• am
  • ru
  • en
Версия для печати
24.11.2010

ԱԴՐԲԵՋԱՆ. ԽՈՑԵԼԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը

Руский

   

Կարեն Վերանյան

Կ.Վերանյան՝ «Նորավանք» ԳԿՀ ավագ փորձագետ

Ս.թ. սեպտեմբերի 3-ին հրապարակվեց Միջազգային ճգնաժամային խմբի՝ Ադրբեջանին նվիրված հերթական զեկույցը՝ բավական խորհրդանշական խորագրով. «Ադրբեջան. խոցելի կայունություն»։ Զեկույցը բաղկացած է ամփոփագրի ու խորհուրդների բաժնից և հաջորդող 6 գլուխներից, որոնք հետևյալներն են՝

  1. Նախաբան
  2. Վարչակարգի (regime) քաղաքական դիմագիծը
  3. Փոխհարաբերություններն իշխող վերնախավի ներսում
  4. Վերահսկողությունը հասարակական կյանքի նկատմամբ
  5. Որևէ հնարավորություն բարեփոխման համար
  6. Եզրահանգումներ։

Փորձենք հանգամանորեն անդրադառնալ զեկույցի բովանդակությանը և դրանում տեղ գտած փորձագիտական գնահատականներին ու հետևություններին։

Նախաբան.- Փորձագետները կարծում են, որ Իլհամ Ալիևն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ տեսլականներում կարողացել է համախմբել իշխանությունը և կայունություն ապահովել Ադրբեջանում, այնուհանդերձ, իշխանական համակարգի հովանավորչական բնույթը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում կայունությունը խոցելի է՝ պայմանավորված վերնախավի կլանային մրցակցությամբ։ Երկրի խիստ «նավթահեն» տնտեսության զարգացումն ուժեղացնում է առկա ռիսկերը, մասնավորաբար՝ երբ նախատեսվող եկամուտները զրոյացվեն, դա կհանգեցնի Ադրբեջանի ողջ տնտեսության անկմանը։ Երկրի կայունության խոցելիության կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ երկրում իրականացված հերթական ընտրություններն ավարտվել են գործադիր իշխանության ձեռքում իշխանության առավել մեծ կենտրոնացմամբ, իսկ քաղաքացիական ու քաղաքական ազատություններն արմատապես ոտնահարվել են։ Արդյունքում՝ Ադրբեջանը, ըստ փորձագետների վերլուծության, կիսաավտորիտար համակարգից վերածվել է լիարժեք ավտորիտար պետության։ Փորձագետները միահամուռ են իրենց կարծիքի մեջ, որ երկրում 2010թ. նոյեմբերին նախատեսվող խորհրդարանական ընտրությունները բացառություն չեն լինելու։

Ադրբեջանի վարչակարգի ներսում այս կամ այն հարցերի շուրջ բանավեճերն ու քննարկումները խորապես քաղաքականացված են, և շատ հարցեր ուղղակիորեն բաց քննարկման համար չեն։ Արդյունքում՝ տեղեկատվության ազատ ու կառուցողական փոխանակման բացակայության պայմաններում երկրի քաղաքական վերլուծաբանների ու փորձագետների շրջանում գոյություն չունի վերլուծական փոխհամաձայնություն։

Վարչակարգի քաղաքական դիմագիծը ենթագլխում մանրամասն խոսվում է Իլհամ Ալիևի կողմից իշխանության համախմբման, իշխանության անձնավորման կամ կուռքի վերածման, ինչպես նաև վերնախավի կլանային համակարգում ընթացող գործընթացների մասին։ Ինչպես նշում են փորձագետները, անցնելով իշխանության՝ կրտսեր Ալիևն արժանացավ երկրի ընդդիմության սուր քննադատությանը և մեղադրանքներին, որ անփորձ Ալիևն ի վիճակի չէ կառավարել երկիրը։ Ընդդիմադիրներից ոմանք ավելի առաջ անցան՝ կարծելով, թե կրտսեր Ալիևը անցումային դեմք է։ Սակայն Իլհամ Ալիևը հստակ գիտակցում էր, որ իր իշխանությանը նետված մարտահրավերները գալիս են ոչ թե թույլ ընդդիմադիր դաշտից, այլ իշխող վերնախավից։ Խնդիրն այն է, նշում են փորձագետները, որ Հեյդար Ալիևի մահվանից հետո ազատ արձակվեցին վերջինիս վարչակարգի փորձառու անդամներից շատերի ձեռքերը, որոնք չհապաղեցին վերահսկել անփորձ Ալիևին։ Առանձնանում էին հատկապես նախագահի հորեղբայր Ջալալ Ալիևն ու նրա մտերիմներից Ալի Ինսանովը։ Ի դեպ, վերջինս առողջապահության նախարարն էր, ազդեցիկ «Երազի» կլանի («երևանյան ադրբեջանցիներ») ղեկավարը։ Իշխանական կլաններին զսպելու նպատակով կրտսեր Ալիևը վստահելի դաշնակիցներ էր փնտրում, որոնց թվում էր Ռամիզ Մեհթիևը, որը նույնպես Հեյդար Ալիևի ազդեցիկ թիմակիցներից էր և ժամանակին ղեկավարում էր նրա աշխատակազմը։ Ռամիթ Մեհթիևը փորձառու քաղաքական գործիչ էր, որը կարող էր հակազդել Ջալալ Ալիևի ու Ինսանովի ազդեցությանը։

Իշխանական սուր պայքար էր սկսվել նաև վերնախավի երկու երիտասարդ այլ անդամների՝ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Քեմալադդին Հեյդարովի (նախագահի թիմակից, ներկայում զբաղեցնում է երկրի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը) և տնտեսական զարգացման նախկին նախարար Ֆարհադ Ալիևի միջև, ինչը կարող էր մեծապես սպառնալ վարչակազմի կայունությանը։ Դեպքերի նման զարգացումները կանխելու համար Իլհամ Ալիևը դիմեց կտրուկ միջոցների. կաշառակերության մեղադրանքով ձերբակալվեցին Ինսանովն ու Ֆարհադ Ալիևը, իսկ 2005թ. նոյեմբերին հետևած խորհրդարանական ընտրություններում կառավարությունը կարողացավ բռնի մեթոդներով ճնշումներ բանեցնել ընդդիմության նկատմամբ։

Ընտրություններից անմիջապես հետո, որոնք, ըստ զեկույցի փորձագետների գնահատականի, ամրապնդեցին կախյալ խորհրդարանի վերահսկողությունը Նոր Ադրբեջան կուսակցության (ՆԱԿ) և Իլհամ Ալիևի կողմից, կրտսեր նախագահը սկսեց առաջին քաղաքական վերադասավորումները։ Նա խորհրդարանական ղեկավարությունից հեռացրեց Ջալալ Ալիևի և Ինսանովի կլանին հարող օրենսդիրներին, ինչին հաջորդեցին նախարարների ու տեղական ինքնակառավարման մարմինների զտումները։ Դա հնարավորություն տվեց երկրի նախագահին առանցքային պաշտոններում նշանակումներ կատարել իր, ինչպես նաև Հեյդարովի թիմակիցներից։

Ըստ զեկույցի, Իլհամ Ալիևն ավելի քիչ հիմնվեց տեղական կլանների վրա, քան հայրը։ Խոսքը Նախիջևանի ու Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիների մասին է։ Ինչպես արդեն նշվեց, «Երազի» կլանի առաջնորդ Ինսանովի ձերբակալությունը խորհրդանշեց Ադրբեջանի քաղաքականությունում տեղական կլանների ազդեցության ավարտը։ Այնուհանդերձ, նախիջևանյան, իսկ ավելի քիչ չափով՝ նաև «Երազի» կլանների ներկայացուցիչները շարունակեցին զբաղեցնել առանցքային պաշտոններ, սակայն վերջիններիս անձնական լոյալությունը նախագահին դարձավ առավել ընդգծված։ Ի տարբերություն Հեյդար Ալիևի, կրտսեր Ալիևը նախընտրեց իր թիմում տեսնել ավելի շուտ քաղաքային, Բաքվում աչքի ընկած անհատականությունների, հաճախ՝ հաջողակ գործարարների։

Իլհամ Ալիևի ձեռքում երկրի միանձնյա ղեկավարման գործում զգալի նշանակություն ունեցան նավթից ստացվող խոշոր եկամուտները, ինչը հանգեցրեց նաև օլիգարխների ու գործարար ցանցի ազդեցության մեծացմանը։

2008թ. հոկտեմբերին Ադրբեջանի նախագահական ընտրություններին Ալիևը ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 89%, պահպանեց նախագահական աթոռը, չնայած ընդդիմության դժգոհություններին ու մեղադրանքներին՝ ընտրությունները կեղծելու հետ կապված։ Ի տարբերություն 2005թ. ընտրությունների, այս ընտրարշավում ընդդիմությունը որևէ լուրջ հասարակական բողոք չնախաձեռնեց։ Եվրախորհրդի՝ Ադրբեջանի հարցերով այն ժամանակվա համազեկուցող Անդրես Հերքելը բավական կոշտ արձագանքեց ընտրությունների արդյունքներին. «դա լողալու լավ փորձ էր, սակայն, դժբախտաբար, դատարկ լողավազանում»։ Արդյունքում՝ Ալիևը կարողացավ ամրապնդել իր և թիմակիցների դիրքերը։ Ալիևը չսահմանափակվեց դրանով. իշխող կուսակցությունն անմիջապես անցավ սահմանադրական փոփոխություններին, ըստ որոնց՝ վերացվում էր հաջորդաբար երկու անգամ նախագահ վերընտրվելու սահմանափակումը և հնարավորություն էր ընձեռվում անորոշ ժամանակով հետաձգել ընթացիկ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Այդ փոփոխություններն ընդունվեցին 2009թ. մարտին՝ հապճեպ կազմակերպված հանրաքվեի արդյունքում։ Պատահական չէին ընդդիմադիր դաշտում խորացող արձագանքներն առ այն, որ Ալիևը երկիրը տանում է միապետության, իսկ նրանցից ոմանք կրտսեր Ալիևին «շահ» էին անվանում։ Եվրահանձնաժողովը նույնպես բավական բացասաբար արձագանքեց այդ սահմանադրական փոփոխություններին՝ դրանք որակելով «լուրջ հետընթաց ժողովրդավարության զարգացման համար»։

Հարաբերություններն իշխող վերնախավում.- Կառավարությունը կրում է նեոֆեոդալական համակարգի բնույթ. երկրի նախագահը բաշխում է տնտեսության եկամտաբեր ճյուղերից ստացված եկամուտները, թույլ տալիս թիմակիցներին հավաքագրել ոչ ֆորմալ գումարներ և նույնիսկ վերահսկել տվյալ շրջանը կամ տարածքը։ Իշխանական համակարգը գործում է վերևից ներքև սկզբունքով։ Իշխող վերնախավն իր շուրջ ստեղծում է նմանատիպ հովանավորչական ցանցեր՝ առանցքային պաշտոններում նշանակելով իրենց թիմակիցներին ու ազգականներին։

Երկրի նախագահը հանդես է գալիս ոչ միայն որպես իշխանության և եկամուտների բաշխող, այլև որպես հարցեր կարգավորող։ Մի կողմից՝ նա համակարգը միասնական է պահում՝ հանդես գալով որպես կապող օղակ վերնախավի անդամների միջև մրցակցությունում, մյուս կողմից՝ ինչպես հայրը, կիրառում է «բաժանիր, որ տիրես» մարտավարությունը՝ միակենտրոն ու միանձնյա իշխանություն ունենալու նպատակով։ Արդյունքում, ըստ էության, Իլհամ Ալիևի թիմից որևէ անդամ հայտնի չէ, սակայն դրա հետ մեկտեղ Ալիևի իշխանությունը կախյալ վիճակում է այն մարդկանցից, ովքեր իրեն շրջապատում են։

Երկրի իշխանական համակարգում իրենց ազդեցիկությունն են շարունակում պահպանել Ռամիզ Մեհթիևն ու նրա կլանը, որն, ըստ զեկույցի փորձագետների, համարվում է ամենակոնսոլիդացված ուժն իշխող վերնախավում։ Պատահական չէ, որ ընդդիմությունում Ռ.Մեհթիևը հայտնի է որպես «մոխրագույն կարդինալ»՝ ներքին քաղաքականությունում նրա ունեցած մեծ ազդեցության համար։ Որպես երկրի պետական քաղծառայության հանձնաժողովի նախագահ (Chairman of the State Civil Service Committee)՝ վերջինս համարվում է քաղաքացիական ծառայության ոլորտներում (ներառյալ օրենսդիրն ու դատականը) գրեթե բոլոր առանցքային նշանակումների որոշողը։ Բացի այդ, նա ղեկավարում է հակակոռուպցիոն հանձնաժողովը։

Իշխող վերնախավում կարևորությամբ երկրորդն են այսպես կոչված «օլիգարխները»՝ հիմնականում նախարարներ, որոնք վայելում են նախագահի աջակցությունը՝ պայմանավորված բիզնեսի համատեղ շահերով։ Եթե Մեհթիևի կլանը վերահսկում է պետության վարչական ռեսուրսների զգալի հատվածը, «օլիգարխների» կլանը ղեկավարում է երկրի ֆինանսական ու տնտեսական սեկտորը։

Երկրի վերնախավում երրորդ ազդեցիկ ուժը նախագահի ընտանիքն է, որտեղ առանցքային դեր են կատարում նախագահի հորեղբայր Ջալալ Ալիևը և նրա քույրը՝ Սևիլ Ալիևան։ Վերջիններս, ըստ էության, մարգինալացված են, որովհետև ժամանակին կասկածի տակ էին դրել Իլհամ Ալիևի իշխանությունը։ «Ընտանիքի» կլանի «ռեֆորմիստական» ճյուղն առաջնորդում է երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան։ Այդ ճյուղը բաղկացած է վերջինիս ազգականներից ու թիմակիցներից։

Հիմնական հետևություններ. հայացք հայաստանյան իրականությունից.- Միջազգային ճգնաժամային խումբը միակ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը չէ, որ իր տարեկան զեկույցներում, մեղմ ասած, բավական «տխուր» վիճակ է արձանագրում ադրբեջանական ներքին քաղաքական, տնտեսական և հասարակական զարգացումների համար։ Միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունների հետազոտություններից կարելի է եզրակացնել, որ ի տարբերություն հարևան հարավկովկասյան և ԱՊՀ անդամ հանրապետությունների, Ադրբեջանի վարկանիշային ցուցանիշները բավական ցածր են քաղաքական, տնտեսական, ժողովրդավարության, պետության կառավարման և այլ աղյուսակներում։ Միջազգային կազմակերպությունների ներկայացրած վարկանիշային զեկույցների և ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տարիների կտրվածքով տարբեր վարկանիշային թեմատիկ ուղղություններում Ադրբեջանի ցուցանիշները, որպես կանոն, ԱՊՀ անդամ երկրների շարքում միջին դիրքեր են զբաղեցնում և զիջում են հարավկովկասյան մյուս երկու հանրապետությունների՝ ՀՀ-ի ու Վրաստանի արդյունքներին։ Բերենք մի քանի օրինակ. ԱՄՆ հեղինակավոր «ուղեղային կենտրոններից» մեկի՝ «Հերիթիջ ֆաունդեյշըն»-ի/The Heritage Foundation և «Ուոլ սթրիթ ջորնըլ»/The Wall Street Journal օրաթերթի անցկացրած «Տնտեսական ազատության ինդեքսը» 2009թ. վարկանիշային հետազոտության տվյալներով՝ ԱՊՀ անդամ պետությունների ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ զեկույցում ներառված 183 երկրների մեջ 99-րդ դիրք։ Ի տարբերություն զեկույցում ներառված ԱՊՀ առաջատար երկրների՝ ՀՀ-ի, Վրաստանի (այժմ՝ ԱՊՀ նախկին անդամ), Ղազախստանի ու Ղրղըզստանի, որոնք բոլորն էլ միջին ազատության աստիճանավորման մեջ են գտնվում, Ադրբեջանը հիմնականում ոչ ազատ երկրների ցուցակում է և ԱՊՀ անդամ պետությունների շարքում հիմնականում ոչ ազատ աստիճանավորման դասակարգման մեջ լավագույն արդյունքն ունի։ 2009թ. հունիսի վերջին լույս տեսավ «Ֆորին Փոլիսի Մեգեզին» ամսագրի ու «Ֆանդ ֆոր Փիս» կազմակերպության «Ձախողված երկրների ինդեքսը» (Failed States Index) վարկանիշային նախագծի 2009թ. զեկույցը, որտեղ Ադրբեջանը, հիմնականում պահպանում է իր արդյունքը՝ ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնելով միջին դիրքեր։ 2009թ. զեկույցում այն զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը՝ 84,6 միավորով։ Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա ինչպես «Ձախողված երկրների ինդեքսը» վարկանիշային նախորդ հետազոտություններում (2006-2008թթ.), այնպես էլ 2009թ. զեկույցում ՀՀ-ն ԱՊՀ երկրների շարքում առաջատար դիրք է զբաղեցրել։

Սակայն, պետք է նշել, որ, ցավոք, առայսօր միջազգային այդ և այլ հեղինակավոր կազմակերպություններից գրեթե ոչ մեկը չարձանագրեց, որ Ադրբեջանի կայունությունը պայմանավորված է ոչ միայն երկրի ներքին զարգացումներով, այլև արտաքին քաղաքականությամբ։ Իսկ ավելի ստույգ՝ Ադրբեջանի քաղաքական կայունությունը կապված է հարավկովկասյան տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների անվտանգության ու կայունության ապահովման հիմնահարցերի հետ։ Միջազգային այդ կազմակերպություններից որևէ մեկն իր հաշվետվություններում ու զեկույցներում չանդրադարձավ այն բանին, որ Ադրբեջանում տեղի ունեցած յուրաքանչյուր նախընտրական գործընթաց ապակայունացնում է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ու դրանով իսկ վտանգում տարածաշրջանային կայունությունը, և այդ համատեքստում Ադրբեջանում կայանալիք նոյեմբերյան խորհրդարանական ընտրությունները բացառություն չեն լինելու։ Միևնույն ժամանակ, Բաքվի ագրեսիվ քաղաքական կեցվածքը չպետք է կապել միայն նախընտրական արշավների հետ, քանզի ՀՀ-ի, ԼՂՀ-ի նկատմամբ Իլհամ Ալիևի ագրեսիվությունը դարձել է ավանդույթ երկրում միապետության ու սեփական կլանային վերնախավի դիրքերի պահպանման համար։ Եվ խոր վերլուծությունից հետո դժվար է պատկերացնել, որ ադրբեջանական կողմը, չնայած հայ-ադրբեջանական, ԼՂՀ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներին, լուրջ քայլեր ձեռնարկի ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ուղով լուծելու հարցում՝ մի քանի հիմնական պատճառներից ելնելով։ Նախ՝ Իլհամ Ալիևը հստակ գիտակցում է, որ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության դեպքում իրեն «լոյալ» թիմակիցների մեծ մասը վայրկյան իսկ չի տատանվի իշխանափոխություն իրականացնել և ազատվել շահի տիրապետությունից։ Այն է՝ պատերազմի վերսկսման պարագայում Ադրբեջանը կհայտնվի ներքաղաքական ճգնաժամի վիճակում՝ ընդհուպ մինչև քաղաքացիական բախումներ։ Երկրորդ՝ չկարողանալով լուրջ սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնել՝ Իլհամ Ալիևը կորցրել է հասարակության վստահությունն ու աջակցությունը, և պատերազմի դեպքում դեռ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում կընդունի հասարակության մեծ մասը։ Երրորդ՝ ռազմական գործողությունների վերսկսումը վերջակետ կդնի Իլհամ Ալիևի ու նրա թիմակիցների՝ նավթադոլարների հոսքին, որոնք առայսօր Իլհամ Ալիևի իշխանության պահպանման առանցքային նախադրյալներից են։

Այս ամենից հետո, իսկապես, կարելի է շրջանառության մեջ դնել ավելի շուտ ոչ թե սույն զեկույցի «Ադրբեջան. խոցելի կայունություն», այլ՝ «Ադրբեջան. կայուն խոցելիություն» խորագիրը։

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 6

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր