• am
  • ru
  • en
Версия для печати
27.03.2009

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

   

Կարեն Վերանյան

Վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական համակարգում արձանագրված նոր միտումները թույլ են տալիս լուրջ վերապահումներով մոտենալ Հարավային Կովկասում հնարավոր կայունության հեռանկարներին։ Խոսքը վերաբերում է Ադրբեջանի ղեկավարության` սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելուն ուղղված քայլերին, ինչի հիմքերը դրվեցին 2005թ. վերջին` Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության հիմնադրմամբ։ Չնայած նորակազմ նախարարության առջեւ կանգնած լուրջ հիմնախնդիրներին` կապված բարձրորակ կադրերի պատրաստման, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացման, հսկայածավալ ֆինանսավորումների հետ, այնուհանդերձ, արտաքին ուժերի եւ առաջին հերթին` Թուրքիայի անմիջական օժանդակությամբ երկրում կատարվեցին ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման առաջին քայլերը։

Հաշվի առնելով մեր տարածաշրջանի ռազմական հավասարակշռության ներկայիս փխրուն իրավիճակը` Ադրբեջանի ռազմարդյունաբերության զարգացումը Հարավային Կովկասի կայունության համար կարող է աղետաբեր հետեւանքներ ունենալ։ Հարեւան հանրապետության ռազմական համակարգում վերջին տարիներին արձանագրված միտումները կարեւոր նշանակություն են ստանում ՀՀ ազգային անվտանգության համատեքստում եւ հայկական կողմից պահանջում են լուրջ եւ բազմապլան մոտեցումներ ցուցաբերել խնդրին։

Ռազմարդյունաբերության նախարարության ձեւավորումը

Ադրբեջանի ռազմարդյունաբերական ոլորտի արդիականացման հիմքերը դրվեցին 2005թ. դեկտեմբերի 16-ին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրեց երկրի Հատուկ մեքենաշինության եւ կոնվերսավորման պետական կոմիտեի հիման վրա Ադրբեջանի Ռազմական արդյունաբերության նախարարության ստեղծման մասին հրամանագիրը։ Նորակազմ նախարարության առջեւ ծառացած առաջնահերթ հիմնահարցերից մեկը վերաբերում էր երկրի ռազմարդյունաբերության ոլորտում ներգրավված խորհրդային գիտահետազոտական ինստիտուտների ու մեքենաշինական գործարանների արդիականացմանը, միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։ Ներկայում նախարարության ենթակայության ներքո գործում են շուրջ 20 գիտահետազոտական ձեռնարկություններ եւ ինստիտուտներ։ 2006թ. սեպտեմբերի 17-ին ստեղծվեց գիտահետազոտական ինստիտուտ, որի գործունեության հիմնական ուղղություններից են գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքները, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ արտերկրի բուհերում գիտական կադրերի պատրաստման կազմակերպումը։ Երկրի ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքները հիմնականում իրականացվելու են այդ ինստիտուտի անմիջական մասնակցության շրջանակներում։

2006թ. սկսած` ռազմարդյունաբերության նախարարության ենթակայության տակ դրվեց 1961թ. ստեղծված Բաքվի «Իքլիմ» ավիացիոն արտադրամիավորումը, որը մասնագիտացած է օդափոխիչների պատրաստման ոլորտում։ 2006թ. սեպտեմբերից նախարարության շրջանակներում են գործում 1957թ. հիմնադրված եւ նավթագազային, էներգետիկ արդյունաբերությունում ավտոմատացման տեղեկատվական-վերահսկողական համակարգի նախագծման ոլորտում մասնագիտացած «Նավթգազավտոմատ» գիտաարտադրական ձեռնարկությունը, ավիաշինարարական արդյունաբերության համար ագրեգատների արտադրությունում մասնագիտացված «Ավիաագրեգատ» գործարանը, «Սենայեջիհազ» գիտաարտադրական ձեռնարկությունը (մասնագիտացած է տարբեր հեղուկների ճնշման ու ծախսման հաշվիչների, ազդանշանային համակարգերի արտադրության բնագավառում)։ 2006թ. սեպտեմբերի 27-ից նախարարության ենթակայության տակ է անցել նաեւ 1974թ. հիմնադրված Ադրբեջանի Ազգային տիեզերական գործակալությունը։ Ընդհանուր առմամբ, 2009–2011թթ. Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը նախատեսում է իրականացնել ողջ երկրում գործող շուրջ 53 օբյեկտների վերակառուցման աշխատանքները, որոնց շրջանակներում, Բաքվից զատ, ռազմարդյունաբերական նոր ձեռնարկություններ կհիմնվեն Գանձակում, Խաչմազում, Նախիջեւանում։

Համագործակցությունը Թուրքիայի հետ

Ադրբեջանի իշխանությունները ոլորտի խթանման հարցում, անշուշտ, չեն կարող հիմնվել միայն ներքին միջոցների վրա, որոնք բավական սուղ են ռազմարդյունաբերության այս կամ այն ճյուղի, մանավանդ` միջազգային չափանիշներին համապատասխան ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար։ Ադրբեջանի ղեկավարությունը խնդրի իրագործումը մեծապես պայմանավորում է առաջին հերթին Թուրքիայի ֆինանսական եւ տեխնոլոգիական ներգրավվածությամբ։ Երկրի ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման գործում թուրքական կողմի մասնակցության լայն շրջանակները գալիս են փաստելու, որ երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերություններում սկսվել է ռազմատեխնիկական համագործակցության որակապես նոր` առավել խորացված փուլ, ինչը վկայում է երկու միտումների մասին.

  • Ադրբեջանը ձգտում է զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը` թուրքական կողմի անմիջական շահագրգռվածությամբ, այլապես, չունենալով որեւէ լուրջ ֆինանսական ու ռազմատեխնիկական ներքին պոտենցիալ, Ադրբեջանի ղեկավարությունը չէր սկսի զարկ տալ սեփական ռազմարդյունաբերության ստեղծմանը` հաշվի առնելով նաեւ պրոֆեսիոնալ կադրերի, անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները։ Թուրքիայի շահագրգռվածությունը խոսում է վերջինիս կողմից Հարավային Կովկասի ռազմաքաղաքական զարգացումներում ներգրավվածության խորացման մասին, ինչի հնարավորությունները շոշափելի են դարձել հատկապես ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո։
  • Ոլորտի զարգացումը, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմականացման ներկայիս միտումներն ու երկրի ղեկավարության ռազմաշունչ հայտարարությունները, փաստում է ադրբեջանական կողմի` Ղարաբաղյան հիմնախնդիրը գլխավորապես ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունը, նեղացնում հիմնախնդրի խաղաղ կարգավորման հնարավորության սահմանները։

Երկկողմ ռազմական համագործակցության խորացման ուղղությամբ գործնական քայլեր սկսեցին իրականացվել հատկապես վերջին երկու տարիներին։ 2008թ. դեկտեմբերի վերջին Ադրբեջան այցելեց Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հասան Իգզիսը` երկու երկրների միջեւ ռազմարդյունաբերության զարգացման ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարների քննարկման նպատակով։ Հանդիպման արդյունքում ռազմարդյունաբերության ոլորտում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, որոնցից մեկը վերաբերում է թուրքական առաջատար ռազմական ընկերություններից մեկի` «Ռոքեթսանի» եւ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «Իքլիմ» ձեռնարկության միջեւ ձեռք բերված համաձայնությանը` սպառազինության համատեղ արտադրության վերաբերյալ։ Նախատեսվում է, որ 2009թ. մարտին այդ երկու կազմակերպությունները կսկսեն արտադրել 107 եւ 122 մմ տրամաչափի հրետանային համակարգեր, որոնց պահեստամասերն արտադրվելու են «Իքլիմ» ձեռնարկությունում, իսկ հրետանին` «Ռոքեթսան» ընկերությունում։ 107 մմ տրամաչափի հրետանային համակարգերը հնարավորություն են տալիս իրականացնել շուրջօրյա մարտական գործողություններ` բոլոր եղանակային պայմաններում։ TR-107 եւ TRB-107 տեսակի հրետանիներն ի վիճակի են խոցել մինչեւ 11 կմ հեռավորության թիրախները։

Ադրբեջանի ղեկավարությունը թուրքական առաջատար ընկերությունների հետ համագործակցում է նաեւ գիշերային տեսանելիության սարքավորումների, ռազմական էլեկտրոնիկայի համատեղ արտադրության բնագավառում։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը «Ասելսան» ընկերության հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որով նախատեսվում է Բաքվում նախաձեռնել հրազենի, գիշերային տեսանելիության սարքավորումների համատեղ արտադրություն։ 2010թ. սկսած` Ադրբեջանը կսկսի դրանց սերիական արտադրությունը։

Վերջերս Ադրբեջանը ստացել է առաջիկա հինգ տարիներին Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսվող հիմնական նախագծերին մասնակցելու հրավեր։ Թուրքիայի պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, այդ ռազմարդյունաբերական նախագծերի շարքում, որոնցում Ադրբեջանի մասնակցության հարցը կորոշվի 2009թ. հունիսին, մասնավորապես, նշվում էին «Ազգային տանկ» (New Generation Wireless Systems, Altay National Tank), MilGem Boat («Պահակային եւ հակասուզանավային ռազմանավ» նախագիծ, որը ենթադրում է այս տեսակի ռազմանավի մոդելավորում ու կառուցում), Pilotless Vehicle (անօդաչու ինքնաթիռներ, 4 նախագիծ), Modernized Infantry Rifle նախագծերը։ Երկու երկրների միջեւ բանակցություններ են ընթանում նաեւ համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման հեռանկարների շուրջ։

Վերջին շրջանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունների ներկայացուցիչների հաճախակի փոխայցելությունների արդյունքում երկկողմ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ թվում եւ ադրբեջանցի կադրային զինվորականների պատրաստման ու որակավորման շուրջ։ Մասնակցության պատրաստակամություն են հայտնել թուրքական առաջատար արտադրական այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Ասելսանը», FNSS թուրք-ամերիկյան ռազմական ընկերությունը, Թուրքիայի Մեքենաշինական եւ քիմիական արդյունաբերության կորպորացիան (MKEK), «Ռոքեթսանը»։

Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը նախատեսում է լուրջ քայլեր ձեռնարկել սեփական ռազմարդյունաբերական արտադրանքն արտաքին շուկա արտահանելու, միջազգային սպառազինության ցուցահանդեսներին մասնակցելու ուղղությամբ, որտեղ կրկին զգալի է թուրքական կողմի միջամտությունը։ Նախատեսվում է 2009թ. Թուրքիայում անցկացվելիք սպառազինությունների ցուցահանդեսում ներկայացնել Ադրբեջանի ռազմարդյունաբերական առաջին արտադրանքը։

Ադրբեջանի ռազմարդյունաբերական նախարարության ենթակայության տակ գործող Ազգային տիեզերական գործակալությունը նույնպես սերտորեն համագործակցում է Թուրքիայի կառավարության հետ։ Մասնավորապես, նախատեսվում է, որ 2009–2010թթ. Ադրբեջանը տիեզերք կուղարկի կապի առաջին ադրբեջանական արբանյակը` «Ազերսատը»։ Նախնական հաշվարկներով` դա կպահանջի շուրջ $80-100 մլն։

Համագործակցություն այլ երկրների հետ

Թուրքիայից բացի, Ադրբեջանի ռազմարդյունաբերության զարգացման գործին իրենց մասնակցությունն են առաջարկել նաեւ այլ պետություններ։ Ադրբեջանը պայմանավորվածություններ է ձեռք բերել Հարավաֆրիկյան Հանրապետության հետ, որոնց համաձայն` 2009թ. ադրբեջանական կողմը կսկսի «Մատադոր» եւ «Մարադոր» տեսակի զրահապատ տեխնիկայի սերիական արտադրությունը։ Արդեն քայլեր են ձեռնարկվում զրահապատ փոխադրիչ մեքենայի (ըՁՀ) եւ հետեւակի մարտական մեքենայի (ըԾկ) արդիականացման ուղղությամբ։

Ադրբեջանը պայմանավորվածություններ է ձեռք բերել նաեւ Պակիստանի հետ, ըստ որոնց` առաջիկա տարիներին Պակիստանից ներմուծված տեխնոլոգիաների հիման վրա կսկսի արտադրել ավիացիոն ռումբեր, տանկերի ու հրետանու համար նախատեսված ռազմամթերք։ Համատեղ ջանքերով լուրջ քայլեր են ձեռնարկվում նաեւ սեփական անօդաչու ինքնաթիռների արտադրության ոլորտում։ Պաշտոնական տվյալներով` 2009թ. դրանց արտադրության լուրջ նախադրյալներ կան, 2016թ. Ադրբեջանն արդեն կկարողանա արտադրել ռազմական ուղղաթիռներ։ 2009թ. հունվարի 23–28-ին աշխատանքային այցով Պակիստանում էր գտնվում Ադրբեջանի ռազմարդյունաբերության փոխնախարար Թոֆիկ Ռաֆիեւի գլխավորած պատվիրակությունը։ Այցելության նպատակն էր երկու երկրների համագործակցության որոշակի ոլորտների հստակեցումը, այցելությունները Պակիստանի ռազմարդյունաբերության նախարարության ռազմական ձեռնարկություններ։

Ադրբեջանի ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման հարցում շահագրգռված է նաեւ ռուսական կողմը։ 2006թ. աշնանը Ադրբեջանում ՌԴ նախկին դեսպան Վասիլի Իստրատովի արած հայտարարության համաձայն` Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի ռազմարդյունաբերության նորաստեղծ ոլորտի զարգացմանը, զգալի ավանդ ունենալ ռազմատեխնիկական, տեխնոլոգիական մասնագիտացման հարցերում։ Նշենք, որ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության ներկայիս ձեռնարկություններն ու ինստիտուտները ստեղծվել ու զարգացել են խորհրդային ժամանակաշրջանում, որոնց արդիականացման ու արտադրողական պոտենցիալի զարգացման հարցում ադրբեջանցիների համար անգնահատելի կլինի ռուսական կողմի մասնակցությունը։ Ռազմարդյունաբերության ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության կարեւոր ուղղություններից է կադրերի վերապատրաստումը։

Ադրբեջանի ռազմարդյունաբերության զարգացմանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաեւ Բելառուսը, որը բավական ուշագրավ է` հաշվի առնելով այդ երկրի` Հայաստանի հետ ունեցած բավական սերտ համագործակցության շրջանակները։

Հետեւություններ

Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության ստեղծումը, առաջիկա տարիներին այս ուղղությամբ նախատեսվող ծրագրերը նոր լիցք են հաղորդում Ադրբեջանի ռազմականացման գործընթացին, ինչը լուրջ մարտահրավեր է վրաց-ռուսական օգոստոսյան պատերազմից հետո Հարավային Կովկասում ձեւավորված ռազմաքաղաքական փխրուն իրադրության համար։ Դրա բացասական դրսեւորումներն արդեն արձանագրվել են վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ակտիվացման տեսքով։

Միաժամանակ, Ռուսաստան–Թուրքիա դաշինքի ձեւավորմամբ (տեղին է հիշատակել ս.թ. փետրվարի 13-ին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների ստորագրած հռչակագիրը) եւ Թուրքիայի անմիջական շահագրգռվածությամբ` ադրբեջանական կողմը արտաքին լուրջ հենարան է ստանում երկրի ռազմական պոտենցիալի, նորաստեղծ ռազմարդյունաբերության զարգացման առումով։

Այս ամենը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առկա ռազմական հավասարակշռության` այդ հավասարակշռությունը երաշխավորող Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրով նախատեսված քվոտաների պահպանումը դարձնում է հարցական, ինչը միջազգային հանրությունից պահանջում է համարժեք արձագանք` տարածաշրջանի հնարավոր ապակայունացումից խուսափելու համար։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր