ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ՝ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՇԵՄԻՆ
Ադրբեջանի ռազմական ծախսերի շեշտակի ավելացման և վերջինիս կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (այսուհետ՝ ԵՍԶՈւՊ) խախտման մասին բազմիցս է խոսվել, ինչը կարևոր նշանակություն ունի Հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման տեսանկյունից։ Վերջին կես տասնամյակում, սակայն, Ադրբեջանի ռազմական համակարգում արձանագրված նոր միտումները թույլ են տալիս լուրջ վերապահումներով մոտենալ Հարավային Կովկասում հնարավոր կայունության հեռանկարներին ընդհանրապես։ Խոսքը վերաբերում է Ադրբեջանի ղեկավարության՝ սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու քայլերին, ինչի հիմքերը դրվեցին 2005թ. վերջին՝ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության հիմնադրմամբ։ Չնայած նորակազմ նախարարության առջև կանգնած լուրջ հիմնախնդիրներին՝ կապված բարձրորակ կադրերի պատրաստման, անհրաժեշտ ենթակառուցվածքների արդիականացման, հսկայածավալ ֆինանսավորումների ապահովման հետ, այնուհանդերձ, արտաքին ուժերի և առաջին հերթին Թուրքիայի անմիջական շահագրգռվածությամբ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության հիմնադրումով երկրում արվում են ռազմարդյունաբերական համալիրի ստեղծման առաջին քայլերը։ Ադրբեջանի ռազմարդյունաբերության զարգացումը Հարավային Կովկասի կայունության համար աղետալի հետևանքներ կարող է ունենալ, ինչն անտեսվում է միջազգային հանրության կողմից։ Հարևան հանրապետության ռազմական համակարգում վերջին տարիներին արձանագրված միտումները կարևոր նշանակություն ունեն ՀՀ ազգային անվտանգության համատեքստում և հայկական կողմից լրջագույն ու հետևողական, բազմապլան մոտեցումներ են պահանջում։
Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը
Ադրբեջանի ռազմարդյունաբերական ոլորտի արդիականացման հիմքերը դրվեցին միայն վերջերս, երբ 2005թ. դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց Ադրբեջանի Հանրապետության Ռազմական արդյունաբերության նախարարության ստեղծման մասին հրամանագիրը (թիվ 1181)1։ Նորակազմ նախարարությունը ձևավորվեց Ադրբեջանի Հատուկ մեքենաշինության և կոնվերսավորման պետական կոմիտեի հիման վրա։
Երկրի ռազմական արդյունաբերության նախարարության ստեղծման մասին փաստաթղթում մասնավորապես նշվում էր. «Ադրբեջանի Ռազմարդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության կենտրոնական մարմին է, որն իրականացնում է պետական քաղաքականություն պաշտպանական, ռադիոէլեկտրոնային, սարքաշինական արդյունաբերության բնագավառում (այսուհետ՝ ռազմական արդյունաբերության ոլորտ)» («Ընդհանուր դրույթներ», գլուխ առաջին, կետ առաջին)։ Ներկայացնենք նորաստեղծ նախարարության՝ փաստաթղթում ամրագրված գործունեության հիմնական ուղղություններն ու պարտականությունները («Նախարարության գործունեության ուղղությունները». գլուխ երկրորդ, կետ յոթերորդ).
- մասնակցում է ռազմական արդյունաբերության ոլորտում միասնական պետական քաղաքականության ձևավորմանը և ապահովում տվյալ քաղաքականության իրագործումը2,
- ապահովում է ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացումը,
- պետական պատվերի մասին գործող օրենսդրության համաձայն, պատրաստում է ռազմական տեխնիկայի, զինամթերքի, ինժեներային տեխնիկայի, պահեստամասերի, և ռազմական նշանակության այլ արտադրանքի շուրջ ռազմական պատվերի պետական ծրագրի նախագիծ և ներկայացնում այն Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը,
- ռազմական պատվերի մասին պետական ծրագրի համաձայն, իր լիազորությունների շրջանակներում ապահովում է ռազմական նշանակության արտադրանքի պատրաստումը, կատարելագործումը, վերանորոգումը, ներմուծումն ու արտահանումը,
- գործող օրենսդրության համաձայն, ներկայացնում է առաջարկություններ պետական բյուջեի ձևավորման վերաբերյալ՝ ռազմական պատվերի պետական ծրագրի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների մասին,
- ռազմական արդյունաբերության ոլորտում միջազգային համագործակցության իրականացում։
Նախարարության հիմնական պարտականություններից կարելի է առանձնացնել.
- ռազմական պատվերի մասին հաստատված պետական ծրագրի հիման վրա իր լիազորությունների շրջանակներում կազմակերպում է ռազմական նշանակության արտադրանքի գնման, պատվերների դասակարգման (աշխատանքների կատարում, ծառայությունների մատուցում, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարում, արտադրության պատրաստում ու կարգավորում) մրցույթներ, ստորագրում պայմանագրեր,
- ռազմական արդյունաբերության ոլորտի շրջանակներում կոորդինացնում է գործադիր իշխանության այլ կառույցների գործունեությունը,
- իրականացնում է ռազմական արդյունաբերության ոլորտի պետական վերահսկում այն հարցերում, որոնք վերաբերում են իր լիազորություններին,
- ապահովում է ռազմական արդյունաբերության ոլորտի չափանիշներին համապատասխան արտադրանքների պատրաստման կազմակերպման համար առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը, արդիական գիտահետազոտական բազայի ստեղծումը, ոլորտի ձեռնարկությունների սարքավորումների արդիականացումն ու բնագավառի զարգացման համար համապատասխան կադրերի պատրաստումը (գլուխ երրորդ, կետ ութերորդ)։
Նախարարության առջև ծառացած առաջնահերթ հիմնահարցերից մեկը վերաբերում էր երկրի ռազմարդյունաբերության ոլորտում ներգրավված խորհրդային գիտահետազոտական ինստիտուտների ու մեքենաշինական գործարանների արդիականացմանն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։ Ներկայում նախարարության ենթակայության ներքո գործում են շուրջ 20 գիտահետազոտական ձեռնարկություններ ու ինստիտուտներ։ Ադրբեջանի Ռազմարդյունաբերության նախարարության հիմնման մասին հրամանագրի համաձայն, նախատեսվում էր նախարարության ենթակայության ներքո ստեղծել գիտահետազոտական ինստիտուտ (հրամանագիր թիվ 1181, կետ 4.1), որը հիմնադրվեց 2006թ. սեպտեմբերի 27-ին։ Ինստիտուտի գործունեության հիմնական ուղղություններից առանձնացվում են գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքների իրագործումն ու արտադրության կազմակերպումը։ Նորաստեղծ ինստիտուտի գործառույթներից են նաև Ադրբեջանի և արտերկրի բուհերի բազայի վրա գիտական կադրերի պատրաստման կազմակերպումը։ Նախատեսվում էր, որ երկրի ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքները հիմնականում իրականացվելու են այդ ինստիտուտի անմիջական մասնակցությամբ։
2006թ. սկսած՝ երկրի ռազմարդյունաբերության նախարարության ենթակայության տակ դրվեց Բաքվի ավիացիոն արտադրության «Իքլիմ» միավորումը, որը վերանվանվեց «Իքլիմ» գիտաարտադրական ձեռնարկության։ «Իքլիմ» գործարանի ստեղծման նախապատմությունը վերագրվում է 1961թ. տարեսկզբին, երբ ստեղծվեց Բաքվի կլիմայական սարքավորումների փորձարարական գործարանը, որը հետագայում մասնագիտացավ օդափոխիչների պատրաստման ոլորտում։ 1961-1965թթ. գործարանը դրվեց ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարության ենթակայության տակ։
2006թ. սեպտեմբերից ի վեր ռազմարդյունաբերության նախարարության շրջանակներում են գործում 1957թ. հիմնադրված և նավթագազային, էներգետիկ արդյունաբերությունում ավտոմատացման տեղեկատվական-վերահսկողական համակարգի նախագծման ու մշակման ոլորտում մասնագիտացած «Նավթգազավտոմատ» գիտաարտադրական ձեռնարկությունը, «Ավիա-ագրեգատ» գործարանը (1961թ.), «Սենայեջիհազ» գիտաարտադրական ձեռնարկությունը3 և այլն։ 2006թ. սեպտեմբերի 27-ից նորակազմ նախարարությունում սկսել է գործել նաև 1974թ. հիմնադրված Ադրբեջանի Ազգային տիեզերական գործակալությունը։
Ընդհանուր առմամբ, 2009-2011թթ. ընթացքում Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը նախատեսում է իրականացնել ողջ երկրում գործող շուրջ 53 օբյեկտների վերակառուցման աշխատանքները, որոնց շրջանակներում, Բաքվից զատ, ռազմարդյունաբերական նոր ձեռնարկություններ կհիմնվեն Գանձակում, Խաչմազում, Նախիջևանում։
Թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը մտնում է որակապես նոր փուլ
Ադրբեջանի իշխանությունները ոլորտի խթանման հարցում, անշուշտ, չեն կարող հիմնվել երկրի բյուջետային, արտաբյուջետային միջոցների վրա, որոնք բավական սուղ են։ Ադրբեջանի ղեկավարությունն այդ խնդրի իրագործումը մեծապես պայմանավորում է այլ երկրների և առաջին հերթին Թուրքիայի, արտաքին ֆինանսական միջոցների ու տեխնոլոգիական պոտենցիալի ներգրավման միջոցով։ Թուրքական կողմի շահագրգռվածությունն ու լայն մասնակցությունը գալիս են փաստելու, որ երկու երկրների միջև ռազմավարական հարաբերություններում սկսվել է ռազմատեխնիկական համագործակցության որակապես նոր՝ առավել խորացված փուլ, ինչը վկայում է երկու կարևոր միտումների մասին.
- սեփական ռազմարդյունաբերությունը զարգացնելու Ադրբեջանի իշխանությունների ձգտումը մեծապես պայմանավորված է ոլորտում թուրքական կողմի շահագրգռվածությամբ, այլապես ինչպե՞ս բացատրել այն, որ ադրբեջանական կողմն առանց որևէ լուրջ ֆինանսական ու ռազմատեխնիկական պոտենցիալի՝ սկսում է զարկ տալ սեփական ռազմարդյունաբերության զարգացմանը՝ հաշվի առնելով նաև պրոֆեսիոնալ կադրերի, միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները։ Թուրքիայի շահագրգռվածությունը խոսում է վերջինիս կողմից Հարավային Կովկասի ռազմաքաղաքական զարգացումներին ներգրավվածության խորացման մասին, ինչի հնարավորությունները շոշափելի են դարձել հատկապես ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո,
- ոլորտի զարգացումը, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմականացման ներկայիս միտումներն ու նրա ղեկավարության ռազմաշունչ հայտարարությունները, փաստում է ադրբեջանական կողմի՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը գլխավորապես ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունը, նեղացնում հիմնախնդրի խաղաղ կարգավորման հնարավորության սահմանները։
Երկկողմ ռազմական համագործակցության խորացման ուղղությամբ գործնական քայլեր են իրականացվում վերջին երկու տարիներին։ 2008թ. դեկտեմբերի վերջին Ադրբեջան այցելեց Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հասան Իգզիսը՝ երկու երկրների միջև ռազմարդյունաբերության գծով համագործակցության զարգացման հեռանկարների քննարկման նպատակով։ Հանդիպման արդյունքում ստորագրվեց երկու փաստաթուղթ, որոնցից մեկը վերաբերում էր թուրքական «Ռոքեթսան» (Roketsan)4 և Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «Իքլիմ» գիտաարտադրական ձեռնարկության միջև ձեռք բերված համաձայնությանը՝ սպառազինության համատեղ արտադրության վերաբերյալ։ Նախատեսվում է, որ 2009թ. մարտին այդ երկու կազմակերպությունները կսկսեն արտադրել 107 և 122 մմ (107/122 mm Multi Barrel Rocket Launcher_MBRL) տրամաչափի հրետանային համակարգեր5, որոնց դետալներն արտադրվելու են «Իքլիմ» ձեռնարկությունում, իսկ հրետանիները՝ «Ռոքեթսան» ընկերությունում։ 107 մմ տրամաչափի հրետանային համակարգերը հնարավորություն են տալիս իրականացնել շուրջօրյա մարտական գործողություններ՝ բոլոր եղանակային պայմաններում։ TR-107 և TRB-107 տեսակի հրետանիները ի վիճակի են խոցել մինչև 11 կմ հեռահարությամբ թիրախները։ Թուրքիայի առաջատար ռազմական ընկերություններից մեկի՝ «Ռոքեթսանի» հետ համագործակցության զարգացումը, որը սպառազինության համաշխարհային շուկայում հայտնի է որպես Cirit և UMTAS տեսակի կառավարվող և անկառավարելի հրթիռներ, ինչպես նաև հրետանային համակարգեր արտադրող, լուրջ հնարավորություններ է տալիս երկրին տեխնոլոգիական (նաև կադրային) առաջընթաց ապահովելու առումով։
Ադրբեջանի ղեկավարությունը թուրքական «Ռոքեթսանի», ինչպես նաև «Ասելսան» (Aselsan)6 ընկերության հետ համագործակցում է նաև գիշերային տեսանելիության սարքավորումների, ռազմական էլեկտրոնիկայի համատեղ արտադրության բնագավառում։ Ադրբեջանական կողմը «Ասելսան» ընկերության հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որի արդյունքում նախատեսվում է Բաքվում նախաձեռնել հրազենի, գիշերային տեսանելիության սարքավորումների համատեղ արտադրություն։ 2010թ. Ադրբեջանը կսկսի իրականացնել սերիական արտադրություն։
Միայն վերջերս Ադրբեջանը ստացել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում առաջիկա հինգ տարիներին նախատեսվող հիմնական նախագծերին մասնակցելու հրավեր։ Թուրքիայի պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, այդ նախագծերի շարքում, որոնցում Ադրբեջանի մասնակցության հարցը կորոշվի 2009թ. հունիսին, նշվում էին New Generation Wireless Systems, Altay National Tank7, MilGem Boat («Պահակային և հակասուզանավային ռազմանավ» նախագիծ, որը ենթադրում է այս տեսակի ռազմանավի մոդելավորում ու կառուցում), Pilotless Vehicle (անօդաչու ինքնաթիռներ, 4 նախագիծ), Modernized Infantry Rifle նախագծերը։ Երկու երկրների ռազմարդյունաբերական մարմինների միջև բանակցություններ են ընթանում նաև համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման հեռանկարների շուրջ։
Վերջին շրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունների միջև հաճախակի դարձած փոխայցելությունների արդյունքում երկկողմ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ թվում և ադրբեջանցի զինվորական կադրերի պատրաստման ու մասնագետների որակավորման ուղղությամբ։ Ընդգրկված են Թուրքիայի ռազմարդյունաբերության առաջատար արտադրական այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Ասելսանը», FNSS թուրք-ամերիկյան ռազմական ընկերությունը8, Թուրքիայի «Մեքենաշինական և քիմիական արդյունաբերության կորպորացիան (MKEK)9, «Ռոքեթսանը», ինչպես նաև SELEX ռազմական նշանակության հաղորդակցությունների արտադրության միջազգային կազմակերպությունը (կենտրոնակայանը՝ Իտալիայում)։
Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը նախատեսում է լուրջ քայլեր ձեռնարկել սեփական ռազմարդյունաբերական արտադրանքն արտաքին շուկա արտահանելու, միջազգային սպառազինության ցուցահանդեսներում ներկայացնելու ուղղությամբ, ինչի մեջ կրկին զգալի է թուրքական կողմի միջամտությունը։ Նախատեսվում է 2009թ. Թուրքիայում անցկացվելիք սպառազինության ցուցահանդեսում ներկայացնել սեփական ռազմարդյունաբերության առաջին արտադրանքը։
Նախատեսվում է, որ 2009-2010թթ. Ադրբեջանը տիեզերք կուղարկի կապի առաջին ադրբեջանական արբանյակը՝ «Ազերսատը»։ Նախնական հաշվարկներով՝ կպահանջվի շուրջ $80-100 մլն։
Համագործակցության խորացման նոր ձևաչափեր այլ երկրների հետ
Թուրքիայից զատ, Ադրբեջանի ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման հարցում հետաքրքրված են նաև այլ պետություններ։ Ադրբեջանական կողմը նախորդ երկու տարիների ընթացքում վարած բանակցությունների արդյունքում լուրջ ձեռքբերումներ է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության հետ համագործակցության զարգացման հարցում։ Երկկողմ պայմանավորվածությունների համաձայն, 2009թ. Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը կսկսի «Մատադոր» և «Մարադոր» տեսակի զրահապատ տեխնիկայի սերիական արտադրությունը։ Քայլեր են ձեռնարկվում զրահապատ փոխադրիչ մեքենայի (ԶՓՄ-БТР) և հետևակի մարտական մեքենայի (ՀՄՄ-БМП) արդիականացման ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև Պակիստանի հետ, որի արդյունքում առաջիկա տարիներին Պակիստանից ներմուծված տեխնոլոգիաների հիման վրա կարտադրի ավիացիոն ռումբեր, տանկերի ու հրետանու համար նախատեսված ռազմամթերք։ Համատեղ ջանքերով լուրջ քայլեր են ձեռնարկվում նաև տեղական անօդաչու ինքնաթիռների արտադրության ուղղությամբ, որոնք պաշտոնական տվյալներով, կարտադրվեն 2009թ.։ Իսկ 2016թ. նախատեսվում է ադրբեջանական ռազմական ուղղաթիռների թողարկումը։ 2009թ. հունվարի 23-28-ին աշխատանքային այցով Պակիստանում էր գտնվում Ադրբեջանի ռազմարդյունաբերության փոխնախարար Թոֆիկ Ռաֆիևի գլխավորած պատվիրակությունը։ Այցելության նպատակն էր երկու երկրների ռազմարդյունաբերական մարմինների միջև համագործակցության որոշակի ոլորտների հստակեցումը, այցելությունները Պակիստանի ռազմարդյունաբերության նախարարության ենթակայության տակ գործող ռազմական ձեռնարկություններ։
Ադրբեջանի ռազմարդյունաբերության զարգացման հարցում շահագրգռված է նաև ռուսական կողմը։ Բանակցություններն ու քննարկումներն ընթացքի մեջ են։ 2006թ. աշնանը Ադրբեջանում ՌԴ նախկին դեսպան Վասիլի Իստրատովի հայտարարության համաձայն, Ռուսաստանը ռազմարդյունաբերական ոլորտում մեծ փորձ ունի և պատրաստ է աջակցել Ադրբեջանի ռազմարդյունաբերության նորաստեղծ ոլորտի զարգացմանը, զգալի ավանդ ունենալ մասնավորապես ռազմատեխնիկական, տեխնոլոգիաների գծով մասնագիտացման հարցում։ Նշենք, որ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության ներքո գործող ներկայիս ձեռնարկություններն ու ինստիտուտները ստեղծվել ու զարգացել են խորհրդային ժամանակաշրջանում, որոնց արդիականացման ու արտադրողական պոտենցիալի զարգացման հարցում ադրբեջանցիների համար անգնահատելի կլինի ռուսական կողմի մասնակցությունը։ Ռազմարդյունաբերության ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության կարևոր ուղղություններից մեկն էլ, իհարկե, վերաբերում է որակյալ կադրերի վերապատրաստմանը։
Ադրբեջանը շարունակում է խախտել ԵՍԶՈւՊ-ը
Վերջին տարիներին միջազգային ռազմաքաղաքական հարաբերություններում գոյացած լարվածությունը զգալի ազդեցություն ունեցավ այդ թվում և Հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա։ 2001թ. սեպտեմբերյան ահաբեկչությունից հետո, նույն թվականի դեկտեմբերի 13-ին ԱՄՆ նախկին նախագահ Ջ.Բուշը հայտարարեց ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև 1972թ. մայիսի 26-ին ստորագրված Հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման մասին պայմանագրից ամերիկյան կողմի միակողմանի դուրս գալու մասին, ինչը միանշանակ խորհրդանշում էր Սպիտակ տան նոր ռազմավարությունը։ Վերջին մի քանի տարիներին Արևելյան Եվրոպայում (Չեխիա, Լեհաստան) ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման հարցում Վաշինգտոնի նախաձեռնությունների արդյունքում 2007թ. ապրիլի 27-ին ՌԴ այդ ժամանակվա նախագահ Վ.Պուտինը հայտարարեց ռուսական կողմի՝ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի հնարավոր դադարեցման մասին, որը հաստատող փաստաթուղթն ի վերջո ստորագրվեց հուլիսի 13-ին։
Վերջին շրջանում միջազգային ռազմաքաղաքական հարաբերություններում տարաձայնությունների խորացումը, պաշտոնական Մոսկվայի կողմից ԵՍԶՈւՊ գործունեության միակողմանի դադարեցման որոշումը արտաքին լուրջ պլացդարմ հանդիսացան Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ պայմանագրի պահանջների խախտմանն ուղղված քաղաքականության խորացման համար։ Մյուս կողմից՝ վրաց-ռուսական պատերազմով Հարավային Կովկասում ամերիկյան դիրքերի որոշակի թուլացման, վատթարացող թուրք-ամերիկյան հարաբերությունների ու ռուսական ազդեցության ուժեղացման արդյունքում ռուսական կողմը նոր հնարավորություններ ստացավ վերահսկելու տարածաշրջանի մեկ այլ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Տարածաշրջանում ռուսական ռազմաքաղաքական դիրքերի ընդլայնման, Ռուսաստան-Թուրքիա դաշինքի ձևավորման (տեղին է հիշատակել ս.թ. փետրվարի 13-ին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը) և Թուրքիայի անմիջական շահագրգռվածության հետևանքով Ադրբեջանի ղեկավարությունը արտաքին լուրջ հենարան է ստանում երկրի ռազմական պոտենցիալի, նորաստեղծ ռազմարդյունաբերության զարգացման առումով10։
Հիմնական հետևություններ
Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության ստեղծումը, առաջիկա տարիներին այս ուղղությամբ նախատեսվող ծրագրերն առնվազն մտահոգիչ են ողջ տարածաշրջանի կայունության պահպանման համար։ Այն նոր լիցք կհաղորդի Ադրբեջանի ռազմականացման գործընթացին, ինչը լուրջ մարտահրավեր է վրաց-ռուսական «Հնգօրյա պատերազմից» հետո ձևավորված Հարավային Կովկասի ռազմաքաղաքական ներկայիս փխրուն իրադրության համար։ Առաջին բացասական դրսևորումներն արդեն արձանագրվել են վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ակտիվացմամբ։ Ադրբեջանի ռազմարդյունաբերության ոլորտի նախաձեռնումը լրջորեն կխախտի Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա ռազմական հավասարակշությունը, այդ հավասարակշռությունը երաշխավորող ԵՍԶՈւՊ քվոտաները. սպառնալիքներ, որոնք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք ու գնահատականներ՝ տարածաշրջանի հնարավոր ապակայունացումից խուսափելու համար։
1Նախարարական կառույցի պաշտոնական անվանումն է Պաշտպանական արդյունաբերության նախարարություն։
2Փաստաթղթում «ռազմարդյունաբերության ոլորտ»-ը ներկայացվում է «պաշտպանական արդյունաբերության ոլորտ» հասկացությամբ։ Փաստաթղթի տեքստից դուրս այն այսուհետ կներկայացվի որպես «ռազմարդյունաբերության ոլորտ»:
3«Սենայեջիհազ» գիտաարտադրական ձեռնարկությունը հիմնադրվել է 1956թ.՝ որպես «Պրոմպրիբոր» գիտաարտադրական ձեռնարկություն։ Այն հիմնականում մասնագիտացած է հեղուկների ճնշման ու ծախսման հաշվիչների, ազդանշանային համակարգերի արտադրության մեջ։
4Թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը հիմնադրվել է 1988թ. Թուրքիայի Ռազմարդյունաբերության գործադիր կոմիտեի որոշման հիման վրա։ Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է տեղական շուրջ 300 և օտարերկրյա 140 ռազմական կազմակերպությունների հետ։ Ներկայում կազմակերպությունը մասնակցում է ՆԱՏՕ ծրագրերին, առաջարկում իր ռազմական արտադրանքն ու պաշտպանական ծառայությունները դաշնակից պետությունների զինված ուժերին։
5122 մմ տրամաչափի հրետանային համակարգերից առանձնացվում են TR-122, TRB-122 և TRK-122 (16-30 կմ հեռահարության) տեսակի հրետանիները, որոնք գործում են մինչև 10-40 կմ հեռահարության պայմաններում:
6Թուրքական «Ասելսան» ընկերությունը հիմնադրվել է 1975թ.՝ որպես Թուրքիայի ԶՈւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների արտադրության ու ծրագրերի իրականացման կազմակերպություն։ Ներկայում ընկերության արտադրական գործունեությունը ծավալվում է մի քանի հիմնական ուղղություններով՝ ռազմական հեռահաղորդակցություն, պաշտպանական համակարգերի տեխնոլոգիաներ, ռադարային և հետախուզական համակարգեր և միկրոէլեկտրոնիկա ու էլեկտրաօպտիկա։ Արտադրում է ավելի քան 90 անուն ռազմական արտադրանք (սարքավորումներ, համակարգեր, և այլն)։
72004-2005թթ. կեսերին Թուրքիայի Ռազմարդյունաբերության դեպարտամենտի կողմից նախաձեռնվեց Turkey’s National Main Battle Tank Project-ը (Թուրքիայի առաջին «ազգային հիմնական մարտական մեքենայի» արտադրության նախագիծ), որի իրականացման համար 2007թ. պայմանագիր ստորագրվեց Թուրքիայի առաջատար մեքենաշինական (քաղաքացիական և ռազմական) գործարաններից մեկի՝ «Օտոկար» ընկերության հետ։ Նախագիծը, որը սկզբնական հաշվարկով պահանջելու է $500 մլն, հետագայում ստացավ «Ալթայ տանկ» անվանումը։ Տևելու է 6 և կես տարի։ «Օտոկար» գործարանը արտադրում է շուրջ 20 անուն քաղաքացիական (ավտոբուսներ, բեռնափոխադրիչներ) և 9 անուն ռազմական նշանակության մեքենաներ (մարդատար/փոխադրիչ, զրահապատ մարտական արագընթաց մեքենաներ)։
8FNSS Defense systems թուրք-ամերիկյան համատեղ ռազմական կազմակերպությունը հիմնադրվել է 1988թ.։ Այն հիմնականում մասնագիտացած է զրահապատ մարտական ու փոխադրիչ մեքենաների, նաև դրանց համար նախատեսված միջին տրամաչափի հրազենային արտադրության մեջ։
9MKEK_Mechanical and Chemical Industry Csorporation- Թուրքիայի «Մեքենաշինական և քիմիական արդյունաբերության կորպորացիայի հիմնադրումը վերագրվում է դեռևս Օսմանյան կայսրությունում հրետանային կորպուսների ձևավորման ժամանակաշրջանին։ Կարելի է առանձնացնել Արկերի (Ammunition factory), հրետանային համակարգերի արտադրության, միջին տրամաչափի զինատեսակների, հրազենի ու պայթուցիկ սարքերի արտադրության մեջ մասնագիտացած գործարանները։ «Մեքենաշինական և քիմիական արդյունաբերության կորպորացիան ընդհանուր առմամբ արտադրում է շուրջ 250 անուն ռազմական արտադրանք (սարքավորումներ, համակարգեր, ռազմատեխնիկա)՝ հրետանային համակարգեր, հրազեն, պայթուցիկներ, ռազմամթերք։
10Իհարկե, այստեղից չի հետևում, թե Հարավային Կովկասի կարևոր հիմնահարցերում Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերը համընկնելու են։ Ռուսական կողմը լավ է գիտակցում, որ ռուս-թուրքական տանդեմի համատեքստում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ադրբեջանական կողմի դիրքերի ուժեղացումն ուղղակիորեն կնպաստի տարածաշրջանի ռազմաքաղաքական զարգացումներում Թուրքիայի ներգրավվածության մեծացմանն ու ռուսական դիրքերի աստիճանական թուլացմանը։ Արդյունքում՝ ռուսական կողմը կփորձի Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ որոշակիորեն պահպանել առկա քաղաքական, ռազմական հավասարակշռությունը (իսկ թե դա որքանով կստացվի, դժվար է ասել)։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]