• am
  • ru
  • en
Версия для печати
20.06.2005

Հոգևոր անվտանգության խնդիրների շուրջ

Руский

   

Գագիկ Տերտերյան

Ժամանակակից գլոբալ գործընթացներում, ինչպես և պատմական անցյալում, հոգևոր-կրոնական բաղադրիչը ավելի քան կարևորվում է։ Աշխարհի ռազմաքաղաքական պատկերը բնութագրող քաղաքակրթական բախումներում առաջնահերթ են կրոնական գործոնները, իսկ մեծ տերությունների կողմից կիրառվող հայեցակարգերում ներառված են հոգևոր-կրոնական բնույթի աշխարհագաղափարախոսական պատկերացումներ։

Որպես հետևանք` հոգևոր և կրոնական խնդիրները ցանկացած երկրի համար ռազմավարական նշանակություն են ձեռք բերել, իսկ հոգևոր արժեքների պահպանումը վերածվել է ազգային անվտանգության կարևորագույն խնդրի։ Հոգևոր գործոնի անտեսումը թերի է դարձնում ցանկացած ռազմավարական դոկտրինա և քաղաքական գործառույթ։ Վերոհիշյալ իրողությունները պետք է ընկալվեն և՛ որպես մարտահրավեր հայոց ինքնությանը, և՛ որպես այդ ինքնության զարգացման լրացուցիչ հնարավորություն։

Մարտահրավերի էությունն այն է, որ ժամանակակից ունիվերսալացումը և գլոբալացումը պարունակում են հոգևոր-մշակութային էքսպանսիայի տարրեր։ Այդ երևույթը, որպես կանոն, արտացոլում է ներգործող երկրի ազգային շահերը և այդպիսով կարող է խաթարել կրավորաբար ենթարկվողի ազգային ինքնությունն ու հոգևոր անվտանգությունը։

Միևնույն ժամանակ, ընդհանուր տեղեկատվական-գիտելիքային դաշտի ձևավորումը, տարբեր քաղաքակրթությունների մշակութային փոխազդեցությունները ստեղծում են նպաստավոր պայմաններ սեփական հոգևոր-մշակութային բովանդակության զարգացման և նպատակային սփռման համար։

Մեր քաղաքականությունը նման պայմաններում պետք է կրի երկակի, բայց ոչ հակասական բնույթ և հիմնված լինի հետևյալ դրույթների վրա.

Հայաստանը և հայությունը ներկայացնում են ուրույն, լոկալ քաղաքակրթություն, որին բնորոշ են ինքնատիպ հոգևոր արժեքներ։ Այդ ինքնատիպությունը պարունակում է հզոր ստեղծագործական և կենսական ներուժ. այն հայության հարատևման գրավականն է։ Պատմականորեն ապացուցված այս թեզը պահանջում է մեր հոգևոր արժեքների անաղարտ պահպանում և օտար արժեքների ներթափանցման դեմ արդյունավետ դիմադրության կազմակերպում։

Մեր ուրույն քաղաքակրթությունը պարունակում է համընդհանուր, ունիվերսալ բնույթի բաղադրիչներ, որոնց բովանդակությունը ոչ միայն համահունչ է համամարդկային արժեքներին, այլև երբեմն հանդիսանում է վերջիններիս ակունքը։ Այս պարագան, ելնելով հայության ազգային շահերից և նպատակներից, թելադրում է ակտիվ մասնակցություն ժամանակակից հոգևոր-քաղաքական զարգացումներին՝ հիշելով, որ Հայոց քաղաքակրթությունը շարունակաբար հանդես է եկել որպես մշակութային արժեքներ արտահանող:

Ազգային-հոգևոր արժեքների ստեղծման, պահպանման և տարածման գործում առանցքային դերակատարում ունի Հայ եկեղեցին։ Մեր եկեղեցին բազմաբնույթ գործառույթներ իրագործող ինստիտուցիոնալ կառույց է, որը շարունակաբար իրագործում է հայության ազգային-պետական, գաղափարական և սոցիալական կազմակերպումը։ Տեղին է շեշտել, որ քրիստոնեական ընդհանրական արժեքներն ի սկզբանե հարազատ են եղել հայությանը։ Ինչպես ասում է Գարեգին Նժդեհը՝ «սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն»: Կիրառելով ժամանակակից եզրաբանությունը կարելի է պնդել, որ քրիստոնեության ընդունումով մեր պետական-հոգևոր ընտրանին ընդունել է ազգային անվտանգության տեսակետից այն ճշգրիտ որոշումը, որը թույլ տվեց պահպանել հայոց ինքնությունը։ Այս համատեքստում՝ Ավարայրի ճակատամարտը ևս պետք է որակել իբրև ինքնության կռիվ: Դա ինքնության հաղթանակ էր, որով Վարդանանք կարողացան լուծել հայոց ազգային-հոգևոր անվտանգության գերխնդիրը։ Ակնհայտ է, որ այդ հաղթանակի հավասար համահեղինակներն էին հայոց քաղաքական ընտրանին, հոգևոր ընտրանին և ժողովուրդը։ Դա լրացուցիչ վկայում է այն մասին, որ ցանկացած ժամանակահատվածում հայության անվտանգության ապահովումը ենթադրում է պետության, եկեղեցու և հանրության ներդաշնակ ու համաձայնեցված գործողություններ։

Վերադառնալով մեր օրերը նկատենք, որ ԽՍՀՄ փլուզման հետևանքով՝ ամբողջատիրությունից ազատական հասարակության հեղափոխական անցումը լուրջ հիմնախնդիրներ են առաջացրել մեր հոգևոր անվտանգության համակարգում։ Չանդրադառնալով նյութական ոլորտում հեղափոխական դեստրուկտիվիզմին, նկատենք որ ձևականացված ժողովրդավարություն և անորոշ սկզբունքներով քաղաքացիական հասարակություն ստեղծելու այսօրվա կոչերը նույնքան խորթ են մեր հոգեկերտվածքին, որքան և կոմունիզմ կառուցելու լոզունգները։ Թերևս պետք չէ զարմանալ, որ նախկին գիտական կոմունիզմի ջատագովները այսօր նույն եռանդով քարոզում են ազատականության գաղափարախոսությունը։ Հիշյալ կոչերին զուգահեռ՝ հանրությունում ընթանում է նյութականի բացարձակացումը և հոգևորի հանդեպ դրա անվերապահ գերակայության արմատավորումը։

Համաձայն փորձագիտական դիտարկումների և սոցիոլոգիական հետազոտությունների, մեր հանրությանում այսօր տիրում է հոգևոր-գաղափարական որոշակի խառնաշփոթ։ Ի դեպ, խոսելով «հանրության» մասին, մենք չպետք է մոռանանք, որ այսօր հայ հանրությունն իր մեջ ներառում է նաև սփյուռքահայությունը։ Սփյուռքահայ մեր ազգակիցների մի ստվար հատված, պատմական և քաղաքական անբարենպաստ գործընթացների արդյունքում, աղոտ է պատկերացնում կամ մոռացության է մատնել իր ազգային ինքնությունը։ Պետությունը, եկեղեցին և ողջ հայ ազգը պատասխանատվություն է կրում այդ հատվածի համար, որի կորուստն, առաջին հերթին, մեր հավաքական էության կորուստ է։

Փաստերի ծանրությունը ստիպում է ընդունել, որ հայոց ինքնության պահպանման և հոգևոր սփռում իրագործելու նախկինում մշակված մեխանիզմները՝ տեղեկատվական հեղափոխության հետևանքով ձևավորված ներկա աշխարհակարգի պայմաններում արդյունավետ չեն գործում։ Իրողությունը պահանջում է, որպեսզի նախկինում կիրառվող պաշտպանական տեխնոլոգիաները արդիականացվեն և ստեղծվեն նորերը։ Հայության համար դա առաջնահերթ և հրատապ խնդիր է։

Միևնույն ժամանակ, ազգային-հոգևոր անվտանգության խնդիրները ներկայումս տարաբնույթ են։ Դրանց ճշգրիտ ըմբռնումը և լուծումը ենթադրում է հետևողական ու համակարգված հետազոտական աշխատանք՝ գիտության տարբեր ոլորտներում։ Ժամանակակից հասարակական-քաղաքական տեխնոլոգիաների մշակումը ենթադրում է, որ այդ հարցում պետությունը և եկեղեցին համատեղ պետք է հիմնադրեն այսպես կոչված «ուղեղային կենտրոնների» տիպի կառույցներ, որոնց ներուժի վրա պետք է և հենվեն իրենց գործառույթներում։ Արդի աշխարհում կուտակված փորձը վկայում է, որ նման կառույցները ժամանակի ընթացքում ձևավորում են ազգային, և այդ թվում հոգևոր անվտանգության խնդիրները սպասարկող անհրաժեշտ ենթակառուցվածք։ Միայն նման ենթակառուցվածքի առկայությունը հնարավոր կդարձնի կուտակված խնդիրների լուծման համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակումը և գործնական հարթությունում դրանց փորձարկումը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր