ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹՎԵՐՈՎ.ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ

Կ.Վերանյան՝ «Նորավանք» ԳԿՀ ավագ փորձագետ
Ընդհանուր դիտարկում
Միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացվող վարկանիշային զեկույցների և ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տարիների կտրվածքով տարբեր վարկանիշային թեմատիկ ուղղություններում Ադրբեջանի ցուցանիշները, որպես կանոն, ԱՊՀ անդամ երկրների շարքում զբաղեցնում են միջին դիրքեր և գերազանցապես զիջում են հարավկովկասյան մյուս երկու հանրապետությունների՝ ՀՀ-ի ու Վրաստանի1 արդյունքներին։ Մյուս կողմից, սակայն, այդ ցուցանիշների համեմատական վերլուծությունը թույլ է տալիս նաև եզրահանգելու, որ հատկապես վերջին տարեկան վարկանիշային հաշվետվություններում նկատելի է Ադրբեջանի վարկանիշային արդյունքների բարելավման միտում։ Ընդ որում, այդ ցուցանիշները կրում են հիմնականում բարելավման կտրուկ կամ թռիչքային բնույթ, ինչը խոսում է կամ այդ վարկանիշային հետազոտությունների արդյունքների որոշակի քաղաքականացման, կամ էլ հարևան հանրապետության որոշ վարկանիշային ցուցիչների դրական փոփոխման մասին։ Արդյունքում՝ միջազգային որոշ վարկանիշային հետազոտություններում Ադրբեջանի վարկանիշը ԱՊՀ երկրների ցուցակում միջին դիրքերից անցում է կատարում դեպի առաջ՝ ընդհուպ մոտենալով ԱՊՀ առաջատար պետություններին՝ ՀՀ-ին, Ուկրաինային, Վրաստանին։
Ադրբեջանը թվերով
1. Տնտեսական ազատության ինդեքսը - ԱՄՆ առաջատար ու հեղինակավոր «ուղեղային կենտրոններից» մեկի՝ «Հերիթիջ ֆաունդեյշըն»-ի (The Heritage Foundation) և «Ուոլ սթրիթ ջորնըլ» (The Wall Street Journal) օրաթերթի կողմից իրականացվող «Տնտեսական ազատության ինդեքսը» վարկանիշային 2009թ. հետազոտության տվյալներով, ԱՊՀ անդամ պետությունների ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ զեկույցում ներառված 183 երկրների շարքում գտնվելով 99-րդ դիրքում։ Ի տարբերություն զեկույցում ներառված ԱՊՀ առաջատար երկրների՝ ՀՀ-ի, Վրաստանի, Ղազախստանի ու Ղրղզստանի, որոնք բոլորն էլ դասակարգվում են միջին ազատության աստիճանավորման մեջ, Ադրբեջանը գտնվում է հիմնականում ոչ ազատ երկրների ցուցակում՝ արձանագրելով ԱՊՀ անդամ պետությունների շարքում հիմնականում ոչ ազատ աստիճանավորման դասակարգման լավագույն արդյունքը։ Ինչ վերաբերում է վերջին՝ ճնշված ազատության աստիճանավորմանը, ապա այստեղ ԱՊՀ անդամ պետություններից ներառվել են երեքը՝ Ուկրաինան, Բելառուսը և Թուրքմենստանը։ Ի դեպ, ՀՀ վարկանիշը համարվում է լավագույնը ԱՊՀ անդամ պետությունների շարքում։
2. Գործարարության վարկանիշավորումը - Միջազգային ֆինանսական կազմակերպությունը (International Finance Corporation) «World Bank Group»-ի անդամ է և տեղակայվում է Վաշինգտոնում։ Կազմակերպությունը, ֆինանսական տարբեր գործառույթներից զատ, տվյալ երկրի գործարարության (Doing business) մթնոլորտի լուսաբանման վարկանիշային հետազոտություններ է իրականացնում։ Ըստ 2007թ. զեկույցի, Ադրբեջանն իր վարկանիշով գտնվում է ընդգրկված 175 երկրների շարքի միջին մասում՝ զբաղեցնելով 97-րդ հորիզոնականը։ Ադրբեջանի վարկանիշային ցուցանիշը կրկին միջին մասում է ԱՊՀ երկրների ցուցակում, որտեղ իրենց լավագույն ցուցանիշներով առանձնանում են Վրաստանն ու ՀՀ-ն՝ համապատասխանաբար 35 և 46-րդ դիրքերով։ «Գործարարության» նախագծի 2008թ. հաշվետվությունում ՀՀ-ն ԱՊՀ երկրների շարքում կրկին առաջատարն է՝ զիջելով միայն Վրաստանին։ Նախորդ նախագծի համեմատ, 2008թ. հաշվետվությունում ՀՀ վարկանիշը բարելավվել է 7 միավորով, Վրաստանինը` 17, իսկ Ադրբեջանինը` ընդամենը 1 միավորով։ «Գործարարության» 2009թ. վարկանիշային հետազոտությունում ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջանը թռիչքային կերպով բարելավել է արդյունքը. եթե նախորդ զեկույցում զբաղեցնում էր 96-րդ դիրքը, ապա այս՝ 2009թ. հաշվետվությունում բարելավել է ցուցանիշը շուրջ 2,5 անգամ։ Այլ է պատկերը ՀՀ-ի դեպքում, որն իր ցուցանիշով բավական կտրուկ հետընթաց է արձանագրել՝ 39-րդ դիրքից անցնելով 50-րդին։ Արդյունքում՝ ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Վրաստանին։ Ինչ վերաբերում է 2010թ. վարկանիշային զեկույցին, ապա այստեղ Ադրբեջանը պահպանել է նախորդ զեկույցում արձանագրված ցուցանիշը (38-րդ դիրքը), իսկ ՀՀ-ն իր վարկանիշը թեև բարելավել է, սակայն շարունակում է զիջել հարևան երկու հանրապետություններին։ 2010թ. զեկույցում հարավկովկասյան հանրապետություններից ցուցանիշը բարելավել է նաև Վրաստանը։
3. Կոռուպցիայի ընկալման ինդեքսը – Թրանսփարենսի ինթերնեյշնըլի (ԹԻ) «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը» 2008թ. տարեկան զեկույցում ԱՊՀ երկրների ցանկում լավագույն արդյունքը Վրաստանինն է, որը զեկույցում ներառված 180 երկրների շարքում զբաղեցրել է 67-րդ դիրքը՝ 3,9 միավորով։ Վրաստանին բավական զգալի դիրքային տարբերությամբ հաջորդում է ՀՀ-ն, որը 2,9 վարկանիշային միավորով զբաղեցնում է 109-րդ դիրքը։ ՀՀ-ին կրկին զգալի դիրքային տարբերությամբ զիջում են Մոլդովան (109-րդ դիրք), Ուկրաինան (134)։ ԱՊՀ անդամ պետությունների շարքում ցածրագույն ցուցանիշները պատկանում են Ղրղզստանին, Թուրքմենստանին և Ուզբեկստանին, որոնք հաշվետվությունում ներառված 180 երկրների շարքում կիսում են միևնույն՝ 166-րդ դիրքը։ Վերջիններիս ցածր ցուցանիշով հաջորդում է Ադրբեջանը՝ զբաղեցնելով 158-րդ դիրքը։ 2009թ. նոյեմբերին լույս տեսավ նաև կազմակերպության հերթական՝ 2009թ. տարեկան զեկույցը, որտեղ ԱՊՀ երկրներից նախորդ տարեկան զեկույցի համեմատությամբ իրենց ցուցանիշները բարելավել են Վրաստանը՝ 67-րդ դիրքի փոխարեն 66-րդ, Մոլդովան՝ 109-րդ դիրքից 89-րդ, Ղազախստանը (145-ի փոխարեն 120) և մնացյալ բոլոր երկրները, բացառությամբ ՀՀ-ի, Ուկրաինայի և միջինասիական երեք հանրապետությունների՝ Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի։ Զգալի է եղել Ադրբեջանի վարկանիշային ցուցանիշի բարելավված արդյունքը, որը եթե 2008թ. զբաղեցնում էր 158-րդ դիրքը՝ 1,9 միավորով, ապա 2009թ. զեկույցում՝ արդեն 143-րդն էր՝ 2,3 միավորով։ Վարկանիշային զեկույցում ՀՀ-ն զբաղեցնում է 120-րդ դիրքը, ինչը 2008թ. հաշվետվության համեմատությամբ բավական հետընթաց է արձանագրել։
4. Բերթելսմանի հիմնադրամի Բերթելսմանի տրանսֆորմացիայի ինդեքսը 2008թ. վարկանիշային վերլուծությունում ներկայացված «Քաղաքական և տնտեսական տրանսֆորմացիաների կարգավիճակը» նախագծում առանձնացվում են Արևելյան/Կենտրոնական Եվրոպայի, մերձբալթյան, ԱՊՀ երկրները (և այլք)։ ԱՊՀ երկրներից լավագույն ամփոփ ցուցանիշներն արձանագրել են Ուկրաինան (6,93 միավոր), Վրաստանն (6,60) ու ՀՀ-ն (6,41), որոնք տեղակայվել են երրորդ՝ առաջատար երկրների աստիճանակարգում։ Վերջիններիս իրենց վարկանիշներով հաջորդում են Ռուսաստանը, Մոլդովան, Ղրղզստանն ու Ղազախստանը, որոնք ընկնում են չորրորդ՝ սահմանափակված վարկանիշային աստիճանակարգում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինս տեղակայվում է նախավերջին՝ շատ սահմանափակված երկրների ցանկում։ Հետաքրքիր վիճակագրություն է ստացվում առանձնացված երկրների 2008 և 2006թթ. վարկանիշային արդյունքների համադրությունից։ Պարզվում է, որ ԱՊՀ երկրների շարքում 2006թ. համեմատությամբ 2008թ. վարկանիշով կտրուկ աճ է արձանագրել Վրաստանը՝ 61-րդ դիրքից 38-րդ։ Իսկ ՀՀ պարագայում, թեև նրա վարկանիշը նշված ժամանակահատվածում կրկին դրական միտում է ունեցել, սակայն ոչ կտրուկ տարբերությամբ. եթե 2006թ. դրությամբ ՀՀ-ն զբաղեցնում էր 44-րդ դիրքը, ապա 2008թ.՝ 41-րդը։ 2006թ. համեմատությամբ 2008թ. վարկանիշներում ԱՊՀ երկրներից բացասական միտում են արձանագրել Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսն ու Ադրբեջանը, իսկ Կենտրոնական Ասիայի երկրներից՝ Ղազախստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը։ Բացի նշված երկրների ամփոփ ցուցանիշների ներկայացումից, հարկ ենք համարում անդրադառնալ նաև մասնակի՝ թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական տրանսֆորմացիայի արդյունքներին՝ ըստ առանձնացված երկրների վարկանիշների համադրության։ Այսպես, 2008թ. դրությամբ ԱՊՀ երկրների շարքում տնտեսական տրանսֆորմացիայի ցուցիչով Ադրբեջանը զբաղեցնում է նախավերջին՝ շատ սահմանափակված երկրների ցուցակի 87-րդ հորիզոնականը՝ 5,21 միավորով։ ԱՊՀ երկրների շարքում տնտեսական տրանսֆորմացիայի ցուցիչով բարձրագույն վարկանիշային արդյունքը արձանագրվել է ՀՀ ու Ղազախստանի պարագայում, որոնց վարկանիշները կազմել են հավասար՝ 6,82-ական միավոր։ Ինչ վերաբերում է մյուս՝ քաղաքական տրանսֆորմացիայի ցուցչի արդյունքներին, ապա նշենք, որ ԱՊՀ երկրների ցուցակում այս ցուցչի բարձրագույն արդյունքը պատկանում է Ուկրաինային (7,35 միավոր), որին հաջորդում են Վրաստանն ու Մոլդովան՝ արձանագրելով 6,85-ական միավոր, ինչպես նաև ՀՀ-ն (6,00)։ «Բերթելսմանի տրանսֆորմացիայի ինդեքսի» մյուս վարկանիշավորման՝ «Ժողովրդավարության և շուկայական տնտեսության քաղաքական կառավարում» նախագծի համաձայն, միջին աստիճանակարգման խմբում են գտնվում ԱՊՀ հանրապետություններից Ղազախստանը, Մոլդովան, Ռուսաստանն ու Ադրբեջանը. բացառություն է կազմում Բելառուսը, որն ունենալով ԱՊՀ երկրների շարքում ցածրագույն ցուցանիշը՝ ընդգրկվել է նախավերջին՝ թույլ երկրների ցուցակում։ Ընդ որում, Ադրբեջանն ամփոփում է միջին խմբում ներառված ԱՊՀ երկրների ցուցակը՝ զբաղեցնելով 99-րդ դիրքը։ «Ժողովրդավարության և շուկայական տնտեսության քաղաքական կառավարում» ինդեքսում ՀՀ վարկանիշը շարունակում է բարձր լինել։ ԱՊՀ երկրների շարքում լավագույն արդյունքը գրանցվել է Վրաստանի (6,36 միավոր) պարագայում։ Ի դեպ, ԱՊՀ անդամ երկրների շարքում Վրաստանը միակ պետությունն է, որն ընդգրկվել է երկրորդ՝ հաջողակ աստիճանակարգում՝ իր ցուցանիշով համադրվելով Ռումինիայի, Հունգարիայի արդյունքների հետ։ ԱՊՀ երկրների շարքից Վրաստանին իրենց բարձր վարկանիշներով հաջորդում են Ուկրաինան (5,21 միավոր) և ՀՀ-ն (5,14), որոնք երկուսն էլ գտնվում են երրորդ՝ թույլ հաջողակ երկրների վարկանիշային աստիճանակարգում։ Երկու խոսքով անդրադառնանք նաև առանձնացված երկրների ենթացուցիչների արդյունքների համադրությանը։ Վրաստանի վարկանիշային ենթացուցիչներից բարձր ցուցանիշով առանձնացել են չորրորդ՝ միջազգային համագործակցության և առաջին՝ կառավարման պոտենցիալի ենթացուցիչները։ Ինչ վերաբերում է ՀՀ-ին և Ուկրաինային, ապա վերջիններիս ենթացուցիչներից բարձրագույն ցուցանիշները գրանցվել են միևնույն՝ միջազգային համագործակցության ոլորտում։ Ի դեպ, չորրորդ՝ միջազգային համագործակցության ոլորտը նույնպես բարձրագույն ցուցանիշն է համարվում Ադրբեջանի ենթացուցիչների շարքում։ ՀՀ ցածրագույն ենթացուցիչը արձանագրվել է երկրորդ՝ ռեսուրսների արդյունավետության կառավարման ասպարեզում։
5. Համաշխարհային տնտեսական ֆորում կազմակերպության Համաշխարհային առևտրի խթանում 2008թ. զեկույցում Ադրբեջանի ցուցանիշը ԱՊՀ երկրների շարքում միջին՝ 76-րդ դիրքում է (3,68 միավոր)։ 2008թ. վարկանիշային հաշվետվությունում ներառված ԱՊՀ երկրների շարքում ՀՀ վարկանիշը լավագույնն է (զեկույցում ներառված չեն ԱՊՀ անդամ բոլոր երկրները)։ ՀՀ-ն, զբաղեցնելով զեկույցում ընդգրկված 118 երկրների շարքում 61-րդ հորիզոնականը, արձանագրել է բավական բարձր՝ 3,90 միավոր։ Ըստ ենթացուցիչների հաշվարկի, ՀՀ վարկանիշն առավել աչքի է ընկել հատկապես շուկայի մուտքի և գործարար միջավայրի ենթացուցիչների պարագաներում՝ համապատասխանաբար կազմելով 4,73 և 4,59 միավոր։ ՀՀ ցածրագույն ենթացուցիչը սահմանային վարչարարությունն է. 87-րդ դիրք՝ 3,28 միավորով։ ԱՊՀ երկրների շարքում լավագույն արդյունքներով ՀՀ-ին հաջորդում են Մոլդովան և Ուկրաինան, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 62 և 68-րդ դիրքերը։ 2009թ. հաշվետվությունում ԱՊՀ երկրների շարքում նախորդ տարվա համադրությամբ զգալի առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի պարագայում, որն իր վարկանիշով գերազանցելով Ուկրաինային ու Ղազախստանին՝ ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրել է երրորդ դիրքը՝ զիջելով միայն Մոլդովային ու ՀՀ-ին։ 2008թ. համեմատ Ադրբեջանի վարկանիշի բարձրացումը տեղի է ունեցել ի հաշիվ 3 ենթացուցիչների՝ ըստ միավորների հաշվառման. բացառություն է կազմում առաջին՝ շուկայի մուտքի ենթացուցիչը, որտեղ թեև հարավկովկասյան այս հանրապետության ցուցանիշն ունեցել է դիրքային բարելավում նախորդ տարվա համեմատ, սակայն միավորի պարագայում, ընդհակառակը, հետընթաց է գրանցվել։ Ի տարբերություն 2008 թվականի, «Համաշխարհային առևտրի խթանում 2009թ.» հաշվետվությունում, թեև ՀՀ-ն կրկին ԱՊՀ երկրների շարքում առանձնացել է բարձր ցուցանիշով, սակայն չի պահպանել առաջատարի դիրքը։ Զեկույցում ներառված ԱՊՀ 8 երկրների շարքում ՀՀ ցուցանիշը զիջում է միայն Մոլդովային, որը նախորդ հաշվետվության համեմատ զգալիորեն բարելավել է իր վարկանիշը (52-րդ դիրք, 4,15 միավոր)։
6. Համաշխարհային տնտեսական ֆորում կազմակերպության մյուս՝ Գլոբալ մրցունակության 2007-2008թթ. վարկանիշային հետազոտությունում ԱՊՀ երկրների ցուցակում առաջին դիրքում Ռուսաստանն է, որը զբաղեցրել է զեկույցում ներառված 131 երկրների շարքում 58-րդ դիրքը՝ 4,19 միավորով։ Ռուսաստանին հաջորդում են Ղազախստանն ու Ուզբեկստանը, ինչպես նաև Ադրբեջանը (4,07 միավոր)։ Գլոբալ մրցունակության 2007-2008թթ. վարկանիշային հետազոտությունում, որտեղ ընդգրկվել է ընդհանուր առմամբ 131 պետություն, ԱՊՀ երկրների ցուցակում ՀՀ ցուցանիշը միջին դիրքում է՝ զեկույցում ներառված ԱՊՀ 10 հանրապետությունների շարքում՝ 7-րդ դիրք՝ 3,76 միավորով։ Ինչ վերաբերում է հաջորդ՝ 2008-2009թթ. վարկանիշային հետազոտությանը, ապա այստեղ ԱՊՀ անդամ երկրներից լավագույն ցուցանիշները պատկանում են Ռուսաստանին (51-րդ դիրք), Ղազախստանին (66) և Ադրբեջանին (69)։ Զեկույցում ընդգրկված ԱՊՀ 9 երկրների շարքում ՀՀ-ն իր ցուցանիշով (97-րդ դիրք, 3,73 միավորով) կրկին ոչ բարվոք արդյունք է արձանագրել՝ զբաղեցնելով հետնամասային դիրք և գերազանցելով միայն Տաջիկստանին ու Ղրղզստանին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ն նախորդ հետազոտության համեմատ որոշակի հետընթաց է արձանագրել այս զեկույցում՝ 93-րդ դիրքից անցնելով 97-րդի։ Կազմակերպության կողմից ներկայացվող Գլոբալ մրցունակության վերջին՝ 2009-2010թթ. վարկանիշային հետազոտությունում ԱՊՀ 8 երկրների ցուցակը գլխավորում է Ադրբեջանը (51-րդ դիրք), որը նախորդ զեկույցի համեմատ զգալիորեն բարելավել է իր վարկանիշային ցուցանիշը՝ առաջ անցնելով Ռուսաստանից ու Ղազախստանից։ ՀՀ-ն պահպանել է նախորդ արդյունքը և զբաղեցնում է զեկույցում ներառված 133 պետությունների շարքում 97-րդ դիրքը՝ 3,71 միավորով։ Այս զեկույցում ներկայացված է նաև առանձնացված երկրների վարկանիշավորման ենթացուցիչների համեմատական վերլուծությունը։ Հարավկովկասյան հանրապետություններից ՀՀ-ն իր վարկանիշային ենթացուցիչներով գերազանցում է Վրաստանին երեք դեպքում՝ մակրոտնտեսական կայունություն, գործարարության բարելավում և նորարարություն, մնացյալ ենթացուցիչներով զիջում է Վրաստանի համապատասխան ցուցանիշներին։ ՀՀ-ն բոլոր ենթացուցիչներով զիջում է Ադրբեջանի համապատասխան ցուցանիշներին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ վարկանիշավորման ենթացուցիչների շարքում լավագույն արդյունքը արձանագրվել է 4-րդ՝ առողջապահության և հանրակրթության (5 միավոր), 3-րդ՝ մակրոտնտեսական կայունության (4,78) և 7-րդ՝ աշխատաշուկայի արդյունավետության (4,61) ոլորտներում։ ՀՀ վարկանիշի ցածրագույն ենթացուցիչներից առանձնացվում են շուկայի ծավալի, նորարարության և տեխնոլոգիական պատրաստվածության բնագավառները։ Պետք է նկատել, սակայն, որ տնտեսական թեմատիկ ուղղությունում ներկայացված վարկանիշային հետազոտությունների արդյունքների հետ համադրելիս ՀՀ գլոբալ մրցունակության ցուցանիշները խիստ հակասական են։ Համաշխարհային տնտեսական ֆորում կազմակերպության կողմից ներկայացվող մեկ այլ վարկանիշային հետազոտությունում («Համաշխարհային առևտրի խթանում») առանձնացված ենթացուցիչներն ընդհանուր առմամբ թեև համադրելի են Գլոբալ մրցունակության հետազոտության վարկանիշավորման ենթացուցիչների մի մասի հետ, սակայն վերջինիս դեպքում ՀՀ վարկանիշային արդյունքները հակասում են «Համաշխարհային առևտրի խթանում» վարկանիշային հետազոտությունում մեր հանրապետության համապատասխան ցուցանիշին։ Գլոբալ մրցունակության հետազոտությունում ՀՀ վարկանիշավորման պարագայում հաշվի չի առնվել հարևան Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ՀՀ տնտեսական ու քաղաքական շրջափակման հանգամանքը՝ որպես ՀՀ գլոբալ մրցունակության վարկանիշավորման կարևոր ենթացուցիչ։ Ավելին, Գլոբալ մրցունակության ուսումնասիրությունում ընտրվել են այնպիսի ենթացուցիչներ, ինչպես, օրինակ, մակրոտնտեսական կայունությունը, շուկայի ծավալը, առևտրային շուկայի արդյունավետությունը, որոնք ուղղակիորեն վերաբերում են հարևան երկրների կողմից ՀՀ տնտեսական ու քաղաքական շրջափակման խնդիրներին և կրում են վերջինիս ազդեցությունը։ ՀՀ գլոբալ մրցունակության վարկանիշավորման հարցում պետք է ներառվեր այդ թվում և ՀՀ սահմաններից դուրս բնակվող հայության գործոնը, որն այս կամ այն չափով ներկայացված լինելով ՀՀ տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներում՝ ներկայանում է որպես ՀՀ գլոբալ մրցունակության վարկանիշավորման առանցքային բաղադրիչներից մեկը։
7. Ձախողված երկրների ինդեքսը - 2009թ. հունիսի վերջին լույս տեսավ «Ֆորին Փոլիսի Մեգեզին» ամսագրի ու «Ֆանդ ֆոր Փիս» կազմակերպության «Ձախողված երկրների ինդեքսը» (Failed States Index) վարկանիշային նախագծի 2009թ. զեկույցը, որտեղ Ադրբեջանը, ինչպես և կազմակերպության նախորդ զեկույցներում, հիմնականում պահպանում է իր արդյունքը՝ ԱՊՀ երկրների շարքում զբաղեցնելով միջին դիրքեր։ 2009թ. զեկույցում Ադրբեջանը զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը՝ 84,6 միավորով։ Ինչպես «Ձախողված երկրների ինդեքսը» վարկանիշային նախորդ հետազոտություններում (2006-2008թթ.), այնպես էլ 2009թ. զեկույցում ՀՀ-ն ԱՊՀ երկրների շարքում առաջատար դիրք է զբաղեցրել։ Սակայն այն տարբերությամբ, որ եթե նախորդ զեկույցներում ՀՀ-ն իր վարկանիշով, որպես կանոն, գլխավորել է ԱՊՀ երկրների ցուցակը, վերջին՝ 2009թ. զեկույցում այդ երկրներից ՀՀ-ն զիջում է Ղազախստանին և Ուկրաինային։ Զեկույցում ընդգրկված 177 երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցրել է 101-րդ դիրքը՝ 74,3 միավորով և զիջում է Ղազախստանին ու Ուկրաինային։ Ընդհանուր առմամբ, պետք է նկատել, որ 2008թ. համադրությամբ, 2009թ. հետազոտությունում հարավկովկասյան երեք երկրներն էլ իրենց վարկանիշներով հետընթաց են արձանագրել, չնայած երկու զեկույցներում էլ ընդգրկված երկրների քանակը եղել է նույնը՝ 177 պետություն։ Այդ հանգամանքը, թերևս, պետք է պայմանավորել այդ երկրների ներքաղաքական զարգացումներով, հարավկովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական վերջին տեղաշարժերով, ինչպես նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թողած հետևանքներով։ Այսպես, եթե 2008թ. ՀՀ-ն զբաղեցրել է 109-րդ հորիզոնականը՝ 70,7 միավորով, ապա 2009թ. ՀՀ դիրքը 101-ն է, որտեղ արձանագրվել է ավելի ցածր՝ 74,3 միավոր։ Նույնը կարելի է նկատել նաև Ադրբեջանի պարագայում, որի 2008թ. արձանագրած 81 միավորը (64-րդ դիրք) 2009թ. զեկույցում փոխարինվեց ավելի ցածր՝ 84,6 միավորով (56-րդ դիրք)։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2008թ. համադրությամբ, 2009թ. «Ձախողված երկրների ինդեքսը» զեկույցում Հարավային Կովկասի հանրապետությունների վարկանիշային ենթացուցիչները, ընդհանուր առմամբ, ունեցել են հետընթացի միտում։ Սակայն երեք երկրների վարկանիշների ենթացուցիչների համեմատականի կարևոր առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն ՀՀ-ի, հարևան երկու երկրների բոլոր ենթացուցիչներն են վատթարացել (բացառությամբ Ադրբեջանի 8-րդ՝ պետական գործառույթների շարունակվող վատթարացում ենթացուցչի, որը նույնությամբ պահպանել է նախորդ տարվա 5,5 ցուցանիշը)։ Ինչ վերաբերում է ՀՀ-ին, ապա վերջինիս վարկանիշային երեք ենթացուցիչներում (2-րդ՝ փախստականների և ներքին տեղահանվածների զանգվածային տեղաշարժ, 6-րդ՝ կտրուկ և/կամ խոր տնտեսական անկում և 8-րդ՝ պետական գործառույթների շարունակվող վատթարացում ենթացուցիչներ) 2008թ. համադրությամբ առաջընթաց է արձանագրվել։ Իսկ 4-րդ՝ մարդկային ռեսուրսի քրոնիկական և կայուն արտահոսք ենթացուցիչը պահպանել է 2008թ. արձանագրած 6,7 միավորը։
1Այժմ՝ ԱՊՀ նախկին անդամ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]