ԹԵՐԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԻ ԵՎ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ» ՄԱՍԻՆ
Այսօր մեզանում զգալի տեղ են գրավում ինքնապախարակման, հաճախ ազգային ինքնանսեմացման հասնող տրամադրությունները։ Թերարժեքության բարդույթի բնույթ կրող նման միտումները երբեմն հիմնավորվում են «պատմական» հղումներով։ Շեշտվում է հատկապես հայերիս մոտ պետական մտածողության բացակայության, վճռորոշ իրավիճակներում դավաճանության դիմելու, անընդմեջ պարտությունների մասին։ Հաղթանակներն անգամ երբեմն ներկայացվում են որպես զուտ «բարոյական»` դրանց վերագրելով անօգտակարության երանգ։
Մենք հեռու ենք հայության պատմությունը միայն փառաբանելու, ավելորդ գունազարդելու մտքից։ Համոզված ենք նաեւ, որ ինքնաքննադատությունն առաջընթացի նախադրյալներից մեկն է։ Առարկության եւ անհանգստության տեղիք են տալիս ինքնանսեմացման միտումը եւ ազգի, պետության զարգացման տեսանկյունից` նման մոտեցման ոչ արդյունավետությունը։ Այս համատեքստում նկատենք, որ հայ ժողովրդի անցած ուղին ինչ-որ չափով նման է ցանկացած հին քաղաքակրթություն ներկայացնող ազգի պատմությանը, որտեղ եղել են հավատարմության ու դավաճանության օրինակներ, ռազմավարական իմաստության եւ քաղաքական կարճամտության դրսեւորումներ։
Հաղթանակների եւ պարտությունների խնդիրը, թերեւս, հատուկ պարզաբանման կարիք ունի: Հայության վարած բազմաթիվ հաղթական ճակատամարտերը, փորձագետների գնահատմամբ, արժանի տեղ են գրավում համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ։ Մեր պարտությունները նույնպես արժանի են հատուկ վերաբերմունքի, եւ այս հարցում բոլորովին ամոթ չէ սովորել ուրիշներից։ Բերենք մի օրինակ: Ղրիմի պատերազմում /1854-1855թթ./ անգլիական արիստոկրատիայի ներկայացուցիչներից կազմված հեծելազորը, կատարելով հրամանատար լորդ Կարդիհանի հրամանը, անցավ հարձակման մի կիրճով, որի երեք կողմում տեղակայված էին ռուսական հրետանին եւ հետեւակը։ Գրոհող հեծելավաշտերը գրեթե ամբողջովին ոչնչացվեցին։ Միջադեպը ռազմարվեստի պատմության մեջ հայտնի է «թեթեւ հեծելազորի գրոհ» անվամբ եւ հրամանատարության կոպիտ սխալի դասական օրինակ է։ Սակայն բրիտանացիներն այլ կերպ մոտեցան խնդրին. «թեթեւ հեծելազորի գրոհը» առայսօր մատուցվում է որպես բրիտանական ազնվականության քաջության եւ անվեհերության օրինակ։ Համարվում է, որ անգլոսաքսերը կարող են պարտվել առանձին ճակատամարտերում, բայց ոչ` պատերազմում։ Ինչպես տեսնում ենք, այդ իրողությունը պայմանավորված է նաեւ անգլոսաքսոնյան ընտրանու կողմից իրենց /եւ այլոց/ պատմությունն իմաստավորելու եւ ազգային շահերին համարժեք մեկնաբանելու կարողությամբ։
Առանձնահատուկ դիտարկման կարիք ունի «պետական մտածողության բացակայության» թեզը։ Ակնհայտ է, որ առանց նման մտածողության առկայության հայությունն այսօր դժվար թե գոյություն ունենար։ Մասնավորապես, այս իրողության ամենաթարմ վկայությունն են մեր հանրության եւ նրա քաղաքական ընտրանու գործողությունները խոշոր աշխարհաքաղաքական կատակլիզմի` Սառը պատերազմում պարտություն կրած Խորհրդային Միության փլուզման պայմաններում. դժվարագույն իրադրությունում, հաճախ միակ ճիշտ քայլերի միջոցով, հաջողվեց պահպանել մեր պետականությունը եւ հաղթել ռազմական ու տնտեսական չափանիշներով մեզ գերազանցող հակառակորդին։
Մի փոքր մանրամասնենք: Խորհրդային համակարգի փլուզումը եւ Երրորդ հանրապետության ձեւավորումը լրջագույն հիմնախնդիրներ առաջացրին։ Պատերազմի եւ տնտեսական կոլապսի պայմաններում ձեւավորվող երկրում վերացան սովորական համարվող սոցիալական երաշխիքները, ներդրվեցին նոր համակարգին բնորոշ անողոք հասարակական հարաբերություններ, փլուզվեց հանրության զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող գիտակրթական համակարգը։ Այս դրամատիկ իրողությունները զուգորդվում էին մարդկային ողբերգություններով եւ, անշուշտ, խանդավառության առիթ չէին տալիս։ Հավելյալ տագնապ էին առաջացնում նոր ձեւավորված քաղաքական ընտրանու գործողությունները, որը պետական կառավարման փորձ չուներ։ Միեւնույն ժամանակ, արդարությունը պահանջում է արձանագրել, որ այլ` ավելի կարող ընտրանի, որն իր վրա կվերցներ այդ ժամանակահատվածի անսպասելի զարգացումների ողջ պատասխանատվությունը, մեր հանրությունը չուներ։
Այսօր կարծես թե պետության կայացման ամենադժվարին փուլն անցյալում է։ Առկա են որոշակի հաջողություններ, սակայն կան բազմաթիվ չլուծված հիմնահարցեր գրեթե բոլոր ոլորտներում։ Ավելին, երբեմն հնչում են տեսակետներ, որ ներկայումս կիրառվող մեթոդաբանությունը եւ հեռանկարային մտածելակերպը կարող են եւ բավարար չլինել այդ հիմնահարցերից կարեւորագույնների լուծումները գտնելու համար. քաղաքական ընտրանին եւ վերլուծաբանները հաճախ են արտահայտվում այն ոգով, թե հետագա զարգացման համար անհրաժեշտ է կատարել կամային քայլեր, որոնք իրենց մեջ պետք է կրեն «հոգեւոր հեղափոխության» տարրեր։ Այդ կապակցությամբ նշենք, որ արդի պայմաններում ցանկացած քաղաքական գործողության, այդ թվում նաեւ «հոգեւոր հեղափոխության» հաջողողությունն, առաջին հերթին, պայմանավորված է դրանք իրագործող տեխնոլոգիաների կատարելությամբ։
Քաղաքակրթական զարգացումներին նվիրված իր աշխատություններում Առնոլդ Թոյնբին «Արեւմուտքի» առավել մրցունակ լինելը, մասնավորապես, պայմանավորում է «տեխնոլոգիական գաղտնիքները» պահպանելու եւ ընդհանրապես տեխնոլոգիաները զարգացնելու ունակությամբ։ Այստեղ, թերեւս, պարզաբանման կարիք կա. «տեխնոլոգիա» հասկացությունը վերաբերում է ոչ միայն բնագիտության եւ տեխնիկայի ոլորտի կիրառական նշանակություն ունեցող մշակումներին, այլեւ մարդկային կենսագործունեության ողջ ոլորտին, որտեղ ներառված են ե՛ւ կենցաղային թվացյալ մանրուքները, ե՛ւ խոհափիլիսոփայական մոտեցումները։ Այդ համախումբը կազմում է ամենատարբեր տեխնոլոգիաներից բաղկացած մի համակարգ, որն արդեն երկար ժամանակ ապահովում է պայմանական «Արեւմուտքի» առաջատարությունը եւ որին /իսկ դա պետք է ընդունել/ ձգտում է հասնել կամ փորձում է նմանվել մնացյալ աշխարհը։
Անշուշտ, արեւմտյան տեխնոլոգիական համակարգը հեռու է անթերի լինելուց։ Այն, հաճախ միանգամայն արդարացված, բողոք է առաջացնում. այսօր այդ համակարգի վերիմաստավորման ու բարեփոխման վերաբերյալ բազմաթիվ առաջարկություններ ու կոչեր են հնչում։ Սակայն տպավորությունն այնպիսին է, որ այս իրադրությունում գործում է նույն այդ համակարգում նախապես ներդրված ինքնապահպանման կամ, այլ խոսքերով` ինքնազարգացման եւ կատարելագործման մեխանիզմը։ Եվ եթե անգամ մարդկությունը մի գեղեցիկ օր հրաժարվի առկա արեւմտյան մոդելը գերակա համարելուց եւ փորձի ձեւավորել մի նոր աշխարհակարգ, ապա կարելի է համոզված լինել, որ առանց «արեւմտյան» փորձի իմաստավորման նման նախագիծը կլինի թերի եւ կառաջացնի առավել մեծ հիմնախնդիրներ, քան դրանք կան այսօր։
Վերոնշյալի համատեքստում, թերեւս, իմաստ ունի նշել նաեւ մեկ այլ հանգամանք, որի մասին քաղաքական կոռեկտության տեսանկյունից այնքան էլ ընդունված չէ խոսել: Արեւմտյան տեխնոլոգիական համակարգի հեղինակներն են, գլխավորապես, ընդհանրական հնդեվրոպական քաղաքակրթությանը պատկանող ժողովուրդները, որոնք կազմում են քրիստոնյա աշխարհի հիմնական մասը եւ որոնց թվին ենք պատկանում նաեւ մենք /անշուշտ, դրանից չի հետեւում, թե մեզ խորթ է արեւելյան մտածողությունը կամ Արեւելքն` ընդհանրապես/։ Այսինքն` հայությունը, լինելով այդ քաղաքակրթության մի ուրույն մաս, համատեղելի է արեւմտյան տեխնոլոգիական համակարգին։ Մասամբ դրանով են պայմանավորված առավել համակարգված երկրներում մեր ազգակիցների հաստատվելու ձգտումն ու այնտեղ հաջողության հասնելու կարողությունը։
Այսպիսով, կան նախադրյալներն այն բանի, որ «հոգեւոր եւ տեխնոլոգիական» հեղափոխությունը մեր հանրության համար անհասանելի տեսլական չէ։ Խնդիրը լուծելու համար նվազագույնը պետք է ձերբազատվել մեզ հետապնդող եւ արգելակող թերարժեքության զգացումից։ Այս խնդրի լուծումը նույնպես կարիք ունի որոշակի տեխնոլոգիաների կիրառման։ Մասնավորապես, ավելի քան հրատապ խնդիր է, նախ եւ առաջ, իրագործել արդի եզրաբանության միջոցով մեր պատմության մեկնությունը։ Տեխնոլոգիական հաջորդ փուլը ենթադրում է արդի տեղեկատվական մեթոդներով ստացված արդյունքների ամրապնդումը հասարակական գիտակցությունում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՕՎԵՐԹՈՆԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ»[24.07.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ[12.10.2015]
- ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[28.04.2011]
- PAX AMERICANA-2, ԹԵ՞ GOOD BYE, AMERICA[17.12.2009]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ–ԵԿԵՂԵՑԻ–ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ[20.10.2008]
- Հոգևոր-կրոնական գործոնի դերը քաղաքական դաշտում[19.02.2007]
- ԱՄՆ -ի և Իրանի ռազմավարությունների նոր երանգները Հարավային Կովկասում[06.11.2006]
- Պատերազմի տեղեկատվական ենթատեքստը[25.09.2006]
- Աշխարհատնտեսական մրցակցություն[31.07.2006]
- Միացյալ Նահանգներ. նոր հիմնախնդիրներ[22.06.2006]