• am
  • ru
  • en
Версия для печати
05.02.2010

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ-2009Թ.» ԶԵԿՈՒՅՑԸ

Руский

   

Կարեն Վերանյան

Միջազգային էներգետիկ գործակալություն

Միջազգային էներգետիկ գործակալությունը/International Energy Agency անկախ կազմակերպություն է, որի գործունեությունը հիմնվում է միջկառավարական համագործակցության սկզբունքի վրա։ Այն հիմնադրվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)1 կողմից 1974թ. վերջերին՝ նավթային ճգնաժամի ժամանակաշրջանում։ Հիմնական նպատակն էր աջակցել ճգնաժամի հաղթահարման, նավթի մատակարարումների կարգավորման գործընթացին։ Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ) էներգետիկ ոլորտում համալիր ծրագրերի շրջանակներում համագործակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ 30 պետությունների հետ։ ՄԷԳ հիմնական նպատակներից են.

  • աջակցումը նավթի մատակարարման համակարգերին ու դրանց կատարելագործումը,
  • աջակցությունը համաշխարհային էներգետիկ քաղաքականության իրագործմանը՝ ՏՀԶԿ անդամ պետություն չհանդիսացող երկրների և միջազգային կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության միջոցով,
  • նավթի միջազգային շուկաների մշտական տեղեկատվական համակարգերին օժանդակելը,
  • էներգակիրների համաշխարհային պահանջարկի ու մատակարարումների համակարգի կատարելագործումը՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման և էներգիայի օգտագործման արդյունավետության բարձրացման ճանապարհով,
  • միջազգային համագործակցության զարգացման նպաստումը էներգետիկ տեխնոլոգիաների բնագավառում,
  • բնապահպանական ու էներգետիկ քաղաքականության ինտեգրումը։

Ներկայում գործակալությունում ընդգրկված է 190 հոգուց բաղկացած անձնակազմ, մեծ մասը՝ էներգետիկ ոլորտի մասնագետներ ու վիճակագիրներ՝ ընտրված կազմակերպության անդամ 28 երկրներից2։ ՄԷԳ-ը տեղակայվում է Փարիզում։

«Համաշխարհային էներգետիկայի կանխատեսումները-2009թ.» զեկույցը
(World energy Outlook_2009)

2009թ. նոյեմբերի 10-ին Միջազգային էներգետիկ գործակալությունը հրապարակեց «Համաշխարհային էներգետիկայի կանխատեսումները-2009թ.» տարեկան վերջին զեկույցը, որտեղ ոլորտում կատարված կանխատեսումներն իրականացվել են՝ հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ու նրա ազդեցությունը համաշխարհային տնտեսության, այդ թվում և էներգետիկ բնագավառի վրա։ Կազմակերպության փորձագետների գնահատականների համաձայն, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և համաշխարհային տնտեսության անկումը զգալի բացասական ազդեցություն են ունեցել հատկապես առաջիկա տարիների կտրվածքով համաշխարհային էներգետիկայի զարգացման հեռանկարների վրա։ Արդյունքում՝ էներգետիկ ռեսուրսների համաշխարհային պահանջարկն ընդհանուր առմամբ կտրուկ տեմպերով նվազել է, իսկ վերջինիս վերականգնման գործընթացը մեծապես պայմանավորված է համաշխարհային տնտեսության՝ շարունակվող ճգնաժամի հաղթահարման ընթացքից։

Զեկույցում առանձնացված բազային սցենարի համաձայն, 2007-2030թթ. առաջնային էներգետիկ ռեսուրսների համաշխարհային պահանջարկը կաճի տարեկան 1,5%՝ 2007թ. 12000 մլն տոննա նավթային համարժեքի (տ.ն.հ.) փոխարեն 2030թ. կազմելով 16800 մլն տ.ն.հ. և արձանագրելով 40% ընդհանուր աճ։ Այդ աճի մեծ մասը բաժին է ընկնելու ասիական զարգացող երկրներին, որոնց հաջորդում են մերձավորարևելյան երկրները։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով հիմնական էներգետիկ ռեսուրսների միջին պահանջարկը համեմատաբար ցածր ցուցանիշներ կարձանագրի մասնավորաբար 2007-2010թթ.՝ պայմանավորված 2009թ. գրանցված համաշխարհային պահանջարկի կտրուկ անկմամբ։

Կրկին բազային սցենարի գնահատականների համաձայն, արդյունահանվող վառելիքը կշարունակի մնալ աշխարհում էներգիայի առաջնակարգ աղբյուր, որին բաժին է ընկնելու 2007-2030թթ. էներգասպառման ընդհանուր աճի ավելի քան ¾-ը։ Նշված ժամանակահատվածում պահանջարկի զգալի աճը, մասնավորաբար, կարձանագրվի ածխի հաշվին, որին կհաջորդեն գազն ու նավթը։ 2030թ. նավթը կշարունակի պահպանել առաջատար դիրքերը էներգետիկ ռեսուրսների հաշվեկշռում, չնայած վերջինիս մասնաբաժինը ներկայիս 34%-ից կնվազի մինչև 30%։ Մասնագետների կանխատեսումներով, 2007-2030թթ. նավթի պահանջարկը միջին հաշվով կաճի տարեկան 1%-ով՝ 2008թ. օրական 85 մլն բարելի փոխարեն 2030թ. կազմելով շուրջ օրական 105 մլն բարել։ Ընդ որում՝ նավթի պահանջարկի աճի գերակշիռ մասը կապահովվի ՏՀԶԿ անդամ չհանդիսացող երկրների հաշվին։ Ինչ վերաբերում է ՏՀԶԿ անդամ պետություններում ընդհանուր պահանջարկի կանխատեսվող ցուցանիշներին, ապա դրանք կնվազեն։ Նավթի սպառման աճի շուրջ 97%-ը բաժին է ընկնելու տրանսպորտի ոլորտին։

Համաշխարհային էլեկտրաէներգիայի պահանջարկի աճ

Փորձագիտական գնահատականներում նշվում է, որ ածխի և գազի պահանջարկի աճի միտումը պայմանավորված է մեծապես համաշխարհային էներգետիկ կարիքների անընդմեջ աճով։ Կանխատեսումների համաձայն, մինչև 2030թ. էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը տարեկան կաճի շուրջ 2,5%-ով։ Ընդ որում՝ նախատեսված աճի ավելի քան 80%-ը բաժին կընկնի ՏՀԶԿ անդամ չհանդիսացող երկրներին։ Կանխատեսումները ցույց են տալիս, որ 2030թ. արտադրական հզորությունների համաշխարհային ծավալները կավելանան 4800 գվտ, ինչը գրեթե հինգ անգամ գերազանցում է Միացյալ Նահանգների ներկայիս արտադրական կարողությունները։ Նախատեսվում է, որ Չինաստանում արտադրական հզորությունների աճը կկազմի առավելագույնը՝ ընդհանուր աճի 28%-ը։ Ինչ վերաբերում է ածխին, ապա այն կշարունակի հանդիսանալ էներգետիկ ոլորտի հիմնական վառելիքը։

Բազային սցենարի կանխատեսումների համաձայն, նախատեսվում է էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման աճի համեմատաբար բարձր տեմպ (դա չի վերաբերում հիդրոէներգետիկային)։ Հիմնական աճը բաժին է ընկնում էլեկտրաէներգետիկ սեկտորին. հիդրոէներգետիկային չվերաբերող էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը 2007թ. 2,5%-ի դիմաց 2030թ. կկազմի 8,6%. առավելագույն աճ ակնկալվում է քամուց ստացվող էներգիայի ոլորտում։

Համաշխարհային էներգետիկ ներդրումների կրճատում

Ֆինանսատնտեսական ճգնաժամը զգալի ազդեցություն է ունեցել համաշխարհային էներգետիկ ոլորտում իրականացվող և նախատեսվող ներդրումների վրա։ Ֆինանսական դժվարությունների հետևանքով էներգետիկ կազմակերպություններից շատերը կրճատեցին նավթավերամշակման, նավթատարների ու գազատարների կառուցման և ոլորտի այլ խնդիրների համար նախատեսված ծախսերը, ընթացիկ նախագծերի մի մասի իրականացման գործընթացը դանդաղեցվեց, իսկ որոշ նախագծեր կանգնեցվեցին ընդհանրապես։ Նավթի ու գազի հետախուզման և արդյունահանման ոլորտում 2009թ. նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալները 2008թ. համեմատությամբ կրճատվել են մոտավորապես 19%-ով՝ կազմելով ավելի քան $90 մլրդ։

Համաշխարհային էներգետիկայում նախատեսված անհրաժեշտ ներդրումների կրճատման հետևանքները կարող են զգալի բացասական ազդեցություն ունենալ համաշխարհային էներգետիկ անվտանգության վրա՝ հաշվի առնելով էներգետիկ կարիքների աճման ներկայիս տեմպերը։ Բազային սցենարի համաձայն, 2030թ. էներգակիրների պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ կապիտալ ներդրումները, ընդհանուր առմամբ, կազմում են $26 տրլն, ինչը տարեկան կազմում է միջին հաշվով $1,1 տրլն։ Էներգետիկային բաժին կընկնի ներդրումների ընդհանուր ծավալների ավելի քան կեսը՝ 53%-ը։ Կանխատեսումների համաձայն, զարգացող երկրներում, որտեղ արտադրության և պահանջարկի աճի տեմպերը կլինեն առավելագույնը, կպահանջվի էներգետիկ ոլորտում նախատեսվող ողջ ներդրումների ծավալների կեսից ավելին։

Գազային արտանետումների կայուն աճման միտում

Համաշխարհային էներգետիկայի զարգացման ներկայիս քաղաքականության պայմաններում, անհրաժեշտ համապատասխան միջոցառումներ չնախաձեռնելու պարագայում, զգալիորեն կավելանա արդյունահանվող աղբյուրներից կախվածության չափը, ինչը խիստ վտանգավոր ու ռիսկային գործոններ է պարունակում կլիմայական փոփոխությունների և համաշխարհային էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Զեկույցում առաջարկված բազային սցենարի համաձայն, մինչև 2030թ. ակնկալվում է էներգետիկայում գազային արտանետումների կայուն և շարունակական աճ, ինչը պայմանավորված է արդյունահանվող վառելիքի համաշխարհային պահանջարկի աճման միտումով։ Ընդ որում՝ մինչև 2030թ. էներգետիկայում արտանետումների աճի ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում ՏՀԶԿ անդամ չհանդիսացող երկրներին։ Ինչ վերաբերում է ՏՀԶԿ անդամ պետություններին, ապա այստեղ կանխատեսվում է գազի արտանետումների որոշակի տոկոսային նվազեցում՝ պայմանավորված էներգակիրների պահանջարկի անկման և միջուկային էներգիայի ու վերականգնվող էներգետիկ աղբյուրների առավել լայն կիրառմամբ։

Էներգակիրների մատակարարման անվտանգության հիմնահարցեր

Բազային սցենարի կանխատեսումները ցույց են տալիս, որ 2030թ. ՏՀԶԿ անդամ պետությունները կներմուծեն առավել քիչ նավթ, քան ներկայում։ Այն դեպքում, երբ ՏՀԶԿ-ին չանդամակցող որոշ երկրներ, և առաջին հերթին Չինաստանն ու Հնդկաստանը, զգալիորեն կավելացնեն ներմուծման ներկայիս ծավալները։ Գազ ներմուծող հիմնական տարածաշրջանները՝ ներառյալ Եվրոպան և զարգացող ասիական հատվածը, նույնպես կավելացնեն ներմուծման ծավալները։

Զեկույցում գնահատականներ են տրված նաև նավթի գների վիճակագրության վերաբերյալ. նավթի գինը 2009թ. մեկ բարելի դիմաց $60 է, իսկ 2020թ. այն կբարձրանա՝ կազմելով $100, 2030թ.՝ արդեն $115։ Արդյունքում՝ 2030թ. նավթի ու գազի ներմուծման՝ ՏՀԶԿ անդամ պետությունների ընդհանուր ծախսերը կկազմեն ՀՆԱ 2%-ը։ Ինչ վերաբերում է ՏՀԶԿ-ին չանդամակցող այլ երկրներին, ապա այդ ցուցանիշը համապատասխանաբար կլինի առավել բարձր. Չինաստանը 2025թ. հետո կգերազանցի Միացյալ Նահանգներին՝ դառնալով աշխարհում նավթ ու գազ ներմուծող խոշորագույն պետությունը։

Բնական գազի պահանջարկի աճ

2010թ. սկսած՝ համաշխարհային տնտեսության աճի վերականգնման գործընթացին զուգահեռ, բնական գազի համաշխարհային պահանջարկը երկարաժամկետ հեռանկարով կրկին կսկսի կայուն տեմպերով աճել։ Բազային սցենարի գնահատականներով, գազի համաշխարհային պահանջարկը 2007թ. 3 տրլն մ3-ի փոխարեն 2030թ. կաճի մինչև 4,3 տրլն մ3՝ տարեկան միջին հաշվարկով ապահովելով 1,5% աճ։ 2007-2030թթ. բնական գազի համաշխարհային պահանջարկի աճի ավելի քան 80%-ը բաժին է ընկնելու ՏՀԶԿ-ին չանդամակցող երկրներին (առաջին հերթին՝ մերձավորարևելքյան)։ Կանխատեսումների համաձայն, Հնդկաստանն ու Չինաստանը կունենան աճի առավելագույն տեմպերը։

Նկատենք, որ երկարաժամկետ հեռանկարներին վերաբերող կանխատեսումները տարբերվում են մինչև 2015թ. գնահատականներից. տնտեսական ճգնաժամի հետևանքով նախատեսվում է գազի համաշխարհային պահանջարկի նվազում։ 2010թ. համաշխարհային տնտեսության աճի հետ մեկտեղ գազի համաշխարհային պահանջարկը նույնպես կաճի՝ 2010-2015թթ. ապահովելով տարեկան միջին հաշվով 2,5% աճ։

Բնական գազի համաշխարհային պաշարները և արդյունահանման տեմպերը

Բնական գազի ներկայիս համաշխարհային պաշարները բավական շատ են մինչև 2030թ. պահանջարկի աճի տեմպերի առավելագույն ծավալների ապահովման համար։ 2008թ. տարեվերջի դրությամբ, գազի հայտնաբերված համաշխարհային պաշարները գնահատվում են ավելի քան 180 տրլն մ3, ինչը արդյունահանման ընթացիկ տեմպերի դեպքում կբավարարի առաջիկա 60 տարիներին։ Այդ պաշարների կեսից ավելին բաժին է ընկնում երեք երկրների՝ Ռուսաստանի Դաշնություն, Իրան և Կատար։

ՏՀԶԿ-ին չանդամակցող երկրներն ընդհանուր առմամբ կապահովեն 2007-2030թթ. բնական գազի արդյունահանման ողջ կանխատեսվող աճը։ Գազի արդյունահանման առավելագույն աճը բաժին է ընկնելու Մերձավոր Արևելքին, որը տիրապետում է բնական գազի ամենամեծ պաշարներին և աչքի է ընկնում արդյունահանման նվազագույն ինքնարժեքով։ Իրանն ու Կատարը կապահովեն արդյունահանման աճի հիմնական մասը։ Գազի արդյունահանման զգալի աճ կնկատվի նաև Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում (հատկապես Թուրքմենստանում), Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում։

1ՏՀԶԿ- Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն /OECD/, որի անդամ են հանդիսանում 30 երկիր (1961թ. անդամակցած՝ Ավստրիա, Բելգիա, Կանադա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, հետագայում անդամակցած՝ Ճապոնիա, Ֆինլանդիա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Մեքսիկա, Չեխիա, Հարավ. Կորեա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա)։

2Միջազգային էներգետիկ գործակալության անդամ պետություններն են Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Կանադան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իռլանդիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Թուրքիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները։ ՄԷԳ աշխատանքներին մասնակցում է նաև Եվրահանձնաժողովը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր