• am
  • ru
  • en
Версия для печати
27.07.2009

ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇՈՒՐՋ

   

Կարեն Վերանյան

Karen Veranyan.jpg (medium)Ադրբեջանական վերջին զարգացումներում մեծապես ընդլայնվել է արտաքին շահերի ներգրավվածությունը, ինչը, թերեւս, պայմանավորված է վրաց-ռուսական պատերազմից հետո տարածաշրջանում ընթացող նոր վերադասավորումներով։ Խնդիրն անհրաժեշտ է դիտարկել նաեւ տարածաշրջանային էներգետիկ զարգացումների, մասնավորապես` ադրբեջանական գազի մատակարարումների համատեքստում. այստեղ հատկապես վերջին ամիսներին լուրջ մրցակցություն է ընթանում արեւմտյան երկրների ու Ռուսաստանի միջեւ։ Ինչպես նշում են փորձագետներից շատերը, ադրբեջանական զարգացումներում արտաքին ուժերի ակտիվացումն ու շահերի բեւեռացումը կդրդի Ադրբեջանի իշխանություններին որոշակի հստակեցումներ մտցնել երկրի արտաքին քաղաքականությունում, ինչն առավել կանխատեսելի կդարձնի այն։

Շիմոն Պերեսի այցն Ադրբեջան

Հունիսի 28–29-ին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն այցելեց Ադրբեջան։ Փորձագետների զգալի մասն այցը պատմական անվանեց այն առումով, որ Ադրբեջանի անկախացումից հետո առաջին անգամ պետական այցով այդ հանրապետություն է ժամանում Իսրայելի նախագահը։ Այցելությունը, որի իրական շարժառիթների ու նպատակների շուրջ առայսօր շարունակվում են հասարակական-քաղաքական բանավեճերը, պայմանավորված էր ինչպես Իսրայել–Ադրբեջան երկկողմ հարաբերություններով, այնպես էլ տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացներով։

Վերջին մի քանի տարիներին Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ հաճախակիացած շփումների արդյունքում երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը սկսեց ձեռք բերել նոր որակներ` որոշակիորեն առանձնանալով Իսրայել–Թուրքիա–Ադրբեջան ռազմավարական դաշինքի ձեւաչափից։ Կողմերի միջեւ համագործակցության զարգացմանը նպաստել է Իսրայելի ներքաղաքական դաշտում երկրի գործող արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի ու նրա գլխավորած «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության դիրքերի ամրապնդումը։ Լիբերմանի ու նրա կուսակցությունում գործող ադրբեջանամետ գործիչների ջանքերով գործնական լուրջ քայլեր ձեռնարկվեցին երկու երկրների միջեւ համագործակցությունը որակապես նոր մակարդակի բերելու հարցում։ Հենց այդ ժամանակաշրջանում (2007թ. ապրիլ) ձեւավորվեց Իսրայելի «Ադրբեջան–Իսրայել ասոցիացիան»։

Միաժամանակ, երկկողմ շփումների ակտիվացումը, Շ.Պերեսի այցելությունն Ադրբեջան տեղի են ունենում մի ժամանակահատվածում, երբ թուրք-իսրայելական հարաբերությունները գտնվում են սառեցման փուլում։ Իսրայելական կողմը Ադրբեջանի հետ երկկողմանի համագործակցության խորացմամբ, թերեւս, փորձում է ադրբեջանական կողմին հնարավորինս ներգրավել իսրայելական ազդեցության գոտում` այդ թվում եւ պաշտոնական Անկարայի դեմ որպես խաղաթուղթ օգտագործելու նկատառումով։

Իսրայելի նախագահի Ադրբեջան այցելությունը փորձագետների զգալի մասը պայմանավորում է նաեւ Իսրայել–Իրան հարաբերություններով եւ Իրանի շուրջ միջազգային զարգացումներով։ Իրանի նախագահական ընտրություններից հետո, երբ երկիրը դեռ լիովին չի ապաքինվել ներքաղաքական ճգնաժամից, Իսրայելի համար լավ առիթ ներկայացավ ուժեղացնել ճնշումներն Իրանի նկատմամբ եւ վերջինիս հրահրել նոր սադրանքների։ Փորձագետների կարծիքով, այդ այցելությունը փաստորեն հաստատեց, որ Ադրբեջանը պատրաստ է աջակցել իր տարածքից Իրանի դեմ Իսրայելի հատուկ ծառայությունների հետախուզական գործունեության վարման ակտիվացմանը։

Ադրբեջանական կողմն, իր հերթին, Իսրայելի նախագահի այցելությունը դիտում է Ադրբեջան–Իրան բավական հակասական հարաբերությունների հարթությունում եւ ի հակակշիռ հայ-իրանական բարձր մակարդակի համագործակցության։ Ադրբեջանի ղեկավարությունն անհանգստացած է հայ-իրանական համագործակցության խորացմամբ, իսկ հայ-թուրքական երկխոսության հարցում` թուրք-ադրբեջանական անհամաձայնությունների պայմաններում, Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը լավ հնարավորություն է` զսպելու Իրանի ներթափանցումը տարածաշրջան։ Իսրայելի հետ կապերի զարգացումն ադրբեջանական կողմը դիտարկում է նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների հարթությունում։ Ալիեւը, մեծ շուքով ընդունելով Իսրայելի նախագահին, հաստատեց Բաքվի պատրաստակամությունն ու աջակցությունը տարածաշրջանում այլ արտաքին դերակատարների շարքում իսրայելական կողմի ներկայացվածության հարցում։ Ի դեպ, թուրքական կողմը, այցելության հետ կապված, առայսօր զերծ է մնացել պաշտոնական մեկնաբանությունից, պասիվ կեցվածք են ընդունել նաեւ թուրքական լրատվամիջոցներն ու փորձագիտական հանրությունը։

Նոր տեղաշարժեր ռուս-ադրբեջանական հարաբերություններում

Վերջին շրջանում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերություններում առավել դինամիկ է համագործակցությունն էներգետիկ ոլորտում։ 2008թ. ամռանից ակտիվացած` ադրբեջանական գազը Ռուսաստան ներմուծելու վերաբերյալ բանակցություններում ռուսական կողմը կարողացավ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել ս.թ. հունիսի 29-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ադրբեջան կատարած աշխատանքային երկօրյա այցելության ընթացքում։ Ստորագրված պայմանագրով ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի առաջին փուլի շահագործումից ռուսական կողմը 2010թ. հունվարից 500 մլն խմ գազ կներմուծի (նախատեսվում է հետագայում ավելացնել մատակարարվող գազի ծավալները)։ Իհարկե, պաշտոնական Մոսկվան չի սահմանափակվի «Շահ Դենիզ» հանքավայրի առաջին փուլի շահագործման հարցում ձեռք բերած հաջողություններով. էներգետիկ ոլորտի մասնագետների կարծիքով` ադրբեջանական կողմի հետ համաձայնությունները լավ հնարավորություն ընձեռեցին ռուսական կողմին հեռանկարում «Շահ Դենիզ» հանքավայրի երկրորդ փուլի շահագործմանը մասնակցելու համար։ «Շահ Դենիզ» հանքավայրի երկրորդ փուլի շահագործմամբ հետաքրքրված են նաեւ ԵՄ-ում ու Միացյալ Նահանգներում, ինչից եւ զգալիորեն կախված են հայտնի «Նաբուքո» գազատարի նախագծի գործարկման հնարավորությունները։

Ռուս-ադրբեջանական էներգետիկ համագործակցության զարգացմանը նպաստում են նաեւ հարավկովկասյան նոր միտումները, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը։ Ռուսական կողմը կարողացավ օգտագործել հայ-թուրքական երկխոսության արդյունքում թուրք-ադրբեջանական անհամաձայնությունները եւ կարեւոր քայլ արձանագրել Ադրբեջանի ուղղությամբ Մոսկվայի ազդեցության ընդլայնման հարցում։ Ավելին, Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ առկա որոշակի լարվածության հանգամանքներում պաշտոնական Անկարայի շահագրգռվածությունը` ներքաշել Ադրբեջանին «Նաբուքո» գազատարի նախագծի մեջ, կարծես հակառակ ազդեցությունն ունեցավ եւ նպաստեց Ռուսաստանի հետ այդ երկրի էներգետիկ համագործակցության խորացմանը։ Դա է հաստատում նաեւ Իլհամ Ալիեւի` ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցը` նվիրված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Ադրբեջան կատարած այցելությանն ու դրա արդյունքներին։ Հարցազրույցում հիմնականում շեշտադրվում էին Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ ներկայիս բարձր մակարդակի համագործակցությունը, ձեռք բերված գազային պայմանավորվածությունների կարեւորությունը, իսկ «Նաբուքո» գազատարի նախագծին առնչվող հարցերին Ալիեւն արձագանքեց զուսպ եւ «իմիջիայլոց»` որոշակի վերապահումներով մոտենալով գազատարի կառուցման հեռանկարներին առհասարակ։ Նրա խոսքերով` «Ադրբեջանը «Նաբուքո» գազատարի ո՛չ նախաձեռնողն է, ո՛չ էլ մասնակիցը, համապատասխան առաջարկների դեպքում կարող է ներկայանալ զուտ որպես փոխադրող երկիր։ Ադրբեջանը չի պատրաստվում ֆինանսներ ներդնել նախագծում, իսկ գազատարի կառուցման եւ լավ պայմանների պարագայում ադրբեջանական գազի մի մասը կարող է մատակարարվել այդ ուղղությամբ»։

Ռուս-ադրբեջանական գազային պայմանավորվածություններից հետո չհապաղեց Բաքվի իշխանությունների` ռուսական կողմին հասցեագրած հերթական ուղերձը, երբ հուլիսի սկզբներին վերանորոգման աշխատանքներից հետո Բաքվի Թազա-Պիր մզկիթի վերաբացման արարողությանը Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե «ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ունի եւ կշարունակի ունենալ շատ կարեւոր դեր ողջ Կովկասի խաղաղության ու անվտանգության ապահովման գործում»։

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում առանձնահատուկ նշանակություն պետք է տալ Իսրայելի նախագահի Ադրբեջան այցին եւ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Գաղտնիք չէ, որ պաշտոնական Մոսկվան մշտապես կոշտ դիրքորոշում է ունեցել ԱՊՀ տարածքում Իսրայելի ակտիվության ցանկացած դրսեւորման հանդեպ։ Ռուսական կողմը լրջորեն մտահոգված էր նաեւ Իսրայել–Թուրքիա– Ադրբեջան ռազմաքաղաքական համագործակցության խորացմամբ։ Սակայն պաշտոնական Մոսկվան գրեթե անտեսեց Իսրայելի նախագահի Ադրբեջան այցելությունը։ Ռուսական կողմի թվացյալ անտարբերությունը բավական անսպասելի է, եթե նկատի ունենանք այցելության արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ադրբեջանական կողմը համաձայնության է եկել անօդաչու ինքնաթիռների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար կազմակերպություններից մեկի` իսրայելական Aeronautics ընկերության հետ Ադրբեջանում հետախուզական ու մարտական անօդաչու ինքնաթիռների արտադրության գործարանի կառուցման շուրջ։ Նման նախագծի իրագործումը, ըստ էության, պետք է իրապես անհանգստացներ Մոսկվային, քանզի վրաց-ռուսական պատերազմում վրացական կողմն իսրայելական անօդաչու ինքնաթիռներ կիրառեց։ Բացի այդ, ադրբեջանական կողմը համաձայնության է եկել համագործակցել իսրայելական մեկ այլ առաջատար ընկերության` Elta Systems-ի հետ, որը մասնագիտացած է ռադարային արդիական տեխնոլոգիաներով զինված արբանյակային համակարգերի արտադրության ոլորտում։ Վերջերս ընկերությունը թողարկեց նորագույն տեխնոլոգիաներով հագեցած TecSAR տեսակի արբանյակային համակարգ, որն արդյունավետ է աշխատում հատկապես լեռնային շրջաններում ռազմական գործողություններ վարելիս։

Ռուսաստանի կողմից Իսրայելի ու Ադրբեջանի երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության վերջին պայմանավորվածությունների անտեսումը պետք է պայմանավորել, թերեւս, Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ բանակցությունների (գազի ներմուծման վերաբերյալ) եւ վերջերս ստորագրված համաձայնագրի համատեքստում։ Իսրայելի նախագահի այցի ու դրա արդյունքների նկատմամբ ռուսական կողմի դիրքորոշումը, ըստ էության, պայմանավորված է Ալիեւից սպասվող այլ ակնկալիքներով եւս, ինչպես, օրինակ, ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրի երկրորդ փուլի շահագործման հարցում երկկողմ նախնական պայմանավորվածություններով։ Մյուս կողմից, չի բացառվում, որ խնդիրն անուղղակիորեն կապված լիներ հուլիսի սկզբին Օբամա–Մեդվեդեւ հանդիպման արդյունքում ձեռք բերված որոշ պայմանավորվածությունների եւ մասնավորապես` Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայմանը հնարավոր այլընտրանքային հարցերի հետ։ Պատահական չէ, որ հանդիպմանը Մոսկվան կրկին առաջարկեց ամերիկյան կողմի հետ համատեղ շահագործել Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը։ Հայտարարությանն անմիջապես հաջորդեց Ադրբեջանի պաշտոնական արձագանքը. Ալիեւը «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ «Ադրբեջանը դրական է գնահատում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումը` որպես միջազգային անվտանգության բաղադրիչ»։

Մյուս կողմից, Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ համագործակցության վերջին զարգացումները պաշտոնական Մոսկվան դիտարկում է նաեւ հարավկովկասյան տարածաշրջանային գործընթացների եւ, առաջին հերթին, Ռուսաստան–Թուրքիա մրցակցության հարթությունում։ Ըստ փորձագետների` Իսրայել–Ադրբեջան ուղղակի շփումների խորացումը թուրքական կողմին որոշակիորեն դուրս է մղում տարածաշրջանային զարգացումներից։ Որոշ տվյալներով` Ադրբեջանի հետ Իսրայելի շփումների ակտիվացմամբ իսրայելական կողմը ձգտում է անուղղակիորեն զարգացնել կապերը նաեւ Ռուսաստանի հետ, ինչը հրատապ է դարձել հատկապես Թուրքիայի հետ Իսրայելի լարված հարաբերությունների համատեքստում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր