընդհանրապես հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության ու կայունության, տարածաշրջանային կենտրոնների միջեւ հավասարակշռության պահպանման տեսանկյունից, թերեւս, տրամաբանական է հավանական միջազգային ուժերի կազմում ընդգրկել նաեւ հայկական կողմին։

Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման հետ կապված կարեւորագույն խնդիրներից մեկն էլ վերաբերում է ռազմատեխնիկայի փոխադրման հարցին։ Վերջին ժամանակներս մամուլում լուրեր եղան առ այն, որ ռուսական ռազմական տեխնիկայի մի մասը կարող է փոխադրվել Հայաստան կամ արդեն իսկ տեղափոխվել է, ինչը, բնականաբար, մեծ անհանգստություն պատճառեց Ադրբեջանի իշխանություններին։ Այս տեսանկյունից կարելի է ենթադրել, որ Վրաստանից ռուսական զինտեխնիկայի Հայաստան փոխադրումը կհանգեցնի ռուս-ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածության առաջացմանը, կսրի իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում` արդյունքում հանգեցնելով Ադրբեջանի ռազմականացման գործընթացի արագացմանը։

Բոլոր պարագաներում, Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերումը եւ այնտեղ Արեւմուտքի ռազմական ներկայության ամրապնդումը Հարավային Կովկասում կստեղծի սկզբունքորեն նոր ռազմաքաղաքական իրավիճակ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր