
ԼՂՀ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Գագիկ ՀարությունյանԻնչպես հայտնի է, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ հունիսի 17-ին Ս.Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո Ի.Ալիևը լքեց Պետերբուրգը, իսկ հունիսի 18-ին ԼՂՀ-ում, ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների արդյունքում հայկական կողմը կորուստներ ունեցավ։ Պակաս հայտնի է, որ այդ միջադեպին հետևեցին մեր զինված ուժերի համարժեք քայլերը։ Բոլոր պարագաներում այդ իրադարձությունները սուր ընկալվեցին մեր հանրությունում և ակտուալացրին զանազան ռազմական սցենարների քննարկումները։ Ի լրումն՝ հետևեցին տարաբնույթ տեղեկատվական հոսքեր. մեծ տերությունների համաձայնությամբ ԼՂՀ-ում տեղի է ունենալու «պայմանավորված» պատերազմ, և կողմերին տարանջատելու են ռուսական, թուրքական ու ամերիկյան (կամ՝ ՆԱՏՕ) խաղաղապահ ուժերը, իսրայելական և ամերիկյան ռմբակոծիչները Վրաստանից (!!) տեղափոխվել են Ադրբեջան և պատրաստվում են հարված հասցնել Իրանին, իսկ վերջինս, ի պատասխան, զորքեր է կուտակում իրանա-ադրբեջանական սահմանում։ Անգամ ԱՄՆ-ում «ռուսական լրտեսների» վերաբերյալ սկանդալի՝ ԶԼՄ-ում հայտնվելու պահը որոշ օտարերկրյա վերլուծաբաններ մեկնաբանեցին որպես միջազգային հանրության ուշադրությունը «իրանական» պատերազմից շեղելու փորձ։
Նման լրատվական հաղորդագրումների ճնշող մասը, ինչպես քաջ հայտնի է մասնագիտական շրջանակներին, ակնհայտ ապատեղեկատվություն է։ Սակայն հաշվի առնելով այդ լայնածավալ տեղեկատվական գործողությունների աղբյուրները և, ինքնին, նման ապատեղեկատվության երևան գալու փաստը և ժամանակը, պետք է արձանագրել, որ տարածաշրջանի հանդեպ փոքր-ինչ անառողջ հետաքրքրությունը զգալի աճել է, և դա պայմանավորված չէ միայն ԼՂՀ խնդրով։ Նման գործընթացը վկայում է, որ տարածաշրջանում տեղի են ունենում հերթական որակական փոփոխություններն ու վերադասավորումները։ Դրանց բովանդակությունը և ուղղվածությունն ընկալելու նպատակով փորձենք համառոտ բնութագրել նախկին փուլերը։
Բանակցային գործընթացի փուլերը
ԼՂՀ միջազգային ճանաչման շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև այլ ձևաչափերով ընթանում են 90–ականների սկզբից, և այդ ժամանակահատվածում ռազմաքաղաքական տրամաբանությունը տարածաշրջանում, գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերի ազդեցության հետևանքով, զգալի փոփոխություններ է կրել։
Հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության առաջին փուլում միջնորդական առաքելությունը հիմնականում կատարում էին Ռուսաստանը և մասամբ Իրանը, որն ավարտվեց 1994թ. մայիսին Բիշքեկի հրադադարի մասին համաձայնագրով։ Կարելի է ասել, որ այդ փուլում որոշիչ էր հետխորհրդային տարածքում ՌԴ կարևոր, սակայն աստիճանաբար նվազող դերակատարումը։
Հաջորդ փուլում միջնորդական նախաձեռնությունը պատկանում էր Մինսկի խմբին, սակայն այդ ձևաչափում առավել ակտիվ էին ամերիկյան և ֆրանսիական կողմերը։ ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպումներն ընթանում էին Եվրոպայում և Միացյալ Նահանգներում (առավել հիշարժան է 2001թ. քիուեսթյան հանդիպումը)։ Չնայած մեծ տերությունների ավանդական ճնշումներին և Մինսկի խմբի համանախագահների նույնքան ավանդական դարձած լավատեսական կանխատեսումներին և հայտարարություններին, այդ փուլի գլխավոր հետևանքն է հակամարտող կողմերի դիրքորոշումների հստակեցումը, ինչը նույնպես, բանակցային գործընթացի համատեքստում, բավական լուրջ արդյունք է։ Հատկանշական է, որ այդ փուլը հիմնականում ենթարկվում էր միաբևեռ աշխարհակարգի կայացման և հետագա հաստատման, ԱՄՆ - ՌԴ Սառը պատերազմի վերսկսման (վերջինիս համատեքստում բնորոշ է, որ 2003 թվականից ղարաբաղյան խնդրում նկատվում է ամերիկյան ակտիվության որոշակի նվազում) տրամաբանությանը։
Ընթացիկ փուլի սկիզբը պայմանականորեն կարելի է համարել 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ տեղի ունեցած վրաց-ռուսական պատերազմը։ Վերջինս բազմաբևեռ համակարգի ձևավորումով պայմանավորված աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետևանքն է։ Դրանց արդյունքում նվազել է ԱՄՆ դերակատարումը մեր տարածաշրջանում, և զգալի աճել է ռուսական գործոնը: Կարելի է փաստել, որ այսօր Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, համաձայն դասական ձևակերպման, «ավելի հավասարի» կարգավիճակ է ձեռք բերել, և մտադիր է էլ ավելի ամրապնդել դիրքերը Հարավային Կովկասում, որտեղ Հայաստանը հիմնական հենակետն է և միակ տարածքը, ուր կանգնած է ռուսաստանյան զինուժը: Այդ տեսանկյունից պատահական չէ, որ ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպումները վերջին շրջանում ընթանում են Ռուսաստանի հովանավորության ներքո, և պետերբուրգյան վերջին հանդիպումը (երկարատև ընդմիջումից հետո) դրա վկայությունն է։ Ի դեպ, հնարավոր է նաև, որ Ալիևի պետերբուրգյան համաժողովից ցուցադրական հեռանալը պայմանավորված էր ոչ այնքան ՀՀ նախագահի հայտնի դիրքորոշումներով, որքան ՌԴ նախագահի կողմից կատարված նոր առաջարկներով։ Նկատենք նաև, որ նշմարվում է ՀՀ և ԱՀ նախագահների հնարավոր հանդիպում Ալմաթիում, ինչը վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացը, թերևս, շարունակվում է, և որ Ալիևի դեմարշը պետք է ընդունել ընդամենը որպես դիվանագիտական հնարք, բայց ոչ սկզբունքային դիրքորոշում կամ վերջնագիր։ Միևնույն ժամանակ, պետք է փաստել, որ տարածաշրջանում ակտիվացել է ոչ միայն Ռուսաստանը։
Տարածաշրջանային այլ դերակատարներ
Եթե Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը բնորոշ են հետևողականությունը և կայունությունը, ապա նույնը չի կարելի ասել Թուրքիայի մասին, որը ցուցաբերում է դիվանագիտական ու տեղեկատվական ակտիվություն։ Հատկանշական է, որ ամերիկյան գերակայության տարիներին այդ երկիրը հստակ էր կատարում ԱՄՆ-ի հանդեպ իր «պարտականությունները», սակայն բազմաբևեռության ձևավորումը զգալիորեն բարձրացրեց Թուրքիայի «ինքնավարության» մակարդակը, և Անկարան կտրուկ քայլեր կատարելով՝ սկսեց փնտրել իր տեղը նոր համակարգում։ Առայժմ տպավորությունն այնպիսին է, որ թուրքերն այնքան էլ արդյունավետ չեն գործում նոր պայմաններում։ Երկրում ձևավորվել է նեոօսմանիզմից, նեոպանթյուրքիզմից և եվրասիականությունից բաղկացած ագրեսիվ գաղափարախոսական սիմբիոզ1, որը դրդում է Անկարային՝ կատարել երբեմն ոչ այնքան մտածված քայլեր։ Դրանց արտահայտություններից են և՛ հայ-թուրքական բանակցությունների փաստացի տապալումը, և՛ իր նախկին դաշնակից Իսրայելի դեմ կատարած սադրանքները2։ Նշենք, որ հակաիսրայելական գործողությունները, չնայած որոշ երկրների կողմից դրանք դատապարտող պաշտոնական հայտարարություններին, բնավ միանշանակ չընկալվեցին արևմտյան հանրությունում: Սակայն ԱՄՆ-ին, որը կարևորում է Թուրքիայի (ինչպես և Ադրբեջանի) տրանսպորտային-հաղորդակցական դերակատարումը Աֆղանստանի պատերազմում, խիստ անհանգստացնում են ոչ միայն Իսրայելի հետ Թուրքիայի վատթարացող հարաբերությունները, այլև այդ երկրի դիրքորոշումը քրդական խնդրում և Իրանի3, ինչպես նաև արաբական որոշ երկրների հետ համագործակցություն զարգացնելու փորձերը։
Թուրքական ակտիվությունն անտարբեր չի ընկալում նաև Ռուսաստանը։ Եթե ԱՄՆ-Թուրքիա հակասությունների առկայությունն աշխարհաքաղաքական առումով նպաստավոր է Մոսկվայի համար, վերջինիս, սակայն, չի կարող հրապուրել Թուրքիայի և «փոքր եղբայր» Ադրբեջանի համաձայնեցված գործունեությունն Անդրկովկասում, որը ռուսաստանյան ստրատեգներն ավանդաբար համարում են «իրենցը»։ Պետք է հաշվի առնել նաև, որ չնայած Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնություններ է կնքում և զարգացնում առևտրական հարաբերություններ, բայց աշխարհաքաղաքականությունը մշտապես գերակայում է տնտեսական կատեգորիաների հանդեպ:
Հատկանշական է նաև, որ ադրբեջանական ագրեսիվությունը, ինչպես և թուրքականը, նույնպես գաղափարախոսության ածանցյալ է։ Հայտնի է, որ Ադրբեջանը և ադրբեջանցիները, որպես պետություն և ժողովուրդ, բավական նոր կազմավորում են ու, որպես այդպիսին, կարիք ունեն ազգ ձևավորող գաղափարախոսության: Այսօր որպես գաղափարախոսության հիմնադրույթ նրանք ընդունել են ոչ թե քաղաքակրթական պատկերացումներ և արժեքներ, այլ (գուցե վերջիններիս բացակայության պատճառով) ծայրահեղ հակահայկականությունը: Ադրբեջանն Ալիևի վարչախմբի տոտալիտար մեթոդներով վարած քարոզչության արդյունքում դարձել է խիստ ռազմատենչ և անհանդուրժողական բնակչություն ունեցող մի տարածք: Սա ադրբեջանցիներին տանում է դեպի ծուղակ, այսինքն` նրանք իրենց իսկ հորինած գաղափարական դրույթներից արդեն դժվարանում են դուրս գալ, որովհետև հակահայկականությունը դարձել է պաշտոնական դոկտրին, աշխարհընկալում և քաղաքականություն։
Հետևություններ
Հրադադարի համաձայնագրի ստորագրումից անցել է շուրջ 16 տարի, ԼՂՀ –ում առայսօր պահպանվում է status quo-ն, և որոշ տեսանկյունից այդ փաստն ինքնին կարելի է համարել որոշակի ձեռքբերում։ Միևնույն ժամանակ, ներկայիս փուլը պարունակում է որոշակի ռիսկեր, որոնցից նշենք.
- ԱՄՆ հարաբերական նահանջը տարածաշրջանից և այդ իսկ պատճառով ընդհանուր քաղաքական «կարգավորվածության» ընդհանուր մակարդակի նվազումը,
- Թուրքիայում ազգայնամոլական գաղափարախոսական միջավայրի ձևավորումը և այդ երկրի կողմից քաղաքական «ինքնավարության» ձեռքբերումը, ինչը մասնավորապես արտահայտվում է Հարավային Կովկասի նկատմամբ հավակնությունների արտահայտումով,
- Ադրբեջանում ագրեսիվ հակահայկական գաղափարախոսական դաշտի կայացումը և Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության զարգացումը։
Դրական գործոնների շարքում կարելի է առանձնացնել հետևյալ կետերը.
- ԼՂՀ՝ որպես պետության, կայացումը և, մասնավորապես, այդ իրողության ամրապնդումը միջազգային հանրության գիտակցությունում,
- հայկական քաղաքական ընտրանու կողմից դիվանագիտական փորձառության ձեռքբերումը,
- Ռուսաստանի աշխարհաքաղաքական վերականգնումը և այդ տերության քաղաքական ղեկավարության ձգտումը՝ լինել տարածաշրջանի գլխավոր «կարգավորիչը» (առանց Թուրքիայի),
- Թուրքիայի և ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաև որոշ եվրոպական երկրների (հատկապես՝ Գերմանիայի) միջև ռազմաքաղաքական ու աշխարհայացքային հակասությունների առաջացումը և արևմտյան հանրությունում թուրքական գործոնի վերաբերյալ բացասական պատկերացումների ձևավորումը։
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի՝ մեր պատկերացումներին համաձայն լուծումը գլխավորապես կախված է համահայկական հանրության պատրաստվածության մակարդակից։ Պետք է հաշվի առնել, որ քաղաքական իրադրությունը տարածաշրջանում որոշակի փուլում կարող է որակապես փոխվել։ Այսպես կոչված «ինքնակազմակերպվող կրիտիկականության բնութագրիչների» վերաբերյալ քաղաքագիտական պատկերացումների4 համաձայն, ռազմաքաղաքական համակարգն էվոլյուցիոն եղանակով կարող է զարգանալ մինչև որոշակի «կրիտիկական վիճակի», որում արդեն աննշան իրադարձությունները կարող են հարուցել բուռն շղթայական ռեակցիա, որի արդյունքում որակապես փոխվում է ողջ համակարգը։ Նախկինում նման կրիտիկական իրավիճակ ստեղծվեց ԽՍՀՄ և երկբևեռ աշխարհակարգի փլուզման արդյունքում։ Ներկայումս ընթանում է բազմաբևեռ համակարգի ձևավորման բավական հիվանդոտ գործընթաց, որի ընթացքում նույնպես հնարավոր է հասնել որոշակի «կրիտիկական վիճակի», որից հետո զարգացումները կընդունեն բուռն կամ, այլ խոսքերով՝ ոչգծային բնույթ։ Նման իրավիճակին պատրաստ լինելու համար ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է լուծեն բազմաթիվ հրատապ խնդիրներ, որոնցից նշենք.
- Համահայկական զարգացման իրատեսական ռազմավարության մշակումը և իրականացումը, քանի որ հանրության ընդհանրական զարգացման մակարդակն է, որ որոշիչ է լինելու ապագայի հնարավոր հակամարտություններում,
- Հայաստանյան (պետական) և մեր ազգային շահերին ուղղված բաղադրիչի ձևավորումը ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների կողմից իրագործվող լոբբինգում, այդ ոլորտում գործունեության ծավալումը Եվրոպայում և Ռուսաստանում։
Վերոնշյալ ռազմավարական ծրագրերին զուգահեռ՝ անհրաժեշտ է իրագործել, մասնավորապես, հետևյալ մարտավարական գործողությունները.
- Ապահովել ԼՂՀ-ի շուրջ բանակցային գործընթացի շարունակականությունը (իրագործել Թալեյրանի սկզբունքը՝ «միշտ պետք է բանակցել, բանակցել և բանակցել...»):
- Միջազգային քաղաքական հանրությունում տարանջատել ՀՀ-Իրան կենսական նշանակություն ունեցող և առայժմ այլընտրանք չունեցող հարաբերությունները գլոբալ հարթությունում ներկայում տեղ գտած հակաիրանական միտումներից։
1Տե՛ս Ա.Սիմավորյանի «Գաղափարախոսական հոսանքները Թուրքիայի արտաքին քաղաքականության համատեքստում» հոդվածն ամսագրի այս համարում, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4956։
2«Խաղաղության նավատորմի» հետ կապված թուրք-իսրայելական հայտնի միջադեպը որոշ վերլուծաբաններ մեկնաբանում են «կոնսպիրոլոգիական» տեսանկյունից, պնդելով, որ այն երկու երկրների ղեկավարությունների կողմից մշակված գործողություն էր՝ ուղղված Թուրքիային իսլամական աշխարհի առաջատարի հաստատմանը։ Սակայն դա մակերեսային մոտեցում է (որոշ լրատվամիջոցներում հաճախ կարելի է հանդիպել «ամեն ինչ պայմանավորված է» պնդումներին)։ Իսրայել-Թուրքիա հակասությունները վաղեմի և օբյեկտիվ, կարելի է ասել՝ աշխարհայացքային բնույթ են կրում։
3Այս առիթով նկատենք, որ առայժմ տպավորությունն այնպիսին է, որ եթե պաշտոնական Թեհրանն այդ համագործակցությունը դիտարկում է որպես մարտավարական դրվագ, ապա Անկարան, ելնելով վերը նշված ծավալապաշտական գաղափարախոսական դրույթներից, դա ընկալում է որպես հեռահար նպատակներ հետապնդող ռազմավարություն։
4Նկատենք, որ ներկայացված հայեցակարգը, որն իր դատողություններում կիրառում է ԼՂՀ խնդրին քաջատեղյակ ամերիկյան դիվանագետ Սթիվեն Մաննը (Steven R. Mann. The Reaction to Chaos // Complexity, Global Politics, and National Security. Edited by David S. Alberts and Thomas J. Czerwinski. National Defense University Washington, D.C. 1998), փոխառված է բնական գիտություններից, մասնավորապես Նոբելյան մրցանակակիր Ն.Ն. Սեմյոնովի ճյուղավորված շղթայական ռեակցիաների տեսությունից։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]