ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԵՐԿՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ՝ ԲԱՆԱԿ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գիտություն եւ ազգային անվտանգություն
Հայտնի է, որ այսպես կոչված ռազմավարական հետախուզության թիվ մեկ խնդիրն է գնահատել պայմանական հակառակորդի գիտատեխնիկական ռեսուրսները, որի ներքո առաջին հերթին պետք է հասկանալ գիտելիք եւ տեխնոլոգիաներ կրող մարդկանց։ Համարվում է, որ մնացած ոլորտները (բանակ, արդյունաբերություն, ֆինանսական համակարգ եւ այլն) գիտատեխնիկական ներուժի ածանցյալն են։ Հատկանշական է, որ ազգային անվտանգության վերաբերյալ նախկին ստատիկ պատկերացումներն այսօր փոխարինվել են դինամիկ հասկացություններով։ Ըստ արդի հայեցակարգերի՝ ազգային անվտանգությունը գլխավորապես պայմանավորված է տվյալ հանրության դինամիկ զարգանալու ունակությամբ։ Դա բնական է։ Շնորհիվ բարձր տեխնոլոգիաների (այդ թվում եւ տեղեկատվական) զարգացման՝ ամեն ինչ շատ արագ է փոփոխվում, ժամանակը «սեղմվել է», եւ դա, համաձայն ամերիկյան հետազոտող Թոֆլերի դասական աշխատությունների, սուբյեկտիվ զգացում չէ։
Իր հերթին՝ զարգացումը կարող են ապահովել միմիայն մարդիկ, մարդկային այն ռեսուրսը, որ ունի տվյալ հանրությունը։ Հասկանալի է՝ առաջին հերթին ռեսուրսի այն հատվածը, որ մտավոր գիտելիք ու հոգեւոր արժեքներ կրող է։ Հետեւաբար՝ գիտնականները, գիտական հանրությունը խիստ կարեւոր են ցանկացած հասարակության համար՝ առավել եւս նրա անվտանգությունը ապահովելու առումով։ Անհնար է պատկերացնել անվտանգ պետություն՝ առանց գիտական հանրության առկայության։ Այդ հանրության առկայությունը եւ նրա նշանակությունը միանգամայն համեմատելի են բանակի հետ։ Ըստ իս՝ պետության ինստիտուցիոնալ կարեւոր կառույցները պետք է լինեն ռազմական եւ գիտական համակարգերը, ու եթե առաջինը Հայաստանում կայացել է, ապա երկրորդի առնչությամբ ունենք բազում խնդիրներ։

Ներկան այդ համատեքստում
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը Երկրորդից ստացել է գիտական հսկայական ժառանգություն։ Չմանրամասնելով գիտատեխնիկական ձեռքբերումները՝ ընդամենը նշեմ, որ Երկրորդ հանրապետության վերջին տարիներին Հայաստանի գիտական համակարգը ստանում էր մոտ 600 մլն ռուբլի ֆինանսավորում։ Ամենահամեստ հաշվարկներով՝ այսօր դա կազմում է 800-900 մլն դոլլար։ Հասկանալի է նաեւ, որ Երրորդ հանրապետությունը ի վիճակի չէ նման կարգի ֆինանսական ներդրումներ ապահովել, երբ ունենք ընդամենը 3 մլրդ դոլլարի կարգի բյուջե։ Միաժամանակ՝ այն, ինչ այսօր այս ոլորտում արվում է, խիստ անբավարար է։ Վերջին 15-20 տարիներին շարունակ խոսվում է, որ գիտությունը պետք է լինի մեր առաջատար ուղղությունը, որ առանց գիտության չկա պետություն։ Եվ այդ ֆոնին թե՛ գիտությանը տրվող ֆինանսավորման, թե՛, գլխավորը, գիտության ոլորտի աշխատանքների կազմակերպման առումով առայսօր իրական առաջընթաց չենք արձանագրել։
Կադրերի ծերացման խնդիրը
Այսօր մենք դժգոհում ենք տարեց ակադեմիկոսներից, տնօրեններից եւ լաբորատորիաների վարիչներից, բայց նրանք, ցավոք, հիմնարար գիտելիքի առայժմ միակ կրողն են։ Այսօր չեն ստեղծվում, կարելի է ասել՝ անհրաժեշտ թվով չեն «արտադրվում» երիտասարդ գիտնականներ, քանի որ գիտակրթական համակարգը գրեթե չի գործում։ Այդ համատեքստում մենք շատ ժամանակ չունենք, եւս մի քանի տարի, եւ այսօրվա ճանաչված գիտնականների մի մասն այլեւս չի լինի, ուրեմն՝ շտապենք նրանցից վերցնել այն, ինչ կարող են տալ փորձի, իմացության առումով։ Ոչ թե փորձենք զուտ մեխանիկորեն գիտությունը երիտասարդացնել։ Գիտության երիտասարդացումը իրականության հրամայական պահանջ է, բայց դա պետք է իրագործվի միմիայն բնական զարգացման ճանապարհով։
Չեն ստեղծվել պայմաններ, որպեսզի երիտասարդները գան գիտություն։ Երիտասարդությունը հեռացել ու հեռանում է գիտությունից, եւ այլ կերպ լինել չէր կարող, քանի որ 30-40 հազար դրամ աշխատավարձով, որը զիջում է անգամ ամենացածր վճարվող տեխնիկական աշխատողների աշխատավարձին, սոցիալական ցածր կարգավիճակով եւ, գլխավորը, առանց ազգային ռազմավարական ուղենիշների՝ գիտության մեջ ինչ-որ բան անել շատ բարդ է, եթե ոչ անհնար։
Մինչդեռ այդ իրավիճակը փոխելու փոխարեն աստիճանաբար գերակշռող է դառնում այն մտայնությունը, թե պետք է Ակադեմիան «փոխել կամ վերացնել», որովհետեւ այն Ակադեմիան, որ կա այսօր, ի վիճակի չէ գիտության մեջ ինչ-որ լուրջ բան անել, կազմակերպել։ Իրոք, Ակադեմիայում կան բազմաթիվ խնդիրներ ու լուրջ թերություններ, բայց, միաժամանակ, Երրորդ հանրապետության եւ ընդհանուր առմամբ՝ հեղափոխությունների փորձը ցույց է տալիս, որ եթե չունենք հստակ պատկերացումներ, թե ինչ ենք ուզում, պետք չէ հինը քանդել։ Դա յուրօրինակ «նեոբոլշեւիզմ» է։ ժամանակին բոլշեւիկներն ասում էին՝ հինը քանդենք, նորը ստեղծենք, եւ շատ բան հիմնահատակ ոչնչացրին (չնայած արդարությունը պահանջում է նշել, որ կոնկրետ գիտության նկատմամբ բոլշեւիկները բավական ռացիոնալ մոտեցումներ ցուցաբերեցին, եւ այդ առումով նրանց արդի հետնորդները փորձում են այդ «բացը» լրացնել)։ Հիմա էլ հինը քանդելու նմանատիպ ձգտում է ձեւավորվել։ Իսկ թե որն է այդ նորը, քանդված կամ քանդվելիք հնի տեղը ինչով է լցվելու՝ հստակ տեսակետներ չեն առաջադրվում։
Չկա հստակ հայեցակարգ, թե կոնկրետ ինչն ենք ուզում փոխել, ինչը՝ բարելավել եւ փոխարենը ինչ ստանալ։ Մեզանում մեկ այլ միտում էլ կա, որ այնքան էլ կառուցողական չէ։ Երբեմն գիտության առջեւ շատ մեծ պահանջներ են դրվում։ Ես կարծում եմ, որ առաջնայինը «սեւ» աշխատանքն է։ Այսինքն՝ պետք է նախ ներարկումներ անել, ինչ-որ չափով «կազդուրել» այս ոլորտը եւ հետո նոր ինչ-որ բան պահանջել։ Առայսօր ոլորտը ծանր վիճակում է, եւ ցածր աշխատավարձերը հարցի մի կողմն են ընդամենը։ Այսօր չկան գիտության զարգացման տարրական պայմաններ՝ սկսած սարքավորումներից, ենթակառուցվածքներից եւ այլն։
Հումանիտար ոլորտում իրավիճակը փոքր-ինչ այլ է։ ժամանակին բնագիտությանը տրվում էր լուրջ ֆինանսավորում, մինչդեռ հումանիտար գիտությանը հատկացումները անհամեմատ քիչ էին, բացի այդ՝ գործում էին գաղափարախոսական կարծրատիպերը։ Որպես հետեւանք՝ մեր հումանիտար գիտությունը այն աստիճանի չէր զարգացել (թեեւ կային աշխարհահռչակ գիտնականներ ու շատ լուրջ հետազոտություններ), ինչպես բնագիտությունը։ Միաժամանակ՝ հումանիտար ոլորտում, որտեղ աշխատավարձերից զատ, այնքան էլ մեծ ներդրումներ չեն պահանջվում, որքան բնագիտության մեջ, այսօր նույնպես որոշակի լճացում է նկատվում։ Օրինակ՝ որոշ պատմաբանների պատկերացումները երբեմն նույն խորհրդային տարիների «սեւ ու սպիտակ» հասկացությունների մակարդակի են։ Նրանք այսօր միանշանակ վատ են արտահայտվում կոմունիստական վարչակարգի վերաբերյալ եւ շատ հիացական են վերաբերվում նոր համակարգին։ Գրեթե նույն մտածելակերպն է, ինչ նախկինում։ Այնժամ խիստ քննադատում էին բուրժուական հասարակարգը, հիմա ամեն ինչ կրկնվում է, միայն գլխիվայր։ Բնական է, որ նման մոտեցմամբ ոլորտում լուրջ զարգացումներ ունենալ չենք կարող։
«Ազգային շահ» արտադրողները
Համաշխարհային պրակտիկայում որեւէ ոլորտ զարգացնելու համար երբեմն կիրառում են այսպես կոչված «լոկոմոտիվների» ստեղծումը։ Օրինակ՝ տնտեսությունը զարգացնելու համար ընտրում են հիմնական-լոկոմոտիվ ճյուղը (կամ ճյուղերը), որն իր ետեւից «քաշելով»՝ կտանի ամբողջ տնտեսությունը։

Հումանիտար գիտությունների ոլորտում մեզանում առկա իրավիճակում գուցե ուսանելի է ԱՄՆ-ի փորձը, որտեղ ժամանակին ստեղծվեց այսպես կոչված «ուղեղային կենտրոնների»՝ «թինկ-թանկերի» համակարգը։ Բավական է նշել, որ այսօր այդ երկրում գործում է մոտ 1400 ուղեղային կենտրոն։ Իսկ «թինկ-թանկերի» իմաստներից մեկը հետեւյալն է. դրանք զբաղեցնում են միջանկյալ դիրք հիմնարար գիտության եւ պետություն միջեւ, որը որոշակի կիրառական խնդիրների լուծման կարիքն ունի։ Այդ կենտրոնները հիմնարար գիտության արդյունքները «վերածում են» կիրառականի եւ տալիս իշխանություններին։ Վերջիններս էլ, լավ հասկանալով, որ այդ «թինկ-թանկերի» արտադրանքը անմիջապես կապված է համալսարանական, ակադեմիական համակարգում կատարված աշխատանքների հետ, դա ընդունում են որպես մեկ ամբողջություն եւ դրական են վերաբերվում ընդհանրապես հումանիտար ոլորտին։ Բնորոշ է, որ ըստ ամերիկացիների՝ «թինկ-թանկերը» գործարաններ են, որոնք արտադրում են «ազգային շահ»։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ «գործարանները» Նահանգների համար լոկոմոտիվ դարձան մասնավորապես հումանիտար գիտությունը զարգացնելու առումով։
Բնագիտության մեջ խնդիրը քիչ այլ է։ Այնտեղ, որպես կանոն, հիմնարար գիտության արտադրանքը կիրառական դարձնելով զբաղվում են նորարարական (ինովացիոն) ֆիրմաները։ Օրինակ՝ ԱՄՆ-ում թերեւս ամենամեծ նորարարական կազմակերպություններից է համարվում DARPA–ն, որը Պենտագոնի հետազոտական կենտրոնն է եւ օգտագործում է Միացյալ Նահանգների գիտական, բնագիտական ողջ ներուժը։ Վերջինիս ենք պարտական այնպիսի հասկացության համար, ինչպես օրինակ՝ Ինտերնետը։
ԽՍՀՄ-ում այս ոլորտում իրավիճակն այլ էր։ Կար ակադեմիական գիտություն, որը գրեթե բոլոր բնագավառներում նվազագույնը երկրորդն էր աշխարհում։ Ի դեպ՝ դա վկայում է, որ ԽՍՀՄ-ում ակադեմիական համակարգը արդյունավետ է աշխատել։ Հիմնարար արդյունքները կիրառականի վերածվում էին մեկ այլ՝ գերատեսչական ինստիտուտների համակարգի միջոցով։ Դրանք վերցնում էին ակադեմիական գիտության արդյունքները, վերածում տեխնոլոգիաների եւ տրամադրում նախարարություններին, ռազմարդյունաբերական համալիրին, տնտեսությանը։ Միաժամանակ՝ ԽՍՀՄ-ում ներդրումային քաղաքականությունը զգալի զիջում էր արեւմտյանին, եւ հիմնարար գիտության արդյունքները դանդաղ էին վերածվում տեխնոլոգիաների եւ մտնում արտադրություն։ Այդ առումով նախկին համակարգն օպտիմալ չէր։ Եթե կային հետազոտություններ, որոնք անմիջապես վերաբերում էին ռազմարդյունաբերական համալիրին, ապա դրանք արագ էին տեխնոլոգիա դառնում։ Մնացածը, ոչ ռազմական մասը, դանդաղեցված գործընթաց էր։
Նկատենք, որ նորարարական ընկերությունները, ինչպեսեւ «թինկ-թանկերը», տարբերվում են ակադեմիական հաստատություններից։ Կարեւոր է հաշվի առնել, որ նորարարության ոլորտի մասնագետները փոքր-ինչ այլ բնույթի մարդիկ են՝ զուտ հիմնարար գիտությամբ զբաղվողների համեմատ։ Նրանք ավելի ակտիվ եւ ագրեսիվ են, ունեն կազմակերպչական որոշակի հմտություններ, ինչը միշտ չէ, որ պետք է պահանջել հիմնարար գիտությամբ զբաղվողներից։ Միաժամանակ՝ այդ նորարարները ձեւավորվում են հիմնարար գիտությունում։ Այսինքն՝ պետք է նախ հիմնարար գիտությունը գործի, անի իր գործը, եւ այդտեղից պետք է դուրս գան հետազոտողներ, ովքեր կարող են զբաղվել նորարարական գործունեությամբ։ Նրանք չեն կարող ստեղծվել այլ միջավայրում եւ տեղափոխվել նորարարության ոլորտ, որովհետեւ գիտության կազմակերպման մեթոդները սկզբունքորեն տարբերվում են այլ ոլորտների կազմակերպման եղանակից։ Արտադրության կամ ֆինանսական ոլորտի լավ մենեջերը չի կարող լավ մենեջեր լինել նորարարական կառույցում, առավել եւս հիմնարար գիտության մեջ։ Գիտական գործընթացի կազմակերպիչը պետք է իր ոլորտում լինի առաջատար, մեզ մոտ նման ղեկավարներ էին Ա.Ալիխանյանը, Ա.Իոսիֆյանը, Ս.Մերգելյանը, իսկ Արեւմուտքում դրա փայլուն օրինակն է Բիլլ Գեյթսը։
Այսինքն այստեղ պետք է դարձյալ երկակի աշխատանք կատարվի։ Առաջին հերթին պետք է ստեղծվեն այն նորարարական եւ «թինկ-թանկային» կառուցվածքները, որոնք կփորձեն իրենց եւտեւից «քաշել» գիտությունը։ Դա հիմնարար գիտությանը կհրահրի կատարել այնպիսի հետազոտություններ, որոնք հետաքրքիր են նորարարական կամ նույն «թինկ֊-թանկերի» տեսակետից՝ հումանիտար ոլորտում։
Ազգային գիտությունը
Դա այն գիտությունն է, որը ծառայում է ազգային շահերին։ Այն կարող է լինել եւ՛ հայագիտություն, եւ՛ աստղագիտություն։ Չպետք Է կասկածել, որ աստղագիտությունը կարող Է ծառայել մեր ազգային շահերին։ Նյութական առումով միայն Բյուրականի աստղադիտարանի բրենդը կարող Է այնպիսի օգուտներ տալ մեր երկրին, ինչպիսին չի կարող տալ առեւտրային ցանկացած կառույց։ Ձարգացած գիտակրթական կենտրոնների առկայությունն էապես բարձրացնում Է տվյալ երկրի դիրքը միջազգային վարկանիշային համակարգում՝ այստեղից բխող միանգամայն շոշափելի դրական հետեւանքներով։
Նման մոտեցմամբ են առաջնորդվում բոլոր երկրները. զարգացնելով գիտությունը՝ նրանք ելնում են իրենց ազգային շահերից։ Մինչդեռ մեզանում, եւ հատկապես հումանիտար ոլորտում, բավական շատ են հետազոտությունները, որոնք չեն բխում Հայաստանի շահերից։ Դրա համար անհրաժեշտ Է նման թեմաների փորձագիտական դիտարկում կատարել։ Որովհետեւ եթե անգամ եղած միջոցներն ավելի նպատակային ծախսվեն, ապա կարող ենք բավական լուրջ արդյունքներ ունենալ եւ ցույց տալ, որ գիտությունն ու գիտնականները պետք են պետությանը։
Հարկ Է նշել, որ նման մոտեցումը մտածված ձեւով իրականացնում Է Սփյուռքի նախարարությունը։ Վերջինս հետազոտությունների պատվերներ Է տալիս նույն ակադեմիական ինստիտուտներին ու «թինկ-թանկերին»։ Սրանք Էլ սկսում են աշխատել պետության համար։ Ի վերջո՝ նախարարությունը պետությունն Է։ Նախարարությունը թեմաների ընտրության ժամանակ առաջնորդվում Է որոշակի հայեցակարգային նկատառումներով՝ դրանով իսկ ապացուցելով, որ որոշակի կազմակերպվածություն Է դրսեւորում այս խնդրում։ Նման օրինակներ կան նաեւ Գիտության պետական կոմիտեի եւ Պաշտպանության նախարարության գործողություններում։ Սակայն այդ ամենը առայժմ պետական ռազմավարության տեսք չի ստացել։ Դրա համար պետք Է հստակեցվեն պատկերացումները, թե մեզ ինչ Է պետք։ Պետք Է փորձենք մեր ունեցած քիչ ռեսուրսները ծախսել խիստ նպատակային։
Ինչ է արվում այդ ուղղությամբ
Օրինակ՝ ստեղծվել են «թինկ-թանկեր», որոնց պարտականությունն Է սպասարկել պետական շահերը, եւ դրանցից մեկը «Նորավանք» հիմնադրամն Է։ Նկատեմ, որ կառույց ստեղծելն արդեն բավական լուրջ գործ Է։ Կառույցը կարող Է հետագայում ինքնազարգացման ձեւով իրեն դրսեւորել։ Իհարկե՝ դրա համար պետք Է միջոցներ տրամադրել, որ մեր պարագայում հեռու են բավարար լինելուց։ Միաժամանակ՝ անգամ ոչ մեծ լրացուցիչ միջոցների ներարկումը թույլ կտա ավելի արդյունավետ գործել։ Մենք, օրինակ, փորձում ենք «Նորավանքի» ներկայացուցչություններ, մասնաճյուղեր ստեղծել տարբեր, հատկապես՝ հայկական մեծ համայնք ունեցող երկրներում։ Նկատեմ, որ ադրբեջանցիները Մոսկվայում հրատարակում են իրենց վերլուծական ամսագիրը, իսկ թուրքերը վերջերս Վաշինգտոնում բացեցին իրենց Քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների կենտրոնը։ Այդ ուղղությամբ մասնավոր խողովակներով որոշակի աշխատանք ենք տանում, եւ Մոսկվայում ու Վաշինգտոնում ներկայացուցչություններ ունենալու լուրջ հնարավորություններ են ստեղծվել։ Հուսով ենք, որ այս խնդիրը դրական արձագանք կստանա։
Ինչ վերաբերում Է բնական գիտություններին, ստեղծվել Է Գիտության պետական կոմիտե, որտեղ հավաքվել են առավելապես բնագետներ։ Կոմիտեի նախագահն Էլ անվանի ֆիզիկոս Է։ Վերջերս մեր հիմնադրամում ԳՊԿ Գիտական քաղաքականության վարչության պետ Վարդան Սահակյանը ներկայացրեց «Բնագիտության վիճակը Հայաստանում եւ տարածաշրջանի մյուս երկրներում» խիստ հետաքրքիր վերլուծական զեկույցը։ Կարծես թե բնագիտության տեսանկյունից այսօր կոմիտեն ինչ-որ առումով «թինկ-թանկ» Է ներկայացնում, ուղեղային կենտրոն, որովհետեւ այդտեղ հավաքված են հայտնի մասնագետներ եւ մշակում են այն ռազմավարությունը, որը գիտությունը դուրս կբերի այս իրավիճակից։ Ըստ ԳՊԿ տվյալների այսօր գիտական հոդվածների թվով մենք զգալի գերազանցում ենք Ադրբեջանին ու Վրաստանին, բայց օրինակ՝ Թուրքիան 1 մլն մարդու հաշվով ունեցած գիտական արդյունքով, ի դեմս հոդվածների, արդեն սկսել Է կրկնակի գերազանցել Հայաստանին։
Տեղեկատվական անվտանգություն
Տեղեկատվական անվտանգությունը հնարավոր Է միայն այն պայմաններում, եթե հանրությունն ունի համապատասխան ինտելեկտուալ ռեսուրսներ։ Այսօր շատ Է խոսվում, որ գրեթե բոլոր ոլորտներում կադրերի պակաս ունենք։ Գիտակրթական համակարգը կառույց Է, որն առաջին հերթին ստեղծում Է պատրաստված մարդկանց։ Այդ մարդիկ, եթե անգամ չեն զբաղվում զուտ գիտական գործունեությամբ, միեւնույն Է՝ սկսում են կազմել տվյալ հանրության Էլիտայի միջուկը։ Առաջին հերթին պետք են մարդիկ, ովքեր լավ հասկանում են ներկա իրողությունները եւ կարող են համապատասխան գործել։ Իսկ այդ հմտությունները տալիս է միայն գիտական պատրաստվածությունը։
Մենք չենք կարող չզարգացնել կրթությունը, գիտությունը եւ սպասել, որ ունենանք բարձրորակ կադրեր։ Վերջերս լրջորեն քննարկվում էր եթեր հեռարձակվող ցածրորակ հաղորդումների հարցը։ Որոշների համար կարծես թե արգելքներ դրվեցին, ինչն անշուշտ լավ է։ Բայց, մյուս կողմից, պետք է ձեւավորել այն օջախները, որտեղից դուրս կգան ավելի բարձրորակ նյութեր «արտադրող» կադրեր։ Միայն խնդիրն արգելակելով հարց չի լուծվում, պետք է ստեղծես այն մարդկանց, ովքեր պարզապես չեն կարողանա ցածրորակ արտադրանք տալ։
Կրթություն
Մեր կրթության համակարգը սկզբունքային բազմաթիվ թերություններ ունի։ Գիտական համակարգի անմխիթար վիճակի պատճառով բուհը չի համալրվում որակյալ դասախոսներով։ Վատ վիճակում են մեր դասագրքերը՝ թե՛ դպրոցական, թե՛ բուհական։ Շատ են գրում այն մասին, որ այդ համակարգում մեծ են կոռուպցիոն ռիսկերը։ Նախկինում էլ կոռուպցիոն դրսեւորումներ կային, բայց այդ ռիսկերը անհամեմատ փոքր էին, իսկ այսօր դա լայնատարած բնույթ է կրում։ Մեր ժողովուրդը պրպտող, հետազոտող միտք ունի, մենք ընդունակ ու տաղանդավոր մարդկային ռեսուրս ունենք։ Շատ ափսոս է, որ այդ «նյութը» ունենալով՝ չենք կարողանում այն ուղղորդել ինչպես հարկն է։ Դրա համար պետք է լինեն ծրագրեր, ուղենիշներ, պատվերներ։ Դրանց կիրառումով թերեւս հնարավոր կլինի որոշ չափով աշխուժացնել այս իրավիճակը։
Ինչ անել
Բոլոր պայմաններում պետք է, չնայած ծանր ֆինանսական իրողությանը, ձգտել գոնե կրկնակի ավելացնել գիտությանը հատկացվող գումարները, որպեսզի վերջնականապես չկործանվի նախկինում ստեղծված համակարգը, եւ պահպանվի եղածը։ 1980-ականներրն ունեինք շուրջ 10 հազար գիտաշխատող, այսօր այդ թիվը գրեթե կրկնակի կրճատվել է։ Եվ դա ոչ միայն այն մարդկանց հաշվին, ովքեր դուրս են եկել համակարգից, հեռացել են Հայաստանից, այլեւ նրանց, ովքեր արդեն չկան։ Պետք է պահել եղածը, մտածել առաջ գնալու մասին՝ հասկանալով, որ գիտությունը մեկ օրում չի ստեղծվում, դա երկարատեւ աշխատանք է, եւ այս ընթացքում մենք կորցրել ենք գիտական բազմաթիվ դպրոցներ, որոնք ստեղծվել էին տասնամյակների ընթացքում։
Գիտության ֆինանսավորումը պետք է բերվի այն մակարդակին, որ գիտնականի աշխատավարձը գոնե հանրապետության միջին ցուցանիշին հավասարվի։ Գիտության նկատմամբ պետք է ցուցաբերվի նույն հոգատարությունը, ինչ բանակի։ Դա էլ մեր երկրորդ, մտավոր բանակն է, առանց որի հնարավոր չէ մրցունակություն, առաջընթաց եւ տնտեսության զարգացում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]