
ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅ ԼՈԲԲԻՆԳԸ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ
Թուրքական լոբբիստական գործունեությունը
Ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության լոբբիստական խմբերի վերաբերյալ 2008թ. տարեկան հաշվետվության, 2008թ. Թուրքիան դասվել է ԱՄՆ Կոնգրեսում իրենց շահերն առավել հաճախակի լոբբինգի ենթարկած երկրների շարքում (2268 անգամ)։ Զեկույցի տվյալներով` Թուրքիան այլ երկրների ցանկում զբաղեցրել է 4-րդ դիրքը՝ ըստ լոբբիստական գործունեությանը հատկացրած ծախսերի հաշվարկի՝ $4,2 մլն, և զիջել է միայն Միացյալ Արաբական Էմիրություններին ($11 մլն), Մեծ Բրիտանիային ($6 մլն) և Ճապոնիային ($4,23 մլն)։ Թուրքական շահերը պաշտպանող լոբբիստներն առավել ակտիվ գործունեություն են ծավալել 2007թ. տարեվերջին, երբ Կոնգրեսում քննարկման էր դրվել Օսմանյան կայսրության կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։ Այդ ժամանակ մեկ ամսվա ընթացքում թուրքանպաստ լոբբիստները 673 հանդիպում անցկացրին կոնգրեսականների ու հրեական լոբբինգի ներկայացուցիչների հետ։ ԱՄՆ թուրքական լոբբիստական խմբերն իրենց գործունեությունը ծավալում են գլխավորապես երկու հիմնական ուղղություններով.
- Հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններ, որը ենթադրում է հակազդել ԱՄՆ Կոնգրեսում և գործադիր իշխանությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի շուրջ ցանկացած քննարկման, բանաձևի կամ որոշման առաջմղման գործընթացին, խոչընդոտել ԱՄՆ-ՀՀ, ԱՄՆ-ԼՂՀ համագործակցության խորացմանն ու ՀՀ-ին և ԼՂՀ-ին ցուցաբերվող ԱՄՆ ֆինանսական աջակցման հարցերին, հակազդել ու սահմանափակել ԱՄՆ հայկական լոբբինգն ու նրա ազդեցությունը ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ուղղությամբ։
- ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններ, որը ենթադրում է ամրապնդել ԱՄՆ-Թուրքիա ռազմաքաղաքական, ռազմավարական համագործակցությունը, ապահովել Միացյալ Նահանգներից Թուրքիային տրամադրվող ռազմատեխնիկական, տնտեսական և այլ տեսակի աջակցությունը։
Միացյալ Նահանգներում թուրքական շահերի առաջմղման հարցում զգալի է նախևառաջ Թուրքիայի և ԱՄՆ թուրքերի հարցերով կոնգրեսական հանձնախմբի դերակատարությունը («Congressional Caucus on Turkey and Turkish Americans»)։ Կոնգրեսական հանձախումբը ստեղծվել է կոնգրեսականներ Ռոբերտ Վեքսլերի (դեմոկրատ, Ֆլորիդա), Էդ Ուայթֆիլդի (հանր., Քենթուքի) և Քեյ Գրենգերի (հանր., Տեխաս) կողմից 2001թ. մարտին։ Հանձնախումբը երկկուսակցական համակարգով գործող օրենսդրական կառույց է, որը ներգրավված է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների և Միացյալ Նահանգների թուրքական համայնքի ու Թուրքիայի շահերի պաշտպանության խնդիրներում։ 2010թ. մարտի 2-ի դրությամբ Թուրքիայի հանձնախմբի անդամների թիվը 104 էր. ըստ նրանց նահանգային պատկանելության՝ թվաքանակով առաջին հերթին առանձնանում են Տեխասի կոնգրեսականները՝ 13 անդամ, որոնց հաջորդում են Հյուսիսային Կարոլինայի ու Փենսիլվանիայի կոնգրեսականները՝ համապատասխանաբար 9 և 6 անդամ։
Ի դեպ, Թուրքիայի հարցերով հանձնախմբում կան անդամներ, որոնք նաև հայկական կոնգրեսական հանձախմբի անդամներ են։ Կոնգրեսականների ներկայացվածությունը միաժամանակ երկու և ավելի լոբբիստական խմբերում պայմանավորված է երկու գլխավոր հանգամանքով. նախ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները, որոնց ընդհանուր թվաքանակը կազմում է 435, եթե ներառված լինեին ընդամենը մի քանի կոնգրեսական հանձնախմբերում, ապա պալատի որոշումները կլինեին այդ խմբերի խիստ վերահսկողության ներքո։ Եվ երկրորդ՝ կոնգրեսականները, ներկայացված լինելով տարբեր կոնգրեսական հանձնախմբերում, իսկ ավելի հաճախ` այն խմբերում, որոնք միմյանց հետ կապված են լոբբիստական գործունեության նպատակներով (հայկական և թուրքական, հունական և թուրքական հանձնախմբեր), կարողանում են ԱՄՆ արտաքին կամ ներքին քաղաքականության խնդիրներում լինել առավել տեղեկացված այս կամ այն հարցի շուրջ և ճկուն՝ կոնգրեսական հանձնախմբերի հետ փոխհարաբերություններում։
Բացի թուրքական կոնգրեսական հանձնախմբից, ԱՄՆ գործադիր և օրենսդիր իշխանությունում թուրքական լոբբինգը, պաշտոնական Անկարայի և տեղի թուրքական համայնքի հովանու ներքո, էական աջակցություն է ստանում ամերիկյան այնպիսի հեղինակավոր լոբբիստական կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Neusner Communications, Fleishman-Hillard, Livingston Group, Jones Walker-ը։ Այդ ընկերությունների աշխատանքները կոորդինացնում է ԱՄՆ-Թուրքիա բարեկամության միջխորհրդարանական խմբի համանախագահ, նախկին դեմոկրատ կոնգրեսական, «Խաղաղություն Մերձավոր Արևելքում» վերլուծական կենտրոնի ղեկավար Ռոբերտ Վեքսլերը։
Կոնգրեսում թուրքական շահերի առաջմղման հարցում հակահայ լոբբիստական գործունեությամբ աչքի է ընկնում նախևառաջ Livingston Group ընկերությունը՝ սերտորեն համագործակցելով Թուրքիայի կառավարության ու թուրքական լոբբիստական կազմակերպությունների և անհատների հետ։ Ընկերությունը, որը հիմնադրվել է 1999թ. նախկին կոնգրեսական Ռոբերտ Լիվինգսթոնի կողմից, համագործակցում է այնպիսի կազմակերպությունների, կառավարությունների և քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք են Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանը, Ռոլս Ռոյսը, Թուրքիայի կառավարությունը, Լոքհիդ Մարտինը, Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին։
Livingston Group-ը առանձնահատուկ կապեր է հաստատել Անկարայի հետ՝ վերջինիս շահերը լոբբինգի ենթարկելու համար ԱՄՆ գործադիր ու օրենսդիր իշխանությունում։ 2000թ. ի վեր ընկերությունը ԱՄՆ կառավարությունում հակահայ լոբբիստական գործունեություն ծավալելու նպատակներով (հիմնականում հայերի դեմ իրականացված ցեղասպանության հարցում) Թուրքիայի կառավարությունից ստացել է ավելի քան $13 մլն։ Livingston Group-ը միայն 2006թ. Թուրքիայի հետ ստորագրել է $1,8 մլն արժողությամբ մեկ տարվա պայմանագիր։ Ներկայումս ընկերությունն ակտիվորեն ներգրավված է Օբամայի վարչակազմում, կապեր ունի ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ։ Ակտիվ համագործակցում է Jones Walker ընկերության հետ՝ համաձայն 1999թ. նրանց միջև ձևավորված «ռազմավարական դաշնակցային հարաբերությունների»։
Gephardt Group-ը Թուրքիայի հետ համագործակում է գլխավորապես ԱՄՆ օրենսդիր և գործադիր իշխանությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի խափանման և այդ փաստի մերժման ուղղությամբ։ Ընկերությունը հիմնադրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին կոնգրեսական Ռիչարդ Գեֆարդը, 2007թ.։ Լոբբիստական այս հեղինակավոր ընկերության հետ համագործակցել են այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են «Բոինգ»-ը, «Վիզա»-ն։ Վերջերս ընկերության լոբբիստական ծառայություններից սկսել է օգտվել նաև Վրաստանի կառավարությունը, որը 2010թ. հունվարին տարեկան $440.000 արժողությամբ պայմանագիր ստորագրեց Ռիչարդ Գեֆարդի հետ՝ ԱՄՆ Կոնգրեսում և գործադիր իշխանությունում Վրաստանի շահերի պաշտպանության նպատակով։ Մեկ այլ լոբբիստական կազմակերպություն՝ DLA Piper ընկերությունը, 2007թ. Անկարայից ստացել է շուրջ $1,2 մլն՝ Կոնգրեսում հայերի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քննարկումների կանխման նպատակով։ Թուրքիայի կառավարության հետ համագործակցության զարգացման գործում (2008թ.) զգալի է եղել ընկերության քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ռիչարդ Արմիի դերը։ Նշենք, որ լոբբիստական կազմակերպությունը 2009թ. իր գործունեությունից ստացել է $10.560.000 մլն եկամուտ։
ԱՄՆ թուրքական լոբբինգն ավանդաբար ակտիվացավ նաև ս.թ. մարտի սկզբներին՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին քվեարկության դրված 252-րդ բանաձևի հետ կապված, ինչի արդյունքում մոբիլիզացվեցին թուրքական շահերը պաշտպանող մի շարք խոշոր ամերիկյան ընկերությունների ռեսուրսները։ Բանաձևի քվեարկության նախօրեին ԱՄՆ ավիացիոն և պաշտպանական արդյունաբերության մի շարք կորպորացիաներ նամակով դիմեցին Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին և հանձնաժողովի անդամներին` հորդորելով չընդունել հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը, որը «կարող է վտանգել ամերիկյան արտահանումները Թուրքիա»: Lockheed Martin, Boeing, Raytheon, United Technologies և Northrop Grumman կորպորացիաները համատեղ նամակում նշում են, որ օրինագծի ընդունումը կվատթարացնի ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, ռիսկի կենթարկի ամերիկյան աշխատատեղերը՝ «ՆԱՏՕ նշանակալի դաշնակցին ու առևտրային գործընկերոջն օտարելը բացասական հետևանքներ կունենա ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի և արտահանումն ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու ջանքերի վրա»: Ըստ կորպորացիաների ղեկավարների՝ ամերիկյան ռազմական և ավիացիոն արտադրանքի արտահանումները Թուրքիա 2009թ. կազմել են ավելի քան $7 մլրդ, և ակնկալվում է ծավալների աճ 2010թ.: Որոշ տվյալների համաձայն՝ Aerospace Industries կորպորացիան, որում 270-ից ավելի ընկերություններ են ընդգրկված, առանձին նամակ է հղել` նույնպես մտահոգություն հայտնելով:
ԱՄՆ-ում թուրքական լոբբինգի աջակցման գործում զգալի ավանդ ունի նաև Կոնգրեսի նախկին անդամների ամերիկյան ասոցիացիա կազմակերպության շրջանակներում 2005թ. հիմնադրված Թուրքիայի հարցերով կոնգրեսական հետազոտական խումբը (Congressional Study Group On Turkey)։ Խումբն իրականացնում է ԱՄՆ-ի և Թուրքիայի խորհրդարանականների միջև համագործակցության ծրագիր՝ կանոնավոր կլոր սեղանների ու քննարկումների, ԱՄՆ կամ այլ երկրներում տարեկան սեմինարների կազմակերպում։ Խումբը ներկայումս ակտիվ մասնակցություն ունի Ներկայացուցիչների պալատում, որի աշխատանքներին ներգրավված են հետազոտական խմբի նախագահներ, նախկին կոնգրեսական Ռոբերտ Վեքսլերն ու Էդ Ուայթֆիլդը։ Ի դեպ, վերջինս Թուրքիայի և ԱՄՆ թուրքական համայնքի հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահն է՝ դրանով իսկ ակտիվ դերակատարում ունենալով երկու լոբբիստական կազմակերպությունների միջև համագործակցության ապահովման համատեքստում։ Հետազոտական խումբը գործունեություն է ծավալում Թուրքիայի և ԱՄՆ կառավարությունների, երկու երկրների գործարար, ուղեղային կենտրոնների և լրագրողական, գիտական շրջանակների հետ անձնական և ինստիտուցիոնալ կապերի հաստատման ու ամրապնդման հարցերում։
Ադրբեջանական լոբբինգ
ԱՄՆ-ում ադրբեջանական շահերի առաջմղմանը զգալի աջակցություն է ցուցաբերում առաջին հերթին Ադրբեջանի կառավարությունը։ ԱՄՆ Արդարադատության 2008թ. լոբբիստական գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունում (տվյալները վերաբերում են 2007թ.) նշվում է, որ Chlopak, Leonard Schechter Associates ընկերությունը Ադրբեջանի ԱԳՆ-ից ձեռք է բերել $41,6 հազար՝ ԱՄՆ հասարակայնության հետ կապերի ամրապնդման նպատակներով, իսկ JWI ընկերությունը Ադրբեջանի Միջազգային բանկից ստացել է $167,8 հազար՝ ԶԼՄ-ի հետ կապերի զարգացման համար։ Livingstone Group ընկերությունը երկրի ԱԳՆ-ից ստացել է $325 հազար՝ Կոնգրեսի անդամների հետ քաղաքական խորհրդակցությունների, ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների զարգացման և այլ միջոցառումների կազմակերպման նպատակներով։ ԱՄՆ Արդարադատության նախարարության հաշվետվությունում նշվում է, որ 2008թ. ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը Melwood Communications ընկերությանը փոխանցել է որոշակի գումար (չափը չի նշվում) Ադրբեջանի շահերին համապատասխան մեդիա-ռազմավարություն մշակելու նպատակով։ Իսկ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը Sitrick and Company ընկերությանը տրամադրել է $8,9 հազար՝ Լոս Անջելեսի ԶԼՄ-ի հետ կապերի կազմակերպման համար։
ԱՄՆ գործադիր ու օրենսդիր իշխանությունում ադրբեջանական լոբբիստական աշխատանքների կազմակերպման և ուղղորդման գործում զգալի է նաև պաշտոնական Անկարայի և ԱՄՆ թուրքական լոբբիստական խմբերի աջակցությունը։ Թուրք և ադրբեջանական լոբբիստական խմբերը, սերտ հարաբերություններ հաստատելով միմյանց և ԱՄՆ գործադիր ու օրենսդիր իշխանության այլ պաշտոնյաների և օրենսդիրների հետ, ակտիվ ու հետևողական լոբբիստական քաղաքականություն են իրականացնում Հայության, ՀՀ-ի և Արցախի դեմ։
Ադրբեջանական կոնգրեսական հանձնախումբը
ԱՄՆ «Ադրբեջանի կոնգրեսական հանձնախումբը» (Congressional Azerbaijan Caucus) հիմնադրվել է 2004թ. սկզբներին կոնգրեսականներ Քուրթ Ուելդոնի (հանր., Փենսիլվանիա) և Սոլոմոն Օրթիսի (դեմոկրատ, Տեխաս) կողմից։ Ուելդոնը գլխավորել է մի քանի պատվիրակությունների այցը Ադրբեջան և ակտիվորեն ներգրավվել ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացին։ 2008թ. հուլիսի դրությամբ հանձնախմբի անդամների թվաքանակը, ըստ ԱՄՆ ադրբեջանցիների համացանց լոբբիստական կազմակերպության տվյալների, հաշվվում էր 42 կոնգրեսական։ Հանձնախմբի ներկայիս համանախագահներն են Սոլոմոն Օրթիսը և Բիլ Շուսթերը (Փենսիլվանիա)։ Ադրբեջանական հանձնախումբը կարևոր դերակատարություն է ունեցել Կոնգրեսում Կասպյան ավազանի էներգետիկայի և ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ տնտեսական, անվտանգության, ռազմական ոլորտներում համագործակցության զարգացման, ինչպես նաև ՀՀ-ին, ԼՂՀ-ին ու Հայության շահերին վերաբերող հարցերի հակազդման ուղղությամբ։
Հանձնախումբը վերջին մի քանի տարիների կտրվածքով սկսել է ակտիվ լոբբիստական աշխատանք ծավալել, այսպես կոչված, «Խոջալուի դեպքերի» իրավաքաղաքական շահարկման ուղղությամբ, որն ադրբեջանցիների կողմից ակտիվանում է հատկապես յուրաքանչյուր տարվա փետրվարի 25-26-ին։ Այսպես, 2008թ. փետրվարի 25-ին Ներկայացուցիչների պալատի հերթական նիստի լսումներում ադրբեջանական հանձնախմբի անդամ, հանրապետական Վիրջինիա Ֆոքսը (Հյուսիսային Կարոլինա), որը միաժամանակ թուրքական կոնգրեսական հանձնախմբի անդամ է, իր ելույթում կոչ արեց կոնգրեսականներին «Սոմալիի, Ռուանդայի, Բոսնիայի, Դարֆուրի իրադարձությունների կողքին լուսաբանել 1992թ. փետրվարի 25-26-ին տեղի ունեցած, այսպես կոչված, «Խոջալուի դեպքերը»։ Ֆոքսի՝ իրականությանը չհամապատասխանող բնորոշմամբ, «հայկական զորքերը ռուսական զորքերի աջակցությամբ քանդեցին Խոջալուն՝ դաժանաբար սպանելով 613 բնակչի...»։ Հաջորդ՝ 2009թ. փետրվարի 26-ին նույն «հարցը» Ներկայացուցիչների պալատում բարձրացրեց թուրքական կոնգրեսական հանձնախմբի համանախագահ և ադրբեջանական կոնգրեսական հանձնախմբի անդամ Էդ Ուայթֆիլդը, որն «այդ դեպքերը» որակեց որպես «մեծ ողբերգություն»։
Վերջին շրջանում ԱՄՆ ադրբեջանական լոբբինգը, թուրքական լոբբիստական կազմակերպությունների աջակցությամբ, հետևողական աշխատանքներ է իրականացնում նաև 1992թ. հոկտեմբերի 24-ին ընդունված Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի իրավական ուժի դադարեցման ուղղությամբ, որը փաստորեն Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ տնտեսական ու քաղաքական շրջափակմանը հակազդման քաղաքական ուղեգիծ է հանդիսանում։ Ազատության աջակցման ակտի 9-րդ գլխի 907-րդ՝ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության սահմանափակում բանաձևում (Restriction on Assistance to Azerbaijan) նշվում է. «Այս կամ այլ օրենքով ԱՄՆ աջակցությունը կարող է չապահովվել Ադրբեջանի կառավարությանը մինչև ԱՄՆ նախագահի կողմից որոշում ընդունելը և Կոնգրեսին զեկուցելը, որ Ադրբեջանի կառավարությունը փաստարկված քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կիրառվող բոլոր տեսակի շրջափակումները և ուժի կիրառման այլ ագրեսիվ ձևերը»։ Իրավիճակը փոխվեց, սակայն, 2001թ. սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո, երբ փոփոխությունների ենթարկվեց 907-րդ բանաձևը՝ հակաահաբեկչական պայքարում Ադրբեջանի հետ ԱՄՆ համագործակցության նկատառումներից ելնելով։ 2001թ. հոկտեմբերի 24-ին ԱՄՆ Սենատն ընդունեց 907-րդ բանաձևի հետաձգման մասին որոշում, ըստ որի՝ ԱՄՆ նախագահը կարող էր հետաձգել բանաձևի իրավական կիրառությունը, և այն մինչ օրս ամեն տարի հետաձգվում է։
2009թ. հունիսի 15-ին կոնգրեսականներ Բիլ Շուսթերը, Էդի Բերնիս Ջոնսոնը և Սոլոմոն Օրթիսը նամակ հղեցին Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովի Պետական, արտաքին գործողությունների և այլ ծրագրերի ենթահանձնաժողովի նախագահ Նիտա Լովիին ու ենթահանձնաժողովի անդամ Քեյ Գրենգերին՝ ի պաշտպանություն Ադրբեջանին ԱՄՆ աջակցության հատկացման, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների զարգացման։ Նամակում համահեղինակները նշում էին. «չնայած 2002թ. Արտաքին գործողությունների համար հատկացումների ակտը ապահովում է ԱՄՆ նախագահի իրավասությունը՝ տարեկան հիմունքով հետաձգելու 907-րդ բանաձևը, այնուհանդերձ, այժմ ժամանակն է դադարեցնել 907-րդ բանաձևի իրավական ուժը, ինչը թույլ կտա ի չիք դարձնել ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործընթացը կանխարգելող կարևոր խոչընդոտները»։ Համահեղինակների բնորոշմամբ՝ «Նախագահ Օբամայի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն իսլամական աշխարհի հետ ԱՄՆ հարաբերությունների ամրապնդումն է։ Որպես ԱՄՆ վստահելի դաշնակից՝ Ադրբեջանը, դաշնակցելով այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկ անվտանգությունն ու միջազգային ահաբեկչության դեմ պատերազմը, պետք է լինի իսլամական ժողովուրդների շարքում առաջիններից մեկը, որի հետ ձգտում ենք ուժեղացնել մեր հարաբերությունները»։ Կոնգրեսականները կարևորում էին նաև Ադրբեջանի աշխարհագրական դիրքն Աֆղանստանում ամերիկյան գործողությունների արդյունավետության բարձրացման տեսանկյունից. «Ադրբեջանի ռազմավարական աշխարհագրական դիրքն աստիճանաբար մեծ կարևորություն է ներկայացնում Աֆղանստանում գործողությունների աջակցման առումով»։ Նրանց խոսքերով` «2009թ. մարտի 17-ին ԱՄՆ Տրանսպորտային հաղորդակցությունների հրամանատարության ղեկավար, գեներալ Դունքան ՄաքՆեբը ԱՄՆ Սենատի Ռազմական ծառայությունների հանձնաժողովում հաստատեց, որ 2009թ. հիմնադրելով Հյուսիսային բաշխման համացանցը՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջով Աֆղանստան տանող այլընտրանքային ուղիները դարձել են խիստ կարևոր գերակայություն»։ Նշենք, որ Հյուսիսային բաշխման համացանցում (Northern Distribution Network) ընդգրկված երկրներն են Լատվիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Կոնգրեսականները կոչ էին անում Պետական, արտաքին գործողությունների և այլ ծրագրերի ենթահանձնաժողովի նախագահին Ադրբեջանին հատկացնել հավելյալ ռազմական ֆինանսավորում, իսկ ԼՂՀ-ին տրամադրվող ԱՄՆ տարեկան հումանիտար աջակցությունում ներառել նաև, այսպես կոչված, «ադրբեջանական փախստականներին ու ներքին տեղահանվածներին»։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]