• am
  • ru
  • en
Версия для печати
22.06.2006

Ղարաբաղյան հիմնախնդիր. զարգացման հավանական սցենար

   

Կարեն Վերանյան

Ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես նաև դրա կարգավորման գործընթացը, շարունակում է մնալ Հարավկովկասյան տարածաշրջանի առանցքային զարգացումներից մեկը։ Վերջին տարիներին բովանդակային առումով էապես ընդլայնվել են նաև Ղարաբաղյան հիմնախնդրի՝ տարածաշրջանային այլ գործընթացների հետ փոխկապվածության շրջանակները։ Այսօր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով է մասամբ պայմանավորված մի կողմից՝ Հարավկովկասյան տարածաշրջանում առկա մյուս հակամարտությունների հետագա ճակատագիրը, մյուս կողմից՝ տարածաշրջանային քաղաքական, ռազմաքաղաքական ակնկալվող վերադասավորումների իրացման արագացումը։

Դժվար է չհամաձայնել, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում էլ ավելի են սաստկանում արտաքին ճնշումները խնդրի նկատմամբ ուղղակի շահագրգիռ կողմերի (Հայաստան, ԼՂՀ և Ադրբեջան) վրա՝ նոր միտումներ և տրամաբանություն դրսևորելով։ Բավական է հիշատակել, որ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին երկու փուլերի (Ռամբույե և Բուխարեստ) ընթացքում խնդիրը կարգավորելու դրական միտումներ, թերևս, չնկատվեցին, ինչը նոր մտորումների տեղիք տվեց թե՛ հայկական, ղարաբաղյան և ադրբեջանական կողմերին և թե՛ արտաքին դերակատարներին։ Սակայն բանակցային երկու փուլերի հարցին անդրադառնալիս, թերևս, առավել կարևոր է ոչ այնքան հիմնախնդրի կարգավորման գործընթացում դրական ակնկալիքների բացակայության փաստը, որքան դրանց արդյունքում՝ աշխարհաքաղաքական բացասական հավանական հետևանքներն ու հեռանկարները։ Բազմաթիվ լրատվամիջոցներում ու տարբեր վերլուծական-փորձագիտական հրապարակումներում իրատեսաբար խոսվում էր այն մասին, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը մտնում է փակուղի։

Հասարակական նախադրյալներ

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլում աստիճանաբար առանցքային նշանակություն են ստանում ոչ այնքան հարցի լուծմանն ուղղակի շահագրգիռ կողմերի դրսևորած քաղաքական կամքն ու նախատրամադրվածությունը, որքան վերջիններիս հասարակական նախադրյալները։ Իսկ ավելի ստույգ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը բնութագրվում է ավելի շուտ թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի հասարակական մոտեցումների ու դիրքորոշումների ընդհանուր տրամաբանության հետ փոխպայմանավորված, ինչն իր հերթին բարդացնում ու նեղացնում է հարցի կարգավորման հետագա ուղիները։ Կարելի է ասել, որ հիմնախնդրի լուծման ներկա փուլում առաջնային նշանակություն է ձեռք բերում միմյանց նկատմամբ, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման հարցում առկա հասարակական ոչ այլընտրանքային մոտեցումների ու կարծրացած դիրքորոշումների վերաիմաստավորման հարցը, ինչն առաջին հերթին անհրաժեշտ է ադրբեջանական կողմին։ Խնդիրն այն է, որ ի տարբերություն հայկական կողմի, որը Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում ներկայանում և բանակցում է որպես «վերգտած» կողմ, ադրբեջանական կողմը հանդես է գալիս «կորցրածի» դիրքերից, ինչը կապված է հասարակական բնույթի հավելյալ բարդությունների ձևավորման ու խորացման հետ։ Այսինքն՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա գործընթացում ադրբեջանական կողմի՝ զիջման տանող ցանկացած քայլ, անկախ նրանից՝ դա կլինի սկզբունքային թե մարտավարական-դիրքային քայլ, Ադրբեջանի հասարակությունն, ըստ էության, ընկալում է որպես սկզբունքային, հետևաբար և՝ պարտվողական։ Իհարկե, այստեղից չի հետևում, թե հայկական կողմը չունի հասարակական բնույթի խնդիրներ, սակայն վերջինիս մոտեցումներն ու դիրքորոշումը, ելնելով հիմնախնդրում կողմերի ունեցած դիրքային-ռազմավարական ձեռքբերումներից, այդքան ցայտուն չեն արտահայտվում։ Այս տեսանկյունից, թե՛ Ռամբույեի և թե՛ Բուխարեստի հանդիպումների անարդյունավետությունը վկայում է ադրբեջանական կողմի դիրքորոշման անփոփոխության և արդյունքում՝ հայկական կողմի սպասողական միտումներով։ Միևնույն ժամանակ, կողմերի միջև «վերգտածի» ու «կորցրածի» դիրքային հարաբերակցության ձևավորումը բնութագրվում է խնդրի կարգավորման գործընթացում վերջինիս առավել արտահայտված նախաձեռնողականությամբ։ Վերջին հանգամանքը, սակայն, առայսօր լուրջ արդյունքներ չի արձանագրել՝ ունենալով զուտ կերպարի կամ իմիջի ձևավորման քարոզչական-տեղեկատվական բնույթ։

Հնարավոր սցենար

Ինչպես նշվեց, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի արդի փուլում արձանագրված բարդություններն ու խնդրի լուծման ձգձգումն աստիճանաբար էլ ավելի մեծ չափով է պայմանավորվում հարցի հանդեպ ադրբեջանական իշխանությունների դիրքորոշման, մյուս կողմից՝ երկրի հասարակական կարծրացած նախատրամադրվածության խնդիրներով։ Այս տեսանկյունից, պետք է հավաստել, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլը մտնում է փակուղի։ Հանգամանք, ինչը թույլ է տալիս կանխատեսել դեպքերի զարգացման երկու հիմնական սցենարներ, որոնք որակապես նոր տրամաբանություն և լիցք կարող են հաղորդել հիմնախնդրի լուծման ընթացքին՝ ընդհուպ մինչև վերջինիս լիակատար կարգավորումը.

  1. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում նոր միտումներ ու դրսևորումներ կարող են ուղղորդել աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային հնարավոր կտրուկ փոխակերպումները, որոնք իրենց բնույթով և զարգացման դինամիկայով կարող են ունենալ հիմնականում ռազմական, ռազմաքաղաքական ուղղվածություն։ Դեպքերի նման զարգացումների պարագայում Ղարաբաղյան հիմնախնդրի հարթ և անխոչընդոտ կամ խաղաղ ճանապարհով հանգուցալուծումը ոչ միայն չի ապահովագրվում, այլև հաշվի առնելով Հարավային Կովկասում և մերձակա շրջաններում աշխարհաքաղաքական շահերի ներկա վերադասավորությունը՝ գրեթե բացառվում է։ Նախ՝ առաջիկա տեսլականներում որպես արմատական կամ կտրուկ տեղաշարժեր, թերևս, կարելի է կանխատեսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված զարգացումները, որոնց ընդհանուր տրամաբանությունը, ըստ էության, չի հակասում դեպքերի զարգացման այս սցենարին։ Երկրորդ՝ կտրուկ և արմատական նոր փոխակերպումների վերսկսման համար կարող է նախադրյալ ծառայել նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումը, որն առաջին հերթին կարտահայտվի ռուս-վրացական հարաբերությունների առճակատմամբ՝ նոր ռիսկեր հաղորդելով տարածաշրջանի այլ հիմնախնդիրներին ու գործընթացներին։ Եվ երրորդ՝ հարավկովկասյան ներտարածաշրջանային քաղաքական, ռազմաքաղաքական զարգացումներում ընդլայնվում են թուրքական ներգրավվածության հնարավոր սահմանները՝ հաշվի առնելով ՆԱՏՕ ակտիվությունը, ռուս-թուրքական հարաբերությունների ռազմավարացումը, ռուս-ամերիկյան ռազմավարական-դիրքային հարաբերություններում թուրքական գործոնի դերի մեծացումը։ Այս համատեքստում չպետք է բացառել, որ տարածաշրջանում նոր տեղաշարժերի (այդ թվում և իրանական հարցում) պարագայում թուրքական կողմն ուղղակի ռազմական ճանապարհով կմիջամտի հարավկովկասյան ներքին հիմնախնդիրներին ու առանցքային զարգացումներին։
  2. Երկրորդ հավանական սցենարի համաձայն, Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել գերազանցապես ուղղակիորեն շահագրգիռ կողմերի նախաձեռնությամբ ու պատրաստակամությամբ, որտեղ արտաքին դերակատարների միջամտությունն հետզհետե փոքրանում է։ Ի դեպ, թե՛ Ռամբույեի և թե՛ բուխարեստյան հանդիպումները, թերևս, խոսում են այն մասին, որ ադրբեջանական և հայկական կողմերը մոտ են առանց միջնորդների, երկկողմանի բանավոր փոխհամաձայնության հանգելուն։ Մասնավորապես, համաձայն սույն սցենարի՝ խոսքը վերաբերում է պատերազմի իմիտացիայի (կամ իմիտացիոն պատերազմ) իրադրության արհեստական ստեղծմանը, երբ արդյունքում կողմերի միջև կարող է ձևավորվել դիրքային կամ ռազմավարական որոշակի հավասարակշռություն, և ԼՂՀ-ն, ի վերջո, կստանա միջազգային ճանաչում։ Վերջինիս դիմաց, որպես խաղաթուղթ, կարող է բանակցային սեղանին դրվել ազատագրված տարածքների վերադարձի շուրջ հնարավոր պայմանավորվածությունը կամ այլ խնդիրներ, որոնք կարող են այս կամ այն չափով հավասարակշռության դաշտ ապահովել ԼՂՀ միջազգային ճանաչման համար։

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր